Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. տնօրեններին մեղադրանք է ներկայացվել
20:02 - 02 նոյեմբերի, 2023

Երկու ընկերություններ Արաքսի ավազանում ապօրինի ավազակոպիճ են արդյունահանել. տնօրեններին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները 2020թ. դեկտեմբերի 21-ին իրականացրած չափագրմամբ արձանագրել են, որ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի տարածքներում երկու ընկերություններ տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության՝ Արաքս գետի ավազանի  տեղամասերից դուրս ավազակոպիճ են ապօրինի արդյունահանել։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են  նշված ընկերությունների տնօրենների կողմից ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքերի բոլոր հանգամանքները։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ  նշված ընկերություններից մեկի տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. մարտ, իսկ մյուս ընկերության տնօրենը՝ 2020թ. դեկտեմբերի 21-ից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածներում, չունենալով իրավունք, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել են ընկերություններին 2015թ. տրամադրված թույլտվությամբ հստակեցված կոորդինատներից և դուրս եկել  լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից:

«Նշված տարածքներում, առանց ընդերքաօգտագործման իրավունքի, տեխնիկական միջոցներով ընկերությունները արդյունահանել են պետական սեփականություն համարվող ընդհանուրը՝ 63 հազար 834-ական խորանարդ մետր ծավալով լեռնային զանգված, այդ թվում՝ վճարման ենթակա մոտ 4 մլն 392 հազար 28 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 21 հազ 519 խորանարդ մետր ծավալով և 4 մլն 626 հազար 8 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 22 հազար 665,4 խորանարդ մետր ծավալով ավազակոպիճ՝  միաժամանակ չվճարելով 500 հազար ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

ՍՊ ընկերությունների կողմից կատարված հիշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային՝ ընդհանուր ավելի քան 10 մլն ՀՀ դրամի վնաս։ Նշված գործողությունները նաև հանգեցրել են հողի որակի վատթարացման, ընդերքից արդյունահանված օգտակար հանածոների մեծածավալ կորստի, որը դժվարացրել է տվյալ վայրում առկա օգտակար հանածոների հետագա շահագործումը։

Միևնույն ժամանակ, նշված երկու ՍՊ ընկերությունների տնօրենները, շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով, չեն վճարել գանձման ենթակա 5 մլն ՀՀ դրամի չափով տուգանքը,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ ընկերությունների տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով: 

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ըստ աղբյուրի՝ մի քանի այլ ընկերությունների կողմից Արաքս գետի ավազանում նմանատիպ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու դեպքերի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել