ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Բանակը երբեք միայնակ չի եղել․ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին |armenpress.am|

Բանակը երբեք միայնակ չի եղել․ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։ Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար:Հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։ - Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը: - Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները:Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց: - Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ  հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին... - Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես  հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն: - Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ: - Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ:  Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին: - Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները: - Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են:Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները: - Իսկ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով բարեփոխումներ Զինված ուժերում այնուհանդերձ արվո՞ւմ են: - Շփման գիծն ամբողջ հակամարտության ընթացքում եղել է ու մնում է կենդանի օրգանիզմ, և փոփոխությունների է ենթարկվում ամեն օր՝ հենակետերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներից, կահավորումից, մինչև ամենատարբեր զինատեսակների և ռազմական տեխնիկայի ձեռքբերում: Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ տեսադիտարկման համակարգերով հենակետերը հագեցնելը: Այս համակարգերը և այլ տեխնոլոգիաներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն, իհարկե գալիս են օգնելու զինվորին, բայց ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի փոխարինում մարդուն. մեր զինվորը, ինչպես առաջ, այժմ էլ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, և մենք ամենն անում ենք ու անելու ենք նրա ծառայությունն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար, անկախ նրանից այդ մասին հրապարակումներ կան, թե ոչ: - Հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը: - Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ...Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, կառաջարկեմ իրենց որոշակի շահերը բավարարելու համար չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին:Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային: ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար:Այդ «խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» էլ ուզում եմ առաջարկել, որ եթե այդքան մտածում են մեր հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության: -  Երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Ձեր այս մոտեցումը: - Բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին: Ապացույցը՝  վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած բարեփոխումներն են՝ սկսած սպառազինության գնումներից մինչև տարիներ շարունակ չլուծված սոցիալական խնդիրների կարգավորում: Սպառազինության համար միջոցներ այս պահին էլ հատկացված են, գործընթացն ընթացքի մեջև վերահսկվում է երկրի ղեկավարության կողմից: Նույն բանը կարող եմ ասել հասարակության վերաբերմունքի առումով. բազմաթիվ են այն ծրագրերը, որ մեր հայրենակիցները զուտ բարի կամոք, իրենց նախաձեռնողականությամբ իրականացնում են Զինված ուժերում: Այնպես որ՝ բանակն ամուր է իր թիկունքով: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:56 - 04 հունիսի, 2020
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Այցի ավարտին ԶՈւ ԳՇ պետը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
16:26 - 15 մայիսի, 2020
Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ։ «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով: Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը: Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին և կրեցին այն մինչև հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ և դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին և զավակներին, շնորհակալ ենք ձեր սիրո և համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը և գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից: Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան»:
17:18 - 08 մայիսի, 2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ զորավարժարաներից մեկում մարտի 27-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։ Վարժանքներին ներգրավված էին հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ։      
21:30 - 27 մարտի, 2020
Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման վերաբերյալ

Մարտի 23-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վարչությունների և ծառայությունների պետերին է ներկայացրել ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանին երկարամյա բարեխիղճ ծառայության համար: Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետին են ներկայացվել մարտ ամսին իրականացված աշխատանքների մասին զեկույցներ, պլանավորված միջոցառումների կատարման ժամանակացույցը և զինված ուժերում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող միջոցառումները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել զինված ուժերում իրականացվող  աշխատանքների վերահսկման, նոր կորոնավիրուսի ներթափանցման դեմ իրականացվող բոլոր միջոցառումների խստացման ուղղությամբ:
18:39 - 24 մարտի, 2020
Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը

Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողներին ծնողներին հարազատներին, բարեկամներին։ «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա: ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար: Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին, Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն, Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց: Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները: Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը: Առողջություն եմ մաղթում բոլորիս»:
15:38 - 18 մարտի, 2020