«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

ՔՈ-ն տեղեկություն է ստացել ՔՊ-ի անունից բաժանվող ընտրակաշառքի մասին, ՔՊ-ից հերքում են․ Անիում ու Սիսիանում փակվել են ընտրատեղամասերը

Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ 2 համայնքների՝ Անիի ու Սիսիանի 61 ընտրատեղամասերը։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22 880 քաղաքացիներից 11 356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15 918 քաղաքացուց 9 870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է: Երեկ «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը հայտնել էր, որ Վարչական դատարանը հրապարակել է որոշում, որով մերժել է իրենց հայցը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։  «Դատարանը բացարձակ չի անդրադարձել գործի բովանդակությանը, այլ 23:55 րոպեին հրապարակված ակտով վճռել է, որ մենք պիտի ոչ թե իրենից պահանջեինք անվավեր ճանաչել ցուցակի գրանցումը (ինչի իրավունքը ևս ունենք), այլ պիտի պահանջեինք պարտավորեցնել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որ հանձնաժողովը դիմեր նման պահանջով»,- գրել էր Նահապետյանը։ Ապա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, ՔՈ նախընտրական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։ Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։ Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է։ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հիշեցնում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու, առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ պարտավոր է զբաղվել ՀՀ ոստիկանությունը։ Պետության և կառավարող ուժի հեղինակության մասին նախ և առաջ պետք է մտածի իշխող ուժը, որին հավատացել է ՀՀ քաղաքացին 2018թ․-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այս և ընտրակաշառք տարածելու վերաբերյալ այլ հրապարակումներին անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով դրանք․ «Դրանց (նման տեղեկությունների՝ խմբ․) հիման վրա լրատվականները ձևակերպել են «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագիրը։ Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»։ Տեսանյութի վերջում Ալեքսանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ բոլոր հրապարակումների հետ կապված՝ դիմելու են դատարան։ Հիշեցնենք նաև, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան): Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»: Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում: «Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։   Լուսանկարը՝ 1lurer.am կայքից
20:42 - 26 մարտի, 2023
Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր
 |armenpress.am|

Իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր պատգամավորներին ծանոթացնել բանակցային գործընթացի դրվագներին. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին ծանոթացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դրվագներին, ինչի մասին հայտարարել են, սակայն ընդդիմությունից դեռևս արձագանք չկա: Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք անընդհատ  առաջարկել են, որ ընդդիմությունը գա ու ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագների, որոնք կան այսօր Հայաստան-Ադրբեջան խոսակցության գործընթացում: Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: Տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվությունը: Եվ մինչև այս պահը աշխատանքային քննարկման ռեժիմով բոլոր դրվագներին ծանոթանալուց ընդդիմության հրաժարվելը ես գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում»,-ասաց Հովհաննիսյանը: Ըստ իշխանական պատգամավորի՝ եթե այսօր էլ ընդդիմությունը հստակ ակնկալիք ունի ծանոթանալու բանակցային գործընթացի որոշ դրվագների, կարող են կապվել ԱԳ նախարարի հետ կամ այս հարցադրումները տալ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Հովհաննիսյանն ընդգծեց՝ նախորդ օրը հարցուպատասխանին ընդդիմությունից ոչ ոք չի մասնակցել: «Եթե ընդդիմությունը խոսում է, թե այս կամ այն հարցի մասին տեղյակ չեն, նրանք ունեն այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավորությունները: Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային գործընթացին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը «փախել է» պատասխանատվությունից»,-նշեց պատգամավորը: ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ընդդիմության ցանկությամբ և նախաձեռնությամբ ավելի վաղ հանդիպում է եղել Պաշտպանության նախարարի հետ: Եվ այսպիսով պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում, որ ընդդիմադիրները նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գան՝ հրավիրելով ԱԳ նախարարին: «Եվս մեկ անգամ կրկնում եմ վարչապետի կողմից բազմիցս հնչեցված առաջարկը, որ, եթե ցանկանում եք ունենալ փակ հանդիպում, որի ընթացքում կլսեք, թե ինչ է բանակցվում, ինչ փաստաթղթեր են փոխանակվում, ապա ինքը պատրաստ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ վարչապետին որևէ մեկը չի դիմել:
12:11 - 23 մարտի, 2023
ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը
 |armenpress.am|

ՔՊ-ն չի մասնակցելու Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի քվեարկությանը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քվեարկությանը։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Համարում ենք, որ հարցի քննարկումից հետո անհրաժեշտ չի քվեարկության մասնակցելը, որովհետև լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչել են»,- ասաց Կոնջորյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ։ «Դա նշանակում է, որ Սեդա Սաֆարյանը պետությանը պատշաճ կերպով իրազեկել է, որ այլևս դադարում է զբաղվել փաստաբանական ծառայություններով։ Շեշտեմ, որ էական խախտում չկա և դրա հիմքով է, որ չենք մասնակցելու այդ քվեարկությանը։ Եթե լիներ էական խախտում, մենք շահագրգռված կլինեինք ընթացակարգերին հետևողական լինելու»,- եզրափակեց Կոնջորյանը։ Այս պահին ընթանում է գաղտնի քվեարկությունը։ ՍԴ դիմելու նախագիծը կարող է ընդունվել ԱԺ ձայների առնվազն ⅗-րդով, ինչը հավասարազոր է 65 ձայնի։ Ընդդիմությունը խորհրդարանում ունի 35 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: Նախագծի համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, նաև մամուլում այլ հրապարակումները, ըստ որի՝ Սեդա Սաֆարյանը, ընտրվելով ՍԴ դատավոր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
13:05 - 22 մարտի, 2023
Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ըստ ՔՊ պատգամավորի՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը կազմակերպել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։  ՔՊ խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագիծը, ինչից հետո ընդդիմադիրները դիմել էին Սահմանադրական դատարան դրա որոշ դրույթների սահմանադրականությունը քննելու համար։ ՍԴ հայտարարություն այս օրենքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։ Ապա նա ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր 150 միլիարդ դրամ է պահանջվում բռնագանձել տարբեր անձանցից։ «Այն, ինչ տեղի է ունենում հիմա ՍԴ-ի դատավորի նկատմամբ այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»»։ Նա նաև կոչ արեց ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, չմասնակցեն հարցի քննարկմանը՝ իր խոսքով, ելնելով շահերի բախման տեսանկյունից։ Հավելենք, որ ՍԴ դիմելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։  ՔՊ պատգամավորների հարցերը վերաբերում էին նրան, թե արդյո՞ք Սեդա Սաֆարյանը ունեցել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։ 
12:29 - 22 մարտի, 2023
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը |armenpress.am|

Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում: Նախագծով սահմանվում է, որ այսուհետ անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի  մոտ ալիքների հերթականությունը կլինի նա»,-ասաց Գաբրիելյանը: Նախապատվությունը տրվելու է հանրային հեռարձակողներին, հետո նաև՝ հանրապետական սփռում ունեցողներին, մայրաքաղաքային սփռում ունեցողներին: Իսկ մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո:
15:17 - 21 մարտի, 2023
Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Սաֆարյանն ունեցել է ԱՁ, բայց ունեցե՞լ է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն․ ՔՊ-ն հակադարձում է ընդդիմության դիմումին

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։ Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն  է։ Հիմնական զեկուցողը խմբակցության քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, հարակից զեկուցողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։  Ընդդիմադիր խմբակցությունները զրույցում հայտնել էին, որ այդ հարցով իրավական գործընթաց կսկսեն, իսկ իշխող խմբակցությունը մեր հարցումն անպատասխան էր թողել։ Ավելի ուշ իշխանական մի քանի պատգամավորներ հայտարարել էին, որ Սաֆարյանի արարքը խնդրահարույց չեն համարում։ Նախագծի հիմնավորումները՝ այստեղ։ Ինչ քննարկվեց Հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի նիստում, դիմելով Արծվիկ Մինասյանին, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարցրեց, թե արդյո՞ք այս դիմումը որևէ կապ ունի իրենց նախորդ դիմումի՝ «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի չեղարկման հարցման հետ՝ խնդրելով նշել՝ քանի պատգամավոր է իրենց դաշինքից անցնում «ապօրինի գույքի բռնագանձման» գործերով․ «Որ ասում եք՝ ԱՁ է ունեցել Սեդա Սաֆարյանը, արդյո՞ք որևէ գործարք այդ ժամանակահատվածում կատարվել է, այսինքն՝ ինչ-որ մեկից գումար վերցվե՞լ, ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ, թե՞ առհասարակ չեք հետաքրքրվել»։ Մինասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքի չեղարկմանը չի վերաբերել դիմումը, այլ վիճարկել են կոնկրետ ձևակերպումներ, որոնք, ըստ նրա, ստեղծել են իրավական անորոշություն, առաջարկել են, որ այս հարցերով քննության առարկա դառնա սահմանադրականության հարցը, ինչի հիման վրա ՍԴ-ն նաև ուղարկել էր միջագզային համապատասխան կառույցներին կարծիք ստանալու և ստացել է այն․ «Որևէ կապ այս երկու դիմումների միջև ես չեմ տեսնում։ Ավելին՝ ես կարծում եմ՝ արհեստականորեն փորձել գտնել ինչ-որ կապեր, անցյալից եկող միջանձնային հարցեր, հարաբերություններ, տեղին չէ»,- արձագանքեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը, ինքնին, ըստ օրենքի անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստն է․ «Կապ չունի՝ ինքն էդ ընթացքում անհատույց է մատուցել, մատուցել է, չի մատուցել։ Ծառայություններն էական չեն ԱՁ-ի դադարեցման հետ կապված»։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դիտարկում արեց՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը վիճարկում է «Ապօրինի բռնագանձման մասին» օրենքն ամբողջությամբ։ Ալեքսանյանը արձագանքեց, որ Մինասյանը չնշեց որևէ գործարք, որ ԱՁ-ն կատարել է․ «Ես հակված եմ այն մտքին, որ չի եղել [գործարք]։ Նշում եք նաև, որ փաստաբանական լիցենզիան է դադարեցրել տիկին Սաֆարյանը։ Էդ լիցենզիան, ի դեպ, եղել է էդ ԱՁ-ի հիմքը, այսինքն՝ էդ Աձ-ն որպես էդպիսին կառուցված է եղել էդ լիցենզիայի շուրջ։ Այսինքն՝ եղել է փաստաբանական լիցենզիա, ԱՁ-ով տրամադրել է փաստաբանական ծառայություն։ Կասեցրել է լիցենզիան, աշխատանքային ազատել է միակ աշխատողին, ու փաստացի ոչ մի գործունեություն չէր կարող ծավալել էդ ԱՁ-ով»։ Նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ փաստը Սեդա Սաֆարյանն է․ «Դուք չեք կարողանում ներել Սեդա Սաֆարյանին և նրա աշխատանքը հանրային կյանքում և փաստահավաք խմբում (Մարտի 1-ի հարցով,- խմբ․)։ Ոչ թե Դուք, այլ Ձեր խմբակցության ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Դուք ասացիք՝ սա անձնական չի։ Անձնական չի նաև Ձեր լիդեր Ռոբերտ Քոչարյանի՞ կողմից՝ հավաքական, խմբակային տեսանկյունից, թե ընդհանրապես»։ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր հարթությունների մասով սա անձնական չէ․ «Երբ խմբակցությունում որոշում է կայացվել ներկայացնելու այս դիմումը, հավատացնում եմ՝ որևէ ձևով Սեդա Սաֆարյանի նախկին գործունեությունը չի հանդիսացել հիմք»։  ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը ևս հարց ուղղեց՝ նշելով, որ դեկտեմբերի 16-ին Սեդա Սաֆարյանը հայտարարել է հարկ վճարողի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, աշխատակցին ազատել է աշխատանքից, դեկտեմբերի 19-ին դադարեցվել է նրա փաստաբանական արտոնագիրը, ու Մինասյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել փաստաբանի լիցենզիայի դադարեցումից հետո։ Մինասյանը նշեց, որ բոլոր հայտարարությունները հարկային պարտավորությունների առնչությամբ են, բայց կապված չեն իրավաբանական այն փաստի հետ, թե ինքը որպես անհատ ձեռնարկատեր կարող էր հանդես գալ, թե ոչ։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ինքը այդ հայտարարությունից հետո խախտում է անում, դա առաջացնում է հարկային հետևանք, բայց ոչ երբեք այլ դրսևորումներ․ «Չկա որևէ օրենսդրության մեջ ԱՁ-ի՝ պետական հաշվառումը դադարեցնելու որևէ այլ ընթացակարգ, քան դիմել ու դադարեցնել, այսինքն՝ դուրս գալ հաշվառումից։ Ես կրկնում եմ՝ խոսքը հարկային հետևանքներ առաջացնող հայտարարությունների մասին չէ։ Ձեր վկայակոչած փաստը, եթե դա եղել է, որևէ ձևով չէր ազատում նրան անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակից դուրս գալու՝ օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելուց»։ Արծվիկ Մինասյանը ասաց նաև, որ արտոնագիրը տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվությունն է ընդամենը, բայց անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը ցանկացած այլ գործունեությունն է, որ արգելված չէ օրենքով․ «Դուք բերեցիք ապրանքների ներմուծման օրինակը, ես կարող եմ շատ ավելի համեստ օրինակ բերել՝ իրավական խորհրդատվություն։ Եվ երբ Սեդա Սաֆարյանը արդեն դեկտեմբերին ներկայացրել է հայցադիմումին լրացում կամ ուղղում, ցույց է տալիս, որ այո, այնուամենայնիվ, եղել է գործունեություն։ Կրկնում եմ՝ այդ գործունեության բնույթը վճարովի է, թե անվճար, կարևոր չէ։ Ամենակարևոր փաստն այն է, թե որպես անհատ ձեռնարկատեր ինչու չի դիմել դադարեցնելու այն»։  Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ավելի քաղաքական հարց հնչեցրեց՝ հետաքրքրվելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ այս հարցի արծարծմամբ «Հայաստան» դաշինքը որեւէ եղանակով չի վիճարկում 2020թ․ սահմանադրական փոփոխությունները, ՍԴ նոր կազմի ձեւավորումը եւ ՍԴ նոր կազմն ամբողջությամբ դիտարկում է որպես լեգիտիմ․  «Եւ երբ դուք գալիս եւ վիճարկում եք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը, դուք ընդունում եք ե՛ւ կազմի իրավաչափությունը, ե՛ւ սահմանադրական փոփոխությունների իրավաչափությունը, ե՛ւ իր ընտրության իրավաչափությունը։ Այսինքն՝ նաեւ ֆիքսում ենք, որ ձեր դիրքորոշումը՝ չմասնակցելու պետական մարմինների ձեւավորմանը, չի պահպանվում, եւ դուք այս ընտրությունը դիտարկում եք որպես ԱԺ կողմից կայացված ընտրություն։ Ոորովհետեւ եթե ես չեմ ընդունում դատարանի իրավազորությունը, անահատական կազմը, դատավորին, ապա անտրամաբանական է, որ գամ, ասեմ՝ լիազորությունները դադարեցվի»,- նկատեց Վարդանյանը։  Ի դեպ, Վարդանյանի խոսքով՝ այն հարցը, թե երբ պետք է Սաֆարյանը ստանձներ լիազորությունները, ունի հստակ պատասխան՝ Ազգային ժողովի նիստում․ «Լիազորությունները չէր կարող ստանձնել մինչեւ ամսի տասը, որովհետեւ էդ դեպքում ՍԴ-ում կունենայինք երդման ներքո գտնվող ոչ թե ինը, այլ տասը դատավոր, դրա համար պետք է ստանձներ տասից հետո։ Տասից հետո մոտակա նիստը, երբ հնարավոր եղավ նիստ հրավիրել եւ հրավիրել տիկին Սաֆարյանին, դա ամսի 16-ն էր։ Որպեսզի ձեզ մոտ բոլոր կասկածները փարատվեն, ասեմ, որ 16-ը նրա լիազորությունների ստանձնման ժամկետն է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով նաեւ, որ Ալվինա Գյուլումյանի դեպքում, երբ նա նշանակվում էր ՍԴ դատավոր, նախագահի հրամանագրի եւ ԱԺ-ում տրված երդման միջեւ բավականին մեծ ժամկետային խզում է եղել՝ մոտ վեց-յոթ ամիս, որովհետեւ պետք է դադարեցներ լիազորությունները ՄԻԵԴ-ում։ Վարդանյանը Մինասյանին նաեւ խնդրեց պարզ, հասկանալի ձեւով բացատրել, թե Սեդա Սաֆարյանն ի վերջո ի՞նչ է արել, որը հիմք է տալու, որ նա այլեւս չզբաղեցնի դատավորի պաշտոնը․ պարզ, հասկանալի այնպես, որ երբ փողոցում որեւէ մեկը մոտենա, հարցնի՝ հասկանա։ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Վարդանյանի առաջին դիտարկումներն ըստ էության նույնական էին․ «Եւ Դուք ինքներդ հերքեցիք [դրանք] Ձեր վերջին դիտարկումով, երբ ասացիք՝ արդյոք դուք ճանաչո՞ւմ եք, լեգիտի՞մ եք համարում, եւ այլն, վերջում ասացիք՝ դուք դիմումներ էիք ներկայացնում էս դատարանին, որպեսզի չթողնեք նրանք աշխատեն։ Հիմա կողմնորոշվեք, եթե մենք դիմում ենք ներկայացրել Բարձր դատարան, ուրեմն ձեր առաջին պնդումը, որ մենք չենք ճանաչել, դա այդպես չէ, էն, որ մենք գնահատել ենք, որ ապօրինի սահմանադրական փոփոխություն եք իրականացրել, էդ գնահատականի մեջ էլ ենք մնացել մենք, ավելին՝ մեր բազմաթիվ դիմումներն էս ընթացքում ՍԴ եւ ՍԴ-ի կայացրած որոշուների վերաբերյալ մեր տված գնահատականները նույնպես հայտնի են։ Հիմա ուզում եմ կրկնել, որ ձեր ձգտումը, ցանկությունը՝ հանրային իշխանության, այդ թվում ՍԴ-ն, դատական իշխանությունը զավթելու ուղղությամբ անընդհատ շարունակվում են»,- ասաց Մինասյանը, իսկ Վարդանյանը հարցրեց՝ հիմա զավթա՞ծ է ՍԴ-ն, Մինասյանն էլ պատասխանեց՝ «բնականաբար զավթել եք»։ Մինասյանի համար անհասկանալի է, թե ՔՊ-ն ինչու է այս հարցով այդքան մտահոգ․ «Ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի ՍԴ-ն էս հարցը քննության առարկա դարձնի։ Մենք չենք որոշումը՝ Սեդա Սաֆարյանը պաշտոնանկ արվի, թե չէ, որոշողը ՍԴ-ն է, այն ատյանն է, որի անդամ է ներկայումս տիկին Սաֆարյանը, եւ որը համարվում է սահմանադրական արդարադատության իրականացման բարձրագույն մարմինը՝ համաձայն մեր Սահմանադրության։ Հիմա ինչո՞ւ չեք ուզում, որպեսզի էս մարմինը քննարկի հարցը։ Ընդհանրապես ձեզ մոտ հարց չկա՞ օրենքի հետ կապված։ Քիչ առաջ վկայակոչում էիք՝ օգուտ ստացե՞լ է, թե՞ չէ․ օրենքը որեւէ ձեւով անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակի անհամատեղելիության պահանջը խախտելը կապո՞ւմ է օգուտ ստանալու հետ, թե՞ ոչ»։ Պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց՝ «ես Ձեզ եմ հարցնում», ինչին ի պատասխան՝ Մինասյանը պնդեց՝ չկա այդպիսի ձեւակերպում․ «Կարգավիճակով է պայմանավորված, դա նույնն է, որ ասեք՝ ճիշտ է՝ գրանցված է, բայց սաղ կյանք բարեգործությամբ է զբաղվել, կամ անձը զբաղեցրել է ինչ-որ պաշտոն, բայց հենց անցել է մեկ այլ պաշտոնի, որը չի թույլատրում էդ պաշտոնին լինելը, թեեւ դուրս չի եկել էդ պաշտոնից, բայց երբեք էդ պաշտոնից բխող գործողությունները չի արել։ Հիմա ինքը խախտե՞լ է, թե ոչ․ իհարկե խախտել է։ Օրենսդիրը, սահմանադիրը պայմանավորել է կարգավիճակով․ եթե կա օրենքում սխալ ձեւակերպում, շատ լավ, թող ՍԴ-ն քննի, գա էդ եզրակացությանը, բայց թողնենք էդ որոշումը ՍԴ-ին, ինքներս ՍԴ-ի ֆունկցիա չվերցնենք մեզ վրա․․․»։ Հաջորդիվ Մինասյանը մեկնաբանեց, որ ՍԴ մասին օրենքում հստակեցված է, թե որ պահն է համարվում լիազորությունների ստանձնման պահը․ «Եթե թափուր տեղի վրա է գնում՝ անմիջապես երդումից հետո, եթե դատավորի լիազորությունների դադարեցման ժամանակ պետք է ընտրվի, ապա դատավորի լիազորությունների դադարեցման օրն է համարվում էս նոր դատավորի լիազորությունների ստանձնումը»։ Ինչ վերաբերում է քաղաքացուն պարզ բացատրելու հարցին, Մինասյանն ասաց, որ այսպես կպատասխանի․ «Դատավորը, որ նշանակվում է, պարտավոր է նշանակման պահից մեկ ամսվա ընթացքում դադարեցնի ԱՁ-ի, բաժնետիրոջ կարգավիճակը, համատեղ գործունեության պայմանագիրը, տիկին Սեդա Սաֆարյանը նշանակվել է դատավոր, եւ մեկ ամսվա ընթացքում դուրս չի եկել անհատ ձեռնարկությունից»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի անդամներին կոչ արեց դրական եզրակացություն տալ այս նախագծին, եթե իրոք կա դեպք, երբ անհամատեղելիություն կա, այլ ոչ թե անհամատեղելիությունը պարզապես ժամկետով նախատեսված եւ, ըստ էության, հիմնական գործունեությունից բխող կազմակերպաիրավական ձեւի դադարեցումով պայմանավորված չէ․  «Եթե գտնում եք, որ Սեդա Սաֆարյանը, ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցնելով, զբաղվել է բիզնեսով, եթե ունեցել է այլ պետության քաղաքացիություն, եթե ստացել է ապօրինի եկամուտ, եթե գտնում եք, որ իր պաշտոնը չարաշահել է եւ ունեցել է անհամատեղելի պաշտոն, այո, պետք ա դիմենք, բայց, ցավոք, պարոն Մինասյան, որեւէ եղանակով չեք համոզել ինձ եւ հանձնաժողովի մեծամասնությանը, որ Սեդա Սաֆարյանը, որը մի քանի ամիս առաջ է նշանակվել ՍԴ դատավոր, այնպիսի անհամատեղելիության հետ է բախվել․․․ Բայց ինչ ա արել Սեդա Սաֆարյանը, Սեդա Սաֆարյանն ընդամենը, կասեցնելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, ժամկետի խախտմամբ, բայց սեփական գործողություններով գնացել, դիմել է պետռեգիստրին եւ ստացել համապատասխան պատասխան»։ Նախագծի հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը, դիմելով Մինասյանին, ասաց, որ նախագծում երեք ամսաթիվ է ներկայացվել՝ որպես ժամկետի հոսման սկիզբ՝ հաշվարկելու մեկամսյա ժամկետը՝ սեպտեմբերի 15՝ ընտրության օրը, դեկտեմբերի 10, դեկտեմբերի 16` երդման օրը։ Ջուլհակյանը հետաքրքրվեց՝ այս երեք օրերից որեւը մեկը «Հայաստան» խմբակցության համար հի՞մք է, որ այդ օրվանից է սկսում հոսել մեկամսյա ժամկետը։ Նա նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ շահերի բախման հարցերով ուսումնասիրություն իրականացնելու հիմնական մարմինը մեր պետությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, արդյոք դիմել եւ կարծիք ուզե՞լ են նախագում ներկայացված փաստերի վերաբերյալ, ի՞նչ պատասխան են ստացել, եւ ի վերջո՝ նախագիծ բերելուց առաջ Սեդա Սաֆարյանից մեկնաբանություն ուզե՞լ են խնդրո առարկա հարցերի վերաբերյալ։ Մինասյանն ասաց, որ ոչ միայն ինքը, այլեւ իրենց խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Սեդա Սաֆարյանի հետ, նա նաեւ մյուսներին խորհուրդ տվեց դա չանել, որովհետեւ, Մինասյանի մեկնաբանմամբ, դատավորի հետ նախապես քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում, նշանակում է ուղղակի խախտել օրենքը, ավելին՝ կասկածի տակ դնել ցանկացած որոշում․ «Տիկին Սեդա Սաֆարյանն ունի լեգիտիմ հնարավորություն՝ այդ փաստարկները ներկայացնելու ԱԺ նիստում։ Ինչո՞ւ եք դուք մղում մեզ, նաեւ ձեզ՝ խախտելու օրենքի պահանջը։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա դատավորի հետ քննարկել մի հարց, որն իրեն է վերաբերում»։ Ինչ վերաբերում է ԿԿՀ դիմելուն, Մինասյանն ասաց, որ չեն դիմել։ Նա նշեց, որ իրենց դիմումի մեջ չկան շահերի բախումների վերաբերյալ փաստաբանների վերլուծությունները, իսկ իրենց այս դիմումով կոնկրետ մեկ փաստի դիտարկում են անում․ «Առաջարկում ենք, որպեսզի ՍԴ-ն անդրադառնա, եւ, նորից եմ կրկնում, շատ հնարավոր է՝ օրենքի մեկնաբանություն տա։ Ինչո՞ւ չեք ուզում դա անել․․․ Չգիտեմ»։ Մինասյանն առաջարկեց չոր փաստերի սկզբունքով գնալ՝ հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մեկնաբանել։ Արդին հարակից զեկուցման ժամանակ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, սեպտեմբերի 15-ը մեկամսյա ժամկետի սկիզբ ընդունելը, իր կարծիքով, անհեթեթ է, քանի որ, ըստ այդ տրամաբանության, եթե առաջանորդվենք «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ, ապա ստացվում է, որ անձը, չլինելով դատավոր, կարող է խախտել դատավորի անհամատեղելիության պահանջները։  Ջուլհակյանն իր ելույթում նշեց, որ այն հանգամանքը, որ Սաֆարյանը դեռեւս մինչեւ դատավորի լիազորությունները ստանձնելը դիմել է Փաստաբանների պալատ եւ կասեցրել իր արտոնագրի գործողությունը, ըստ այդմ՝ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ դեռեւս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար, վկայում է այն մասին, որ Սաֆարյանը, հանդիսանալով դատավոր, միաժամանակ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու որեւէ դիտավորություն չի ունեցել։ Ըստ Ջուլհակյանի՝ այն, որ Սաֆարյանը դեռեւս դեկտեմբերի 16-ին՝ իր լիազորությունները երդմամբ ստանձնելու օրը դիմել է ՊԵԿ եւ ներկայացրել հայտարարություն՝ իր գործունեությունը այդ իսկ օրվանից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին, վկայում է կրկին այն մասին, որ Սաֆարյանը չի ունեցել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դիտավորություն, եւ հենց գիտակցելով նման անհամատեղելիությունը՝ տիկին Սաֆարյանն ինքը դիմել է ՊԵԿ եւ ծանուցել իր գործունեության դադարեցման մասին։ Անդրադառնալով նախագծի նաեւ այլ հատվածների՝ Ջուլհակյանն ասաց, որ եթե նույնիսկ կա խախտում, ապա, իր համոզմաբ, այդ խախտումն ընդամենը տեխնիկական է, եւ ոչ բովանդակային։  Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն կողմ քվեարկեց երեք պատգամավոր, դեմ՝ ութ, որոնք ՔՊ խմբակցության անդամներ են, ձեռնպահ չեղավ։ Նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ։
14:47 - 20 մարտի, 2023
Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

Ցավում ենք, որ ՀԱՊԿ-ը դեռ չունի հստակ քաղաքական գնահատական, որ Ադրբեջանը օկուպացրել է կազմակերպության անդամ երկրի տարածքները. Հակոբյան

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: Պատգամավորն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև՝ անցյալ տարվա սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ 150 քառ. կմ օկուպացված է: Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր էր ՀԱՊԿ գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը։ Եվ ցավում ենք, որ մեր կազմակերպությունը (ՀԱՊԿ) դեռևս չունի հստակ քաղաքական գնահատական, որ հարձակում է կատարվել Հայաստանի Հանրապետության սուվերեն սահմանի վրա, և որ Ադրբեջանը օկուպացրել է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքները»,-նշել է Հակոբյանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի և անվտանգության հետ կապված հարցերից՝ նա նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու համար դատարանի որոշումը։ «Երեք ամիս, Լաչինի միջանցքի արգելափակմանը և հումանիտար աղետի ստեղծմանը զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությանը։ Ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Օրերս կրակել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի վրա, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց Լեռնային Ղարաբաղի ՆԳՆ երեք ոստիկան, ևս մեկ սպա վիրավորվեց»,-ասել է պատգամավորը: Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:
14:26 - 11 մարտի, 2023
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է: Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
13:53 - 06 մարտի, 2023
ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել

ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած պատգամավորների օգնականների պարգևավճար ստանալու մասին տեղեկություններին։  ««Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգեւավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:   Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:   Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն»,- նշված է ԱԺ պարզաբանման մեջ:
11:39 - 22 փետրվարի, 2023
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը

Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում մարտի 26-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների համար առաջադրումներն ամփոփվել են փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը` «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: ԿԸՀ փոխանցմամբ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվեն մինչև փետրվարի 27-ը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներն իրենց գույքի ու եկամուտների մասին հայտարարագիր համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ պետք է ներկայացնեն մինչև մարտի 1-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից մինչև մարտի 24-ը, ժամը 24:00-ն:
20:46 - 19 փետրվարի, 2023