Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն #FreeZone
10:40 - 02 օգոստոսի, 2019

Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն #FreeZone

Որպես լիբերալ պետականաշինության կարևոր գործիք, անցումային արդարադատությունը հնարավորություն է տալիս հասցեագրել նախորդ իշխանությունների հանցագործություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները։

Անցումային արդարադատության պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն ժամանակակից մոտեցումը ձևավորվել է 1945-ից՝ Երկրորդ աշխարհամարտից հետո։ Տարբեր մասնագետներ առանձնացնում են այդ մեխանիզմի փոխակերպման 3-5 փուլեր, բայց դրանց մասին մեկ ուրիշ անգամ։

Որպես ամենակարևոր նպատակ, անցումային արդարադատությունը դնում է զոհին, նրա արժանապատվությունն ու իրավունքների ճանաչումն առաջին պլանում։ Այն միտված է ճանաչելու նախորդ խախտումները, որպեսզի կանխի դրանց կրկնությունը:

Կան չորս տեսակի գործիքներ, որոնք այլընտրանք չեն իրար, և կախված իրավիճակից կարող են օգտագործվել միասին կամ առանձին․

  • Դատավարություններ`առնվազն առավել մեծ հանցագործություններ կատարած անձանց համար,
  • Ճշմարտության որոնում` ոչ դատական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման փաստերի հավաքագրում,
  • Վերականգնման գործընթացները` անհատական, կոլեկտիվ, նյութական և խորհրդանշական,
  • Օրենքների և հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

Այնուամենայնիվ, մի շարք հարցեր են առաջանում հայկական կոնտեքստում անցումային արդարադատության կիրառելիության մասով ու թե որ ժամանակահատվածն այն պետք է ընդգրկի և արդյո՞ք նպատակահարմար է կիրառել Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմները:

Չնայած որ անցումային արդարադատության մասին խոսելիս հայաստանցիները հիմնականում նկատի են ունենում նախորդ երկու նախագահների պաշտոնավարման շրջանը, առավել էֆեկտիվ անցումային արդարադատություն կազմակերպելու համար պետք է ոչ միայն սկսել 91-ի անկախության շրջանից, այլ նաև վերջապես պետական մակարդակով հստակ բնորոշում տալ խորհրդային տարիների ռեպրեսիաներին։ ԽՍՀՄ-ի կործանումից հետո հայերը ժամանակ չունեցան վերականգնվելու ու միանգամից հայտնվեցին մութ ու ցուրտ ու պատերազմական իրավիճակում։ Չհաշված որոշ սիմվոլիկ գործողությունների (Բռնադատվածների մասին օրենք, Բռնադատվածների գործերը քննող հանձնաժողով, Հիշատակի օր, Հուշարձան։ Ի դեպ՝ սրանք հենց անցումային արդարադատության գործիքներից են), այնուամենայնիվ հասարակության մի ստվար զանգված նոստալգիայով է հիշում այդ տարիները՝ մոռանալով ԽՍՀՄ շրջանում իրենց հայրենակիցների նկատմամբ բռնությունները, քանի որ չկա հստակ քաղաքական գնահատական այդ տարիների վերաբերյալ։

Այնուամենայնիվ անցումային արդարադատությունն ունի իր սահմանափակումները, որոնք դժվարացնում են տարբեր իրավիճակներում դրա կիրառելիությունը: Առաջին հերթին, այն կենտրոնանում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա և խնդրի պատճառների փոխարեն «բուժում է» ախտանիշները: Ընդ որում՝ այս մեխանիզմը չունի բավարար ժողովրդավարական լեգիտիմություն՝ դիտարկելու հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած լայնածավալ տնտեսական և սոցիալական իրավունքների խախտումները: Երկրորդ խնդիրն այն է, որ այն տնօրինվում է ոչ թե տեղական շարժումների, այլ էլիտար միջազգային մասնագետների կողմից: Այն նաև խոչընդոտում է զոհերի մասնակցությանը բռնի անցյալի քննության գործընթացում:

Անցումային արդարադատությանը վերաբերող երկու հիմնական մոտեցում կա՝

  1. Պատժողական մոտեցում (Retributive approach), որն ավելի շատ խնդրի դատական լուծման մոտեցում է,
  2. Վերականգնողական մոտեցում (Restorative approach), որպես ճշմարտության, հաշվետվողականության, փոխհատուցման և հաշտեցման ձև:

Անցումային արդարադատությունը փորձում է խաղաղության ու արդարադատության միջև գտնել հավասարակշռություն, ինչը շատ մասնագետների կողմից անվանվում է կեղծ դիխոտոմիա (երբ երկու իրար չբացառող հասկացություններ կեղծ հակադրության մեջ են ներկայացնում), քանի որ անցումային արդարադատության նպատակը երկարատև խաղաղության հասնելն է՝ առաջնային կարևորություն տալով արդարադատությանը՝ փոխանակ այս երկու կոնցեպտները հավասար մակարդակներում դիտարկելը։

Խաղաղությունը կարող է լինել նեգատիվ (բռնության բացակայություն՝ օրինակ հրադադարի ռեժիմը) կամ պոզիտիվ (կոնֆլիկտի կոնստրուկտիվ հանգուցալուծում՝ արդարադատության հաստատում, հարաբերությունների վերականգնում)։ Հանցագործների անպատժելիությունը կարող է բացասական խաղաղություն բերել, բայց այն չի կարող նպաստել իրական հաշտեցմանը, որը պահանջում է արդարության ավելի լայն ընկալում, քան պարզապես պատժողական (Retributive) մոտեցումն է:

Վերականգնողական (Restorative) տեսանկյունից պատժողականությունը դիտարկվում է որպես անբավարար մոտեցում` երկարատև խաղաղության և սոցիալական համակեցության վերականգնման համար, քանի որ այդ մոտեցմումը կենտրոնացված չէ զոհի, նրա տառապանքների ու կարիքների վրա։ Սա ենթադրում է այլընտրանքային մեխանիզմի անհրաժեշտություն, որն առաջարկում է արդարության ավելի լայն՝ «փոխակերպող» ընկալում:

Ունենալով նույն հիմքը, ինչ վերականգնողական արդարությունը (Restorative justice), փոխակերպող արդարադատությունն (Transformative justice) ավելի լայն մոտեցում ունի արդարության հայեցակարգին: Այն չի կենտրոնացված պարզապես երկու կողմերի միջև հարաբերությունների լավացման վրա, ավելին՝ այն ձգտում է երկու կողմերին փոխակերպել դեպի ավելի լավը ու կարևորում է ընդհանուր պրոցեսը, այլ ոչ թե կանխակալ վերջնարդյունքը։ Այն նպատակ ունի պատասխանելու զոհերի հարցերին՝ թե ինչու՞ են նրանք վիկտիմիզացվել։ Այն փորձում է առերեսվել բռնի անցյալին՝ նպաստելով վերականգնման և հաշտեցման ապահովմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը։

Փոխակերպող արդարադատությունը կարող է կիրառվել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ ամենօրյա և սիստեմատիկ բռնությունների հասցեագրման համար։ Չնայած փոխակերպող արդարդատությունը չի փորձում լիովին փոխարինել անցումային արդարադատությանը, նրա հիմնական նպատակն է մարտահրավեր նետել անցումային արդարադատության քաղաքականությանը և առաջնահերթություններին, և դրա ուշադրությունը տեղափոխել իրավականից՝ հասարակական և քաղաքական, պետություններից և հաստատություններից՝ համայնքներին: Ի տարբերություն անցումային արդարադատության, այն զոհերի կյանքին, խնդիրներին և կարիքներին մոտենաում է ավելի ներքևից-վերև (bottom-up) սկզբունքով: Եվ վերջապես, անցումային արդարադատության համեմատ, փոխակերպող արդարադատությունն իրավունքները համարում է փոխկապակցված ու անբաժանելի և հավասարապես հաշվի է առնում սոցիալական և տնտեսական իրավունքները:

Անկախ հայաստանյան հասարակության կողմից ընտրված մոտեցումից, կարևոր է, որ իշխանություններն ապահովեն անցումային գործընթացների իսկականությունը և անվերապահորեն հետևեն և հարգեն իրենց պարտավորություններն ու հեղափոխության արժեքները, քանի որ առանց անկեղծ քաղաքական կամքի ու առավել լայն հանրային քննարկումների, անցումային գործընթացներին հանրության ներգրավման ու տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու այն չի կարող ապահովել իրական խաղաղություն ու հաշտեցում։

Կամո Դավթյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել