Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

Տաթևիկ Ռևազյանը թողնում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Տաթևիկ Ռևազյանը թողնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Այս մասին հայտնում է Տաթևիկ Ռևազյանը։ «Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի: Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։ Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն: Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին: Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, և հետևաբար կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են: Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ: Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք։ Հ.Գ. Լուսանկարը՝ Ֆլայ Առնա ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառումից»,-գրել է Ռևազյանը։
13:19 - 13 հունիսի, 2022
ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022
Ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը․ ՀՀ քաղավիացիա

Ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը․ ՀՀ քաղավիացիա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․   «Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 03.03.2022 թվականին ռուսական Սիբիր ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև: Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը: Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»:
11:25 - 04 մարտի, 2022
Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ |armenpress.am|

Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ |armenpress.am|

armenpress.am: Հայկական Flyone Armenia ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ կայացավ փետրվարի 2-ին. ընկերության Airbus Α320 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց Ստամբուլ օդանավակայան։ Առաջին թռիչքը լուսաբանելու էին եկել թուրքական բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Օդանավակայանում Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանդես եկավ հայտարարությամբ: «Հարգելի բարեկամներ, սիրելի գործընկերներ, ուրախ եմ ողջունելու բոլորիդ և շնորհակալ եմ մեր չվերթի հանդեպ ձեր ուշադրության ու ձեր աշխատանքի համար։ Մեր ընկերությունն իրականացրեց Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով առաջին չվերթը, որը կապեց մեր երկու հնամենի քաղաքները։ Այս պահին Ստամբուլում մեր օդանավ բարձրացած ուղևորները կմեկնեն Երևան։ Մենք կարևորում ենք Երևանի և Ստամբուլի միջև փոխադարձ օդային հաղորդակցության վերականգնումը և այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև մեր ուղևորներին վստահության համար։ Առիթից օգտվելով՝ ողջունում ենք նաև Pegasus ավիաընկերությանը, որն այսօր, Ստամբուլի մեկ այլ օդանավակայանից իրացնելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները։ Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է` որակյաl, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրում, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները, և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար։ Կարևորում ենք այս չվերթների մեկնարկը, ելնելով նաև այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Ես վստահ եմ, որ այս առումով, մեր չվերթները լինելու են հաջողված։ Կարծում եմ, ձեզնից շատերը ցանկանում են հասնակալ, թե տարբեր հարցերի շուրջ ինչպե՞ս են մտածում մեր երկրում։ Իմ համոզմամբ՝ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով Հայաստան, և մեզ համար կրկնակի ուրախալի կլինի, եթե Հայաստան այցելելիս օգտվեք մեր ավիաընկերության ծառայությունից»,- նշեց Անանյանը։ Փետրվարի 3-ին Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։
11:44 - 03 փետրվարի, 2022
Մեկնարկում են Երեւան-Ստամբուլ թռիչքները. առաջինը կսկսի հայկական կողմը |hetq.am|

Մեկնարկում են Երեւան-Ստամբուլ թռիչքները. առաջինը կսկսի հայկական կողմը |hetq.am|

hetq.am: Հայկական «Fly One Armenia» եւ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերություններն այսօրվանից սկսում են Երեւան-Ստամբուլ ավիահաղորդակցության ապահովումը: Թուրքական օպերատորը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ այսօր եւ ամսի 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին): «Fly One Armenia» ընկերությունն էլ այսօրվանից կատարելու է շաբաթական 2 չվերթ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին), իսկ ապրիլից հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին): Նկատենք, որ Երեւան-Ստամբուլ թռիչքի ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից», քանի որ Ստամբուլի ուղղությունը նախորդ 1 տարում չի շահագործվել: Այս պարագայում «օդի տուրքից» կազատվեն թե՛ հայկական, թե՛ թուրքական ավիաընկերությունների ուղեւորները: Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն Երեւանի «Զվարթնոցից» թռչելու է դեպի Ստամբուլի նոր օդանավակայան, որն այդ քաղաքի գլխավոր օդային դարպասն է այսօր, ապա «Pegasus»-ը չվերթեր կատարելու է իր բազավորման կետից՝ Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանից:  Այսօր առաջինը մեկնարկելու է «Fly One Armenia»-ն, որն, ըստ «Զվարթնոցի» չվացուցակի, Երեւանի ժամանակով 18:00-ին պետք է մեկնի: Վայրէջքը Ստամբուլում նախատեսվում է Թուրքիայի ժամանակով 19:50-ին (Երեւանի ժամանակով՝ 20:50-ին): Հայկական ընկերությունը Ստամբուլ-Երեւան չվերթը կսկսի Ստամբուլի ժամանակով 20:40-ին (Երեւանի ժամանակով՝ 21:40-ին), իսկ «Զվարթնոցում» վայրէջքը նախատեսված է 23:50-ին:   «Pegasus Airlines»-ը Ստամբուլից կմեկնի տեղի ժամանակով 23:35-ին, իսկ Երեւանում վայրէջք կկատարի մեր ժամանակով փետրվարի 3-ի լույս գիշերը՝ 02:35-ին: Մեկնումը «Զվարթնոցից» նախատեսված է 06:30-ին, վայրէջքը Ստամբուլում՝ Թուրքիայի ժամանակով 06:50-ին:  
17:52 - 02 փետրվարի, 2022
Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին |armenpress.am|

Հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթների համար օդի տուրքից ազատման մասին |armenpress.am|

armenpress.am: Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար օդի տուրքից ազատման հարցի անհարկի քաղաքականացումը տեղին չի համարում: Պատասխանելով հարցերին՝ Անանյանը մասնավորապես ասաց. «Նորաբաց ցանկացած ուղղություն ստանում է նմանօրինակ արտոնություն: Եվ այդ առումով Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից տրված պարզաբանումները առավել քան սպառիչ են: Այս առումով հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղի է»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանել էին, որ այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից: Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն` 3 տարով: Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:
11:21 - 27 հունվարի, 2022
Ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվեց «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը |armenpress.am|

Ազգային ավիափոխադրողը նախատեսում է թռիչքներ սկսել գարնան վերջից. ներկայացվեց «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթներ սկսել արդեն 2022 թվականի գարնան վերջից, նախանշված են հիմնական ուղղությունները: Այս մասին հայտնեց «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա» -ի ապրանքանիշի շնորհանդեսին: Թռիչքների մեկնարկը, ըստ նրա, կտրվի, հավանաբար, մայիսի վերջին: Եթե տեխնիկական, իրավական բոլոր փաստաթղթերը կարգավորված լինեն, ապա ավիափոխադրողը թիրախավորել է գարնան վերջին սկսել թռիչքները: Անդրադառնալով ուղղություններին՝ Ադել Ալին նշեց.  «Ըստ մեր բիզնես պլանի՝ որոշ ուղղություններ արդեն սահմանված են, մասնավորապես, Կենտրոնական Ասիա, Ռուսաստանի Դաշնություն բավականին մեծ ծածկույթով, Միջին Արևելք, հարակից երկրներ»,-ասաց Ալին: «Ֆլայ Արնա»-ն թռիչքներ իրականացնելուց առաջ նախ պետք է ստանա հավաստագրեր, կարգան է այդպես. ցանկացած ավիափոխադրող նախ դիմում է այլ երկրի համագործակցության համար, ստանում համապատասխան թույլտվություն և բացում երթուղի: Այդ տեսանկյունից երթուղային առումով դեռ հստակ պատասխան չեն կարող տալ: ԵՄ-ն, Ադել Ալիի խոսքով, ևս  «Ֆլայ Արնա»-ի բիզնես պլանի մաս է, բայց ոչ անմիջական: Անդրադառնալով հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակում գտնվելու մասին դիտարկմանը՝ «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ աշխատել են և շարունակելու են աշխատել խնդրի առկայությանը զուգահեռ: «Էյր Արաբիա»-ն համագործակցում է գրեթե 40 օդանավակայանի հետ Եվրոպայում, Ալին վստահ է, որ երբ գա այդ օդանավակայանների հետ աշխատելու պահը՝ ըստ իրենց աշխատանքային պլանի, ապա կգտնեն խնդիրը կարգավորելու ճանապարհը՝ իհարկե հույս ունենալով, որ մինչև այդ պահը արդեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն խնդիրը կարգավորած կլինի: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)-ի և «Էյր Արաբիա»-ի միջև 2021 թվականի  հուլիսին էր ստորագրվել հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր: «Ֆլայ Արնա»-ն գործելու է որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Համատեղ ձեռնարկության 51 տոկոսը հայկական կողմինն է, 49 տոկոսը՝ օտարերկրյա ընկերությանը: Ըստ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի՝ հայկական ազգային ավիաուղիների ծրագիրը ստեղծելիս իրենց առաջ դրել են մի քանի խնդիր: «Նախ ստեղծել իրապես մրցունակ տնտեսական միավոր, որը պետք է հիմնված լինի փորձված, կենսունակ մոդելի վրա: Խնդիր էինք դրել նաև ունենալ ավիաընկերություն, որը հենց նման մրցունակ, կենսունակ մոդելի շնորհիվ Հայաստանը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա ավելի տեսանելի և գրավիչ ուղղություն կդարձնի: Եվ խնդիր ունեինք ստեղծել իրապես հայկական ազգային ավիաընկերություն, որը պոտենցիալ զբոսաշրջիկի և ուղևորի համար առաջին պորտալը կլինի դեպի ՀՀ-ի ոգին և էությունը»,- ասաց Փափազյանը: Նաև որոշում է կայացվել օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը, որովհետև «Էյր Արաբիա»-ն ունի վերը նշված կենսունակ մոդելի՝ տարիների հաջողված փորձ: Փափազյանը դա համարեց «Ֆլայ Արնա»-ի մրցունակության գրավականներից մեկը: «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին հավելեց. «Մեր առաքելությունն է «Էյր Արաբիա»-ի կոմերցիոն փորձը բերել «Ֆլայ Արնա»՝ նպաստելով վերջինիս աճին և հաջողություններին: «Ֆլայ Արնա»-ն կնպաստի նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ ստեղծելով այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են ենթակառուցվածքները, աշխատատեղերը երիտասարդ, կրթություն ստացած մասնագետների համար և այլն: Այնտեղ, որտեղ ստեղծվում են լավ ավիաուղիներ, տնտեսությանը նպաստելու մեծ գործոններ են ձևավորվում»: Ըստ նրա՝ Հայաստանի տեղադիրքը, բնապատկերը, մշակույթը, ժառանգությունը յուրահատուկ առաջարկ են ներկայացնում և հնարավորություն ստեղծում իրականացնելու այն պոտենցիալը, որն այսօր կարող է լինել զբոսաշրջային ոլորտում: Ալին մեծապես հավատացած է, որ ուժեղ ազգային ավիափոխադրողը կօգնի այսպիսի ներուժն իրականացնել՝ իրականացնելով վստահելի, մատչելի և անվտանգ օդային ճամփորդություն: «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշը ներկայացրեց «Էյր Արաբիա»-ի կրեատիվ մենեջեր  Սահմար Խուզամին: Բրենդի առաջնային գույները հայկական դրոշի գույներն են՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: «Ոգեշնչված էինք ճամփորդողի գաղափարով, այն մարդու, որը պատրաստ է հետազոտել աշխարհը՝ տեղափոխվելով մեկ կետից մյուս կետը, ուսումնասիրելով: Ոգեշնչված էինք նաև «A» տառով, որովհետև լատինատառ A-ով է նաև Հայաստանի անունը: Մենք փորձեցինք այս երկուսը համադրել, այսինքն՝ A տառը և քայլելը խորհրդանշող պատկերները, նաև տեղադրվել են Հայաստանի դրոշի գույները»,- ասաց Սահմար Խուզամին: Թե Խուզամին, թե Փափազյանը, և թե Ալին վստահություն հայտնեցին, որ ապրանքանիշն արտահայտում է հայկական ինքնությունը: Մասնավորապես, ըստ Փափազյանի, «Ֆլայ Արնա»-ի  բրենդը արտացոլում է Հայաստանի էությունը, առաջացնում է այն ասոցիացիաները, որոնք պետք է առաջացնեն ազգային ավիաուղիները: Տեսողական ինքնության ձևավորման վրա ամիսներ շարունակ աշխատել է մասնագետների թիմը: Ավիափոխադրող ինքնաթիռների վրա ևս կլինեն Հայաստանի դրոշի գույները:
14:09 - 14 հունվարի, 2022
Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Ադրբեջանական օդանավերի համար Հայաստանի օդային տարածքը փակ չի եղել

Այսօր ռուսական «Տասս» լրատվական գործակալությունը հայտնեց, որ ադրբեջանական ավիաընկերությունը քաղաքացիական չվերթների համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Լուրն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում և սոցիալական հարթակներում, սակայն որոշ լրատվական կայքեր ինչպես նաև սոցիալական հարթակում որոշ անհատներ այս լուրը ներկայացրին մանիպուլյատիվ:  Մասնավորապես Գագիկ Համբարյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում «Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին (լուսանկար)» վերտառությամբ գրառում է կատարել, որում Հայաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքների համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Այս գրառումը տարածել են mamul.am, blognews.am, antifake.am լրատվական կայքերը։  Բացի այս գրառումից լրատվական կայքերը գրում են, որ Հայաստանն իր օդային սահմանը բացել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքների համար։ Արագորեն տարածվող լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ֆեյսբուքյան էջի գրառումն է, որտեղ ասվում է, որ այսուհետ «Ազալ» ավիաընկերությունն Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն սկսում է իրականացնել նաև Հայաստանի օդային տարածքով, քանի որ այդպես կրճատվում է թռիչքի ժամանակը և վառելիքի ծախսը։ Բացի սրանից ասվում է, որ «Ազալն» այսուհետ կօգտագործի օդային բոլոր ճանապարհները թռիչքներ իրականացնելու համար, այդ թվում Հայաստանի և Իրանի օդային սահմանները։ Սակայն Հայաստանն իր օդային տարածքն ադրբեջանական ավիաընկերությունների համար չի բացել, քանի որ այն փակ չի էլ եղել։ Այսպես, օրեր առաջ պաշտոնական գրությամբ դիմել էինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և խնդրել պատասխանել թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների՝ Հայաստանի օդային տարածքով թռիչքների վերաբերյալ մի քանի հարցերի։  Մասնավորապես հարցրել էինք, թե ադրբեջանական ավիաընկերությունը վերջին 10 տարիներին Հայաստանի օդային տարածքով Թուրքիա և Ադրբեջան թռիչքներ իրականացրել է, թե ոչ։ Քաղավիացիայից ստացած գրության համաձայն՝ Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ավիաընկերությունը դեպի Թուրքիա թռիչքներ չի իրականացրել, իսկ դեպի Նախիջևան վերջին թռիչքներն իրականացվել են 2014 թվականին: Մենք նաև խնդրել էինք տրամադրել թռիչքային կոդերի համարները, սակայն վաղեմության պատճառով թռիչքների կոդերն ու օրերը ներկայացնելը հնարավոր չի եղել:  Թուրքական ավիաընկերության վերաբերյալ Քաղավիացիայի տրամադրած պատասխանում նշված է, որ Հայաստանի օդային տարածքով Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ թռիչքներ են իրականացվել Հայաստանի օդային տարածքով Դեռևս հուլիսի 30-ին անդրադարձել էինք Հայաստանի օդային տարածքով Ստամբուլ-Բաքու-Ստամբուլ երթուղով քաղաքացիական թռիչքներին և ներկայացրել վերջին մեկ տարվա տվյալներ։ Այժմ ներկայացնենք Flightradar-ում պահպանված թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների Գյանջա-Նախիջևան-Գյանջա և Բաքու-Նախիջևան-Բաքու թռիչքները։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK 326 թռիչքային կոդով թուրքական ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան երթուղով թռիչքը Հայաստանի օդային տարածքով իրականացրել է 20 անգամ՝ մայիսի 15-ին, 29-ին, հունիսի 5-ին, 12-ին, 19-ին, 26-ին, հուլիսի 3-ին, 10-ին, 17-ին, 24-ին, 31-ին, օգոստոսի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին, սեպտեմբերի 4-ին, 11-ին, 18-ին, 25-ին և հոկտեմբերի 2-ին։ Այս ընթացքում Իրանի օդային տարածքով թռիչք իրականացվել է միայն մեկ անգամ՝ մայիսի 22-ին։ Նախիջևան-Գյանջա երթուղով թռիչքները նույնպես իրականացվել են Հայաստանի օդային տարածքով։ Վերջին մեկ տարվա ընթացքում TK328 թռիչքային կոդով իրականացվել է 21 անգամ՝ մայիսի 18-ին, 25-ին, հունիսի 1-ին, 8-ին, 15-ին, 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, 13-ին, 20-ին, 27-ին, օգոստոսի 3-ին, 10-ին, 14-ին, 24-ին, 31-ին, սեպտեմբերի 7-ին, 14-ին, 21-ին, 28-ին և հոկտեմբերի 5-ին։  Նույն թռիչքային կոդով Հայաստանի օդային տարածքով 5 թռիչք էլ իրականացվել է Գյանջա-Ստամբուլ ուղղությամբ՝ հունիսի 22-ին, 29-ին, հուլիսի 6-ին, օգոստոսի 24-ին և սեպտեմբերի 14-ին։  Ադրբեջանական ավիաընկերությունը, ինչպես արդեն նշեցինք, Հայաստանի օդային տարածքով թռիչք չի իրականացրել 2014 թվականից ի վեր։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 6-ին,  J2251 թռիչքային կոդով ադրբեջանական ավիաընկերությունն իրականացրել է Բաքու-Նախիջևան թռիչքը Հայաստանի երկնքով։ Նույն օրվա ընթացքում մեկ թռիչք էլ եղել է Նախիջևան-Բաքու ուղղությամբ՝ J2252 թռիչքային կոդով։ Հետաքրքրական է J2252 թռիչքային կոդով մայիսի 16-ին իրականացված թռիչքը, որը եղել է Իրանի օդային տարածքով, սակայն, ըստ Flightradar-ի հետագծի՝ ինքնաթիռը մտել է Հայաստանի օդային տարածք։  Ի՞նչ է ասում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիան 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում մի շարք երկրներ վավերացրել են սույն կոնվենցիան, որով կարգավորվում է երկրների քաղաքացիական ավիացիաների միջև կապը, և համաձայն որի՝ գործում են համընդհանուր օրենքներ։ Սույն կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 18-ից։ Համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերի՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից:  Հետևաբար՝ կոնվենցիան վավերացրած պետությունները չեն կարող արգելքներ սահմանել կոնկրետ մի պետության քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ և արգելք սահմանելիս էլ պետք է այն գործի բոլոր օդանավերի նկատմամբ անկախ դրանց ազգային պատկանելությունից։ Այսինքն՝ Հայաստանի օդային տարածքը մշտապես բաց է եղել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ավիաընկերությունների համար։ Թեմայի վերաբերյալ քիչ առաջ հաղորդագրություն տարածեց նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այսպիսով՝ այն լուրերը, թե Հայաստանը օդային տարածքը բացել է կամ «օդային միջանցք» է տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային, մանիպուլյատիվ են։ Նարեկ Մարտիրոսյան
16:35 - 06 հոկտեմբերի, 2021
Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքներ իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը․ դրանից հետո Ադրբեջանն իր նախաձեռնությամբ է դադարել է օգտվել  ՀՀ օդային տարածքից

Բաքու-Նախիջևան երթուղով թռիչքներ իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը․ դրանից հետո Ադրբեջանն իր նախաձեռնությամբ է դադարել է օգտվել ՀՀ օդային տարածքից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի: Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։ Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։ Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում: Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»:
16:28 - 06 հոկտեմբերի, 2021
Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

fip.am: Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»-, հայտարարեց Սուքիասյանը։ Հաջորդ օրը Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ միայն վերահաստատեց իր ելույթում արված պնդումները, այլև հայտնեց նոր մանրամասներ. «Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»: Սարգսյանին՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ բազմաթիվ անգամներ մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարկ է նաև նշել, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, պատասխանելով այս մեղադրանքներին, Սարգսյանը չէր հերքել իր՝ Բադենում լինելը, բայց և նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, իսկ նա մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։ Բադենի ամենամյա հանգստի առեղծվածը Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքը Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։ Հարկ է նշել, որ չնայած տրամադրած տվյալների մի մասում որպես ժամանման քաղաք նշված է «Բադեն», մյուսներում՝ «Բադեն-Բադեն», իսկ որոշ դեպքերում նաև «Կարլսռուhե», սակայն ուսումնասիրելով այդ թռիչքների ժամանակագրությունը և համադրելով համացանցում եղած լուսանկարները՝ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում խոսքը Գերմանիայի Բադեն տարածաշրջանում Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների միջև գտնվող Կարլսռուհե/Բադեն-Բադեն (Flughafen Karlsruhe/Baden-Baden) օդանավակայանի մասին է: Այսպես, առաջին անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր հանգստի համար Հայաստանի հարկատուների հաշվին պետական օդանավը օգտագործել է 2008 թ. օգոստոսին՝ Բադեն-Բադեն մեկնելու համար։ Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։ Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր։ Հատկանշական է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում առկա չէ այս թռիչքը, ինչպես որ բացակայում են հաջորդ տարվա՝ 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները: Կարմիրով նշված են կառավարական օդանավի փաստացի կատարած, բայց Քաղավիացիայի տրամադրած տվյալներում բացակայող թռիչքները Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին, իսկ արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում։ Թե որքա՞ն է այնտեղ մնացել Սարգսյանը՝ հայտնի չէ։ Ժամանում պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում, 2016 թ․ Նույն տարում՝ չորս ամիս անց, Սարգսյանը, օգտագործելով պաշտոնական հանդիպման առիթը, կրկին թռել է Բադեն։ Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը։ Ընդ որում, ըստ կարգադրության, հանդիպումից 4 օր առաջ նախապես մեկնում են միայն նախագահ Ս․ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Ա․Ղահրամանյանը, ՊՊԾ պետի տեղակալ Վ. Ղազարյանը (Սերժի Վաչո) և անվտանգության ևս 5 աշխատակիցներ։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում, 2009 թ․ Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում։ Այսինքն՝ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր առաջ Սարգսյանը ժամանակ է անցկացրել Բադեն-Բադենում, որտեղից էլ մեկնել է պաշտոնական հանդիպման։ Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնելու էր «կարճատև արձակուրդի», որի «միայն մի մասը» պետք է անցկացներ արտերկրում: Սակայն ի հակառակ աշխատակազմի հաղորդագրության, Սարգսյանն արձակուրդի ողջ ընթացքում մնում է արտերկրում։ Համաձայն թռիչքների ժամանակագրության՝  կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։ Այս շրջանում նախագահական կայքում ևս բացակայում են նախագահի մասին մամուլի հաղորդագրությունները։ Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել։ Բադեն-Բադեն ամենամյա այցելությունների շրջանակում 2011 թվականը ևս բացառություն չէր։ Նախագահը մեկնել էր «կարճատև» արձակուրդի։ Հուլիսի 30-ին նախագահական օդանավը մեկնել էր Բադեն-Բադեն։ Հատկանշական է, այս դեպքում թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չէր թաքցվում, ինչպես նախորդ անգամ։ Սարգսյանի «կարճատև» հանգիստը գերմանական այս քաղաքում տևում է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ նախագահը ժամանել էր աշխատանքային այցով։ 2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթը Սարգսյանը նույնպես հաջողացրել էր օգտագործել կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Այսպես, նախագահը պետք է ներկա գտնվեր Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պաշտոնական այցի վերջում, սակայն, պետական ինքնաթիռը ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայանում։ Արդեն օգոստոսի 2-ին նախագահականը հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով, որ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում։ Օգոստոսի 7-ին, ընդհատելով հանգիստը, 3-րդ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ՌԴ նախագահի հետ։ Այս թռիչքը, սակայն, Քաղավիացիայից ստացած տվյալներում բացակայում է, և հարց է ծագում, թե ի՞նչ օդանավով և որտեղից է Սարգսյանը մեկնել Մոսկվա հանդիպման։ Հետաքրքրական է նաև պետական օդանավի՝ օգոստոսի 15-ին իրականացրած Երևան-Կալյարի-Երևան չվերթը, որի մասին տեղեկություն չկա ո՛չ նախագահականի հաղորդագրություններում, ո՛չ էլ կարգադրություններում։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառավարական ինքնաթիռը թռիչք կատարել իտալական Կալյարի հանգստյան քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով և խաղատներով։ 2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, չխախտելով ավանդույթը, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այս քաղաք։ Ուշագրավ է, որ օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ կանգառ է արել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ավարտից հետո՝ նույն օրը, Սարգսյանին վերադարձրել է Երևան: Սակայն պաշտոնական հանդիպումներով խաթարված իր հունիսյան հանգիստը Սարգսյանը շարունակել է մյուս ամիս։ Այսպես, հուլիսի 22-ին պետական օդանավը Սարգսյանին տարել է Բադեն-Բադեն, թողել նրան այնտեղ և տրանզիտային վայրէջք կատարելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ վերադարձել է Երևան։ Այս անգամ ևս նախագահի հանգիստը ընդհատվել է աշխատանքային այցով. օգոստոսի 4-ին Սարգսյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Պետական օդանավը, սակայն, նախագահին վերցրել է ոչ թե Բադեն-Բադենից, որտեղ նրան թողել էր, այլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, որը գտնվում է Բադեն-Բադենից ընդամենը 150 կմ դեպի հարավ։ Թե ինչու՞ և ինչպե՞ս էր նախագահը հայտնվել աշխարհի ֆինանսական և բանկային կենտրոն համարվող շվեյցարական այս քաղաքում՝ անհայտ է։ Սակայն երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո նա կրկին Ցյուրիխ է վերադառնում՝ ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնելու։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 11-ին, նախագահին արձակուրդից վերադարձնելու համար Երևանից Ցյուրիխ է մեկնում  պետական օդանավը, որը հետ գալու ճանապարհին վայրէջք է կատարում նաև Աթենքում, ամենայն հավանականությամբ՝ վերցնելու այն ուղևորին/ներին, որոնց թողել էր այնտեղ ավելի քան 20 օր առաջ։ Սերժ Սարգսյանն ու կառավարական օդանավը 2014 թվականի օգոստոսի 3-ին նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել, որտեղից էլ պետք է մեկներ Սոչի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Ուշագրավ է սակայն, որ Սարգսյանը, Ալիևի հետ հանդիպումից առաջ կրկին մեկնում է Բադեն-Բադեն։ Նա այնտեղ մնում է երեք օր՝ օգոստոսի 5-8-ը, որից հետո մեկնում է Սոչի, որտեղ կայացած եռօրյա հանդիպումներից հետո՝ օգոստոսի 11-ին, վերադառնում է ոչ թե Երևան, այլ Բադեն-Բադեն։ Նույն օրը նախագահականը հայտնում է նրա՝ կարճատև արձակուրդ մեկնելու մասին։ 2015 թ. ամռանը, չխախտելով ավանդույթը, Սարգսյանը արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում՝ պետական օդանավով այնտեղ մեկնելով հուլիսի 24-ին։ Պետական օդանավը այնտեղ մնում է երկու շաբաթ. Սարգսյանը օգոստոսի 1-ին վերադառնում է Երևան՝ արարողության մասնակցելու համար։ Երկու օր անց պետական օդանավը նրան տանում է Ցյուրիխ, որտեղ Սարգսյանը մնում է մինչև օգոստոսի 15-ը։ Նկատենք, որ օդանավակայանում պետական օդանավի կայանման համար անհրաժեշտ է վճարել  կայանման վճար։ Իր ղեկավարման վերջին երկու տարիներին՝ 2016 և 2017 թվականներին, Սարգսյանն այցելում էր Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ արդեն տարեկան երկուական անգամ։ Սակայն ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի այցն է Բադեն-Բադեն Ապրիլյան պատերազմի ֆորմալ ավարտից մի քանի ժամ անց՝ ապրիլի 5-ին։ Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 5-ին հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն, փաստացի, լարված իրավիճակը և ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով դեռ շարունակվում էին։ Ավելին՝ հակառակորդը շարունակում էր խոշոր տրամաչափի զենք կիրառել, հայկական կողմից գրանցվում էին զոհեր, իսկ բազմաթիվ զինվորներ կյանքի համար պայքար էին տալիս։ Եվ այս ծանր իրավիճակում, պարզվում է, Սարգսյանը ապրիլի 6-7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն մեկնելու համար։ Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն և մեկ օր անց միայն՝ ապրիլի 6-ին հայտնվել Բեռլինում։ Ի՞նչ էր անում Սարգսյանը Բադեն-Բադենում երկրի համար այդ սարսափելի ժամանակահատվածում և ինչու՞ Երևանից մեկնեց հանդիպումից մեկ օր առաջ՝ կրկին հայտնի չէ։ 2016 թ. օգոստոսին նախագահը կրկին մեկնում է Բադեն-Բադեն՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցից անմիմիջապես հետո։ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անմիջապես Բրազիլիայից, բայց ոչ նախագահական օդանավով։ Սակայն արդեն օգոստոսի 25-ին Երևանից մեկնած պետական օդանավը վերադարձրել է նրան Երևան։ 2017 թ. ամանորյա տոները նախագահը կրկին որոշում է անցկացնել արդեն հարազատ դարձած գերմանական քաղաքում և հունվարի 5-ին, հայտարարելով իր արձակուրդի մասին, պետական օդանավով մեկնում է Բադեն-Բադեն/Կարլսռուհեի օդանավակայան։ Պետական օդանավով Սերժ Սարգսյանի վերջին արձակուրդային թռիչքը դեպի Բադեն-Բադեն տեղի է ունեցել 2017 թ. հուլիսի 22-ին, ընդ որում՝ պաշտոնապես արձակուրդի հայտարարումից երկու օր շուտ։ Արդեն օգոստոսի 5-ին Սարգսյանն ընդհատում է արձակուրդը և գործարար Սամվել Կարապետյանին պատկանող օդանավով մեկնում է (կառավարական օդանավը խափանվել էր Գերմանիայում) Թեհրան՝ մասնակցելու Իրանի՝ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Այնուհետև Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մեկնում է Ցյուրիխ, որտեղից օգոստոսի 14-ին պետական օդանավով վերադառնում է Երևան։ Շարունակությունը՝ fip.am-ում
13:25 - 16 սեպտեմբերի, 2021
«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է  Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

Օդեսա-Երեւան չվերթն ադրբեջանական ավիաընկերության կողմից իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «SkyUP» ավիաընկերության հետ, ինչին ի պատասխան՝ ավիաընկերությունն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։ Այս տարվա օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրել էր, որ նույն օրը Օդեսայից Երեւան թռիչքն իրականացրել է ադրբեջանական Buta Airways ավիաըներությունը։ Գրառման մեկնաբանությունների դաշտում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը նշել էր, որ 06.08.2021 թվականի Օդեսա-Երեւան (չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տվել է համապատասխան թույլտվություն, իսկ Buta Airways ավիաընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն որեւէ չվերթի թույլտվություն չի տրամադրել: Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Օդեսա-Երեւան երթուղով չվերթի թույլտվություն տրամադրվել է բացառապես ուկրակինական «SkyUP» ավիաընկերությանը։ «SkyUP»-ից նշել են, որ նստեցման կտրոնի տրամադրման պատասխանատուները հանդիսանում են միջնորդ ընկերությունները (handling companies): Քաղավիացիայի կոմիտեից ստացած պատասխանի համաձայն՝ ուկրաինական ավիաընկերությունը հայտնել է նաեւ, որ հետաքննությունն է սկսել՝ պարզելու սխալ նստեցման կտրոնների տրամադրման պատճառները։  Կոմիտեից հայտնում են, որ Օդեսա-Երեւան չվերթի հաշվառումն իրականացվել է Օդեսա քաղաքի օդանավակայանում եւ նստեցման կտրոնները տրամադրել են Օդեսա քաղաքի օդանավակայանի ծառայությունները։ Ասպրամ Փարսադանյան
18:05 - 23 օգոստոսի, 2021
ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 13-ին այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները։ Ողջունելով ՔԱԿ անձնակազմին՝ Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ արդյունավետ համագործակցության միջոցով հնարավոր կլինի առկա խնդիրների վերհանման և հետագա մարտահրավերների կանխատեսման և հաղթահարման ուղղությամբ հաջողությունների հասնել, և այդ առումով կարևորել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմի մասնագիտական բարձր ներուժը։ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է իր ղեկավարած կառույցի իրականացրած և շարունակվող աշխատանքները, ոլորտի զարգացումները, ինչպես նաև առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարության տեղեկացմամբ՝ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ում նախարար Գնել Սանոսյանը գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է ՀՀ օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման, մասնավորապես, օդային երթևեկության կարգավարական և աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման համակարգերին ու գործառույթներին, կառույցի տեխնիկական հագեցվածությանը, հետևել է անձնակազմի աշխատանքին։ ՏԿԵ նախարարն այնուհետև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի և ոլորտի մյուս պատասխանատուների ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ժամանման, մեկնման սրահներում, ուղևորների նստեցման և սպասարկման հարակից գոտիներում, ծանոթացել է նաև օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնի աշխատանքին։ «Մարսելո Վենդեն նախարար Գնել Սանոսյանին ներկայացրել է օդանավակայանի ուղևորահոսքերի սպասարկման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել է կորոնավիրուսային համավարակի հետևանքով ուղևորների սպասարկման կազմակերպման դժվարությունների մասին։ Մարսելո Վենդեն և ՀՀ ՏԿԵ նախարարը, մասնավորապես, անդրադարձել են օդանավակայանի սպասարկած ուղևորահոսքերի հեռանկարային աճի պայմաններում օդանավակայանի սպասարկման սրահների ընդլայնման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության և այդ ուղղությամբ ոլորտի պետական գերատեսչության ու օդանավակայանի կառավարիչի միջև հետագա գործակցության վերաբերյալ հարցերին»,- հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Շրջայցի ավարտին Գնել Սանոսյանը այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենք, որտեղ քննարկվել է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի պահպանման և հնարավոր օգտագործման տարբերակների, ինչպես նաև օդանավակայանի զարգացման համար ենթակառուցվածքների հետագա ընդլայնման հնարավորությունների ուղղությամբ հավասարակշռված լուծումներ գտնելու հարցը։
19:39 - 13 օգոստոսի, 2021