ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը օգոստոսի 4-ին մշտական ներկայացուցչության  աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից: Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին: Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության Նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել  նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:
16:47 - 04 օգոստոսի, 2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

 ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:
18:08 - 03 օգոստոսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ: Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում: Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը:
17:00 - 03 օգոստոսի, 2020
Հուլիսի 30-ից 31-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Արցախում էր

Հուլիսի 30-ից 31-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Արցախում էր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին:Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում՝ մասնավորապես այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով ՊԲ լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ ուշը:Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի:
14:41 - 31 հուլիսի, 2020
ԶՈՒ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ ստուգելու զորքերի մարտունակությունը

ԶՈՒ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ ստուգելու զորքերի մարտունակությունը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ»։
09:14 - 31 հուլիսի, 2020
«Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ

«Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանի հետ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում հերթական աջացկությունն է ցուցաբերվել ՀՀ զինված ուժերին: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Միասին մենք կարող ենք» միջոցառմանն օժանդակել և հանգանակություններ են կատարել մի շարք անհատներ եւ կազմակերպություններ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից: Որպես հանգանակություն ստացված 50.000 հատ բազմակի օգտագործման եռաշերտ և հնգաշերտ պաշտպանիչ դիմակները հուլիսի 30-ին հատկացվել են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ նմանօրինակ նախաձեռնություններով իրենք նպատակ ունեն օժանդակել զինված ուժերում վարակի տարածման կանխարգելմանը: Ավելի վաղ հիմնադրամը զինված ուժերին նվիրաբերել է կորոնավիրուսի ախտորոշման հազարավոր թեստեր և նմուշառման պարագաներ:
21:29 - 30 հուլիսի, 2020
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ: Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ: Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։ Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից»։
09:13 - 30 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել Իրանի դեսպանին. անդրադարձել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթին

Դավիթ Տոնոյանն ընդունել Իրանի դեսպանին. անդրադարձել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը:  Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, տեսակետներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:
20:20 - 29 հուլիսի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Ներկայացնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և մասնավորապես Ֆրանիսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետության դերակատարությունը լարվածության թուլացման և բանակցային գործընթացի շարունակման գործում։ Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։ Դեսպան Ջոնաթան Լաքոտը, վերահաստատելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորման գործում, իր հերթին բարձր է գնահատել այս ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տիրող ազգայնական շեշտադրումներից և դրսևորումներից, ինչպես նաև պատերազմական կոչերից զերծ հավասարակշիռ մթնոլորտը։
14:48 - 29 հուլիսի, 2020
Հակառակորդի կրակոցից զոհված կապիտանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Հակառակորդի կրակոցից զոհված կապիտանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել հուլիսի 27-ին հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը: Հետմահու պարգևատրման հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշված է հրամանագրում:
21:27 - 28 հուլիսի, 2020
Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Անօդաչուների կորուստն ու The Jerusalem Post-ի «ինքնապաշտպանական արձագանքը»․ Նարեկ Ներսիսյան

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի կայքում սույն թվականի հուլիսի 22-ին հրապարակվել էր The Jerusalem Post պարբերականի հոդվածի թարգմանությունը՝ հուլիսյան զարգացումների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը Սեթ Ֆրանցմանն է (SETH J. FRANTZMAN): Նա կասկածի տակ է դնում իսրայելական դրոնները խոցելու՝ հայկական կողմի պնդումները՝ նշելով, թե Հայաստանն ամբողջ պատմությունը չի ներկայացնում։ Հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում»։  Նշված հոդվածը, որ հրապարակվել է Իսրայելի պահպանողական ուղղություն ունեցող, ֆրանսերենով և անգլերենով տպագրվող հեղինակավոր պարբերականում, որի տպագիր տարբերակը տեղում ունի մինչև 80 000, իսկ արտասահմանում՝ մինչև 40 000 շրջանառություն, զուր է դուրս մնացել հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունից։ Հեղինակը հայտնի է իր «Իսլամական պետության դեմ պատերազմը, Գազայի երեք պատերազմները, Ուկրաինայի հակամարտությունը, փախստականների ճգնաժամերը՝ Արևելյան Եվրոպայում» թեմաներով լուսաբանումներով, և զեկույցներ է ունեցել՝ Իրաքից, Թուրքիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Սենեգալից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Այսինքն, ըստ էության, գործ ունենք բազմափորձ ռազմական վերլուծական հոդվածներ լույս ընծայող հեղինակի հետ։ Վերջինս իր խոսքը սկսում է մեր խոցած ԱԹՍ-ների՝ պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցադրության մասից, այնուհետ հավելում, որ ցուցադրված կտորները սոցիալական ցանցերում նույնականացվել են՝ որպես իսրայելական արտադրության։ Հոդվածագիրը հատուկ նշում է, որ ԱԹՍ-ները կործանվել են երկու կողմում էլ։ Այնուհետև, շարունակելով միտքը, հավելում է՝ «Սակայն դրոնների և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշելը, թե որտեղից են հայտնվել և որքան են խոցվել դրանք»։ Այս նախադասությամբ էլ հոդվածը սկսեց գրավել ուշադրությունս։ Հետաքրքրեց նաև այլ բան․ ինչքանո՞վ է ակնհայտ քարոզչությունը փաստարկված և հիմնավոր։ Նախևառաջ պարզվեց, որ Սեթ Ֆրանցմանն ուսումնասիրել է հայկական սոցիալական ցանցի տիրույթը, ինչն ավելի հետաքրքական դարձրեց նյութը։ Հարցը հետևյալն է․ ինչո՞ւ հիմնավորումները չսկսել փաստերից, այլ սոցիալական ցանցերի տիրույթից։ Երկրորդ․ որպես հերքման հիմնավորման սկիզբ՝ հոդվածում դրվել է այն վարկածը, թե իբր խոցված ԱԹՍ-ների կտորները կարող են լինել նաև հայկական արտադրության, իսկ եթե ոչ, ապա ինչ-որ սև շուկայից գնված սարքեր կամ դրանց կտորներ։ Բարձր տեխնոլոգիանների սև շուկա՞․ չեմ բացառում, գուցե այս դեպքում էլ է հնարավոր, դատեք ինքներդ։ Անդրադառնանք մեր խոցած կամ վնասազերծած անօդաչուներին․ դրանցից առաջինը Hermes 900-ն է, որն արտադրում է իսրայելական Elbit Systems կազմակերպությունը։ Հայտնի է, որ այս ընկերությունը նշված տեսակի անօդաչու սարքերից պաշտոնապես վաճառել է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կոլումիբիային, Մեքսիկային, իսկ շվեցարական կողմի հետ կնքել է միայն 200 միլոն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարք։ Հարց է ծագում․ արդեն հեղինակավոր ընկերության գերժամանակակից արտադրանքը ինչպե՞ս պետք է հայտնվի սև շուկայում։ Ենթադրվում է, որ եթե շուկան կա, ապա այն ձեռնտու է արտադրող կողմին, ուրեմն այն պետք է գործարկեն երրորդ երկրները։ Լա՛վ, կրկին ենթադրենք, թե Չիլին այն հանել է սև շուկա, այդ դեպքում այն ի՞նչ կապ ունի Hermes 900-ի հետ, որի բեկորները օբյեկտիվ պատճառներով չեն ցուցադրվել, քանի որ դրանք ընկել են հակառակորդի տարածքում։ Մնում է միայն առանց որևէ հիմնավորման՝ «հաջակցություն» հեղինակի ավելացնել, որ 3-րդ երկրի կողմից Hermes 900-ը հատուկ քանդվել է պահեստամասերի և շուրջ 30 միլիոն արժողությամբ անօդաչու այդ սարքը տրամադրվել է մեզ մաս առ մաս կամ մի քանի մասերով, որոնք մենք հատուկ վնասել ենք, այն էլ՝ ցուցադրության համար։ Նույն եզրահանգումը վերաբերելի է նաև Orbiter հետախուզական և SkyStriker կամիկաձե տեսակի, բայց արդեն անվնաս ցուցադրված ԱԹՍ-ներին։ Ավելին՝ անհավանական կթվա այն վարկածը, որ հենց իսրայեալական կողմն ինքն իր արտադրանքը վարկաբեկելու համար դրա պահեստամասերը վնասված և վառված տրամադրել է հայկական կողմին։ Ընդ որում՝ Orbiter-3 անօդաչուների վերջնական տեսքը ստանում են Ադրբեջանում։ Այնուհանդերձ, հետաքրքիր կլիներ նաև այն, որ ադրբեջանական կողմը սև շուկայում իրականում վաճառում է համատեղ արտադրված իսրայելական անօդաչու սարքեր։ Հետևությունը մեկն է․ հեղինակն ընդամենը ակնարկում է Հայաստանի Հանրապետության՝ սև շուկայից ռազմամթերք ձեռք բերելու մասին, այն էլ՝ բավականին անհաջող և չփաստարկված։ Ի դեպ՝ հեղինակը որևէ փաստով չի հերքել, որ խոցվել է շուրջ 14 ԱԹՍ, որից մեկը՝ ՊԲ-ում, դրանցից մոտ տասը՝ հարվածային, երեք-չորսը՝ հետախուզական։ Հատկանշական է, որ հակառակորդի օգտագործած Spyke տեսակի ժամանակակից հրթիռների մասին, որոնք հավանաբար արձակվել են ուղղաթիռից և նշանակետերը չեն խոցել, հոդվածում անդրադարձ չկա․ սոսկ խոսվում է, որ Ադրբեջանն այս ընթացքում հայտարարել է ընդամենը մեկ խոցված անօդաչու սարքի մասին (ըստ երևույթին՝ դրա մասին տեղեկությունը վերցված է բաց աղբյուրներից)։ Հրապարակված նյութի վերջաբանում կատարաված նպատակը մեկն է՝ արդարացնել Ադրբեջանի՝ իսրայելական արտադրության ռազմամթերքի ձեռք բերումը։ Չէ՞ որ գնվել են ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև հեռահար գերճշգրիտ հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր, որոնցից պետք է առանձնացնել Lora տիպի երկիր-երկիր օպերատիվ-մարտավարական հրթիռները և «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային համակարգը։ Սրանք, միանշանակ, թանկարժեք ձեռքբերումներ են, որոնց համընդհանուր արժեքը տարբեր գնահատականներով հավասարվում է ամենաքիչը 2մլրդ․ ԱՄՆ դոլարի։ Եկեք պատկերացնենք այն պահը, երբ մի քանի տասնյակ միլիոն արժեցող անօդաչուն խոցվում է հայկական կողմի արդիականացված, սակայն մի քանի հարյուր անգամ էժան հակաօդային հրթիռով։ Իսրայելցի լրագրողը ոչ միայն չի համակերպվում այս մտքի հետ, այլ նաև, հատուկ շեշտելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների նկարահանման որակը, ընդգծում է, որ, չնայած իսրայելական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ինչպես ԱԹՍ-ների վերաբերյալ, այնպես էլ՝ դրանց որակական հատկանիշների, այնուամենայնիվ, իսրայելական անօդաչու սարքերի տեխնիկական առավելությունն ակնհայտ է։  Եվ, ընդամենը հղում կատարելով նկարահանված կադրերի վրա, հոդվածագիրը եզրակացնում է՝ «Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում իր հնարավորությունները ցուցադրելու համար»։ Դեմ չեմ, հնարավոր է, որ նկարահանող, օպտիկական սարքավորումները հակառակորդի մոտ ավելի որակյալ են։ Բայց այդ դեպքում հեղինակն ինչո՞ւ է հոդվածի միջնամասում տարբեր օրինակներով փորձում հիմնավորել, որ ԱԹՍ կործանելը այդքան էլ հեշտ չէ։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն սեփական արտադրության ռազմամթերքի վարկանիշը պահելու փորձ։ Հենց այդպես էլ կարելի է ասել, որ հնարավոր է՝ հայկական արտադրության անօդաչու սարքերի որոշ դետալներ որակային առումով ավելի ցածր են, և դա բնական կարելի է համարել, բայց որ մի կողմից գովերգում ես սեփական զենք-զինամթերքը, մյուս կողմից ինչո՞ւ ես հարցի տակ դնում ռուսական կամ խորհրդային ՀՕՊ ներգործության միջոցները և խոցելու ցածր հավանականությունը՝ տարբեր երկրների ԱԹՍ-ներ խոցելու հարցում։ Միանշանակ մեկ նպատակով, որպեսզի համեմատության մեջ ի ցույց դրվի, որ ցածր տեխնոլոգիական արտադրություն ունեցող երկիրը (այսինքն՝ Հայաստանը), որի ՀՕՊ սպառազինությունը միայն ռուսական է, անգամ տեղական արդիականացման պայմաններում հնարավորություն չունի արդյունավետ հակազդել ցանկացած ԱԹՍ համակարգի, առավել ևս չի կարող, հնարավություն էլ չունի հակազդել իրենց արտադրության ամենաբարձր տեխնոլոգիաներով արտադրված անօդաչու սարքերին։ Սա ի՞նչ է, եթե ոչ իսրայելական հեղինակավոր պարբերականի միջոցով բարդույթների հաղթահարման, իսրայելական ամբողջ մի արդյունաբերական ոլորտի ինքնապաշտպանական չհաջողված փորձ։ Ավելին՝ աշխարհին ուղղված կոչ՝ «գնեք մեր զենքը, այն հայերը չեն ոչնչացրել, տեսեք՝ խաբում են ձեզ»։ Որպեսզի հավելյալ հարցեր չառաջանան, անհրաժեշտ եմ համարում ասել, որ հոդվածում հրապարակված թվերը՝ Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում խոցված անօդաչու սարքերի մասին, վերցված են մեկ կենտրոնից կառավարվող աղբյուրից։ Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների խոցած ՀՕՊ համակարգերին, ապա օրինակ բերեմ մեկ դրվագ։ Ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական արտադրության անօդաչու սարքավորումերը խոցել են հիմնականում ռուսական Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ կայաններ։ Սա, հավանաբար, պայմանավորած է, թե՛ այդ կայանների ռադարային համակարգի թերություններով, թե՛ անձնակազմի ցածր պատրաստվածությամբ։ Թեկուզ այն փաստը, որ Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ համակարգը ուղղակի ցուցված է աշխատել 4 միասնական կայաններով, իսկ խոցված համակարգերը թիրախավորման պահին գործել են որպես միայնակ աշխատող կայաններ, արդեն խոսուն հիմնավորում է դրանց ոչ ճիշտ կիրառման մասին։ Հայկական կողմը չունի նշված Պանցիր-Ս ՀՕՊ կայաններ, և դրա փոխարեն օգտագործվել են ԱՍԱ-ԱԿՍ հայրենական ռազմարդյունաբերության կողմից արդիականացված համակարգերը։ Բացի այդ՝ տեղանքի առանձնահատկությունները, ըստ ինձ, թույլ են տալիս ոչ միայն կիրառել սեփական ՀՕՊ կայանները, որոնք բազմաթիվ են, այլ նաև օգտագործել մեր կողմից ձեռք բերված շարժական ռադիոլոկացիոն հայտնաբերման, ինչպես նաև, չեմ բացառում, ռուսական հեռահար հայտնաբերման ռազմավարական նշանակության կայանների կողմից որոշակի նպատականշման և տեղեկատվական հնարավորությունները։  Որպես վերջաբան՝ հավելեմ, որ կարելի է առանձին նյութ պատրաստել ինչպես հայկական արտադրության անօդաչու սարքվորումների, այնպես էլ՝ ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին, որը կներկայացվի հաջորդիվ։ The Jerusalem Post հոդվածը՝ https://www.jpost.com/jpost-tech/israel-revolutionized-azerbaijans-drone-arsenal-are-the-weapons-working-635829։ Ծանոթություն՝ սույն հոդվածի վրա աշխատելիս, այս համատեքստում, աչքի ընկավ Օրբելի կենտրոնի ուշագրավ հոդվածը։ Նարեկ Ներսիսյան
20:25 - 28 հուլիսի, 2020