Հունգարիա

Վիկտոր Օրբանն այսօր կժամանի Թբիլիսի
 |azatutyun.am|

Վիկտոր Օրբանն այսօր կժամանի Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Վրաստան կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա մի շարք հանդիպումներ կունենա Թբիլիսիում, կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն ու Օրբանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհավորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նախքան ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումը։ «Վրաստանի ժողովուրդը գիտի, թե որն է լավագույնն իր երկրի համար, և այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին», - հայտարարեց Հունգարիայի վարչապետը։ Նրա ոչ դեմոկրատական ներքին ու Արևմուտքի նկատմամբ թերահավատ արտաքին քաղաքականությունը դարձել է «Վրացական երազանք»-ի ոգեշնչման աղբյուր, իսկ Օրբանը «Վրացական երազանք»-ի առանցքային դաշնակիցը։ Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններին 12 տարի իշխանության ղեկին գտնվող ռուսամետ «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը։ Ընտրությունների ընթացքում իրավապաշտպաններն ու լրատվամիջոցները բազմաթիվ խախտումների մասին են հաղորդել՝ նշելով, որ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, ճնշումներով և լարվածությամբ։ Անցողիկ շեմը հաղթահարել են 4 ընդդիմադիր կուսակցություններ, սակայն նրանցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքները չի ընդունում նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խորհրդակցություններ է անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։
09:30 - 28 հոկտեմբերի, 2024
Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որևէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցերը: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է բոլոր ժամանակներում հունգարական կողմի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը հայ համայնքին: Պատգամավորի խոսքով Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի` հումանիտար հարցերում մեր երկրին աջակցելու առաջարկը, մասնավորապես` հայ ռազմագերիների ազատ արձակման առումով: Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է հիշատակել 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ 5 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձը: Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային կայունությանն ուղղված հայկական կողմի ջանքերը, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին` ընդգծելով, որ մեր երկրի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը: Պատգամավորը մանրամասնել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանի զարգացմանը: Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը եւս կարևորել է երկկողմ կապերի զարգացումը տարբեր բնագավառներում: Նա վերահաստատել է հունգարական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային ժառանգության պահպանման խնդրին, տնտեսության, գիտության, կրթության, հոգևոր-մշակութային, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Ընդգծվել է հատկապես երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել այն փաստը, որ հաջողությամբ իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ամառային ճամբարի նախաձեռնությունը. երեխաների առաջին խումբն օգոստոսին այցելել է Հունգարիա: Նշվել է, որ ծրագիրը շարունակական է լինելու: Ավարտին կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանը, Արսեն Թորոսյանը և Գայանե Եղիազարյանը:
18:16 - 11 հոկտեմբերի, 2024
Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։ Կողմերը քննարկել են նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ընդլայնումը ցույց է տալիս փոխադարձ հետաքրքրվածությունը՝ գործընկերությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում: Զրույցի ընթացքում գործընկերներն անդրադարձել են նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Նախարարներն ընդգծել են, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։ Երկու երկրների նախարարները հանդիպման ավարտին կրկին վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու բազմոլորտ համագործակցությունը՝ ընդգծելով առկա մեծ պոտենցիալը։
10:15 - 11 սեպտեմբերի, 2024
Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո
 |azatutyun.am|

Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերին, ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով նաև որ նախօրեին սկսվել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։ Սիյարտոն նաև ընդգծել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։ «Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Հայաստանը ստացել է 10 միլիոն օգնություն Եվրոպական խաղաղության շրջանակից», - գրել է Հունգարիայի արտգործնախարարը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն Երևանում և Բուդապեշտում։ Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։
10:14 - 11 սեպտեմբերի, 2024
Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին․ Սիյարտո
 |1lurer.am|

Հունգարիան կարող է աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին․ Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիան այն կարգավիճակում է, որ կարող է հաղորդակցվել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա՝ հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո մենք առևտրի ռեկորդ ենք գրանցել, հաստատել ենք ուղիղ չվերթ, տեղահանված ընտանիքներից ընդհանուր առմամբ հազար երեխա ենք ընդունել մեր երկրում՝ անցկացնելու ամառային արձակուրդը, հավելյալ 800 հազար եվրո ենք տրամադրել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին։ Մենք նաև նախատեսում ենք սկսել համագործակցություն էներգետիկ ոլորտում, բացել դեսպանություններ»,- ասել է Սիյարտոն։ Նա հավել է, որ Ադրբեջանի հետ էլ Հունգարիան ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ։ Սիյարտոյի խոսքով՝ դա իր երկրին հնարավորություն է տալիս՝ աջակցելու խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու գործընթացին։ Նա նշել է, որ Բուդապեշտը կարող է բանակցությունների հարթակ լինել երկու երկրի համար։
18:09 - 10 սեպտեմբերի, 2024
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ
 |factor.am|

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համաձայնագիր են ստորագրել «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի վերաբերյալ |factor.am|

factor.am: Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու համար՝ «Սևծովյան էներգետիկ մալուխ» նախագծի իրականացման նկատակով։ Այս մասին  հայտնում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ «Կանաչ էներգետիկ միջանցք» համատեղ ձեռնարկության ստեղծման բաժնետերերի համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի համակարգերի օպերատորները՝ Azerenergy, Georgia State Electric System, Transelectrica և MVM: «Համատեղ ձեռնարկությանը և աշխատանքային խմբին հանձնարարված է արագացնել համատեղ գործընթացները խորհրդատվական ընկերության հետ՝ սահմանված ժամկետում ավարտելու ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը, նախապատրաստելու համատեղ ձեռնարկության գործողությունների պլանը մինչև նախարարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև սկսել խորհրդակցությունները նախագծի բիզնես մոդելների հետ կապված։ «Կանաչ էներգետիկ միջանցք»-ը կֆինանսավորի ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և պատասխանատու կլինի դրա պատրաստման ու իրականացման մոնիթորինգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:55 - 03 սեպտեմբերի, 2024
Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է․ Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո
 |tert.am|

Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է․ Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո |tert.am|

tert.am: Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ, և արդյունքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է: Այս մասին նա գրել է սոցցանցում։ «Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է», - գրել է Սիյարտոն: Դիվանագետն ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ պատերազմի կանխման կարևորությունը։ «Եթե մերձավորարևելյան ներկայիս ճգնաժամը տարածվի դեպի ևս մեկ երկիր, այնտեղ կանգ չի առնի, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է գլոբալ անվտանգային սպառնալիք դառնալ»–, ընդգծել է Սիյարտոն՝ կոչ անելով միջազգային հանրությանը կենտրոնանալ էսկալացիայի կանխարգելման վրա:
21:57 - 05 օգոստոսի, 2024
Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով
 |news.am|

Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով |news.am|

news.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները երկուշաբթի՝ հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հերթական անգամ չեն կարողացել համաձայնության գալ խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցների ապաշրջափակման շուրջ, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումները։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Европейская правда-ն։Բորելի խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հիվանդանոցների դեմ ռուսական վերջին հարձակումները։Ի թիվս այլ հարցերի, քննարկումը վերաբերել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների ապաշրջափակմանը, որը կփոխհատուցի ԵՄ երկրների ծախսերn Ուկրաինային ռազմական օգնության համար։«Անդամ երկրներից շատերը պնդում էին, որ անհրաժեշտ է վերացնել այն վճարումների արգելափակումը, որոնք հետաձգվել են ամիսներով կամ մեկ տարով: Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել Ուկրաինային աջակցելու նոր հիմնադրամի վերաբերյալ որոշման հարցում, որն ավելի քան մեկ տարի արգելափակված է մեկ անդամ պետության կողմից»,- հայտարարել է Բորելը։«Այս անդամ պետությունը պնդեց, որ սա անընդունելի, անտանելի մի բան է, և, ցավոք, արգելափակման իրավիճակը շարունակվում է», - ավելացրեց նա:
12:06 - 23 հուլիսի, 2024
Եվրախորհրդարանի նոր կազմը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային և դատապարտել Օրբանի այցը Մոսկվա
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանի նոր կազմը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային և դատապարտել Օրբանի այցը Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանի նոր կազմը, երեկ ընդունած բանաձևով, կոչ է արել շարունակել աջակցությունը Ուկրաինային և դատապարտել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը Ռուսաստան։ Փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի վերաբերյալ առաջին պաշտոնական դիրքորոշումը, նշվում է հաղորդագրությունում։ Բանաձևն ընդունվել է ձայների 495 կողմ, 137 դեմ և 47 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Փաստաթուղթը հաստատում է աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, կոչ է անում ընդլայնել Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները և բռնագրավել ռուսական սառեցված պետական ակտիվները։ «Վերահաստատելով համոզմունքը, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Ուկրաինային հասցրած ավերածությունների համար, Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են ԵՄ վերջին ջանքերը՝ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներն ուկրաինական պատերազմին ուղղելու համար», - ասված է հայտարարությունում։ Եվրախորհրդարանը դատապարտել է Վիկտոր Օրբանի վերջին այցը Ռուսաստան։ Բանաձևում ասվում է, որ նա չի ներկայացնում ԵՄ-ն, և նրա այցը «պայմանագրերի և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության բացահայտ խախտում է»: Հունգարիան «պետք է պատժվի այդ գործողությունների համար», նշվում է բանաձևում։ Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Բրյուսելն այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։ Այս այցերից հետո Օրբանը՝ ոչ հրապարակային նամակ է հղել ԵՄ ղեկավարությանը՝ նախազգուշացնելով՝ «առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։
09:10 - 18 հուլիսի, 2024
Եվրահանձնաժողովում հայտնել են, որ չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ-ում նախագահությունից
 |news.am|

Եվրահանձնաժողովում հայտնել են, որ չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ-ում նախագահությունից |news.am|

news.am: Եվրահանձնաժողովում հայտնել են, որ իրավաբանորեն չեն կարող զրկել Հունգարիային ԵՄ Խորհրդում նախագահությունից, բայց կարող են բոյկոտել նրան։ Այս մասին «Суспільному»-ի հարցազրույցում ասել է ԵՀ արժեքների եւ թափանցիկության գծով փոխնախագահ Վերա Յուրովան։ Նա նշել է, որ որպես իրավաբան կարող է պնդել՝ Հունգարիային չեն կարող զրկել նախագահությունից ԵՄ Խորհրդում։ «Դա անելու ոչ մի հնարավորություն չկա։ Բայց մենք կարող ենք բոյկոտել եւ ցույց տալ, որ համաձայն չենք Օրբանի քաղաքականության հետ։ Դա այն է, ինչ անում ենք հիմա, եւ աստիճանաբար պատրաստվում ենք Լեհաստանի նախագահությանը, որը կսկսվի Նոր տարուց հետո»,- ասել է պաշտոնյան։ «Հունգարիայի նախագահությունը համընկնում է այն ժամանակին, երբ Խորհուրդը ոչ մի վճռական որոշում չի կայացնելու, քանի որ մենք օրենսդրական շրջանի, ինստիտուտներում մանդատները փոխելու շրջանում ենք»,- ասել է Յուրովան։ Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում սկսվել է հուլիսի 1-ին եւ շարունակվելու է 6 ամիս, բայց այդ ժամկետը խիստ ամրագրված չէ։ Լիսաբոնի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված է այն մասին, որ նախագահությունն «իրականացվում է հավասար փոխատեղման հիման վրա», իսկ ժամկետը եւ հաջորդականությունը որոշվում են ԵՄ գագաթաժողովում։ Հավանության համար բավական է որակյալ մեծամասնության քվեարկությունը։ Հիշեցնենք, որ ԵՄ վեց երկրներ որոշել են բոյկոտել ԵՄ նախարարական հանդիպումները Հունգարիայի նախագահության ժամանակ՝ ի նշան վարչապետ Վիկտոր Օրբանի գործողությունների դեմ բողոքի, նրա «խաղաղարար առաքելությունից» հետո։
14:02 - 17 հուլիսի, 2024
Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները
 |azatutyun.am|

Միշելը մերժել է Օրբանի խաղաղության առաջարկները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխան նամակ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ նշելով՝ ԵՄ խորհրդի ռոտացիոն նախագահությունը միջազգային հարթակում չի ներկայացնում Եվրամիությունը, իսկ Հունգարիան համապատասխան մանդատ չի ստացել Եվրոպական խորհրդի կողմից։ Նամակում, որը թվագրված է հուլիսի 16-ով և հայտնվել է «Ազատության» Current Time-ի տրամադրության տակ, Շառլ Միշելը նշել է, որ հաշվի է առնում Հունգարիայի վարչապետի կարծիքներն ու առաջարկները, բայց միևնույն ժամանակ հիշեցնում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է կոնսենսուսով և հաստատվել հունիսին կայացած վերջին առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ։ Եվրոպայի խորհրդի նախագահն ասել է, որ այդ օրը Եվրամիությունը վերահաստատել է Ուկրաինային և նրա ժողովրդին աջակցելու անսասան հանձնառությունը՝ որքան անհրաժեշտ կլինի։ Միշելը նաև հիշեցնում է Օրբանին, որ ԵՄ Խորհրդում ռոտացիոն նախագահող Հունգարիան միջազգային ասպարեզում Միության անունից հանդես գալու մանդատ չունի։ Շառլ Միշելը հերքել է Օրբանի պնդումը, թե ԵՄ-ն «պատերազմական քաղաքականություն» է վարում՝ նշելով, որ իրականում հակառակն է՝ «Ռուսաստանն է ագրեսորը, իսկ Ուկրաինան՝ զոհը, որն իրացնում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը»։ ԵՄ պաշտոնյան Ռուսաստանի կողմից իր զորքերի դուրսբերումն Ուկրաինայից համարել է խաղաղության ամենաուղիղ ճանապարհը։ Նամակում Եվրախորհրդի նախագահն ամփոփել է՝ Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի։ Շառլ Միշելը նամակի կրկնօրինակն ուղարկել է ԵՄ անդամ երկրներին՝ նշելով, որ նամակագրության մասին կտեղեկացվի նաև Ուկրաինան։ Հուլիսի 1-ից Հունգարիան ռոտացիոն կարգով ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, որից անմիջապես հետո վարչապետ Վիկտոր Օրբանը ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ Նա իր հանդիպումներն անվանել է «խաղաղության առաքելություն»։ Պեկինից հետո Օրբանը մեկնել էր Ֆլորիդա ու հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Թրամփի հետ հանդիպումից հետո նա X-ում գրառում է կատարել՝ նշելով․ - «Օրվա լավ լուրը. նա պատրաստվում է լուծել այս խնդիրը»։ Ավելի վաղ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում կարող է 24 ժամում կանգնեցնել արդեն ավելի քան երկու տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։ Թե ինչպես՝ մինչև այսօր չի հստակեցրել։ Բրյուսելը այս այցերը չի արտոնել, Օրբանն ինքն է խաղաղության շուրջ հանդիպումները նախաձեռնել։ Այս այցերից հետո Օրբանը՝ ոչ հրապարակայիննամակ է հղել ԵՄ ղեկավարությանը՝ նախազգուշացնելով՝ «առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ»։ Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։
09:49 - 17 հուլիսի, 2024
Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը
 |factor.am|

Եվրահանձնաժողովը բոյկոտում է Հունգարիայի նախագահությունը |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը հայտարարել է Հունգարիայի՝ ԵՄ Խորհրդի վեցամսյա նախագահության շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումները բոյկոտելու մասին՝ ի պատասխան Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա և Պեկին վիճահարույց այցերի: ԵՀ-ն եվրոհանձնակատարներին չի ուղարկի Հունգարիայում ԵՄ նախարարների ոչ պաշտոնական համաժողովներին։ Փոխարենը Հանձնաժողովն այս հանդիպումներին կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ: «Հունգարիայի նախագահության մեկնարկի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ նախագահը [Ուրսուլա ֆոն դեր Լեյենը] որոշել է, որ Եվրահանձնաժողովը ավագ պետական ծառայողների մակարդակով ներկայացված կլինի միայն Խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումներում»,- X-ի իր էջում հայտնել է ԵՀ խոսնակ Էրիկ Մամերը։ Նա նաև հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին պաշտոնական այցը Հունգարիա չեղարկելու մասին։ Հուլիսի 1-ից Հունգարիայի կողմից Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն ացելել է Կիև, Մոսկվա, Պեկին՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով Ուկրաինայի հակամարտությունը։ ԵՄ երկրների դեսպանները դատապարտել են Օրբանի «խաղաղության առաքելությունը»՝ նրան մեղադրելով ԵՄ որոշումների «տառն ու ոգին» խախտելու համար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Վլադիմիր Պուտինին այցելելիս Օրբանը գործել է ոչ թե ԵՄ-ի անունից, այլ Ռուսաստանի և Հունգարիայի «երկկողմ հարաբերությունների» շրջանակում, քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դատապարտումը «բացառում է ԵՄ-ի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոական շփումները»։
13:15 - 16 հուլիսի, 2024
Հունգարիայի նախագահությունն արդեն վնաս է հասցրել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ |azatutyun.am|

Հունգարիայի նախագահությունն արդեն վնաս է հասցրել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Եվրոպական միությանն իր երկրի նախագահության առաջին 12 օրվա ընթացքում, այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք պետք է տեսնենք, թե ինչպես է շարունակվում Հունգարիայի խորհրդի նախագահությունը», - ասել է նախարարության խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է Բեռլինն արձագանքում Օրբանի վերջին դիվանագիտական այցերին, այդ թվում՝ Չինաստան և Ռուսաստան: «Այսօր ընդամենը 12 օր է անցել, բայց դրանք [այցերն] արդեն մեծ վնաս են հասցրել»,- ասել է Գերմանիայի արտաքին գերատեսչության խոսնակը։ Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Հուլիսի 2-ին Օրբանը «խաղաղապահ առաքելությամբ» նախ այցելեց Կիև, ապա Մոսկվա, հետո Պեկինում բանակցություններ վարեց Չինաստանի նախագահի հետ, մեկնեց Վաշինգտոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երեկ էլ ժամանել է Ֆլորիդա, հանդիպել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այցի մասին Օրբանը գրառում է կատարել X-ի իր էջում, նշելով՝ խաղաղության 5-րդ առաքելությամբ հանդիպել է Թրամփի հետ։ «Պատիվ է այցելել Դոնալդ Թրամփին։ Այսօր Մար-ա-Լագոյում քննարկեցինք խաղաղություն հաստատելու ուղիները։ Օրվա լավ լուրը՝ նա պատրաստվում է լուծել այն», - գրել է Օրբանը: Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի։
15:57 - 12 հուլիսի, 2024
Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով |azatutyun.am|

Պուտինը Օրբանի միջոցով Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ոչ մի ուղերձ չի փոխանցել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, պարոն Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպելու մտադրության մասին և ոչ մի նամակ կամ հաղորդագրություն՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, չի փոխանցվել», - ասել է խոսնակը: Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը, մինչ այդ՝ հուլիսի 2-ին, Օրբանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հուլիսի 8-ին Օրբանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և նրա հետ էլ է մտքեր փոխանակել այդ ճգնաժամի կարգավորման հեռանկարների շուրջ։ Հունգարիայի վարչապետն այնուհետեւ մեկնել է ԱՄՆ, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպել է Թրամփին։ Ամփոփելով այդ զրույցի արդյունքները՝ Հունգարիայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ նախկին նախագահը, եթե հաղթի նոյեմբերի ընտրություններում և վերադառնա Սպիտակ տուն, մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Օրբանը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղապահ առաքելություն 5.0»՝ նկատի ունենալով Կիև, Մոսկվա և Պեկին կատարած վերջին այցերը, ինչպես նաև Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը, որի ընթացքում նույնպես անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտությունը:
15:06 - 12 հուլիսի, 2024