Պատգամավորները դժգոհեցին նիստի օրակարգից, առաջարկեցին քննարկել զինվորների դիերի պահման պայմանների հարցը |armenpress.am|
armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր և խմբակցություններում չընդգրկված պատգամավորները դժգոհում են արտահերթ նիստի օրակարգից՝ շեշտելով, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ավելի կարևոր հարցերի վրա, այդ թվում՝ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների աճյունների հանդեպ վերաբերմունքի հարցի վրա: Պատգամավորները նման տեսակետներ հայտնեցին հունիսի 3-ի ԱԺ արտահերթ նիստում:
«Այն օրակարգը, որը ներկայացված է, իսպառ չի արտացոլում այն իրավիճակը, որում գտնվում է թե երկիրը, թե ազգը»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորականների աճյունների ոչ պատշաճ պահման դեպքին՝ պատգամավորը նշեց. «Պետք է շատ հստակ հասկանալ, որ հասարակությունն այսօր պահանջում է պատասխաններ: Եվ շատ կարևոր էր, որ մենք այստեղ հասկանայինք, թե իրականում պատճառները որոնք էին և արդյոք այլ տեղեր կան նույնատիպ իրավիճակներ»:
Խոսելով Ադրբեջանում սկսված հայ ռազմագերիների դատավարություններն՝ նա ասաց, որ Ադրբեջանն այսպիսով գերիներին չվերադարձնելու հարցը փաստացի փորձում է իրավական առումով ինչ-որ կերպ հիմնավորել: Ըստ Աբովյանի՝ անպայման այս մասով Հայաստանից արձագանք պետք է լինի:
Խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց. «Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ մենք այս արտահերթը ևս գումարում ենք, և օրակարգում որևէ անդրադարձ չկա այն հարցերին, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը, սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին»:
Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ շարունակում է չհամարել, որ այսօր կարևորագույն խնդիրն օրինակ Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխությունն է: Ըստ նրա՝ դահլիճում վիրտուալ իրականությունից պետք է վերադառնալ ռեալ կյանք և քննարկել Աբովյանի դիահերձարանի զարհուրելի դեպքը:
12:34 - 03 հունիսի, 2021