Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։

Ծնվել է 1994թ. ապրիլի 9-ին Երևանում: 2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: 2010-2012թթ. սովորել է ՀՊՃՀ ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում:

2012-2014թթ. սովորել է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնում: 2014թ. ստացել է բակալավրի աստիճանի գերազանցության դիպլոմ՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ: 2016թ․ ավարտել է ՀՊԱՀ՝ ստանալով կենսագործունեության անվտանգության մագիստրոսի աստիճան։ 2016թ.-ից ՀՊԱՀ ասպիրանտ է։

2013 թվականից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես Որակի ապահովման մասնագետ։ 2014թ. hոկտեմբերի 28-ին ՏՏ ոլորտում ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նախագահ Ս․ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «լավագույն բակալավր» անվանակարգում: 017թ. մայիսի 14-ին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 2018թ. սեպտեմբերի 23-ին «ԼՈՒՅՍ» դաշինքի համամասնական ցուցակով վերընտրվել է:

Դավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել |pastinfo.am|

Դավիթ Խաժակյանի վարորդին մեղադրանք է առաջադրվել |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնեց ինքը՝ Դավիթ Խաժակյանը. «Իմ վարորոդին առնչվող գործի հետ կապված նորությունն այն է, որ վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս պահին մանրամասներին շատ չեմ տիրապետում, բայց ընդհանուր իմաստով ամբողջ պատմությունը հետևյալն է՝ նրա կողմից աշխատանքին քիչ ներկայանալը, այսինքն՝ այնքանով, որքանով ես նրա առաջ աշխատանքային պարտավորություններ եմ դրել, սա փորձել են կապել համայնքից միջոցներ հափշտակելու քրեական հոդվածի հետ։ Իմ վարորդն ունի փաստաբան, միասին գործին ընթացք կտան, բայց զարմանալին ու միաժամանակ՝ ծիծաղելին այն է, որ այս գործով զբաղվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ քննաչական ծառայության հատուկ կարևորության գործերի բաժինը»։ Ավելին՝ pastinfo.am-ում
09:11 - 04 օգոստոսի, 2020
Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։ - Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։ - Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։ Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։ Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։ Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։ - Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։ - Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։ Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։ - Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։ - Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։ Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։ - Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։ - Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։ Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։ Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։ Արփի Ավետիսյան
21:41 - 27 հուլիսի, 2020
Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին |armtimes.com|

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, մեկնաբանելով իրենց կուսակցության 18-րդ մանդատի վերականգնումը մերժելու մասին ԿԸՀ որոշումը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ԿԸՀ-ն խնդրին մոտեցավ կոնսերվատիվ տեսանկյունից, նայեց, թե տառացի ինչ լիազորություններ ունի: «Չդիտարկեց այն վիճակը, երբ մի պատգամավոր այլ կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսակցություն ստեղծելու համար: Սա անընդունելի է, սա հակասում է ժողովրդի կամարտահայտությանը, «Լուսաավոր Հայաստան»-ին տրված ձայներին»,- նկատեց նա: Շարունակ խոսելով Բաբաջանյանի՝ նոր նախաձեռնություն հիմնելու մասին՝ Խաժակյանը կրկին շեշտեց՝ դա չպետք է լինի այլ կուսակցության հաշվին: Ընդ որում, Խաժակյանը շեշտեց, որ Բաբաջանյանը ամենաքիչ թվով, շուրջ 300 ձայն ստացած պատգամավորն է: «Եթե գոնե մեծամասնական ընտրակարգով բավարար քվեներ ստացած լիներ, կասեր, որ նա որոշակի էլեկտորալ արժեք ունի, բայց դա էլ չկա»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն կարող էր գնալ երկու ճանապարհով. կա՛մ հավելյալ մանդատ տրամադրեր, կա՛մ Բաբաջանյանին այս կամ այն կերպ պարտավորեցներ մանդատը վայր դնել: Թե ինչու են ամիսներ առաջ խմբակցությունից դուրս եկած Բաբաջանյանի մասին նոր հիշել՝ Խաժակյանը նկատեց, որ երբ նա դուրս է եկել խմբակցությունից, առաջարկել են մանդատը վայր դնել, սակայն Բաբաջանյանն ասել է, որ կմտածի: Խոսելով իրենց հաջորդ քայլերի, ԿԸՀ որոշման բողոքարկման մասին՝ ԼՀԿ ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ քայլը կքննարկեն, կորոշեն: Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ամիսներ առաջ դուրս է եկել այդ խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, եւ հիմա ԼՀԿ-ն պահանջում է վերականգնել իրենց 18-րդ մանդատը:
18:01 - 08 հուլիսի, 2020
Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյանն արձագանքել է Դավիթ Խաժակյանի գրառմանը

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել. Հակոբ Կարապետյանն արձագանքել է Դավիթ Խաժակյանի գրառմանը

Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե պաշտոնական կայքում չի հրապարակվել քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությունը, որով հունիսին 6,7 մլն դրամի պարգեւատրում է տրվել։ Նա, մասնավորապես, նշել է. «Պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթեր չեն թաքցվել Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը իր կարճատեւ, բայց հագեցած քաղաքական կարիերայի ընթացքում առնվազն մի բան լավ է յուրացրել՝ պարզ փաստերը ներկայացնել այնպես, որ հանրության որոշակի հատվածի մոտ «սենսացիոն բացահայտման» տպավորություն ստեղծվի: Առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա պրակտիկայից լիքը օրինակներ կարելի է բերել (հիշենք թեկուզ՝ «կամազգեյթ»-ի մեգապղպջակն ու «փո՛ղ են տվել, ժողովուրդ ջան, ոչ թե Կամազ»՝ այդպես էլ օդում կախված դատարկ պնդումը): Այսօր էլ պարոն Խաժակյանը նման մի գրառում է արել «Թաքցվել են պարգեւավճարների վերաբերյալ փաստաթղթերը» հնչեղ վերնագրի ներքո: Հիշեցնելով նախորդ տարվա փետրվարի իմ մի գրառումը, որով հայտնում էի 2017 թվականին տրված 287(!) միլիոն դրամի պարգեւավճարները թաքցնելու մասին, Խաժակյանը «բացահայտում է», որ հուլիսին Yerevan.am պաշտոնական կայքում չի հրապարակվել պարգեւավճարներին վերաբերող 1(մեկ) կարգադրություն։ Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ իմ գործընկեր Հովսեփ Կուբատյանը հունիս ամսի կարգադրությունների մի խմբի չհրապարակվելու պատճառների մասին արդեն պարզաբանում տվել է հենց Դավիթ Խաժակյանին, այն է՝ քանի որ արձանագրային բաժնի աշխատակիցների զգալի մասը կորոնավիրուսի վարակի պատճառով բացակայում է, փաստաթղթերի մի ամբողջ տրցակ որոշակի ուշացմամբ է տեղադրվում կայքում (ոչ թե միայն մեկը կամ երկուսը, ինչպես փորձում է ներկայացնել Խաժակյանը): Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքը եւ առավելեւս այն, որ պարգեւավճարներին վերաբերող քաղաքապետի ԲՈԼՈՐ կարգադրությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում անխտիր հրապարակվել են, «թաքցնելու» մասին պնդումը անհիմն է»։
17:22 - 07 հուլիսի, 2020
Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am:  Երևանի ավագանին քննարկում է 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը փոխքաղաքապետին ասաց, որ ավագանու նախորդ նիստին հայտարարվել է, թե շուրջ 100 նոր ավտոբուս պետք է ձեռք բերվի փետրվարի վերջին, ժամանակն անցել է, սակայն գնումը հայտարարված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, պարզաբանում չի տվել, և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կատարվել մինչև փետրվարի վերջ 100 ավտոբուս ձեռք բերելու խոստումը:Հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նշեց, որ խոսքը ոչ թե արդեն գնելու մասին է եղել, այլ մրցույթ հայտարարելու:Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեխնիկական որոշ պատճառներից ելնելով է, որ մրցույթը չի հրապարակվել: «Երեկ արդեն խոսակցություն ենք ունեցել մեր գործընկեր-մասնագետների հետ, ովքեր հիմա նայում են տեխնիկական բնութագիրը և արդեն հաջորդ շաբաթվա վերջում մրցույթը կհայտարարենք: Հնարավորություն չեղավ տեխնիկական էքսպերտներին հյուրընկալել Երևանում, իրականացրինք մեյլերի միջոցով»,- ասաց նա:Քաղաքապետն էլ պարզաբանեց, որ այս համաճարակով պայմանավորված է եղել, որ չեն կարողացել հյուրընկալել էքսպերտներին:Հարակից զեկույցով էլ հանդես եկավ Ֆինանսավարկային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը, որը նշեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դավիթ Խաժակյանն էլ վերջինից հետաքրքրվեց, թե որպես Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ բյուջեի կատարողականի այս տարվա թերակատարումը գերազանցել է երբևէ Երևանում եղած թերկատարումներին: Ավագանու անդամը նշեց, որ թերակատարումը կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ առանձին կարևորագույն ծախսային հոդվածներով կա 90 տոկոսի թերաատարում. «Այսինքն՝ կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը»,- ասաց նա:Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով, բազմաթիվ հոդվածներ կան, որոնք գերակատարված են: «Թերակատարման մասով իհարկե չի գոհացնում ցուցանիշը, հույս ունեմ՝ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով, որովհետև եկամունտրեի մասով շատ լավ պատկեր է»,- ասաց նա:Ելույթով հանդես եկավ դավիթ Խաժակյանը և նշեց, որ իրենք լավին լավ են ասում, վատին՝ վատ: «Լավին ասելով լավ, ասում ենք, որ այս տարի եկամուտների մասն իրոք կատարվել է: , Եկամտային մասը կատարվել է, և սա լավ է, կամ սա նորմալ է, նորմալ բաներին հիմնականում չենք անդրադառնում և կենտրոնանում ենք անելիքների վրա»,- ասաց նա:Խաժակյանն ըդնգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրավորվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից և իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից և իր բացասական ցուցանիշով ծախսային մասով գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։Ավելին՝ tert.am-ում
13:19 - 19 մարտի, 2020
ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը |news.am|

ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը |news.am|

news.am։ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով։ Դավիթ Խաժակյանն ասաց՝ հակված են բողոքարկելու, հիմա քննարկումների փուլում են։ «Տպավորությունն այնպիսին է, որ ՀՔԾ-ն ամեն ինչ անում է, որ խուսափի հանցակազմ գտնելուց, բայց այնքան չի ստացվել, որ կան աբսուրդային ձևակերպումներ, որոնք առաջիկայում կվերհանվեն ավելի մանրամասն»,-ասաց Խաժակյանը։ Նրա խոսքով՝ անձանց շրջանակը, որոնք կանչվել են բացատրություն տալու, արդեն իսկ մատնանշում էր, թե ինչ ուղղությամբ է գործը տարվում․ «Ըստ էության կանչել են այն մարդկանց, որոնք այդ ամենը իրականացնողներն են եղել և պետք է ամեն ինչ անեին, որ քողարկեին դա, իսկ այն անձինք, ում ես մատնանշել եմ, որ կարող են լրացուցիչ և կարևոր տեղեկություն հաղորդել, նրանք չեն հրավիրվել»։ Հարցին՝ երբ ինքը հայտարարում է, որ փաստերը շատ հիմնավոր են և գործ չհարուցելու մեկ պատճառ կա՝ քաղաքական որոշումը, հիմա արդյոք սա քաղաքական որոշո՞ւմ էր, նա ասաց․ «Ես այդ մասով հայտարարությամբ հանդես կգամ, բայց այն ձևակերպումները, որ ես տվել եմ, այս որոշմամբ հիմնավորվեցին»։ Անցած տարվա դեկտեմբերի 28-ին Խաժակյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ քաղաքապետի լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ: Նրա խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ մեկնելիս լիազորությունները փոխանցել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է լինել միայն քաղաքապետի առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը: Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ի դիմաց հայտարարեց, որ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները, և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։
09:45 - 14 հունվարի, 2020
Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 570 հազար դրամից դառնում է 1 մլն 200 հազար դրամ. Խաժակյան |aysor.am|

Հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 570 հազար դրամից դառնում է 1 մլն 200 հազար դրամ. Խաժակյան |aysor.am|

aysor.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր Facebook-յան ուղիղ եթերում անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակներին։ «Երբ քաղաքապետարանից ասում էին, որ օպտիմալացման արդյունքում կարող է հաստիքացուցակն ավելանալ, մտածում էի, որ բառախաղ կա։ Մեծ քանակությամբ հաստիքներ կան, որոնք պարզապես անարդյունավետ են քաղաքում ունենալը։ Հիմա փոփոխություն է տեղի ունեցել և այդ հաստիքացուցակների թիվն էլ ավելի է մեծացվել», - ասաց Դ. Խաժակյանը։ Վերջինս անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման թեմային։ «Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը. միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ են պահանջում, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնպատկվել է, 100 տոկոսով աճել է», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։ Նա նշեց, թե դրանով մեծ բևեռացում է տեղի ունենում աշխատակազմերի միջև և դա անթույլատրելի է։ Խաժակյանը նաև հարց բարձրացրեց, թե քաղաքապետին ինչու է պետք 7 խորհրդական, 4 օգնական։ «Ես այս թվերը համեմատում եմ վարչապետի աշխատակազմի հետ։ Եթե մի ժամանակ Տարոն Մարգարյանին էինք ասում, որ այդքան օգնական ունես, այդքան խորհրդական ունես, օպտիմալացման տեղ կա... Ի դեպ, ամեն խորհրդականի հասնում է մեկ գործավար, մեկ վարորդ, մեկ մեքենա, բնականաբար, այս ամենը մի մեծ թիվ է կազմում քաղաքի համար», - նկատեց Խաժակյանը։ Նա նաև նշեց, որ հաստիքացուցակի փոփոխման արդյունքում Երևանի քաղաքապետի աշխատավարձը 570 հազար դրամից դառնում է 1 մլն 200 հազար դրամ։
10:13 - 06 մայիսի, 2019