ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ հինգերորդ զեկույցը

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի համաձայն ներկայացվող Հայաստանի հինգերորդ զեկույցի քննարկումը՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում ներկայացված 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը: Իր խոսքում նա անդրադարձավ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող այն քայլերին, որոնք բխում են մարդու իրավունքներին վերաբերող միջազգային, այդ թվում` փոքրամասնություններին առնչվող հատուկ նշանակության փաստաթղթերից, այդ թվում՝ ԵԽ ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան: Նա կարևորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ապահովող ինստիտուցիոնալ համակարգը, մասնավորապես` ընդգծեց 2019թ. մայիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ուժի մեջ մտած Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի վերակազմավորման փաստը: Քննարկմանը մասնակցում էր նաև Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին ԵԽ շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի՝ Հայաստանի փորձագետ Արայիկ Նավոյանը, ով ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը պետությունների կողմից զեկույցների պատրաստման և դրանց հետագա կիրարկման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձավ Ազգային փոքրամասնությունների մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման հարցերին, ինչից հետո մանրամասն քննարկվեց զեկույցի նախագիծը և բանախոսները պատասխանեցին բարձրացված հարցերին: Հանդիպման կազմակերպմանն աջակցություն էր ցուցաբերել ԵԽ երևանյան գրասենյակը:
17:18 - 04 հուլիսի, 2019
Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը

Հայ և լեհ պատգամավորները ակտիվացնում են խորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար:  ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը: Համատեղ նիստի ընթացքում հայ եւ լեհ պատգամավորները հանդես են եկել զեկույցներով՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ Հարավային Կովկասում համագործակցության ու կայունության հարցերի, ինչպես նաեւ հայ-լեհական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-լեհական երկկողմ հարաբերություններին՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը: Այս համատեքստում կողմերը համոզմունք են հայտնել, որ ոլորտային համապատասխան երկու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը, օրենսդրական գործունեության հետ կապված փորձի փոխանակումը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջեւ երկկողմ կապերի խթանմանը: Նշվել է, որ համատեղ լսումների կազմակերպումը, փոխադարձ այցերը, միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը եւս իրենց նպաստը կբերեն վերոնշյալ նպատակների իրականացմանը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործակցության օրակարգին՝ հանձնաժողովի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Լեհաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման առնչությամբ եւ հույս հայտնել, որ ԵՄ մյուս երկրների ազգային խորհրդարանները եւս Համաձայնագիրը հնարավորինս արագ կվավերացնեն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հրամայականը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ հաջորդ համատեղ նիստը նախատեսելով անցկացնել 2020 թվականին՝ Երեւանում:
06:26 - 04 հուլիսի, 2019
Ադրբեջանը հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտագությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին |aysor.am|

Ադրբեջանը հրաժարվել է ապահովել Հայաստանի անվտագությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին |aysor.am|

aysor.am: Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանը։ «Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմին՝ հյուրընկալող կողմից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ու, ընդհանրապես, ազգությամբ հայերի այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը, հակահայկական քարոզը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է եղել քարտուղարության հետ ու ջանքեր են գործադրվել՝ ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ։ «Սակայն, ի հեճուկս գործադրված ջանքերի, միջոցառումից երկու օր առաջ հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության միջոցներ ՀՀ պատվիրակության անարգելք մուտքը երկիր ու մասնակցությունը միջոցառումին», - ասաց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով՝ սա իր մեջ արատավոր երևույթ է պարունակում։ «Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարութանն ու անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա ու հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ», - ասաց ԱԳ նախախարության խոսնակը։
10:49 - 03 հուլիսի, 2019
Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան |aysor.am|

Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է. Աննա Նաղդալյան |aysor.am|

aysor.am։ Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», - ասաց նա։ ԱԳՆ խոսնակը ընդգծեց՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։«Որովհետև Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», - շեշտեց Աննա Նաղդալյանը։
09:08 - 03 հուլիսի, 2019
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար |lragir.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար |lragir.am|

lragir.am։ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Իսկ պարզաբանումը կապված է եղել վիզաների տրամադրման գործընթացի հետ, ինչին օրերս անդրադարձել էր Հետք կայքը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ էր ստեղծել լրագրողի վիզայի ստացման գործընթացում, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել: «Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Եվ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»,- ասաց Աննա Նաղդալյանը:Ըստ նրա՝ ԵՄ հետ հարաբերություններում հայկական կողմը մշտապես ընդգծում է մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և մշտապես հետամուտ են լինելու այս հարցին:
08:47 - 03 հուլիսի, 2019
Հայաստանում օտարերկրյա դեսպանատները թաքնվում են պարսպի հետեւում. Լեհաստանը ԱԳՆ-ին «բացատրում է» նոտա հղելու կարգը |hetq.am|

Հայաստանում օտարերկրյա դեսպանատները թաքնվում են պարսպի հետեւում. Լեհաստանը ԱԳՆ-ին «բացատրում է» նոտա հղելու կարգը |hetq.am|

hetq.am։ -Հայաստանի քաղաքացին ինչո՞ւ պիտի վիզա ստանա Վրաստանում,- հարցրեց հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի հայ սահմանապաhը՝ անձնագիրս թերթելով, ապա դուրս եկավ խցիկից, մտավ հարեւան խցիկը, ինչ-որ բան խոսեց գործընկերոջ հետ, դուրս եկավ ու խցիկի հետեւում հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրուցեց: Սահմանապահի հարցն ինձ էլ է հետաքրքրում, ես էլ եմ փնտրում դրա պատասխանը՝ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին վիզա ստանա Վրաստանում: Հիմա՝ այն մասին, թե ինչպես սկսվեց ու ինչ ավարտ ունեցավ այս պատմությունը: Աշխատաժողով եւ համաշխարհային կոնֆերանս Հուլիսի 1-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենում Գիտական լրագրության բալկանյան դպրոցի 4-րդ աշխատաժողովը, որին հաջորդելու է (հուլիսի 1-4) Գիտական լրագրողների համաշխարհային 11-րդ կոնֆերանսը: Հայտարարված մրցույթն անցնելուց հետո հրավեր ստացա մասնակցել թե՛ աշխատաժողովին, թե՛ կոնֆերանսին: Ընդ որում՝ մասնակից երկրների շարքում Հայաստանից, կարծես, միայն ես եմ: Համաշխարհային կոնֆերանսի կազմակերպիչը Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնն է (JRC, Joint Research Centre), որից էլ ստացել եմ հրավերը: Լեհաստանի դեսպանատուն. չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում Թեեւ Հայաստանում Շվեյցարիան դեսպանատուն ունի, այն հյուպատոսական ծառայություն չի մատուցում, եւ այդ երկրի մուտքի արտոնագիրը՝ վիզան, ՀՀ-ում տալիս է Լեհաստանի դեսպանատունը: Սա Լեհաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունք է (Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, բայց Շենգենյան գոտու մեջ է մտնում): Երեւանում երկու դեսպանատները իրարից մոտ 200 մ հեռավորության վրա են: Լեհաստանի դեսպանատանը վիզա ստանալու ընթացակարգի առաջին փուլն էլեկտրոնային համակարգում ընդունելության օր ամրագրելն ու դրանից անմիջապես հետո էլեկտրոնային դիմում-հայտ լրացնելն է: Կան դեսպանատներ, որոնց կայքերում առանց օր ամրագրելու կարելի է ներբեռնել դիմում-հայտի ձեւաթուղթն ու լրացնել թղթային տարբերակը, սակայն Լեհաստանի դեպքում այդպես չէ: Մեկ շաբաթից ավելի փորձեցի օր ամրագրել, ինչն ուղղակի հնարավոր չէր. դեսպանատան էլեկտրոնային համակարգում միայն նշված էր, որ ազատ օր չկա մինչեւ հունիսի 27-ը, այնինչ իմ թռիչքը նախատեսված էր հունիսի 30-ին: Առաջին քայլս դեսպանատան էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելն էր՝ բացատրելով իրավիճակը եւ խնդրելով ընդառաջել՝ ազատ տեղ բացել հայտի համար: Պատասխանն անդեմ էր ու ոչինչ չասող՝ չեն կարող միջամտել գրանցման գործընթացին, փոխարենը յուրաքանչյուր ուրբաթ Հայաստանի ժամանակով առավոտյան 9-ին կարող եմ հետեւել էլեկտրոնային համակարգում ազատ տեղեր բացվելուն, ինչին ես տեղյակ էի ու միաժամանակ թերահավատ: Այդուհանդերձ, ուրբաթ օրը ժամը 8:30-ից համակարգչի առաջ անընդհատ թարմացնում էի էլեկտրոնային համակարգի էջը՝ ազատ տեղ գնելու համար, սակայն ուղիղ ժամը 9-ին ազատ տեղ բացելու փոխարեն, համակարգը պարզապես փոխեց ժամկետը՝ նշելով, որ մինչեւ հուլիսի 4-ը օր ամրագրել հնարավոր չէ: Այս իրավիճակում որոշեցի դիմել կազմակերպչին՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցչին՝ խնդրելով դեսպանատանը ներկայացնել իրավիճակը, սակայն ինձ հայտնեցին, որ Եվրահանձնաժողովն իրավունք չունի միջամտել դեսպանատան աշխատանքներին: «Գնացեք աղմուկ հանեք եւ կոդ պոկեք» Այս քաշքշուկի ընթացքում պարզեցի, որ Լեհաստանի դեսպանատան նման գործելակերպին բախվող միակ մարդը չեմ:Տեղեկություններ ստացա, որ այստեղ դիմողներն անգամ երկու ամիս շարունակ չեն կարողացել օր ամրագրել, մարդիկ էլ կան, ովքեր դիմում են տուրիստական գործակալություններին: Նրանցից մեկի օրինակով, ով տուրգործակալության միջոցով կարողացել էր օր ամրագրել, գնացի գործակալություն, որը գտնվում է Մոսկովյան փողոցում: Այստեղ լսելով Լեհաստանի անունը՝ անմիջապես ասացին, թե բացառվում է սովորական ճանապարհով (ինչպես հայտարարում է դեսպանատունը) օր ամրագրելու տարբերակը, քանի որ ամեն ուրբաթ հենց տուրգործակալություններից 10-20 աշխատող այդ գործով է զբաղվում, բայց էլի չի կարողանում օր ամրագրել: Իմանալով Շվեյցարիա այցիս նպատակը եւ լրագրող լինելս՝ տուրգործակալությունում խորհուրդ տվեցին երկու տարբերակով գործել: Առաջինը՝ դեսպանատուն ներկայանալ լրագրողական վկայականով ու որեւէ կերպ աղմուկ բարձրացնել թեմայի վերաբերյալ, մինչեւ ներս կհրավիրեն, ինչից հետո պետք է ընդունելության տեղ ամրագրելու համար «հատուկ կոդ» վերցնել, որը հետո պիտի տրամադրեի տուրգործակալությանը, իսկ մնացածն իրենք կանեին 15 հազար դրամ վճարի դիմաց: Մեկ այլ գործակալություն նույնն առաջարկում էր 25 հազար դրամով: Երկրորդ տարբերակը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը դիմելն էր: Այս դեպքում եւս, ըստ տուրգործակալության աշխատակիցների, դեսպանատունն ինձ պիտի տար այդ «հատուկ կոդը»՝ համակարգում գրանցվելու համար: Միաժամանակ խորհուրդ տվեցին, թե քանի որ «կոդը» մեկանգամյա օգտագործման է, այն չփչացնելու համար իրենց ծառայությունից օգտվեմ: Նույն օրը որոշեցի աշխատանքային գործունեությանս ընթացքում առաջին անգամ նման խնդրով դիմել ԱԳՆ-ին. նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով նամակ գրեցի:Լեհաստանի դեսպանատունն անտեսում է ԱԳՆ նոտանԱԳՆ դիմելուց օրեր անց ինձ տեղեկացրեցին, որ պատրաստ են օգնել եւ պաշտոնական նոտա կհղեն Լեհաստանի դեսպանատուն: Նոտան տվեցին անձամբ ինձ՝ նշելով, որ այն կցեմ մյուս փաստաթղթերին եւ ներկայանամ դեսպանատուն: Այդպես էլ արեցի՝ համոզված լինելով, որ ձեռքիս մեջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական գերատեսչության կշիռ ունեցող փաստաթուղթն է, ու նվազագույնը դեսպանատանն ինձ ներս կհրավիրեն: Պահակակետի մոտից զանգեցի հյուպատոսական բաժին, ներկայացրի իրավիճակը, շեշտեցի, որ թղթերիս կից ունեմ նաեւ ԱԳՆ նոտան, սակայն ինքնապատասխանիչի ռոբոտային ձայնով կին աշխատակիցը ասաց, թե ինքը փոխանցում է հյուպատոսի պաշտոնական դիրքորոշումը՝ վիզա ստանալու հարցում ընդառաջում են միայն ծանր հիվանդներին եւ պաշտոնական պատվիրակություններին: Ստացվում է՝ Լեհաստանի դեսպանատունն այնպիսի պատնեշ է կառուցել ՀՀ քաղաքացիների առաջ, որը հաղթահարելու համար կա՛մ պետք է պաշտոնյա ու պաշտոնական պատվիրակության անդամ լինելու բախտ ունենաս, կա՛մ էլ ծանր հիվանդ լինելու դժբախտություն: Այս պատասխանից հետո դեսպանատանը կրկին էլեկտրոնային նամակ գրեցի՝ կցելով ԱԳՆ նոտան, որպեսզի համապատասխան պաշտոնյան անձամբ ծանոթանա դրա բովանդակությանը: Նամակի պատասխանը ստացա 2 օր անց միայն, երբ դրա կարիքն այլեւս չունեի: Այս մասին՝ մի փոքր անց: Մինչ այդ կրկին գնացի դեսպանատուն՝ նպատակ ունենալով վերջնականորեն համոզվել, որ ԱԳՆ նոտան դեսպանատունը հիմք չի ընդունում: Որոշել էի թեմային հանրային հնչեղություն տալ հրապարակման միջոցով, քանի որ Լեհաստանի դեսպանատան արհամարհական գործելաոճին բախված միակ մարդը չէի, բայց որ ավելի տարօրինակ ու վիրավորական էր, ՀՀ պետական դիվանագիտական մարմնի, այսինքն՝ Հայաստան պետության հանդեպ նման կեցվածքն իսկապես անսպասելի էր թե՛ ինձ, թե՛ ԱԳՆ-ի համար, որին տեղյակ էի պահել դեսպանատան արձագանքի մասին: Վստահ էի, որ դեսպանատան պատասխանը նախորդ օրվա նման է լինելու, եւ ինձ չեն ընդունելու: Կրկին հյուպատոսական բաժին զանգեցի պահակակետի մոտից: Չէի սխալվում՝ պատասխանը նույնն էր: Աշխատակիցը նախ կրկնեց, որ չեն ընդառաջում թեկուզ ԱԳՆ նոտայի առկայությամբ, հետո ավելացրեց, թե հյուպատոսը 3 օրում կպատասխանի իմ ուղարկած էլեկտրոնային նամակին, իսկ ճշգրտող հարցին՝ ԱԳՆ նոտան ձեզ համար հի՞մք է, թե՞ ոչ, այդպես էլ չպատասխանեց: Միայն դժվարությամբ կարողացա պարզել, որ խոսողը ոչ թե հյուպատոսական բաժնից էր, այլ դեսպան Պավել Չեպլակի օգնականը՝ ոմն Մելինե: Ձայնից ենթադրում եմ, որ նույն անձն էր նաեւ նախորդ օրվա իմ հարցերին նմանակերպ պատասխանողը:   Ավելին՝ hetq.am-ում
06:03 - 02 հուլիսի, 2019
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանի և գլխավոր հյուպատոսի հետ

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ուրուգվայի դեսպանի և գլխավոր հյուպատոսի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Կարլոս Սգարբիին (Carlos Sgarbi, նստավայրը՝ Թեհրան) և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։«ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Ուրուգվայի դեսպանը բարձր գնահատեցին երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ջերմ ու բարեկամական հարաբերությունները, ինչը նաև լավ հիմք է քաղաքական երկխոսության ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր մակարդակներում շփումների պարբերականության ապահովումը: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ նշեց, որ Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանով դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։Երկուստեք բարձր գնահատվեց Ուրուգվայի հայ համայնքի դերը, որը, կազմելով Ուրուգվայի բնակչության ավելի քան մեկ տոկոսը, ոչ միայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում, այլև հանդիսանում է Հայաստանը և Ուրուգվայը միմյանց կապող ամուր կամուրջ։Կողմերը քննարկեցին նաև վերջերս ՀՀ-ում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հաստատմանը և հետագա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը նշեց, որ առարկայական քայլեր են ձեռնարկվում ակտիվացնելու և զարգացնելու երկկողմ առևտրաշրջանառությունը։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
06:52 - 28 հունիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը

Հունիսի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։ Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր փոխանակեցին Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։ Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։ Այս առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որպես կառավարության զարգացման օրակարգի առաջնահերություն՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը։ Երկուստեք կարևորվեց միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։
17:42 - 25 հունիսի, 2019
Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո

Արտաքին Գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո

Հարց։ Ի՞նչ քննարկեցիք այսօր։ Որո՞նք են հիմնական առաջնահերթություննեը։ Պատասխան։ Կարծում եմ՝ մենք պահպանում ենք մեր հանդիպումների դինամիկան։ Շատ կարևոր ասպեկտ, որի ուղղությամբ պետք է աշխատենք, այն է, որ պետք է պահպանենք այդ շատ կարևոր միջավայրը, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու բոլոր խնդիրների, հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացի ուղղությամբ: Եվ դուք գիտեք հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը: Կարծում եմ, վերջին շաբաթների, վերջին ամսվա ընթացքում եղան որոշ զարգացումներ, որոնք ազդեցություն են ունեցել գործընթացի վրա, և կարծում եմ՝ պետք է ուշադիր դիտարկենք դա և տեսնենք այն ուղիները, որոնցով կարող ենք հավատարիմ մնալ այն համաձայնություններին և փոխըմբռնումներին, որոնց շուրջ աշխատում էինք վերջին ամիսների ընթացքում: Սա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր։ Շատ կաևոր առաջնահերթուրյուններ են առաջընթացի պահպանելման քաղաքական կամքը և միջավայրի կայունությունը, որը պատշաճ մթնոլորտ է ապահովում և որի մեջ ընթանում է խաղաղ գործընթացը: Եվ իհարկե, մենք համանախագահների և իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ուշադրություն ենք դարձնում դրան: Հարց. Պարոն նախարար ասացին, որ փաստաթղթեր են շրջանառվել .... Պատասխան. Կան փաստաթղթեր, որոնք գույություն ունեն, գույություն ունեցել են, բայց այստեղ փաստաթղթերի խնդիրը չէ: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ սկզբունքներով ենք մենք մոտենում, որովհետև սկզբունքորեն այսօր անհրաժեշտ է առաջին հերթին կենտրոնացած մնալ այն միջավայրի վրա, որը ապահովում է մեզ համար առաջընթացը գործընթացի: Ինչ վերաբերվում է սկզբունքային մոտեցումներին, դրանք հայտնի են բոլորին, արտահայտված են Հայաստանի կողմից տարբեր առիթներով: Եվ այդ կոնտեքստում է, որ մենք բոլոր դեպքերում դիտարկում ենք բոլոր տարբեր տարբերակներն այն կոնտեքստում, թե որքանով է դա արտահայտում, թե որքանով ենք մենք կարողանում տեսնել, որ մեր առաջնային խնդիրեները, մեր առաջնային շահերը ստանում են իրենց արտահայտությունը: Իհարկե բավական երկար քննարկում ունեցանք և մեզ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ավելի, այսպես ասած, ուսումնասիրենք, վերլուծենք, գնահատենք այս փուլը: Նախատեսում ենք շարունակել այս գործընթացը քննարկման: Կհայտարարվի, երբ համաձայնությունը ունենանք՝ հաջորդ փուլում ինչ ենք անում, երբ դա կլինի: Համանախագահները նույնպես իրենց մասով անելիք ունեն: Այդ առումով հիմա մեզ անհրաժեշտ է ուղղակի շատ ուշադիր վերլուծել, թե ինչպես ենք կարողանում պահպանել այդ դինամիկան, որը հնարավորություն է տալիս ունենալ քաղաքական կամք և շարժվել դեպի խաղաղ կարգավորում: Հարց: Հարցն այն է, թե հակամարտությունից 25 տարի անց ինչ է փոխվել բանակցային գործընթացի առումով: Խոսքս վերաբերում է 1994 մինչ 2019թ-ը ընկած ժամանակահատվածին: Ի՞նչ է փոխվել առարկայական երկխոսության առումով: Պատասխան: Այնպիսի հարց եք տալիս, որը շատ երկար վերլուծական հետազոտություն է պահանջում: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք՝ իմ գործընկերոջ և համանախագահների հետ միասին մի քանի ժամ տևած կարևոր զրույց ենք ունեցել, նման վերլուծական հետազոտության մեջ ներգարվվելը այն չէ, ինչով ես կցանկանայի զբաղվել: Սակայն կարծում եմ, որ շատ կարևոր է հասկանալ Հայաստանի և Արցախի բացարձակ առաջնահերթությունները: Արցախի ժողովրդի անվտանգության բացարձակ առաջնահերթությունը, որից բխում է կարգավիճակի հարցը, շատ հստակ սահմանում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում այս հարցը: Իհարկե, պետք է գիտակցել, որ ամբողջ խաղաղ կարգավորումը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջումը նշանակում է երկկողմ ճանապարh: Ուստի, կարծում եմ, որ պետք է շատ զգայուն կերպով մոտենամ նրան, թե ինչպես ենք ընկալում մեր բացարձակ անվտանգության մտահոգությունները: Եվ մենք նաև պետք է հաշվի առնենք մյուս կողմի մտահոգությունները: Ուստի կարծում եմ այս զգուշավոր մոտեցման և քաղաքական կամքի շրջանակներում պատրաստ ենք շարժվել առաջ: Հարց։ Պարոն Նախարար, բանակցություններն ընթանում էին հակամարտության սրման ժամանակ... Պատասխան։ Դա այն է, ինչ ես ասում էի այս ամբողջ ընթացքում։ Իհարկե, սա շատ վատ ազդեցություն ունեցավ, որովհետև բանակցել այն պայմաններում, երբ կան լարվածության աճի տարրեր և այս գործընթացը խաթարելու վտանգներ, իհարկե, դրանք շատ վատ ազդեցություն ունեն, և հնարավոր չէ դրանից խուսափել։ Սակայն այսօր արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև համանախագահների համար շատ կարևոր է գնտել ուղին, որով կկարողանանք աշխատել՝ կայունացնելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված երկխոսության, համաձայնության և փոխըմբռման արդյունքում ձևավորված միջավայրը։ Կարծում եմ՝ շատ կարևոր մարտահրավեր է այդ համաձայնությունների և փոխըմբռնման պահպանումը, որոնք ձևավորել են միջավայր, որի շրջանակներում տեղի է ունենում խաղաղ գործընթացը։ Հարց։ Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։ Պատասխան։ Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, և, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կայունությանը, լարվածության ռիսկերը նվազեցմանը նպաստող միջավայրի կայունությանը: Սրանք պահանջում են բազմաթիվ հստակ քայլերի ձեռնարկում, և մենք պետք է աշխատենք դրանք ի կատար ածելու ուղությամբ: Հարց: Հայաստանի դիրքորոշման մեջ կա՞ որևէ փոփոխություն՝ կապված Արցախին ներգրավելու հետ: Պատասխան: Որևէ փոփոխություն չկա և չի էլ կարող լինել, և շատ հստակ եմ նշում. Հայաստանի դիրքորոշումը կառուցված է շատ գործնական հիմքի, գործնական մոտեցման վրա, այն է՝ Արցախի շահառու է և հանդիսանում է այս ամենի սուբյեկտը, և նրանք պետք է ունենան սեփականության համապատասխան զգացում, եթե մենք իրապես վճռական ենք բանակցային գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: Ուստի, կարծում եմ՝ մենք շատ հստակ ենք եղել մեր մոտեցումներում, մենք փորձում ենք ընդգծել, որ սա մասնավորապես քաղաքական կամքի գործնական հարց է՝ բանակցություններում ապահովելու գործնական առաջընթաց: Այս բանակցությունների սուբյեկտը և շահառուն՝ Արցախը, պետք է ունենա սեփականության անմիջական զգացում: Ուստի, սա եղել է երկխոսության մաս, իհարկե մենք պետք է դա հաշվի առնենք: Սակայն, ինչպես ես ասացի, շատ կարևոր է հանգամանքն այն է, որ այս խնդիրները փոխկապակցված են, և մենք շատ զգուշորեն պետք է մոտենանք դրանց: Հարց․ Դուք լավատեսորե՞ն ենք տրամադրված այսօրվա բանակցություններին։ Պատասխան․ Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնաատականներում, սակայն կարծում եմ, որ սա պատասխանատվություն է, քանի որ այս բանակցությունները շատ ուղղակի ազդեցություն ունեն մարդկանց կյանքերի վրա։ Եվ երբ հարցը այս հարթության մեջ է դիտարկվում, պետք է գիտակցել, որ այն ինչ արվում է, պետք է ծառայի խաղաղության հաստատման նպատակին։ Դա լավ է Ադրբեջանի, Հայաստանի, Արցախի համար, դա լավ է ամբողջ տարածաշրջանի համար։ Բայց դա պետք է լինի այնպես, որ բոլոր կողմերը զգան, որ ընդունվող հանձնառությունները համարժեք են, որ կա փոխզիջման վրա հիմնված այնպիսի լուծում, որ կողմերից յուրաքանչյուրը զգա, որ այն արտահայտում է իր ազգային շահերն ու միմյանց մտահոգությունները և գտնում այնպիսի ելք, որի շրջանակներում համարժեք հանձնառությունների ստանձնումն ապահովում է այդ անհրաժեշտ հավասարակշռությունը։ Սա է փոխզիջման էությունը։ Հարց. Մամեդյարովը ասաց` հաջորդ հանդիպումը չի ուշանա… Պատասխան. Այո, ես կարող եմ հաստատել, որ մենք համենայնդեպս համաձայնություն ունենք, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ և հաջորդ հանդիպման մասին նորից կվերջնականացնենք համաձայնությունը։ Մենք դեռևս նոր ենք դուրս եկել, և հասկանում եք, որ նույնիսկ ներկայիս այս զրույցը առաջին, այսպես ասած, արտացոլումն է, թե ինչպես ենք մենք զգում այս բանակցությունների արդյունքը։ Մենք բնականաբար պատրաստ ենք շարունակել և պատրաստ ենք հայտարարել այդ հաջորդ կետը, երբ համաձայնությունը կունենանք, բայց նույնպես կվերահաստատենք որ սպասել չի տա: Բայց միևնույն ժամանակ շատ էական է, որպեսզի մենք կարողանանք վերահաստատել այն հանձնառությունները, որոնք վերաբերվում են համապատասխան միջավայրին և զինադադարի ամրապնդմանը և համապատասխան մեխանիզմներին, որոնք մաս են նման միջավայրին։ Հարց։ Հարցս վերաբերում է նրան, որ Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մասին, իսկ ի՞նչ կասեք 7 հարակից շրջանների, Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց մասին։ Պատասխան. Ես խոսում էի Հայաստանի առաջնահերթությունների մասին: Եվ, բնականաբար, մյուս կողմի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերը նույնպես առկա են: Եվ ինչպես ասում էի... Հարց. Ինչպիսի՞ն է դիրքորոշումը... Պատասխան. Լուծումն իրենից ներկայացնում է հանձնառություն: Կարծում եմ ինձնից չեք ակնկալում այս խնդիրների վերաբերյալ ծավալուն քննարկում կամ վերլուծություն այս բանակցություններից անմիջապես հետո: Դա ամենևին այն չէ, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Բայց ինչպես նշեցի, մենք ունենք մեր առաջնահերթությունները և խոսում ենք մեր առաջնահերթությունների մասին, բայց դուք կհիշեք, երբ վարչապետն ասում էր, որ խաղաղությանը հասնելու ուղին այն է, որի միջոցով կկարողանանք պատասխան տալ տարատեսակ այն հարցերին, որոնք հուզում են բոլոր կողմերին: Կուզեի նաև հիշեցնել, որ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է նախկինում, և մենք բազմիցս վերահաստատել ենք դա. ինչպիսի հանգուցալուծում էլ ձեռք բերվի, այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար: Այս պահին, ինչպես ես ասացի, այդ շատ մտահոգիչ զարգացումները, հրադադարի խախտումները, որոնք կյանքեր են խլում, շատ կարևոր մարտահրավերներ են, որոնց մենք պետք է առերեսվենք, որոնք պետք է արձագանքենք, և մենք պետք նվազեցնենք էսկալացիայի ռիսկերը, որպեսզի կարողանանք պահպանել խաղաղությանը նպաստող միջավայրը: Եվ այսօր այս զրույցն ունեցանք և այդ առումով համանախագահների, իմ գործընկերոջ հետ լավ քննարկում ունեցանք: Հարց. Վերջին հարցը անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման մասին, որևէ մեկնաբանություն կանե՞ք... Պատասխան. Մենք շատ ինտենսիվ, ներառական և շատ արդյունավետ երկխոսություն ունեցանք դեսպան Բոլթոնի հետ: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ, որում, իհարկե, ամենակարևոր մասն էին կազմում ամենակարևորն տարածաշրջանային անվտանգությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ ԱՄՆ-ն համանախագահ երեք երկրներից մեկն է և որպես համանախագահ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին շատ կարևոր շահառու է այս ամենում: Մենք ունենք տարածաշրջանային անվտանգությանը և դինամիկային առնչվող շատ կարևոր հարցեր, մենք, իհարկե, պետք է շարունակենք այս երկխոսությունը, այս զրույցը: ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք բավական հարուստ երկկողմ օրակարգ, որը մենք արժևորում ենք: Ուստի, բոլոր առումներով սա շատ կարևոր զրույց էր ԱՄՆ-ի՝ Հայաստանի կարևոր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակի շուրջ: Եվ ես ասացի, որ սա շատ արդյունավետ, հետաքրքիր երկխոսություն, զրույց, քննարկում էր դեսպան Բոլթոնի հետ:  
16:58 - 21 հունիսի, 2019
Մնացականյան-Մամեդյարովը հանդիպումը կկայանա Վաշինգտոնում հունիսի 20-ին. ԱԳՆ

Մնացականյան-Մամեդյարովը հանդիպումը կկայանա Վաշինգտոնում հունիսի 20-ին. ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ։
07:35 - 14 հունիսի, 2019
Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն

2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:Այս համատեքստում ԵՄ-ն ողջունեց Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի մթնոլորտում և վայելել են լայն հանրային վստահություն: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները զգալիորեն նպաստել են ընտրությունների անխափան կազմակերպմանը: ԵՄ-ն վերահաստատեց իր պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ժողովրդավարական եղանակով ընտրված իշխանությունների հետ, խորացնել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ:Քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների արդյունքում 2019 թ. հունիսի 1-ին Հայաստանի կողմից ընդունված ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը ողջունվեց Խորհրդի կողմից՝ որպես երկրում առանցքային բարեփոխումների ամրապնդման կարևոր գործիք: Հայաստանը և Եվրամիությունը կշարունակեն սերտորեն համագործակցել առաջընթացի մշտադիտարկման և ՀԸԳՀ- ի հաջող կիրարկումն ապահովելու ուղղությամբ, այդ թվում` ԵՄ աջակցության միջոցով:Խորհուրդն ընդգծեց անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունեց ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի շարունակություն 2018 թվականի սեպտեմբերին դատական բարեփոխումների վերաբերյալ Հայաստան-Եվրամիություն երկխոսության մեկնարկի՝ ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցություն տրամադրել արդարադատության բարեփոխման ռազմավարության հիման վրա համապարփակ դատական բարեփոխումների իրականացման համար։Խորհուրդը կարևորեց գործարար միջավայրի բարելավումը՝ խթանելու օտարերկրյա ներդրումները, աշխատատեղերի աճը և աղքատության կրճատումը: Խորհուրդը ողջունեց աշխատանքի ստուգման լիարժեք համակարգ ստեղծելու Հայաստանի մտադրությունը, որը կարող է ապահովել միջազգային չափանիշներին համախատասխան վերահսկողություն, ինչպես նաև հսկողություն աշխատանքային չափանիշների, իրավունքների և աշխատանքային պայմանների նկատմամբ: ՀԸԳՀ ունի զգալի ներուժ Հայաստան-Եվրամիություն առևտրային հոսքերը մեծացնելու համար։ Աշխարհագրական նշումների պաշտպանության, այդ թվում՝ այս ուղղությամբ ԵՄ համապատասխան ֆինանսական և տեխնիկական աջակցության վերաբերյալ ՀԸԳՀ-ի դրույթների իրականացման մասին քննարկումների մեկնարկը դրական քայլ է։Խորհուրդը քննարկեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային նախագծի շրջանակներում համագործակցությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն կտրամադրի այն առաջնային ենթակառուցվածքային ծրագրերին, որոնց մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին 2019թ. մարտին Բրյուսելում կայացած իրենց հանդիպման ընթացքում: Խորհուրդը նաև ողջունեց 2019թ. մարտին մեկնարկած կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով, ինչպես նաև պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն:Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում: Խորհուրդն ընդգծեց այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները:Ի շարունակություն մայիսին կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների՝ Խորհուրդն ընդգծեց Արևելյան գործընկերության «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթով նախանշված նպատակներին հասնելու համար շարունակական աշխատանքի կարևորությունը, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Խորհուրդը կարևորեց Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ ԱլԳ-ն 2020 թվականից անդին քննարկումը, որ կայանալու է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի նախաձեռնած կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում:Վերջում, Խորհուրդը քննարկեց տարածաշրջանային և միջազգային հարցեր: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հմանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: Սիրիայի հարցում Խորհուրդն իր ամուր աջակցությունը հայտնեց ՄԱԿ հատուկ բանագնացի գործունեությանը` Ժնևում ներսիրիական բանակցությունների վերսկսման կապակցությամբ: Հայաստանը հաստատեց իր մտադրությունը՝ շարունակելու տեղում Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրել, ինչպես նաև սերտորեն աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված անձանց կենսապայմանները բարելավելու նպատակով: ԵՄ-ն հաստատեց, որ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իրանի հարցում ԵՄ և Հայաստանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական և արդյունավետ շարունակական իրագործմանը: Թուրքիայի հարցում ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և շեշտեց երկու կողմերի` այդ գործընթացի մեջ առանց նախապայմանների ներգրավվելու անհրաժեշտությունը: Հայաստանը վերահաստատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր՝ վաղուց հայտնի դիրքորոշումը:Խորհուրդը նախագահում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական միությունը ներկայացնում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
13:58 - 13 հունիսի, 2019
ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների մակարդակով առաջին գագաթնաժողովը ՀՀ-ում՝ 2020-ին

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Այդ մասին ասվել է 2019թ․ հունիսի 4-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջորջ Կատրուգալոսի հանդիպմանը:Նախարարները որոշել են հաստատել եռակողմ գործընկերություն իրենց երկրների միջև։Նախարարները համաձայնել են, որ երեք երկրների` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։Նախարարները հաստատել են եռակողմ համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը և ընդգծել իրենց հանձառությունն ընդլայնելու և խորացնելու իրենց եռակողմ համագործակցությունը և առանձնացնելու փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը և ներդրումները, գյուղատնտեսությունը, կրթությունը և գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և նորարարությունը, առողջապահությունը, ճգնաժամերի կառավարումը, մշակույթը և զբոսաշրջությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը երեք երկրների տնտեսությունների և քաղաքացիների համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:Երկրները որոշել են կիսվել տեղեկատվությամբ, փոխանակել լավագույն փորձը և գիտելիքները և առաջիկա ամիսների ընթացքում վերոնշյալ ոլորտներում համագործակցության համար հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք պետք է քննարկվեն երկրորդ եռակողմ հանդիպմանը:Ավելին, նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։Նախարարները մտքեր են փոխանակել Կիպրոսի հիմնախնդրի և Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու խախտումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի և Պրեսպայի համաձայնագրի կիրարկման շուրջ: Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների։Ավելին, նրանք քննարկել են Եվրամիության և ՀՀ միջև հարաբերությունները։ Կիպրոսը և Հունաստանն իրենց աջակցությունն են հայտնել այս հարաբերությունների ամրապնդմանը՝ Արևելյան գործընկերության, ինչպես նաև մի կողմից Եվրամիության և Եվրոպական ատոմային էներգիայի համայնքի և նրա անդամների և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2017թ․ նոյեմբերի 24-ին, և որի ժամանակավոր կիրարկումը մեկնարկել է 2018թ․ հունիսի 1-ից։ Այս առնչությամբ նախարարներն կարևորել են բոլոր կողմերի կողմից Համաձայնագրի արագ վավերացումը, ինչը հնարավոր կդարձնի վերջինիս՝ ամբողջական ուժի մեջ մտնելը։
07:18 - 05 հունիսի, 2019
Առաջիկայում սպասում ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման. Կիպրոսի ԱԳ նախարար |news.am|

Առաջիկայում սպասում ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման. Կիպրոսի ԱԳ նախարար |news.am|

news.am։ Կիպրոսն աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ինչպես «Արեւելյան գործընկերության», այնպես էլ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը Հունաստանի արտգործնախարար Յորգոս Կատրունգալոսի եւ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եռակողմ հանդիպումից հետո։«Գործընկերության մասին համաձայնագրի առումով ես կցանկանայի ավելացնել, որ մենք սպասում ենք, որ առաջիկա շաբաթներին Ներկայացուցիչների պալատը կվավերացնի այն։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»,- նշել է նա։Խրիստոդուլիդեսն ավելացրել է, որ հանդիպման ընթացքում նրանք պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների եւ տարբեր բազմակողմ ֆորումների շրջանակում։ Նախարարները նաեւ կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցի եւ Պրեսպանյան համաձայնագրի կատարման վերաբերյալ։
14:23 - 04 հունիսի, 2019