Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. տնօրեններին մեղադրանք է ներկայացվել

Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. տնօրեններին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները 2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացրած չափագրմամբ արձանագրել են, որ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ընկերություններ տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի  տեղամասերից դուրս ավազակոպիճ են ապօրինի արդյունահանել։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։ Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ  նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. մարտ, իսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածներում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թ. տրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել  լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից: «Նշված տարածքներում, առանց ընդերքաօգտագործման իրավունքի, տեխնիկական միջոցներով ընկերությունները արդյունահանել են պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63 հազար 834-ական խորանարդ մետր ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4 մլն 392 հազար 28 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21 հազ 519 խորանարդ մետր ծավալով և 4 մլն 626 հազար 8 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22 հազար 665,4 խորանարդ մետր ծավալով ավազակոպիճ՝  միաժամանակ չվճարելով 500 հազար ՀՀ դրամի չափով պետական տուրքը: ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10 մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացման, ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների մեծածավալ կորստի, որը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։ Միևնույն ժամանակ, նշված երկու ՍՊ ընկերությունների տնօրենները, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չեն վճարել գանձման ենթակա 5 մլն ՀՀ դրամի չափով տուգանքը,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով:  Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ըստ աղբյուրի՝ մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:02 - 02 նոյեմբերի, 2023
Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք- համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր թիվը՝1545, քվեարկությանը մասնակցել է 818-ը։ Վերին Դվին համայնք- ավագանու անդամի թեկնածուներ Ամիրյան Նաիրա Մարտինի 35 քվե Գևորգյան Արամ Իշխանի 97 քվե Թամրազով Սարգոն Հակոբի 81 քվե Միխաիլով Սերգեյ Միխայիլի 91 քվե Միրզոեւ Ստեփան Արսենի 32 քվե Յակովլեւ Մարկ Պավելի 67 քվե Յակովլեւա Ջուլետտա Ալեքսեյի 30 քվե Յուխանաեւ Վլադիսլավ Վալենտինի 59 քվե Նիկոլաեւ Յուրա Կոնստանտինի 45 քվե Պետրովա Անյա Լյովայի 100 քվե Սարգսյան Աշոտ Սենիկի 36 քվե Վլասյան Կարեն Սամվելի 45 քվե Տամրազով Վասիլի Ռոլանդի 55 քվե Արզնի համայնք- համայնքի ղեկավարի թեկածուներ Ավագյան Վարդան Ալբերտի 236 քվե Իվանով Էմիլ Տիմոֆեյի-113 քվե Միրզոեւ Ալեքսանդր Գեորգիի 292 քվե Միրզոեւ Ֆելիքս Վալերիեւիչ 372 քվե Չոբանյան Կորյուն Աղասարի 103 քվե Արզնի համայնքում ընտրողների թիվը 2132 է, քվեարկությանը մասնակցել է 1164-ը։
11:24 - 30 հոկտեմբերի, 2023
Մետաղաձուլարանը կառուցվելու է Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու


 |factor.am|

Մետաղաձուլարանը կառուցվելու է Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու |factor.am|

factor.am: Մետաղաձուլարանը կառուցվելու է հենց Երասխում. Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի շինաշխատանքները թեև այս պահին դադարեցված են, բայց դրանք վերսկսվելու են։ «Երասխում ամեն ինչ այնպես է, ինչպես կար, շինաշխատանքները շարունակվելու են, ժամանակի հարց է»,- ասաց Հակոբյանը։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրենն ասաց՝ տեխնիկան Երասխում է, բայց այս պահին չի աշխատում, ուստի՝ հակառակորդը չի կրակում։ Նշենք, որ Երասխում կառուցվող գործարանից հակառակորդի դիրքերն ընդամենը 400 մետր հեռավորության վրա են և տեխնիկայի շարժ նկատելուն պես գործարանն ու աշխատակիցները հայտնվում էին ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում։ Բաքուն անգամ շինաշխատանքներն անհապաղ դադարեցնելու կոչ էր արել հայկական կողմին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր՝ շինաշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա՝ միևնույն ժամանակ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նոր գործարան է կառուցվում Արարատում։ Թե ինչ գործարանի մասին է խոսքը, շինաշխատանքներն արդյո՞ք արդեն մեկնարկել են, թե ոչ՝ Հակոբյանն այս փուլում հրաժարվեց մանրամասնել։
16:44 - 26 հոկտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը
 |armenpress.am|

Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը |armenpress.am|

armenpress.am: Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։  Ըստ հիմնավորման՝ ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով: Համաձայն 1973 թ. վերասահմանանշման, Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետևանքով ներկայումս ջրազրկվել և պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին և ներկայիս հուների միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ: Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում և խուսափել հետագա փլուզումներից: 2022 թ.-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։   Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:
15:15 - 07 սեպտեմբերի, 2023
Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի մասնագետը զորակոչիկին ծառայությունից ազատելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք. հարուցվել է քրեական հետապնդում

Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի մասնագետը զորակոչիկին ծառայությունից ազատելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք. հարուցվել է քրեական հետապնդում

Ա.Թ.-ն, լինելով պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն, 2023 թվականի մարտին ծանոթացել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ի հետ և վերջինիս խնդրել կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը: Քաղաքացի Ռ.Ա.-ն իր մտերիմ, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի հետ համաձայնության է եկել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ազատել Ս.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին): Ռ.Ա.-ն 2023 թվականի մարտի 30-ին վերցրել է կաշառքի մի մասը՝ 2 հազար 500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա.Թ.-ին: Զորակոչիկի կողմից բժշկական հետազոտություններն անցնելուց հետո՝ Ռ.Ա.-ն ստացել է մնացած 7 հազար 500 ԱՄՆ դոլարը և Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետին փոխանցել ընդhանուր առմամբ՝ 7 հազար 400 ԱՄՆ դոլար: Մեկ այլ դրվագով՝ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն, կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով, Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար: Բացի այդ, 2023 թվականի ապրիլի 17-ին, զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն զանգահարել է Արարատի մարզի բնակիչ Հ.Մ.-ին, հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու և ծանուցագիրը չուղարկելու համար՝ որպես կաշառք, առաջարկել է Հ.Մ.-ին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողների համար հյուրասիրություն կազմակերպել: Հ.Մ.-ն ընդունել է առաջարկը և հյուրասիրություն կազմակերպել հինգ անձի համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 հազար դրամ: Հաշվի առնելով, որ Ա.Թ.-ի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հսկող դատախազի նախաձեռնությամբ, 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալը) (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար)»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:06 - 04 սեպտեմբերի, 2023
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արարատի մարզում ավտովթարի հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։ Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև նրա 15 և 13-ամյա ուղևորները, երկուսն էլ նույն բնակավայրից, մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։ Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի բոլոր, այդ թվում նաև ավտոմեքենան անչափահասի տրամադրության տակ հայտնվելու ամբողջական հանգամանքները պարզելու, դեպքին հնարավոր ականատես անձնանց հայտնաբերելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանությանը: Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։ Նախաքննությունը շարունակվում է:
20:54 - 27 օգոստոսի, 2023
Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

Հոկտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
12:07 - 24 օգոստոսի, 2023
Այգեպատի համայնքապետին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար

Այգեպատի համայնքապետին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար

Պարզվել են ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների մի շարք էական հանգամանքներ։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005 թվականից Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս․Պ․-ն, համայնքի առաջատար մասնագետ Բ․Ա․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է պաշտոնեական կեղծիք։ «Մասնավորապես Բ․Ա․-ն համայնքի ղեկավարի ցուցումով 2014-2018 թթ․ ընթացքում կեղծ տեղեկություններ է մտցրել համայնքի բնակիչներին տրվող անհատույց դրամական հատկացման վճարման ցուցակներում առ այն, որ համայնքի 4 բնակիչներ հանդիսանում են սոցիալապես անապահով ընտանիք։ Համայնքի ղեկավար Ս․Պ․-ն իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է այդ տվյալները և դրա միջոցով այդ անձանց անվամբ համայնքի բյուջեից դուրս է գրվել ընդհանուր 500.000 ՀՀ դրամ՝ այն տրամադրելով վերջիններիս՝ իրենց ունեցած մթերային խանութից տարբեր առիթներով համայնքապետարանի կարիքների համար վերցված ապրանքների համար գոյացած պարտքի դիմաց։ Բացի այդ, Ս․Պ․-ն, համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետի՝  Ռ.Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։   Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ,  և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։ Ապա Ս․Պ․-ն 2012 թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007 թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի  աշխատակիցներից մեկը։ Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ  Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված ատամնաբուժարանի տարածքի շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը: Հետագայում՝ 2018 թ․ մարտին, առուվաճառքի պայմանագրով տվյալ անշարժ գույքի նկատմամբ գրանցվել համայնքի ղեկավար Ս․Պ․-ի կնոջ սեփականության իրավունքը։ Ընդ որում, պարզվել է, որ Ս․Պ․-ն համայնքապետարանի առաջատար մասնագետ Ռ․Մ․-ի հետ համատեղ, խմբի կազմում, կատարել է մեկ այլ պաշտոնեական կեղծիք։ Ռ.Մ․-ն 2019թ․ կազմել և լրացրել է 2012թ․ օգոստոսի 24-ով թվագրված աճուրդ-վաճառքի արձանագրություն, նախկին կենցաղի տան շենքը աճուրդի դրվելու, դրան համայնքի վերոնշյալ երկու բնակիչների մասնակցության, մեկ աճուրդային քայլով համայնքի ղեկավարի աներոջ կողմից հաղթող ճանաչվելու և գույքը գնելու վերաբերյալ։ Նշված կեղծ արձանագրությունը հաստատել է համայնքի ղեկավարը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ձեռք բերված փաստերի հիման վրա Ս․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին), և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել համակցված՝ պաշտոնավարման կասեցումը և գրավը։ Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում նաև՝ համայնքապետարանի մյուս աշխատակիցների արարքներին ևս իրավական գնահատականներ տալու, առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։           Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:26 - 11 օգոստոսի, 2023
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը
 |armenpress.am|

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ: «Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-նշեց նա:   Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը հավելեց, որ նամակի բովանդակությունը Կոնվենցիայի շրջանակում է և հենց այդ Կոնվենցիայի շրջանակում էլ պատասխանել են նամակին: Շրջակա միջավայրի նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան ձեր գրության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման»՝ Հայաստանին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ՝  Հայաստանը չի համարում, որ  Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։ 3 (1) հոդվածը պահանջում է, որպեսզի նախատեսվող գործունեության վերաբերյալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայության դեպքում՝ (i) նախատեսվող գործունեությունը նշված է Կոնվենցիայի Հավելված  I-ում, և (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն է»։ Պայմաններից որևէ մեկն առկա չէ։ Նախատեսվող գործունեությունը՝ փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Հավելված I-ում նշված գործունեության տեսակ։ Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թե Հավելված I-ի որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի  3 (7) գործընթացը, ինչի վրա հղում է կատարում Ադրբեջանը և որը կիրառելի է այն դեպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) հոդվածի համապատասխան ծանուցում չի իրականացվել, չի վերաբերվում Հայաստանում նախատեսվող գործունեության տեսակին։ Ավելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, որտեղ նշվում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։  Դրա վերաբերյալ հավաստիացումներ են տրվել նաև գործարանի սեփականատեր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերության կողմից, որտեղ նշվել է, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։ Հետևաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ  Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։ Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ: Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները»։ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետաղի ձուլման խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում, գնդակոծում է գործարանի տարածքը՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները: Գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել էին, որ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: Գործարանի տարածքում նաև բարձրացվել էին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
13:20 - 08 օգոստոսի, 2023
Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ ՇՄՆ-ի հաղորդմամբ՝ նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120.000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին այն պահին, երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։ Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարում հակիրճ անդրադառնալ հետևյալ կետերին. 1. Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։ 2. Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ Սոթքի ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները», պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի. 3. Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։ 4. Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից. 5. Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ 6. Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։ 7. Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ 8. Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։ 9. Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023): 10. Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ 11. Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։
16:29 - 21 հուլիսի, 2023
Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։ «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։ Նշենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ Իսկ հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
16:25 - 20 հուլիսի, 2023
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
 |aysor.am|

Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ 
14:04 - 20 հուլիսի, 2023
Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Հրապարակվել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց:  Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։ 2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել Հնդկաստանի երկու քաղաքացի։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։ Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին։
11:01 - 18 հուլիսի, 2023