Կորոնավիրուս

ՍԱՏՄ տեսուչները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում

ՍԱՏՄ տեսուչները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում

Շարունակվում են ՍԱՏՄ խստացված ստուգումները՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում: 36 տնտեսավարողի մոտ անցկացված վերահսկողության ընթացքում կազմվել է 21 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:49 - 21 հոկտեմբերի, 2021
Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել է, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակը: Սակայն նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ այդ ենթատեսակն ավելի վտանգավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ դելտա շտամի նոր ենթատեսակը՝ AY.4.2-ը, կարող է բուն «դելտա»-ից 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա այս տեսակը կդառնա ամենավարակիչը կորոնավիրուսի տարածումից ի վեր: Գիտնականները կարծում են, որ հենց AY.4.2-ը կարող է պատճառ լինել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի համար: Հայտնի է, որ երկրում վարակումների 10 տոկոսն արդեն պատկանում են AY.4.2 տեսակին: «Կորոնավիրուսը մուտացվում է, և մենք անդադար նոր տեսակներ ենք հայտնաբերում, այդ թվում և «դելտա»-ի նոր տեսակը, որն այս պահին անվանում են AY.4.2: Այս տեսակն այժմ արագ տարածվում է: Թեպետ այս պահին չկան տվյալներ այն մասին, որ AY.4.2-ն ավելի վտանգավոր է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է հաջորդել դրան: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախարարը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:  
22:17 - 20 հոկտեմբերի, 2021
Գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում․ համաճարակաբան |hetq.am|

Գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում․ համաճարակաբան |hetq.am|

hetq.am: «Տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին։ Թեստերի քանակը բավական մեծ է, բայց նաև բարձր է դրական պատասխանների տոկոսը։ Գիտենք, որ նորման 3/5-ն է, հիմա 5-ից բարձր է, հասնում ենք մինչեւ 16 տոկոս, իսկ սա նշանակում է, որ ոչ բոլոր դեպքերին ենք ախտորոշում»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։ Նրա խոսքով՝ գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում, որը մտահոգիչ է, քանի որ հիվանդանոցներում իրենց հոսպիտալացմանը սպասող մարդիկ կան արդեն։ Բադալյանը նշեց, որ կարող է դեֆոլտային վիճակը բերել տներում մահերի շատացմանը, խոսեց դելտա շտամի մասին, այն որակեց ավելի կայուն և ագրեսիվ․ «Մահացությունն այս վիճակով արդեն բարձր է»,- հավելեց համաճարակաբանը։ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ մարդիկ մոռանում են հակահամաճարակային կանոնների մասին։ Նա հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները բուժհաստատություններ գնալիս և պատվասման իրենց հերթին սպասելիս։ Վերջինս նաև նշեց, որ մահաբերության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարներից է Հայաստանը, որը պայմանավորված է դելտա շտամի ագրեսիվությամբ։ «Դելտա շտամի առավել տարածված և դոմինանտ դառնալու հետ կապված հղիությունը ևս դարձավ ռիսկային, կան հոսպիտալացված հղիներ»,- ասաց Տեր-Ստեփանյանը, ապա նշեց, որ կորոնավիրուսով այս շրջանում վարակվելը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության և վիժման վտանգի, ինչպես նաև կարող է առաջացնել ներարգանդային թոքաբորբ։ Անդրադառնալով կորոնավիրուսի ախտանիշներին՝ Մերի Տեր-Ստեփանյանը նշեց, որ այսօր խոսվում է երկարատև կովիդի մասին, երբ հիվանդի մոտ այն կարող է տևել մինչև 3 ամիս՝ պահպանելով հին ախտանիշները կամ ձեռք բերելով նորերը։ «Հաճախ հանդիպող ախտանիշներից է հևոցը, որը բավականին երկար պահպանվում է պացիենտների մոտ, ինչպես նաև մկանացավերը, հոդացավերը, կոորդիանացիայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական խանգարումները, որոնք հաճախ երկար են պահպանվում»,- նշեց համաճարակաբանը։ Համաճարակաբաններն անդրադարձան վերջին շրջանում պատվաստանյութերի վերաբերյալ քննարկմանը, Տեր-Ստեփանյանի խոսքով՝ բոլոր պատվաստանյութերը կիրառելի են բնակչության համար, և անցել են փորձաքննությունները, բոլոր պատվաստանյութերն անվտանգ են, իսկ պատվաստանյութերից առաջացած ջերմությունը և այլ գործոնները օրգանիզմի ռեակցան են։ Համաճարակաբանները հորդորեցին հետևել ապացուցողական բժշկությանը։
13:37 - 20 հոկտեմբերի, 2021
Gilead Sciences-ը Covid-19-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի Veklury դեղամիջոց |armenpress.am|

Gilead Sciences-ը Covid-19-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի Veklury դեղամիջոց |armenpress.am|

armenpress.am: Gilead Sciences ընկերությունը հայտարարել է, որ  Հայաստանին կնվիրաբերի 3000 սրվակ Veklury (Remdesivir) դեղամիջոց՝ COVID-19- ով հոսպիտալացված հիվանդներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Businesswire-ը: Ընկերությունը 100 հազար սրվակ էլ կտրամադրի Ինդոնեզիային: «Քանի որ COVID-19- ի դեպքերը կրկին ամբողջ աշխարհում աճում են, և վիրուսը շարունակում է ազդել շատերի կյանքի վրա, մենք շարունակում ենք աշխատել, որ մեր դեղամիջոցները հասնեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս նվիրատվությունները մեր շարունակական հանձնառության վերջին օրինակն են, և մենք կշարունակենք աշխատել կառավարությունների, առողջապահական մարմինների հետ՝ մեր դեղամիջոցները հնարավորինս արագ հասանելի դարձնելու համար»,-ասել է Gilead Sciences- ի գլխավոր առևտրային պատասխանատու Յոհաննա Մերսիերը: Նշվում է, որ Gilead- ը սերտորեն համագործակցում է դիստրիբյուտոր գործընկերների և ուղղակիորեն Հայաստանի և Ինդոնեզիայի կառավարությունների հետ `այդ նվիրատվությունների գործընթացը համակարգելու համար: Նշվում է, որ Veklury-ն COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների բուժման հակավիրուսային ստանդարտն է, այս պահին Միացյալ Նահանգներում COVID-19- ով հոսպիտալացված հիվանդների կեսից ավելին բուժվում է Veklury-ով : Veklury-ը հաստատված կամ լիազորված է ժամանակավոր օգտագործման համար աշխարհի մոտ 50 երկրներում:  
17:54 - 19 հոկտեմբերի, 2021
Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա |armenpress.am|

Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի՝ պատվաստված քաղաքացիներին թույլատրվել է այցելել Մալթա՝ Covid-19-ի դեմ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջով:  Ինչպես հայտնում է Schengenvisainfo-ն՝ Մալթան որոշել է ճանաչել 4 երկրի՝ Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի կողմից տրամադրված պատվաստման վկայագրերը: Հոկտեմբերի 15 –ին Մալթայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը որոշել է այս չորս երկրի կողմից տրված վկայականները ճանաչել՝ որպես վիրուսի նկատմամբ անձեռնմխելիության վավեր ապացույց: Համաձայն Մալթայի պաշտոնական ճանապարհորդական պորտալի ՝ VisitMalta- ի արված հայտարարության՝ 4 երկրի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթա՝ պայմանով, որ նրանց պատվաստման վկայականները պետք է  համապատասխանեն երկրի իշխանությունների կողմից սահմանված պահանջներին: Որպեսզի Մալթայում պատվաստման վկայականը ճանաչվի, անձը պետք է պատվաստված լինի Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով  և ստացած լինի անհրաժեշտ բոլոր չափաբաժինները: Այսպիսով` կթույլատրվի Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի այն քաղաքացիների մուտքը Մալթա, որոնք պատվաստվել են AstraZeneca, Moderna, Johnson & Johnson և Pfizer/BioNTech պատվաստանյութերով:  Ընդ որում` պատվաստանյութի վերջին դոզան ստանալու օրվանից պետք է անցած լինի առնվազն 14 օր:
17:11 - 19 հոկտեմբերի, 2021
Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան

Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը: «Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Դեսպան Անդրեսենը տեղեկացրեց, որ «Team Europe» նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
20:22 - 18 հոկտեմբերի, 2021
Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ

Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը, այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
14:37 - 18 հոկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

Արցախում կորոնավիրուսով վարակված 11 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 30-ինը՝ ծանր

Հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
13:44 - 18 հոկտեմբերի, 2021
Կազմվել է արձանագրություն՝ աշխատակիցների դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով․ ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի սուպերմարկետներում

Կազմվել է արձանագրություն՝ աշխատակիցների դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով․ ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Երևանի սուպերմարկետներում

Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողության ընթացքում մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում խախտումներ են գրանցել: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, մանրամասնելով, որ կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամի չափով տուգանքի, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
11:08 - 18 հոկտեմբերի, 2021