Անցյալ դարի վերջերին քաղաքացիական պատերազմներից բզկտված մի շարք երկրներ կարողացան հաղթահարել ներքին հակասությունները և փորձեցին ընտրել խաղաղության և ժողովրդավարության ուղին։ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի փլուզման արդյունքում բազմաթիվ երկրներ անցում կատարեցին տոտալիտար ռեժիմներից դեպի ժողովրդավարություն։ Լատինական Ամերիկայում և Եվրոպայում դիկտատորական ռեժիմները տապալվեցին և անցում կատարվեց դեպի նոր՝ ժողովրդավարական հասարակարգ։
Անցման շրջանում բոլոր երկրները հանդիպեցին որոշակի մարտահրավերների, և անհրաժեշտություն առաջացավ գտնել գործընթացներ և մեխանիզմներ այդ մարտահրավերները հաղթահարելու համար։ Դրանց շարքում իր տեղն ունի անցումային արդարադաթյունը։
Նշենք, որ այս տերմինը հանրության համար մոլորեցնող է, քանի որ հանրության ընկալմամբ արդարադատությունը դատական գործունեության արդյունք է և չի կարող իրականացվել այլ կերպ։ Իսկ որոշ դեպքերում այն կապվում է ցեղային սովորույթների հետ, և դա ավելի հասկանալի և ընդունելի է այդ ժողովուրդների կողմից։
Սակայն անցումային արդարադատությունը պետք է հասկանալ լայն իմաստով և, ինչպես իրավացիորեն նշում են «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո»¹ աշխատության հեղինակները, այստեղ «արդարադատությունն» ավելի ճիշտ է հասկանալ որպես ոչ ժողովրդավարական կառավարումից ժողովրդավարական համակարգին անցնելու ընթացքում արդարության վերականգնմանն ուղղված գործունեություն` ինչպես դատարանների կողմից դասական արդարադատության իրականացման, այնպես էլ օրենքով սահմանված այլ գործիքների օգտագործման միջոցով (մեկը մյուսին չի բացառում, մեծ մասամբ զուգորդվում են):²
Միավորված ազգերի կազմակերպությունը, բնականաբար, չէր կարող անտարբեր անցնել այս գործընթացների կողքով և 2010թվականին հրապարակվեց ուղեցույց, որտեղ շարադրեց իր մոտեցումը այս գործընթացների և մեխանիզմների վերաբերյալ։³
Ըստ ուղեցույցի, անցումային արդարադատությունը գործընթացների և մեխանիզմների ամբողջական շարք է, որոնց միջոցով հասարակությունը ձգտում է հասկանալ նախկինից ժառանգութուն ստացած լայնածավալ չարաշահումները՝ ապահովելու համար պատասխանատվություն, ծառայել արդարադատությանը և հասնել հաշտեցման։Այս նպատակների իրականացման գործընթացները և մեխանիզմները կարող են լինել իրավական, այնպես էլ ոչ իրավական։
Իրավական գործընթացը ներառում է քրեական հետապնդման նախաձեռնությունները, իսկ ոչ իրավականը՝ ճշմարտության որոնումը, վնասների հատուցման ծրագրերը և համակարգային բարեփոխումները։ Այս գործընթացները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համադրությամբ։ Այս կիրառման մեխանիզմներ են՝
Կան նաև այլ մեխանիզմներ/կանանց, երեխաների և այլն/, որոնք ավելի շուտ լրացնում են այս հիմնական մեխանիզմները, քան հանդես են գալիս ինքնուրույն։ Այս մեխանիզմների կիրառումը ինքնանպատակ չէ և չկա դրանց իրագործման համընդհանուր բանաձև։ Ինչ լավ է մեկ երկրի համար, կարող է անբարենպաստ լինի մյուսի համար։ Այդ պատճառով, անցումային արդարադատությունը պետք է իրականացվի ազգային առանձնահատկությունները, ազգային կարիքները հաշվի առնելով։
Որոշ գնահատումներով, անցումային արդարադատության 854 մեխանիզմներ են կիրառվել 161 երկրներում 1970-2007 թվականներին։⁴
Բոլոր դեպքերում, արադարադատության վերջնական նպատակը խաղաղության և ազգային հաշտեցման հասնելն է։⁵
Ընթերցել մաս 2-ը․ Անցումային արդարադատություն․ Խաղաղությունն ընդդեմ արդարադատության
2․ https://bit.ly/2UdMNYw, էջ13,
3․ https://www.un.org/ruleoflaw/files/TJ_Guidance_Note_March_2010FINAL.pdf,
4․ https://www.usip.org/publications/2010/06/transitional-justice-balance,
5․ Մենք շեշտը դնելու ենք վերջնական նպատակների իրականացման մի քանի մեխանիզմների վրա։
Գեղամ Ներսիսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք
comment.count (0)