Արամ Ա

Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։ «Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։ Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։ Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։ Ապրիլի 24-ը մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով, վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։  Արցախը տակավին կմնա շրջափակված ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային, հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։ Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ն։
11:06 - 24 ապրիլի, 2023
Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Պաշշար Ալ-Ասատին յղած ցաւակցագիրով, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, իր խորազգաց վշտակցութիւնը կը յայտնէ Սուրիան հարուածած ծանր երկրաշարժին հետևանքով ինկած զոհերուն, ինչպէս նաև զօրակցութիւն՝ վերապրողներուն։ Վեհափառ Հայրապետը նամակին մէջ կը գրէ, որ կսկիծով կը հետևի աղէտին պատճառած ահաւոր աւերին և պատրաստակամութիւն կը յայտնէ օգնութեան ձեռք երկարելու Սուրիոյ ժողովուրդին։   Նամակի աւարտին, Նորին Ս. Օծութիւնը աղօթք կը բարձրացնէ առ Աստուած, որպէսզի աղէտի զոհերուն հոգիները լուսաւորէ, շուտափոյթ ապաքինում պարգևէ վիրաւորներուն և մխիթարութիւն՝ Սուրիոյ ժողովուրդին»:
18:55 - 08 փետրվարի, 2023
Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխաըակազմից։  Երկրի ղեկավարը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։ Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին: Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար: Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը։
17:47 - 07 փետրվարի, 2023
Աղոթում եմ ընտանիքների մխիթարության համար․ Արամ Ա-ն ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Աղոթում եմ ընտանիքների մխիթարության համար․ Արամ Ա-ն ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժի մասին: Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար: Թող Աստված անսասան պահի մեր հայրենիքն ու Հայոց բանակը»,- նշված է Արամ Ա-ի ցավակցության մեջ: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
17:13 - 19 հունվարի, 2023
Արամ Ա-ն կոչ է արել Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել

Արամ Ա-ն կոչ է արել Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին, որ համայնքների,  կազմակերպությունների ու կառույցների գործուն մասնակցությամբ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։ «Արցախի պաշտպանութիւնը համահայկական անյետաձգելի հրամայական է այսօր. վաղը կրնայ ո՜ւշ ըլլալ։ Արցախի հայութիւնը ինքնորոշման իր հաւաքական կամքը բազմիցս արտայայտած է: Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնը ու անոր ընկերատնտեսական բարօրութեան օժանդակութիւնը իւրաքանչիւր հայու եւ համայն հայութեան նուիրական պարտքն է: Զօրաշարժի պէտք է ենթարկել մեր ժողովուրդի զաւակները, ի խնդիր Արցախի փրկութեան: Արդ, կոչ կ՚ուղղենք Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն, որ բոլոր համայնքներուն, կազմակերպութիւններուն ու կառոյցներուն գործօն մասնակցութեամբ, միացեալ ծրագրաւորումով ու հաւաքական աշխատանքով, իւրաքանչիւր թեմ իր տեղական պայմաններուն համապատասխան մօտեցումով, դիմէ հետեւեալ քայլերուն. - Մեր ժողովուրդի զաւակներուն մօտ արծարծ պահել Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան հրամայականը, որպէս համահայկական առաջնահերթութիւն: - Արցախի ապաշրջափակման գծով ազդու միջոցներով լծուիլ քարոզչական աշխատանքի օտար շրջանակներէ ներս՝ պետութիւն, քաղաքական հասարակութիւն, կազմակերպութիւններ, մամուլ եւ այլն...: - Նախաձեռնել Արցախի մեր զաւակներուն անմիջական կարիքներուն օժանդակութեան: Համակարգումի գծով շուտով տեղեակ պիտի պահենք մեր թեմերը:   Մենք մնայուն կապի մէջ ենք Արցախի իշխանութեան հետ եւ Արցախի ապաշրջափակման ուղղութեամբ Մեր աշխատանքները կը շարունակենք: Ազգային Կեդրոնական Վարչութիւնը մօտէն կը հետեւի Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներուն: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի մասնակցի Արցախի բարեկամներու Ֆորումին»։
09:39 - 17 հունվարի, 2023
Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր Տարին․ Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա

Տագնապալից պայմաններում ենք ողջունում Նոր Տարին․ Հայաստանն ու Արցախը ահավոր վտանգներով են շրջափակված. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ամանորյա ուղերձ է հղել․ «Տագնապալից պայմաններու մէջ կʼողջունենք Նոր Տարին։ Յուսահատութեամբ ու անորոշութեամբ լեցուն է հայ կեանքը։ Ահաւոր վտանգներով շրջապատուած են Հայաստանն ու Արցախը։ Իրատես հայեացքով դիտենք հայ կեանքը։ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ. Հայաստանը դարձեալ դարձած է կռուախնձոր մեծ ուժերու միջեւ։ Թշնամին պաշարումի ենթարկած է Արցախը։ Ան կը գտնուի նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններէն ներս՝ վտանգելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը։ Նոյն թշնամին կը սպառնայ նման կացութիւններ ստեղծել որեւէ ժամանակ՝ անտեսելով միջազգային օրէնքներն ու մարդասիրական սկզբունքները։ Եւ աւելին, Հայաստանը կը մնայ միշտ ենթակայ աշխարհաքաղաքական շահերու բախումին, ինչպէս նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումներու։ Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը։ Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք։ 5-րդ դարուն, մեր պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին, մեր պատմահայրը, Մովսէս Խորենացին դարերէն եկող ու դարերուն գացող յիշեցում մը կատարեց ուղղուած մեր ազգին, ինչպէս նաեւ Հայաստանը շրջապատող կայսրութիւններուն, յայտարարելով՝ թէեւ փոքր ազգ ենք, սակայն «արութեան գործեր»ով լեցուն է մեր կեանքը։ Արդարեւ, մեր ազգը «արութեան գործեր»ով, այլ խօսքով՝ խոր հաւատքով եւ ազգին ու հայրենիքին համար արիւն թափելու ամուր վճռակամութեամբ հզօրացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պարտադրուած բաժանումներուն, հալածանքներուն ու ցեղասպանութեան։ Վկա՛յ մեր դարաւոր պատմութիւնը։ Հետեւաբար, արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։ Ներկայ ճակատագրական պայմաններուն մէջ, առաւել քան երբեք, հրամայական է ու անմիջական՝ համահայկական իտէալներու ու գերագոյն արժէքներու շուրջ մեր ազգին համախմբումը եւ անոր ազգային յանձնառութեան ամրացումը՝ քաղաքական հեռատեսութեամբ ու մարտունակ դիւանագիտութեամբ շաղախուած։ Այս պահը ազգային ուխտի վերանորոգման նուիրական պահ է։ Լսենք մեր սուրբերուն աղօթքը ու մեր հայրերուն պատգամը, եւ, հաւատարիմ մեր անցեալի ու ներկայի նահատակներու սրբազան կտակին, համախմբուի՛նք. համախմբուինք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, որպէս մէկ ազգ, ի խնդիր Արցախի փրկութեան ու Հայաստանի անկախութեան պաշտպանութեան։ Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով։ Նոր Տարուան սեմին, իր երակներուն մէջ հայու արիւն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կրնար կատարել։ Թող Աստուած անսասան պահէ մեր ազգը ու հզօր՝ Հայաստանն ու Արցախը։ Թող Աստուած մեր ժողովուրդին առջեւ բանայ սիրոյ ու համերաշխութեան, արդարութեան ու խաղաղութեան ճամբան»։
12:42 - 31 դեկտեմբերի, 2022
Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան
 |news.am|

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է. Սինանյան |news.am|

news.am: Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն, նրանք տարբեր պատճառաբանություններով մերժել են։ Այս մասին Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ ամիսներ առաջ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզել մասնակցել, սա է իրականությունը։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։ Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հավաքվենք, հանդիպենք, քննարկենք մեր ազգին հուզող հրամայականները։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի հարցը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների»,-ասել է Սինանյանը։ Նա նշեց՝ մյուս ավանդական կուսակցությունները ներկա են լինելու։ Հարցին, թե արդյոք չի ստացվում, որ միասնության փոխարեն ստանում ենք պառակտում, Սինանյանը ասաց, որ միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն:   Լուսանկարը՝ Photolure-ի
10:45 - 26 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին

ՀՀ նախագահը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Վեհափառ Տեր, Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում՝ ի նպաստ միջեկեղեցական համերաշխության։ Դուք մեծ հեղինակություն եք վայելում Ձեր էկումենիկ ծառայության շնորհիվ՝ հանդիսանալով մի շարք աստվածաբանական եւ միջեկեղեցական կազմակերպությունների ու հանձնախմբերի անդամ։ Առանձնահատուկ արժեւորում եմ Ձեր հետեւողական ջանքերը՝ ուղղված հոգեւոր արժեքների, ազգային ավանդույթների, լեզվի եւ մշակույթի պահպանման սուրբ գործին։ Ձեր ընտրությունը պայմանավորված է նաեւ Հայ եկեղեցու միջազգային ճանաչելիությանը միտված Ձեր տեսլականով։ Հետաքրքրությամբ ընթերցեցի ինձ ուղարկված Ձեր գրքերը, որտեղ ամփոփված են անձնական հուշեր եւ կարեւոր ուղերձներ։ Լիովին համակարծիք եմ Ձեզ հետ, որ եկեղեցին հայ մշակույթի ծննդավայրն է՝ առանցքային դերակատարումով հայ մշակույթի բոլոր դրսեւորումները խթանելու, հարստացնելու եւ պաշտպանելու գործում։ Մաղթում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, քաջառողջություն եւ արեւշատություն Ձեր նվիրական առաքելության իրականացման ճանապարհին»,- ասվում է ուղերձում։
09:51 - 12 սեպտեմբերի, 2022
Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: «Ճգնաժամի մեջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը: Մեր պահանջատիրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: Ըստ Արամ Ա-ի` առաջին հերթին հայ ազգը պետք է համախմբվի գերագույն և ընդհանրական գաղափարների, շահերի և արժեքների շուրջ: «Իրոք, կարգախոսներ կրկնելով և իրար արհամարհելով չի կարելի իրավունք պաշտպանել, հայրենիք կառուցել ու պետություն հզորացնել: Հարկ է ազգին ողջ մարդուժը և ներուժը համախմբել ու գործի մղել՝ բոլոր բնագավառներում, ներքին թե արտաքին ճակատներում, մեզ շրջապատող տագնապների դեմ և ապագայի տեսլականների շուրջ»,- ընդգծել է Արամ Ա-ն: Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարում մերժել որևէ առաջարկ կամ համաձայնագիր, որը կարող է վտանգել Հայաստանի անկախությունը: « Գիտե՛նք, աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ մեզ չեն։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման համաձայն ենք. սակայն՝ ո՛չ ի հեճուկս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության ու անկախության. ո՛չ զիջումներ միայն կատարելով և թույլ դիրքերից բանակցելով»,- շեշտել է Արամ Ա-ն: Արամ Ա-ի խոսքով անհրաժեշտ է քաջություն ունենալ մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգության և հարցականի տակ դնել իր կամքը ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը։ «Ոչ ոք իրավունք չունի անտեսելու իր պատմական հողերի վրա ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը հստակորեն ընդգծված է մարդու իրավունքների հռչակագրի մեջ։ Անկախությունը բացարձակ արժեք է և չի կարելի այն սակարկության նյութ դարձնել»- ասել է Արամ Ա-ն: Ըստ Հայրապետ Վեհափառի` հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա` համահունչ ներկա ժամանակների աշխարհաքաղաքական պայմաններին և մարտահրավերներին: «Թուրքիան, պետության լայն կարողությունները օգտագործելով իր ժխտողական քաղաքականությունը ավելի կազմակերպված շարունակում է՝ արևմտյան համալսարաններում թրքագիտության ամբիոններ հաստատելով, հայոց ցեղասպանությունը ժխտող տեղեկատվական կենտրոններ հիմնելով և այլ միջոցներով։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը, եկեղեցին և հայ դատի մարմինները, աշխատանքի բաժանումով ու ներդաշնակ գործակցությամբ առավել թափով շարունակեն հետապնդել մեր նվիրական դատը։ Սա համազգային պարտավորություն է»,- եզրափակել է Արամ Ա-ն:
20:06 - 24 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արամ Ա կաթողիկոսին գնահատանք է հայտնել Լիբանանի ճգնաժամին դիմագրավելու ջանքերի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունվարի 26-ին ընդունել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայացուցիչ դոկտոր Իոաննա Վրոնեցկային:  «Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 26 Յունուար 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (Մ.Ա.Կ.) Ընդհանուր Քարտուղար Անթոնիօ Կութիերեսի ներկայացուցիչ՝ դոկտ. Եոաննա Վրոնեցքային:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին նամակ մը յանձնեց Մ.Ա.Կ.ի Ընդհանուր Քարտուղարին կողմէ: Նամակին մէջ Ընդհանուր Քարտուղարը իր գնահատանքը կը յայտնէր Նորին Սրբութեան, ընդհանրապէս Լիբանանի տագնապը դիմագրաւելու գծով իր կատարած ճիգերուն, միջ-համայնքային երկխօսութեան բերած իր կարևոր ներդրումին, ինչպէս նաև 20 Դեկտեմբեր 2021-ին, Լիբանանի վեց գլխաւոր համայնքներու հոգևոր պետերուն հետ իր ունեցած հանդիպման Վեհափառ Հայրապետին բերած կարևոր նպաստին:  Վեհափառ Հայրապետը իր շնորհակալութիւնը յայտնեց Ընդհանուր Քարտուղարին՝ նամակի ճամբով իր պարզած մտածումներուն ու մօտեցումներուն համար: Ապա հանդիպումը առիթ մը հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու աշխարհը յուզող ներկայ հարցերուն և յատկապէս Լիբանանի այժմու կացութեան: Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը շեշտեց, թէ խորհրդարանական ընտրութիւն կատարելու, միջազգային դրամատան և միջազգային ֆինանսական կազմակերպութիւններուն հետ գործակցաբար Լիբանանի տնտեսական տագնապը բարելաւելու ու ժողովուրդին ընկերային կարիքներուն շուտափոյթ թարման գտնելու անհրաժեշտութիւնը:  Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը բաժնելով Վեհափառ Հայրապետին տեսակէտները, իր կարգին յիշեցուց, թէ Մ.Ա.Կ.ը կարևորութեամբ կը շեշտէ ընտրութիւն կատարելու հրամայականը և իր կարգին կը քաջալերէ միջազգային դրամատնային ու տնտեսական կազմակերպութիւնները՝ աջակցելու Լիբանանի տնտեսութեան շուտափոյթ վերականգման աշխատանքներուն: Հանդիպումէն յետոյ Մ.Ա.Կ.ի ներկայացուցիչը ճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան»,- ասված է հայտարարությունում: 
22:54 - 26 հունվարի, 2022
Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա

Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան՝ ողջ Սփյուռքը Հայաստանի կողքին է. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Ամանորի առթիվ հայրապետական պատգամ է հղել Անթիլիասի Մայրավանքից:  Նրա խոսքով՝ Լիբանանի հայությունը «ծանր օրեր է ապրում տնտեսական տագնապի հետևանքով»: «Արդարև 2022 տարին հռչակած ենք Սփյուռքի տարի»,- ասում է Արամ Ա-ն ուղերձում: «Այո՛, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական հոլովույթին նկատմամբ, սակայն այդ չի նշանակեր, որ Հայաստանը ըսելիք պիտի չունենա իր ազգային շահերուն առնչված և իր ներկան ու ապագան ճշտող խնդիրներուն գծով: Այո՛, տարածաշրջանեն ներս համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատման համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերե: Ժողովո՛ւրդ հայոց, ըլլանք զգոն ու հեռատես: Մեր թշնամիներն ու բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է: Այո՛, ինչ-ինչ պատճառներով ճակատամարտը կորսնցուցինք, բայց ոչ պատերազմը: Ի խնդիր Հայաստանի ու Արցախի անկախության ամրապնդման և մեր ազգային իրավունքներու վերահաստատման, մեր համահայկական պայքարը կշարունակվե հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զենքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով: Համահայկական պայքարը պե՛տք է շարունակվե: Թող Աստված օրհնե մեր ազգին բոլոր զավակները և ամեն տեսակի չարե ու չարիքե հեռու պահե մեր ազգն ու Հայրենիքը»,- մասնավորապես ասված է Արամ Ա-ի ուղերձում:
14:14 - 31 դեկտեմբերի, 2021