ԿԱՐԴԱԼԻՔ

Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել

Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ դրա անհրաժեշտության մասին բանաձեւ ընդունել

Պետությունների ճանաչման վերաբերյալ հասարակության մեջ որոշակի թյուրընկալումներ կան։ Իշխանության որեւէ օղակի կամ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով արված հայտարարություններին երբեմն ավելի մեծ նշանակություն է հաղորդվում, քան դրանք ունեն իրականում։ Այդ թյուրընկալումներն ակնառու են դառնում հատկապես Արցախի ճանաչման թեմայի համատեքստում։ Նմանօրինակ մի դեպք տեղի ունեցավ նաեւ վերջերս։ Եվրոպական կուսակցության փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդաշարի եթերում ոչ ճշգրիտ հայտարարություն արեց։ Խոսելով ԼՂ հիմնահարցի վերաբերյալ միջազգային դիրքորոշումների մասին՝ նա նշեց, թե Ֆրանսիայի սենատը անցյալ տարի ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդպիսի ձեւակերպումներով հրապարակումներ, ի դեպ, առկա են նաեւ մամուլում, մասնավորապես՝ Irates.am, pastinfo.am, arcakh24.info եւ այլ կայքերում։  Իրականում, սակայն, Ֆրանսիայի սենատը ոչ թե ճանաչել է Արցախի անկախությունը, այլ ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, եւ ոչ թե անցյալ տարի, այլ  2020 թվականին։  Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ընդունել էր բանաձեւ, որով Կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այն նաեւ դատապարտում էր Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան, պահանջում ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից եւ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար։ Դրանից մեկ շաբաթ անց էլ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր մեկ այլ բանաձեւ, որում հաստատում էր հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ ԼՂ ճանաչման գործընթացի իրականացման միջոցով։ Դրանում խոսվում էր նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման մասին։ Բանաձեւերի մեջ Սենատը հղում էր կատարել Սահմանադրության 34-1-րդ հոդվածին, ըստ որի՝ Խորհրդարանի պալատները իրավունք ունեն ընդունել բանաձեւեր, սակայն անթույլատրելի են այն բանաձեւերի օրակարգ ներառումը, որոնք Կաառավարության համար վստահության խնդիր կառաջացնեն կամ կպարունակեն Կառավարությանն ուղղված որեւէ հրաման։ Ըստ էության, բանաձեւերը անթույլատրելի չեն որակվել եւ ներառվել են օրակարգում, որից հետո դրանց վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Նոյեմբերի 25-ին՝ առաջին բանաձեւի քննարկման ժամանակ, սակայն, Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախութունը՝ նշելով, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պարտավորությունն է աշխատել ԼՂ հակամարտության բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ, հատկապես՝ կարգավիճակի հարցում, եւ այդ բանակցությունների վերջնարդյունքը չի կարող որոշվել նախապես եւ միակողմանիորեն։ Նա հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որեէ պետություն, այդ թվում եւ՝ Հայաստանը․ «Երեկ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն էր, եւ Հայաստանը վերահաստատեց, որ ցանկանում է, որ Մինսկի խումբը շարունակի ներգրավված մնալ այս հարցի կարգավորման մեջ, ուստի ճանաչումը օգուտ չի տա ոչ մեկին, ոչ Հայաստանին, ոչ ԼՂ ժողովորդին, ոչ Ֆրանսիային, ոչ Մինսկի խմբի մյուս անդամներին, սա մեր քաղաքականությունը չէ»,- ասել է նա։ Օրեր անց էլ զանգվածային լրատվության միջոցների հարցերին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն էր հաղորդագրությամբ վերահաստատել Լեմուանի խոսքերը։ Ըստ էության, ընդունված բանաձեւերը որպես բանաձեւեր էլ մնացել են, իսկ դրանց ընդունման փաստն ինքնին բավարար չէ՝ ասելու, որ Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Այդ բանաձեւերը իրավաբանական ուժ չունեն, դրանցով ընդամենը առաջարկ է արվել երկրի գործադիր իշխանությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությանը, ինչը, փաստացի, չի արվել։ Ուստի Զեյնալվանդյանի եւ որոշ կայքերում տեղ գտած ձեւակերպումները իրավական առումով սխալ են եւ իրականությունը չեն արտացոլում։  Ի՞նչ է ենթադրում պետությունների ճանաչումն առհասարակ Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ  միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի, կամավոր ակտն է, որոշումը, որով տվյալ պետությունը ցանկություն է հայտնում իրավաբանական հարաբերությունների մեջ գտնվել ճանաչվող կողմի հետ, եւ դա օգնում է պետությունների միջեւ փոխադարձ լավ հարաբերությունների զարգացմանը, ինչը ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավաբանական նշանակություն․ «Եթե օրինակ, չճանաչված պետությունը իրավաբանական հարաբերությունների մեջ չի գտնվում, եւ մեկուսացված է, ապա ճանաչման գործընթացի միջոցով ապամեկուսանում է, եւ կարողանում է զարգացնել իր քաղաքական, տնտեսական, առեւտրային, ռազմական եւ այլ հարաբերությունները այլ սուբյեկտների հետ»։ Ըստ Սահակյանի՝ ճանաչումը լինում է պետության կողմից, եւ ներպետական օրենսդրությունը, որպես կանոն, կարգավորում է, թե որոնք են իրավասու ատյանները, որ նման լիազորությամբ են օժտված։ Դրանք հիմնականում կարող են լինել Կառավարությունը եւ Պառլամենտը․ «Արտաքին քաղաքականությունը, դասական առումով, գործադիր իշխանության ֆունկցիա է, ուստի այդ տրամաբանությամբ ճանաչման լիազորությունը գործադիր թեւին է պատկանում, քանի դեռ չկա հատուկ պատվիրակում այն մասին, որ այս տեսակի ակտերի համար անհրաժեշտ է պառլամենտի վավերացումը, այսինքն՝ եթե հատուկ նորմը բացակայում է, ուրեմն՝ դասական առումով սա գործադիր իշխանության ֆունկցիա է՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող, եւ պետք է իրացվի Կառավարության կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելի ցածր մակարդակի ճանաչումները չեն համարվում պետության անունից ճանաչում։ Այդպիսի ճանաչման օրինակ է հենց Ֆրանսիայի որոշ քաղաքների՝ Փարիզի, Մարսելի, Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ճանաչումը։  Միեւնույն ժամանակ Սահակյանն ընդգծեց, որ ճանաչումը պետության որոշելիքն է, եւ ինքը չի կիսում այն տեսակետը, թե դա պետք է համաձայնեցվեր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ․ «Քանի որ Ֆրանսիան համանախագահ երկիր է, միգուցե դա կարող էր վտանգել Մինսկի խմբի կենսունակությունը եւ սպառնալիքի տակ դնել Ֆրանսիայի ներգրավվածությունը վեճի քաղաքական լուծման գործընթացում, բայց դա բացառապես քաղաքական նպատակահարարության հարց է, իրավական տեսանկյունից ճանաչող պետությունը որեւէ կոնսուլտացիա, որեւէ համաձայնեցում չպետք է իրականացնի»։  Միջազգային իրավունքի տեսության մեջ որպես միջազգային ճանաչման ձեւեր առանձնացվում է փաստացի (de facto) ճանաչումը եւ իրավապես (de jure) ճանաչումը։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ֆրանսիայի դեպքում, երբ Կառավարությունը ճանաչման մասին իրավաբանական ուժ ունեցող ակտ չընդունեց, Սենատի կողմից այդպիսի բանաձեւի ընդունումն ինքնին չի կարող մեկնաբանվել նաեւ որպես փաստացի ճանաչում․ «Փաստացի ճանաչման պարագայում պետք է իրավական հետեւանքներ առաջանան ճանաչող եւ ճանաչվող պետությունների միջեւ, եւ դրա ուժով պետք է ձեւավորվեն հարաբերություններ, այսինքն՝ մենք տնտեսական, առեւտրային, դիվանագիտական, քաղաքական, ռազմական եւ այլ հարաբերություններում պետք է տարբերություն տեսնեինք, եւ եթե այդ հարաբերությունները ձեւավորված չեն Սենատի բանաձեւի հիման վրա, այսինքն՝ փաստացի գործողություններ չկան, չենք կարող ասել, որ տեղի է ունեցել փաստացի ճանաչում»,- նշեց նա։ Տվյալ դեպքում բանաձեւերի ընդունմանը պիտի հաջորդեր կամ Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչման վերաբերյալ ակտի ընդունումը, կամ Ֆրանսիան առնվազն պետք է վերանայեր Արցախի Հանրապետության հետ իր հարաբերությունները եւ փոփոխեր դրանց ծավալը, որպեսզի գոնե փաստացի ճանաչման մասին կարելի լիներ խոսել․ «Շատ տարածական եւ ուռճացված է մեկնաբանությունը, որ եթե կոչ է արել, ուրեմն ճանաչել է, պետք է նկատի ունենալ, որ ճանաչման իրավասությունը պատկանում է գործադիր իշխանությանը, իսկ եթե Սենատը պետք է ազդեցություն ունենար փաստացի ճանաչման տեսքով, ապա այս առումով եւս դրական տեղաշարժ չկա, քանի որ իրավաբանական հարաբերությունների ծավալը Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ Սենատի բանաձեւից հետո չի փոփոխվել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաձեռնությունն ինքնին, իհարկե, դրական է, հանրային քննարկումը եւ խնդրի միջազգայնացումը եւս չափացանզ կարեւոր քայլեր են, պարզապես դա չի կարող հավասարեցվել Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հետ։ Իրավաբանն ընդգծեց նաեւ, որ միջազգայնորեն չճանաչվելը որեւէ կերպ չի խոչընդոտում ինքնիշխանությանը, այսինքն՝ ինքնիշխան պետության կայացումը կարող է լինել իրողություն, եւ եթե անգամ չկա միջազգային ճանաչում կամ այն հապաղում է, դա որեւէ կերպ կասկածի տակ չի դնում պետության ինքնիշխանությունը․ «Իսկ այն դեպքերի համար, երբ որեւէ պետության անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին, հատուկ գործիք է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունը։ Մասնավորապես, Անվտանգության խորհուրդը կոլեկտիվ չճանաչման պահանջ է ներկայացնում (collective non-recognition), որից հետո որեւէ պետություն չի կարող միակողմանի ճանաչման ակտ ընդունել, որովհետեւ դա կհակասի ԱԽ բանաձեւին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սրա նպատակը միջազգային իրավունքը խախտող գործողությունները արգելափակելն է»,- ասաց նա՝ հիշեցնելով Օդեսիայի, Հյուսիսային Կիպրոսի միջադեպերը, երբ ՄԱԿ-ը արգելափակեց ճանաչման քաղաքական գործընթացը․ «Բարեբախտաբար, Արցախի կոնտեքստում նման բան չի եղել, ինչը հավելյալ ապացույց է, որ Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը կայացված փաստ է, եւ պարզապես մնում է քաղաքական, դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հասնել նաեւ միջազգային ճանաչման»։   Միլենա Խաչիկյան
15:02 - 27 ապրիլի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

Դավիթ Տոնոյանը չի սխալվում․ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատում է Կառավարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի միջեւ հեռահար բանավեճը, օրերս թյուրըմբռնման տեղիք տվող մի հայտարարություն է արել։ Նախկին եւ ներկա պաշտոնյաների բանավեճը վերաբերում է ՀՀ զինված ուժերի սպառազինության վիճակին։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր կա։ Մինչդեռ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, հակադարձելով Փաշինյանի այս հայտարարությանը, ավելի ուշ տարածած հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Անդրադառնալով այս թեմային՝ ժամեր անց «Հրապարակ»-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը, ի թիվս այլնի, ասաց, որ ե՛ւ Փաշինյանը, եւ՛ Տոնոյանը ստում են․ «Տոնոյանը՝ որպես պաշտպանության նախարար, պիտի հասկանա, որ Զարգացման պլանը կառավարության նիստում չեն հաստատում, այլ հաստատում են Անվտանգության խորհրդով։ Դա առաջինը թող սովորի, հետո կարող է պաշտպանության նախարար դառնալ»։ Նախ եւ առաջ հարկ է նկատել, որ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ խոսում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի» մասին, իսկ Մովես Հակոբյանը պարզապես նշում է զարգացման պլան։ Այս հանգամանքը կարեւոր է այնքանով, որ զարգացման որոշ պլաններ Անվտանգության խորհրդի լիազորությունների տիրույթում են, սակայն կոնկրետ Տոնոյանի կողմից մատնանշված զարգացման ծրագիրը դրանց թվում չէ։ Մասնավորապես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ԱԽ-ն, ի թիվս այլնի, հաստատում է զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը եւ այլ պլաններ։ Մինչդեռ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության լիազորությունների ցանկում է։ Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Կառավարության՝ այդ տարի հաստատված ծրագրի «Զինված ուժերը» ենթաբաժնում նշված է, որ քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին։  Այսինքն՝ իշխանափոխությունից հետո Կառավարությունը իսկապես մտադրված է եղել վերանայել եւ/կամ վերահաստատել «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»։ Այնուհանդերձ, հնարավոր չէ ասել, թե ինչ փոփոխություններով եւ երբ է այն ի վերջո վերահաստատվել, քանի որ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ առկա չեն։ Դա, ըստ ամենայնի, պայմանավորված է ոլորտի գաղտնիությամբ։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է, որ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի, մարտական կիրառության հնարավորությունների եւ դրանց վերաբերյալ մի շարք տեղեկություններ կարող են դասվել պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ «ՀՀ ՊՆ համակարգի գաղտագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» հրամանով էլ՝  այդ տեղեկությունները դասվել են պետական գաղտնիքի շարքին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի» վերանայման մասին Տոնոյանը խոսել է նաեւ պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 25-ին՝ Մեդիամաքսին տված իր հարցազրույցում։ Նա, մասնավորապես, ասել է հետեւյալը․ «․․․ Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։  Տոնոյանի այս խոսքից էլ պարզ է դառնում, որ ԶՈՒ զարգացման պլանը խմբագրվել եւ ընդունվել է ԱԽ-ի կողմից, այնինչ «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» այդ պահի դրությամբ Կառավարության կողմից վերանայման փուլում է եղել։ Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, ի թիվս այլնի, առաջարկվում է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը» հաստատելու լիազորությունը Կառավարությունից փոխանցել Անվտանգության խորհրդին։ Սակայն սա ընդամենը նախագիծ է, եւ առայժմ իրավական որեւէ ուժ չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում այն ներառված չէ ո՛չ ամբողջությամբ ընդունվածների, ո՛չ օրակարգում ընդունված նախագծերի, ո՛չ էլ դեռեւս չընդունվածների ցանկում։ Հրապարակված օրակարգերի համաձայն՝ այն դեռեւս չի քննարկվել նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում եւ Կառավարության նիստերում։ Այսպիսով, Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, թե Դավիթ Տոնոյանը պետք է իմանար, որ զարգացման պլանը հաստատում է ոչ թե Կառավարությունը, այլ ՊՆ-ն, միանշանակ չէ։ Եթե Հակոբյանը նկատի է ունեցել հենց «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», որի մասին խոսում էր Տոնոյանը, ապա նա սխալ է, որովհետեւ այդ ծրագիրը օրենսդրական գործող կարգավորումների շրջանակում իսկապես Կառավարությունն է հաստատում։ Իսկ եթե Հակոբյանը նկատի է ունեցել ԶՈՒ զարգացման պլանը, ապա նա ճիշտ է, որ դա հաստատում է ԱԽ-ն։ Սակայն այդ պարագայում էլ ճիշտ չէ պնդել, թե Տոնոյանը ստում է, որովհետեւ Տոնոյանը այդ պլանի մասին չէր խոսել։   Միլենա Խաչիկյան
12:30 - 26 ապրիլի, 2022
Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար

Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ակտիվորեն քննարկվում է Շվեդիայում և Ֆինլանդիայում։ Կանադան հայտարարել է, որ կսատարի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն ընդգծել է, որ հավատարիմ է դաշինքի «բաց դռների» քաղաքականությանը։ Մոսկվան, իր հերթին, զգուշացրել է այդ քայլի հետևանքների մասին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Դա, իհարկե, կփոխի իրավիճակը Եվրոպայում՝ մեր երկրի անմիջական հարևանությամբ»։ The New York Times պարբերականն իր «Կարծիք» բաժնում ներկայացնում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքն այս հարցի վերաբերյալ։ Ներկայացնում ենք այն՝ կրճատումներով․ «Զավեշտալին այն է, որ Ուկրաինայում պարոն Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին- խմբ․) դաժան պատերազմը բերելու է նրա նկրտումների հակառակ արդյունքին․ ՆԱՏՕ-ն այս ճգնաժամից դուրս է գալու ավելի ընդլայնված, ուժեղացած և միավորված։ Ուկրաինայի սահմանը հատող ռուսական տանկերի տեսարանը կոտրել է Եվրոպայի անվտանգության մասին արմատացած պատկերացումները։ Սա ոչ մի երկրի համար այնքան արդիական չէ, որքան Ֆինլանդիայի և Շվեդիայի։ Ինչպես ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, «Ռուսաստանն այն հարևանը չէ, որ պատկերացրել ենք»։ Հասարակական կարծիքի փոփոխությունն էլ ավելի հատկանշական է։ Անցյալ տարի ամենամյա հարցումը ցույց է տվել, որ ֆինների մայն 26%-ն է ուզում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Առավել թարմ հարցումը ցույց է տալիս, որ այս ցուցանիշն աճել է մինչև 68%։ Նույնը Շվեդիայի դեպքում է։ Երկու հասարակություններն էլ գիտակցում են նոր իրողությունը Եվրոպայում։ […] Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է օգտվեն ՆԱՏՕ-ի մասը կազմելու այս հնարավորությունից։ Երկու երկրների կառավարությունները պետք է անդամակցության հայտ ներկայացնեն մինչև ՆԱՏՕ-ի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովը։ Ֆինլանդիան ու Շվեդիան կարող են համեմատաբար արագ և անցնցում մտնել ՆԱՏՕ։ Երկու երկրներն էլ սերտորեն կապված են դաշինքի հետ, մասնակցում են համատեղ զորավարժություներին և հստակ համապատասխանում են անդամակցության համար անհրաժեշտ քաղաքական պահանջներին՝ ներառյալ կառավարման ժողովրդավարական համակարգն ու շուկայական տնտեսությունը։ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում այս անդամակցությունը կարող է հաստատվել մի գիշերում։ Թեև որոշումը պետք է վավերացվի դաշինքի բոլոր անդամների կողմից, իրավիճակի հրատապությունը կարող է արագացնել գործընթացն՝ այն դարձնելով ամիսների հարց։ Ֆինլանդիայի և Շվեդայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին փոխշահավետ է։ Երկու երկրներն էլ անվտանգության երաշխիքներ կստանան՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն, իսկ ՆԱՏՕ-ն նոր հնարավորություններ կստանա ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Այդ հարմար բուֆերային գոտին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայիս անդամների միջև կհեշտացնի արձագանքը Ռուսաստանի ցանկացած ներխուժմանը Բալթյան երկրներ։ Մինչ անդամակցության շուրջ քննարկումները շարունակվում են, Կրեմլի քարոզչամեքենան գործի է դնելու իր բոլոր ուժերը։ Այն զգուշացնելու է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի՝ պնդելով, թե դա կապակայունացնի տարածաշրջանն ու պատերազմն ավելի հավանական կդարձնի։ Դա, իհարկե, այդպես չէ։ Միակ մարդը, որն ապակայունացնում է Եվրոպան, պարոն Պուտինն է։ Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինան, մինչ այդ էլ Վրաստանն էր հենց այն պատճառով, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Ռուսաստանի միջազգային ռազմավարությունը սրացմամբ սպառնալն է, որ ավելի թույլ երկրները ենթարկվեն, իսկ ավելի ուժեղներն անգործության մատնվեն։  Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին հատկապես այս սպառնալիքների ֆոնին, դա պարոն Պուտինին ցույց կտա, որ պատերազմը անարդյունավետ է, որ պատերազմը միայն ամրապնդում է Արևմուտքի միասնականությունը, վճռականությունն ու ռազմական պատրաստվածությունը։ […] Անարդար է, որ մինչ ուկրաինացիներին կոտորում են, ՆԱՏՕ-ի անդամները նախկինի պես ամեն օր պարոն Պուտինի գանձարան են ուղարկում հարյուրավոր միլիոն եվրո՝ գնելով նավթ ու գազ։ ․․․Ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը թանկ կնստի, բայց ոչ այնքան, որքան Ուկրաինայում շարունակվող ավերածությունները։ Եվ այս առումով Ֆինլանդիան ճիշտ ուղղությամբ է գնում՝ խոստանալով «շաբաթների կամ ամիսների ընթացքում» վերջ դնել կախվածությանը ռուսական էներգակիրներից։ Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի նախորդ մոտեցումը չաշխատեց․ Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմից խուսափել չհաջողվեց։ Եթե պարոն Պուտինը հաջողի Ուկրաինայում, նա հազիվ թե դրանով սահմանափակվի։ Նա կշարունակի ստուգել ՆԱՏՕ-ին՝ թույլ օղակներ գտնելով։ Եվ դաշինքի հետ սերտ կապեր ունեցող երկրները, որոնք պաշտպանված չեն 5-րդ հոդվածով, օրինակ՝ Շվեդիան ու Ֆինլանդիան, վտանգի առաջ կկանգնեն։ Վերջին 70 տարիներին ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության հիմքն է եղել՝ ստեղծելով միջավայր, որտեղ կարող են բարգավաճել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Պարոն Պուտինը գուցե ցանկանար, որ դաշինքը պատմության գիրկն անցներ, սակայն Ուկրաինայում նրա գործողությունները ցույց են տալիս, որ դաշինքի կարիքը կա ինչպես երբեք»։   Նորա Վանյան
11:31 - 26 ապրիլի, 2022
Պատերազմից հետո պետական դավաճանության և լրտեսության առթիվ հարուցվել է գրեթե այնքան քրգործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում

Պատերազմից հետո պետական դավաճանության և լրտեսության առթիվ հարուցվել է գրեթե այնքան քրգործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է 9 քրեական գործ (ապրիլի 4-ի դրությամբ)։ Այս թիվը գրեթե հավասար է նախորդ 13 տարիների ընթացքում նույն հոդվածներով հարուցված քրեական գործերի ընդհանուր քանակին։ Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից հայտնել են, որ հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 29-ի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը, 14-ի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Չմանրամասնելով, թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանությունը) եւ 302-րդ (լրտեսությունը) հոդվածների կոնկրետ որ հատկանիշներով են հարուցվել քրեական գործերը, եւ առաջադրվել մեղադրանքները՝ ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ հիշյալ գործերից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, 2 քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով (ՀՀ ՔՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), 1 գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով (ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), իսկ 3 քրեական գործ միացվել են մեկ վարույթում եւ այժմ նախաքննության փուլում են։ Աղբյուրը՝ ՀՀ ԱԱԾ   Գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հայտնել, թե նախկինում, մասնավորապես՝ 2008-2020 թթ (մինչ սեպտ․ 27) ժամանակահատվածում պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում քանի քրեական գործ է հարուցվել, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ, քանի անձ է հետախուզվել, ապա նաեւ՝ հայտնաբերվել, եւ մեղադրական կամ արդարացման բնույթի քանի դատավճիռ է կայացվել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից հայտնել են, որ 2008-2020 թթ ընթացքում 299-րդ հոդվածի՝ պետական դավաճանության հատկանիշներով հաշվառվել է հանցագործության 6 դեպք, իսկ 302-րդ հոդվածի՝ լրտեսության հատկանիշներով՝ 4 դեպք։ Դեպքերի թիվը համընկնում է նույն ժամանակահատվածում հարուցված քրեական գործերի թվին, այսինքն՝ 2008-2020 թթ ընթացքում հիշյալ հոդվածներով հարուցվել է 10 քրեական գործ։ Ինչ վերաբերում է պատերազմի մեկնարկից ի վեր հաշվառված հանցագործության դեպքերին, Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ պետական դավաճանության դեպքերի թիվը 4-ն է, լրտեսության դեպքերինը՝ 2-ը։ Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ ընդհանուր առմամբ, 2008-2021 թթ ժամանակահատվածում պետական դավաճանության հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել 13 անձի, իսկ լրտեսության հոդվածով՝ 1 անձի նկատմամբ։ Քանի որ թե՛ մեղադրյալների, թե՛ հարուցված գործերի քանակը պակաս է ԱԱԾ-ի հայտնած թվից, Ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանում խնդրեցինք։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ Արա Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ հոդվածներով հարուցված բոլոր քրեական գործերի տվյալները չէ, որ անմիջապես ուղարկում են իրենց, որոշ դեպքերում, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, դրանք ուղարկվում են ավելի ուշ, երբ նախաքննության ավարտ է հայտարարվում։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցինք, ԱԱԾ-ի հարուցած 3 գործերը, թեեւ ի սկզբանե հարուցվել են առանձին, հետագայում միացվել են մեկ վարույթում եւ քննվում են համատեղ։ Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն   Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն Ընդհանուր առմամբ, 2008-2021 թթ ընթացքում պետական դավաճանության հոդվածով հարուցված 10 գործերից 9-ը ուղարկվել է դատարան, 1-ը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ Լրտեսության հոդվածով հարուցված 6 գործերից 1-ը ուղարկվել է դատարան, 3-ը կասեցվել են նույն՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով, 1-ը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 1-ը գտնվում է ընթացքի մեջ: Հիշյալ ժամանակահատվածում նշված հոդվածներով որևէ անձ չի հետախուզվել:   Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն   Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում հիշյալ հոդվածներով հանցագործության դեպքեր չեն հաշվառվել։ Ինչ վերաբերում է դատարան ուղարկված գործերով կայացված դատավճիռների բնույթին, Ոստիկանությունը դրանց վերաբերյալ հաշվառում չի իրականացնում։ Այնուհանդերձ, Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում որոնում իրականացնելով՝ կարող ենք որոշակի տեղեկություններ դուրս բերել։ Մասնավորապես, որոնելով պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործերը՝ համակարգը գտնում է դատարան ուղարկված գործերից միայն 6-ը, որոնցից 4-ի տեղեկությունն ամբողջությամբ փակ է, ինչը նշանակում է, որ այդ գործերը, օրենքով պահպանվող գաղտնիքի առկայությամբ պայմանավորված, քննվել են դռնփակ, ուստի հնարավոր չէ ասել, թե դրանցով ինչպիսի դատավճիռներ են կայացվել։ Մյուս 2 գործերից 1-ինով ամբաստանյալի կարգավիճակ է ունեցել 4 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (ոչ արդարացնող հիմք), 2-ը մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 14 տարվա ազատազրկման, իսկ 1-ը արդարացվել է։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում մեղավոր ճանաչված անձանց մասով այն մնացել է անփոփոխ, իսկ արդարացված անձի մասով բեկանվել է եւ ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Նոր քննության արդյունքում անձը դարձյալ արդարացվել է։ Պետական դավաճանության վերաբերյալ հասանելի 2-րդ գործով ամբաստանյալի կարգավիճակ է ունեցել 6 անձ, որոնցից հիշյալ հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել 3-ին։ 3-ն էլ մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 14, 10 եւ 10 տարի ազատազրկման։ Հետագայում բողոքարկման արդյունքում դատավճիռները մնացել են անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։  Այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ նախկինում քննված գործերով, ըստ Դատալեքսում հասանելի տեղեկության, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել առնվազն 5 անձ։ ՀՀ ՔՕ 302-րդ՝ լրտեսության հոդվածով որոնում իրականացնելիս ցուցադրվում է միայն 1 գործ, որով եւս տեղեկությունը ամբողջությամբ սահմանափակված է, ուստի դրա վերաբերյալ եզրահանգումներ անել հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի մեկնարկից հետո հարուցված եւ արդեն դատարան ուղարկված 3 գործերին, որոնցով նախաքննությունն ավարտվել է 2021 թ․ դեկտեմբեր, ապրիլ, մայիս ամիսներին, ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ 3 դեպքում էլ ՀՀ քաղաքացիները, հավաքագրվելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, նրանց փոխանցել են ՀՀ-ի եւ ՀՀ ԶՈՒ-ի վերաբերյալ պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ։ Մասնավորապես, գործերից մեկով մեղադրյալի կարգավիճակում են ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներ, որոնցից մեկը՝ նախկին զինվորական։ Վերջիններս, ըստ մեղադրանքի, լուսանկարել եւ հատուկ ծառայություններին են փոխանցել այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են ՀՀ ՊՆ զորամասերում տեղակայված զինտեխնիկան, զինծառայողների քանակը, հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների,  Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները եւ այլն։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նախկին զինվորականը իր այդ գործողությունները շարունակել է նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ որպես կամավորական ջոկատի հրամանատար մեկնելով Հադրութի ինքնապաշտպանական շրջան։ Երկրորդ գործով մեղադրյալի կարգավիճակում դարձյալ նախկին զինվորական է, որը, ըստ մեղադրանքի, իր առանձնատանը պահել եւ հետագայում Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել Հայաստանի եւ Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, սպառազինության, ռազմական տեխնիկայի քանակների, տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների եւ ծառայողական ու պետական գաղտնիք կազմող մի շարք այլ տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթեր եւ տվյալներ: Դատարան ուղարկված երրորդ գործով էլ մեղադրյալի կարգավիճակում են երիտասարդ ամուսիններ, որոնք, ըստ մեղադրանքի, ադրբեջանական ծառայություններին պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ են փոխանցել 1500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց։ Այս երեք գործերով դատավճիռներ դեռեւս չեն կայացվել․ դրանք դատաքննության փուլում են եւ քննվում են դռնփակ ռեժիմով։   ԹԱՐՄԱՑՈՒՄ- Ապրիլի 25-ին, ԱԱԾ-ն հայտնեց պետական դավաճանության եւս մեկ դեպքի բացահայտման մասին՝ միաժամանակ հաղորդելով ամփոփ որոշ տվյալներ։   Միլենա Խաչիկյան  
20:30 - 23 ապրիլի, 2022
Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը՝ Արամ Գրիգորյանը, թղթադրամներ է տալիս մի քանի տիկնանց, որոնցից մեկը, դիմելով Գրիգորյանին, ասում է՝ «բա տաքսուս փողը, տաքսու փողը, Արա՛մ», ի պատասխան՝ լսվում է՝ «Էդ էլ մերսին է՞ր»։ Այս տեսանյութն ակտիվորեն տարածում են կառավարող ուժի  քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը՝ կասկած հայտնելով եւ կամ ներկայացնելով, որ այդ կանայք, հավանաբար, ընդդիմադիրների հավաքներին են մասնակցում՝ դրա դիմաց վճարվելով։ Տեսանյութը, մասնավորապես, տարածել են Medianews, Freenews, Armenianews հարթակները, ֆեյսբուքյան տարբեր էջեր՝ կից գրելով «Ինչպես է Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող բաժանում հանրահավաքի գալու համար» եւ նմանատիպ այլ տեքստեր։  Համացանցում որոնումը նախկինում հրապարակված այսպիսի տեսանյութ չի ցուցադրում, թեեւ տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է ավելի վաղ՝ հաշվի առնելով, որ գործող անձինք տաք վերարկուներով են։  Սա առիթ է տալիս եզրակացնելու, որ ժամանակահատվածում, երբ նկարահանվել է տեսանյութը, եղանակը ցուրտ է եղել։  Ինչ վերաբերում է պնդումներին, թե «մարդիկ բերվել են՝ հանրահավաքի մասնակցելու», նշենք, որ այս օրերին «Հայրենիք» կուսակցությունն ու իր համակիրները բողոքի գործողություններ են անում Ազատության հրապարակում, մասնավորապես նստացույց։ Տարածված տեսանյութում լսվում է հանրահավաքային ելույթ, կադրում էլ երեւում է Բաղրամյան պողոտայից մի հատված՝ Սիրահարների այգուց։    Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեսանյութն առնչություն չունի վերջին օրերի հավաքների հետ։ Իսկ կայքերն ու հարթակները, որոնք հրապարակել են տեսանյութը, որեւէ կերպ չեն նշել, թե այն երբ է նկարահանվել, ինչից կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը կապ ունի այս օրերին ընթացող բողոքի գործունեությունների հետ։  Վանեցյանի աջակիցները տարածվող տեսանյութն ու դրան կից մեկնաբանություններն անարձագանք չեն թողել։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է, որ տեսանյութը հին է, Ազատության հրապարակից բավականին հեռու, եւ որ Արամ Գրիգորյանին մոտեցել են ապրուստի խնդիր ունեցող մարդիկ, որոնց էլ վերջինս օգնել է. «Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել։ Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:  Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել: Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:  Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,- գրել է Բաբայանը։ Իսկ Վանեցյանի օգնական Սոս Հակոբյանը հայտարարել է, որ եթե չհեռացվեն Ազատության հրապարակ փողոց մարդ բերելու վերաբերյալ նյութերը, հարցը կլուծեն դատական կարգով։   Ի դեպ՝ որեւէ անդրադարձ չի կատարվել «բա տաքսու փողը, Արա՛մ» արտահայտությանը. անհասկանալի է, թե ինչ տաքսու մասին կարող էր խոսել ուղղակի օգնության դիմած քաղաքացին, որը, ինչպես ակնհայտ է տեսանյութից, անվանապես ճանաչում է տղամարդուն։ Այսպիսով, Վանեցյանի օգնականին առնչվող տեսանյութը հին է, սակայն այն հրապարակվել է նոր, իսկ կառավարող ուժի քարոզչամեքենան փորձել է տպավորություն ստեղծել, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաներին մարդկանց գումարով են տանում։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունների արձագանքներում տրվում է մի մեկնաբանություն, որում շրջանցվում է տաքսու գումարի մասին արտահայտությունը։ Հայարփի Բաղդասարյան
18:20 - 23 ապրիլի, 2022
Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության նիստում

Ի՞նչ որոշումներ ընդունվեցին կառավարության նիստում

Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված 33 հարցեից միայն 2-ն էին զեկուցվող։ Ներկայացնում ենք, թե ինչ հիմնական որոշումներ է ընդունել Կառավարությունը   Հայաստանի Հանրապետության 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հավանության արժանացավ, և որոշում կայացվեց այն ներկայացնելու ԱԺ։ Հավանության արժանացավ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին խաղատան լիցենզիա տրամադրելու մասին օրենքի նախագիծը․ այն կուղարկվի ԱԺ։ Աշոտ Մարտիրոսյանն ազատվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այսուհետ քրեական պատասխանատվություն կնախատեսվի թմրամիջոցների, հոգեմետ հոգեներգործուն նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում։ Այսպիսով ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրին։ Կառավարությունը գումար կհատկացնի դպրոցականների համար «ՀՀ վարչապետի գավաթ» թիմային խճուղավազք անցկացնելու նպատակով։ Անհրաժեշտ 24 361.5 հազար դրամ գումարը կհատկացվի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին, վերաբաշխման արդյունքում: Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները, որոնց ատենախոսության պաշտպանության օրը նշանակված է հայտարարված զորակոչի ընթացքում, կամ նրանք չեն ստացել գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը, զինվորական ծառայության կզորակչովնեն հաջորդ զորակոչի ընթացքում: Տարկետում ստանալու կարգում մի շարք փոփոխություններ կկատարվեն։ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին։ Սահմանվեց, թե ինչ պահանջների պետք է բավարարեն հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաները։ ԵԱՏՄ անդամ-պետություններում բժշկական արտադրատեսակների գրանցումը ազգային օրենսդրությամբ իրականացնելու հնարավորությունը կերկարաձգվի մինչև 2022-ի վերջը։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2022թ․ համար նախատեսված  1,101,181.4 հազ.դրամ գումարը (183,530.2 հազ.դրամը՝ համաֆինանսավորում) կներառվի պետական բյուջե: Որոշվեց Աբովյան համայնքի Արզնու խճուղի 44 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություներն ու  5.27864 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով։
16:32 - 22 ապրիլի, 2022
Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Պեսկովը չի հայտարարել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություն է․ նրան են վերագրվում ռուս լրագրողի խոսքերը

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանյան և ռուսական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվում այն մասին, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հանդիպումը՝ ասելով, որ միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում։ Պեսկովը, սակայն, նման հայտարարություն չի արել։ Այսպիսով, news.am կայքում ապրիլի 17-ին հրապարակվել է «Միջազգային ասպարեզում հատուկ իրադարձություններ են տեղի ունենում. Պեսկովը՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին» վերտառությամբ նյութ (արխիվացված հղումը)։ Նյութում նշվում է․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ կշարունակի տնտեսության հարցով խորհրդակցությունների շարքը և կքննարկի մետաղագործության ոլորտում տիրող իրավիճակը, բացի այդ՝  պաշտոնական այցով Մոսկվա կժամանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Россия 1» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը»: Ըստ news.am-ի՝ Պեսկովը նաև հայտարարել է, որ  «միջազգային ասպարեզում ստեղծված ներկայիս իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում»։ Հետաքրքիր է, որ news.am-ի միևնույն նյութի ռուսերեն տարբերակի միայն վերնագրում են այս խոսքերը վերագրվում Պեսկովին։ Իսկ նյութում նշվում է, որ այդ մասին տեղեկացրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի ժամանակ (արխիվացված հղումը)։ News.am-ին հղումով լուրը վերահրապարակել են armedia.am, blackseanews.net, galatv.am կայքերը։ Hayknews.com-ը ևս նույն բովանդակությամբ հրապարակում է արել (արխիվացված հղումներ՝ 1, 2, 3, 4)։ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը միջազգային նշանակության իրադարձություն անվանելը Պեսկովին վերագրող նյութ է հրապարակել նաև newsarmenia.am-ը՝ հղում կատարելով vesti.ru-ին։ Vesti.ru-ում, սակայն, ոչինչ չի ասվում Պեսկովի նման հայտարարության մասին (արխիվացված հղումներ՝ 1, 2)։  «Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան: Ներկայիս միջազգային իրավիճակում սա առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Մանրամասները՝ «Россия 1» հեռուստաալիքի նյութում»,- ասված է կայքում և կից ներկայացված է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի այն հատվածը, որտեղ խոսվում է Փաշինյանի՝ ՌԴ այցի մասին։ Առհասարակ, «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի՝ Փաշինյանի այցին վերաբերող հատվածում ոչինչ չկա Պեսկովի մասին։ Ծրագրի վերջում հաղորդավարներից մեկը մյուսին հարցնում է, թե ինչ է սպասվում հաջորդ շաբաթ։ Վերջինս էլ պատասխանում է, որ տեղի են ունենալու միջազգային կարևոր իրադարձություններ։ Այնուհետև ցուցադրվում է ռեպորտաժ՝ Փաշինյանի այցի մասին, և ռեպորտաժի ընթացքում լրագրողն ասում է․ «Պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկայիս միջազգային իրավիճակում սա հատուկ նշանակության իրադարձություն է» (նշված հատվածը կարող եք դիտել հաղորդման 35-րդ րոպեից)։ Ծրագրի ընթացքում Պեսկովից, այնուամենայնիվ, երկու մեջբերում կա։ 17-րդ րոպեում նա խոսում է «Ռոսկոսմոս»-ից, 19-րդ րոպեում՝ Արևմուտքի հետ հարաբերություններից։ Սակայն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին նա ոչինչ չի ասում։ Այպիսով, հայաստանյան և ռուսական լրատվամիջոցները սխալմամբ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին են վերագրել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի լրագրողի խոսքերը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։ Գլխավոր լուսանկարը՝ BBC-ի Աննա Սահակյան
15:26 - 18 ապրիլի, 2022
Ովքե՞ր են որոշելու՝ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է, թե ոչ․ The New York Times

Ովքե՞ր են որոշելու՝ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է, թե ոչ․ The New York Times

Ռուսաստանը քայլ առ քայլ մոտենում է արտաքին պարտքի մասով խոշոր դեֆոլտի՝ մռայլ սահմանագծի, որը չէր նշմարվում գրեթե մեկ դար առաջ բոլշևիստական հեղափոխության ժամանակներից ի վեր, գրում է The New York Times-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Վրա հասնող դեֆոլտը պատժամիջոցների հետևանք է, որոնք սառեցրել են Ռուսաստանի արտարժութային պահուստների գրեթե կեսը՝ շուրջ 640 մլրդ դոլարը՝ սահմանափակելով պետական փոխառության պարտատոմսերի համար դրանց թողարկման արժույթով՝ դոլարով, վճարման երկրի հնարավորությունները։ Ռուսաստանն դա արդեն որակել է որպես ԱՄՆ և նրա դաշնակիցների սահմանած պատժամիջոցների «արհեստական» արդյունք և սպառնացել նման ելքը վիճարկել դատարանում։ Ռուսաստանի և աշխարհի խոշոր ներդրողների միջև այդ հնարավոր մենամարտը հարցեր է բարձրացնում, թե ով է որոշում՝ իրոք պետությունը դեֆոլտի մեջ է, թե ոչ՝ հաշվի առնելով բացառիկ իրավիճակը, երբ պատժամիջոցները սահմանափակում են պարտքերը մարելու երկրի հնարավորությունը։ Ռուսաստանը հազիվ թե թեթևությամբ վերաբերվի դեֆոլտի հայտարարմանը։ Եթե նման բան տեղի ունենա, նա տարիներով կբախվի փոխառությունների բարձր արժեքին, դա կարգելափակի միջազգային շուկաների հասանելիությունը նրա համար, ինչն էլ ճնշում կգործադրի տնտեսության վրա, որի աճն այն այս տարի, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կրճատվելու է։ Դա նաև բիծ կլինի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական կառավարման համար, որը կընդգծի Ուկրաինա ներխուժման գինը։ Ռուսաստանի համար, որի՝ տարիներով հաստատված կարևորագույն գործարար կապերն ԱՄՆ, Եվրոպայի և այլ պետությունների հետ անսպասելիորեն խզվել են, վտանգված է տնտեսական աճի հիմքերից մեկը՝ երկրի սահմաններից դուրս հեշտությամբ գումարներ փոխառելու հնարավորությունը։ Քանի որ Ռուսաստանի դժվար դրությունն այսքան անսովոր է, բաց է մնում այն հարցը, թե ով է սուվերեն պարտքի դեֆոլտ հայտարարող դատավորը։ Ամենահստակ վճիռը կարող են կայացնել վարկանիշային խոշոր գործակալությունները, որոք արդեն ակնարկել են, որ Ռուսաստանի վարկունակությունը վատթարանում  է, և դեֆոլտը սարերի հետևում չէ։ Անցյալ շաբաթ Moody's գործակալությունը զգուշացրել է, որ ապրիլի 4-ին շուրջ 650 մլն դոլարի պարտքի մարումը ռուբլով կարող է դեֆոլտ համարվել, եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը և դոլարով վճարում չկատարի մինչև մայիսի 4-ը, երբ լրանում է 30-օրյա արտոնյալ ժամանակահատվածը։ Ավելի վաղ S&P Global-ը համանման զգուշացում էր արել՝ Ռուսաստանի վարկանիշը հասցնելով «ընտրողական դեֆոլտի»։ Սակայն պարզ չէ, թե ինչպես են վարկանիշային գործակալությունները գնահատելու իրավիճակը, եթե Ռուսաստանը չկարողանա արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճրումները կատարել, քանի որ ԵՄ պատժամիջոցների հետևանքով գործակալություններին արգելվել է գնահատել Ռուսաստանի վարկանիշը։ Moody's-ն ու S&P-ին չեն մեկնաբանել այս հարցը։ Fitch-ի ներկայացուցիչն ասել է, որ պատժամիջոցների պատճառով չի կարող մեկնաբանություն տալ Ռուսաստանի վարկունակության վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ մայիսի 4-ին լրանա արտարժութային պարտատոմսերի համար վճարման արտոնյալ ժամանակահատվածը, հաջորդ առանցքային պահը կլինի մայիսի 25-ը։ Հենց այդ ժամանակ պարտատոմսերի ամերիկացի սեփականատերերն այլևս չեն կարողանա ընդունել ռուսական պարտքերի համար վճարումները ժամանակավոր բացառության շրջանակում, որն արել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Թեև վարկանիշային գործակալությունների վճիռը զգալի կշիռ ունի, պարտատոմսերի սեփականատերերն են որոշելու այն բանի հետևանքները, որ Ռուսաստանը չի կատարում վճարումները կամ խախտում է իր պայմանագրերի պայմանները։ Նրանք կարող են սպասողական դիրք գրավել կամ հայտարարել, որ պարտատոմսերի մարումներն անհապաղ պետք է կատարել, սա կարող է հանգեցնել նրան, որ «խաչաձև դեֆոլտի» վիճակում գտնվող պարտատոմսերը նույնպես դեֆոլտի մեջ հայտնվեն։ Դեֆոլտ հայտարարող մյուս հնարավոր կառույցը Վարկային ածանցյալների հարցերով կոմիտեն է։ Այն որոշում է, թե արդյոք ռուբլով վճարումները պետք է վճարման խաթարում համարել, որպեսզի ապահովագրական վճարները սկսեն տրամադրվել։ Կոմիտեն արդեն հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը դեֆոլտի մեջ է պարտատոմսերի տոկոսագումարները չվճարելու համար։ Որոշ վերլուծաբանների համար այս որոշումն ու ռուբլով վճարումների իրականացումն արդեն նշանակում են, որ Ռուսաստանը տեխնիկական առումով դեֆոլտի մեջ է։ «Եթե Ռուսաստանը ժամանակին չի վճարում, վճարումները չի կատարում պայմանագրով ամրագրված արժույթով, հստակ է, որ սա դեֆոլտ է», - ասում է BlueBay Asset Management-ի սուվերեն ներդրումների գծով ավագ մասնագետ Թիմոթի Աշը։ Ռուսաստանի դեպքը բացառիկ է պատժամիջոցների պատճառով, և ակնկալվում է, որ նա պնդելու է, թե արտարժույթով վճարումների իր հնարավորությունը սահմանափակվել է, քանի որ իր համար հասանելի չեն սեփական պահուստային միջոցները։ Սակայն Աշի խոսքով՝ Ռուսաստանի համար դժվար կլինի դատարան գտնել, որը կսատարի իր դիրքորոշումը։ Սուվերեն պարտքի փորձագետ Թիմ Սեմփլսը կարծում է, որ Ռուսաստանը ուղիներ է փնտրելու՝ դեֆոլտը չընդունելու, նա կարող է հղում անել պայմանագրերում առկա ձևակերպումներն, որոնք կարող են այնպես մեկնաբանվել, թե թույլ են տալիս այլ արժույթներով վճարումները և այլն։ Չնայած դեֆոլտի խորհրդանշական իմաստին՝ Ռուսաստանի և մնացած աշխարհի համար տնտեսական հետևանքները համեմատաբար մեծ չեն լինելու։ Տնտեսագետների գնահատականով՝ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմում է շուրջ 75 մլրդ դոլար, սակայն էներգակիրների վաճառքի տարեկան ծավալները կազմում են 200 մլրդ դոլար։ Ներդրողները դեֆոլտի էին սպասում դեռ փետրվարի վերջին, իսկ քաղաքական գործիչները ենթադրում են, որ դեֆոլտը սպառնալիք չէ ֆինանսական համակարգի կայունության ։ Վերջնարդյունքում՝ շուկան է որոշելու՝ արդյոք Ռուսաստանն արժանի է վստահության, թե՝ ոչ, իսկ Ուկրաինայում նրա գործողություններն ու ապագա պատժամիջոցները կանխորոշելու են նրա տնտեսության ճակատագիրը»։ Նորա Վանյան
22:45 - 17 ապրիլի, 2022
Ի՞նչ մանդատ է տվել ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին․ կառավարող ուժը հակասում է իր նախընտրական խոստումներին

Ի՞նչ մանդատ է տվել ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին․ կառավարող ուժը հակասում է իր նախընտրական խոստումներին

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Արցախյան հիմնախնդրի լուծման, տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում  հաճախ են առաջ մղում այն թեզը, որ իրենք ժողովրդից մանդատ են ստացել։ Վերջին օրերին ակտիվացել են այս հարցերի շուրջ քննարկումները։ Այս հոդվածում կփորձենք հասկանալ, թե կառավարող ուժը ընտրությունների արդյունքում ինչպիսի քայլեր իրականացնելու մանդատ է ստացել ժողովրդից։   Ի՞նչ են հայտարարում Փաշինյանն ու նրա թիմակիցները Երկու օր առաջ՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 44-օրյա պատերազմին և իր մեղավորությանը։ Վարչապետի պնդմամբ`  միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է`  լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրե՛ք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում, ասում է, խնդրում եմ, մեզ վրա հույս չդնեք»,- հայտարարեց Փաշինյանը: Վարչապետի խոսքով`  ինքն այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգն այլընտրանք չունի: Իր ելույթում Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումն ու ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումը։ «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- հայտարարեց վարչապետը: Երեկ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց․ «Առաջ քաշվեց այն գաղափարը (նկատի ունի՝ 90-ականներին- խմբ․), որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի․ տարիներ են անցել, ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել»:  Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը նշեց՝ իրենք անելու են ամեն ինչ, որ Արցախը չհայաթափվի։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի կազմում լինելու դեպքում Արցախը չի հայաթափվի, պատգամավորը պատասխանեց․ «Այսինքն, ձեզ համար հաճելի է, որ Ադրբեջանի կազմից դուրս հայաթափվի՞»։ Այնուհետև Խաչատրյանը, պատասխանելով հարցին՝ պատկերացնո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում թե՞ ոչ, նշեց․  «Վարչապետը բաց ասաց, որ մենք մեր գործընկերների հետ, ովքեր կարող են օգնել Հայաստանին ու Արցախին, այժմ քննարկելու ենք անվտանգության հարցերը, նոր կարգավիճակի, որովհետև նրանք մեր ուզած կարգավիճակի հարցը չեն ուզում քննարկել։ Երբ որ մենք ասում ենք, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանից դուրս, ասում են՝ ցտեսություն, գնացեք, լուծեք ձեր հարցը։ Բայց մենք օժանդակության կարիք ունենք։ Ասում են՝ եթե ուզում եք՝ կոալիցիա ձևավորվի, եթե ուզում եք՝ Հայաստանն, Արցախը օգնություն ստանան, կարգավիճակի նշաձո՛ղն իջեցրեք, և մենք, փոխանակ իրենց հետ քննարկենք, թե մինչև ուր իջեցնենք, ասում ենք՝ լավ, էդ մի կողմ դրեցինք, քննարկենք անվտանգության հարցերը։ Այս տարվա մարտին ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց 5 կետանոց առաջարկ։ Առաջարկների թվում էին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատումը։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՔՊ պատգամավոր  Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով հարցին, թե իրենց համաձա՞յն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշեց․ «Մենք կարծում ենք, որ դա՝ որպես նախապայման, նույնիսկ իմաստ չունի առաջադրել Հայաստանի առաջ, որովհետև դա արդեն կայացած փաստ է»։ Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Ադրբեջանի տարածք է ամբողջ Լեռնային Ղարաբաղը, Աղաջանյանը պատասխանեց․ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ երբևէ Հայաստանը որևէ նկրտում չի ունեցել, և խոսքը Արցախի հայ բնակչության՝ իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի մասին է»։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովուրդն անվտանգ ապրի, Աղաջանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ պետք է այդ գործընթացը քննարկվի, և վերջնական կարգավիճակն Արցախի քննարկվի, և վերջնական կարգավիճակին հասնենք խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման և կնքման շրջանակներում»։ Իսկ մարտի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ՀՀ-ի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը, և ուրեմն հարց է ծագում՝ ինչու է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ ՀՀ-ն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ-ի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը»։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Խոսելով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց․ «Մեզ համար սկզբունքային նշանակութուն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքներն ու նրանց իրավունքների, ազատությունների պաշտպանությունը, նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը»։ Երկու դեպքում էլ Փաշինյանը նշում է Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին՝ չնշելով ոչինչ ինքնորոշման սկզբունքի մասին։   Դիտարկենք ՔՊ նախընտրական ծրագիրն ու ելույթները՝ հասկանալու համար, թե ներայիս կառավարող ուժը ժողովրդից ինչ մանդատ է ստացել։   «Անջատում հանուն փրկության» սկզբունք և ինքնորոշման իրավունք «Անջատում հանուն փրկության» գաղափարի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր դեռ 44-օրյա պատերազմի օրերին։ Պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետք է միջազգային հանրությանն ի ցույց դնել ԼՂ-ի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը «հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»: ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Փաշինյանը կրկին խոսեց այս  սկզբունքի մասին։ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախյան հակամարտության կարգավորման մասին ասվում էր հետևյալը․ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։ Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է։ Արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հունիսի 17-ի հանրահավաքի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը խոսեց այս գաղափարի մասին․ «44-օրյա պատերազմը, ԼՂ հայության ինքնորոշման համատեքստը ավելի է ուժեղացել «անջատում հանուն փրկության» տրամաբանության ներքո, որովհետև ակնհայտ է, որ հայատյացությունը Ադրբեջանում ոչ միայն մնում է պետական քաղաքականություն, այլև ավելի է ընդգծվում, մասնավորապես, այնպիսի օրինակներով, ինչպիսիք Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն է։ Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հետևողականորեն բևեռենք այս և այսօրինակ փաստերի վրա՝ ընդգծելով, որ «անջատում հանուն փրկության»-ը [ԼՂ ] հարցի օբյեկտիվ և իրական կարգավորման միակ հնարավորությունն է»։ Արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփող հանրահավաքի ընթացքում Փաշինյանը հայտարարեց․  «Ուզում եմ՝ մենք այսօր մեր բարձր ծափերով հավաստենք, որ անմնացորդ նվիրված ենք Արցախի մեր եղբայրներին ու քույրերին, մեր նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը, ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու, «Անջատում հանուն փրկության» բանաձևի շրջանակում։ Ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրում, սակայն, Արցախյան հիմնախնդրի լուծման մասին ձևակերպումները մի փոքր այլ էին։ Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Կառավարության ծրագրից դուրս է մնացել  «Անջատում հանուն փրկության սկզբունքը»։ Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա եթե այդ ձևակերպումը կար կառավարության ծրագրում, ապա այն հիմա անհետացել է կառավարող ուժի ներկայացուցիչների խոսույթից։ Նրանք օգտագործում են «ԼՂ ժողովրդի իրավունքներ» ընդհանրական ձևակերպումը։   Արցախի տարածքների դեօկուպացիա 2021-ի հունվարին Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի և Ալիևի հետ։ Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը ԼՂ կարգավիճակի հստակեցման համատեքստում խոսել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիայի, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովման մասին։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին ոչ մեկ անգամ խոսել է նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը (1, 2)։ ՔՊ նախընտրական ծրագրում նշված էր․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:  Իսկ կառավարության ծրագրում արդեն ոչ մի խոսք չկար Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին։   Խաղաղության օրակարգ և հարևանների հետ հարաբերություններ Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական հարցերի շուրջ ՔՊ դիրքորոշումը հետևյալն էր․  «Հայաստանը կարևորում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է խթան հանդիսանալ տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար: Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Թուրքիայի ղեկավարության ապակառուցողական գործողությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական շրջափակումը, Ադրբեջանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած բացահայտ աջակցությունը, ինչպես նաև հակահայկական քաղաքականությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ինչը բխում է տարածաշրջանային կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ Թուրքիայի կողմից համապատասխան կառուցողական քայլերի դեպքում»: Իսկ կառավարության ծրագրում արտաքին քաղաքական հարցերի մասին ձևակերպումներն այսպիսին էին․ «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին: Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը: Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանների սահմանազատումը և սահմանագծումն էական նշանակություն կունենան տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման համար:  Այսպիսով, ժողովուրդը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին տվել է՝  պատերազմի հետևանքների վերացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, նախկին ԼՂԻՄ բնակավայրերի  դեօկուպացիայի, Արցախի վերահսկողության ներքո վերադարձնելու, 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչման մանդատ։ Ավելին, ծրագրում հստակ նշվում էր՝ այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո։ Նախընտրական ծրագրի այս կետերից երկուսը՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը և Արցախի տարածքների դեօկուպացիան, դուրս են մնացել կառավարության ծրագրից։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին կառավարության ծրագրում նշվում էր, սակայն վերջին շրջանում կառավարող ուժի ներկայացուցիչները խոսում են Ացախի ժողովրդի ընդհանուր իրավունքների մասին։ Իսկ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններն, ըստ էության, անուղղակի ակնարկ են այն մասին, որ կարող է քննարկվել Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրի այն ձևակերպմանը, թե Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, ապա Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները հակասում են դրան։ Վիգեն Խաչատրյանը, հիշեցնենք, ասել էր, թե 90-ականներին առաջ եկած գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, ճիշտ չի եղել։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը խոսում են ժողովրդից մանդատ ստանալու մասին, սակայն իրենց նախընտրական ծրագրում և ելույթներում տված խոստումներին հակասող հայտարարություններ են անում։ Աննա Սահակյան
16:03 - 15 ապրիլի, 2022
«Մոսկվա» հածանավի կորուստը կարող է լրջորեն թուլացնել պատերազմին մասնակցող ռուսական նավերի պաշտպանությունը․ Meduza

«Մոսկվա» հածանավի կորուստը կարող է լրջորեն թուլացնել պատերազմին մասնակցող ռուսական նավերի պաշտպանությունը․ Meduza

Ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավի՝ ՌԴ Սևծովյան նավատորմի ֆլագմանի վրա ապրիլի 13-ի երեկոյան հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հայտարարել են, որ հածանավը խոցվել է ուկրաինական արտադրության «Նեպտուն» երկու հրթիռներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հածանավի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զինամթերքը սկսել է պայթել։ Հրդեհման պատճառը ՊՆ-ն չի նշել՝ ընդգծելով միայն, որ այն «պարզվում է»։ Meduza առցանց պարբերականը գրում է ռուսական նավատորմի համար նավի նշանակության և դրա կորստի դեպքում հնարավոր հետևանքների մասին․ «Այն մասին, որ «Մոսկվա» հածանավին հրթիռային հարվածներ են հասցվել, երեկ Մոսկվայի ժամով 21:00-ին ֆեյսբուքում գրել է լրագրող Սերժ Մարկոն։ Ավելի ուշ այդ մասին հայտնել են նաև «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրներն Ուկրաինայի հետախուզությունում և Օդեսայի շրջանային ռազմական աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք նշել են, որ, անգամ եթե հաջողվի մարել հածանավի հրդեհը, «մոտակա մեկ տարում այն մարտունակ չի լինի»։ Ապրիլի լույս 14-ի գիշերը հածանավի վրա բռնկված հրդեհի մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։ Հաղորդագրությունում նշվում էր, որ հրդեհի պատճառով հածանավի վրա պայթել է զինամթերքը։ «Նավը լրջորեն վնասվել է։ Անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է», - հայտարարել է նախարարությունը։ Այս ձևակերպումը նշանակում է, որ հածանավը, հնարավոր է, շարքից դուրս է եկել, քանի որ անձնակազմի պարտականություններն են նավի մարտունակության պահպանումը մինչև այն պահը, քանի դեռ այն կարելի է փրկել։ Ապրիլի 14-ի ցերեկը ՊՆ-ն հայտարարել է, որ «Մոսկվա» հածանավի հրդեհման օջախը մեկուսացվել է, զինամթերքի պայթյունները դադարել են, «Մոսկվայի» հիմնական հրթիռային սպառազինությունը չի վնասվել։ «Մոսկվա» հածանավը պահպանում է լողունակությունը, այն պատրաստվում են տեղափոխել նավահանգիստ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Ուկրաինայի Զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչներն, իրենց հերթին, պնդում են, որ հածանավը կրած վնասների պատճառով «սկսել է խորտակվել»՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Այն, թե արդյոք միջադեպի հետևանքով տուժածներ կամ զոհեր կան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցնում։ Նավի վրա ընդհանուր առմամբ կարող էր գտնվել անձնազմի 680 անդամ։ Ընդ որում, տարբեր տարիներին ռուսական լրատվամիջոցները հաղորդել են, հածանավի անձնակազմն ունի 416 կամ 510 անդամ։ Թե Սև ծովի հստակ որ մասում է եղել հածանավը դեպքի պահին, հայտնի չէ։ «Ազատություն ռադիոկայանի» տվյալներով՝ դեռևս ապրիլի 10-ին նավը Սևաստոպոլում է եղել։ ՌԴ ՊՆ-ն և ռուսական լրատվական գործակալությունները նավի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում։ «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները հայտնում են, որ հածանավը հրդեհվել է «Զմեինի կղզուց մոտ 20 ծովային մղոն» հեռավորության վրա, որտեղ այդ պահին ուժեղ փոթորիկ է եղել։ Նրան, որ «Մոսկվա» հածանավը մասնակցել է Օդեսայի շրջանի Զմեինի կղզու մոտ տեղի ունեցած գործողությանն, ու հենց նրա հետ է կապված «Ռուսական ռազմանավ, գրողի ծոցը գնա» արտահայտությունն, ուկրաինական կողմն աանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Ինչո՞վ է սպառնում «Մոսկվայի» կորուստը Հածանավի խնդիրներից մեկը հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունն է՝ ի շահ նավատորմի բոլոր ուժերի․ նավի վրա տեղակայված են «Ֆորտ» Ս-300 ՀՕՊ  հեռահար  համալիրներ։ «Մոսկվայի» մարտունակության կորուստը կարող է լրջորեն թուլացնել նավատորմի՝ ուկրաինական պատերազմին մասնակցող ուժերի պաշտպանությունն օդային գրոհներից։ Հավանաբար, «Մոսկվան» իր դասի մարտունակ նավերից միակն է (կա նաև «Վարյագը»՝ Խաղաղօվիանոսյան նավատորմում և «Մարշալ Ուստինովը»՝ Հյուսիսայինում), որն արդիականացման ժամանակ նոր ռադարներ չի ստացել, որոնք կարող են արդյունավետորեն նկատել «Նեպտուն» հականավային հրթիռի պես ցածր թռչող թիրախները։ «Մոսկվայի» ջրածավալը կազմում է 9800–11 300 տոննա։ Եթե հածանավը չհաջողվի փրկել, դա կլինի աշխարհի նավատորմների ամենախոշոր մարտական կորուստը 1982 թ-ից ի վեր։   Ի՞նչ է հայտնի Սևծովյան նավատորմի ֆլագմանի մասին ՌԴ ՊՆ կայքի համաձայն՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը կառուցվել է 1976 թ-ին Ուկրաինայի Նիկոլաևի՝ 61 կոմունարների անվան նավաշինական գործարանում  և սկզբից կոչվում էր «Սլավա»։ Յոթ տարուց նավը ներառվել է  նավատորմի կազմում։ Հածանավը դարձել է խորհրդային հրթիռային հածանավերի նախագծի գլխավոր նավը, որոնց հիմնական խնդիրը հակառակորդի վերջրյա նավերի գրոհն է եղել հականավային հրթիռների միջոցով։ 1990-ականներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սևծովյան նավատորմի բաժանման ընթացքում նավը ստացել է Ռուսաստանը։ Կիևին բաժին է հասել նույն դասի «Ուկրաինա» անավարտ հածանավը, որը մինչ օրս Նիկոլաևի նավաշինարանում է, և, հնարավոր է, հրետակոծվել է ռուսական հրետանու կողմից 2022 թ-ի մարտին։ «Մոսկվան» Ռուսաստանի Սևծովյան նավատորմին փոխանցվելուց հետո երկու անգամ արդիականացվել է (վերջին անգամ՝ 2020 թ-ին, այն ժամանակ զինվորականները հայտարարել էին, որ թարմացված հածանավը կարող է ծառայել մինչև 2040 թ-ը)։ Արդիականացումից հետո «Մոսկվայի» հիմնական սպառազինությունը «Վուլկան» հականավային հրթիռների 16 գործարկիչներն են։ 1989 թ-ին նավատորմի անձնակազմը մասնակցել է ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդներ Միխայիլ Գորբաչովի և Ջորջ Բուշ ավագի՝ Մալթայում կայացած հանդիպման ուղեկցմանը։ 1999 թ-ին արդեն «Մոսկվա» անվան տակ հածանավն ուղարկվել է Սևծովյան նավատորմի գլխավոր բազա՝ Սևաստոպոլ։ 2008-ին «Մոսկվան» մասնակցել է Հարավային Օսիայի շուրջ զինված հակամարտությանն, իսկ 2015–2016 թթ-ին՝ հակաօդային պաշտպանություն իրականացրել Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայի ծովային ուղղությամբ»։   Նորա Վանյան
20:20 - 14 ապրիլի, 2022
Անգամ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարող է երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում․ Reuters

Անգամ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարող է երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում․ Reuters

Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, որոնք միտված են դրան խոչընդոտելուն, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Ռուսաստանի ներխուժումն [Ուկրաինա] հանգեցրել է նրա արտահանած նավթի, գազի և հացահատիկի գների աճի, ինչը նրան զգալի միջոցներով է ապահովում՝ «հատուկ ռազմական գործողության» ֆինանսավորման համար։ Այդ «գործողությունն» այժմ նոր փուլ է մտնում, քանի որ Մոսկվան կենտրոնանում է Արևելյան Դոնբասի վրա այն բանից հետո, երբ չի կարողացել կոտրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դիմադրությունը։ Պատերազմը շարունակվում է, և աճող կորուստներն ու մարտի դաշտ նոր զորքեր մտցնելու կարիքը կարող են ավելի մեծ մարտահրավերներ լինել, քան ֆինանսական ծախսերը։ «Այս տիպի ցածր տեխնոլոգիական պատերազմը կարող է գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել ռուբլով, ինչը նշանակում է, որ նրանք կարող են շարունակել զորքեր և ծանր տեխնիկա մտցնել Ուկրաինա, համենայնդեպս, մինչև որ ավելի մեծ տնտեսական անկում չլինի», - ասում է տնտեսագետ Ջեյկոբ Քիրքեգարդը։ Պաշտպանական հետազոտությունների շվեդական գործակալության ավագ վերլուծաբան Յոհան Նորբերգն ասում է․ «Պատժամիջոցներն այս պատերազմի վրա չեն ազդելու կարճաժամկետ հեռանկարում, քանի որ ռուսական զորքերը կռվում են իրենց սարքած տանկերով և իրենց մարզած զինվորներով»։ Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ այս տարի պատժամիջոցները կհանգեցնեն [Ռուսաստանի] տնտեսության ավելի քան 11% անկման, սակայն, էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտները փաստացի աճում են։ ՌԴ ֆինանսների նախարարությունն ապրիլի 5-ին հայտարարել է, որ Մոսկվան նախատեսում է միայն ապրիլին $9,6 մլրդ լրացուցիչ եկամուտ ստանալ էներգակիրների վաճառքից՝ նավթի բարձր գների շնորհիվ, որոնք պահպանվում են բարելի դիմաց $100 մակարդակում։ Սակայն ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանի գովաբանված ռազմական մեքենայի վրա պատժամիջոցները թանկ են նստել։ ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի պնդմամբ՝ ԱՄՆ տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման ընթացքում կորցրել է իր մարտական հզորության շուրջ 15-20%։   Կորցրած տանկեր Ռազմական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող Oryx բլոգի տվյալներով, որը հաշվում է երկու կողմերի կորուստները վիզուալ ապացույցների հիման վրա, երեկվա դրությամբ՝ Ռուսաստանը կորցրել է ոչ պակաս, քան 2770 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ոչ պակաս, քան 476 տանկ, որոնք ոչնչացվել են, վնասվել, լքվել կամ գրավվել։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (ՌՀՄԻ) ներկայացուցիչ Յոհան Միշելի խոսքով՝ դա գերազանցում է ՆԱՏՕ անդամ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի տանկերի ընդհանուր քանակը՝ համապատասխանաբար 222 և 227։ ՌՀՄԻ-ի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմից առաջ ունեցել է շուրջ 3,000 տանկ, սակայն դրանցից որոշներն, ամենայն հավանականությամբ, հին են, վատ վիճակում են կամ պահեստամասերի համար են պահվում, այնպես որ, դրանց մարտունակ քանակն ավելի քիչ է։   Պաշտպանության ոլորտի ծանրաբեռնվածությունը Ռուսաստանի ռազմական ծախսերը կարիք կլինի ավելացնել ինչպես Ուկրաինայում պատերազմի պատճառով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում լարվածության կտրուկ աճի պատճառով, քանի որ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպա է ուղարկել լրացուցիչ թվով զինծառայողներ, ասում է Լոնդոնի Պաշտպանության և անվտանգության թագավորական ինստիտուտի գիտաշխատող Ռիչարդ Կոնոլին։ Նրա խոսքով՝ պաշտպանական ոլորտի ծախսերը կարող են զգալիորեն աճել՝ ներկայիս շուրջ 4%-ի համեմատ և կրկնապատկվել հետագա մի քանի տարում։ Կոնոլին ասում է, որ հասարակ ռուսաստանցիները զգալու են դրա հետևանքները, սակայն պետությունը կարող է հանգսիտ ֆինանսավորել ռազմական գործողություններն, անգամ, եթե տնտեսությունը սկսի հետընթաց ապրել։ Նրա խոսքով՝ առավել հրատապ է կորուստների հարցն ու պատերազմի ընթացքն ապահովելու դժվարությունը, որին միաժամանակ մասնակցում է մինչև 150 հազար զինծառայող։ Ռուսաստանը մինչ օրս հայտարարել է 1 351 զոհի և 3 825 վիրավորների մասին, թեև Ուկրաինան ու արևմտյան երկրները կարծում են, որ այդ թվերը մի քանի անգամ ավելի մեծ են։ Ռուսաստանի բանակի և ավիադեսանտային ուժերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 325 000 մարդ։ Ի վերջո, Ռուսաստանը պետք է քաղաքական առումով ոչ պոպուլյար որոշում կայացնի և օգտագործի իր պահեստազորը, որը, ՌՀՄի-ի տվյալներով, մինչև 50 տարեկան շուրջ 2 միլիոն մարդ է ներառում, որոնք զինվորական ծառայություն են կրել վերջին հինգ տարում։ «Եթե 150 հազար մարդ Ուկրաինա եք ուղարկել, ապա ձեր գործող բանակի կեսը ներկա պահին ներգրավված է մարտական գործողություններում, որը զգալի կորուստներ է կրել», - ասում է Կոնոլին։ «Այդ պատճառով էլ կորուստները պետք է փոխարինել։ Ըստ էության, նրանք օգտագործում են իրենց ողջ բանակը կամ օգտագործելու են, եթե այս ամենը դեռ շատ երկար տևի»»։   Նորա Վանյան
22:11 - 13 ապրիլի, 2022
Դոնբասի համար վճռորոշ մարտեր են կանխատեսվում, ո՞վ կհաղթի դրանցում․ Meduza

Դոնբասի համար վճռորոշ մարտեր են կանխատեսվում, ո՞վ կհաղթի դրանցում․ Meduza

Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանն իր զորքերը մտցրել է այդ երկիր։ ՌԴ-ն դա «հատուկ ռազմական գործողություն է անվանում»։ Եվ վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Դոնբասի համար վճռորոշ մարտեր են սպասվում։ Meduza պարբերականը գրում է այն մասին, թե ով կհաղթի այդ մարտում, և ինչից է դա կախված։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանխատեսում է, որ այս շաբաթ ռուսական զորքերը վճռական գրոհի կդիմեն Դոնբասի հյուսիսում և հարավում։ Ըստ ամենայնի՝ ռուսական հրամանատարության պատրաստությունները գրոհին (և ուկրաինականինը՝ գրոհը հետ մղելուն) իրոք ակտիվորեն ընթանում են։ Ենթադրյալ մարտի վայր ստորաբաժանումների տեղափոխում է նկատվում երկու կողմերից էլ, սակայն դրանք դեռ չեն նկատվել մարտի դաշտում։ Երբ (և եթե – այստեղ էլ են հնարավոր տարբերակներ) բոլոր ուժերը մտցվեն մարտի մեջ, պատերազմը սկզբունքային նոր փուլ կմտնի։ Ինչո՞վ է պատերազմի նոր փուլը տարբերվելու նախորդից Ուկրաինայի և ՌԴ զորքերը, որոնք ավելի վաղ գործարկվել էին ճակատի կտրտված գծում՝ Սումիից դեպի Կիև հարյուրավոր կիլոմետրերի վրա, այժմ դեմ դիմաց կհայտնվեն տասնյակ կիլոմետրանոց ճակատագծում։ Կրակի ինտենսիվությունն ու զորքերի խտությունը կմեծանան․ առանձին մարտական խմբերի և հրետամարտկոցների բախումների փոխարեն, ենթադրվում է, ճակատի նեղ հատվածում մարտը կվարեն կազմավորումները, որոնցում տասնյակ հազարավոր զինծառայողներ կան։ Առաջին տիպի պատերազմում ռուսական զորքերը չեն հաջողել․ նրանք, կարծես, չեն ունեցել ոչ թվային առավելություն, ոչ մարտի դաշտի մասին իրազեկվածության առավելություն։ Նոր մարտի ելքը կախված է նրանից, թե արդյոք ռուսական բանակն այդ առավելությունները կստանա նոր պայմաններում։ Ի՞նչ է այժմ կատարվում ենթադրյալ գրոհի հատվածում Խարկովի շրջանի հարավում և Իզյումի հատվածում մարտերը սկսվել են դեռևս մարտին։ Ամսվա կեսերին ռուսական զորքերը քաղաքի սահմաններից դուրս մի քանի պոնտոնային կամուրջներ են անցկացրել Սևերսկի Դոնեց գետի վրայով, իսկ մարտի վերջին գրավել են Իզյումի հարավը և Կամենկա գյուղը։ Այդպիսով ապահովագրել են գետանցումները։ Մարտի 24-ին դադարել են մարտերն Իզյումի համար, մարտի 25-ին՝ Կամենկայի համար։ Այժմ նախակամրջային դիրքերը լրջորեն ամրացված են։ Սակայն մարտ ամսին ի հայտ են եկել այդ տեղանքի թերություններն՝ ապագա գրոհի իմաստով․ Հարավային ուղղությամբ գրոհի նեղ ճակատ և բաց թևեր արևմուտքում և հարավ-արևելքում՝ Կրամատորսկի և Սլավյանսկի հատվածներում։ Ուկրաինական ուժերը կարող են գրոհել ռուսական հարձակման թեևերն, ինչպես արել են մարտին Կիևից դեպի հյուսիս և արևմուտք։ Պլացդարմից դեպի հարավ՝ այն մասում, որտեղ պետք է զարգանա գրոհը, ուկրաինական զորքերի և հրետանու զբաղեցրածբլրաշատ տեղանքն է, որը վեր է խոյանում Սևերեսկի Դոնեցի դաշտավայրի վրա։ Մինչ օրս այդ դաշտավայրը հաղթահարելու փորձերն անհաջողությամբ են ավարտվել։   Այսինքն՝ կրկնվելու է Կիևի համար մարտերի սցենա՞րը Հազիվ թե։ Հայտնի չէ, թե ով կհաղթի, սակայն եթե երկու կողմերի ռազմական փորձագետներն իրավացի են, ապա գործողությունը լրջորեն տարբերվելու է նրանից, ինչ մինչ օրս տեսել ենք։ Ընդամենը երկու գլխավոր ուղղությամբ ներգրավված զորքերի խտությունը, համենայնդեպս ռուսական կողմից, պետք է շատ ավելի մեծ լինի, քան ողջ Ուկրաինայի առանձին հատվածներում, ինչպես մեկ ամիս առաջ էր։ Կենտրոնացնելով ուժերն ու կրակային միջոցները՝ ռուսական զորքերը փորձելու են ճեղքել ուկրաինական շարժական պաշտպանությունը մի շարք հաջորդական գործողությունների միջոցով։ Ելքը կախված կլինի նրանից, թե արդյոք նեղ ճակատում ուժերի կենտրոնացումը թույլ կտա լուծել պատերազմի առաջին ամսում ի հայտ եկած մարտավարական խնդիրները։ Ի՞նչ խնդիրներ ունեն ռուսական զորքերը Հետևակային զորքերի պակաս՝ մարտական խմբերում։ Ռուսական բանակը դեռ խաղաղ ժամանակների բանակ է։ Պայմանագրային զինծառայողներից կազմված ստորաբաժանումներում պլանային կերպով անձնակազմի պակաս է նկատվում։ Պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց այս խնդիրը սրել են զորքերի՝ կենդանի ուժի կորուստները։ Արդյունքում՝ ռուսական մարտական խմբերը հարկ եղած ձևով չեն կարողանում վերահսկել տեղանքը։ Ուկրաինական բանակը պահուստայինների մասնակի մոբիլիզացիա է անցկացրել և համալրվել կամավորներով, այդ պատճառով էլ կենդանի ուժի պակաս չի զգում։ Մի քանի շաբաթ մեծ կորուստներով նոր ինտենսիվ մարտերից հետո կենդանի ուժի պակասը կարող է կրիտիկական դառնալ։ Այս դեպքում ռուսական քաղաքական ղեկավարությունը ստիպված կլինի վերանայել պահուստայինների և/կամ պայմանագրայինների մասնակի մոբիլիզացիայի հարցը։ Ռուսական հրամանատարությունն այս խնդիրը մասնակիորեն կարող է լուծել՝ հրաժարվելով անհեռանկարային հատվածներում մարտերից, նեղացնելով գրոհի գիծը և ավելացնելով զորքերի խտությունը։ Սակայն կրակային հզորության առավելությունների օգտագործման հետ, կարծես, նույնպես խնդիրներ կան։ 2014 թ-ին ռուսական զորքերը Դոնբասում մարտական գործողությունները վարում էին առանձին գումարտակային մարտավարական խմբերով (ԳՄԽ)։ 2015-ին ռուսական ԳՄԽ-ներն ուկրաինականների նկատմամբ մեծ առավելություն ունեին մարտի դաշտի մասին իրազեկվածության հարցում։ Իսկ հիմա համեմատաբար հավասար հակառակորդի դեմ ինտենսիվ պատերազմի պայմաններում այդ կառուցվածքը չի աշխատում։ Հնարավոր է, որ հիմնական խնդիրը կրկին հետևակային պաշտպանության պակասն է, որը կարող է հետևել մարտի դաշտին և հիմնական ուժերին օգնել ռազմական գործողություններ վարել։ Հավանական խնդիրներից մեկը նաև այն է, որ ռուսական զորքերն, ի տարբերություն 2014–2015 թթ-ի, ուկրաինականի նկատմամբ առավելություն չունեն տեխնիկական հետախուզության միջոցների առումով։  Ադրյունքում՝ ռուսական գրոհի փորձերը կասեցնում է հիմնականում ուկրաինական հրետանին, որը թվաքանակով և որակապես ռուսականից թույլ է, պակաս շարժուն է, բայց (գոնե երբեմն) առավելություն ունի նպատակակետերի հայտնաբերման արագության հարցում։ Գլխավոր հարվածների հատվածներում քանակական առավելություն ստանալու համար պետք է հակառակորդից ավելի արագ այնտեղ տեղափոխել պահեստազորը։ Կիևում ռուսական զորքերը չեն կարողացել կասեցնել ուկրաինական ուժերի համալրումը հարևան շրջաններից։ Հայտնի է, որ այժմ Ուկրաինական պահեստազորայինները հասնում են Ուկրաինայի արևելք, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտով։ Ռուսական հրամանատարությունը փորձում է խանգարել դրան։ Բայց դեռ պարզ չէ՝ արդյոք հաջողում է։ Միաժամանակ ուկրաինական զորքերը փորձում են թույլ չտալ ռուսական պահեստազորայինների կենտրոնացումը։ Կիևի տվյալներով՝ Խարկովի շրջանի Վելիկի Բուրլուկ քաղաքի մերձակայքում ոչնչացվել է ռուսական պահեստազորի հարյուրավոր մեքենաներից կազմված շարասյունը։ Ճիշտ է, լիակատար ոչնչացումը ծայրահեղ կասկածելի է, բայց սա պարզապես հոխորտանք չէ։ Ի՞նչ խնդիրներ ունեն ուկրաինական զորքերը Եթե ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել հակառակորդի խոշոր ուժերը, այն պետք է նախապես որոշի, թե ինչպես շրջափակման միջոցով հասնել պատերազմի քաղաքական նպատակներին։ Մի կողմից՝ ռուսական բանակն արդեն մեկ ու կես ամիս պայքարում է Մարիուպոլում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական խմբավորման դեմ, որը մի քանի անգամ ավելի փոքր է։ Մյուս կողմից՝ Մարիուպոլի խմբավորումը շրջափակումից առաջ, ըստ ամենայնի, մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ունեցել։ Շատ ավելի դժվար կլինի այդպիսի պահուստներ կուտակել ողջ Դոնբասի շատ ավելի խոշոր խմբավորման համար, որն արդեն այս ողջ ընթացքում օգտագործել է դրանց մի մասը։ Այդ պատճառով էլ ուկրաինական հրամանատարության համար կարևոր է խուսափել գլխավոր ուժերի շրջափակումից, որի համար բանակը պետք է ոչ միայն պաշտպանվի, այլև հակագրոհներ կազմակերպի։ Սա էլ իր խնդիրներն ունի․ ուկրաինական բանակը ծանր տեխնիկայի պակաս է զգում։ Նախևառաջ, խոսքը հեռահար ՀՕՊ համակարգերի մասին է, որոնք ունակ են դիմակայելու ռուսական ավիացիային ցանկացած բարձրության վրա, ինչպես նաև մարտական մեքենաների, որոնք ուկրաինական բանակը շարժուն կդարձնեն գրոհի ժամանակ։ Սպասվող ծանր մարտերում տեխնիկայի կորուստները կարող են կրիտիկական խնդիր լինել ուկրաինական բանակի համար։   Նորա Վանյան
16:22 - 13 ապրիլի, 2022
Առանց տանկերի և կիբերհարձակումների։ Ի՞նչ է Ռուսաստանի համար նշանակում ՏՏ ոլորտի «ուղեղների արտահոսքը»․ DW

Առանց տանկերի և կիբերհարձակումների։ Ի՞նչ է Ռուսաստանի համար նշանակում ՏՏ ոլորտի «ուղեղների արտահոսքը»․ DW

Արևմուտքի պատժամիջոցները մեծապես հարվածել են Ռուսաստանի տնտեսության բարձր տեխնոլոգիական ճյուղերին։ Դրա հետևանքներից մեկը ՏՏ մասնագետների արտահոսքն է երկրից։ Deutsche Welle թերթը գրում է այն մասին, թե ինչով է դա սպառնում Ռուսաստանին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Անաստասիա Միրոլյուբովայի բիզնեսը բարգավաճում է։ Immigram հարթակի համահիմնադիրը, որն օգնում է Մեծ Բրիտանիա տեղափոխվել ցանկացող տեխնիկական մասնագետներին, ասում է, որ այդ ռեսուրսի թրաֆիկը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո ավելացել է 1000%-ով։ 2022 թ-ի առաջին եռամսյակում նոր գրանցվածների թիվը հավասար է եղել 2021 թ-ի ընդհանուր թվին։ Նոր հաճախորդների մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են, որոնք ուզում են Ռուսաստանից կամ Ուկրաինայից մեկնել, ասում է 28-ամյա կին գործարարը․ «Բիզնեսն աճում է, բայց դա այնքան տխուր է»։ Ռուսական ներխուժման պատճառով իրենց հայրենիքը լքել են միլիոնավոր ուկրաինացիներ։ Իսկ վերջին ժամանակներս Ռուսաստանը լքած տեխնիկական մասնագետների թիվն, ըստ որոշ տվյալների, տասնյակ հազարների է հասնում․ երկրի տնտեսությունը տառապում է արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի գնահատականով՝ 2022 թ-ի փետրվարին և մարտին ՌԴ-ն լքել է 70 հազար ՏՏ մասնագետ։ Եվս 100 հազարը կարող են հեռանալ երկրից ապրիլին, կանխատեսում է կազմակերպությունը։   Պատժամիջոցների երկարաժամկետ վնասը Իրավիճակը, երբ պատերազմի կամ այլ հակամարտությունների մեկնարկից հետո երկիրը լքում են կրթված մարդիկ, Ռուսաստանի համար նոր չէ, նշում է Անաստասիա Միրոլյուբովան։ «Այսօր արտագաղթողների դերում գրողների և պոետների փոխարեն համակարգչային մասնագետներն են, - ասում է նա։ - Մենք տեսնում ենք, թե ինչպես են Ռուսաստանի լավագույն ուղեղները, որոնք կարող էին մասնակցել նոր տնտեսության և նորարարական տեխնոլոգիաների ստեղծմանը, մեկնում տարբեր ուղղություններով»։ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանում տեխնիկական ընկերությունների և մասնագետների աշխատանքը շարունակ դժվարանում է Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ և որոշ այլ երկրների սահմանած պատժամիջոցների պատճառով։ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանի համար արգելափակել կենսական կարևորության տեխնիկական բաղադրիչների՝ օրինակ՝ կիսահաղորդիչների հասանելիությունը, որոնք ներկրվում են արտասահմանից։   Չկան տեխնոլոգիաներ, չկան տանկեր Ամեն ինչից զատ՝ տեխնոլոգիական պատժամիջոցներն ուղղված են ռուսական ռազմական արդյունաբերության թուլացմանը։ «Եթե ուզում եք նոր տանկեր սարքել, ձեզ պետք են միկրոչիպեր, որովհետև հաշվարկներն անում է համակարգիչը», - ասում է Բրյուսելի Bruegel վերլուծական կենտրոնի՝ առևտրի և թվային էկոնոմիկայի փորձագետ Նիկլաս Պուատիեն։ «Եթե ուզում եք բարձր ճշգրտության հրթիռներ ստեղծել, ձեզ անհրաժեշտ են չիպեր։ Ռուսաստանը մրցունակ չիպեր չի արտադրում․․․ Եթե դուք կտրված եք մատակարարումների միջազգային շղթայից, ձեր կյանքը բարդանում է», - հավելում է նա։ Ոչ միայն արևմտյան երկրներն են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Տասնյակ միջազգային ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Apple-ը, Samsung-ը, Microsoft-ը, SAP-ն ու Meta-ն ինքնակամ սահմանափակել կամ կասեցրել են իրենց բիզնեսը ՌԴ-ում, Ուկրաինա ներխուժման պատճառով։ Մասնավորապես, ամերիկյան Apple տեխնոլոգիական հսկան Ռուսաստանում արգելափակել է իր Apple Pay վճարային ծառայությունը, իսկ նրա և Samsung-ի նոր ապրանքների վաճառքի արգելքը նշանակում է, որ երկրում արդեն հունիսին կարող են վերջանալ Այֆոններն ու Samsung սմարթֆոններն, ասված է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության զեկույցում։   Ռուսաստանն անհանգստացած է մասնագետների արտահոսքով Այս փոփոխությունները մեծապես կզգան ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալները, որոնց գործունեությունը զգալիորեն դժվարացել է սահմանափակումների պատճառով։ Քանի որ IT-մասնագետները պահանջարկ են վայելում գրեթե ամենուրեք, Ռուսաստանից մեկնելու որոշումը շատերը դժվարությամբ են ընդունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների արտագաղթի նոր միտումն անվանել է «հասարակության բնական ինքնամաքրում», որը միայն կամրապնդի այն։ Սակայն ռուսական իշխանության գործողությունները հակառակն են ապացուցում։ Մարտին Պուտինը չեղարկեց շահութահարկը ՏՏ ընկերությունների համար և երիտասարդ մասնագետներին հնարավորություն տվեց հետաձգելու ծառայությունը բանակում։ Հաղորդագրություններ կան նաև, որ տեխնիկական մասնագետներին կանգնեցնում են սահմանին, երբ նրանք փորձում են լքել Ռուսաստանը։ «Տեխնոլոգիական տերություն լինելն ուժ է։ Եթե ուզում եք գերտերություն լինել, բավական չէ ունենալ միայն նավեր և տանկեր։ Պետք է խոշոր տնտեսություն ունենալ, արտադրել բարձր դասի ապրանքներ և մյուս երկրների վրա ազդեցության լծակներ ունենալ», - ասում է փորձագետ Պուատիեն։   Համակարգչային ոլորտի ներուժը հարցականի տակ է Ռուսաստանի համար, ինչպես կարծում են որոշ դիտորդներ, այլ երկրների վրա ազդեցություն գործելու միջոցներից մեկը վերջին տարիներին եղել է նրանից եկող կիբերհարձակումների վտանգը։ Տաղանդավոր մասնագետների արտահոսքը հազիվ թե նվազեցնի այդ սպառնալիքը, նշում է տնտեսագետ և տեխնոլոգիաների փորձագետ Սքոթ Մարկուսը։ «Այնպես, ինչպես Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները շատերի համար անսպասելի կերպով վերածվեցին որոշ առումով «թղթե վագրի» (չինական արտահայտություն, որը նշանակում է, որ երևույթն ավելի վտանգավոր է թվում, քան իրականում կա – խմբ․)։ Ըստ ամենայնի՝ գոնե այս պահին, նույնը կարելի է ասել նաև կիբերպատերազմներ վարելու [Ռուսաստանի] ներուժի մասին։ Քանի որ նրանք հիմա հավաքում են իրենց վերջին ռեսուրսները՝ փորձելով փրկել իրենց պատերազմն ավանդական պատկերացմամբ, ես չեմ հավատում, թե նրանք ինքնակամ զսպվածություն են ցուցաբերում [կիբերոլորտում], - ասում է փորձագետը։ - Ես պարզապես ստիպված եմ եզրակացություն անել, որ կիբերպատերազմներ վարելու նրանց հնարավորություններն այնքան մեծ չեն, որքան շատերը կարծում էին»։   Նորա Վանյան
19:20 - 11 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում․ The New York Times

ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում․ The New York Times

Բախվելով այն հեռանկարին, որ պատերազմն Ուկրաինայում տևական է լինելու՝ ՆԱՏՕ-ի երկրները տարակարծիք են, թե ինչպես կառավարել հակամարտության հետագա փուլն ու անորոշության գալիք շրջանը, գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Արևմտյան բարձրաստիճան երկու պաշտոնյաների պնդմամբ՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներն, օրինակ՝ Լեհաստանն ու Բալթյան երկրներն, ուզում են ամբողջությամբ խզել կապերը Մոսկվայի հետ և միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանին ծնկի բերելու։ Նրանք անհանգստացած են, որ այն, ինչ Ռուսաստանը կարող է ներկայացնել որպես հաղթանակ, կարող է լուրջ վնաս հասցնել եվրոպական անվտանգությանը։ Մյուս երկրները կարծում են, որ Ռուսաստանին հնարավոր չէ հեշտությամբ ենթարկեցնել, և պատերազմի ելքն, ըստ ամենայնի, տհաճ է լինելու․ հրադադարն ավելի շփոթեցնող է լինելու, քան շռնդալից հաղթանակը։ Նշված պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Թուրքիայի պես երկրներն ուզում են պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները՝ չնայած ռուսական զորքերի ռազմական հանցանքների համար մեղադրանքներին։ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները […] մի բանի շուրջ համակարծիք են․ պատերազմի ավարտը դեռ հեռու է․ […] չնայած որ ռուսական զորքերը լքել են մայրաքաղաք Կիևին հարող շրջանները՝ դրանք դանդաղ և վայրագ կերպով առաջ են շարժվում դեպի Ուկրաինայի արևելք։ «Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայում իր նկրտումներից։ Այժմ մենք տեսնում ենք զորքերի զգալի նահանջ Կիևից՝ վերախմբավորման, վերազինման և պահուստները լրացնելու նպատակով։ Եվ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են արևելքի վրա», - այս շաբաթ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Ռուսաստանը փորձելու է գրավել ողջ Դոնբասն ու ցամաքային հաղորդակցության ուղի բացել դեպի օկուպացված Ղրիմ։ Սա պատերազմի վճռորոշ փուլն է», - նշել է նա։ Ի պատասխան Բուչայում հայտնաբերված դիերի հետ կապված իրավիճակին՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը նոր պատժամիջոցներ են նախապատրասում Ռուսաստանի դեմ, սակայն սպասելիքները քիչ են, որ դրանք կարագացնեն պատերազմի ավարտի ազդադարումը։ Թե ինչով, ի վերջո, կավարտվի պատերազմը, կարևոր հարց է ոչ միայն Ուկրաինայի, այլև [Հյուսիսատլանտյան] դաշինքի համար։ ԱՄՆ պաշտոնյաները թերահավատորեն են վերաբերում նրան, որ Ռուսաստանը պատրաստ է իրական զիջումների գնալ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններում, թեև չեն բացառում այդ հավանականությունն ու ցանկանում են ապահովել Կիևի ամուր դիրքերը բանակցություններում։ Որոշ երկրներ՝ հատկապես Կենտրոնական Եվրոպայում, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, մտահոգ են, որ ցանկացած ռուսական էքսպանսիա Ուկրաինայի տարածքում, առավելևս՝ Ռուսաստանի հաղթանակը, կխրախուսի Պուտինին, կխաթարի եվրոպական անվտանգությունն ու այնպիսի արժեքներ, ինչպիսիք են միջազգային իրավունքին հավատարիմ լինելը, հարգանքն ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նրանք ուզում են Ռուսաստանին պարտված տեսնել։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ անգամ, եթե պատերազմն ավարտվի ռուս-ուկրաինական զորքերի միջև նոր շփման գծով, ՆԱՏՕ-ն ձգտում է աշխատել Կիևի հետ՝ Ուկրաինան Ռուսաստանի համար դժվարամարս պատառ դարձնելու համար։ Էությունն այն է, որ պետք է ուկրաինացիներին այնպես զինել և մարզել, որ Պուտինի մտքով չանցնի կրկնել իր փորձը»։   Նորա Վանյան
09:01 - 08 ապրիլի, 2022
Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Ամերիկյան «Politico» ամսագիրը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին, որոնց վրա ազդել են մի շարք առանցքային իրադարձություններ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը տարօրինակ հարևաններ են․ երբեմն՝ ռազմավարական լավ գործընկերներ, երբեմն էլ՝ տարածաշրջանային ոխերիմ ախոյաններ»։ Ներկա պահին Թուրքիայի առաջնորդը միջնորդի դեր է ստանձնել և նախորդ շաբաթ այցելել Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատ՝ անձամբ ողջունելու խաղաղ բանակցություններ վարող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։ Այս դերը ստանձնելով՝ Էրդողանը բարակ սառույցի վրայով է քայլում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, և դա գալիս է պատմական իրողություններից։ Այդ հարաբերությունները կրում են Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակի, էներգետիկ անվտանգության, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած պատերազմների լարվածությունը։ Վերջին տարիներին Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 33 թուրք զինվորական, և սպանվել է Անկարայում Մոսկվայի դեսպանը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուկրաինական հակամարտությունն առանց կաշկանդվելու անվանում է «պատերազմ», արգելափակում ռուսական ռազմանավերի երթուղին դեպի Սև ծով և ուկրաինական զորքերին Bayraktar կործանարար անօդաչու թռչող սարքեր վաճառում՝ ի հեճուկս Մոսկվայի մեծ վրդովմունքի։ Մյուս կողմից Անկարան նյարդայնացնում է նաև Կիևին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ «այրել Ռուսաստանի հետ կամուրջները»։ Ներկայացնում ենք յոթ առանցքային իրողություն, որոնք վերջին տասը տարում ազդել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ձևավորման վրա։ Անձնական շփումներ Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները թշնամականից վերածվել են բարեկամականի՝ շնորհիվ 2016թ․-ին Էրդողանի դեմ իրականացված պետական հեղաշրջման փորձի։ Այդ հարաբերությունները ջերմ էին մինչև 2015թ․-ի նոյեմբերը, երբ թուրքական F-16-ը թուրք-սիրիական սահմանի վրա խոցեց ռուսական ռմբակոծիչը։ Պուտինը զայրալից տոնով հայտարարեց, որ այդ միջադեպը «մեջքից հարված էր»։ 10 ամիս տևած առճակատման ընթացքում Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, որը մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերից։ Սա, ի վերջո, Էրդողանին ստիպեց ներողություն խնդրել Պուտինից։ Սակայն հենց պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում 2016թ.-ի հուլիսին ինչպես երբևէ մտերմացրեց նրանց հարաբերությունները։ «Մինչ [ԱՄՆ նախկին նախագահ] Օբաման և նրա եվրոպացի գործընկերները մի կողմ էին քաշվել, Պուտինն անհապաղ դարձավ Էրդողանի փրկիչն ու առաջարկեց իր աջակցությունը։ Լուրեր էին պտտվում նաև, որ ռուսներն են Էրդողանին զգուշացրել»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Քեմալ Քիրիշքին։ Իրականում, երկու առաջնորդների միջև կապերն այնքան սերտ էին, որ, ըստ փորձագետների, կարողացան հաղթահարել այնպիսի իրադարձություններ, որոնք սովորաբար բերում են երկկողմ հարաբերությունների խզման՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը 2016թ․-ին, սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության առաջացրած լարվածությունն ու Սիրիայում 2020թ․-ին ռուսական ավիահարվածների հետևանքով տասնյակ թուրք զինծառայողների զոհվելը։ Ղրիմի թաթարներ Ղրիմի թաթարները նույնպես Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության աղբյուր են։ Թուրքիան պատմական կապեր ունի Ղրիմի թաթարների հետ, որոնք թյուրքական էթնիկ խմբին են պատկանում։ Հաշվի առնելով էթնիկ կապերն ու Թուրքիայում թաթարների մեծ համայնքի առկայությունը՝ Էրդողանը հաճախ է փորձում պաշտպանել նրանց։ 2014թ․-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, որը թարմացրեց համայնքի՝ խորհրդային ժամանակների հետ կապված վախերը (Իոսիֆ Ստալինի հրամանով 1944թ․-ին ավելի քան 200 000 թաթարներ են արտաքսվել Միջին Ասիա, որտեղ նրանց գրեթե կեսը զոհվել է)․ բարդ պահ էր Թուրքիայի համար։ Անկարան անմիջապես դեմ արտահայտվեց բռնակցմանը, պահպանեց կապերը տեղի համայնքային առաջնորդների հետ, Կիևում թաթարների նոր կենտրոն հիմնեց և անաղմուկ պայմանավորվեց բանտից ազատ արձակել երկու թաթար քաղաքական գործիչների։ 2014թ․-ին հավաստիացրեց, որ Պուտինը խոստացել է, որ նրանք պաշտպանված կլինեն։ Սևծովյան անվտանգություն Թուրքիան վերահսկում է մուտքը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Մոնտրյոյի 1936թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ նա պետք է երաշխավորի դրանցով երթևեկող քաղաքացիական նավերի «լիակատար ազատությունը», նրան միայն թույլատրվում է արգելափակել ռազմական նավերը պատերազմի դեպքում։ Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 28-ին հայտարարել է, որ նեղուցները փակ են ռազմանավերի համար։ Սակայն թուրքագետ Սթիվեն Քուկն ասում է, որ այն նավերը, որոնք Ռուսաստան են վերադառնում, դեռ կարող են դա անել։ Լեռնային Ղարաբաղ Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն: Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի դիմակայությունում Մոսկվան ու Անկարան տարբեր կողմերի են սատարում։ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և Անկարան վաղուց է Բաքվին մատակարարում նույն «Bayraktar» ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինային է վաճառում։ Նույնպիսի սերտ կապեր Հայաստանի հետ ունի Ռուսաստանը, երկու երկրներն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունեն և Մոսկվայի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ են։ Անգամ եթե Անկարան այժմ կարգավորում է իր հարաբերությունները Երևանի հետ, իսկ Մոսկվան վերջերս որոշել է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը, նրանք ստիպված են պաշտպանել իրենց պատմական գործընկերներին լարվածություն առաջանալու դեպքում։ Երբ 2016թ․-ին Լեռնային Ղարաբաղում էսկալացիա տեղի ունեցավ, [ռուսական և թուրքական] կողմերը խայթող արտահայտություններով փոխանակվեցին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի հռետորաբանությունն «անընդունելի» անվանեց։ Սակայն երբ 2020թ․-ի նոյեմբերին այդ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, քննադատությունն ավելի մեղմ էր, քանի որ Ռուսաստանը միջնորդ էր և ապահովեց հրադադարը՝ Ադրբեջանին թույլ տալով պահպանել իր տարածքային նվաճումները։ «Չնայած այն բանին, որ նրանք հակամարտության հակառակ կողմերում էին, և Թուրքիայի աջակցությունն ունեցող ուժերն առավելության հասան Ռուսաստանի աջակցությունն ունեցողների նկատմամբ․․․ նրանք հրադադարի հաստատումը երաշխավորելու ուղիներ գտան»,- ասում է թուրքագետ Սթիվեն Քուկը՝ հավելելով, որ «երկու առաջնորդները կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և հարաբերությունները չփչացնել»։ Սիրիա և քրդական հարց Սիրիան ևս մի ճակատ է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են միմյանց հետ, բայց վերադարձել դեպի համագործակցություն, թեև տարբեր կողմերի են սատարում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո հակամարտությունը տեղափոխվեց Թուրքիայի հարավարևելյան սահման՝ նրա մտահոգությունն առաջացնելով իր սահմանին Սիրիայի քրդերի ինքնավար շրջանի ձևավորման և փախստականների հոսքի վերաբերյալ։ Երբ 2015թ․-ին Ռուսաստանը միջամտեց իրավիճակին՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնելու համար, Պուտինն ու Էրդողանը գժտվեցին։ Լարվածությունը սրվեց, երբ նույն տավա մեջ Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցեց, որը հայտնվել էր իր օդային տարածքում։ Սակայն, երբ Էրդողանը դրա համար ներողություն խնդրեց, կողմերը սկսեցին համագործակցել։ Թեև իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ 33 թուրք զինվորական զոհվեց Իդլիբին հասցված ավիահարվածների հետևանքով, այս երկու երկրների առաջնորդները կրկին համաձայնության եկան։ Թեև [Իդլիբում] փխրուն հրադադարը պահպանվում է, Սիրիան մինչ օրս Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է։ Լիբիա Լիբիայի հարցում դիմակայությունը սկսվել է 2011թ․-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո։ Դրան հետևած պատերազմում Մոսկվան սատարում էր Արևելյան Լիբիայում Խալիֆ Հաֆթարի ռեժիմը՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով։ Անկարան, սակայն, աջակցում էր Ազգային համաձայնության կառավարությանը՝ զենք և ԱԹՍ-ներ տրամադրելով։ Սակայն, չնայած դրան՝ այս երկու երկրների առաջնորդները կարողացել են փոխըմբռնման հասնել, ինչպես Սիրիայի հարցում։ Բնական գազ Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կարևորագույն էներգետիկ կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերականորեն կայուն են։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ռուսական գազի սպառման խոշոր շուկա՝ 2005թ․-ից անմիջականորեն գազ ստանալով «Երկնագույն հոսք» խողովակաշարով։ Այսօր նա նույնպես ներկրում է բնական գազի 45%-ը Ռուսաստանից, թեև այդ կախվածությունը նվազում է։ Էրդողանն ու Պուտինը համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբեյալ։ Սակայն իր էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով Թուրքիան սեփական ռեսուրսներն է ուսումնասիրում և 2020թ․-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի աղբյուր հայտնաբերելու մասին։ Թեև Թուրքիան դեռ կշարունակի գնել ռուսական նավթն ու գազը, երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն»- Infocom) հետո գազի ներկրման կրճատման Եվրոպայի ներկայիս ձգտումները կարող են Թուրքիային դարձնել մատակարարումների այլընտրանքային հնարավոր երթուղիների կենտրոն»:   Նորա Վանյան
21:27 - 06 ապրիլի, 2022