#FreeZone

Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone

Կորոնավիրուս․ իրական վտա՞նգ, թե՞ անհրաժեշտ խուճապ [Սուրեն Սահակյան] #FreeZone

Աշխարհում մոլեգնող գրիպի հերթական վիրուսի մասին շատ է խոսվում։ Թերևս դավադրապաշտական հավանական ու անհավանական բոլոր տեսությունները հնչել են։ Տրվել են նաև մասնագիտական հիմնավորված բացատրություններ։ Այնուամենայնիվ, հանրության համար դեռևս բազում չպարզաբանված հարցեր կան։ Ես բացառություն չեմ. իմ հարցերը մնացել են նույնիսկ հիմնական բոլոր տեսակետներն ուսումնասիրելուց հետո։ Հասկանում եմ, որ էմոցիոնալ լարում ունեցող ու բևեռացված միջավայրում շատ դժվար է նման հարցեր ձևակերպել առանց պիտակավորումից ու թիրախավորումից խուսափելու։ Այնուամենայնիվ, փորձելու եմ՝ խնդրելով հարցերին ծայրահեղական դիրքերից չմոտենալ։ Մինչ սկսելն ասեմ նաև, որ որոշակիորեն տարբերակում եմ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Ինձ համար, ի սկզբանե, անհասկանալի էր սովորականից մի փոքր շատ մահացություն ունեցող, վերին շնչուղիներն ախտահարող սովորական հիվանդության նկատմամբ այս աստիճանի ուշադրությունն ու դրա դեմն առնելու արմատական լինելու տեսանկյունից աննախադեպ միջոցառումները։ Բանն այն է, որ գրիպի տարբեր տարատեսակներ, դրանց մուտացված տարբերակներ մշտապես են շրջանառվում։ Դրանց մի մասը մարդու կյանքի համար նվազ վտանգավոր են, իսկ որոշների դեպքում հավանական բարդությունների և դրանցով պայմանավորված մահացության վտանգն ավելի մեծ է։ Որոշների դեպքում խոցելի խմբերը մանկահասակ երեխաներն են, որոշների դեպքում՝ տարեցները և այսպես շարունակ։ Այսպես մարդն ապրում է մարդկության պատմության ողջ ընթացքում։ Այսպես էինք ապրում 3000 տարի առաջ, 1000 տարի առաջ, 50 տարի առաջ, 3 տարի առաջ։ Այսպիսի և վերահաս ավելի մեծ վտանգների ներքո ենք ապրելու նաև ապագայում։ Ինչո՞վ է առանձնանում կորոնավիրուսը նմանատիպ այլ հիվանդություններից, որոնց դեպքում բավարարվում էինք սովորական, դարերով ու տասնամյակներով մշակված վարքագծային կանոններով, իսկ սրա դեպքում աննախադեպ միջոցառումների անհրաժեշտություն առաջացավ։ Դեռ չեմ խոսում, որ տարեցտարի առողջապահական համակարգը կատարելագործվում է, իսկ նրա հանդեպ վստահությունը մեծանում։ Հեռու եմ այն մտքից, որ սա կարող է ինչ-որ ուժային կենտրոնի կողմից լավ մշակած ու իրականացրած դավադրություն լինել։ Ոչ, ինչպես գիտենք և վերը արդեն շեշտեցի, սա ժամանակակից աշխարհում սովորական երևույթ է, որ եղել է, կա և շարունակելու է լինել։ Այլ բան է, որ տարբեր ուժեր, երկրներ, ֆինանսական կենտրոններ սովորել են հօգուտ իրենց օգտագործել նույնիսկ այսպիսի երևույթները։ Պարզապես հիմա կատարելագործվում են օգտագործման եղանակները, և դա վերածվում է մի երևույթի, ինչը նախկինում չենք տեսել, ձեռք է բերում համաշխարհային այնպիսի ծավալներ, որոնք նախկինում չեն եղել։ Սա նաև դուրս է էմոցիոնալ գնահատականներից, հումանիզմից ու բարոյականության մասին առանձին մարդկանց պատկերացումներից։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Սա տեղի է ունենում հավանական կամ անհավանական մահվան առաջ երկիր մոլորակի շարքային բնակչին մեն-մենակ թողնելու, դրանից նրա իռացիոնալ վախերը սնուցելու և իրավիճակից օգուտ քաղելու միջոցով։ Անհնար է գերագնահատել այս հարցում մեդիա դաշտի դերը։ Ժամանակակից մեդիան կախում ունի ոչ թե կամ ոչ միայն ճշմարտացի, ստուգված լուրեր տրամադրելու գործելաոճից, այլև օնլայն տիրույթում հաճախումներից («քլիքերից») և հեռուստահաղորդակցության դեպքում՝ դիտումներից։ Աշխարհն այսօր բախվել է սուտ լուրեր տարածելու անվերահսկելի պրակտիկայի հետ և փորձում է դրանք բացառելու համար կարգավորումներ ներդնել։ Խնդրի լուծման բարդությունն այն է, որ շատ դժվար է հավասարակշռություն գտնել մամուլի անհրաժեշտ ազատության և ֆեյք լուրեր տարածելու անթույլատրելի պրակտիկայի միջև։ Սա գլոբալ հարց է, որը նաև վարքագծային նոր կանոններ է թելադրում։ Եթե նույնիսկ մեդիա կազմակերպությունը շահագրգռված է միայն ճշմարտացի ու ստուգված լուրեր տարածելով, ապա պետք է հաշվի նստի իր վարկանիշի որոշակի անկման հետ, քանի որ արդիական են ցնցող, աննախադեպ նորությունները, վերնագրերը, որոնք հաճախ ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Մինչև դրական առումով առանձնացող մեդիան փորձում է ճշտել լուրերը և հրամցնել ընթերցողին, ապատեղեկատվություն տարածողներն արդեն շրջանցում են նրան և հայտնվում անհասանելի հեռավորության վրա. նրանք միշտ մի քանի քայլ առաջ են և ավելի արդիական։ Հիմա պատկերացրեք՝ մեդիա, որը առավոտից երեկո ներկայացնում է, թե ինչ վատ բան է կորոնավիրուսը, առցանց հաշվիչներ է տեղադրում, թե քանի մարդ է վարակվում այ հենց այս պահին, երբ դուք կարդում եք տեքստը, նրանցից որքանն են մահանում։ Վերջին օրերին հավանաբար դուք էլ նկատած կլինեք, որ հետևելով լուրերին, զգացողություն եք ունենում, որ մահաբեր վարակն ամենուր է, այն անխուսափելիորեն մոտենում է ձեզ և, չնայած դուք մեկուսացած եք, այն վայրկյաններ անց կթակի ձեր դուռը, այս հարցում ձեզ ոչ ոք և ոչինչ չի օգնի։ Այդ զգացողությունը ձեզ ձեր կարդացաց մեդիան է տալիս։ Համեմատենք սա ճշտված լուրեր ու մասնագետների ռացիոնալ կարծիքներ հաղորդող մեդիայի հետ։ Եթե դուք մերժում եք առաջինն ու օգտվում բացառապես երկրորդից, ապա շնորհավորում եմ՝ դուք զերծ կմնաք խուճապից։ Աշխարհում տիրող իրավիճակն ուսումնասիրելով, կարելի է պնդել, որ բնակչության մի զգալի հատված, այնուամենայնիվ, նախընտրում է առաջինը։ Եվ ոչ մի մեդիա կազմակերպություն հնարավորություն չունի զերծ մնալ այս միտումներից։ Լուրերի բոլոր թողարկումները սկսվում և ավարտվում են կորոնավիրուսի մասին տեղեկատվությամբ։ Մոռացվել են պատերազմները, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում, լարված իրավիճակը Լիբիայում։ Կա միայն գրիպ և պետություններ, որոնք հերոսաբար կամ ալարելով պայքարում են աշխարհում ամենատարածված, ամենասովորական հիվանդության դեմ։ Ինչքան աննախադեպ լինի լուրը, այնքան դիտումները շատ կլինեն։ Ինչքան դիտումները շատ լինեն, այնքան ֆինանսական օգուտները շատ կլինեն։ Ինչքան երկար տևի այս ամենը, այնքան եկամուտները մեծ կլինեն։ Հիրավի, ֆինանսական առումով, եթե այս մեդիա առիթը չլիներ, կարելի էր այն ստեղծել։ Այսպես կմտածի յուրաքանչյուր մեդիա կորպորացիայի ցանկացած ֆինանսական տնօրեն, առավել ևս, որ իրենք ոչինչ չեն հնարում, այլ ներկայացնում են իրականությունը՝ աշխարհում կա գրիպի նոր վարակ, դրանով պարբերաբար մարդիկ են վարակվում և դրանից խոցելի շերտի մոտ նաև մահեր են արձանագրվում։ Դե թող փորձագետները տքնեն՝ ապացուցելու, որ դա միշտ է ուղեկցել մարդկությանը, հիմա տեղի ունեցողը սովորական երևույթ է և շարունակելու է ուղեկցել մարդկությանը։ Ըստ էության, ժամանակակից մեդիան համագործակցված կարող է այսպիսի յուրաքանչյուր խնդիր համաշխարհային օրակարգում առաջինը դարձնել։ Օրինակ, տուբերկուլյոզի դեպքում որոշակի բարդությունների կհանդիպի, քանի որ չնայած աշխարհում տարեկան 1,5 մլն մարդ է վարակվում, բայց մնացյալին թվում է, թե իրենք կարող են հուսալիորեն պաշտպանված լինել, իսկ գրիպի դեպքում բոլորը գիտեն, որ այն կարող է անմիջականորեն իրենց էլ առընչվել։ Հիանալի մեդիա առիթ է։ Նույն կերպ, եթե հնարավոր լիներ առցանց հաշվիչ դնել, թե աշխարհում և առանձին ամեն երկրում քանի մարդ է հաշմանդամ դառնում կամ մահանում սպորտով զբաղվելու ժամանակ ու բոլոր լուրերը սկսել դրա մասին տեղեկատվությամբ, ապա, թերևս, հնարավոր կլիներ բոլորին համոզել չզբաղվել սպորտով։ Կարելի էր կարծել, թե երկրների կառավարությունները կարող են կանխել անիմաստ ու վնասարար խուճապը, ինչն, ի վերջո, տնտեսական զգալի վնասների հասցրեց։ Առավել ևս, դա տեղին էր անել, երբ Առողջապահական համաշխահային կազմակերպությունը հայտարարեց, թե տեղին կլինի՝ իրենք ավելի շատ զբաղվեն կեղծ տեղեկատվության դեմ պայքարով, քան բուն պանդեմիայով։ Սակայն սովորաբար կառավարություններին պետք են տարբեր երևույթներ կամ սուբյեկտներ, որոնց դեմ նրանք հերոսաբար պայքարում են և, որ ցանկալի է՝ հաղթում։ Ժամանակի տարբեր կտրվածքներում դրանք թմրանյութերն են, հետո՝ ահաբեկությունը, չարիքի առանցք հանդիսացող պետությունները, կոռուպցիան՝ երբ և ինչ հարմար է տվյալ պահին։ Այսօր դա հիվանդությունն է, և կապ չունի դրանից բխող վտանգը։ Առավել ևս, որ տեղեկատվական այսպիսի հոսքերից ազդված բնակչությունը սկսում է իրենց պաշտպանելու ամենախիստ միջոցներ կիրառելու պահանջ ներկայացնել կառավարություններին։ Վերջիններս գործելու լայն դաշտ են ստանում։ Քաղաքական ու տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, նույն հարցի վերաբերյալ կարելի է կայացնել իրարից բացարձակապես տարբերվող որոշումներ։ Տեսնում ենք, որ ավտորիտար կառավարմամբ առանձնացող որոշ երկրներ թաքցնում են իրական թվերը։ Նույնպիսի կառավարման համակարգ ունեցողները, հակառակը՝ սնում են խուճապը։ Բանն այն է, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բթացնում է արդիական այլ խնդիրների սրությունը, ստիպում դադարեցնել բողոքի ալիքները և համախմբվել կառավարության շուրջ՝ հաղթահարելու ամենաարդիական մեկ խնդիր։ Օրինակ, մի երկրում կարելի է ցուցարարներով լի փողոցները դատարկել ընդամենը գրիպով հիվանդացության թվեր հրապարակելով․ անել այն, ինչ նույնիսկ զենքի կիրառմամբ չէր ստացվում։ Մի այլ երկրում, հակառակը, նվազեցնել հիվանդացության ու դրանից մահացության թվերը, որպես քաղաքական գործընթացների, օրինակ՝ ընտությունների կամ հանրաքվեների, վրա դրանք ոչ մի բացասական ազդեցություն չունենան։ Էությամբ նույն մոտեցումն է նաև ժողովրդավար կառավարում ունեցող երկրներում։ Ճիշտ է՝ այստեղ դժվար թե թվեր կեղծվեն, սակայն օրինաչափություններ կարելի է նկատել համարյա բոլոր դեպքերում։ Այն երկրներում, որտեղ կառավարություններից բողոքը մեծ է, իրավիճակն աղետալի է ներկայացվում, որպեսզի մյուս խնդիրները մոռացվեն և համերաշխություն դրսևորվի հիվանդության հաղթահարման գործում։ Այս երկրներում միջոցառումները սովորաբար ավելի խիստ են։ Այն երկրները, որոնց կառավարություններն այսպիսի խնդիր չեն տեսնում, սովորաբար ավելի մեղմ միջոցառումներ են կիրառում։ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ հնարավոր է երկրի բնակչության 70 տոկոսը հիվանդանա և բուժվի, բայց երբ համեմատում ենք Գերմանիայի հանրային կյանքի սահմանափակումներն ու հարևան այլ երկրների սահմանափակումները, ահռելի տաբերություններ կան։ Նույնը՝ Մեծ Բրիտանիայի դեպքում։ Շվեդիան ընդհանրապես հրաժարվել է պայքարել վիրուսի դեմ՝ կարծելով, թե դա բնակչության համար վտանգավոր չէ։ Իհարկե, այս բոլոր դեպքերում կպայքարեն հանուն մահացության դեպքերի նվազեցման։ Ուսումնասիրում ես թվերն ու պարզում՝ հրաշք, հիվանդացության տարածվածության և հիվանդությունից մահացության այս երկրների ցուցանիշները համադրելի են ամենախիստ միջոցները կիրառող երկրների ցուցանիշների հետ։ Վերջին շրջանում խոսվում է համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության մասին։ Խոսվում է ֆոնդային բորսաներում անկման միտումների մասին և այնպիսի տպավորություն է, թե դա ամբողջությամբ կապված է հիվանդության հետ։ Բայց մոռանում ենք, որ բորսաների անկումը սկսվեց ոչ թե կորոնավիրուսից, այլ նավթի գների անկումից, երբ Սաուդյան Արաբիան իջեցրեց արտահանվող նավթի գինը։ Եթե գրիպի համաճարակից տնտեսության անկումը նորմալ երևույթ լիներ, ապա մենք պետք է պերմանենտ անկում ապրող բորսաներ ունենայինք, իսկ տարին մեկ-երկու անգամ՝ կտրուկ անկումներ։ Առանց խուճապի ուղեկցության ընթացող համաճարակի ազդեցությունը տնտեսության վրա նվազագույն կլիներ։ Իհարկե, խուճապը ազդել է և շարունակելու է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Սակայն խնդիրն ամենևին գրիպի համաճարակը չէ, այլ, թերևս, կառավարվող կամ կառավարման ենթակա խուճապը։ Անզեն աչքով էլ երևում է, որ իրավիճակը կարող է կարճաժամկետ հեռանկարում օգտագործվել ամբողջ ճյուղերի հարստացման համար։ Մեդիայի մասին մենք արդեն խոսեցինք։ Կարող ենք նշել նաև դեղագործական, մանրածախ առևտրի, պարենային ապրանքների արտադրության, նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներ, որտեղ այս խուճապը լրացուցիչ օգուտների կհանգեցնի։ Փոխարենը կտուժեն տուրիզմի, արդյունաբերության որոշ ճյուղեր և այլ ոլորտներ։ Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ յուրաքանչյուր ճգնաժամ, ի վերջո, հանգեցնում է մանր ու միջին բիզնեսը կլանելու միջոցով խոշոր ընկերությունների հզորացման։ Ճգնաժամերը հանգեցնում են տնտեսության կենտրոնացման և օլիգարխիզացիայի, քանի որ խոշորները անհարմար իրավիճակներին դիմադրելու ավելի մեծ ներուժ ունեն։ Ճգնաժամերը, հատկապես վերջին շրջանում, գնալով սոցիալիզացվում են՝ դրանց բեռն արդեն համարյա ամբողջությամբ հանրության ուսերին է դրվում և բոլորն են վճարում կառավարությունների ու ֆինանսական կենտրոնների սխալների և անհագ ախորժակի համար։ Բայց միշտ ամենատուժած մասը վերջում մնում են ամենաթույլ, խոցելի խավի ներկայացուցիչները։ Հույս փայփայենք, որ գոնե կբացահայտվեն այսպիսի հետևանքների հանգեցրած տեղեկատվական հոսքերի հեղինակներն ու իրական շահառուներն այնպես, ինչպես բացահայտվեցին 2008-ի ֆինանսական ճգնաժամի հեղինակները։ Սա կարևոր է հետագայում նույնը թույլ չտալու համար։ Վերջում, հաշվի առնելով Հայաստանում քաղաքական բևեռվածության աստիճանը, ավելորդ չի լինի երկու բառ ասել այդ կապակցությամբ։ Պետք չէ Հայաստանը փնտրել այս հոդվածի տողատակերում։ Մենք այստեղ արձագանքողի ռեակտիվ դիրքերում ենք։ Մեր կառավարությանը հարմար կլիներ տեղայնացնել համաճարակի օջախները և հանգիստ գնալ սպասվող հանրաքվեին։ Սակայն աշխարհին ֆեյսբուքով միացած և ապոկալիպտիկ սցենարներ ընկալելու հակված հանրությունը տապալելու էր այն և կառավարող ուժին գամելու էր ֆեյսբուքյան առաջին հարմար պատին։ Հանրաքվեն հետաձգելով և արտակարգ դրություն հայտարարելով, ֆեյսբուքյան կառավարմանն անցած կառավարությունը կայացրեց իր համար միակ ճիշտ որոշումը։ Սրանով նա ի չիք դարձրեց իր նկատմամբ ահագնացող տեղին ու անտեղի քննադատությունն ու իր շուրջ համախմբեց բոլորին, այդ թվում՝ անհաշտ հակառակորդներին։ Այլ հարց է, որ հիվանդության նահանջին  զուգընթաց, տեսնելու ենք, որ ապրում ենք այն նույն Հայաստանում, որտեղ ՍԴ նախագահը դեռևս Հրայր Թովմասյանն է, այն համալրված է ևս 6 անհասկանալի դատավորներով և ունենք կառավարող ուժ, որը, չնայած հեղափոխության ընձեռած լայն հնարավորություններին, անկարող է իրականացնել հեղափոխության պահանջներն ու օրակարգերը։ Վիճելի հարց է, թե այդ իրականությունն ինչ ազդեցություն կունենա գրիպի համաճարակը արժանապատվորեն և հերոսաբար հաղթահարած կառավարության վարկանիշի վրա։ Առողջություն և խաղաղություն բոլորիս։ Սուրեն Սահակյան  
13:04 - 20 մարտի, 2020
Ստորջրյա քարեր՝ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգում #FreeZone

Ստորջրյա քարեր՝ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգում #FreeZone

Այս հոդվածով կփորձենք վերլուծել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի` հիմնական շրջանակից դուրս մնացած քննարկումների ինչպես թերի, այնպես էլ հակասական  դրույթները։ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված փաստաթուղթը վերնագրվել է  «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ», սակայն այն ընդհանուր առմամբ ներկայացնում է տարբեր բարեփոխումներ, որոնց գերակշիռ մասը կապված չէ ապահովագրական համակարգի հետ։ Հաշվի առնելով այն, որ նշված չէ ֆինանսավորման համամասնությունը՝ դա բերելու է նրան, որ շատ մոտ ապագայում առաջանալու է շիլաշփոթ այն հարցում, թե ծրագրերի որ մասը պետք է իրականացնի հիմնադրամը ապահովագրական վճարներով, և որը՝ Առողջապահության նախարարությունը։ Իսկ եթե այդ բարեփոխումներն այլ միջոցներով են իրականացվելու, ապա հայեցակարգի մեծ մասը դրանցով ծանրաբեռնելն առնվազն անհասկանալի է։ ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները և հիմնադրամները շարունակվում են Կառավարության նիստերին բազմիցս բարձրաձայնվել է, որ բազմաթիվ ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների և այլնի կրճատման և նրանց կառավարության ստորաբաժանումներում ներառելու քաղաքականություն է որդեգրվել։ Հայեցակարգում առաջարկվում է ստեղծել ապահովագրական վճարները կառավարող հիմնադրամ, և դրա ստեղծման հիմնավորումներից մեկն այն է, որ պետական առողջապահության գործակալությունը (ՊԱԳ) ԱՆ ստորաբաժանում է, և գործող պետական ծառայողների համակարգի պատճառով աշխատակիցների վարձատրությունը մրցունակ չէ։ Աշխատավարձերի մրցունակության հարցը առանձին դիտարկման առարկա է, և որպեսզի չշեղվենք, թողնենք այն մոտ ապագայի համար։ Սակայն ակնհայտ է, որ հայտարարված և փաստացի իրականացվող քաղաքականությունները հակասում են իրար։ Որպես հիմնադրամի ստեղծման հիմնավորում՝ բերվում են նաև բազմաթիվ այլ կառուցվածքային և ընթացակարգային խնդիրներ, որոնց լուծման համար ակնհայտորեն հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Որպես օրինակ՝ հայեցակարգից մի մեջբերում կներկայացնեմ․ «Բազմաթիվ գործառույթներ և պարտականություններ կրկնվում են ոչ միայն ՊԱԳ-ի կառուցվածքային ստորաբաժանումների միջև, այլ նաև ԱՆ տարբեր ստորաբաժանումների հետ»: Ի՞նչ կապ ունի այդ հարցի լուծումը հիմնադրամի ստեղծման հետ։ Հարց․ ո՞վ կամ ի՞նչն է խանգարում այդ հարցը լուծել առանց հիմնադրամի։ Ֆինանսական բեռի «մեղմում» Որպես ֆինանսական բեռի մեղմում ներկայացվում է այն, որ եկամտահարկի տոկոսադրույքը փուլային մեխանիզմով նվազելու է։ Սակայն մոռանում են, որ եկամտահարկի նվազմանը զուգահեռ աճելու են պարտադիր կուտակային հիմնադրամ քաղաքացիների վճարները, որոնք այս պահին վճարվում են պետական բյուջեից, և քաղաքացիների ֆինանսական բեռն աճելու է։ Ո՞վ վճարի, ո՞վ սպասարկվի Արդյո՞ք արտասահմանում մշտական բնակվող քաղաքացիներն  ապահովագրված կլինեն։ Հաշվի առնելով ՌԴ-ում բնակվող մեր քաղաքացիների քանակը՝ պատշաճ որակի բժշկական ծառայություններ մատուցելու դեպքում այդ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ծավալը կարող է հասնել զգալի չափերի։ Դա կարող է բերել հաշվարկների մեծ սխալանքի և, համապատասխանաբար, ապահովագրական բյուջեի զգալի դեֆիցիտի։ Եվ, ի վերջո, ինչու՞ քաղաքացիների մի մասը պետք է վճարի այն քաղաքացիների համար, որոնք իրենց մասնակցությունը չեն բերում ապահովագրական բյուջեի ձևավորմանը և մեծ հաշվով չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության տնտեսական և հասարակական կյանքին։ Երկքաղաքացիության պարագայում խնդիրը էլ ավելի է բարդանում, քանի որ այդպես էլ չեն ներկայացվել երկքաղաքացիության շնորհման բազմակողմանի և ընկալելի հիմնավորումներ, ինչպես նաև դրանցից բխող պարտավորությունները և իրավունքները։ Մասնավոր ապահովագրականների փաստացի սնանկացում Հայեցակարգով առաջարկվում է ապահովագրավճարների կառավարումը ամբողջությամբ հանձնել հիմնադրամին և մասնավոր ընկերություններին թույլ տալ տնօրինել միայն փաթեթից դուրս գտնվող հավելյալ ծառայությունների վճարները, որոնք կատարվելու են քաղաքացիների կողմից կամավոր սկզբունքով։ Բերվում են բազմաթիվ խնդրահարույց  հիմնավորումներ։ Օրինակ՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուների մասով գումարների տնօրինումը նորից հանձնվեց մասնավորներին, և հատուցումների հարաբերությունն ապահովագրավճարներին պետք է ունենար 90% ուղենշային մակարդակ, սակայն փաստացի ստացվել է երկու անգամից էլ ավելի։ Իհարկե, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ ապահովագրողներն ունեն բարձր շահութաբերություն, բայց, չգիտես ինչու, ներկայացվել են գործառույթը փոխանցելուց հետո ընդամենը 2-3 ամսվա տվյալները, իսկ 2018-2019 թվականների տվյալները հիմնավորման մեջ ներկայացված չեն։ Դա հիմք է տալիս թերահավատորեն մոտենալու մասնավոր ապահովագրական ընկերությունների բարձր շահութաբերության հիմնավորումներին։ Մասնավոր ապահովագրական ընկերությունները քիչ թե շատ կայացել են։ Ինքս տասը տարուց ավելի մասնավոր ապահովագրական ընկերությունների հաճախորդ եմ և կարող եմ ասել, որ տարեցտարի տրամադրվող ծառայությունների որակը բարձրանում է, որի պատճառներից մեկը մրցակցությունն է։ Իսկ Առողջապահության նախարարությունը, դեռ ոչինչ չստեղծած, ցանկանում է քանդել արդեն գոյություն ունեցող համակարգը։ Պետական ապահովագրությանը զուգահեռ պետք է գործի մասնավորը, և ապահովագրված քաղաքացին իր հայեցողությամբ որոշի ում հաճախորդը լինել։ Դա թույլ կտա միշտ սթափ վիճակում պահել պետական համակարգը և միաժամանակ ունենալ հզոր լծակ՝ մասնավորի հնարավոր անբարեխիղճ գործողություններին հակազդելու համար։ Այս հարցում առկա է նաև մեկ այլ նրբություն․ մասնավոր ընկերությունները ձգտում են մեծ շահույթ ստանալ։ Առաջին հայացքից դա բացասական կարող է ընկալվել, քանի որ քաղաքացուն հետաքրքրում է իր առողջությունը և ոչ մասնավորի շահույթը։ Սակայն այս պարագայում մենք մոռանում ենք, որ բուժհաստատությունը ևս շահույթ է հետապնդում , և օբյեկտիվ իրականությունն այն է, որ դրանք աշխատում են հնարավորինս «ընդարձակ» բուժում ապահովել, իսկ մասնավոր ապահովագրական կազմակերպությունն այս պարագայում հավասարակշռում է այդ «ընդարձակ» բուժման ձգտումը, քանի որ ընկերության բժիշկ-փորձագետները մանրամասն ուսումնասիրում են ախտորոշման տվյալները և ի սկզբանե կանխում են անտեղի «բուժում»-ը՝ դրանով իսկ նվազեցնելով ծախսերը և հնարավորություն տալով քաղաքացուն հետագայում այդ գումարը ուղղել առողջապահական այլ խնդիրների լուծմանը։ Իսկ պետական հիմնադրամի դեպքում այդ գործոնը բացակայում է, էլ չասենք, որ ավելանում են կոռուպցիոն ռիսկերը: Պետականի մասնավորեցում և հավատարմագրային կառավարմանը հանձնում Հայեցակարգով նախատեսվում է բուժհիմնարկների մասնավորեցումը և հավատարմագրային կառավարմանը հանձնելը՝ տրամադրվող ծառայությունների որակի «բարելավման» հիմնավորմամբ։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, թե տարբեր ոլորտների հաստատությունների վաճառքը և հավատարմագրային կառավարմանը հանձնելը ինչ արդյունքներ է տվել։ Դրանցից մեկը «Վեոլիա Ջուր» ընկերությունն է՝ երկար տարիներ գրեթե չնվազող 80 տոկոս ջրի կորուստներով։ Դրանով նաև նվազեցվում է պետության հնարավոր կարգավորող դերը մասնավոր բուժհիմնարկների կողմից  հակամրցակցային պայմանավորվածությունների արդյունքում գների բարձրացման և ծառայությունների որակի դիտավորյալ նվազեցման դեպքերում։ Ապահովագրական փաթեթի ծածկույթի հաշվարկ Մեջբերեմ․  «Հիվանդանոցային բուժման գինն իրատեսական չէ, հիմնված չէ որևէ մեթոդաբանության վրա, մասնակի են փոխհատուցվում բուժօգնություն իրականացնողների իրական ծախսերը (ըստ փորձագիտական գնահատականների՝ փոխհատուցվում է իրական ծախսերի 42%-ը)»։ Այս կետը հղում է կատարում Տունդե Սաբո անհատ խորհրդատուի ուսումնասիրությանը, որը տպագրվել է 2010 թվականին։ Այսինքն՝ հայեցակարգի հիմքում դրված են 10 տարվա վաղեմության ծախսերին վերաբերող թվային գնահատականներ։ Մյուս կողմից ասվում է․ «Ապահովագրական փաթեթների ծածկույթի հաշվարկը կիրականացվի՝ ելնելով ՀԾՓ-ում ընդգրկված ծառայություններից, ըստ ծածկույթում ընդգրկված բնակչության սեռատարիքային խմբերի՝ կիրառելով առկա վիճակագրական տվյալները՝ փաստացի դիմելիության և ՊՊ շրջանակներում փոխհատուցված դեպքերի ծախսերի վերաբերյալ»։ «Ապահովագրավճարի հաշվարկի համար կկիրառվեն ԱՆ կողմից հաստատված մեթոդաբանությամբ հաշվարկված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները»։  Մի դեպքում պնդում են որ փոխհատուցման գինը իրատեսական չէ, մյուս կողմից ապագա փոխհատուցումների ծավալը հաշվարկել է պետպատվերի շրջանակներում փոխհատուցումների ծավալով։ Ընդ որում, 2019 թվականի որոշմամբ մշակել են ծախսերի հաշվարկի նոր մեթոդաբանություն։ Իսկ ի՞նչն է խանգարում ներդնել նոր մեթոդաբանությունը՝ պետպատվերի փոխհատուցումների համար՝ բացարձակ գումարը թողնելով նույնը, սակայն ցույց տալով, թե իրականում ինչ է արժեցել բուժումը, դրանով նաև խթանելով ստվերային վճարումների նվազեցումը։ Քանի որ մենք գիտենք, որ քաղաքացու համար պետությունը վճարել է x գումար, ապա մնացած y գումարը քաղաքացին պետք է վճարի դրամարկղ, և բուժհաստատությունը ստիպված է լինելու ներկայացնել այդ ֆինանսական մուտքերը։ Առողջական խնդիրների իրական ծավալ Վստահ եմ, որ ԱՆ-ն չի տիրապետում քաղաքացիների մոտ առկա առողջական խնդիրների իրական ծավալին։ Հավանաբար  կարիք էլ չկա բացատրելու, թե ինչու։ Այդ պատճառով ապահովագրական ծածկույթը որոշելու համար ճիշտ կլինի կատարել քաղաքացիների վիճակագրական ընտրություն, նրանց մոտ անցկացնել համապարփակ բուժզննում, որից հետո շատ թե քիչ պարզ կլինի սպասվող ծախսերի ծավալը, և համապատասխանաբար կվերանայվեն առաջնահերթություններն ու փաթեթի ծածկույթը։ Հայեցակարգում առկա են այլ խնդրահարույց կետեր, սակայն արդեն ներկայացվածը տվյալ հայեցակարգով առաջնորդվելու անհնարինության բավարար հիմք է։ Հակառակ պարագայում մենք կլինենք չափազանց վատ առողջապահական համակարգի ոչ միայն ականատեսը, այլ նաև շահառուն։ Հուսամ՝ վերոշարադրյալը կդառնա շահագրգիռ մարմինների և հասարակական քննարկման առարկա, և ԱՆ-ն կներկայացնի հայեցակարգ, որը զերծ կլինի նման իրարամերժ դրույթներից և իրական պատկերացում կտա, թե մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ինչպիսի ապահովագրական համակարգ ենք ունենալու գոնե մոտակա տասնամյակում։ Հրանտ Ղարաբեկյան
13:29 - 02 մարտի, 2020
Իզմերը կամ «բեսեդկայում լռվելու» արժեհամակարգը #FreeZone

Իզմերը կամ «բեսեդկայում լռվելու» արժեհամակարգը #FreeZone

Ի՞նչ արժեքների կրող ենք մենք և պետությունը, և միթե կա ժողովրդավարական հեղափոխություն` առանց իրական արժեհամարգի Մոտ անցյալում էր, երբ ընտրությունները հռչակվեցին սևերի և սպիտակների պայքար, իսկ կառավարող ուժն, ի դեմս վարչապետի, հայտարարեց իզմերի բացակայության մասին՝ վերացնելով քաղաքականությունը, վակուումը լցնելով բանսարկությամբ, զրպարտանքով և հայհոյախոսությամբ։ ՀՀ քաղաքացու համար անհասկանալի է, թե պետական համակարգը ո՞ր ուղությամբ է տանում երկիրը, կառավարման արդյունքում ինչպիսի՞ պետություն է կառուցվելու, և ամենակարևորը՝ ի՞նչ է դրանից շահելու քաղաքացին։ Կարծում եմ, որ այս պայմաններում քաղաքական մոդելների փնտրտուքը և դրա շուրջ քննարկումերն առավել կարևոր են, քան երբևէ: Կառավարող ուժի քաղաքական ձախողման հետևանքներն ակնհայտ են, հետևաբար հանրության ակտիվ և արդյունավետ լուծումեր գտնելու հորդորները պետք է լինեն նպատակային: Ի՞նչ անել։ Կառավարող ուժը հայտարարել է ժողովրդավարական քաղաքականության մասին, սակայն չի պարզաբանել դրա հիմնարար հարցերը: Ինչպե՞ս հասնել սոցիալական արդարության: Ինչպե՞ս մերօրյա հասարակությունում վերացնել անձնական շահի և համերաշխության միջև առկա լարվածության մթնոլորտը: Ո՞րն է ազատության և հավասարության իմաստը ներկայումս «հայտարարված» սոցիալ-քաղաքական իրականության մեջ: Եվ ո՞րն է պետության դերն այս սկզբունքների կիրառման գործում: Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացու համար ոչ միայն պարտականություններ և իրավունքներ սահմանելու, այլ դրանով պայմանավորված՝ ապագային ուղղված առաքելության կարիք ունի։ Նշված պարզաբանումները տալու համար նախ և առաջ պետք է հռչակել իզմերի հեղափոխություն և բարեփոխումները իրականացնել հստակ ձևավորված արժեհամակարգի(իզմ) սահմաններում՝ կանոնակարգված, հստակ հայեցակարգով և ռազմավարությամբ։ Հիմնական իրավունքները պետք է ապահովեն հիմնարար սկզբունքների փոխանցումը դեպի իրավական դաշտ: Ընդհանրապես հնարավոր չէ խոսել ժողովրդավարությունից և չունենալ արժեքներ։ Խոսելով իզմեր չկրելու մասին՝ կարող ես պնդել, որ ազատությունը քոնը չէ։ Եթե ազատությունը քոնը չէ, ապա ինչպե՞ս կառուցել ազատ հասարակարգ և ընդհանրապես մտածել անձի ազատության մասին։ Ստացվում է, որ անհեթեթություն է երազել ժողովրդավարության մասին առանց ազատության արժեքը կրելու։ Այդպես չէ՞։ Այս անհեթեթությունն է, որ թույլ է տալիս վախերի, բարդույթների և պատմականորեն պետականազուրկ կոլեկտիվ հիշողությունից սնվող զանազան, բազմազան և կեղծ արժեհամակարգ թելադրողներին խցկվել քաղաքական ասպարեզ։ Երբեմն, խոսելով արժեհամակարգից, տպավորություն է, որ զրուցակիցս չի հավատում կամ չի պատկերացնու, թե դա ի՞նչ է իրեն տալու և դա ինպե՞ս է նյութականանալու։ «Liberté, egalité, fraternité!- ազատություն, հավասարություն և համերաշխություն»։ Սրանք այն հիմնական կարգախոսներն էին, որոնք հնչում էին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Դ¬րանց ձևավորումը, որպես արժեհամակարգ, սկսվեց 19-րդ դարում՝ բուրժուազիայի առաջխաղացման հետ: Շուտով այդ գաղափարները գրավեցին ողջ աշխարհը, իսկ 20-րդ դարի կեսերից դարձան չափանիշներ, որոնցով չափվում էին պետությունները և հասարակությունները։ Ինչու՞։ Շատ պարզ․ դրանք այն հիմնական, պատմականորեն ձևավորված արժեքներն են, որոնք կրում է կամ որոնց ձգտում է մարդն իր զարգացման, գործունեության, հարաբերվելու և ընդհանրապես ապրելու համար։ Հենց այնպես չէ, որ այս արժեքների բացակայությունը բերում է ընդվզման և իրական հեղափոխությունների։ Պարզ ասած՝ մարդը չի կարող չլինել ազատ, տանել իր կամ դիմացինի նկատմամբ անարդարությունը և չհանդիսանալ սոցիումի մաս՝ որոշակի համերաշխ կամ խաղաղ ապրելու ձգտումով։Հենց այնպես չէ, որ հիմնական արժեքները արտացոլվել են նաև Միացյալ ազգերի կազմակերպության իրավական փաստաթղթերի հիմքում: 1966թ. մարդու իրավունքների երկու համաձայնագրերում հիմական քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները օրինականացվեցին և վավերացվեցին 2-րդ աշխարհամարտից հետո, որը նաև արժեհամակարգի նենգափոխման արդյունք էր։ Մեր երկրում, հիմնարար արժեքները թերի են մնում: Հետևաբար հարցը ոչ թե տեսական է, այլ օրհասական և անպայման պետք է դառնա հասարակության ներկայացուցիչների համար քաղաքական և սոցիալական հարաբերությունների քննարկման թեմա: Քաղաքական ուղղության որոշման ժամանակ հիմնարար արժեքները և դրանց իրականացումը հիմնական իրավունքների տեսքով քաղաքական կուրսի հաջողության գնահատման չափանիշներ են: Ուստի հարկավոր է այս արժեքները համաձայնեցնել հենց սկզբից: Պետականության կայացման համար իզմերի՝ հասկանալու, քննարկելու և ներդնելու կարևորությունը առավել ակնհայտ ցույց տալու համար խոսենք օրինակներով։ Չեմ անդրադառնա յուրաքանչյուր արժեքի կենսափիլիսոփայական ընկալումներին, գաղափարներին և դրանց հակասություններին։ Չեմ մանրամասնի նաև այնպիսի կարևոր համադրումներն և անջատումները, որոնց գերապատվություն տալու աստիճանից կախված՝ իզմերից յուրաքանչյուրը կարող է ձևավորումներ, ընկալումներ, ուղղություններ տալ, ինչպիսիք են պահպանողականությունը, սոցիալ-դեմոկրատիան կամ լիբերալիզմը։ Սկսենք ազատությունից, որի արժեհամակարգային նկարագրությունները տեղ են գտել Լոքի, Ռուսոի, Մոնտեսքյոյի, Կանտի, Մարքսի, ինչպես նաև այլոց աշխատություններում։ Վերը նշված անձանցից յուրաքանչյուրը ունեցել է իր պատկերացումները և ընկալումները, որոնք անգամ այսօր արդի են և զարգացման հիմնաքարերն են։ Ազատությունը, որպես արժեք, ընդունում են գրեթե բոլոր երկրները, և ինչպես նշվեց վերևում, կախված ազատության մեկնաբանությունից, դրանից ածանցվող իրավունքներից և պարտականություններից, մենք կարող ենք ստանալ երկրի մոդել։ Անձին որոշակի ազատություն տալով կամ դրանք սահմանափակելով մենք ստանում ենք նաև այս կամ այն տեսակի տնտեսական համակարգ, որը ձևակերպում է տվյալ երկրի քաղաքականությունը։ Առավել ազատությունը, որը մենք անվանում ենք լիբերալիզմ, ավելի ցայտուն է ԱՄՆ-ում։ Միացյալ նահանգներում քաղաքական մշակույթը հստակ բնութագրվում է ազատության գերակա աստիճանով՝ ազատականությամբ, որը կարևորում է միայն անհատի ազատությունը: Ազատականությունը ԱՄՆ-ում չի ենթարկվել փորձությունների այլ արժեքների փիլիսոփայության կողմից, ինչպիսիք են պահպանողականությունը և սոցիալիզմը, և հնարավորություն է ստացել հռչակվելու որպես գերակա սկզբունք՝ չունենալով որևէ այլընտրանք: Այսօր էլ ամերիկյան հասարակությունում ազատությունն ամենագլխավոր ձեռքբերումն է, իսկ կառավարությունը գրեթե հնարավորություններ չունի և առանձնապես հակված էլ չէ ազդելու տնտեսության վրա, որի զարգացման գրավականը մնում է սովորականից ազատ անձը՝ իր արժանիքներով կամ հնարավորություններով։ Ուստի մասնավոր շահերը կարող են ունենալ էական ազդեցություն, լավ են կազմակերպված և ֆինանսապես  հզոր են:Նույնիսկ լայն խավեր ներգրավող շահերը, որոնք լավ չեն կազմակերպված, չունեն որևէ ազդեցություն: Դրանք արտահայտվում են առանձին լոբբիստական խմբերի և գործարար միավորումների ձևով, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների ազդեցությամբ: Արդյունքում՝ կուսակցությունների հիմնական գործունեությունը թեկնածուների համար ընտրարշավների կազմակերպումն ու հաջող անցկացումն  է: Կուսակցությունները կառավարական որևէ ծրագիր չեն ներկայացնում: Կոնգրեսում նրանք չնչին դեր են խաղում, քանի որ նախ՝ պետք չունեն սատարելու կառավարությանը, և երկրորդ՝ քվեարկում են՝ ելնելով ավելի շուտ անձնական, քան գաղափարական շահերից: Հավասարություն-արդարություն արժեհամակարգը դիտարկելիս միանգամից պատկերացնում եմ Շվեդիան։ Հատկապես պետք է ընդգծել Շվեդիայում ձևավորված քաղաքական մշակույթը և շվեդական մենթալիտետը, որն անհիշելի ժամանակներից հիմնված է սոցիալական հավասարության գաղափարի վրա: Ականավոր սոցիալ-մշակութային աշխարհայացքը որոշում է համեմատաբար անկախ համայնքների կարևորությունը, որոնք դեր ունեն տեղական կյանքում: Շվեդների ազգային գիտակցությունում մեծ դեր են խաղում տեղական ինքնակառավրման մարմինները: Այստեղ պետական ֆինանսները տրամադրվում են հավասարապես՝ բնակչության կենսամակարդակի միանման ստանդարտներ ապահովելու նպատակով: Հիմնական սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները, քաղաքացիական իրավունքները և ազատությունները, Շվեդիայի Սահմանադրությամբ, ի տարբերություն մյուս հիմնական քաղաքական իրավուքների, ոչ թե իրավաբանորեն պարտավորեցնող են, այլ քաղաքական նպատակներ են, որոնց պետք է հասնել: Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է. «Անհատի անձնական, տնտեսական և մշակութային բարեկեցությունը պետք է լինի հանրային գործունեության հիմնական նպատակը: Մասնավորապես այն պետք է պարտավորեցնի հանրային վարչական միավորին երաշխավորել աշխատանքի, ապրելու և կրթության իրավունքը, ինչպես նաև աջակցի սոցիալական նպաստների և սոցիալական անվտանգության ապահովմանը և կյանքի բարեկեցիկ պայմաններ ստեղծելուն»: Համերաշխության լավագույն արժեհամակարգի կրողներ կարելի է համարել ճապոնացիներին։ Ճապոնիան համարվում է այսպես կոչված «համերաշխ շուկայական տնտեսության» երկիր: Ձեռնարկությունների ցանցում առկա է փոխհամագործակցությունը՝ ներառյալ միջճյուղային խմբերը և ընտանեկան ընկերությունները: Այս խմբերը հայտնի են որպես «keiretsu»: Մասնագետների պատրաստման համակարգը, ինչպես նաև տեխնոլոգիաների փոխանակման գործընթացը նույնպես կազմակերպված են համաձայն «keiretsu» կառույցների: Աշխատավորներին խրախուսվում է ձեռք բերել կոնկրետ մի շարք հմտություններ, որոնք նրանց կապահովեն կայուն աշխատանք: Արհեստակցական միությունները ևս կազմավորված են ձեռնարկությունների հիմքի վրա, ինչը ստեղծում է ձեռնարկության գործունեության հարցերին մասնակցության իրավունքի իրացման հնարավորություն: Ճապոնական ձեռնարկությունները ֆինանսավորվում են այնպիսի բանկային վարկերով, որոնք հնարավորություն են ընձեռում որոշակիության հասնել երկարաժամկետ պլանավորումերում՝ թույլ տալով կենտրոնանալ ձեռնարկության երկարաժամկետ զարգացման վրա: Անհերքելի է, որ անկախության տարիներին իզմերի բացակայությունն է բերել այսօրվա խեղաթյուրված իրականությանը։ Անհերքելի է, որ մարդկանց որոշակի խումբ կամ անձ, պատսպարվելով ազգային-պահպանողական շղարշի ներքո, իրականում քրեաօլիգարխիկ սին արժեհամակարգի կրողն են հանդիսացել։ Իսկ այժմյան արժեքային համակարգի բացակայությունը պատճառ է, որ օլիգարխիան նոր ձևով ընդգրկվի քաղաքականության մեջ, ավելի թափով վերաթողարկվելու նկրտումով և ընձեռնված հնարավորություններով։Դա է պատճառը, որ քաղաքացին բարեգործությունը դեռևս շփոթում է քաղաքականության հետ, իսկ անմիտ խոսքը միս ու արյուն է ստանում, դաշտ ձևավորում, ծնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պողոսը, զոմբին, պիցցայակերը և այլն։ Դա է պատճառը, որ ժողովրդավարությունից խոսող և հակապետական մշակույթի դեմ պայքարող պետական գործիչը ընկել է իր իսկ լարած ծուղակը և, քաոսային ընթացքին զրո դիմադրություն ցույց տալով, առաջարկում է Ազգային Ժողովի փոխարեն  «լռվել բեսեդկայում»։ Նարեկ Ներսիսյան
12:43 - 22 հունվարի, 2020
Սյունիքի Աճանան գյուղի տների պատերը ճաքում են, իսկ պատասխանատուներն անհայտ են #FreeZone

Սյունիքի Աճանան գյուղի տների պատերը ճաքում են, իսկ պատասխանատուներն անհայտ են #FreeZone

Սյունիքի մարզի Աճանան գյուղի բնակիչների տները գտնվում են վթարային վիճակում։ Պատճառը, տեղացիների համոզմամբ, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից Շահումյանի ոսկու հանքավայրում իրականացված պայթեցումներն են: Աճանանցի Թագուհի Հայրապետյանը ցույց է տալիս տան, գոմի պատերի, սյան և բակի հատակի ճաքերը։ 30 տարվա Աճանանի բնակիչ Նաիրա Պողոսյանն էլ ցույց է տալիս իր տունը։ Պատմում է, որ ամեն օր քնում է մի սենյակում, որի առաստաղը վթարային է։ Կապանի խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բանակցությունների մեջ է նախկին «Կապանի ԼՀԿ»-ի, ներկայիս «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը չի ընդունում, որ առաջացած ճաքերը հանքում կատարված պայթեցումների հետևանք են։ Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ 2019 թվականի նոյեմբերի 5-ի մեր հարցմանն ի պատասխան ընկերությունը նոյեմբերի 26-ին հայտնել է հետևյալը․«Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ ստորգետնյա հանքում պայթեցման և հանքավայրի հանքաքարի արդյունահանման և այլ աշխատանքները իրականացվում են ըստ շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացություն ստացած և հաստատված տեխնիկական նախագծի՝ պահպանելով լեռնահատկացման ակտով տրված սահմանները։ Լեռնահատկացման սահմաններից դուրս ընկերությունը հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նշված սահմաններում բնակելի շինություններ չկան, իսկ տարվող աշխատանքները, տվյալ դեպքում՝ պայթեցումները, իրականացվում են մակերևույթից բավականին խորը հորիզոններում, հետևաբար սահմանված թույլատրելի մեծություները գերազանցող որևէ ազդեցություն չեն կարող ունենալ որևէ բնակավայրի, այդ թվում՝ Աճանանի բնակելի շինությունների վրա»։ Հարցման երկրորդ կետի վերաբերյալ, այն է՝ ի՞նչ փորձաքննություն են կատարել, որպեսզի հավաստիանան, որ հանքավայրի պայթեցումների պատճառով չէ, որ ճաքերը են գոյացել, ընկերությունը ոչինչ չի պատասխանել։ Արտակարգ իրավիճակների նախարարություն արված հարցման պատասխանից տեղեկացանք, որ նախարարությունն այդ խնդրով զբաղվելու համար ցուցումներ չունի։ Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ փորձաքննություն չի իրականացվել, պատճառահետևանքային կապը բացահայտված չէ, հետևաբար գյուղացիների կրած վնասի փոխհատուցման հարցը մնում է անլուծելի։ Նրանք շարունակում են ապրել վթարային տներում։ Թաթուլ Նավասարդյանը մի քանի անգամ վերանորոգել է տունը, սակայն շատ ֆինանսական միջոցներ չունի, որ յուրաքանչյուր ճաքի դեպքում կրկին վերանորոգում կազմակերպի։ Նա համոզված է, որ պատերը ճաքում են պարբերաբար պայթեցումների հետևանքով։ Աճանանցիները բողոքել էին նաև գյուղում խմելու ջրի որակի վերաբերյալ։ Բնակիչներն անսովոր հոտ են զգացել ջրից։ Սակայն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանում գրված է, որ 2019 թվականին իրականացվել է Աճանան գյուղի խմելու ջրի 22 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, համապատասխանել են Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։ Փաստաթուղթը ստորագրված է գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի կողմից։ Թեհմինե Ենոքյան
10:35 - 04 դեկտեմբերի, 2019
Առանձին պաշտոնյաներ կարող են ունենալ մասնավոր հետաքրքվածություն «ԱրմՕյլ»-ի հարցում․Արթուր Գրիգորյան #FreeZone

Առանձին պաշտոնյաներ կարող են ունենալ մասնավոր հետաքրքվածություն «ԱրմՕյլ»-ի հարցում․Արթուր Գրիգորյան #FreeZone

Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում կառուցված «ԱրմՕյլ» նավթամթերքի վերամշակման գործարանի ծավալած գործունեության վերաբերյալ զրուցել ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ։ - Պարո՛ն Գրիգորյան, երբ նշանակվեցիք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար, արդյո՞ք տեղյակ էիք «ԱրմՕյլ»-ի խնդրից, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ամփոփ ներկայացրեք իրավիճակը։ Իմ ղեկավարման առաջին իսկ օրից մինչ վերջին օրը «ԱրմՕյլ» ընկերության հարցը եղել է օրակարգում, ու հենց օրակարգում եղել է այն պատճառով , որովհետև վերջնական որոշում, վերջնական լուծում տալու համար անընդհատ կային խանգարող հանգամանքներ։ Նշանակվելուց մի քանի օր հետո ստացանք բնակիչներից դիմում՝ խնդրանքով, որ իրականացվի տեսչական ստուգում։ Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ այն ենթակա է ՇՄԱԳ-ի (Շրջակա միջավայրի ազդեցության գնահատում), սակայն չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, ու մենք որոշեցինք պարտավորցնել «ԱրմՕյլ» ընկերությանը՝ տնօրեն Ալֆրեդ Աբեդիին, որպեսզի դադարեցնի ցանկացած գործողություն, որը վերաբերվում է գործարանի կառուցմանը։ Բնակիչների բողոքից հետո՝ երբ տեսչությունը սկսեց իր ստուգումը, պարզ դարձավ, որ արդեն իսկ ընկերությունը նախաձեռնել է հանրային քննարկումներ։ Եթե նա իրականացնում է հանրային քննարկում, նշանակում է, որ իրականացնելու է ՇՄԱԳ, որովհետև ՇՄԱԳ-ից զատ որևէ այլ գործողություն իրականացնելու համար հանրային քննարկում չի պահանջվում։ Բայց հետո իրենք գուցե հասկացան, որ ՇՄԱԳ պրոցեսով ինչ-որ խնդիրներ կարող է ունենան  ու որոշեցին, որ այդ գործունեությունը ՇՄԱԳ-ի ենթակա չէ։ Արդյունքը մի բառախաղ էր՝ «Գիտեք, մենք նավթավերամշակում չենք իրականացնելու, այլ նավթամթերքի վերամշակում», ու փորձում էին համոզել, որ իրենց գործունեությունը ուղղված չէ շրջակա միջավայրին լուրջ վնասներ հասցնելուն։ Նյութը ուղարկեցի նախկինում Բնապահպանության նախարարությանը, որպեսզի որոշեն՝ սա ի վերջո ՇՄԱԳ ի ենթակա է, թե ոչ։ Նախարարությունից եկավ շատ տարօրինակ պատասխան, որ ընկերությունը ներկայացրել է նախնական գնահատման հայտը, բայց քանի որ հայտը լրակազմ չէր, Բնապահպանության նախարարությունը այն հետ է վերադարձրել ընկերությանը՝ լրակազմման, որից հետո կկարողանան պարզել՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա է, թե ոչ։ Հետո նույն նյութերը ուղարկեցի նախկինում Տնտեսական զարգացման նախարարությանը, որի նախարարը Արծվիկ Մինասյանն էր այդ ժամանակ։ Նույն հարցումն ուղարկեցի, որ ըստ ՏԳՏԴ-ի այն արդյո՞ք հանդիսանում է նավթավերամշակում, թե՞ ոչ։ Երկու ամիս Արծվիկ Մինասյանից ոչ մի պատասխան չստացա։  Իրեն աշխատանքից հանեցին, և օրեր անց ժամանակավոր պաշտոնակատարը ուղարկեց մի տեղեկատվություն, որում ասվում էր՝  «Դուք ինքներդ որոշեք, մենք չենք կարող գնահատել»։  -Վերջերս լրատվականներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Միանսյանն ասաց, որ «ԱրմՕյլ» նավթամթերքի վերամշակման գործարանը ՇՄԱԳ փորձաքննության ենթակա չէր։ Այս մասով կմեկնաբանե՞ք։ -Արծվիկ Մինասյանը, եթե որևէ բան ուներ ասելու, թող  ասեր այն ժամանակ, երբ  տեսչությունը իրեն հարցում էր ուղարկել, երբ նա երկու ամիս ոչինչ չասաց, և միայն իր հեռանալուց հետո  ժամանակավոր պաշտոնակատարը ուղարկեց։ Հիմա Արծվիկ Մինասյանը թող ընդհանրապես լռի այդ հարցի վերաբերյալ։ Այդ գործունեությունը ենթակա էր ու ենթակա է ՇՄԱԳ-ի։ -Երբ պետք է ստուգում իրականացնեիք Արմօյլում , գործարանատերը որոշեց, որ չարաշահում եք Ձեր լիազորությունները և որոշակի գործընթաց ծավալվեց։ Կմանրամասնե՞ք։ - «ԱրմՕյլ» ընկերությունը թույլ չէր տալիս մտնել և ստուգում իրականացնել։ Ընկերությունը, չգիտես ինչու, որոշեց, որ տեսչական մարմի ղեկավարը՝ ես, իմ լիազորություններն անցնում եմ, երբ տեսչական խումբ եմ ուղարկում իր մոտ ստուգելու, և անգամ նյութերն ուղարկել էր իրավապահ մարմիններին, որպեսզի իմ նկատմամբ իրականացվի հետապնդում։ Մի քանի օղակ են փորձում գործարկել․ և՛ ճնշում գործադրել, և՛ փորձել վախեցնել, որ իրենց մոտ ստուգում չիրականացվի։ Շարունակությունը՝ տեսանյությում։ Ռոզա Կաճեթցի
13:06 - 29 նոյեմբերի, 2019
Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն #FreeZone

Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն #FreeZone

Որպես լիբերալ պետականաշինության կարևոր գործիք, անցումային արդարադատությունը հնարավորություն է տալիս հասցեագրել նախորդ իշխանությունների հանցագործություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները։ Անցումային արդարադատության պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն ժամանակակից մոտեցումը ձևավորվել է 1945-ից՝ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Տարբեր մասնագետներ առանձնացնում են այդ մեխանիզմի փոխակերպման 3-5 փուլեր, բայց դրանց մասին մեկ ուրիշ անգամ։ Որպես ամենակարևոր նպատակ, անցումային արդարադատությունը դնում է զոհին, նրա արժանապատվությունն ու իրավունքների ճանաչումն առաջին պլանում։ Այն միտված է ճանաչելու նախորդ խախտումները, որպեսզի կանխի դրանց կրկնությունը: Կան չորս տեսակի գործիքներ, որոնք այլընտրանք չեն իրար, և կախված իրավիճակից կարող են օգտագործվել միասին կամ առանձին․ Դատավարություններ`առնվազն առավել մեծ հանցագործություններ կատարած անձանց համար, Ճշմարտության որոնում` ոչ դատական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման փաստերի հավաքագրում, Վերականգնման գործընթացները` անհատական, կոլեկտիվ, նյութական և խորհրդանշական, Օրենքների և հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Այնուամենայնիվ, մի շարք հարցեր են առաջանում հայկական կոնտեքստում անցումային արդարադատության կիրառելիության մասով ու թե որ ժամանակահատվածն այն պետք է ընդգրկի և արդյո՞ք նպատակահարմար է կիրառել Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմները: Չնայած որ անցումային արդարադատության մասին խոսելիս հայաստանցիները հիմնականում նկատի են ունենում նախորդ երկու նախագահների պաշտոնավարման շրջանը, առավել էֆեկտիվ անցումային արդարադատություն կազմակերպելու համար պետք է ոչ միայն սկսել 91-ի անկախության շրջանից, այլ նաև վերջապես պետական մակարդակով հստակ բնորոշում տալ խորհրդային տարիների ռեպրեսիաներին։ ԽՍՀՄ-ի կործանումից հետո հայերը ժամանակ չունեցան վերականգնվելու ու միանգամից հայտնվեցին մութ ու ցուրտ ու պատերազմական իրավիճակում։ Չհաշված որոշ սիմվոլիկ գործողությունների (Բռնադատվածների մասին օրենք, Բռնադատվածների գործերը քննող հանձնաժողով, Հիշատակի օր, Հուշարձան։ Ի դեպ՝ սրանք հենց անցումային արդարադատության գործիքներից են), այնուամենայնիվ հասարակության մի ստվար զանգված նոստալգիայով է հիշում այդ տարիները՝ մոռանալով ԽՍՀՄ շրջանում իրենց հայրենակիցների նկատմամբ բռնությունները, քանի որ չկա հստակ քաղաքական գնահատական այդ տարիների վերաբերյալ։ Այնուամենայնիվ անցումային արդարադատությունն ունի իր սահմանափակումները, որոնք դժվարացնում են տարբեր իրավիճակներում դրա կիրառելիությունը: Առաջին հերթին, այն կենտրոնանում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա և խնդրի պատճառների փոխարեն «բուժում է» ախտանիշները: Ընդ որում՝ այս մեխանիզմը չունի բավարար ժողովրդավարական լեգիտիմություն՝ դիտարկելու հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած լայնածավալ տնտեսական և սոցիալական իրավունքների խախտումները: Երկրորդ խնդիրն այն է, որ այն տնօրինվում է ոչ թե տեղական շարժումների, այլ էլիտար միջազգային մասնագետների կողմից: Այն նաև խոչընդոտում է զոհերի մասնակցությանը բռնի անցյալի քննության գործընթացում: Անցումային արդարադատությանը վերաբերող երկու հիմնական մոտեցում կա՝ Պատժողական մոտեցում (Retributive approach), որն ավելի շատ խնդրի դատական լուծման մոտեցում է, Վերականգնողական մոտեցում (Restorative approach), որպես ճշմարտության, հաշվետվողականության, փոխհատուցման և հաշտեցման ձև: Անցումային արդարադատությունը փորձում է խաղաղության ու արդարադատության միջև գտնել հավասարակշռություն, ինչը շատ մասնագետների կողմից անվանվում է կեղծ դիխոտոմիա (երբ երկու իրար չբացառող հասկացություններ կեղծ հակադրության մեջ են ներկայացնում), քանի որ անցումային արդարադատության նպատակը երկարատև խաղաղության հասնելն է՝ առաջնային կարևորություն տալով արդարադատությանը՝ փոխանակ այս երկու կոնցեպտները հավասար մակարդակներում դիտարկելը։ Խաղաղությունը կարող է լինել նեգատիվ (բռնության բացակայություն՝ օրինակ հրադադարի ռեժիմը) կամ պոզիտիվ (կոնֆլիկտի կոնստրուկտիվ հանգուցալուծում՝ արդարադատության հաստատում, հարաբերությունների վերականգնում)։ Հանցագործների անպատժելիությունը կարող է բացասական խաղաղություն բերել, բայց այն չի կարող նպաստել իրական հաշտեցմանը, որը պահանջում է արդարության ավելի լայն ընկալում, քան պարզապես պատժողական (Retributive) մոտեցումն է: Վերականգնողական (Restorative) տեսանկյունից պատժողականությունը դիտարկվում է որպես անբավարար մոտեցում` երկարատև խաղաղության և սոցիալական համակեցության վերականգնման համար, քանի որ այդ մոտեցմումը կենտրոնացված չէ զոհի, նրա տառապանքների ու կարիքների վրա։ Սա ենթադրում է այլընտրանքային մեխանիզմի անհրաժեշտություն, որն առաջարկում է արդարության ավելի լայն՝ «փոխակերպող» ընկալում: Ունենալով նույն հիմքը, ինչ վերականգնողական արդարությունը (Restorative justice), փոխակերպող արդարադատությունն (Transformative justice) ավելի լայն մոտեցում ունի արդարության հայեցակարգին: Այն չի կենտրոնացված պարզապես երկու կողմերի միջև հարաբերությունների լավացման վրա, ավելին՝ այն ձգտում է երկու կողմերին փոխակերպել դեպի ավելի լավը ու կարևորում է ընդհանուր պրոցեսը, այլ ոչ թե կանխակալ վերջնարդյունքը։ Այն նպատակ ունի պատասխանելու զոհերի հարցերին՝ թե ինչու՞ են նրանք վիկտիմիզացվել։ Այն փորձում է առերեսվել բռնի անցյալին՝ նպաստելով վերականգնման և հաշտեցման ապահովմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը։ Փոխակերպող արդարադատությունը կարող է կիրառվել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ ամենօրյա և սիստեմատիկ բռնությունների հասցեագրման համար։ Չնայած փոխակերպող արդարդատությունը չի փորձում լիովին փոխարինել անցումային արդարադատությանը, նրա հիմնական նպատակն է մարտահրավեր նետել անցումային արդարադատության քաղաքականությանը և առաջնահերթություններին, և դրա ուշադրությունը տեղափոխել իրավականից՝ հասարակական և քաղաքական, պետություններից և հաստատություններից՝ համայնքներին: Ի տարբերություն անցումային արդարադատության, այն զոհերի կյանքին, խնդիրներին և կարիքներին մոտենաում է ավելի ներքևից-վերև (bottom-up) սկզբունքով: Եվ վերջապես, անցումային արդարադատության համեմատ, փոխակերպող արդարադատությունն իրավունքները համարում է փոխկապակցված ու անբաժանելի և հավասարապես հաշվի է առնում սոցիալական և տնտեսական իրավունքները: Անկախ հայաստանյան հասարակության կողմից ընտրված մոտեցումից, կարևոր է, որ իշխանություններն ապահովեն անցումային գործընթացների իսկականությունը և անվերապահորեն հետևեն և հարգեն իրենց պարտավորություններն ու հեղափոխության արժեքները, քանի որ առանց անկեղծ քաղաքական կամքի ու առավել լայն հանրային քննարկումների, անցումային գործընթացներին հանրության ներգրավման ու տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու այն չի կարող ապահովել իրական խաղաղություն ու հաշտեցում։ Կամո Դավթյան
10:40 - 02 օգոստոսի, 2019
Մենաշնորհներն այսօր․ բենզին ներմուծողների թիվը պակասել է մեկով, շաքարավազինը, ալյուրինը, կարագինը՝ կրճատվել է մոտ երկու անգամ #FreeZone

Մենաշնորհներն այսօր․ բենզին ներմուծողների թիվը պակասել է մեկով, շաքարավազինը, ալյուրինը, կարագինը՝ կրճատվել է մոտ երկու անգամ #FreeZone

Նոր իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանում չպետք է լինեն մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Հասկանալու համար՝ իշխանափոխությունից հետո փաստացի ինչ է փոխվել Հայաստանում մենաշնորհային համարվող չորս ապրանքատեսակների՝ բանան, կարագ, շաքարավազ, բենզին, շուկաներում, և ինչպիսի գործունեություն են ծավալում տնտեսական մրցակցություն ապահովող մարմինները նոր իրողությունների պայմաններում, մինչև 2018 թ. մայիս ամիսն ու դրանից հետո համեմատական վերլուծություն կատարելու համար առաջադրեցինք հարցերի որոշակի շրջանակ:  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Բացի բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելուց՝ ՏՄՊՊՀ խնդիրներն են՝ հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը: ՏՄՊՊՀ-ից ստացված պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2016-19 թթ. ընթացքում բանանի, շաքարավազի, ալյուրի, կարագի, բենզինի շուկաներում որևէ ընկերություն Հանձնաժողովի կողմից չի ճանաչվել որպես գերիշխող դիրք ունեցող: Առանձին ընկերությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ փոխանցվել է, որ ապրանքային շուկաներում դրանք գերիշխող են եղել մինչև 2016 թվականը: Այսպես՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2006 թվականի հուլիսի 12-ի թիվ 68-Ա որոշմամբ «ադամաթուզ (բանան)», «ԱլեքսԳրիգ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 347-Ա որոշմամբ «շաքարավազ» և Հանձնաժողովի 2010 թվականի մարտի 19-ի թիվ 23-Ա որոշմամբ «կարագ», «Մանանա Գրեյն» և «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ները Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 14-ի թիվ 87-Ա որոշմամբ «ցորենի ալյուր», «Ֆլեշ» և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները Հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի թիվ 47-Ա որոշմամբ «բենզին» ապրանքային շուկաներում ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող: Բայց հաջորդիվ Հանձնաժողովի պատասխանում նշված է, որ 2016, 2017, 2018 թթ. «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին է պատկանել բանանի ընդհանուր ներմուծուման ծավալների համապատասխանաբար՝ 57, 57 և 30 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին է պատկանել պատրաստի շաքարավազի ներմուծման ծավալների համապատասխանաբար՝ 95, 97 և 78 տոկոսը, 2016, 2017, 2018 թթ. «Ֆլեշ» ՍՊԸ-ին է պատկանել բենզինի ներմուծուման ծավալների համապատասխանաբար՝ 36, 43 և 29 տոկոսը: Այսինքն՝ մի կողմից հերքելով 2016 թվականից ի վեր հայցվող շուկաներում գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների առկայությունը՝ ՏՄՊՊՀ-ն հենց իր տրամադրած փաստերով և մատնանշած իրավակարգավորումներով (Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում՝ շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանելու մասին» թիվ 194-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ կետով) հաստատել է նշված ընկերությունների շարունակական գերիշխող դիրքը ապրանքային շուկաներում: Իրացման ծավալներով շուկայի առնվազն մեկ երրորդը գրավելու հիմքով միայն «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն 2016, 2017 թթ. գերիշխող դիրք է զբաղեցրել բանանի, «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ն՝ 2016, 2017, 2018 թթ. շաքարավազի, «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 2016, 2017 թթ. բենզինի շուկաներում: Իսկ ապրանքի 95, 97 տոկոս ներմուծումն արդեն բացարձակ իշխանության և մենաշնորհը փաստող տվյալ է, որն էլ շաքարավազի շուկայում վերապահված է եղել «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ») ՍՊԸ-ին 2016-2017 թթ.: Փաստացի գերիշխող դիրքը բացառելուց բացի՝ ՏՄՊՊՀ-ն հավաստիացրել է, թե վերջին տարիների ընթացքում նշված ապրանքային շուկաներում առավել խոշոր ընկերությունների կողմից Օրենքի խախտման փաստեր չեն հայտնաբերվել, և իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ մրցակցության օրենսդրության խախտման փաստեր չեն հայտնաբերվել: Այն դեպքում, երբ քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, ՀԿ-ներից բազմաթիվ են ահազանգերը մենաշնորհային շուկաներում տիրող բարքերի մասին: Բենզինի շուկայում ՏՄՊՊՀ-ն «Ֆլեշի» կողմից ներմուծման ծավալ է նշել 29%, բայց ամբողջ հանրապետությունում բենզինի գնի միաժամանակյա բարձրացման և իջեցման երևույթը կարող է թերևս միայն օլիգոպոլիայի մասին վկայել: Հարցադրմանը՝ գերիշող դիրք գրավող կազմակերպություններն ունեն արդյոք ապրանքների իրացմամբ զբաղվող ցանցեր, որոնք խաթարում են բարեխիղճ մրցակցությունը շուկաներում, Հանձնաժողովից պատասխանել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում: Գուցե Հանձնաժողովի ուղղակի գործառույթը չէ, բայց դրա վերաբերյալ էլ պետք է վերլուծություններ լինեն, և հայտնաբերման դեպքերում միջոցներ ձեռնարկվեն, որովհետև ակնհայտ է, որ շատ կազմակերպություններ տրոհվում են փոքր ընկերությունների՝ նախ հարկային պարտավորություններից խուսափելու, ապա նաև շուկայում մրցակցության իմիտացիա ստեղծելու նպատակով: ՏՄՊՊՀ-ն փաստորեն չի զբաղվում իր գործառույթներով՝ միաժամանակ ապակողմնորոշելով իր հակասական պատասխաններով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տրամադրած տվյալներով՝ «Ալեքս Գրիգ» և «Ալեքս Հոլդինգ» ընկերությունները 2017թթ. միաժամանակ հանդես են եկել միևնույն՝ շաքարավազի շուկայում, 2016թ. և 2017 թ.՝ միաժամանակ կարագի շուկայում: 2018-ից կարագի և շաքարավազի շուկաները «Ալեքս Հոլդինգն» առերևույթ արդեն կիսել է «Ալեքս էնդ հոլդինգի» հետ, ու 2019-ին արդեն վերջինս է հանդես գալիս կարագի շուկայում: «Ալեքս Գրիգը» և «Ալեքս Հոլդինգը», ըստ մամուլի հրապարակումների, միևնույն սեփականատիրոջն են պատկանում: Ուշագրավ է, որ ՏՄՊՀՀ-ն էլ իր գրությամբ այն որպես մեկ ընկերություն է ներկայացրել՝ մյուս անվանումը նշելով փակագծում՝ «Ալեքս Գրիգ («Ալեքս Հոլդինգ»): Երկու տեղեկատվության դեպքում էլ սեփականատերը, նշանակում է, տրոհել է իր ընկերությունը վերոնշյալ պատճառներով: Պատկան մարմինների կողմից սրա վերաբերյալ էլ որևէ ուսումնասիրությամբ որևէ գնահատական տրված չէ: Պետական եկամուտների կոմիտեից հայցվող տվյալները խնդրել էինք ներկայացնել եռամսյակային կտրվածքով: ՊԵԿ-ը միայն ներմուծող կազմակերպությունների պետական բյուջե մուծած հարկերի և ընդհանուր հարկային մուտքերի մեջ հարկերի տեսակարար կշռի վերջին երկու տարիների տեղեկատվությունն է տրամադրել այդ սկզբունքով, մյուս տվյալները ներկայացրել է տարվա կտրվածքով: Այդուհանդերձ, Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած՝ 2016-19թթ. Հայաստան բանան, շաքարավազ, ալյուր, կարագ և բենզին ներմուծման ընդհանրական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատությամբ բանանի շուկայում ներմուծողների թիվը նույնությամբ պահպանվել է, բենզինի շուկայում պակասել է մեկով, շաքարավազ, ալյուր, կարագ ներմուծողների թիվը կրճատվել է մոտ երկու անգամ: 2019թ. ապրիլի 30-ի դրությամբ ներմուծվել է նույնքան բենզին, որքան ամբողջ անցյալ տարվա (և նախորդած) տարիների ընթացքում: Հարկային մարմին վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվության համաձայն էլ՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11063,1 մլն դրամով ավել է մուտք եղել բյուջե, երկրորդ եռամսյակում՝ 13001,2 մլն դրամով պակաս: Ընդհանուր հարկային վճարումների մեջ տեսակարար կշիռը 2018-ի առաջին եռամսյակում՝ 14,6 էր, 2019-ի առաջին եռամսյակում՝ 15,8, 2018-ի երկրորդ եռամսյակում՝ 10,9, երկրորդ եռամսյակում՝ 10,2: ՊԵԿ-ի տվյալներից նաև տեսանելի է, որ լինելով հիմնական տնտեսվարողներ՝ շատ ընկերություններ փորձել են ընդլայնել իրենց ազդեցությունը և մինչև 2019 թվականը հիմնական ներկրողներ են եղել միաժամանակ մի քանի ապրանքային շուկաներում («Դուստր Մարիաննան» հիմնական կարագ ներմուծող է 2016, 2017, 2018, 2019 թթ., բայց միաժամանակ նաև շաքարավազ ու ալյուր է ներմուծել 2018-ին, «Գրանդ Քենդին» ևս հիմնական կարագ ներմուծողներից է 2016, 2017, 2018, 2019 թթ. , որը միաժամանակ շաքարավազ է ներմուծել 2016-2017թթ., «Նոր զովքը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալյուրի և շաքարավազի մշտական ներկրողն է, միաժամանակ նաև կարագ է ներմուծել 2016, 2017, 2018 թթ., «Սաս Գրուպը» 2016, 2017, 2018, 2019թթ. շաքարավազի, 2017, 2018, 2019 թթ. կարագի, 2016, 2019 թթ. բանանի հիմնական ներմուծողներից է, «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարք. էյէմը» 2016, 2017, 2018, 2019թթ. ալյուր և 2017, 2018, 2019 թթ. նաև շաքարավազի հիմնական ներմուծողներից է): Այժմ բացառությամբ մի քանի դեպքերի՝ նրանք իրենց դիրքերը պահպանում են մեկ հիմնական շուկայում, որտեղ կայուն ներկրողներ են 2016-19 թթ. ընթացքում: Ադրինե Թորոսյան   Վերլուծությունն իրականացվել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) պատվերով՝ փոքր դրամաշնորհների մրցույթի շրջանակում
08:37 - 17 հուլիսի, 2019
Սահմանադրությամբ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումները բացակայում են․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

Սահմանադրությամբ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումները բացակայում են․ Նարեկ Ներսիսյան #FreeZone

2015թ.-ի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները նոր էին սկսվել, բայց այն արդեն հարցեր էր առաջացնում։ Գլխավոր հարցն այն էր, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը, և արդարացիորեն նկատվեց, որ ընդունման օբյեկտիվ անհրաժեշտության բացակայությունը մեխանիկորեն հանգեցնելու է սուբյեկտիվ շահի առկայության: 2005թ.-ին ընդունված Սահմանադրության՝ փոփոխման ոչ ենթակա 114-րդ հոդվածի փոփոխությունն արդեն իսկ խոսակցությունների տեղիք էր տալիս առ այն, որ սա ոչ թե գործող սահմանադրության փոփոխություն է, այլ լրիվ նոր Սահմանադրության մշակում և պարտադրում: Ողջամիտ կասկածներ կային, որ այսպես կոչված նոր սահմանադրությունը կոչված է վերջնականապես ուզուրպացնել ամբողջ քաղաքական դաշտը և ստեղծել կուսակցական մենաշնորհ: Դրա մասին էին խոսում նաև սահմանադրության նախագծում առկա հոդվածները, որոնց մենք կանդրադառնանք ստորև: Խոսակցություն կար, այդ թվում՝ նաև նաև այսօրվա կառավարող ուժի շրջանում, որ 2015թ.-ի սահմանադրությունը կարված է մեկ մարդու հագով, և մենք ունենք Հյուսիսային Կորեային համարժեք միակուսակցական երկիր դառնալու բոլոր հնարավորությունները։ Սա էր նաև այն հիմնական քաղաքական պատճառը, որ քաղաքացիական գիտակցությամբ օժտված բոլոր քաղաքացիները ընդվզեցին հիմնական նոր օրենքի դեմ: Բոլորի համար ակնհայտ էր, որ սահմանադրական փոփոխությունները անցկացվելու են, և հանրաքվեն կեղծվելու է հօգուտ քաղաքական մենաշնորհի, և նախագիծը, առանց մեր համաձայնության, արհեստականորեն որոշելու է մեր համակեցության կանոնները: Հաշվի առնելով վերը նշվածը՝ այն դեռևս մինչև հանրաքվեի դրվելը հայտարարվեց դելեգիտիմ: Այսպես՝ 2018թ.-ի հեղափոխական իրադարձությունների մասնակիցները միակարծիք էին, որ սահմանադրությունը լեգիտիմ չէ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք ունենա իր կողմից ընդունելի անձնագիր: 2018թ.-ի այս օրերից շատերի համար արդեն պարզ էր, որ սահմանադրական փոփոխություններ մոտ ապագայում դժվար թե լինեն, եթե այս պարտադրված համակեցության կանոնները իրենց արդյունավետությամբ այլ բան չապացուցեն: Եվ ահա, սկվեց այն, ինչ կանխատեսվում էր․ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, որը Սահմանադրական դատարանի նոր ընտրված դատավոր Վահե Գրիգորյանի կողմից անգամ անվանվեց սահմանադրական ճգնաժամ: Սակայն այս պահին Վահե Գրիգորյանը, ով ժամանակին խիստ կասկածի տակ էր առնում սահմանադրական փոփոխությունները, վերջերս կառավարող ուժին ուղղված մի տպավորիչ առաջարկ արեց, որը մեզ կգոհացներ, եթե չլիներ մեկ բայց՝ ամեն ինչ անել այս սահմանադրությանը իրավական ուժ հաղորդելու համար: Դեռևս 2015թ.-ին մի խումբ իրավաբաններ, այդ թվում՝ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, սահմանադրությունների փաստացի և իրավական կողմը վերլուծելով նշում էին՝ «Սահմանադրությունն իր բովանդակությամբ կարող է շատ ժողովրդավարական լինել և միաժամանակ իրականությանը չհամապատասխանող՝ ամբողջությամբ կամ առանձին դրույթներով։ Նման պարագայում սահմանադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրական է, կեղծ»: «Օրենքը այն գլխավոր երաշխիքը չի, որ անձանց իրավունքները կպաշտպանվեն,  այլ գլխավոր երաշխիքը օրինական և արդար ընտրությունների արդյունքում իշխանության եկած այն բարոյական անձանց քաղաքական կամքն է, ովքեր ունակ են և պատրաստ են երաշխավորելու յուրաքանչյուրի հավասարությունը օրենքի և դատարանի առջև»: Չնայած վերը նշված իրողությանը՝ այլևս չենք անդրադառնա սահմանադրության դելեգիտիմ լինելու հարցին և առանց հատուկ իրավական տերմինաբանության կվերլուծենք այսօրվա սահմանադրության այն մասը, որին չի անդրադարձել փաստաբանների խումբը 2015թ.-ին։ Հիմնականում վեր կհանենք իրավական և քաղաքական անկատար ինստիտուտները, որոնք կարող են այս կամ այն ձևով մարտահրավեր նետել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս: Այսպես, ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի դրույթները սահմանում են միավորման իրավունքի ազատությունը՝ ներառյալ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունքը: Չնայած նրան, որ Սահմանադրությամբ միավորման ազատության իրավունքը դիտարկվում է աշխատանքային իրավունքի անքակտելի մաս, սակայն միաժամանակ այն սահմանափակվում է որպես աշխատանքային շահերի պաշտպանության միջոց, որի նպատակով իրավունք է ընձեռնվում ստեղծել արհեստակցական միություններ և անդամագրվել դրանց: Այսինքն՝ Սահմանադրությամբ միավորման ազատության իրավունքը սահմանափակված է աշխատանքային շահով և դիտարկվում է միայն որպես պաշտպանության միջոց: Այսպիսի կարգավորումը արդեն իսկ հնարավորություն չի ընձեռում լիարժեք իրագործել միավորման միջոցով աշխատողների արհմիություն ստեղծելու, ազատ անդամագրվելու իրավունքը, օգտագործել արհեստակցական միություններին ընձեռնված լայն գործիքակազմը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, սոցիալական գործընկերության, հետևաբար նաև Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետությանը բնորոշ գործառույթները: Միանշանակ է, որ Սահմանադրությամբ սահմանված միավորման ազատության իրավունքը պետք է համապատասխանի միջազգային իրավական ակտերով ամրագրված չափորոշիչներին և չպարունակի արհեստական սահմանափակումներ: Ըստ էության՝ միավորման իրավունքի նվազագույն նպատակը պետք է հանդիսանար ներկայացման, աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերի սպասարկման և պաշտպանության միջոցի առկայությունը: Սրանից էլ իր հերթին բխում է, որ Սահմանադրության 45-րդ հոդվածը չի բխում իր իսկ 1-ին հոդվածից, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է նաև սոցիալական պետություն: Միավորման ազատության սահմանափակումն էլ թույլ չի տալիս թե՛ պետությանը, թե՛ իրավունքի մյուս սուբյեկտներին լիարժեք իրականացնել սոցիալ-տնտեսկան քաղաքականություն, որն այսօր էլ տեսանելի խնդիրների առջև է կանգնած: Բացի այդ՝ հավաքների և կուսակցություն ստեղծելու իրավունքը պետք է ներառված և պաշտպանված լինի, բխի միավորման իրավունքից, որի իրավական նշանակությունը, այդ թվում՝ նաև տառացի մեկնաբանության տեսանկյունից, հարցեր չպետք է առաջացնի(Սույն Սահմանադրության խնդիրներից է նաև իրավական բարդ լեզուն, որը ոչ իրավաբանական կրթություն ունեցող քաղաքացու համար կարող է տարբեր մեկնաբանման և տարընթերցման տեղիք տալ, որն անընդունելի է): Բայց այն, որ պետք է միավորվել, հետո կուսակցություն ստեղծել, թե հավաքի մասնակցել առանց միավորման, դարձավ երկրոդական, երբ շարունակեցինք հետագա դիտարկումը։Այսպիսով՝ նախագահի պաշտոնանկության, ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերի, կամ մահվան դեպքում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հստակ կարգավորվում է/հոդված՝ 144/։ Ի տարբերություն դրա՝ Սահմանադրության 152-րդ հոդվածը միակն է, որը անդրադառնում է վարչապետի բացակայության պայմաններում գործադիր իշխանության կառավարմանը: Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ»: Ինչպես տեսանք, նշված հոդվածով ընդամենը կարգավորվում է վարչապետի բացակայության հարցը, իսկ վարչապետի պաշտոնանկության, ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերը սահմանադրությամբ չեն կարգավորվում: Հետևաբար բնական հարց է ծագում՝ ինչպես պետք է կարգավորվեն հիշյալ դեպքերը․ գնալ նոր ընտրությունների, թե փոխվարչապետին կարգել կառավարության ղեկավար, թե ցրել կառավարությունը և Ազգային Ժողովի կողմից նոր վարչապետի ընտրություն սկսել: Թվարկածից ոչ մեկը:Սահմանադրության մեջ կառավարության ղեկավարի, այն է՝ վարչապետի հետ կապված անհաղթահարելի իրավիճակների կարգավորումներն ուղղակի բացակայում են, և այդ դեպքերում հայտնի մուլտֆիլմից մեզ կմնա միայն ասել՝«Куку! Мой мальчик»: Սա դեռ այն պայմաններում, երբ մենք ենթադրաբար գտնվում ենք արտաքին խաղաղ համակեցության պայմաններում: Իսկ պատերազմի ժամանա՞կ: Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին: Առաջին հայացքից վատ չէ, բայց, եթե մի պահ ընդունենք, որ զինված ուժերի անհետաձգելի կիրառման անհրաժեշտություն կա, իսկ վարչապետը ծանր հարբուխով հիվանդ է և ժամանակավորապես գրել չի կարող, իսկ փռշտոցի հաճախականությունը հնարավորություն չի տալիս բանավոր հրահանգ տալու, ապա ի՞նչ: Վերը նշվածի հետ համադրեք և գնահատեք ինքերդ․ ոչինչ, ուղղակի զինված ուժերի անհապաղ կիրառման հարցը հոդս կցնդի: Սրան էլ գումարենք նույն՝ 155-րդ հոդվածի 4-րդ մասը, որն էլ մեզ ասում է, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Ենթադրում եմ, որ ձեր մոտ էլ կորավ շարունակելու ցանկությունը: Դե ես էլ չեմ շարունակի, քանի որ հնարավոր և հավանական աղետն ակնհայտ է: Միայն ավելացնեմ, որ վերը նշված հնարավոր իրավիճակները պատկերացնելիս բացակայում է շարունակելու, քննարկելու և իրավական գնահատական տալու ցանկությունը նույն սահմանադրությամբ նախատեսված գերվարչապետի կերպարին, հետո՝ այն հանգամանքին, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը նախարարություն պետք է դառնան, թե ոչ, և վերջապես՝ Սահմանադրական դատարանում պետական բյուջեից սնվողները անդամներ են, թե՞... Որոշեք ինքներդ, թե այսպիսի սահմանադրություն պետք է մեզ, թե ոչ և եթե այո, ապա ո՞ւմ և ինչպե՞ս։
09:36 - 05 հուլիսի, 2019
Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում

Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում

Հայ ժամանակակից կինոկատակերգությունների մասին խոսելիս հարկ է ի սկզբանե նշել, որ դրանք ուշադրության են արժանի ոչ այնքան որպես արվեստ, որքան մերօրյա ողջախոհությունն ի ցույց դնող՝ զանգվածային մշակույթի արտադրանք։ Հետաքրքիր են հանգամանքները, որոնց ազդեցության ներքո ֆիլմերն ի հայտ են գալիս, ո՛չ թե առանձին վերցրած ֆիլմերը։ Գլխավորապես կծավալվեմ «Սուպեր մամա»-ի շուրջ՝ վերջում հպանցիկ անդրադառնալով մի քանի այլ ֆիլմի։ Այն էկրան է բարձրացել 2014 թվականի մարտի 8-ին և բնորոշվում է որպես «ռոմանտիկ կատակերգություն»։ Այս առումով ակնբախ է նմանությունը հայտնի ամերիկացի ռեժիսոր Սիդնի Փոլաքի «Թութսի» (1982) ֆիլմին, որում Դասթին Հոֆմանի մարմնավորած հերոսը նույնպես դերասան է և կին է ձևանում։ Որոշ դրվագներ և հնարներ ամերիկյան նախատիպի ուղիղ կրկնությունն են, և երկուսի դեպքում էլ ֆիլմը շարժման մեջ են դնում սեռի և սեռականության շուրջ ծագող լարումը, դրանից բխող բազմաթիվ անհարմար և, երբեմն էլ, հումորային իրավիճակները․ կին ձևացող տղամարդը սիրահարվում է կնոջ, որը կասկած անգամ չունի, որ դիմացինը կարող է տղամարդ լինել, և տղամարդիկ էլ, իրենց հերթին, սիրահարվում են տղամարդուն, որը կին է ձևանում։ Սա նշում եմ, որպեսզի շեշտեմ հայաստանցի հեղինակների՝ նոր բան մտածելու և ստեղծագործելու անունակությունը։ Բայց «Սուպեր մամա»-ն ունի մի շարք այլ հատկանիշներ, որոնք, իհարկե, տարբերվում են ամերիկյան նախատիպից։  Ֆիլմը հենված է հստակ պատմողական առանցքի վրա․ հիմա քննենք, թե ինչպես է կառուցվում այն: Խաբեբա Կարենը սիրահարվում է վերը նշված բարեգործական կազմակերպության աշխատակից Սոնային, որի հայրը մեծահարուստ է։ Սոնայի և նրա հոր՝ Դավիթի, միջև կոնֆլիկտ կա, քանի որ վերջինս տարիներ առաջ քանդել է մի դպրոց և տեղն առևտրի կենտրոն կառուցել։ Դուստրը չի կարողանում ներել աշակերտներից դպրոցը խլած հորը, իսկ հայրն էլ ջանք չի խնայում, որ վերադարձնի դստեր վստահությունն ու սերը։ Նա այս հարցում միջնորդ է դիտարկում իր աշխատակից Մենուային, որը նաև Սոնայի սիրեցյալն է։ Մենուան էլ, իր հերթին, փորձում է օգտագործել Սոնային, որպեսզի հարմար պահի գողանա նրա հոր ընկերության դրամական միջոցները։ Ինչպես տեսնում եք՝ փողը և դրա շուրջ հյուսվող խարդավանքը ֆիլմը պահող առանցքն է։ Բայց մեզ հետաքրքրում է ոչ թե ֆիլմի պատմությունը (ինչպես հիմա ընդունված է ասել՝ storytelling-ը), այլ դրա հետևում թաքնված գաղափարաբանությունը։ Ուշադրության առնենք իրար ագուցված մի քանի սյուժետային գիծ․ 1․ Մեծահարուստ Դավիթը գոլֆ խաղալիս Մենուայի հետ քննարկում է մի գործարք և իմիջիայլոց արտաբերում՝ «Մի միլիոնը բան չի փոխում»։ Ընթացքում Մենուան վազվզում է դեսուդեն և բերում գոլֆի գնդակները։ Այսպես ի հայտ է գալիս հեղինակություն վայելող հարուստ գործարարի կերպարը, որը ֆիլմի զարգացման մեջ աչքի է ընկնում բազմաթիվ դրական կողմերով։ Նա, ի վերջո, կառուցում է նոր դպրոց և հաշտվում դստեր հետ, դստերը օգնում հաշտվել նոր սիրեցյալ Կարենի և բնակարանային խարդախության մեջ վերջինիս շահակից՝ փողոցում մեքենաների ապակիները լվացող և մանր գողություններ անող դեռահաս Տիգրանի հետ։ 2․ Խարդախությամբ բնակարան ստանալու նպատակով Կարենն այցելում է “Happy mama” բարեգործական կազմակերպության գրասենյակ, որը ֆիլմի հեղինակները տեղակայել են Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող իրական «Պիացցա գրանդե» համալիրում։ Ուշիմ դիտողի աչքից չի վրիպի, թե որչափ ծախսատար հարդարանք ունի շենքը։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ առնչություն ունի այս դրվագը սոցիալական իրականության հետ։ «Պիացցա գրանդե»-ի կայքում կարդում ենք․ Պիացցա Գրանդե բազմաֆունկցիոնալ համալիրը իր մեջ է ներառում Ա Դասի բարձրակարգ բիզնես կենտրոն` տեղակայված Երևանի սրտում, որն աչքի է ընկնում ժամանակակից ճարտարապետությամբ և նորարարական լուծումներով, զինված է ամենաարդիական տեխնիկական սարքավորումներով: Պիացցա Գրանդե համալիրը նախագծված է ապահովելու Ձեր բիզնեսի համար բացառիկ հարմարավետ աշխատանքային միջավայր: Լավ հիշողություն ունեցողները նաև գիտեն, որ համալիրը կառուցվել է ապօրինաբար քանդված Սպայի տան շենքի տեղում։ Ինչո՞ւ ապօրինաբար, որովհետև այն ընդգրկված էր պատմամշակութային ժառանգության հուշարձանների ցուցակում։ Դրա շինարարությունն սկսվել է 1839 թվականին․ նախագծված է եղել որպես գավառական ուսումնարան։ Ուսումնարանում 1843-48 թվականներին աշխատել է Խաչատուր Աբովյանը։ 1881-ին այդտեղ բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիան։ 1923-ին Հայաստանի Ժողկոմխորհի որոշմամբ շենքը դառնում է կարմիրբանակայինների ակումբ։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թվականի հրամանով վերածվում ՊՆ Սպայի տան։ Ավելորդ չէ նշել, որ Սպայի տուն եղած ժամանակամիջոցում շենքում գործում էին տարբեր ուսումնական խմբակներ։ Միանգամից մի քանի հարց է ծագում․ ինչո՞ւ են ֆիլմի հեղինակները՝ անապահով մայրերին բնակարաններ տրամադրող կազմակերպությունը շքեղ բիզնես-կենտրոնում տեղավորել, ինչո՞ւ են նման կազմակերպության գաղափար հղացել առհասարակ, ինչո՞ւ են նրանք շոշափում այս թեման։ Եվ, ի վերջո, եթե փորձենք ֆիլմի պատումը հարաբերել իրականության հետ, ապա ստացվում է, որ ֆիլմի հեղինակները՝ հոր հետ դպրոցի շենքի քանդման պատճառով գժտված դստեր կազմակերպությունը զետեղել են իրակա՛ն բիզնես կենտրոնում, որը կառուցվել է իրակա՛ն կրթական հաստատության շենքի փոխարեն։ Ինչ խոսք, հեգնական է շատ։ 3․ Կարենն իր ընկեր վարսավիր Աշոտից կորզում է նրա տան բանալին, որպեսզի երեկույթ կազմակերպի այնտեղ։ Եվ հետագայում էլ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների համար բեմադրություն է իրականացնում՝ ցույց տալով, թե Կարինեի եղբոր տանն ինչ ծանր պայմաններում են ապրում միայնակ մայրն ու նրա որդին։ Արդյունքում բավականին թանկարժեք հարադարանք և կահավորում ունեցող բնակարնն ավերակի է վերածվում։ Բայց մեզ այստեղ նորից մի կոնկրետ հարց է հետաքրքրում․ ինչո՞ւ են ֆիլմի հեղինակները սովորական վարսավիրանոցի աշխատողին նման բնակարանում բնակեցրել։ 4․ Սոնան առաջարկում է Կարեն/Կարինեին և նրա որդի ձևացող Տիգրանին ժամանակավոր բնակվել իր շքեղ ամառանոցում, որպեսզի նրանց փրկի Աշոտի տան դժոխային պայմաններից։ Ֆիլմում ոչ մի ակնարկ չկա, թե որտեղի՞ց Սոնային նման ամառանոց։ Եթե հաշվի առնենք, որ նա չի շփվում մեծահարուստ հոր հետ, սա այդքան էլ արդարացված չէ։ Բայց մեզ կրկին ավելի շատ հետաքրքրում է ֆիլմի հեղինակների միտումը․ ինչո՞ւ են նրանք պատմությունը կառուցում այնպես, որ հերոսները գործեն պատերից փող կաթացող միջավայրերում, որտեղ կա նաև ճոխաքանակ սնունդ։ 5․ Երբ Կարեն/Կարինեի, Տիգրանի և Մենաույի միջև վեճ է ծագում, Սոնան առաջարկում է գնալ շոփինգի՝ լարվածությունը թոթափելու համար։ Եթե երկուս ու կես րոպե տևողությամբ այս դրվագը համապատասխան տեղերից առանձնացնենք, առանց վարանելու այն կարելի է գործածել որպես տարբեր բրենդերի, մոլերի, դրանցում տեղակայված կինոթատրոնների, սննդի կետերի, ֆոտոկրպակի և այլ աշխարհազվարճ իրերի գովազդ։ Այս դրվագը, թերևս, վերը նկարագրված սյուժետային գծերը և ամբողջ ֆիլմի տրամաբանությունը հասկանալու բանալին է։ «Սուպեր մամա»-ն, ասես, մեկ ժամ քառասուն ինը րոպե տևողությամբ գովազդ լինի․ շինանյութի, դիզայնի, սննդի, հագուստի, ավտոմեքենաների, զանազան ծառայությունների գովազդ, որը վարագուրված է «ռոմանտիկ կատակերգության» հետևում։ Այս ամենը քիչ էր, ֆիլմի վերջում էլ անտուն բախտախնդիրների՝ Կարենի և Տիգրանի, մոտ կարեկցանքի մի խղճուկ շարժում է սկսվում․ նրանք հրաժարվում են բնակարանից, ինչպես նաև մեծահարուստ Դավիթի ընկերությունը փրկում Մենուայի ծրագրած խոշոր դրամաշորթությունից։ Ահա նրանց երկխոսությունից մի հատված․ Կարեն - Տունը ստացվել ա, վաղը պտի գնանք վկայականը վերցնենք։Տիգրան - Տա՞ն, թե՞ մեր ստորության։Կարեն - Ի՞նչ ես վրես տենց նայում։ Գիտես՝ ամենա ազնիվը դո՞ւ ես։ Կարո՞ղ ա չեմ հասկանում, որ արածներս արած չի։ Էդ աղջիկը մեր համար ամեն ինչ անում ա, իսկ մենք ոտից գլուխ սուտ ենք։ Գիտե՞ս քանի անգամ եմ ուզեցել էս ամեն ինչին վերջ տամ, էլ չեմ դիմանում էս խաղերին։Տիգրան - Ամեն դեպքում՝ էս խաղը, աչքիս, իմ համար էլ չի․ ես դուրս եմ գալիս։Կարեն - Քեզ թվում ա՝ դուրս գալով բան կլուծվի՞։ Չէ։ Էդ հլը մեծ հարց ա՝ մենք Սոնային ավելի շատ ցավ կպատճառենք մեր խաղը շարունակելո՞վ, թե՞ խոստովանությամբ։Տիգրան - Երկու դեպքում էլ ցավ ենք պատճառելու, բայց ինձ թվում ա՝ ավելի ճիշտ ա ընտրել ազնիվ ճանապարհը։Կարեն - Համաձայն եմ։ Ու հետո՝ հաստատ կա միայնակ մի մայր, ում էդ տունն ավելի ա պետք։ Ֆիլմի հեղինակները ազնվության պրոպագանդ են մղում և, ընդսմին, ունևորության գովքն անում՝ մոռանալով այդ երկուսի մեկտեղման ճանապարհը ցույց տալ։ Ամփոփելով այս ֆիլմին հատկացված հատվածը՝ մի հարց առաջ քաշենք․ որչա՞փ գիտակցված են հեղինակները գործում։ Առհասարակ ընդունված է ֆիլմերում զանազան ապրանքներ գովազդելն ու դրա դիմաց գումար ստանալը, և պարզ է, որ այստեղ էլ դրա որոշակի դրսևորման հետ գործ ունենք, սակայն «Սուպեր մամա»-ի անձնակազմն առանձնահատուկ կոպտությամբ և հորդ եռանդով է դա անում։ Վերն արդեն նշեցինք, որ ամբողջ ֆիլմնը կարծես մեծ գովազդ լինի․ ահա ա՛յս առումով, թերևս, հեղինակներն ամբողջությամբ չեն գիտակցում իրենց արածի ինչ լինելը, որովհետև հետսովետական հասարակությունում սպառողականությունն արդեն հասցրել է բույն դնել հասարակության ծալքերում և դառնալ ողջախոհության անբաժանելի մասը։ Սպառողականությունն այլևս նորմալ բան է, ավելին՝ նույնիսկ հաճելի։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ ֆիլմը յություբում ունի շուրջ 12 միլիոն դիտում՝ մոտ վեց անգամ ավելի, քան, օրինակ, մեկ այլ պրոպագանդիստական նախագիծ՝ «Կյանք ու կռիվ»-ը։ Այժմ հպանցիկ անդրադառնանք մի քանի այլ ֆիլմի․ սովետական շրջանից կինոյում և գրականության մեջ լայնորեն կիրառվող՝ ռուս կնոջ և հայ տղամարդու սիրավեպի մոտիվը դեռևս շարունակում է կենդանի մնալ։ Ակնհայտ են զուգահեռները «Սուպեր մամա»-ի հետ․ այստեղ նույնպես ամեն ինչ պտտվում է փողի շուրջ, բայց վերջում հերոսների խիղճը տեղի է տալիս և նրանք իրոք սիրահարվում են, իսկ Եկատերինայի քրոջ ամուսնու՝ կտակված փողերին տիրանալու դավադիր ծրագիրն էլ ձախողվում է։ Չմոռանանք արձանագրել, որ այս ֆիլմում նո՛ւյնպես որոշ դրվագներ գովազդի են նման և ջանասիրաբար ներկայացնում են, թե ինչ առավելություններ կունենա Հայաստան այցելող զբոսաշրջիկը։ Խնդրո առարկա երրորդ ֆիլմը՝ վերջերս էկրան բարձրացած «Արև, սարեր ու սեր»-ը, բնորոշվում է որպես «կատակերգական մելոդրամա», և դրա մեջ նույնպես առկա է վերը նշված չարչրկված մոտիվը․ մոսկվայաբնակ աղջիկը թյուրիմացաբար ենթադրում է, որ իր հայրը գյուղում բնակվող մի հայ նկարիչ է և որոշում գնալ Հայաստան ու վրեժ լուծել նրանից՝ իրեն և մորը լքելու դիմաց։ Եվ, իհարկե, նրա և մի հայ երիտասարդի միջև սիրավեպ է ծագում։ Հայաստանը ֆիլմում ներկայանում է դհոլ-զուռնայով, ինձ անհայտ նշանակության ծիսակատարություններով և տուրիստական գրավչությամբ։ Ֆիլմը լիովին վերարտադրում է հայերի մասին ռուսական կարծարատիպերը․ մարդիկ ծայրահեղ հյուրասեր և բարեսիրտ են, բայց մի քիչ հիմար։ Եվ, իհարկե, այստեղից էլ որոշ դրվագներ հեշտությամբ կարելի է կտրել և որպես գովազդ գործածել։ Մի խոսքով՝ և՛ այս, և՛ նախորդ ֆիլմը առանց խղճի խայթի կարելի է բնորոշել որպես «տուրիստական կատակերգություն»։ Վերջին ֆիլմը, որին կանդրադառնամ, հայ-ամերիկյան «Կորած- մոլորվածը Հայաստանում» (2012) կատակերգությունն է։ Թուրքիայում հանգստացող ամերիկացի զբոսաշրջիկն անհեթեթ պատահարի արդյունքում պարաշյուտով վայր է գալիս Ադրբեջանի սահմանին կից գտնվող մի հայկական գյուղ, որտեղ նրան լրտեսի տեղ են ընդունում։ Բացի ամերիկացուց և արձակուրդներին տուն եկած և անգլերեն իմացող մի ուսանողուհուց, ֆիլմի մյուս կերպարները գրեթե խելապակասներ են, որոնք անգլերենը թուրքերենից չեն տարբերում և խիստ գավառական վարք են դրսևորում։ Ֆիլմի գագաթնակետն այն դրվագն է, որտեղ գյուղի ներսում տարաձայնություններ և վեճեր ունեցող հայերը ամերիկացու օգնությամբ և միահամուռ ուժերով ազատվում են ընդհանուր թշնամու՝ ադրբեջանցիների գերությունից։ Այստեղ տեղին է նշել, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարի համահեղինակը, ինչպես նաև գլխավոր դերակատարուհին նախկին երևանաբնակներ են, որոնք մանկության օրերին տեղափողխվել են ԱՄՆ։ Միտքը, կարծում եմ, պարզ է։ Այս ֆիլմում, ի տարբերություն ռուսական կողմնորոշում ունեցողների, տեղերը փոխված են․ հայ աղջկա և ամերիկացի տղայի միջև է սեր ծագում, բայց հայուհին հրաժարվում է հեռանալ հայրենիքից (ի տարբերություն նրա դերը ստանձնած դերասանուհու)։ Սենատորի որդի հերոսն օդակայանում մտքափոխ է լինում և որոշում մնալ Հայաստանում։ Գուցե հարց ծագի, թե արդյոք ընդհանրապես արժե այս ֆիլմերի մասին խոսել։ Ես ինքս այդ հարցն ինձ տվել եմ և վերջնական պատասխանը չունեմ։ Բայց նաև ակնհայտ է, որ հայկական զանգվածային մշակույթը և, հատկապես, մեծ ժողովրդականություն վայելող «Սուպեր մամա»-ն, մեկնաբանության կարոտ են․ հետազոտողները պետք է կարողանան բացատրել, թե ինչ և ինչու է հետաքրքրում լայն զանգվածներին։ Եզրափակելով ասեմ, որ հայ ժամանակակից կինոկատակերգություններ դիտելը, ինչ խոսք, շատ տխրեցնող գործ է։ Դավիթ Ստեփանյան, վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան
13:08 - 01 հուլիսի, 2019
Հայաստանի շրջափակումը, միջազգային փաստաթղթեր և ինքնապաշտպանության իրավունք #FreeZone

Հայաստանի շրջափակումը, միջազգային փաստաթղթեր և ինքնապաշտպանության իրավունք #FreeZone

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է` ուրիշ միջոցներով... Կառլ Կլաուզեվից՝ պրուսական գեներալ, ռազմական տեսաբան Նախաբան՝ հիշողությունների և զգայական մաս Հերթական ամառային հանգստի տրամադրություն էր 1990 թվականին, մեկնում էինք Լենիգրադ քաղաքի մերձակա խորհրդային ճամբարը: Գնացքի ճանապարհը պետք է անցներ Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքով: Առաջին անգամն էր, երբ երեխաներով լի գնացքի վրա Ադրբեջանի տարածքում քարերի տարափ էր թափվում, որին հաճույքով պատասխանում էինք գնացքում ունեցած սննդամթերքով, մինչև այն պահը, երբ կոտրվեցին պատուհանների զգալի մի մասը, սպառնալիքը մեկն էր՝ ոչնչացումը, իսկ գնացքում արդեն խորհրդային զինվորներն էին: Հետճանապարհը միայն ինքնաթիռով․ ասում էին, թե ճանապարհները փակ են անգամ Վրաստանի տարածքով: 1991թ.-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը պաշտոնապես հաստատվեց․ փակվեցին ճանապարհները, երկաթգիծը, գազամուղը և այլն: 1993թ.-ին սկսվեց Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից: Այդ տարիներին Հայաստանում միայն մեկ բան կար՝ ոչինչ չկար: Առաջինն տպավորությունն այն էր, որ քեզ կամաց-կամաց ոչնչացնում են:Առանց պատերազմ հայտարելու, հարևանին ոչնչացնելու մաս «Ադրբեջանը օգտագործում է և կօգտագործի բոլոր միջոցները Հայաստանը մեկուսացնելու համար և դա կշարունակվի այնքան ժամանակ մինչև մերը տարածքները չեն ազատագրվի»: Իլհամ Ալիև «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»։ Իլհամ Ալիև «Ովքեր գրավել են մեր եղբայրների տարածքների քսան տոկոսը, ով չի թողնում վերադառնան իրենց տները, իզուր հույսեր են կապում, թե մենք իրենց համար կբացենք մեր սահմանները: Այս իրավիճակում զավթիչները պետք է իրենք առաջին քայլը կատարեն»: Ռեջեփ Էրդողան «Ասելով, որ մենք ժողովուրդ ենք ապրող տարբեր երկրներում, մենք ընդգծում ենք, այն գիտակցումը, որ մենք ուղնուծուծով եղբայրներ ենք»։ Ռեջեփ Էրդողան Փաստացի մասԱդրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը ոչ միայն նպատակ է հետապնդում ի ցույց դնել այդ երկու երկրների միասնությունը, այլ նաև հստակ մատնանշվում է դրա կապը Արցախի խնդրի լուծման հետ: Հայաստանի հանրապետության շրջափակմամբ խնդիր է դրվում. 1. Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն չտալ բարելավելու իր սոցիալ-տնտեսական վիճակը:2. Հայաստանին զրկել գործարար գրավչությունից:3. Էժան և դյուրին ճանապարհներով անհրաժեշտ ռեսուրսների ձեռք բերումը դժվարացնել կամ անհնարին դարձնել:4. Հայաստանի բնակչության արտագաղթի խթանումը:5. Ռազմատնտեսական մրցակցությունից զրկել:6. Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներից դուրս թողնել:7. Վերը նշվածից ածանցվող այլ խնդիրներ: Նշվածի ապացույցներից են նաև Հայաստանը շրջանցող մի շարք տարածաշրջանային նշանակություններ ունեցող ծրագրերը, որոնցից են՝ Հարավկովկասյան գազատարը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Նովորոսիյսկ նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Սակայն Ադրբեջանի գլոբալ տնտեսական ծրագիրը՝ Հարավային միջանցք կոչվող գազատարն է, որն անցնում է Բաքու-Թբիլիսի-Անկարա-Սան Ֆակա քաղաքների մոտակայքով (կառուցման ծախսերը կազմել են 31.8 մլդ. Ամերիկյան դոլար)։ Ապագայում նպատակ կա այն հասցնել մինչև կենտրոնական Եվրոպա, որի համար հավելյալ կծախսվի 10 մլդ․ ամերիկյան դոլար: Ծրագրով հետաքրքված են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Հունաստանը և Ալբանիան: Ըստ ադրբեջանական մամուլի, «Թանափ» կոչվող գազատարը սկսել է կառուցվել  Ռուսատանի գազային խողովակաշարերից Ադրբեջանի կախումը նվազեցնելու համար: Ասվածը տրամաբանական է հնչում, եթե Ռուսաստանը ընդհանրապես մաս չունենար: Այսպես, գազատարի մտահղացումը ադրբեջանաթուրքական է, բայց այն ոչ թե պատկանում է Ադրբեջանին, այլ՝ գործընկեր են հանդիսանում բրիտանական BP ( 28,8%), ադրբեջանական SOCAR (16,7%), նորվեգական Statoil (15,5%), իրանական NICO (10,0%), ֆրանսիականTotal (10,0%), ռուսական LUKoil (10,0%), թուրքական TPAO (9,0%) ընկերությունները։ Այս կազմակերպությունները տիրապետում են նաև գազատարը և ադրբեջանական Շախ-Դենիզ հանքը, իսկ Ադրբեջանը ստանալու է միայն վարձակալական գումարը: Միանգամայն պարզ է դառնում, որ սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի միջազգային դերի բարձրացման և Հայաստանի միջազգային շրջափակման փորձ: Նմանատիպ աշխատանք է կատարվում նաև այլ ուղղություններով, որոնք թույլ են տալիս Ադրբեջանին ներկայանալ որպես միակ տարանցիք և տնտեսապես շահավետ երկիր, իսկ Հայաստանը՝ հակառակը: Վառ օրինակ է Ադրբեջանի բանակցությունները Չինաստանի հետ, որոնք ուղղված են Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից դուրս թողնելուն: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ տարածաշրջանային խաղացողների բարդ քաղաքատնտեսական իրավիճակում որոշակի առավելություն ունի: Հատկանշական են նաև ադրբեջանական բանակի մեծածավալ զորավարժությունները, որոնք անցկացվում են տարածաշրջանում ցանկացած փոքր լարման կամ այնպիսի իրավիճակում, երբ որևէ բան Ադրբեջանի սրտով չէ: Թարմ օրինակ է ԱՄՆ-Իրան հակամարտության ստվերին սույն թվականի մայիսի 20-ին բազմահազարանոց զորավարժությունների անցկացման մասին լուրերը: Ընդ որում, նմանատիպ զորավարժությունները անցկացվում են Վիեննայի և Բուդապեշտի փաստաթղթերի կոպիտ խախտմամբ, ուղղորդված՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելու իրական վտանգով: Այսպիսով, Հայաստանը պահելով տնտեսական շրջափակման մեջ, զրկելով երկիրը տնտեսական զարգացման հնարավորությունից, հանրագումարային վերցրած ստացվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման միակ նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է: Միջազգային իրավունքի մաս 1. Թուրքիայի Հանրապետությունն իր կնքած Լոզանի պայմանագրով (24 հուլիսի, 1923թ.) հանձն է առել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիայի (միջազգայնագրին), կանոնակարգի և առդիր արձանագրությամբ դրույթների կատարումը (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921): Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածի համաձայն՝ «Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում կայացած կոնֆերանսի կողմից 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում 1921թ. ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրության»։ Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածի համաձայն՝ հանձնառու կողմը պետք է «նպաստի իր ինքնիշխանության (sovereignty) կամ իշխանության (authority) տակ գտնվող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճանապարհով կամ ցամաքային ուղով, միջազգային փոխադրումների իրականացմանը: Ոչ մի խտրականություն չպիտի դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության (flag), ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»: Լոզանի պայմանագրի մեկ այլ՝ 104-րդ հոդվածով, Թուրքիան պարտավորվում է «հավատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերյալ արված (20-ը ապրիլի, 1921թ.) հանձնարարականներին» (recommendations): Թուրքիան վերահաստատել է Բարսելոնի Տարանցիկ փոխադրումների ազատության կոնվենցիային և կանոնակարգին հավատարիմ մնալու իր պարտավորությունը 1933թ. հուլիսի 27-ին՝ միանալով վերոհիշյալ փաստաթղթերին: Կարևոր է մատնանշել՝ ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի թիվ 656 լիագումար նիստն (20 փետրվարի, 1957թ.) իր 1028(11) բանաձևով առաջին անգամ անդրադարձել է Ծով ելք չունեցող երկրների խնդրին և միջազգային առևտրի ընդլայնմանը (Land-locked countries and the expansion of international trade): Բանաձևը, ճանաչելով միջազգային առևտրի զարգացման համար անծով երկրներին համապատասխան տարանցիկ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությունը, «կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին տարանցիկ առևտրի առումով լիակատար ընբռնում դրսևորել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին, ուստի և տրամադրել համապատասխան տարանցիկ հնարավորություններ միջազգային իրավունքի և պրակտիկայի հիման վրա»: 3. Թուրքիայի Հանրապետությունը՝ 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»: Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»: Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները»: Հատկանշանական է նաև, որ Վրաստանը ևս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (2 հունիսի, 1999թ.): Հետևաբար, վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով ավելի մեծ գանձումներ, Վրաստանը խախտում է միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, որը սույն խնդրից ածանցվող հարց է և նույնպես քննարկման առարկա է: Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրություն՝ հոդված 51-րդ հոդվածի համաձայն․ «Սույն կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը Միավորված ազգերիկազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռԱնվտանգության խորհուրդը չի ձեռնարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են»:  Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»: ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»: Վերջաբան՝ ինքնապաշտպանության անհրաժեշտության մաս Այս պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության գոյության պայմանը հարևան երկրները առկախել են միայն իրենց կողմից սահմանները բացելու հանգամանքից, ապա նշվածը ինչ է, եթե ոչ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին առանց պատերազմ հայտարարելու հարձակման ենթարկելու փաստ: Ուստի գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, բացի իրավական, տնտեսական և բանակցային միջոցներից, պետք է նաև հայտարարի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առանց պատերազմ հայտարարելու հարձակման ենթարկվելու մասին և ցանկացած պահի բոլոր նախատեսված միջոցներով ինքնապաշտպանության իրավունքի իրագործելու հնարավորության մասին: Այս իրավիճակում Հայաստանը ոչ միայն ցանկացած պահի իրավունքի ուժով կարդարացնի իր սահմաններին հարող հարևան երկրների կողմից մեզ շրջափակման աքցանի մեջ վերցնող տնտեսական նախագծերը ի չիք դարձնելը, այլ նաև բոլոր խաղացողներին հստակ ուղերձ կհղի, որ չարժի հայոց պետականության ոչնչացման գնով ագրեսորների հետ գնալ տնտեսական կասկածելի համատեղ ծրագրերի իրականացման, առավել ևս՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցել ագրեսոր այդ երկու երկրների հետ:  Նարեկ Ներսիսյան
16:31 - 16 մայիսի, 2019
Անցումային արդարադատություն․ Ճշմարտություն որոնող հանձնաժողովներ։  (Մաս 3) #FreeZone

Անցումային արդարադատություն․ Ճշմարտություն որոնող հանձնաժողովներ։ (Մաս 3) #FreeZone

Կարդալ նաև՝մաս I ․ Անցումային արդարադատություն․ Էությունը մաս II․ Անցումային արդարադատություն․Խաղաղությունն ընդդեմ արդարադատության Անցումային արդարադատության ոչ իրավական մեխանիզմներից առավել կարևոր են ճշմարտության հանձնաժողովները/ՃՀ/։ Նման հանձնաժողովներ ստեղծվեցին Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և այլուր։ Դրանք ունեին տարբեր անվանումներ, բայց բոլորին հատուկ էր հետևյալ հատկանիշները։ Դրանք գործ ունեին անցյալի հետ, ուսումնասիրում էին անցյալի չարաշահումների օրինաչափությունները և ոչ թե առանձին գործեր, գործում էին մինչև երկու տարի և ներկայացնում իրենց եզրակացությունների հաշվետվությունները, սովորաբար ունեին պետության կողմից տրված պաշտոնական կարգավիճակ։¹ Ճշմարտության հանձնաժողովները նպատակ են հետապնդում վեր հանել անցյալում կատարված չարաշահումները, պարզել դրանց պատճառները և նպաստող գործոնները, օգնել զոհերին, նշել ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը, հանրային հաշտեցման մոտեցումները և այլն։ Առաջին նպատակը փաստահավաք գործունեությունն է, որի միջոցով ճշգրիտ արձանագրվում է երկրի անցյալը, հստակեցվում է անորոշ իրադարձությունները և բարձրացվում է լռության և մերժման քողը անցյալի պատմության վիճահարույց և ցավալի ժամանակաշրջանից։ Երկրորդ, ճշմարտության հանձնաժողովները հաճախ ունեն լսումների առանձին եւ հստակ նպատակ՝ հարգելով և բավարարելով զոհերի և վերապրածների կարիքները։ Սա է դատավարության և ՃՀ-ի հիմնարար տարբերությունը։ Երրորդ, բացի փաստերն արձանագրելուց և զոհերի վրա կենտրոնանալուց, ՃՀ կարող է ուղղորդել օգնելու անպատժելիության վերացմանը և,որպես կանոն, տալ հստակ առաջարկներ քրեական պատասպանատվության առաջխաղացման համար։ Չորրորդ, ՃՀ լավ դիրքորոշում ունեն գնահատելու չարաշահումների համար ինստիտուցիոնալ պատասխանատվությունը և ընդգծում են բարեփոխումները՝ ապագա չարաշահումները կանխելու նպատակով։ Հինգերրորդ, ճշմարտության հանձնաժողովներին կարող է տրվել «հաշտեցման առաջխաղացման» մանդատ և նրանք հաճախ ճիգ են գործադրում,թե ինչպես դա իրականացնել։² Առաջին նման հանձաժողովը ստեղծվել է Արգենտինայում 1983թ․՝ զինվորական խունտայի տապալումից հետո։ Հանձնաժողովը վեր հանեց խունտայի կատարած վայրագութունները՝ 1976- 1983թ․թ․։ Տեռորի, տանջանքի, առևանգման հետևանքով երեսուն հազար մարդ անհետ կորել էին։³ Հանձնաժովը հավաքեց և ամփոփեց ստացված տվյալները, որի արդյունքում զինվորական խունտայի նախկին անդամները ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ 1990թ․և 1992թ․ ստեղծվեցին ՃՀ Չիլիում և Սան Սալվադորում, իսկ հետագայում բազմաթիվ այլ երկրներում, բոլոր մայրցամաքներում։ Դրանց մեջ բացառիկ է Հարավային Աֆրիկայում ստեղծված ՃՀ, որին կանրադառնանք ավելի մանրամասն։ Ռասսայականության խտրականության վրա հիմնված Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը անցումային արդարադատությանն անցավ 1990թ․թ․, երբ Նելսոն Մանդելան ազատ արձակվեց 27 տարվա բանտարկությունից hետո և ընտրվեց նախագահ։ Երբ մշակվում էր անցումային Սահմանադրությունը, նախկին իշխանության ներկայացուցիչները պնդեցին քաղաքական նպատակներով նախկինում կատարված հանցագործությունների համար ընդհանուր համաներման մասին, որն էլ իր արտացոլումը գտավ ժամանակավոր Սահմանադրությունում և իր կնիքը թողեց ՃՀ աշխատանքների վրա։ 1995թ․ ստեղծվեց Ճշմարտության հաստատման և հաշտեցման հանձնաժողովը։ Այն բաղկացած էր երեք կոմիտեներից․ Մարդու իրավունքների չարաշահումների կոմիտեն քննելու էր մարդու իրավունքների չարաշահահումները, որոնք տեղի էին ունեցել 1960 – 1994թ․թ․ ընթացքում։ Փողհատուցման և վերականգման կոմիտեն իրավասու էր տուժողների արժանապատվության վերականգման և փոխհատուցման առաջարկների համար։ Համաներման կոմիտեն զբաղվում էր համաներման խնդրանքների քննարկմամբ՝ իր մանդատի շրջանակներում։ 1996թ․ապրիլի 15-ին ՃՀ նախագահ, Հարավային Աֆրիկայի Անգլիկան եկեղեցու ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դեսմոնդ Տուտուն ներկաներին դիմեց հետևալ խոսքերով՝ «Մեզ հանձնարարված է բացահայտել ճշմարտությունը մեր մութ անցյալի մասին և այդ անցյալի ուրվականներին թողնել հանգստանալու, որպեսզի նրանք այլևս չվերադառնան հետապնդելու մեզ, եւ մենք այդպիսով կնպաստենք տուժածների եւ վիրավորների ապաքինմանը, քանի որ բոլորս Հարավային Աֆրիկայում վիրավոր մարդիկ ենք»:⁴ ՉՀ հսկայածավալ աշխատանք կատարեց։ Հանձնաժողովը Մարդու իրավունքների կոպիտ խախտումներ համարեց սպանությունը, առևանգումը, տանջանքը և դաժան վերաբերմունքը։ Ընդ որում, դա վերաբերում էր բոլոր մասնակիցներին։ Այդ խախտումնեը պետք է քաղաքական մոտիվներով կատարված լինեին։ Հանձնաժողովը առաջ քաշեց կոպիտ խախտումների հետ կապված խախտումներ հասկացությունը, որը առանձին չէր դիտարկվում մարդու իրավունքների կոպիտ խախտում, բայց անհրաժեշտ էր խախտման ենթատեքստը ճիշտ հասկանալու համար/օրինակ, կալանքը, ոտնձգությունը և այլն/։ Փաստահավաք լսումները ունեին իրենց արարողակարգը։ Նախագահողի բացման խոսքից առաջ ներկաները աղոթում էին, վառում էին հիշողության մոմեր, երգում օրհներգը, իսկ հաճախ էլ հանձնաժողովի համար գրված հատուկ երգը։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի անդամները մասնակցում էին արտաշիրման և վերաթաղման աշխատանքներին։ 1998-ին տպագրված ճՀ- ի զեկույցից երևում է, որ ցուցմունք են տվել ավելի քան 22,000 զոհեր եւ վկաներ: Ավելի քան 2000 անձ ցուցմունք են տվել հրապարակային լսումների ժամանակ:⁵ Փոխհատուցումներ էին դիտվում հատուցման ցանկացած ձև, ռեստիտուցիան, ռեաբիտիլացիան և ճանաչումը։ Փոխհատուցումը և ռեաբիտիլացիան ներառում էին հետևյալ տարրերը՝ ա․ հրատապ ժամանակավոր փոխհատուցում,բ․անհատական գրանտներ,գ․խորհրդանշային/իրավական և վարչական միջոցներ,դ․համայնքային ռեաբիտիլացիայի ծրագրեր։ Փողհատուցումների ստացման իրավունք ունեին տուժողի ծնողները, ամուսինները, երեխաները, ինչպես նաև նրա խնամքին գտնված անձը։⁶ Փոխհատուցման մասով հանձնաժողովի որո-շումների մի մասը չընդունվեց։ Կառավարության որոշմամբ գրանցված յուրաքանչուր ոք ստանում էր որոշակի փոխհատուցում։ 47 ընտանիքներ ստացան գումարներ՝ իրենց անհետ կորած հարազատների դիակները վերաթաղելու համար։⁷ Համաներման կոմիտեն քննում էր համաներման մասին խնդրանքները։ Համաներման համար պետք է դիմեին ինչպես անվտանգության ուժերի ներկայացուցիչները, այնպես էլ դրանց դեմ պայքարողները։ Վերջիններս դժգոհ էին, քանի որ ռասսայական խտրականության դեմ պայքարը դիտարկվում էր ճիշտ, ուստի դրա համար պայքարողների համար համաներման անհրաժեշտություն չկար։ Սակայն այս տեսակետը մերժվեց։ Համաներում տրվում էր 1960թ․ մարտի մեկից մինչև 1994թ․մայիսի տասը կատարված հանցագործությունների կատարման համար։ Համաներման բանաձևը պարզ էր։ Դիմողը պարտավոր էր ամողջությամբ բացահայտել կատարածը և ցույց տար, որ այն կատարվել է քաղաքական մոտիվներով ։ Եթե համաներումը շնորհվում էր, հանցագործը ազատվում էր և քրեական և քաղաքացիական պատասխանատվությունից։ Համաներման կոմիտեն իր աշխատանքները պետք է ավարտեր մեկ տարում, սակայն վերջնական ժամկետը երեք անգամ հետաձգվեց և այն ավարտեց իր գործունեությունը 2001թ․ դեկտեմբերին։ Համաներման կոմիտեն 7112 դիմումատուից համաներում շնորհեց 849 -ին, մնացածը մերժվեց։ Դրանցից 3115-ը մերժվեց՝ հանցագործության կատարման մեջ քաղաքական մոտիվի բացակայության հիմքով։⁸ Համաներման որոշումները դժգոհություն առաջացրին հասարակության մեջ։ Համաներում ստացածների մեջ էր Դըրկ Կուտցին/ Dirk Coetzee/, որը սպանել էր ռասսայական խտրականության դեմ պայքարող մարտիկներց մեկին՝ կենդանի այրելով։ Այդ ընթացքում ինքը և իր մարդիկ գարեջուր էին խմում։ Հանձնաժողովի ամբողջ աշխատանքի հիմքում դրված էր ներելու ունակությունը, որը կարող էր բերել հաշտեցման։ Ըստ Դ․ Տուտուի, «Ներելը մոռանալ չէ, իրականում դա հիշողություն է` հիշողություն, այլ ոչ թե ի պատասխան հարվածելու ձեր իրավունքի օգտագործում։ Սա նոր սկզբի երկրորդ հնարավորությունն է։ Եվ հիշողությունը հատկապես կարևոր է։ Առավել ևս, եթե դուք չեք ուզում կրկնել այն, ինչ տեղի է ունեցել»։⁹   1. Hayner, P., 2001, Unspeakable Truths: Facing the Challenges of Truth Commissions, London, 11,2. Hayner, P., 2001, Unspeakable Truths: Facing the Challenges of Truth Commissions, London, 22,23,3. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/argentina, 4. Meredith, M., Coming to Terms: South Africa's Search for Truth, New York: Public Affairs, 1999, 3,5. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/south-africa,6. մանրամասն տես՝ http://justice.gov.za/Trc/report/finalreport/Volume5.pdf, 173-195,7. https://www.ictj.org/our-work/regions-and-countries/south-africa,8. https://en.wikipedia.org/wiki/Truth_and_Reconciliation_Commission_(South_Africa)#Number,9. https://www.goodreads.com/author/quotes/5943.Desmond_Tutu: Գեղամ ՆերսիսյանԻրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք
08:09 - 14 մայիսի, 2019
Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն

Արդյոք արժե միակողմանիորեն կատարել միջազգային պարտավորությունները, եթե հարևանները ցանկություն չունեն

ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից վերջերս տեղեկացանք, որ Ապրիլի 1-4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն: Ընդ որում, նշվում է, որ նպատակը փաստաթուղթը ստորագրած կողմերի զինված ուժերի, սպառազինության քանակի ու տեղաբաշխման ստուգումներն են՝ թափանցիկությունն ապահովելու համար: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, արդեն երրորդ օրն է, ինչ տեսչական ստուգումներ են անցկացվում։ Հարցը քննարկումների առարկա է դարձել սոցիալական ցանցերում, առկա է հանրության լայն շրջանակների հետաքրրությունը, բայց բացի վերը նշված կարճ հաղորդագրությունից այլ տեղեկատվության հանրությանը չի ներկայացվում: Անգամ բացատրական կամ տեղեկատվական աշխատանք չկա առ այն, թե իրենից ինչ է ներկայացնում 2011թվականի Վիեննայի փաստաթուղթը: Հաշվի առնելով դա՝ կներկայացնենք հակիրճ տեղեկատվություն նշված միջազգային փաստաթղթի, դրա բովանդակության և տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում դրա դերի մասին: 2011թվականի Վիեննայի փաստաթուղթը ԵԱՀԿ կազմի մեջ մտնող երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վավերացված միջազգային փաստաթուղթ է, որի նպատակն է վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդումը¹: Փաստաթուղթը կարգավորում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ հարևան պետությունների միջև ռազմական փոխադարձ տեղեկատվության տրամադրումը, պաշտպանական ոլորտի պլանավորումը, վտանգի նվազեցմանն ուղղված միջոցառումները, որոշակի ռազմական գործունեություն ծավալելու մասին ծանուցելը, փոխադարձ ստուգումները և այլն¹: Ինչպես տեսնում ենք, այս փաստաթուղթը կոչված է համալիր միջոցառումների շնորհիվ նվազեցնել սպառազինությունների մրցավազքը, նոր պատերազմական գործողություններ սկսման հավանականությունը, ռազմական հռետորաբանությունը և պահպանել խաղաղության կայունությունը։ Փաստորեն, այն ստուգումները, որոնք իրականացնում է թուրքական կողմը, ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Թուրքիայի միջև ԵԱՀԿ պարտավորությունների շրջանակում կատարվող գործողություն: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, և մեր երկիրը պատշաճ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Բայց իրականացվող գործողությունների նպատակահարմարությունն առավել քան հարցականի տակ է՝ այնպիսի պայմաններում, երբ մեր կողմից Արցախի խնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծելու այլընտրանքի բացակայության հռչակման պայմաններում՝1. Թուրքիան ակհայտ պաշտպանում է Ադրբեջանին, առանձին դեպքերում անգամ սպառնում է Հայաստանի Հանրապետությանը՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի հետ միասին ռազմական գործողություններ սկսելու մասին ակնարկելով:2. Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, շրջափակման մեջ է պահում՝ սպառնալով ՀՀ գոյությանը,3. Ակնհայտ է նաև, որ այս ստուգումների արդյունքերը փոխանցվելու են Ադրբեջանական կողմին, իսկ Հայաստանին թույլ չի տրվելու երբևիցե նմանատիպ ստուգումներ անցկացնել Ադրբեջանի տարածքում:4. Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ անգամ խախտել են Վիեննայի փաստաթղթի 5-րդ գլխով նախատեսված պարտավորությունները և ընդհանրապես չեն ծանուցել իրականացվելիք զորավարժությունների մասին: Արդյոք այս պայմաններում արժե միակողմանիորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները, եթե հարևան 2 երկրները ցանկություն չունեն դրանք իրագործել, ավելին՝ ամբողջ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը: Միգուցե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հետագայում որոշակի պայմաններ կթելադրի և դուրս կգա դեկլարատիվ հայտարարությունների սահմաններից, որոնք վերաբերվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրենց միջազգային պարտավորությունները կատարելուց խուսափելուն, և հետևանքներ պարտադրի: Ժամանակի հարց է, այս պահին հուսադրող է պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունը: 1․ https://www.osce.org/ru/fsc/86600?download=true Նարեկ Ներսիսյանիրավաբան      
12:02 - 03 ապրիլի, 2019
Անցումային արդարադատություն․ Խաղաղությունն ընդդեմ արդարադատության (Մաս 2)

Անցումային արդարադատություն․ Խաղաղությունն ընդդեմ արդարադատության (Մաս 2)

Ընթերցել մաս 1-ը․ Անցումային արդարադատություն․ Էությունը Անցումային արդարադատության մեխանիզմները իրագործումը ինքնանպատակ չէ։ Այն պետք է որոշակի նպատակներ հետապնդի, որոնք նշված են ուղեցույցում։ Դրանց պրակտիկ իրագործման ընթացքում կարող են առաջանալ հակասություններ, որոնց հաղթահարումը դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնար։ Այսպես, ինչպես համադրել խաղաղությունն ու արդարադատությունը։ Կարելի՞ է արդյոք հասնել հասարակական հաշտեցման քրեական արդարադատության իրականացման միջոցով, թե՞ ավելի ճիշտ է համաներում շնորհել մարդկային արժեքները ոտնահարող հանցագործներին՝ անկախ դրանց ծանրությունից՝ ապահովելով հասարակական հաշտեցումը և ժողովրդավարության անցման սահուն գործընթացը։ Խաղաղությունը կարելի է հասկանալ որպես կազմակերպված, կոլեկտիվ բռնության բացակայություն։ Դա Յ․ Գալտանգի բնորոշմամբ «բացասական խաղաղություն» է։ Սակայն, դա այն չէ, ինչի կարիքը ունի ժողովրդավար հասարակութունը։ Իրականում վերջինս կարիք ունի ավելի խորը խաղաղության, քան պարզապես կոլեկտիվ բռնության բացակայությունն է։ Յ․ Գալտանգը այն անվանում է «դրական խաղաղություն», որը, ըստ նրա, ներառում է համագործակցությունը, վախից ու կարիքից ազատ ապրելը, տնտեսական աճը և զարգացումը, շահագործման բացակայությունը, հավասարությունը, արդարադատությունը, գործողությունների ազատությունը, բազմակարծությունը, դինամիզմը։⁶  Մենք կավելացնեինք խղճի, դավանանքի ու մամուլի ազատությունը։  Անցման շրջանում նման խաղաղության հասնելու լավագույն մեխանիզմը շատերը համարում են վայրագ հանցագործություններ կատարած անձանց քրեական հետապնդումը։ Արդարացումները հետևյալներն են՝ դա անհրաժեշտ է օրենքի գերակայության հաստատման համար,  այն կկանխի հանցագործությունների կատարումը ապագայում, ժողովրդավարությանը ներհակ է օրենքի գերակայությունը,  այն կապահովի փաստերի իրավական հաստատումը, հանցագործությունների զոհերին և նրանց ընտանիքներին համար արդարության զգացման վերականգնումը։⁷ Գոյություն ունի նաև հակառակ տեսակետը։ Ըստ վերջիններիս, անցման շրջանում հանցագործների նկատմամբ քրեական հետապնդումը կարող է հանգեցնել հաշտեցման գործընթացի վիժեցման, խանգարել կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը, լինել «հաղթողների դատավարություն», լինել ընտրովի, իսկ երբեմն էլ թանկարժեք դատավարությունը կարող է ավարտվել ենթադրյալ հանցագործների արդարացմամբ և այլն։ Կա նաև երրորդ տեսակետը, ըստ որի, որևէ երկընտրանք խաղաղության և արդարադատության միջև չկա, այն կեղծ երկընտրանք է։⁸ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անցումային արդարադատության վերաբերյալ 2004թ․ զեկույցում ևս շեշտված է վերոհիշյալների միջև հակասությունների բացակայությունը։ Դրանք դիտարկվում են փոխադարձաբար միմյանց լրացնող ուժեր, որոնք հզորացնում են անցումային արդարադատության մեխանիզմները։ Այս տեսակետների բախումը խտացված ձևով բացահայտվեց Ուգանդայի՝ անցումային արդարադատության իրականացման ընթացքում։ Եկեք դիտարկենք այն։ Ուգանդան քաղաքացիական պատերազմների շրջապտույտում գտնվող երկներից է եղել։ 1962թ․ անկախացումից հետո այս Աֆրիկյան երկրում պետական հեղաշրջումները և ապստամբությունները հետևում էին միմյանց՝ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով։ Երբ ներկայիս նախագահը եկավ իշխանության, վայրագությունները շարունակվեցին կառավարական զորքերի կողմից։ 1987թ․ նոր ձևավոված ապստամբների խումբը, որն իրեն կոչում է Տիրոջ դիմադրության բանակ/ՏԴԲ/, Ջոզեֆ Կոնիի գլխավորությամբ պայքար է սկսում կառավարության դեմ։ Այն շարունակվում է մինչ օրս, բայց ոչ նախկին ակտիվությամբ։ ՏԴԲ աչքի է ընկել իր դաժանությամբ և վայրագութուններով՝ սպանություններ, բռնաբարութուններ , երեխաների առևանգում և այլն։ Ըստ որոշ գնահատումների, 2002թ․ հունիսի դրությամբ առևանգված երեխաների քանակը եղել է 12,000, մի տարի անց այն կրկնապատկվել է, իսկ 2004թ․ մայիսին արդեն կազմել է 30,000։ 2001թ․ ներքին ճամբարներում կային 480,000 մարդ, իսկ 2005թ․ սկզբներին արդեն 1.8 մլն տեղահանվածներ, որոնցից մոտ 70 տոկոսը քսանհինգ տարեկան էլ չկային։  Մոտ 40000 երեխաներ առևանգված լինելու վախից ստիպված էին երեկոյան լքել ճամբարները և քայլել մոտակա բնակավայրերը գիշերելու և առավոտյան վերադառնալ՝ դպրոց գնալու համար։⁹ Կառավարության կողմից ստեղծված այդ ճամբարներում 2005թ․ յոթ ամիսների ընթացքում տարբեր հիվանդություններից ամեն շաբաթ մոտ հազար մարդ է մահացել։¹° Այսպիսին էր երկրի վիճակը, երբ կառավարութունը 2003թ․ դիմեց Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ ՏԴԲ-ի պարագլուխների նկատմամբ հետաքննություն սկսելու խնդրանքով։ Երկու տարի անց Ջ․ Կոնիի և չորս այլ պարագլուխների նկատմամբ կալանավորման օրդեր տրվեց։ Նրանցք մեղադրվեցին մարդկության դեմ ուղղված(ստրկացնել, անմարդկային գործողություններ, սպանություն, բռանաբարություն, սեռական ստրկացում), պատերազմական(դաժան վերաբերմունք, բռնաբարության հակել, սպանություն, կողոպուտ) հանցագործություններ կատարելու համար։¹¹  Այս պարագայում բանակցությունները կառավարության և ապստամբների միջև վերջնական արդյունքում ձախողվեցին։ ՏԴԲ-ի պարագլուխները պահանջում էին Միջազգային Քրեական Դատարանի կալանավորման օրդերների վերացում՝ որպես հաշտեցման համաձայնագրի ստորագրման նախապայման, իսկ կառավարությունը պնդում էր սկզբում համաձայնագրի ստորագրման, հետո նոր համաներման մասին։ Հաշտեցման համաձայնագրի վերջնական տապալումից հետո (2008թ․ ) ՏԴԲ-ն շարունակեց կատարել հարյուրավոր սպանություններ և այլ հանցագործություններ Ուգանդայում և հարակից երկրներում։¹²4 ՏԴԲ-ի պարագլուխների նկատմամբ կալանավորման օրդերը միանշանակ չընդունվեց։ Ակոլի ժողովրդի համար այն օտար էր։ Նրանք ունեին դարերի ընթացքում կերտված արդարադատության իրենց համակարգը՝ մատօ օպութ /Mato Oput/, որը հակառակորդ կողմերի միջև տարաձայնությունների լուծման ընդունելի միջոցն էր։ Այն ենթադրում էր խաղախության հաստատում՝ դիտավորյալ կամ անզգույշ սպանությունից հետո։ Երբ հանցագործը ընդունում է կատարված հանցագործութըան համար պատասխանատվությունը, զոհի ընտանիքը և հանցագործը խմում են մատօ օպութ՝ դառը ըմպելիք և դրանով խորհրդանշում են կողմերի միջև հաշտեցումը։¹³ Բացի այդ, Ակոլի ժողովրդի համար անհասկանալի էր, թե ինչու միայն Կոնին և իր զինակիցները պիտի պատժվեն, երբ կառավարական զորքերը պակաս վայրագություններ չեն արել։ Հետազոտողների մի մասի կարծիքով, Ուգանդայի ղեկավարությունը, դիմելով ՄՔԴ, փորձել է իր համար անպատժելիություն ապահովել։¹⁴  Ամփոփելով վերը ասվածը, կարող ենք պնդել, որ միայն պատժողական արդարադատության միջոցով հնարավոր չէ հասնել հաշտեցման և երկարատև խաղաղության։ Իհարկե, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձինք պետք է պատժվեն։ Բայց մինչ այդ անհրաժեշտ է մտածել կենդանի մնացած մարդկանց մասին։ Դրա համար պատժողական արդարադատությունը պետք է կիրառվի՝ հաշվի առնելով երկրի կոնկրետ պայմանները, նրա սոցիալական, տնտեսական, մշակույթային, կրթական բաղադրիչները, էթնիկական կազմը և այլն։ Դա չպետք է լինի ժամանակավրեպ և պետք է զուգորդված լինի անցումային արդարադատության այլ մեխանիզմների հետ։  6. THEORIES OF PEACE A Synthetic Approach to Peace Thinking By Johan Galtung, Oslo, 1967, էջ 12-17 7.https://law.unimelb.edu.au/__data/assets/pdf_file/0006/1680252/Majzub.pdf, էջ4 8.https://www.sciencespo.fr/psia/sites/sciencespo.fr.psia/files/Peace_versus_Justice-A_False_Dichotomy.pdf 9. https://www.globalsecurity.org/military/world/para/lra.htm 10. https://en.wikipedia.org/wiki/Lord%27s_Resistance_Army 11. https://www.icc-cpi.int 12. https://www.hrw.org/news/2011/05/23/no-end-lra-killings-and-abductions 13․https://www.facinghistory.org/reckoning/paradox-peace-and-justice-mato-oput-versus-icc-uganda 14.https://www.sciencespo.fr/psia/sites/sciencespo.fr.psia/files/Peace_versus_Justice-A_False_Dichotomy.pdf, էջ9 Գեղամ ՆերսիսյանԻրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք
06:35 - 28 մարտի, 2019
Անցումային արդարադատություն․ Էությունը (Մաս 1)

Անցումային արդարադատություն․ Էությունը (Մաս 1)

Անցյալ դարի վերջերին քաղաքացիական պատերազմներից բզկտված մի շարք երկրներ կարողացան հաղթահարել ներքին հակասությունները և փորձեցին ընտրել խաղաղության և ժողովրդավարության ուղին։ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի փլուզման արդյունքում բազմաթիվ երկրներ անցում կատարեցին տոտալիտար ռեժիմներից դեպի ժողովրդավարություն։ Լատինական Ամերիկայում և Եվրոպայում դիկտատորական ռեժիմները տապալվեցին և անցում կատարվեց դեպի նոր՝ ժողովրդավարական հասարակարգ։ Անցման շրջանում բոլոր երկրները հանդիպեցին որոշակի մարտահրավերների, և անհրաժեշտություն առաջացավ գտնել գործընթացներ և մեխանիզմներ այդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Դրանց շարքում իր տեղն ունի անցումային արդարադաթյունը։ Նշենք, որ այս տերմինը հանրության համար մոլորեցնող է, քանի որ հանրության ընկալմամբ արդարադատությունը դատական գործունեության արդյունք է և չի կարող իրականացվել այլ կերպ։ Իսկ որոշ դեպքերում այն կապվում է ցեղային սովորույթների հետ, և դա ավելի հասկանալի և ընդունելի է այդ ժողովուրդների կողմից։ Սակայն անցումային արդարադատությունը պետք է հասկանալ լայն իմաստով և, ինչպես իրավացիորեն նշում են «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո»¹ աշխատության հեղինակները, այստեղ «արդարադատությունն» ավելի ճիշտ է հասկանալ որպես ոչ ժողովրդավարական կառավարումից ժողովրդավարական համակարգին անցնելու ընթացքում արդարության վերականգնմանն ուղղված գործունեություն` ինչպես դատարանների կողմից դասական արդարադատության իրականացման, այնպես էլ օրենքով սահմանված այլ գործիքների օգտագործման միջոցով (մեկը մյուսին չի բացառում, մեծ մասամբ զուգորդվում են):² Միավորված ազգերի կազմակերպությունը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել այս գործընթացների կողքով և 2010թվականին հրապարակվեց ուղեցույց, որտեղ շարադրեց իր մոտեցումը այս գործընթացների և մեխանիզմների վերաբերյալ։³ Ըստ ուղեցույցի, անցումային արդարադատությունը գործընթացների և մեխանիզմների ամբողջական շարք է, որոնց միջոցով հասարակությունը ձգտում է հասկանալ նախկինից ժառանգութուն ստացած լայնածավալ չարաշահումները՝ ապահովելու համար պատասխանատվություն, ծառայել արդարադատությանը և հասնել հաշտեցման։Այս նպատակների իրականացման գործընթացները և մեխանիզմները կարող են լինել իրավական, այնպես էլ ոչ իրավական։ Իրավական գործընթացը ներառում է քրեական հետապնդման նախաձեռնությունները, իսկ ոչ իրավականը՝ ճշմարտության որոնումը, վնասների հատուցման ծրագրերը և համակարգային բարեփոխումները։ Այս գործընթացները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համադրությամբ։ Այս կիրառման մեխանիզմներ են՝  քրեական արդարադատություն, ճշմարտության որոնման գործընթաց, փոխհատուցման ծրագրեր, համակարգային բարեփոխումներ։ Կան նաև այլ մեխանիզմներ/կանանց, երեխաների և այլն/, որոնք ավելի շուտ լրացնում են այս հիմնական մեխանիզմները, քան հանդես են գալիս ինքնուրույն։ Այս մեխանիզմների կիրառումը ինքնանպատակ չէ և չկա դրանց իրագործման համընդհանուր բանաձև։ Ինչ լավ է մեկ երկրի համար, կարող է անբարենպաստ լինի մյուսի համար։ Այդ պատճառով, անցումային արդարադատությունը պետք է իրականացվի ազգային առանձնահատկությունները, ազգային կարիքները հաշվի առնելով։ Որոշ գնահատումներով, անցումային արդարադատության 854 մեխանիզմներ են կիրառվել 161 երկրներում 1970-2007 թվականներին։⁴ Բոլոր դեպքերում, արադարադատության վերջնական նպատակը խաղաղության և ազգային հաշտեցման հասնելն է։⁵ Ընթերցել մաս 2-ը․ Անցումային արդարադատություն․ Խաղաղությունն ընդդեմ արդարադատության   1․ https://bit.ly/2UdMNYw,   2․ https://bit.ly/2UdMNYw, էջ13,   3․ https://www.un.org/ruleoflaw/files/TJ_Guidance_Note_March_2010FINAL.pdf,   4․ https://www.usip.org/publications/2010/06/transitional-justice-balance,   5․ Մենք շեշտը դնելու ենք վերջնական նպատակների իրականացման մի քանի մեխանիզմների վրա։ Գեղամ ՆերսիսյանԻրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք    
11:12 - 26 մարտի, 2019
#kondgallery. պարտիզանական պայքար Ժամի քուչում |evnmag.com|

#kondgallery. պարտիզանական պայքար Ժամի քուչում |evnmag.com|

2018 թվականի օգոստոսին Սարյանի փոստի հետևում գտնվող բենզալցակայանի հարակից պատին, այնտեղ, ուր սկսվում է Երևանի ամենախորհրդավոր հատվածը՝ լեգենդար Կոնդը, մի գիշերվա ընթացքում ծնվեց տարօրինակ մի պատկեր՝ Արարատի գագաթները հիշեցնող եռանկյուններ, արմավենի, բոցավառ շիշ՝ «մոլոտովի կոկտեյլ»։Երևանի ստեղծագործական անցուդարձից տեղյակ մարդիկ ճանաչեցին yerevantropics-ի ձեռագիրը, բայց Կոնդում երևանյան արևադարձից տեղյակ չէին։ Ամբողջ աշխարհում գրաֆիտիները շատ բարդ ճակատագիր են ունենում, նույնիսկ եթե դրանք հեղինակել է Բենքսին, իսկ այստեղ առավել ևս չհիմնավորված նորամուծությունները չեն ողջունում. Կոնդն ունի իր կանոնները։ Վանդալիզմը մասամբ վանդալիզմի ենթարկվեց. Արարատին ձեռք չտվեցին, իսկ «մոլոտովը» ծածկվեց։ Գրաֆիտիի հեղինակ Սերգեյ Նավասարդյանը, նույն ինքը՝ yerevantropics-ը, որոշեց պարզապես գնալ ու շփվել տեղացիների հետ։ Շփումը ստացվեց, պատկերը մասամբ վերականգնվեց ու դեռ լրացվեց. այժմ վերևի անկյունում գրված է [սթրիթ արտ պատկերասրահ]։ Այդտեղից էլ մեկնարկեց վերջին շրջանի երևանյան արդի արվեստի ամենափախած նախագծերից մեկը։ Սարյանից սուրճ ֆռթացնելով հասնում ենք Ֆրիկ։ Հարցնում եմ Սերգեյին (որը մի քանի անգամ ԵՐԵՎԱՆի շապիկներ է նկարել և ընդհանրապես մեր ամսագրի ընկերն է), թե ինչու հենց այստեղ, հենց այս պատին։ «Ընդհանրապես, երբ փնտրում եմ նկարելու պատ, ու, երբ այն գտնում եմ, առաջնորդվում եմ զգացողություններով ու մտքերով, որոնք ներշնչված են միջավայրից: Ֆրիկի վրա երկար պատը միշտ ճանապարհիս էր, գնում-գալիս նայում էի, եփվում էր ինչ-որ բան:Նկարեցի: Մի որոշ ժամանակ անց տեսա նկարի էն հատվածը, որտեղ մոլոտովն էր՝ փակած սպիտակով: Հասկացա, որ շփում ա պետք։ Եկա, ծանոթացա, պատմեցի՝ ինչ եմ անում, ինչի եմ անում: Պատմեցի, որ ուզում եմ Կոնդը, որպես միջավայր, փոխի նշանակությունը: Ճիշտ ա, խոսակցությունները, որ Կոնդը սենց թե նենց քանդելու են, միշտ ակտուալ են: Ու մասամբ արդեն քանդված ա: Շատ տարբեր ա Կոնդը, ամեն դեպքում, թաղից թաղ՝ ուրիշ: Կոնդը մեծ ա, ու կարելի ա ձևավորել նոր միջավայր ու գոյության իմաստ: Օրինակ՝ դառնա բաց տարածք փողոցային արվեստի համար՝ արտ թաղամաս: Սրանով նպաստել ժամանակակից արվեստի և հասարակության մշակութային զարգացմանը: Տենց, Ժամի քուչի ժողովուրդը ջերմ ընդունեց: Մերսի»: Ավելին՝evnmag.com-ում
10:44 - 16 մարտի, 2019
ՀՔԾ-ն չի կարողանում «հայտնաբերել» Էլեկտրիկ Երևանի քաղաքացիական ոստիկաններին

ՀՔԾ-ն չի կարողանում «հայտնաբերել» Էլեկտրիկ Երևանի քաղաքացիական ոստիկաններին

2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա կազմակերպեց դեպի Բաղրամյան պողոտա՝ ընդդեմ Էլետրաէներգիայի սակագնի թանկացման։ Ոստիկանների կողմից կենդանի պատ ստեղծվեց ՍԴ-ի հարակից տարածքում։ Քաղաքացիները մնացին գիշերը Բաղրամյան պողոտայում, և ոստիկանության հրամանին՝ ազատել ճանապարհը, չենթարկվեցին։ Խաղաղ անհնազանդություն իրականացնող անձանց նկատմամբ առավոտյան 5։30-ի սահմաններում կիրառվեց ջրցան, ոստիկանական համակարգում աշխատող մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին խաղաղ անհնազանդություն իրականցնող՝ ճանապարհը փակած մարդկանց վրա։ Մոտ 250 մարդու բերման ենթարկեցին Երևանի, Աշտարակի ոստիկանական բաժիններ։ Ավելի քան 17 ժամ մարդկանց պահեցին ոստիկանական բաժիններում։ ՀՔԾ-ում հարուցվեց մեկ ամբողջական քրեական գործ։ Տուժող ճանաչվեցին տասնյակ քաղաքացիներ և լրագրողներ։ Լյովա Երանոսյանի հրամանով թվով 22 լրագրողի մասնագիտական աշխատանքային իրավունքը խախտվեց։ Մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, տեսախցիկները ջարդվեցին, տեսանյութերը ոչնչացվեցին։ Lragir.am կայքում իմ կողմից հրապարակված տեսանյութում արձանագրվել են թվով 39 քաղաքացիական հագուստով ոստիկանների, օպերլիազորների դեմքեր, ովքեր ամենադաժան կերպով բռնություն էին կիրառում քաղաքացիների նկատմամբ: Իհարկե, ցուցակն ամբողջական չէ։ Երեք տարի անց՝ մարտի 4-ին, ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կասեցվեց։ Կասեցման հիմքը՝ մեղադրյալի կարգավիճակում ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն։ Այս որոշումը ենթակա է բողոքարկման։ Հիշեցնեմ, որ այս գործը քննում էր ընդամենը 1 քննիչ՝ Վազգեն Ավետիսյանը։ Բազմաթիվ քաղաքացիների ու լրագրողների գործեր գտնվում են ՄԻԵԴ-ում։ Օրինակ, բողոքի ակցիային մասնակցած Ռիմա Սարգսյանը չկա տուժողների ցանկում, իսկ տուժողները ըստ ՀՔԾ-ի ուղարկած փաստաթղթի՝ ընդամենը 37-ն են։ Պետք է նշել, որ ըստ ՀՔԾ-ի՝ 15 տուժող արյունազեղումներ և սալջարդեր են ստացել ջրանետի կիրառման արդյունքում։ Այդ օրը Նոր Նորքի ոստիկանական բաժնում կային քաղաքացիներ, ովքեր ստացել էին մարմնական վնասվածքներ դեմքի շրջանում և ամբողջովին աչքերի տակը կապույտ էր։ Որոշ լրատվամիջոցների փոխհատուցվել է պատճառված վնասը տեխնիկայի տեսքով։ ՀՔԾ-ին իմ կողմից տրամադրվել է հունիսի 23-ի տեսագրությունը, որտեղ ֆիքսվել են բոլոր օպերլիազորների դեմքերը, քննիչ Վ․ Ավետիսյանը այդ նյութերը կցել է արդեն իսկ հարուցված քրեական գործին, սակայն 3 տարվա մեջ այդպես էլ չի հայտնաբերվել բռնություն կիրառած անձանցից որևէ մեկը։ Ուշադրություն, մեր ձեռքի տակ է հայտնվել տեսանյութում ֆիքսված անձանցից որոշների տվյալները․ որտեղ են ներկա պահին աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում։ Արդյո՞ք այս նյութը հրապարկելուց հետո նույնպես ՀՔԾ-ն կպնդի, որ պոտենցիալ մեղադրյալները չեն հայտնաբերվել։ Ներկայացնում ենք լուսանկարներում հայտնաբերված անձանց տվյալները։ 1․ Վարդան Խաչատրյան՝ չի աշխատում։ 2․ Օդիշ՝ ՔՀԳՎ։3․ Քաղաքային վարչության անչափահասների բաժին։4․ Նարեկ՝ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժին։5․ Փնտրվում է։6․ Փնտրվում է։7․ Սիմոն Հարությունյան- Կենտրոն ՔՀԲ պետի տեղակալ։8․ Արթուր Մխիթարյան (ռիժիկ)- ԵՔՎ ՔՀԲ 3 բաժնի պետ։9․ Հարութ Անոյան՝ ԵՔՎ ՔՀԲ 1-ին բաժնի պետ։10․Ռաֆայել Պողոսյան՝ Նոր Նորք բաժնի պետի տեղակալ։ (1,2,3) 11․ Փնտրվում է։12․ Փնտրվում է։13․ Փնտրվում է։14․ ՔՀԳՎ։15․ Փնտրվում է։16․ Փնտրվում է։17․ Փնտրվում է։18․ Բաբկեն Ալավերդյան՝Շենգավիթի ՔՀԲ։ (1,2)19․ Փնտրվում է։ 20․ Փնտրվում է։22․ Փնտրվում է։23․ Գարիկ Ղուկասյան – ԵՔՎ պետ, ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիա) անդամ։ Պարգևատրվել է`ՀՀ Նախագահի 2017թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև բազմիցս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից: ՀՀ ոստիկանության պետի 2018թ. հոկտեմբերի 4-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ: 24․ Արթուր Մեհրաբյան- Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ (ԱՄՆ) 25.Գևորգ Խաչիկյան- Օպերատիվ փնտրողական վարչություն (7-րդ վարչություն)։ Անկախ նյութի բովանդակային մասով հավաստի լինելուց, այս հոդվածում պատկերված լուսանկարը հավաստում է, որ այս անձը ՕՓՎ պետն է։ 26․ Փնտրվում է։27․ Փնտրվում է։28․ Փնտրվում է։29․ Արմեն Մանուչարյան - չի աշխատում։     30․ Մեսրոպ էլոյան- թոշակի է անցել, չի աշխատում։31․ Արթուր Զաքարյան – Արաբկիրի ՔՀԲ պետ։ 32․ Արթուր Ֆռանգյան- Մեծամորի բաժնի պետ։33․ Փնտրվում է։34․ Փնտրվում է։35․ Փնտրվում է։36․ Փնտրվում է։37․ Փնտրվում է։38․Արման Խեչումյան՝ ՀՀ ոստիկանություն։  Ցուցակն ամբողջական չէ, ենթակա է լրացման, նույնականացման տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի արխիվի հետ։ Անհրաժեշտ է փորձաքննություն իրականացնել, որպեսզի գործողությունները հստակեցվեն և այս անձինք գոնե որպես կասկածյալ կամ վկա հարցաքննվեն։ՀՔԱՎ Արթուր Սաքունցը հաստատեց, որ բողոքարկելու են այս որոշումը, քանի որ ի սկզբանե իրենց գրասենյակն էր հաղորդում տվել հանցագործության մասին։ ՀՔԾ –ի որոշման մեջ դիմումատուն ՀՔԱՎ-ը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն են։  
14:39 - 12 մարտի, 2019