Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող նախագծում գործադիրը բացեր է տեսնում. ԿԳՄՍ փոխնախարարը հորդորեց չշտապել |1lurer.am|
16:23 - 19 մայիսի, 2021

Պատմամշակութային հուշարձանների պահպանությանն առնչվող նախագծում գործադիրը բացեր է տեսնում. ԿԳՄՍ փոխնախարարը հորդորեց չշտապել |1lurer.am|

1lurer.am: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի և Լիլիթ Ստեփանյանի ներկայացրած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է ապահովել պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ինչպես նաև բացառել պատմամշակութային հուշարձանների օտարումն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

Պատգամավորը նշեց, որ առաջարկվում է շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը, և եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինը պարտավոր է համաձայնություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնող անձի հետ հետևյալ հարցերի շուրջ՝

1. տեղափոխել հուշարձանը, եթե հնարավոր է.

2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը.

3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ.

4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը:

Ընդ որում, ըստ պատգամավորի, մինչև լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկության վերաբերյալ համաձայնություն տալը, աշխատանքներն իրականացնող անձը պարտավոր է կասեցնել աշխատանքները:

Նախագծով առաջարկվում է նաև պետական գրանցման օբյեկտը հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանման գոտու տարածքում գտնվելու տեղեկությունը ներառել անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց, որ այս նախագծի ընդունմամբ բազմաթիվ բացերի առջև են կանգնելու՝ սկսած լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումից մինչև մասնագիտական ռեսուրսների անհրաժեշտություն: «Խնդիր կա համալրելու հուշարձանների վերաբերյալ տեղեկատվական բազան, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեն նշել է, որ այդ տվյալները բացակայում են: 25 հազար հուշարձանից ունենք 200 միավորի տվյալներ: Սա մեզ կանգնեցնելու է անլուծելի խնդիրների առջև,- ընդգծեց նա՝ հավելելով. - այս օրենքը, կարծես, դառնում է համաներման փաստաթուղթ նախկինում կատարված բոլոր շեղումների համար: Այդ խախտումները իրավական ճանապարհով լուծելու փոխարեն փաստորեն նախագծով պետությունն իր վրա է վերցնում հուշարձանը աղճատումից փրկելու պարտավորություն»:  

Խզմալյանը հորդորեց նախագծի հեղինակներին չշտապել, հարցը պարզաբանել մինչև վերջ, հստակեցնել բոլոր կողմերի իրավունքները և միայն հետո ընդունել այն:  

Նախագծի համահեղինակն առաջարկեց հետաձգել քվեարկությունը՝ քննարկելու Կառավարության մոտեցումները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել