armenpress.am: Հունգարիան մտադրություն ունի Երևանում հյուպատոսություն բացել: Այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք մտադրություն ունենք Երևանում հյուպատոսություն բացել: Սա, իհարկե, կօգնի ճանապարհ հարթել և կաջակցի նաև Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացին»,- ասաց Նովակը:
Հունգարիայի նախագահը նաև նշել է, որ հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա:
«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա: 2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից 29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը:
comment.count (0)