Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ընդդիմության նախագիծը։
ՔՊ խմբակցության պատագամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ ԱԺ-ն ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի նախագիծը, ինչից հետո ընդդիմադիրները դիմել էին Սահմանադրական դատարան դրա որոշ դրույթների սահմանադրականությունը քննելու համար։ ՍԴ հայտարարություն այս օրենքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։
Ապա նա ներկայացրեց, որ այս պահի դրությամբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդհանուր 150 միլիարդ դրամ է պահանջվում բռնագանձել տարբեր անձանցից։
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա ՍԴ-ի դատավորի նկատմամբ այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատը»»։
Նա նաև կոչ արեց ընդդիմադիր այն պատգամավորներին, որոնք անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, չմասնակցեն հարցի քննարկմանը՝ իր խոսքով, ելնելով շահերի բախման տեսանկյունից։
Հավելենք, որ ՍԴ դիմելու ընդդիմության նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։
ՔՊ պատգամավորների հարցերը վերաբերում էին նրան, թե արդյո՞ք Սեդա Սաֆարյանը ունեցել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու դիտավորություն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հանրային ծառայության անցնելուց հետո սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել է դատավորի անհամատեղելիության՝ օրենքով սահմանված պահանջը։ Այդ պահանջի խախտումը դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմք է, ինչը քննարկելու համար Ազգային ժողովը կարող է դիմել ՍԴ, որը վերջնական որոշումը կայացնողն է։
comment.count (0)