Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։


Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել մոտ 336 մլն դրամ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել մոտ 336 մլն դրամ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոլորտային եկամուտներն ու ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չորս գերատեսչությունների ֆինանսավորման ցուցանիշները: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 336 մլն 900 հազար դրամ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի հանրագումարը 1 ծրագիր և 5 միջոցառում իրականացնելու համար կազմում է  7 մլրդ 634 մլն դրամ: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար 2 ծրագիր և 9 միջոցառում իրականացնելու համար նախատեսվել է 579 մլն դրամ: ԿԳՄՍ նախարարությունը 2021 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեից ավելի է 48 մլրդ 694 մլրդ դրամով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով կառույցի գործառույթները, ընդգծել է, որ հանձնաժողովը պետական անկախ մարմին է և երաշխավորում է հեռարձակողների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը: Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա ծրագրերը՝ նա նշել է, որ բյուջեի նախագծով նախատեսված գումարով կփորձեն լուծել բազմաթիվ խնդիրներ:
18:03 - 08 նոյեմբերի, 2021
Առաջարկվում է ստեղծել ուսումնական ծրագրերի ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ազգային շտեմարան |hetq.am|

Առաջարկվում է ստեղծել ուսումնական ծրագրերի ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ազգային շտեմարան |hetq.am|

hetq.am: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նորից քննարկվում էր «Կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Զեկույցով հանդես եկավ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, որ հիմնական փոփոխությունը կապված է ոչ ֆորմալ կրթության տվյալների շտեմարանի ստեղծման հետ, հիշեցրեց, որ գոյություն ունի կարգ, բայց չի գործում, իսկ օրենսդրական փոփոխության նպատակն է այն դարձնել արդիական եւ ապահովել ոչ ֆորմալ կրթական արդյունքներ: Նախագծով սահմանվում է ստեղծել ուսուցման ազգային ռեեստր՝ ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ եւ ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթաց իրականացնողների եւ մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձեւավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորություններն ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ եւ մատչելի դարձնելու նպատակով։ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Կառավարության նպատակներից է ունենալ ոչ ֆորմալ կրթության մասով ավելի հստակ օրենսդրական կարգավորում, ներկայացրեց առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան ստեղծել ավելի ճկուն համակարգ, առաջարկություններից մի մասը տեխնիկական էր, իսկ հիմնական փոփոխությունը կապված է ինֆորմալ կրթության հետ։ Ըստ փոխնախարարի պաշտոնակատարի՝ գործնականում անհնար է ստեղծել ինֆորմալ ուսուցման շտեմարան, քանի որ այն կենսափորձի հիման վրա ձեռք բերած գիտելիքն ու կարողությունն է։ Հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց, որ սա կարեւոր է, քանի որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հնարավորություն կունենա կարգը կիրառել։ Առաջարկներն ընդունվեցին, ԱԺ-ի հերթական օրակարգում նախագիծը կքննարկվի։  
13:47 - 07 հունիսի, 2021
Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող նախագծում գործադիրը բացեր է տեսնում. ԿԳՄՍ փոխնախարարը հորդորեց չշտապել |1lurer.am|

Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող նախագծում գործադիրը բացեր է տեսնում. ԿԳՄՍ փոխնախարարը հորդորեց չշտապել |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի և Լիլիթ Ստեփանյանի ներկայացրած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է ապահովել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև բացառել պատմամշակութային հուշարձանների օտարումն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Պատգամավորը նշեց, որ առաջարկվում է շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը, և եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինը պարտավոր է համաձայնություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնող անձի հետ հետևյալ հարցերի շուրջ՝ 1. տեղափոխել հուշարձանը, եթե հնարավոր է. 2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը. 3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ. 4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը: Ընդ որում, ըստ պատգամավորի, մինչև լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկության վերաբերյալ համաձայնություն տալը, աշխատանքներն իրականացնող անձը պարտավոր է կասեցնել աշխատանքները: Նախագծով առաջարկվում է նաև պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանման գոտու տարածքում գտնվելու տեղեկությունը ներառել անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ այս նախագծի ընդունմամբ բազմաթիվ բացերի առջև են կանգնելու՝ սկսած լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումից մինչև մասնագիտական ռեսուրսների անհրաժեշտություն: «Խնդիր կա համալրելու հուշարձանների վերաբերյալ տեղեկատվական բազան, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեն նշել է, որ այդ տվյալները բացակայում են: 25 հազար հուշարձանից ունենք 200 միավորի տվյալներ: Սա մեզ կանգնեցնելու է անլուծելի խնդիրների առջև,- ընդգծեց նա՝ հավելելով. - այս օրենքը, կարծես, դառնում է համաներման փաստաթուղթ նախկինում կատարված բոլոր շեղումների համար: Այդ խախտումները իրավական ճանապարհով լուծելու փոխարեն փաստորեն նախագծով պետությունն իր վրա է վերցնում հուշարձանը աղճատումից փրկելու պարտավորություն»:   Խզմալյանը հորդորեց նախագծի հեղինակներին չշտապել, հարցը պարզաբանել մինչև վերջ, հստակեցնել բոլոր կողմերի իրավունքները և միայն հետո ընդունել այն:   Նախագծի համահեղինակն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ քննարկելու Կառավարության մոտեցումները: 
16:23 - 19 մայիսի, 2021
Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի հերթական նիստում, որը նախագահեց Մխիթար Հայրապետյանը, քննարկվեց ««Լիցենզավորման մասինն» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշեց, որ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական եւ նախադպրոցական ծառայություններ: Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս, զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը: Դա կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր: Հարակից զեկուցումը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Նա կարեւորեց ներկայացված փոփոխությունները` հորդորելով կողմ քվեարկել: Օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
17:47 - 29 ապրիլի, 2021
Վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

Վիճակախաղերի գովազդները կիրականացվեն ժամը 22:00-07:00-ն. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարեց հերթական նիստը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ» կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Հիմնական զեկուցողը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո  նախագծում փոփոխություններ չեն կատարվել: Հարակից զեկուցմամբ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին: ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ ԶԼՄ-ների կողմից եղել են մտահոգություններ, որ վիճակախաղերի մասնակիցների թիվն ավելացել է: Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ նշյալ մտահոգությունները չեն վերաբերում այս փոփոխություններին: Օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:   
16:59 - 29 ապրիլի, 2021
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

Փետրվարի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել է: Հանդիպումներ են եղել գիտնականների, պետական բուհերի ռեկտորների հետ: Նախագծի հիմնական դրույթներն անփոփոխ են մնացել, թեև կատարվել են որոշ սկզբունքային և խմբագրական փոփոխություններ: Դրանք վերաբերում են բուհերի հավատարմագրման կարգին, կառավարման խորհրդին, բուհերի ինքնավարության ավելացմանը, ռեկտորների տարիքին: Նախարարը նշել է, որ կան դրույթներ, որոնց վերաբերյալ այդպես էլ շահագրգիռ կողմերը համաձայնության չեն եկել: Անդրադառնալով գիտության ֆինանսավորման հարցին՝ հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը հարցրել է, թե Կառավարությունը նպատակադրվե՞լ է օրենքում ամրագրել ֆինանսավորման չափը: Նախարարը պատասխանել է, որ միանշանակ պետք է այն ավելացնել, բայց որևէ բնագավառում օրենքի մակարդակով ցանկալի չէ որևէ թիվ ամրագրել.«Պրակտիկայում կա, երբ ֆիքսվել է թիվ, ու չի կատարվել օրենքը: Ես ուզում եմ փարատել Ձեր կասկածները. վարչապետի մոտ երկու օր առաջ հանդիպում է եղել, և այդ հարցն ամենաբարձր մակարդակով քննարկվել է: Հստակ առաջադրանք է ձևավորվել, կա ճանապարհային քարտեզ, ու Կառավարությունը լիովին պատրաստ է անել հնարավորը՝ գիտության ֆինանսավորումը մեծացնելու ուղղությամբ: Ուղղակի դա պետք է չլինի ինքնանպատակ»: Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ առաջարկները հիմնականում վերաբերել են բուհերի ռեկտորների ընտրությանը և կառավարման խորհրդի ձևավորմանը: Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
12:26 - 01 մարտի, 2021
Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

Ինձ քննադատում են ճշմարտությունն ասելու համար, որ մեր շատ լավ երիտասարդները գնում են արտասահման ու ստանում սարսափելի բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը Ազգային ժոողովի ամբիոնից ելույթ ունեցավ՝ ասելով, որ տաղանդավոր երիտասարդները, որոնք լքում են հայրենիքը, շատ ճիշտ են անում: «Ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, շատ էապես ավելի տաղանդավոր, քան որոշ մեր այլ երիտասարդներ, բայց այդ տաղանդավորներից շատերը, ցավոք սրտի, շատ բարձր գնահատվելով իրենց պրոֆեսիայով, ի՞նչ են անում՝ գնում են արտասահման և շատ բարձր վարձատրվող աշխատանքով են զբաղվում, և ճիշտ են անում»,- ասել էր Վահրամ Դումանյանը: Այսօր Վահրամ Դումանյանը նշեց՝ իրեն քննադատում են ճշմարտությունը ասելու համար: «Իմ ելույթից հետո անգամ ինձ հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո համեմատեցին այլ հայտնի անձանց հետ, որ իմ մտքում կար անիմաստություն: Հիմա ես կբացեմ փակագծերը, հարցը նա է՝ երիտասարդները գնում են ակադեմիա, գնում են գիտություն, այո՝ գնում են, և այդ երիտասարդներին մենք լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել, հա, լավն են, բայց էն շատ-շատ լավերն էլ ունենք, որ չեն գնում ակադեմիա և գնում են արտասահման ու ստանում են սարսափելի բարձր աշխատավարձ»,- մեկնաբանեց Վահրամ Դումանյանը:
17:02 - 05 փետրվարի, 2021
Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

Բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է. ԱԺ հանձնաժողովը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարարությունը շուրջ երկու տարի աշխատել է բարձրագույն կրթության և գիտությանն առնչվող մայր օրենքի վրա, որը երկար է քննարկվել, փոփոխության է ենթարկվել, արժանացել կարծիքների բախումների:  Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ իր՝ նախարար նշանակվելուց հետո հայտարարել է, որ նախագծի որոշ դրույթների համամիտ չի եղել, սակայն գիտակցել է, որ այն չպետք է ուշանա և պետք է ժամանակին ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ուստի, ըստ նրա, ինտենսիվ աշխատանք է կատարվել, և գործադիրի ու օրենսդիրի ջանքերով ներկայացվել է ընդունելի նախագիծ:  Դումանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ բուհական համակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է: Ճգնաժամի պատճառներից մեկը, ըստ նախարարի, կրթական համակարգի կառավարչական մասի ոչ լիարժեքությունն է: «Այն, ինչ հիմա, կա, բավարար չէ: Ցավալի բան կա՝ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր, ինչն անընդունելի է: Չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ նա պետք է գնահատի իր վերադասին, այսինքն՝ ռեկտորի ենթական չի կարող հաշվետվություն լսել ռեկտորից, այստեղ շահերի բախում կա: Եթե այնտեղ կա մի սեփականատեր, դա պետությունն է, քանի որ պետական բուհ է, պետությունը ֆինանսավորում է, բայց երբ կառավարման մասով պետությունը ցանկանում է իր կամքը հայտնել, ասում են՝ դուք միջամտում եք, խոչընդոտում մեր ինքնավարությանը»,- նշեց նա: Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից (կլինեն դասախոս, ուսանող՝ կորոշի բուհը): Նա նշեց, որ խորհուրդը կարող է անվստահություն ներկայացնել լիազոր մարմնին, և խորհուրդը կարող է բուհի ղեկավարին ազատել պաշտոնից:    Վ.Դումանյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տրամադրել հատուկ կարգավիճակ, ինչը, ըստ նրա, վաստակած կարգավիճակ է: Նրա խոսքով՝ դա պետք է արվի օրենքով, որպեսզի հարցը չմնա այդ օրվա պետության ղեկավարի հայեցողությանը:  Կառավարությունն առաջարկում է արգելել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին նույն կարգավիճակն ունենալ նաև բուհում: «Այդ անձը, ուզի թե ոչ, իր ղեկավար դիրքը, միևնույն է՝ արտահայտելու է բուհում»,- հստակեցրեց նախարարը: Դումանյանի խոսքով՝ առաջարկվում է նաև, որ բուհերի մասնաճյուղերի տնօրենները նշանակվեն ռեկտորի հրամանով՝ առանց ընտրության: Միաժամանակ, ըստ նախարարի, օրենքի ընդունումից հետո գործող ռեկտորների փոփոխություն չի նախատեսվում մինչև նրա ժամկետի ավարտը, քանի որ նրանք ընտրված ռեկտորներ են: Նոր բացվող բուհում ռեկտոր կնշանակվի մեկ տարի ժամկետով, հետո կհայտարարվի ռեկտորի ընտրության մրցույթ:  Նախագծով, նախարարի խոսքով, ԳԱԱ ինստիտուտներին տրվելու են ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն: «Նրանք դեմ են, քանի որ գտնում են, որ մեկ տեղից կառավարումն ավելի ճիշտ է, սակայն, վստահեցնում եմ՝ կառավարում լինելու է՝ գործող ԳԱԱ գործող ղեկավարությամբ կամ այլ տարբերակով: Այնուհանդերձ, այս տեսքով Գիտությունների ակադեմիան խնդրահարույց է»,- ասաց նա: 
15:30 - 05 փետրվարի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց ևս 3 շաբաթով |1lurer.am|

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց ևս 3 շաբաթով |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվեց Կառավարության ներկայացրած՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը:  Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ իր և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել ևս երեք շաբաթով հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ թե՛ նախարարությունը, թե՛ հանձնաժողովը դեռևս մեծ ծավալի աշխատանք են կատարում նախագծի վրա: «Այս հարցում ավելորդ շտապողականության անհրաժեշտություն չունենք, այն մայր օրենք է, շատ կարևոր օրենք, ուստի ինքս խնդրել եմ հիմնական զեկուցողի բացակայության հիմքով նախագծի քննարկումը հետաձգել և այն ընդգրկել հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
13:15 - 13 հունվարի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները շարունակվում են. Մ. Հայրապետյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները շարունակվում են. Մ. Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ թիրախային քննարկումները: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Մասնավորապես, երեկ հանձնաժողովում հյուրընկալել էի ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և պատասխանատու այլ պաշտոնյաների։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հակոբ Ասլանյանը:  Քննարկումը հիմնականում ծավալվեց բարձրագույն կրթության և գիտության ոլորտների արդյունավետ կառավարման և օրենսդրական կարգավորումների հետ կապված մի շարք առանցքային հարցերի շուրջ, որոնք են՝Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների կարգավորումը մեկ օրենքի շրջանակում սահմանելու նպատակահարմարության, արդյունավետ կառավարման և ռիսկերի հետ կապված հարցերը,«Պետություն-բուհ-գիտություն-բուհ-արդյունաբերություն» համագործակության մեխանիզմների, բուհական կրթության գործում նշված կողմերի մասնակցության ու պատասխանատվության շրջանակի սահմանման հարցերը,Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որակավորումների, աստիճանակարգությունների սահմանման մոդելների և դրանց առավելությունների, խոչընդոտների մասին հարցերը,Բուհի և գիտական կառույցների կառավարման մարմինների, խորհուրդների ձևավորման և գործառույթների բաշխվածության հարցերը, ընտրության կամ նշանակման գործուն մեխանիզմներ սահմանելու հարցերը,Ուսանողական միավորումների բազմազանություն ունենալու, երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, մասնագիտական ներուժը համախմբելու և այն նպատակային օգտագործելու եղանակները և այլ հարցեր։Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,- գրել է նա։   
22:18 - 12 հունվարի, 2021
Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է ԿԳՄՍՆ-ի հետ, այդ թվում` սպորտի բնագավառում, ինչը նշել է պատգամավորը. Ս. Հովսեփյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|

Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է ԿԳՄՍՆ-ի հետ, այդ թվում` սպորտի բնագավառում, ինչը նշել է պատգամավորը. Ս. Հովսեփյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին |tert.am|

tert.am: Ինձ համար անակնկալ է Արսեն Ջուլֆալակյանի քայլը, գիտեի, որ իր համար կա ոչ կոմֆորտ վիճակ, բայց, որ կարող է հանգուցալուծումն այսպես շատ կտրուկ լինել, չէի սպասում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հարցին՝ նա և Ջուլֆալկյանը նույն հանձնաժողովից են եղել, որևէ տարաձայնություն նկատե՞լ է, Հովսեփյանն արձագանքեց. «Իրականում ասեմ, այո, Կրթության հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ ունեցել է Կրթության նախարարության հետ, այդ թվում նաև` սպորտի բնագավառում, ինչը պարոն Ջուլֆալակյանը նշել է»: Ջուլֆալակյանը, անդրադառնալով հարցին` խնդիրները փոխնախարարի հե՞տ են կապված, Սոֆյա Հովսեփյանը դրական պատասխան տվեց: «Այո, փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, որը սպորտն է համակարգում, և այս խնդիրը, որ կար, բավականին երկար էր, միգուցե հաղորդակցումը պատշաճ չի կատարվել»: Հարցին՝ նման տարաձայնությունները պե՞տք է պատճառ լինեն, որ պատգամավորը հրաժարվի մանդատից, պատգամավորը նշեց, որ դա շատ անհատական և սուբյեկտիվ որոշելու հարց է: «Միգուցե ես չհրաժարվեմ, բայց փաստ է, որ պարոն Ջուլֆալակյանը հարաժարվեց, ամեն մեկն իր որոշումն է կայացնում: Իհարկե, ես, շատ գնահատելով պարոն Ջուլֆալակյանի մասնագիտական կարողություններն ու մարդկային որակները, շատ ափսոսում եմ, որ ինքն այլևս ցանկություն չունի շարունակել մեզ հետ, որովհետև այն, ինչ ինքը կարող է անել, վստահեցնում եմ, որ ես կամ մյուս գործընկերները չենք կարող անել, մասնավորապես, սպորտի բնագավառում»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ նախարարի հետ կոնկրետ խնդիր եղե՞լ է, երբ, օրինակ, Ջուլֆալակյանը տեսակետ է հայտնել, բայց Արայիկ Հարությունյանը բոլորովին այլ բան է պնդել, նա ասաց. «Ակնհայտ խնդիրներ հանձնաժողովի նիստերի ժամանակ չեն եղել, եթե ներքին խնդիրներ եղել են, և այո, եղել են, դրանք երբեք ի ցույց չեն դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ»: Ավելին՝ tert.am-ում
14:47 - 10 սեպտեմբերի, 2020
Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

Հանձնաժողովում քննարկվել են հայագիտական առարկաների նոր չափորոշիչները

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում է հանդիպումներն առարկայական չափորոշիչները մշակող աշխատանքային խմբերի հետ: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների չափորոշիչները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մխիթար Հայրապետյանը։ «Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հասարակագիտական ուսումնական բնագավառի առարկայաշարի ծրագրերն ու չափորոշիչները մշակող աշխատանքային խմբի անդամները, ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի փորձագետները։ Քննարկումը բաժանված էր երկու հատվածի՝ տեխնիկական-կազմակերպչական և բովանդակային-կոնցեպտուալ: Առաջին հատվածում հնչեցին հարցեր՝ կապված մասնագիտական թիմի անդամների ընտրության, մրցույթի կազմակերպման, մրցույթին մասնակցելու համար պարտադիր պահանջների և պայմանների վերաբերյալ: Երկրորդ հատվածում քննարկումը բովանդակային էր: Հիմք ընդունելով Հանրակրթության պետական չափորոշչի հայագիտական մի շարք առարկաների, այդ թվում՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության, կառուցվածքի շուրջ ձևավորված մասնագիտական և ակադեմիական համայնքի, ինչպես նաև հանրության տրամադրությունները, հանդիպումն ընթացավ հետևյալ թեմաների և հարցադրումների համատեսքտում․   Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի անհրաժեշտությունը: Ինչ հետազոտության կամ վիճակագրության է հղում արվել: Առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի առանցքային շեշտադրումները, դրանց կենսունակությունն ու չափելիությունը կրթական գործընթացում: Վերջարդյունքները: Գործող և նոր չափորոշիչների համեմատություն: Առարկայական ծրագրային փոփոխությունների հիմնավոր փաստարկները, նոր փաստաթղթով հայագիտական և հասարակական ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները: Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսվող հասարակագիտական ուսումնական բնագավառում նոր առարկաների ավելացումն ու դրանց ծրագրային-բովանդակային թեմաները, միջառարկայական կապերը: Համեմատություն գործող և ներկա առարկայական ծրագրերի միջև: Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների կազմման սկզբունքները, դասավանդման նոր ձևաչափն ու նոր մեթոդիկան. կրթության կամակերպման նոր մոդելի առավելություններն ու թերությունները, ակնկալվող արդյունքները: Միջնակարգ կրթության երրորդ մակարդակում ներդրվող կրեդիտային համակարգը, նախագծային ուսուցման մեթոդը և ուսուցչի մասնագիտական-մանկավարժական ազատությունը՝ դպրոցից բուհ սահուն անցման նախապայման և գրավական: Առարկայական չափորոշիչներում առկա և գրագողության մասին վկայող փաստեր. ով կամ ովքեր են պատասխանատու, և ինչ քայլեր են ձեռնարկվում: «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների ճշգրիտ ժամանակագրության պահպանումը առարկայական ծրագրերում, համաժամանակյա ուսուցումը: Ծրագրային թեմաների տրամաբանական շարունակականությունն ու միջառարկայական կապերի առկայությունը: Կրթության նորմատիվ ակտերի լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում հանրակրթական ուսհաստատություններում դասավանդող ուսուցիչների մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ուսուցիչը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի գործընկեր և ոչ ֆորմալ անդամ: Լրամշակման և առաջարկների ընդունման գործընթացում համագործակցությունը ակադեմիական, դասախոսական համայնքի հետ, մասնակցության աստիճանը, համագործակցությունը մասնագիտական խմբի հետ: Ակադեմիական համայնքը՝ որպես մասնագիտական աշխատանքային խմբի խորհրդատու:   Քննարկվել են նաև այլ հարցեր, որոնք անմիջանակորեն կապված էին վերը նշված թեմաների հետ: Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն առարկայական չափորոշիչների վերջնական լրամշակման փուլում ևս մեկ հանդիպում ունենալ: Մասնագիտական խմբին փոխանցվեց նաև մասնակից պատգամավորների առաջարկներն ու դիտողությունները»:
09:36 - 28 օգոստոսի, 2020
Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Ազգային ժողովում քննարկվել են կրթության ոլորտի արդիական թեմաները

Հետևելով Հանրակրթության պետական չափորոշչի և «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների ծրագրերի, դրանց բովանդակության ու հեղինակների ընտրության շուրջ ծավալվող հանրային տարակարծիք տրամադրություններին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանի նախաձեռնությամբ, հուլիսի 31-ին կազմակերպել է աշխատանքային հանդիպում։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, «Մայրենի», «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների ծրագրերը մշակող աշխատանքային խմբի անդամները և փորձագետներ։ Այս մասին տեղեկացրել է պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործող չափորոշչի և առարկայական ծրագրերի փոփոխության անհրաժեշտության պատճառներն ու մշակվող տարբերակում տրված լուծումների, դրանց չափելիության հարցը, պարտադիր և լրացուցիչ ուսումնառվող նյութերի, գրականության, հեղինակների և ստեղծագործությունների ցանկի ընտրության մոտեցումները, դրանց նպատակահարմարության որոշարկման սկզբունքները, ազգային գրական ժառանգության, հայ դասականների ընդգրկվածության ու «հայ գրականություն» եզրույթի կիրառության շուրջ հիմնավորումները, վերջնարդյունքների վրա կառուցված և գիտելիքը կիրառելու կարողությունները զարգացնող կրթության համակարգի ներդման հետ կապված մարտահրավերները, փորձարկման ընթացակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև ուսումնառության նյութերի, դասագրքերի, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին և գործընթացներին, դրանց ռիսկերը նվազեցնելու միջոցներին, նախադպրոցական կրթության բաղադրիչը՝ որպես հանրակրթության անբաժանելի մաս ծրագրի սկզբնական մակարդակում ընդգրկելու վերաբերյալ հարցերին, միջնակարգ կրթության երրորդ մակարդակում (ավագ դպրոցում) մասնագիտական ոլորտների վերաբերալ թեմաներ ընդգրկելու մեխանիզմներին, ինչպես նաև տվյալ ծրագրի խելամիտ համադրելիությանը քոլեջում և ուսումնարանում իրականացվող մասնագիտական մոդուլային ծրագրերի հետ և այլն։ Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն վերջնական լրամշակման փուլում ևս անդրադառնալ ձևակերպված լուծումներին։ Անդրադառնալով հանդիպմանը՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հույս է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել հզոր ազգային դպրոցի ու միջազգային կրթական տարածքում մրցունակ երիտասարդության կայացմանը։
11:04 - 01 օգոստոսի, 2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում փոփոխություններ կատարվեցին տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում: Հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրինագծերի փաթեթի փոփոխությունները ներկայացրեց Վահագն Թևոսյանը: «Առաջարկվել է, որ ազգային փոքրամասնությունների համար սահմանվի ֆիքսված եթերաժամանակ՝ շաբաթական կես ժամ տեսալսողական հեռարձակողի համար, 2 ժամ շաբաթական՝ Հանրային ռադիոյի համար: Առաջարկվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ որպես պարտավորություն, վերադարձնել օրենք»,- ասաց Թևոսյանը: Օրենքների նախագծերի փաթեթում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ, որոշ առաջարկներ էլ չեն ընդունվել փաթեթի հեղինակների կողմից: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր, և աստիճանաբար տարբեր փոփոխություններ կկատարվեն: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքների նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:
14:36 - 13 հուլիսի, 2020
Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

hhpress.am: Նախնական մասնագիտական՝ արհեստագործական, եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը վերանայելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է վարչապետին։ Միջին մասնագիտական կրթությունը, նրա համոզմամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գլխավոր ուղղություններից մեկն է, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ եւ լրացնում է այն։ Ասաց պատգամավորը, եվրոպական մայրցամաքում արդեն վաղուց դա հասկացել են եւ մեծ շեշտադրում են անում միջին մասնագիտական հաստատությունների եւ այդ մասնագիտությունների վրա։ Աշխարհում արդեն երկար ժամանակ է՝ վերլուծություններ եւ հետազոտություններ են արվում, թե ինչպիսի մասնագիտություններ են մոտակա ժամանակներում վերացման վտանգի առաջ հայտնվելու, եւ որ մասնագիտություններն են առաջ գալու։ Այս ամենը Հովհաննիսյանը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ արհեստական ինտելեկտի զարգացումը, ըստ նրա, բերելու է մի իրավիճակի, երբ, օրինակ, հաշվապահությունը որպես մասնագիտություն, ապագայում իր տեղը զիջելու է այլ մասնագիտությունների։ «Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը սրընթաց զարգացող աշխարhում աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է, որով, մեծ հաշվով, լուծվում է գործազրկության կրճատման եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը սահմանափակ եւ կարճ ժամանակում։ Այս նպատակով՝ գործընկերներիս ջանքերով օրենսդրական փոփոխություններ էին իրականացվել, ըստ որոնց՝ միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններն անվճար տեղերի հետ մեկտեղ կարող են ունենալ նաեւ վճարովի տեղեր։ Սա շատ լավ հնարավորություն էր միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ ֆինանսական որոշակի անկախություն ձեռք բերելու հարցում»,–նշում է Հովհ. Հովհաննիսյանը։ Ընդհանուր գումարային առումով՝ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերը, ըստ նրա, ավելացել են, բայց որոշ մասնագիտությունների գծով, որոնք տնտեսության համար կարող են ապահովել բավականին մեծ մուտքեր եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կրճատվել են։ Ընդգծում է՝ եթե որոշումը չվերանայվի, ապա որոշ մասնագիտությունների գծով ունենալու ենք նախորդ տարիների փորձը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում. կառավարության կողմից սահմանված տեղերից ավելի դիմորդներ են լինելու, ովքեր ստիպված հաճախելու են ավագ դպրոց։ «Ցավոք, Հայաստանում այս տարիների ընթացքում չենք ունեցել ամբողջական հետազոտություն, որով կարող էինք հասկանալ, թե ապագայում մեզ ինչ նոր մասնագիտություններ են անհրաժեշտ եւ որոնք են վերանալու, որպեսզի շեշտադրում անենք հենց այդ ուղղությամբ։ Շուկայում ունենք տարբեր մասնագիտությունների գծով լրջագույն պակաս՝ էլեկտրիկներ, խառատներ, կարուձեւի մասնագետներ եւ այլն։ Այս իմաստով միջին մասնագիտական հաստատությունները կարեւոր են այդ բացը լրացնելու համար։ Այս տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո որոշեցինք թույլատրել ուսումնական հաստատություններին ունենալ վճարովի տեղեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան գեներացնել գումարներ՝ պահանջված մասնագիտությունների գծով։ Այսպիսով, նաեւ իրենք կհոգան իրենց հոգսերը եւ կախված չեն լինի պետությունից։ Ցավոք, այս տարի ականատես եղանք  անվճար տեղերի կրճատման։ Եթե նախկինում միջինի գծով 8000 էր, իսկ նախնականի գծով՝ 4000, այսօր համապատասխանաբար մոտ 2000 պակասել է միջինից եւ 1900՝ նախնական մասնագիտականից»,–մանրամասնեց պատգամավորը։ Այս օրենսդրական փոփոխության նպատակն է պահպանել անվճար տեղերի քանակը եւ զուգահեռաբար ավելացնել վճարովի տեղերը։ Այս տեսանկյունից պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, որոշ մասնագիտությունների գծով կրճատումները հետագայում կարող են ծանր անդրադառնալ աշխատաշուկայի վրա. «Օրինակ, ՏՏ ոլորտը, խոհարարության, տուրիզմի ոլորտները, որտեղ իրատեսական մեծ պահանջարկ ունենք։ ՏՏ ոլորտում պետք է ավելացնել ոչ միայն տեղերը, այլեւ այս մասնագիտությունների գծով նոր ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանանք բավարարել շուկայի պահանջարկը»։ Լիանա Սարգսյան
13:52 - 01 հուլիսի, 2020