Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն
14:08 - 12 նոյեմբերի, 2022

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Հայաստանյան կայքերում տեղեկություններ են տարածվում մի հետազոտության մասին, որի հեղինակներն, իբր, հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ:

Նույն հրապարակումներում նաև հղում է արվում The Lancet ամսագրում հրապարակված զեկույցին, որտեղ «ընդունվում է, որ COVID-19-ը կարող էր առաջանալ լաբորատորիայում»։ 

Փորձենք հասկանալ, թե ինչ հետազոտության և ինչ զեկույցի մասին է խոսքը, և արդյո՞ք իսկապես կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի՝ SARS-CoV-2-ի արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերվել։

 

Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը, ե՞րբ ու որտե՞ղ է հրապարակվել այն

Այս տարվա հոկտեմբերի 20-ին bioRxiv հարթակում հայտնվեց մի հետազոտություն։ Հետազոտության հեղինակներն են մաթեմատիկոս-կենսաբան Ալեքս Ուոշբերնը, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի դեղագիտության դոցենտ Անտոնիուս Վանդոնգենը և Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի մոլեկուլային իմունոլոգ Վալենտին Բրուտելը։

Այս հետազոտության մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ այն հրապարակված է bioRxiv-ում՝ մի հարթակում, որտեղ գիտնականները տեղադրում են իրենց աշխատանքները մինչև գրախոսվելը։ Երեք հեղինակների հոդվածը դեռ գրախոսություն չի  անցել և չի հրապարակվել որևէ գրախոսվող գիտական ամսագրում։ Որպեսզի որևէ գիտական հոդված հրապարակվի գրախոսվող ամսագրում, տվյալ ոլորտի այլ գիտնականներ պետք է ընթերցեն այն, անճշտություններ, թերություններ գտնելու դեպքում տեղեկացնեն հեղինակներին, որ նրանք հնարավորություն ունենան դրանք ուղղելու։ Գրախոսություն անցնելուց և վեջնական տեսքի բերվելուց հետո միայն հոդվածը կարող է հրապարակվել գրախոսվող ամսագրում։ Այս հետազոտության հավաստիության մասին հիմնավոր դատողություններ կարելի է անել գրախոսվելուց հետո միայն։

 

Ի՞նչ են հայտնաբերել հետազոտության հեղինակները

Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է վերը նշված հետազոտությունը, նախ պետք է որոշակի պատկերացում կազմենք կենսաբանական մի քանի տերմինների մասին։

Այսպես, մեր բջիջներում կան ԴՆԹ կոչվող մոլեկուլներ։ ԴՆԹ-ն իր տեսքով երկար աստիճան հիշեցնող երկպարույր շղթա է, և նրա շղթաներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ավելի փոքր հատվածներից։ Այս հատվածները մենք անվանում ենք տառերով՝ A, T, C և G։ Ավելի պարզ ասած՝ ԴՆԹ շղթան այս տառերի հաջորդականությունն է։ 

Այն, թե ինչ հերթականությամբ են ԴՆԹ շղթայում դասավորված այս 4 տառերը, շատ կարևոր է, քանի որ այս տառերի որոշակի հաջորդականությունները ԴՆԹ շղթայի կոնկրետ հատվածներում կոդավորում են մեր գեները։ Իսկ մեր գեներից յուրաքանչյուրում նշված տառերի միջոցով կոդավորված տեղեկությունների շնորհիվ մեր օրգանիզմում ստեղծվում են սպիտակուցներ, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Հիմնականում սպիտակուցներից են կազմված մեր բջիջները, և մեր բոլոր հատկանիշները պայմանավորված են սպիտակուցների գործունեությամբ։

Իսկ ԴՆԹ հաջորդականություններում կոդավորված այս բոլոր տեղեկությունների ամբողջությունը մեր գենոմն է։

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, ունի իր գենոմը։ Այս հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ը և վիրուսի գենոմում մի օրինաչափություն են հայտնաբերել, որն, ըստ նրանց, բնորոշ է արհեստական վիրուսներին։ Դա էլ հիմք է տվել ենթադրելու, որ վիրուսը կարող է ունենալ ոչ բնական ծագում։

 

Ի՞նչ օրինաչափության մասին է խոսքը

Գոյություն ունեն հատուկ ֆերմենտներ, որոնք կարողանում են ԴՆԹ շղթայի  համապատասխան վայրերում կտրվածքներ անել, ավելի պարզ ասած՝ ԴՆԹ երկար շղթան բաժանել ավելի փոքր հատվածների։ Այս ֆերմենտների օգնությամբ հնարավոր է նաև ԴՆԹ առանձնացված հատվածները միավորել և նոր գործառույթներով գեներ ստեղծել։ 

Իրենց հետազոտության մեջ հեղինակները նշում են այս տեխնոլոգիայով արհեստական վիրուսների ստեղծման մասին։ Հետազոտությունից պարզ է դառնում, որ ուսումնասիրելով SARS-CoV-2-ի գենոմը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիրուսի գենոմում վերը նշված ֆերմենտների բաշխվածությունն «անոմալ» է բնական կորոնավիրուսների համար (վիրուսների խումբ, որոնց շարքին է դասվում կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ը) և սովորական է լաբորատորիայում հավաքված վիրուսների համար։ Այլ կերպ ասած՝ ֆերմենտների նման բաշխվածությունը նրանց հիմք է տվել ենթադրելու, որ SARS-CoV-2-ի գենոմը հավաքված է լաբորատորիայում ԴՆԹ հաջորդականության փոքր կտորներից։

Չխորանալով հետազոտության այլ մանրամասների մեջ՝ նշենք, որ դժվար է ասել՝ արդյո՞ք դրա հեղինակներն իրոք SARS-CoV-2-ի լաբորատոր կամ արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերել։ Այս հարցին պիտի պատասխանեն ոլորտի գիտնականները, որոնք կգրախոսեն հոդվածը։ 

Շատ կարևոր է նշել, որ հոդվածի հեղինակները չեն պնդում, որ եթե վիրուսն իսկապես արհեստական ծագում ունի, ապա ստեղծվել ու տարածվել է միտումնավոր։ Հեղինակներից Վալենտին Բրուտելն, օրինակ, գերմանական N-tv-ին տված հարցազրույցում չի բացառել, որ արհեստական վիրուսը կարող էր լաբորատորիայից արտահոսել գենետիկ փորձերի հետևանքով։

 

Հետազոտության վերաբերյալ կարծիքներ

Գիտական հանրությունը միանշանակ չի ընդունել դեռևս չգրախոսված այս հետազոտությունը։ The Economist պարբերականն անդարադարձել է հետազոտությանը՝ ներկայացնելով նաև դրա վերաբերյալ տարբեր գիտնականների կարծիքներ։

Սիդնեյի համալսարանի էվոլյուցիոն կենսաբան և վիրուսաբան Էդվարդ Հոլմսն, օրինակ, ասում է, որ հոդվածում հայտնաբերված բոլոր հատկանիշները բնական են և արդեն հայտնաբերվել են չղջիկների այլ վիրուսներում: 

Լոնդոնի համալսարանական քոլեջի հաշվողական կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն էլ նշում է, որ չի կարողացել բացահայտել որևէ ճակատագրական սխալ հետազոտության հիմնավորումների և մեթոդաբանության մեջ: 

Էրիկ վան Նիմվեգենը՝ Բազելի համալսարանից, ասում է, որ կան տեղեկության միայն փոքր կտորներ, և «դժվար է դրանից վերջնական որևէ բան դուրս բերել»:

Այսպիսով, հետազոտության վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, և ինչպես նշեցինք, միայն գրախոսությունից հետո պարզ կդառնա՝ հետազոտությունն իրո՞ք արժանահավատ է, թե՞ ոչ։

 

Ի՞նչ է ասում The Lancet-ի զեկույցը SARS-CoV-2-ի ծագման մասին 

Անդրադառնանք նաև The Lancet ամսագրի զեկույցին։ 2020-ին The Lancet-ում հանձնաժողով ստեղծվեց, որի նպատակն էր կորոնավիրուսային համավարակը ճնշելու վերաբերյալ առաջարկներ մշակել։ Հանձնաժողովում ներառվեցին համաշխարհային փորձագետներ՝ հանրային քաղաքականության, միջազգային համագործակցության, համաճարակաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտներից։

2022-ի սեպտեմբերին հրապարակված ծավալուն զեկույցի մի առանձին գլուխ նվիրված է SARS-CoV-2-ի ծագմանը։ Զեկույցում շեշտվում է, որ վիրուսի ծագումը դեռևս հայտնի չէ։

«Մենք համաձայն ենք 18 առաջատար գիտնականների հետ, որոնք 2021 թվականի մայիսին Science ամսագրում գրել են. «Մենք պետք է լրջորեն որպես վարկած ընդունենք թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերը, քանի դեռ բավարար չափով տվյալներ չենք ունենա»»,- վիրուսի ծագման մասին ասվում է զեկույցում։

Հղում է արվում նաև The Lancet-ում 16 գիտնականների հայտարարությանն այն մասին, որ վիրուսի և՛ կենդանաբանական, և՛ լաբորատոր ծագման ամբողջական ապացույցները բացակայում են։

«Անկախ փորձագետները, որոնց հետ խորհրդակցել է Lancet COVID-19-ի հանձնաժողովը, այն տեսակետի կողմնակից են, որ թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերի վերաբերյալ վարկածները գործում են և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»,- ասվում է զեկույցում:

Այնուհետև ներկայացվում են վիրուսի ծագման բնական և լաբորատոր վարկածները։ 

Ըստ առաջին վարկածի՝ SARS-CoV-2-ն առաջացել է բնական տարածման արդյունքում, այսինքն՝ կենդանուց անցել է մարդու, այնուհետև՝ մարդուց մարդու։

Ըստ երկրորդ վարկածի՝ վիրուսը ծագել է հետազոտության հետ կապված գործողություններից․

  • հետազոտողը վարակվել է նմուշներ հավաքելիս, 
  • հետազոտողը վարակվել է լաբորատորիայում իրենց բնական միջավայրում հավաքված վիրուսներն ուսումնասիրելիս, 
  • հետազոտողը վարակվել է լաբորատորիայում գենետիկ մանիպուլյացիայի ենթարկված վիրուսներն ուսումնասիրելիս։

Զեկույցում նշվում է, որ անկախ հետազոտողները դեռ չեն ուսումնասիրել ԱՄՆ լաբորատորիաները, որոնք զբաղվում են SARS-CoV-ի նման վիրուսների լաբորատոր մանիպուլյացիայով, և չեն ուսումնասիրել Վուհանում (քաղաքը, որտեց առաջին անգամ հայտնաբերվեց վիրուսը) իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների մանրամասները։

«Դեռևս չկա անկախ, գիտական ​​և համատեղ աշխատանք՝ այս թեմայի վերաբերյալ: Վիրուսի ծագման որոնումը պահանջում է միջազգային խմբերի անաչառ, անկախ, թափանցիկ և մանրակրկիտ աշխատանք վիրուսաբանության, համաճարակաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ հարակից ոլորտներում բոլոր կառավարությունների աջակցությամբ»,- ասվում է զեկույցում:

Այսպիսով, դեռևս չկան հստակ ապացույցներ այն մասին, թե ինչ ծագում ունի SARS-CoV-2-ը։ Պնդել, որ վիրուսն ունի արհեստական ծագում՝ հիմնվելով միայն չգրախոսված մեկ հետազոտության վրա, որը գիտական հանրությունը ոչ միանշանակ է ընդունել, չենք կարող։ Սակայն չենք կարող պնդել նաև հակառակը։ 

Գլխավոր լուսանկարը՝ paho.org-ից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել