ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»: ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը:
12:08 - 05 նոյեմբերի, 2020
Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա էլ տեղի է ունենում. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հենց հիմա էլ իրականացնում է դեսպանների համալրման գործընթաց, պատերազմական իրավիճակը գործընթացը մի փոքր դանդաղեցրել, սակայն չի կանգնեցրել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ դեսպանների համալրման խնդիր: Մնացականյանն արձագանքեց՝ աս փուլում վերջին զարգացումները մի փոքր դանդաղեցրին, սակայն չկանգնեցրին գործընթացը: «Այս փուլում հիմա տեղի է ունենում համալրումը, պլանավորված կերպով եկանք հասանք այս փուլին: Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում: Բնականաբար, այդ գործընթացն այնպիսին է, որ հրամանի պահին է հայտարարվում, թե այդ գործընթացն ավարտվել է: Մենք մոտ մեկ ամիս հետ ընկանք, բայց գործընթացը որևէ կերպ չկանգնեց»,- ասաց նախարարը: Նա նշեց՝ մոտենում են այն պահին, երբ արտաքին ոլորտի հորիզոնական կառավարումն ավելի կուժեղանա: Յուրաքանչյուր ուղղությամբ կառավարման մակարդակն ավելի կբարձրանա: «Պատասխանավության սփռումն ավելի ամրապնդվում է: Եվ շատ մոտենում ենք խիստ ուղղահայաց համակարգից հորիզոնական համակարգի կառավարման նպատակին»,- ասաց ԱԳ նախարարը: Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ Մնացականյանը նաև նշեց, որ նպատակն է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերն իրականացնել բացառապես պետբյուջեի միջոցներով և նվազեցնել, բացառել տարբեր այլ միջոցները, որոնք բյուջեից դուրս են:
11:30 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Ողջույնի խոսքով մասնակիցներին դիմեցին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակեց «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը: Նախարարական հանդիպման շրջանակներում նշվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով: Նախարար Մնացականյանը հորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին․ «Պարոն նախագահող, Ես միանում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյակի հիշատակմանը, որը հարյուր միլիոնավոր եվրոպացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում անկյունաքարային փաստաթուղթ է։ Մենք կիսում ենք Եվրոպայի խորհրդի տեսլականը, որ Կոնվենցիան պետք է պաշտպանի բոլոր եվրոպացիներին՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից: Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ` Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, որն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներով` ուղղված Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը: Թուրքիայի կողմից Ադրբեջանում զինյալ ահաբեկիչների տեղակայումն այդ երկու երկրների կողմից ստորագրված ԵԽ առնվազն երեք կոնվենցիաների խախտում է: Տասնյակ հազարավոր մարդիկ` երեխաներ, կանայք, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, այժմ տեղահանված են, նրանց տները, ենթակառուցվածքները, կրոնական հաստատություններն՝ ավերված: Ադրբեջանի զինված ուժերի և իր ահաբեկիչ դաշնակիցների կողմից ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և սպանությունը պատերազմական լուրջ հանցագործություններ են։ Այդ փաստն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը, ով խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական մահապատժի առնչությամբ։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերը սպիտակ ֆոսֆորի կիրառմամբ հրդեհում են անտառները, ինչը հակասում է շրջակա միջավայրի պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ վերջին շրջանում մեր գործադրած ջանքերին։ Արցախում առկա է հումանիտար ճգնաժամ, ինչպես ահազանգել է Գլխավոր քարտուղարը։ Մենք կիսում ենք նրա գնահատականները: Կիսում ենք նաև Մարդու իրավունքների հանձնակատարի և ԵԽԽՎ դիրքորոշումները: Մենք համակարծիք ենք, որ պետք է հաստատվի հրադադար։ Մենք մի քանի անգամ փորձ կատարեցինք, բայց Ադրբեջանը տապալեց բոլոր փորձերը: Մենք համակարծիք ենք, որ պետք է հրաժարվել ատելության խոսքից, սակայն մենք տասնամյակներ շարունակ ապրում ենք մեր հարևաններից երկուսի կողմից հնչող ատելության հռետորաբանության պայմաններում: Դա հստակ կերպով արձանագրված է Եվրոպայի խորհրդի դիտորդական զեկույցներում: Մենք համակարծիք ենք, որ լրագրողներին պետք է հասանելիություն տրվի պատերազմը տեղում լուսաբանելու համար։ Մենք հավատարմագրել ենք հարյուրավոր միջազգային լրագրողների, ովքեր տեղում ականատես են եղել ավերածություններին և հումանիտար աղետին: Նրանցից ոմանք միտումնավոր թիրախավորվել են Ադրբեջանի կողմից։   Իրապես մենք կիսում ենք ձեր գնահատականները, ձեր հայտարարությունները: Սակայն հայտարարություններն այլևս բավարար չեն: Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի և պաշտպանի Արցախի հասարակ քաղաքացիների ապրելու իրավունքը, ինչպես դա պահանջել է Եվրոպական դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա։ Միջոցներ պետք է կիրառվեն՝ պարտադրելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք հանգեցնում են Արցախի քաղաքացիական բնակչության` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտմանը, ինչը նույնպես մատնանշել է Եվրոպական դատարանը: Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, իսկ այժմ էլ՝ Հարավային Կովկասում Թուրքիայի ապակայունացնող դերը պետք է հասցեագրվի։ Հորդորում եմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հակամարտության գոտիներ անարգել մուտք ապահովելու համար: Նախարարների կոմիտեին հորդորում եմ վճռորոշ քայլեր ձեռնարկել և արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը: Խաղաղության ու բարգավաճման, Եվրոպայում առավել լայն միասնության ժառանգությանը: Սակայն այս շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին: Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, պարտավորություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանն այժմ խախտում է այդ հանձնառությունը և բացահայտ կերպով ընդունում, որ մտադիր է հակամարտությունը լուծել ուժի միջոցով: Կազմակերպությունը պետք է հասցեագրի այս խախտումը: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, և դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը և պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը և արժեքահամակարգի ճգնաժամը: Շնորհակալություն:» 
18:43 - 04 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և համերաշխության դրսևորում:  Զոհրաբ Մնացականյանը ներկաներին իրազեկեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքի վերաբերյալ, որն ուղեկցվում է պատերազմի հանցագործություններով և արցախահայության ֆիզիկական բնաջնջմանը միտված գործողություններով: Նախարարը հանգամանալից տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության անընդմեջ թիրախավորման, քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների հրետակոծմանը զուգահեռ արգելված զինատեսակների կիրառմամբ անտառածածկ տարածքների միտումնավոր հրդեհման փաստերի վերաբերյալ:   ԱԳ նախարարը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից վարվող ռազմական գործողություններին անմիջական ներգրավվածություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դերակատարության վրա, որն արտահայտվում է նաև վերջինիս կողմից Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրմամբ և հակամարտության գոտում տեղակայմամբ: «Ադրբեջանը վերածվել է Հարվային Կովկասում ահաբեկչության կենտրոնի, ահաբեկչություն հովանավորող պետության»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:  Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնություններին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի խուսափելն իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերջինիս անկարողության մասին:  Նախարար Մնացականյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին: Ի պատասխան հետագա զարգացումների վերաբերյալ հարցին՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց. «Սա ազատության համար մղվող պատերազմ է: Մենք պետք է մեր հայրենակիցների արյունը փոխհատուցենք ազատությամբ»: 
01:05 - 04 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ։ ▪️Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: ▪️Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին: ▪️Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն: ▪️Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք:
00:13 - 04 նոյեմբերի, 2020
Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը․ ԱԳՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը․ ԱԳՆ խոսնակ

Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում: Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը: Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին:
00:08 - 03 նոյեմբերի, 2020
Ահաբեկչության տարածման նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտի են բերվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ․ ՀՀ ԱԳՆ

Ահաբեկչության տարածման նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում հակամարտության գոտի են բերվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ․ ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:  Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը: Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
23:46 - 01 նոյեմբերի, 2020
Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտությունում Թուրքիան հանդես է գալիս որպես չեզոք կողմ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sputnik International»-ին

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել էր, որ Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի արած հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից՝ ավելացնելով, որ Բաքուն ակնկալում է, որ կներկայացվի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը: Արդյո՞ք Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել Արցախից հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը: Զոհրաբ Մնացականյան. Այս օրերին նախագահ Ալիևը բազմաթիվ մոլորեցնող և հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության: Մենք ունենք հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատվել է նաև հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին, և այդ հայտարարությունից անդին որևէ այլ բան չի համաձայնեցվել: Հարց. Արդյո՞ք Դուք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում եք որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց: Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը: Հարց. Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Դուք նշեցիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռքբերված պայմանավորվածությունների: Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը:   Զոհրաբ Մնացականյան. Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։  Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը։   Հարց. Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյան. Բավականին շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ: Ոչ մեկ, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ:  Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի:
12:41 - 01 նոյեմբերի, 2020
Ժնեւում կողմերը վերահաստատեցին բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը

Ժնեւում կողմերը վերահաստատեցին բացառապես ՄԽ համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը

Հոկտեմբերի 30-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվեց ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Մնացականյանն ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման շուրջ համաձայնությունների անվերապահ կատարման եւ կայուն հրադադարի անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում:ՀՀ ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ շեշտեց նաեւ Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման անթույլատրելիությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացի շարունակականությունը։ Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
09:25 - 31 հոկտեմբերի, 2020
Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են  հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ: Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:
16:12 - 30 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ

Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի  հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին: Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը:  Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններից միակողմանի հրաժարվելու ուխտադրուժ կեցվածքը՝ նշելով, որ այն ոչ այլ ինչ է, քան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության շարունակական դրսևորում:  Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: Նախարար Մնացականյանը շեշտել է, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին՝ Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները:  Երկուստեք ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: 
01:11 - 30 հոկտեմբերի, 2020
Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում․ ԱԳՆ խոսնակ

Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում․ ԱԳՆ խոսնակ

Ժնևի վաղվա հանդիպումը միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին ես այս պահին տեղեկություն ունեմ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Օրվա փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով: Ինչ վերաբերում է օրակարգին, մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին: Եվ մեզ համար առաջինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմամբ: Հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»,- ընդգծեց Նաղդալյանը։ Ավելի վաղ Նաղդալյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նա նաև ասաց, որ այս պահի դրությամբ Իսրայելում ՀՀ դեսպանը շարունակում է մնալ Երևանում: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, այն արտահայտվել է հստակ և արտահայտվել է ոչ թե մեկ-երկու երկրների նկատմամբ, այլ սկզբունքային դիրքորոշում է, որ չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ»,-  նշեց ԱԳՆ խոսնակը։ Պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ Իսրայելը Հայաստանին հումանիտար օգնություն է առաջարկել, ԱԳՆ խոսնակը ընդգծեց, որ կարևոր են համարում, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին։ «Նախևառաջ պետք է դադարեցնել Ադրբեջանին զինումը և նրա ռազմական կարողությունների ամրապնդումը: Մենք ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող և ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետություններին»,- նշեց խոսնակը։ Նա նաև ասաց, որ ինչպես Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, այնպես էլ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: «Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- հավելեց Նաղդալյանը։ Անդրադառնալով Իրանի դերին՝ Նաղդալյանն ասաց, որ Իրանը Հայաստանի հարևան երկիրն է, և Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչների տարածաշրջան ներմուծմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների թուրքական ազդեցության գոտի և ահաբեկչության կենտրոն դառնալու որոշումը սպառնալիք է ողջ տարածաշրջանի երկրների համար, և այդ առումով Իրանը նույնպես բացառություն չէ: 
22:46 - 29 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի Միսկի խմբի համանխագահների հետ

Հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի Միսկի խմբի համանխագահների հետ

Օրեր առաջ, երբ ԱԳ նախարարն իրականացնում էր իր պաշտոնական այցն ԱՄՆ, ձեռք էր բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ կրակի դադարեցման վերաբերյալ, սա հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ արդեն երրորդ պայմանավորվածությունն է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Ինչպես նախորդ երկու դեպքերում, Ադրբեջանն այս անգամ նույնպես ի զորու չգտնվեց կամ չկարողացավ կատարել հրադադարի ռեժիմի իր ստանձնած պարտավորությունը և շարունակեց ագրեսիան»,- նշեց Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ այսօր արդեն մեկ ամսից ավել է, ինչ Ադրբեջանը շարունակում է իր լայնամասշտաբ ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, որի ժամանակ առանձնահատուկ թիրախավորվում են Արցախի բնակչությունը, քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքները: Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: «Իսկ այս պահին, քանի դեռ անցնում է մեր ճեպազրույցը, տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիի հետ»,- ընդգծեց նա։
22:23 - 29 հոկտեմբերի, 2020
Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար

 |armenpress.am|

Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Երեւանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլի սրացումից հետո: Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբն ու ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ: «Սակայն, այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը: Ինչ վերաբերում է խաղաղապահների ներգրավմանը, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մեխանիզմում կարող են ներառվել միայն նրանք, ովքեր չեզոք դիրք են զբաղեցնում: «Ինչը կարելի է շեշտել հենց սկզբից. ցանկացած խաղաղարար մեխանիզմ չի կարող ներառել նրանց, ովքեր խոսքով ու գործով գործում են ոչ թե չեզոք, այլ որպես հակամարտության կողմ»,- ասել է Մնացականյանը: Նրա խոսքով՝ «խաղաղապահ գործողությունը միշտ եղել է հիմնական սկզբունքների մի մասը և, հետևաբար, հակամարտության կարգավորման կարևոր բաղադրիչը»: «Այս փուլում դժվար է առաջարկել խաղաղապահ գործողության հետ կապված պահանջների սպառիչ ցուցակ»,- ասել է նա:
19:55 - 29 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց, որ Բարձր ներկայացուցչի հետ զրույցի ընթացքում ուժեղ հրթիռակոծման են ենթարկվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին, հատուկ թիրախավորվել է նաև Ստեփանակերտի բուժհաստատությունը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:  Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝  նախարար Մնացականյանն ընդգծեց, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են հանդիսանում և տարածաշրջանային, և միջազգային անվտանգության համար:  ՀՀ արտգործնախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության շրջանակներում։  Երկուստեք ընգծվեց  կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և կայուն, վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:
14:52 - 29 հոկտեմբերի, 2020