Ընթերցել մաս 1-ը․ Անցումային արդարադատություն․ Էությունը
Անցումային արդարադատության մեխանիզմները իրագործումը ինքնանպատակ չէ։ Այն պետք է որոշակի նպատակներ հետապնդի, որոնք նշված են ուղեցույցում։ Դրանց պրակտիկ իրագործման ընթացքում կարող են առաջանալ հակասություններ, որոնց հաղթահարումը դժվար է, իսկ երբեմն էլ՝ անհնար։
Այսպես, ինչպես համադրել խաղաղությունն ու արդարադատությունը։ Կարելի՞ է արդյոք հասնել հասարակական հաշտեցման քրեական արդարադատության իրականացման միջոցով, թե՞ ավելի ճիշտ է համաներում շնորհել մարդկային արժեքները ոտնահարող հանցագործներին՝ անկախ դրանց ծանրությունից՝ ապահովելով հասարակական հաշտեցումը և ժողովրդավարության անցման սահուն գործընթացը։
Խաղաղությունը կարելի է հասկանալ որպես կազմակերպված, կոլեկտիվ բռնության բացակայություն։ Դա Յ․ Գալտանգի բնորոշմամբ «բացասական խաղաղություն» է։ Սակայն, դա այն չէ, ինչի կարիքը ունի ժողովրդավար հասարակութունը։ Իրականում վերջինս կարիք ունի ավելի խորը խաղաղության, քան պարզապես կոլեկտիվ բռնության բացակայությունն է։ Յ․ Գալտանգը այն անվանում է «դրական խաղաղություն», որը, ըստ նրա, ներառում է համագործակցությունը, վախից ու կարիքից ազատ ապրելը, տնտեսական աճը և զարգացումը, շահագործման բացակայությունը, հավասարությունը, արդարադատությունը, գործողությունների ազատությունը, բազմակարծությունը, դինամիզմը։⁶ Մենք կավելացնեինք խղճի, դավանանքի ու մամուլի ազատությունը։
Անցման շրջանում նման խաղաղության հասնելու լավագույն մեխանիզմը շատերը համարում են վայրագ հանցագործություններ կատարած անձանց քրեական հետապնդումը։ Արդարացումները հետևյալներն են՝
Գոյություն ունի նաև հակառակ տեսակետը։ Ըստ վերջիններիս, անցման շրջանում հանցագործների նկատմամբ քրեական հետապնդումը կարող է հանգեցնել հաշտեցման գործընթացի վիժեցման, խանգարել կայուն ու երկարատև խաղաղության հաստատմանը, լինել «հաղթողների դատավարություն», լինել ընտրովի, իսկ երբեմն էլ թանկարժեք դատավարությունը կարող է ավարտվել ենթադրյալ հանցագործների արդարացմամբ և այլն։
Կա նաև երրորդ տեսակետը, ըստ որի, որևէ երկընտրանք խաղաղության և արդարադատության միջև չկա, այն կեղծ երկընտրանք է։⁸
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի անցումային արդարադատության վերաբերյալ 2004թ․ զեկույցում ևս շեշտված է վերոհիշյալների միջև հակասությունների բացակայությունը։ Դրանք դիտարկվում են փոխադարձաբար միմյանց լրացնող ուժեր, որոնք հզորացնում են անցումային արդարադատության մեխանիզմները։ Այս տեսակետների բախումը խտացված ձևով բացահայտվեց Ուգանդայի՝ անցումային արդարադատության իրականացման ընթացքում։ Եկեք դիտարկենք այն։
Ուգանդան քաղաքացիական պատերազմների շրջապտույտում գտնվող երկներից է եղել։ 1962թ․ անկախացումից հետո այս Աֆրիկյան երկրում պետական հեղաշրջումները և ապստամբությունները հետևում էին միմյանց՝ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով։ Երբ ներկայիս նախագահը եկավ իշխանության, վայրագությունները շարունակվեցին կառավարական զորքերի կողմից։
1987թ․ նոր ձևավոված ապստամբների խումբը, որն իրեն կոչում է Տիրոջ դիմադրության բանակ/ՏԴԲ/, Ջոզեֆ Կոնիի գլխավորությամբ պայքար է սկսում կառավարության դեմ։ Այն շարունակվում է մինչ օրս, բայց ոչ նախկին ակտիվությամբ։
ՏԴԲ աչքի է ընկել իր դաժանությամբ և վայրագութուններով՝ սպանություններ, բռնաբարութուններ , երեխաների առևանգում և այլն։ Ըստ որոշ գնահատումների, 2002թ․ հունիսի դրությամբ առևանգված երեխաների քանակը եղել է 12,000, մի տարի անց այն կրկնապատկվել է, իսկ 2004թ․ մայիսին արդեն կազմել է 30,000։
2001թ․ ներքին ճամբարներում կային 480,000 մարդ, իսկ 2005թ․ սկզբներին արդեն 1.8 մլն տեղահանվածներ, որոնցից մոտ 70 տոկոսը քսանհինգ տարեկան էլ չկային։
Մոտ 40000 երեխաներ առևանգված լինելու վախից ստիպված էին երեկոյան լքել ճամբարները և քայլել մոտակա բնակավայրերը գիշերելու և առավոտյան վերադառնալ՝ դպրոց գնալու համար։⁹
Կառավարության կողմից ստեղծված այդ ճամբարներում 2005թ․ յոթ ամիսների ընթացքում տարբեր հիվանդություններից ամեն շաբաթ մոտ հազար մարդ է մահացել։¹°
Այսպիսին էր երկրի վիճակը, երբ կառավարութունը 2003թ․ դիմեց Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ ՏԴԲ-ի պարագլուխների նկատմամբ հետաքննություն սկսելու խնդրանքով։ Երկու տարի անց Ջ․ Կոնիի և չորս այլ պարագլուխների նկատմամբ կալանավորման օրդեր տրվեց։ Նրանցք մեղադրվեցին մարդկության դեմ ուղղված(ստրկացնել, անմարդկային գործողություններ, սպանություն, բռանաբարություն, սեռական ստրկացում), պատերազմական(դաժան վերաբերմունք, բռնաբարության հակել, սպանություն, կողոպուտ) հանցագործություններ կատարելու համար։¹¹ Այս պարագայում բանակցությունները կառավարության և ապստամբների միջև վերջնական արդյունքում ձախողվեցին։
ՏԴԲ-ի պարագլուխները պահանջում էին Միջազգային Քրեական Դատարանի կալանավորման օրդերների վերացում՝ որպես հաշտեցման համաձայնագրի ստորագրման նախապայման, իսկ կառավարությունը պնդում էր սկզբում համաձայնագրի ստորագրման, հետո նոր համաներման մասին։
Հաշտեցման համաձայնագրի վերջնական տապալումից հետո (2008թ․ ) ՏԴԲ-ն շարունակեց կատարել հարյուրավոր սպանություններ և այլ հանցագործություններ Ուգանդայում և հարակից երկրներում։¹²4
ՏԴԲ-ի պարագլուխների նկատմամբ կալանավորման օրդերը միանշանակ չընդունվեց։ Ակոլի ժողովրդի համար այն օտար էր։ Նրանք ունեին դարերի ընթացքում կերտված արդարադատության իրենց համակարգը՝ մատօ օպութ /Mato Oput/, որը հակառակորդ կողմերի միջև տարաձայնությունների լուծման ընդունելի միջոցն էր։ Այն ենթադրում էր խաղախության հաստատում՝ դիտավորյալ կամ անզգույշ սպանությունից հետո։ Երբ հանցագործը ընդունում է կատարված հանցագործութըան համար պատասխանատվությունը, զոհի ընտանիքը և հանցագործը խմում են մատօ օպութ՝ դառը ըմպելիք և դրանով խորհրդանշում են կողմերի միջև հաշտեցումը։¹³
Բացի այդ, Ակոլի ժողովրդի համար անհասկանալի էր, թե ինչու միայն Կոնին և իր զինակիցները պիտի պատժվեն, երբ կառավարական զորքերը պակաս վայրագություններ չեն արել։ Հետազոտողների մի մասի կարծիքով, Ուգանդայի ղեկավարությունը, դիմելով ՄՔԴ, փորձել է իր համար անպատժելիություն ապահովել։¹⁴
Ամփոփելով վերը ասվածը, կարող ենք պնդել, որ միայն պատժողական արդարադատության միջոցով հնարավոր չէ հասնել հաշտեցման և երկարատև խաղաղության։ Իհարկե, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ կատարած անձինք պետք է պատժվեն։ Բայց մինչ այդ անհրաժեշտ է մտածել կենդանի մնացած մարդկանց մասին։
Դրա համար պատժողական արդարադատությունը պետք է կիրառվի՝ հաշվի առնելով երկրի կոնկրետ պայմանները, նրա սոցիալական, տնտեսական, մշակույթային, կրթական բաղադրիչները, էթնիկական կազմը և այլն։ Դա չպետք է լինի ժամանակավրեպ և պետք է զուգորդված լինի անցումային արդարադատության այլ մեխանիզմների հետ։
6. THEORIES OF PEACE A Synthetic Approach to Peace Thinking By Johan Galtung, Oslo, 1967, էջ 12-17
7.https://law.unimelb.edu.au/__data/assets/pdf_file/0006/1680252/Majzub.pdf, էջ4
9. https://www.globalsecurity.org/military/world/para/lra.htm
10. https://en.wikipedia.org/wiki/Lord%27s_Resistance_Army
12. https://www.hrw.org/news/2011/05/23/no-end-lra-killings-and-abductions
13․https://www.facinghistory.org/reckoning/paradox-peace-and-justice-mato-oput-versus-icc-uganda
Գեղամ Ներսիսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ, Նյու-Յորք
comment.count (0)