Հայաստանը չափազանց նրբանկատ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծագած իրավիճակի առումով. ԱԳ փոխնախարար |armenpress.am|
13:43 - 21 հունվարի, 2020

Հայաստանը չափազանց նրբանկատ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծագած իրավիճակի առումով. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի համար թե Իրանը, թե ԱՄՆ-ն կարևոր նշանակություն ունեն, երկու երկրների միջև վերջերս ծագած իրավիճակի նկատմամբ Հայաստանը չափազանց նրբանկատ է: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները թեմայով քննարկմանը:

«Երբ հունվարի 3-ին առաջացավ այդ լարվածությունը, ԱԳՆ-ն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով, դա վերաբերվում է թե նախարարությանը, թե դեսպանատներին: Հասկանալի են մեր մտահոգությունները, քանի որ ցանկացած իրարանցում շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի վրա: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում Իրանը մեզ համար` որպես հարևան: Ըստ էության դեպի արտաքին աշխարհ ունենք երկու պատուհան` Վրաստանը և Իրանը:

Այդ տեսակետից մենք միշտ ուշիուշով հետևում ենք այն զարգացումներին, որ կան Իրանի շուրջ: Պատահական չէ, որ Հայաստանն ամենաշահագրգիռներից էր, որ միջուկային խնդրի շուրջ հասնեն համաձայնության: Եվ մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք այդ համաձայնությունը: Սակայն, ցավոք, վերջին զարգացումները բերեցին նրան, որ արդեն դա էլ հարցականի տակ դրվեց: Մի կողմից ԱՄՆ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողներից մեկն է, կարևորագույն դերակատարություն ունի կայունության պահպանման հարցում»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց` Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարում երկուսն էլ` թե Իրանը, թե ԱՄՆ-ն շատ կարևոր դերակատարություն են ունեցել: Փոխնախարարը նշեց` Թրամփը հայտնի հրթիռակոծությունից հետո իր ելույթում անգամ ակնարկեց այն ավանդը, որ Իրանն ունեցել է ԴԱԻՇԻ դեմ պայքարում: «Այդ տեսակետից բնական է, որ մենք չափազանց նրբանկատ ենք այդ հարցերի շուրջ, և պետք է ասեմ, որ Իրանն էլ գնահատում է Հայաստանի այդպիսի շահագրգիռ մոտեցումը: Մեզ շատ անգամ շատ պարզ ասում են, որ 14 հարևան երկիր ունեն, որոնք, բացի Հայաստանից, բոլորը մահմեդական են, բայց բոլորից քիչ խնդիրներն ունեն հենց Հայաստանի հետ»,-ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել