Ինֆոքոմ

2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան

2022-ի բյուջեի հիմնական առաջնահերություններն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումը, կրթության եւ գիտության արդիականացումը․ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստն է մեկնարկել։ Օրակարգում ընդգրկված է 51 հարց, որոնցից 47-ը՝ չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց։ Կառավարությունն այսօր քննարկելու է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Փաշինյանը, նախքան քննարկումը, այդ առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն այսօր կանգնած է դժվարին մարտահրավերների առջեւ, դեռ հաղթահարված չեն համավարակի եւ պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետեւանքները եւ մարտահրավերները։ Փաշինյանի համոզմամբ 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով հաղթահարվել է ներքաղաքական ճգնաժամը, եւ ամուր հիմքեր են ստեղծվել՝ համախմբան եւ դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար․ «Օգոստոսին մենք ներկայացրինք կառավարության 2021-2026թթ․ գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետում ՀՀ-ի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ իրենց նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022-ի բյուջեում եւ գործունեության ծրագրում, հավակնոտ են եւ իրատեսական․  «Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլեւ հասարակական եւ մշակութային եվրափոխումներ։ Առաջին հերթին կարեւորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքայիյն մշակույթի վերափոխումն ու զարգացումը։ Ամենակարեւորը պլանավորման եւ իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, եւ, հետեւաբար, կառավարության սահմանած նպատակների իրագործման դանդաղման, այդպիսով խոչընդոտվում է նաեւ տնտեսական աճը»։ Այս առումով, ըստ Փաշինյանի, էական դեր ունի նաեւ մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը, եւ դրան ուղղված կառավարության ջանքերն, ըստ նրա, սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում՝ այդպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով եւ ժամանակին․ «Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք․ 1․ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, 2. մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, 3․ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները։ Հաջորդ կարեւորագույն խնդիրը վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդոյւնավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարեւորագույն խնդիրներից է»։ Արդյունքում, Փաշինյանի համոզմամբ, կբարձրանա նաեւ ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ եւ թիրախային․ «ՀՀ քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա։ Սրա կարեւոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման եւ իրականացման տարբեբր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ երեք տարիների ընթացքում, եւ առաջիկայում եւս մեծ ուշադրություն է դարձվելու»։ 2022-ի բյուջեն, Փաշինյանի խոսքով, հենվում է երեք հիմնական առաջնահերությունների վրա․ 1. անվտանգության համակարգի բարեփոխում, 2․ ենթակառուցվածքների զարգացում, 3․ կրթության եւ գիտության արդիականացում․ «Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները։ Այս իմաստով կարեւոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլեւս ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձեւավորումը, ՀՀ-ի, Արցախի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետեւողական իրագործումը»,- ասաց վարչապետը։ Այս կոնտեքստում նա դարձյալ կարեւորեց տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը, ըստ նրա, կարող է որակապես փոխել ՀՀ-ի տնտեսության բովանդակությունը եւ կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ենրհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ՝ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ Այս համատեքստում Փաշինյանը նշեց նաեւ կրթության եւ գիտության կարեւորությունը․ «Կրթության հասանելությունը, ներառական զարգացումն ու բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջանահերությունն է։ Մեր նպատակն է անձի կրթությունն ու շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Գիտության եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, եւ այստեղ էլ կառավարությունն արդեն իսկ ներդրումն է ֆինանսավորման նոր բանաձեւեր։ Իհարկե, մեկ բյուջեով հնարավոր չէ լուծել պետության առջեւ ծառացած բոլոր հարցերը․ մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու եւ ըստ էության ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից»։ Փաշինյանը վստահ է, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ արժանապատիվ կյանքը։
11:41 - 30 սեպտեմբերի, 2021
Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Որպեսզի Գորիսի գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն, պետք է արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ․ Իրինա Յոլյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ Թեեւ օրեր առաջ Գորիսում պատռել էին Առուշ Առուշանյանի պաստառները, այնուամենայնիվ, դաշինքի անդամ, Գորիսի նախկին փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի տպավորությամբ՝ քարոզարշավը լարված մթնոլորտում չի ընթանում։ Դաշինքի ներկայացուցիչներն այս պահին զբաղված են քարոզարշավի աշխատանքներով, փորձում են ընթացքն արդյունավետ օգտագործել․ «Այս պահին լարվածություն չկա, մենք աշխատում ենք մեզ համար, մյուս թիմերն՝ իրենց։ Միայն պետք է նշեմ, որ այս երկու օրը մի քանի պաստառներ են պատռվել, դա արձանագրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարծում եմ՝ իրավական գնահատական կտրվի դրան, կփորձեն պարզել՝ ովքեր են եղել պատվիրատուները, ինչ պատճառաբանությամբ են պատռվել պաստառները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց Յոլյանը։ 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Իրինա Յոլյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ Գորիսը պատերազմի ընթացքում եղել է Արցախի թիկունքը պահողը, կարեւոր ռազմավարական նշանակություն համայնք, եւ այդ հարցում աշխատանքները կազմակերպել է դաշինքի առաջին համարը՝ Առուշ Առուշանյանը․ «Հետպատերազմական իրավիճակում էլ, ինչը կախված է համայնքից, համայնքի լիազորությունների շրջանակներում է, մշտապես կազմակերպվել է բարձր մակարդակով։ Բնականաբար, ընտրվելուց հետո էլ շարունակելու ենք անվտանգային այն հարցերով զբաղվել, որոնք մեր իրավասությունների շրջանակում են»։ Յոլյանի դիտարկմամբ՝ համայնքի բնակավայրերում խնդիրները բազմաթիվ են, եւ իրենց թիմը մինչեւ այս պահը փորձել է այդ խնդիրներին արագ արձագանքե ու լուծում տալ․ «Առուշանյանն էլ, երբ անազատության մեջ չէր, մշտապես կանգնած է եղել մեր համայնքի բնակչի կողքին»,- շեշտեց նա։ Իսկ այս պահին ամենամտահոգիչ հարցերից մեկը, Գորիսի նախկին փոխհամայնքապետի խոսքով, համայնքի բնակավայրերով անցնող միջպետական ճանապարհի անվտանգության է վերաբերում․ խոսքը հիշատակված ճանապարհի մասին է, որը փակել էին ադրբեջանցիները, ապա իրենց անցակետը տեղադրել, ․  «Այս պահի դրությամբ թշնամին օկուպացրել է միջպետական ճանապարհը, այլընտրանքային ճանապարհների խնդիր կա Շուռնուխում, Բարձրավանում եւ Որոտանում։ Առաջիկայում ձմեռ է, եթե հանկարծ նորից վտանգավոր իրավիճակ լինի, բնական է՝ որպեսզի այս գյուղերը բլոկադայի մեջ չհայտնվեն եւ արտաքին աշխարհի հետ կապն ընդհանրապես չկորցնեն, պետք է շատ արագ միջոցներ ձեռնարկվեն՝ անտառամիջյան ճանապարհների բարելավման ուղղությամբ։ Բազմաթիվ օրհասական հարցեր կան, որոնք հրատապ լուծում են պահանջում»։ Ինչ վերաբերում է ընթացիկ եւ ապագա ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ այժմ Գորիսի 9 բնակավայրում միաժամանակ տարբեր ծրագրեր են իրականացվում՝ սկսած խաղահրապարակների, մանկապարտեզների, նախակրթարանների, զարգացման կենտրոնների հիմնումից, ճանապարհների բարելավումից, մինչեւ բնակարանաշինություն, բնակավայրերում գիշերային լուսավորությունների անցկացում․ «Մենք գրեթե ոլորտ չունենք, որտեղ ծրագրեր չիրականացվեն։ Գորիսն այն համայնքներից է, որ մշտապես բոլոր ոլորոտները ուշադրության կենտրոնում է պահում, անընդհատ ծրագրեր են իրականացվում։ Եթե տարվա ընթացքում մի քանի պետական ծրագիր ենք ունենում՝ սուբվենցիոն, պետության հետ համատեղ արվող, այդ հիշատակված ծրագրերը հիմնականում միջազգային կառույցների, անհատների, տարբեր կազմակերպությունների հետ մեր երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցությունն է բերել։ Որովհետեւ եթե մի կազմակերպության հետ մենք մեկ մանկապարտեզ ենք հիմնում, փորձը ցույց է տալիս, որ այդ արդյունավետ աշխատանքը բերում է շարունակականության ապահովման, եւ պատահական չէ, որ մենք ակտիվ աշխատում ենք։ Դոնորները չեն գալիս մեր դռները ծեծում, դա 24-ժամյա արդյունավետ աշխատանք է պահանջում»,- ներկայացրեց Յոլյանը՝ վստահեցնելով, որ այդ ծրագրերն ու աշխատանքները շարունակելու են, բայց իրենց դրա համար անհրաժեշտ է գորիսեցիների քվեն․ «Գորիսեցին պետք է ընտրի հենց մեզ, որովհետեւ Առուշ Առուշանյանը գործով է ապացուցել, այն քաղաքական գործիչը չէ, որ գա ընդամենը խոստում տալու համար։ Ինքն աշխատել է, գորիսեցին այդ աշխատանքը տեսել է եւ համեմատելու հնարավորություն ունի։ Գորիսեցու վստահության քվեն անհրաժեշտ է, որպեսզի համայնքի ղեկավարը իր սկսած գործը կարողանա շարունակել»,- եզրափակեց Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ, «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը։ Ի դեպ, այս դաշինքի մաս են կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, որի խորհրդի նախագահն Արա Հակոբյանն է։ «Ազգային օրակարգի» խորհրդի անդամ Հայկ Փայտյանն Infocom-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը համաձայնել է դաշինքի մաս կազմել, քանի որ Գորիսի ավագանու եւ առհասարակ ՏԻՄ ընտրություններն իրենք դիտարկում են տեղերում ազատագրական պայքար մղելու հոլովույթում․ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ օտարի շահերը սպասարկող, ապազգային եւ հակապետական այս իշխանական համակարգի դեմ պայքարը պետք է կրի ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաեւ հաստատել է իր պատրաստակամությունը մասնակցել կամ աջակցել բոլոր այն հարթակների եւ ձեւաչափերի կազմավորմանը, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել պայքարել այս հակահայկական իշխանական համակարգի դեմ»,- ասաց Փայտյանը՝ նշելով, որ կուսակցությունն ինքն էլ է նախաձեռնություն ցուցաբերում նմանատիպ հարթակներ եւ միավորումներ ձեւավորելու ուղղությամբ, որի հերթական դրսեւորումը «Հայ կառուցողական» կուսակցության հետ «Նոր պետություն» միաբանում ստեղծելն է։  Ինչ վերաբերում է Սյունիքին, եւ, մասնավորապես, Գորիսին, Փայտյանը շեշտեց, որ ազգային-ազատագրական պայքար մղելու համատեքստում քաղաքն առանձնակի կարեւորություն ունի․ «Սյունիքի մի շարք համայնքապետեր, այդ թվում Առուշ Առուշանյանը իրենց կոշտ անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի եւ նրա իշխանախմբի կողմից իրականացվող պարտվողական գործողություններին։ Այսօր Գորիս քաղաքի առջեւ ծառացած հիմնական եւ գոյաբանական խնդիրը անվտանգային հարցն է։ Գործող իշխանախումբը Գորիս քաղաքի շուրջ գտնվող գրեթե բոլոր բարձունքները հանձնել է թշնամիներին եւ այսօր էլ արդեն միասին բացահայտ ու անթաքույց խոսում են «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ։ Այդ է պատճառը, որ փորձ է արվում չեզոքացնել բոլոր այն ուժերին եւ անհատներին, ովքեր համաձայն չեն Հայրենիքը հանձնել թշնամուն եւ պայքար են մղում դա կանխելու ուղղությամբ։ Հետեւաբար տեղերում Փաշինյանին հլու-հնազանդ, ուղղակի կառավարվող եւ նրա ցանկազած հրամանին ենթարկվող կամակատար համայնքապետերին իշխանության բերելը հերթական ծանր հարվածն է լինելու հայությանն ու հայկական պետականության խարխլված հիմքերին»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը Գորիսում նախատեսվող ընտրությունների շրջանակում եւս անելու է հնարավորը հակահայ ծրագրերը խափանելու ուղղությամբ, եւ որ իրենց առաջարկները գլխավորապես վերաբերելու են անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ համայնքի սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքների եւ կրթական ոլորտներում առկա հարցերի համակարգային լուծումներին։ Լուսանկարը՝ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
11:21 - 29 սեպտեմբերի, 2021
Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

2020-ի մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնել էր, որ Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցները 2020-ին կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:   Լաբորատորիաները ստեղծվելու էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խոստանում էր մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս կետը ներառվեց նաև նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագրում։ Infocom-ը հարցում էր ուղարկել ԿԳՍՄՆ՝ հասկանալու համար, թե Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին քանի լաբորատորիա կա, առաջիկա 5 տարիներին կառավարությունը տարեկան որքան լաբորատորիա է նախատեսում ստեղծել, և ինչքան գումար է հատկացվելու այդ նպատակի համար։ Այս պահի դրությամբ, համաձայն ԿԳՄՍՆ-ից մեզ փոխանցած տվյալների, ՀՀ 99 դպրոցներում գործում է բնագիտական առարկաների գծով (Ֆիզիկա, Քիմիա, Աշխարհագրություն և Կենսաբանություն) 303 լաբորատորիա: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020 թվականին, հատկացվել է 1,107,045․8 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 885,636․6 հազար ՀՀ դրամ, համաֆինանսավորման միջոցներ՝ 221,409․2 հազար ՀՀ դրամ։ Այս վարկային ծրագրով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ խոստանում էր մինչև 2020-ի ավարտը բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ ստեղծել մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներում։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ 2019-2020 ուսումնական տարում Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներից 104-ն է եղել ավագ դպրոց։ «Կրթության բարելավում» ծրագրով, փաստորեն, այդ 104 ավագ դպրոցից 99-ում է 2020-ին բացվել բնագիտական գծով լաբորատորիա։ «2021 թ․ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Երևան քաղաքի 8 ավագ դպրոցում ընթացքի մեջ է բնագիտական առարկաների գծով 32 լաբորատորիաների հիմնումը, այդ թվում՝ 8 Ֆիզիկայի, 8 Քիմիայի,  8 Կենսաբանության և 8 Աշխարհագրության։ 2021թ․ փաստացի ծախսը կկազմի շուրջ 123,000.0 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 98,400․0 հազար ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման միջոցներ՝ 24,600․0 հազար ՀՀ դրամ»,- հայտնել են մեզ ԿԳՄՍՆ-ից։ Բացի բնագիտական առարկաների լաբորատորիաներից՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում են նաև «Արմաթ» ծրագրով ստեղծված 545  ինժեներական լաբորատորիաներ։ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր մարզում և Երևանում ինժեներական քանի լաբորատորիա կա։ Քարտեզ 1 «Արմաթ» ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից։ Կառավարությունը տրամարդում է այս լաբորատորիաների խմբավարների վարձատրության համար անհրաժեշտ միջոցները: Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել, թե 2014-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից որքան գումար է հատկացվել «Արմաթ» ծրագիրն իրականացնող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը։  Գծապատկեր 1 2019 թվականին տրամադրված միջոցները նախորդ տարիներից ավելի շատ են եղել, քանի որ 352,2 մլն դրամը եղել է խմբակավարների աշխատավարձը, ևս 834 մլն 250 հազար դրամ էլ հատկացվել 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերմանը: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նոր լաբորատորիաներ բացելու մասին խոստմանը, ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նոր լաբորատորիաները նախատեսվում է ստեղծել «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում  մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, Մաթեմատիկա, Աշխարհագրություն) չափորոշիչները:  «Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Նոր չափորոշիչը  թույլ  կտա  շուրջ 1400 հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան ուսումնասիրել ինչպես համակարգչի կամ թվային սարքի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության։ Դպրոցները, ելնելով իրենց առանձնահատկությունից, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից, հնարավորություն կունենան ընտրել, թե ինչպես են դասավանդում առարկան։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված են չորս հիմնական գիտակարգային գաղափարներ։ Դրանք են՝ Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը․ Թվային գործիքներն ու համագործակցությունը․ Համակարգչային սարքեր և համակարգեր․ Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն»,- հայտնել են նախարարությունից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկվելու են առարկայական  փորձնական չափորոշիչները և ծրագրերը։ Վերը նշված փորձնական ծրագրի շրջանակում ներկայում ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերի գնման գործընթացը, որի ֆինանսավորումը ամբողջությամբ դրամաշնորհային միջոցներից է։ «Համաձայն իրականացված շուկայի ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների՝ հանրակրթության նոր չափորոշիչներն արդյունավետ ներդնելու համար կպահանջվի շուրջ 721 դպրոցում ստեղծել բնագիտական և ՏՀՏ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հաշվի առնելով ծախսարդյունավետության գործոնը՝ շուրջ 257 լաբորատորիաներ կստեղծվեն ցանցային դպրոցի սկզբունքով՝ գյուղական փոքրաքանակ դպրոցներում ստեղծելով առանձին առարկայական ուղղությամբ լաբորատորիաներ և միավորելով դրանք մեկ միջավայրում։ Օրինակ, Քիմիայի լաբորատորիան կտեղակայվի մի բնակավայրում, Ֆիզիկան՝ մյուս, Աշխարհագրությունը՝ մեկ այլ, և փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերը կմիավորվեն մեկ կրթական միջավայրում՝ որակյալ կրթություն ապահովելու համար ոչ միայն ենթակառուցվածքների իմաստով, այլ նաև դասարանների արդյունավետ խմբավորման համար անհրաժեշտ սովորողների թվի տեսանկյունից»- ասված է նախարարության պատասխանում։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող լաբորատորիաների առյուծի բաժինն ընկնում է «Արմաթ» ծրագրով  բացված ինժեներական լաբորատորիաներին, որոնց խմբավարների վարձատրության համար կառավարությունը 2014-ից միջոցներ է հատկացնում։ Ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների թիվը 303 է՝ ըստ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած տվյալների, չնայած պետք է հաշվի առնել, որ նախարարությունը ներկայացրել է միայն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020-ին բացված լաբորատորիաների տվյալները։ Ինչ վերաբերում է տարբեր տարիներին, այդ թվում՝ նախորդ կառավարությունների օրոք հանրակրթական բոլոր դպրոցներում հիմնված լաբորատորիաների և դրանց ստեղծման համար հատկացված միջոցների մասին տվյալներին, ԿԳՄՍՆ-ն այդ մասով մեր հարցերն անպատասխան է թողել, չնայած միևնույն հարցերն ուղղել ենք մի քանի անգամ։ Առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծվելիք լաբորատորիաների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն։ ԿԳՄՍՆ-ից միայն հայտնել են, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ներդրվող կրթական չափորոշիչները ներառում են  «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ներդրումը։ Այս առարկան ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական դպրոցներում կարող է դասավանդվել ինչպես համակարգչների կամ թվանշային սարքերի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության, և դպրոցներն են ընտրելու՝ ինչպես դասավանդել առարկան։ Ներկայում փորձնական ծրագիրն ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցներում։ Այնպես որ հստակ չենք կարող նշել, թե արդյոք կառավարության հնգամյա գործունեությունից հետո Հայաստանի հանրակրթական 1400 դպրոցներում կգործե՞ն  ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից Աննա Սահակյան  
14:09 - 28 սեպտեմբերի, 2021
Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր

Մարինա խաչատրյանի պնդումները սխալ են․ COVID-19-ի դեմ պատվաստված անձը երկրորդ դեղաչափի ընդունումից 10 օր անց կարող է դառնալ արյան դոնոր

2021 օգոստոսի 18-ին politik.am լրատվականը հրապարակել էր «Սարսափելի հանցագործություն է կատարվում․ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության փորձ․ ինչ է կատարվում» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը պնդում է, թե Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից իր հարցմանն ի պատասխան նշել են, որ պատվաստված քաղաքացիները նվազագույնը 6 ամիս չեն կարող արյան դոնոր հանդիսանալ։  Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ եթե կորոնավիրուսի դեմ պատվաստվի քաղաքացիների 80 տոկոսը, եւ Հայաստանի դեմ կրկին պատերազմ սանձազերծվի, ովքե՞ր են արյան դոնոր հանդիսանալու։ Նա հորդորում էր, որ բանակում զինվոր ունեցող ծնողները չպատվաստվեն, որպեսզի հետագայում անհրաժեշտության դեպքում կարողանան իրենց երեխաների համար դոնոր հանդիսանալ։  Infocom.am-ը փորձեց պարզել, թե որքանով են Խաչատրյանի պնդումները ճիշտ։ Մենք զրուցեինք Արյուանաբանական կենտրոնի Արյան Բանկի փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ։ Վերջինս մեր զրույցում նշեց, որ շրջանառվող պնդումներն ամենեւին իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե պատվաստվելուց քանի օր հետո կարող է անձը հանդիսնալ դոնոր, Հակոբյանը պատասխանեց, որ արյունաբանականում պահվում է պատվաստումից 10 օր հետո արյուն հանձնելու ժամկետը, բայց իրենք սպասում են նախարարի հրամանին, որով հստակ ժամկետներ կսահմանվեն։ «Արյան բանկում լրացումներ անելու կարիք ամեն օր կա, որովհետեւ մենք պարտավոր ենք ունենալ մեր անձեռնմխելի պաշարը։ Ցավոք սրտի, արյան կարիք ամեն օր կա, դրա համար մենք պետք է ամեն օր աշխատենք եւ լրացնենք պաշարը»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե այս պահին ինչ հագեցվածություն ունի արյան բանկը։  Հակոբյանը տեղեկացրեց, որ գրավոր որեւէ նման նյութ չկա, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է խանգարել արյան դոնոր հանդիսանալուն, նման փաստարկներ չեն ներկայացվել նաեւ այլ երկրներում։ Հակոբյանը շեշտեց, որ, ամեն դեպքում, պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո մարդուց արյուն չեն վերցնում, իսկ երկրորդ դեղաչափ ստանալուց միայն 10 օր հետո անձը կարող է դոնոր դառնալ․ սա արվում է ապահովության համար։ Հակոբյանի համոզմամբ՝ այս դեպքում որեւէ բարդություն չի առաջանա։  «Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակված մարդկանց՝ նրանք ոչ մի կերպ չեն կարող դառնալ դոնոր, չափվում է մարդկանց ջերմությունը, զննում են անցնում, եւ եթե մարդը վարակված է կորոնավիրուսով, ապա չի կարող դառնալ դոնոր։ Եթե կորնովիրուսով վարակված մարդը հիվանդությունը տարել է թեթեւ, ոտքի վրա, առանց մեծ քանակի դեղորայք օգտագործելու, առանց հակաբիոտիկների, բուժվելուց մեկ ամիս հետո կարող է դառնալ դոնոր, սակայն այդ դեպքում նույնպես անցնում են թերապեւտիկ լուրջ զննում։ Եթե վարակվածությունն ընթացել է ծանր՝ արհեստական շրչառություն, մեծ քանակությամբ հակաբիոտիկների եւ դեղերի ընդունում, ապա 6 ամիս արգելում ենք արյուն հանձնել»,- հավելեց Հակոբյանը։ Վերջինս հերքեց նաեւ, թե արյունաբանականից երբեւէ չի նշվել, թե պատվաստվող քաղաքացին 6 ամիս դոնոր չի կարող դառնալ։ Հակոբյանը շեշտեց, որ իր անձնակազմը չի կարող նման պատասխան տալ՝ մինչեւ իրենից չստանա որեւէ ցուցում։ «Այստեղ ամենակարեւորն այն է, որ եթե մարդը գալիս է արյուն հանձնելու, գիտակցի, որ պետք է լինի անկեղծ, ասի ճիշտը, չպետք է թաքցնի որեւէ տվյալ, որը կարող է վնասել իրեն կամ այն անձին, ում ներարկվելու է արյունը»,- եզրափակեց Հակոբյանը։ Ասպրամ Փարսադանյան
11:51 - 28 սեպտեմբերի, 2021
Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զորքերը հարձակման անցան Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ։ Արցախյան առաջին պատերազմից հետո սա ամենալայնածավալ էսկալացիան էր Արցախի ու Ադրբեջանի միջեւ։ Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Ռազմական գործողությունների ողջ ընթացքում հակառակորդը կիրառեց իր սպառազինության բոլոր հնարավորությունները՝ հրետանուց մինչեւ ավիացիա, հրաձգային զինատեսակներից մինչեւ անօդաչու թռչող սարքեր՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Պատերազմը տեւեց 44 օր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրեցին հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հայկական կողմը կրեց մարդկային հազարավոր կորուստներ։ 2021 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեղեկության, արձանագրվել է ինքնությունները պարզված 3726 զինծառայողների և պահեստազորայինների զոհվելու դեպք։ Ադրբեջանում, տարբեր աղբյուրների տվյալներով, հարյուրից ավելի հայ գերի է պահվում։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 106 գերի է վերադարձրել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարտ ամսվա տվյալներով՝ քաղաքացիական զոհերի թիվը 77 է։ Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (27.09.2020-09.10.2020) Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (10.10.2020-28․10․2020) Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին (29․10․2020 -15․11․2020 )
09:50 - 27 սեպտեմբերի, 2021
Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Infocom-ը քարոզարշավի ընթացքի, համայնքային խնդիրների, առաջնահերթ լուծում պահանջող հարցերի եւ ապագա ծրագրերի մասին զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության թեկնածու Կարեն Լազարյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Գորիսում հոկտեմբերի 17-ի ընտրությունից առաջ ուժերի վերադասավորման ակտիվ գործընթացներ են տեղի ունենում․ «Թեեւ քարոզարշավը երկու օր է՝ ինչ մեկնարկել է, բայց մինչ այդ էլ ակնհայտ դարձավ, որ որոշ ուժեր հույսները դրել են սոցցանցային, քոմենթային կռիվների վրա, ինչն իրականացվում է նաեւ ֆեյքային հայհոյանքների միջոցով»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք հրապարակավ մերժել են այդ գործելակերպը եւ մրցակից քաղաքական ուժերին պատշաճ մրցակցության, գաղափարական, ծրագրային մրցակցության հորդոր հղել: Ըստ Լազարյանի՝ Գորիսը հիմա այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած, որ իրենք իրավունք չունեն տրվել միջկուսակցական եւ սոցցանցային կռիվներին: «Մենք նաեւ կողմերին կոչ ենք արել բանավիճել բացառապես այն խնդիրների եւ ծրագրերի շուրջ, որոնք առնչվում են համայնքային խնդիրներին: Վերջին օրերի արտառոցություններից մեկն էլ այն է, որ ոչ իշխանական քաղաքական թիմերի նախընտրական ցուցակներից ավագանու անդամի թեկնածուների արտահոսք է նկատվում՝ ինքաբացարկի տեսքով: Եվ դա՝ ոչ միայն Գորիս, այլեւ Տեղ ու Տաթեւ համայնքներում»,- նկատեց Գորիսում ՀԱԿ-ի թեկնածուն եւ նշեց, որ նաեւ իրենց նախընտրական ցուցակից էլ երկու հոգի դուրս են եկել․ պատճառները դեռ ուսումնասիրում են: Սակայն թեկնածուն հեռու է մտքից, որ դա ինքնաբուխ եւ բնական գործընթաց է, եւ ավելի շատ ինչ-որ ճնշումների կամ գայթակղիչ խոստումների հետեւանք է: «Ինքներդ դատեք․ Գորիս համայնքի ամեն բնակավայրում մի քանի հոգու (միանգամից) խոստացել են նշանակել գյուղի վարչական ղեկավար, մանկապարտեզի վարիչ, դպրոցի տնօրեն… Եվ հիմա յուրօրինակ մենամարտ է՝ մի կողմից՝ տարածքային իշխանության վարչական ռեսուրսի, մյուս կողմից՝ համայնքի վարչական ռեսուրսի միջեւ»,- ասաց Կարեն Լազարյանը: 44-օրյա պատերազմից հետո Գորիսի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Համայնքում գլխավոր խնդիրն այսօր անվտանգությանն է առնչվում։ Հակառակորդը մայիսից գտնվում է Գորիսի վարչական տարածքում գտնվող Սեւ լճի տարածքում, եւ, կարծես, նպատակ չունի ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու։ Արդեն նաեւ արոտավայրերի խնդիր կա։ Իսկ օգոստոսին հակառակորդը փակել էր Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհը՝ հավելյալ խնդիրներ ստեղծելով ոչ միայն այդ ճանապարհով անցնողների, այլեւ բնակիչների համար․ Ադրբեջանի ուղղակի սպառնալիքները չեն դադարում։ Գորիսի համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք՝ ընտրվելու պարագայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ այնքանով, որքանով հնարավոր է համայնքապետի պաշտոնում, ինչ նախաձեռնություններ կամ առաջարկներ ունի։ Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների եւ խնդիրների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական (աշխարհազորային) ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով հանգամանքը, որ Գորիս համայնքի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում, թեկնածուն եւ իր թիմը պատրաստվում են ՀՀ կառավարությանն առաջարկել Գորիսում հրավիրել կառավարության արտագնա նիստ եւ քննարկել առկա խնդիրները: Իսկ մինչ այդ՝ կփորձեն Գորիս հրավիրել ԱԺ խմբակցություններին՝ Գորիսի անվտանգության հարցերով միասնական մոտեցում մշակելու համար: «Միեւնույն ժամանակ համարում ենք, որ ոչ պակաս կարեւոր է մեր հողի վրա ապրող, այդ հողը շենացնող մարդու կյանքի համար բարեկեցիկ պայմանների ստեղծումը, համայնքի զարգացման եւ բարգավաճման հեռանկարի երաշխավորումը: Այդ ուղղությամբ նույնպես ունենք առաջարկություններ եւ ծրագրեր»: Իսկ Գորիսում, ըստ Կարեն Լազարյանի, առաջնահերթ լուծում պահանջող շատ խնդիրներ կան․  «Համայնքի վարչական տարածք համարվող Սեւ լճի մերձակայքում 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանի զինվորականներն են ներխուժել: Ադրբեջանցիների հսկողության ներքո են Որոտան, Քարահունջ գյուղերի երբեմնի տարածքների որոշ հատվածներ, ինչպես եւ Շուռնուխ գյուղի արեւելյան մասը: Վերիշենի եւ Ակների արոտավայրերի մի մասն ադրբեջանցիների կողմից վերահսկվող դիրքերի հայացքի ներքո են, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում դրանց օգտագործումը: Անորոշություններով լեցուն է Գորիս-Կապան մայրուղին, որը, միջպետական նշանակությունից զատ, Գորիս քաղաքը համայնքի մեջ մտնող Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի, նաեւ Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ գյուղատեղիների հետ հաղորդակցության միակ ուղին է: Առանց այդ խնդիրների լուծման՝ իրատեսական չի լինի մյուս հարցերի առաջնահերթ քննարկումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ թվարկված հարցերի վերաբերյալ իրենց կոնկրետ առաջարկություններն արտացոլված են իրենց նախընտրական ծրագրում, որի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին: Թե բացի անվտանգային խնդիրների հնարավոր լուծումներից՝ համայնքային զարգացման ինչ նախաձեռնություններով են հանդես գալու ընտրվելու պարագայում, Լազարյանը ներկայացրեց, որ նախ պետք է լուծվի Բարձրավանի, Ներքին Խնձորեսկի եւ Վերիշեն գյուղերի գործող ճանապարհների հիմնանորոգման կամ գոնե բարեկարգման խնդիրը: Խնձորեսկում նաեւ խմելու ջրի խնդիր կա, որ չի լուծվել տասնամյակներով։ «Կան նաեւ բնապահպանությանն առնչվող խնդիրներ. խոսքը, մանսվորապես, Վարական գետն աղտոտումից զերծ պահելն է Ակներ, Վերիշեն, Քարահունջ գյուղերի եւ Գորիս քաղաքի տարածքում»,- ասաց թեկնածուն եւ նկատեց՝ որքան էլ տարօրինակ է՝ սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չի տրվել Ակներ եւ Վերիշեն գյուղերին, որոնք մոտ 11 կմ սահման ունեն Ադրբեջանի հետ: (Գորիսի խոշորացված համայնքի 12 բնակավայրերից 5-ը (Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Հարթաշեն եւ Բարձրավան գյուղերը) պաշտոնապես ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ,- հեղ․)։ Այս ամենից զատ՝ Գորիսում համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Լազարյանի համոզմամբ՝ կա մեկ այլ լրջագույն խնդիր եւս՝ համայնքում վերականգնել քաղաքացիական համերաշխությունը: Հայարփի Բաղդասարյան
17:21 - 24 սեպտեմբերի, 2021
Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Գորիսի ՏԸՀ-ն չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը․ կուսակցությունը դատարան է դիմել

Լուսանկարը՝ ՀԿԿ ֆեյսբուքյան էջից Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Երջանիկ Ղազարյանը։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։  Գորիս խոշորացված համայնքում կա 13 բնակավայր, իսկ Կոմունիստական կուսակցության ցուցակում համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ չեն եղել։ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանն Infocom-ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակի թեկնածուները եղել են միայն Գորիս քաղաքից, այդ պատճառով էլ, ինչպես նախատեսված է օրենքով, ընտրական ցուցակը չի գրանցվել։ Կոմունիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչ, «Գլոսսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Համբարձումյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իրենք վարչական մարմնի կայացրած այս որոշումը բողոքարկել են Վարչական դատարանում։ Նա նշեց, որ Կապանում փաստաթղթերը դատարան ներկայացնելիս որոշակի խոչընդոտների են բախվել․ Համբարձումյանի խոսքով՝ դատարանում ընդամենը մի կարգադրիչ է եղել։ Համբարձումյանը եւս մեր զրույցում հաստատեց, որ Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը մերժվել է օրենքի հիշյալ պահանջին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ Կոմունիստական կուսակցությունն իրազեկված չի եղել այդ դրույթի մասին, իսկ պետական մարմինը կուսակցությանը չի տեղեկացրել, որ ներկայացված ցուցակը թերի է, եւ ժամանակ չի տրամադրել փաստաթղթերի համալրման համար․ «Պետական մարմինը պետք է տեղեկացներ եւ ժամանակ տրամադրեր ցուցակը լրացնելու համար, առավել եւս, որ մինչեւ հոկտեմբերի 17-ը (ընտրության օրը,-հեղ․) բավական ժամանակ կա։ Հասկանալի է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, բայց թե կոնկրետ թիվ 34 ընտրատարածքում (Գորիսի տեղական ընտրական հանձնաժողովը,- հեղ․) որ գյուղերն են խոշորացման արդյունքում դարձել Գորիս համայնք, ոչ մեկը պարտավոր չէր իմանալ։ Կարող էին նշել, որ ցուցակում այս, այս, այս համայնքներց ներկայացուցիչներ չկան, եւ երկու-երեք օր ժամանակ տային՝ այդ բնակավայրերի ներկայացուցիչներին ցուցակում ընդգրկելու համար»,- մեր զրույցում ասաց Աշոտ Համբարձումյանը։ Իսկ թե ինչու են ցուցակը ներկայացրել գրանցման վերջին օրը, մեր զրուցակիցն ասաց, որ տեխնիկական խնդիրներ են եղել էլեկտրոնային ձեւաթուղթը լրացնելու հարցում, հետո ավագանու թեկնածուների ցուցակը ներկայացրել են տպագիր։ Իսկ դատարանում հայցը ներկայացրել են այն պատճառաբանությամբ, որ տեղեկացված չեն եղել պահանջի մասին, եւ, որ վարչական մարմինը պարտավոր էր թերությունները վերացնելու ժամկետ տրամադրել, ոչ թե միանշանակ մերժեր գրանցումը․ «Մենք հայցը ներկայացրել ենք պահանջով, որ ՏԸՀ որոշումն անվավեր ճանաչվի, հանձնաժողովը պարտավորեցվի տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ընտրական ցուցակը համալրելու նպատակով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կուսակցությունը միայն այս առումով չէ, որ իրավական խնդիրներ ունի․ դատական գործընթացներ կան, որտեղ Համբարձումյանը միտում է տեսնում՝ կուսակցության բանականոն գործունեությանը խոչընդոտելու եւ այն անհնարին դարձնելու համար։ Իսկ ՏԸՀ նախագահի տեղակալ Արմեն Ստեփանյանը մեր զրույցում նկատեց՝ կուսակցությունը ցուցակը ներկայացրել է վերջին օրը՝ երեկոյան․ «Ես ինչպե՞ս իմանայի՝ իրենք թեկնածություն են դնելու, որ տեղեկացնեի՝ ինչ փաստաթղթեր են ներկայացնելու։ Գոնե մի անգամ մտնեին մեզ մոտ, հարցնեին՝ ինչ ընթացակարգ է գործում։ Իսկ հավելյալ ժամանակ չէինք կարող տալ, որովհետեւ ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն էր։ Դրանից հետո հնարավոր չէր»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենք տեղյակ չէին, որ կուսակցությունն այս հարցով դիմել է դատարան։ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Գորիսում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Հայարփի Բաղդասարյան
15:03 - 24 սեպտեմբերի, 2021
ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

ԼՂ խնդիրը կարգավորված չէ․ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել  է ինքնորոշման հարց․ Արմեն Գրիգորյանը արձագանքը ՄԱԿ-ում Ալիևի ելույթին

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջան բացելու և նաև կայունություն ապահելու մասին, և այդ տրամաբանության շրջանակներում պետք է կարգավորնեք նաև հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով և քաղաքական տարբեր մակարդակներում հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Վերջինս շեշտեց, որ Հայաստանը հարաբերությունները կարգավորում է Թուրքիայի հետ, և պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բոլոր համանախագահների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պետք է մի կարևոր հարց քննարկել․ դա կարգավիճակի հարցն է։ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։ Անհասկանալի է Ադրբեջանի նման հայտարարությունները»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը կա՛մ պետք է տարածքային պահանջներ ներկայացնի, կա՛մ լավ հարաբերություններ հաստատի հարևան պետությունների հետ, Գրիգորյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել է ինքնորոշման հարց։ «Սրա մասին երևի 30 տարուց ավել խոսել ենք։ Եվ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հայտնի սկզբունքներից մեկը հենց հանդիսանում է ինքնորոշման իրավունքը։ Ինչ վերաբերում է նախապայմաններին, գիտեք, որ նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև եթե նախապայմաններ են լինում դժվար է լինում որևէ հարցով առաջ գնալ։ Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ավելացրեց Գրիգորյանը։  Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ բնականաբար անդրադարձ եղել է․ «Քննարկվել է իրավիճակը, և՛ հայկական, և՛ իրանական կողմը մտահոգություն ունի ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս հարցը բոլոր մակարդակներում քննարկվում է, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա։ Հարցի լուծման հետ կապված բանակցություններ ընթանում են»։ Այն հարցին, թե արդյո՞ք Գորիս-Կապան ավտոճանապարհը երթևեկության համար անվտանգ է, Գրիգորյանը պատասխանեց․ «Ըստ նոյեմբերի 9-ից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է կարողանա անվտանգ օգտագործել։ Իհարկե, այդ ընթացքում խնդիրներ են առաջացել, մտահոգություններ կան և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի որևէ խնդիր չառաջանա և հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք օգտագործել։ Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը անընդհատ պրովոկացիաներ է կատարում, Հայաստանի կողմից դատապարտող և այլ տեսակի հայտարարություններ եղել են, այդ խնդիրը քննարկվել է նաև ՌԴ մեր գործընկերների և ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»։
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Ըստ նախագծի՝  ։  Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։  Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։ 
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով,  իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906։ Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ։ Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություն, 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Պետք է ասեմ, որ ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է քովիդ պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս առկա է հիվանդացության աճ, ինչը բնական է։ Ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է։ Նախարարի խոսքով վերջին երկու օրերին արձանագրվել է օրական պատվաստումների թվի շեշտակի աճ․ երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ՝ 8440 պատվաստում։ Ավանեսյնաի կարծիքով թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չի առաջանում։ Նախարարը վստահեցրեց, որ պատվաստումները արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց։  «Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունենք քովիդ թեստի դրական պատասխան, այսինքն սա ակտիվ դեպքերի թիվն է և նրանցից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներն են։ Սա իհարկե շատ բանական է, նորմալ է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այդ ռիսկը շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։ Ընդհանուր առմամբ 2006 քաղաքացիները, ովքեր հիմա հոսպիտալացված են, նրանցից միայն 38-ն են պատվաստված և այս քաղաքացիները նույպես տանում են շատ ավելի թեթև, նրանց հոսպիտալացման պատճառն այն է, որ ունեն խրոնիկ, բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար, ավելորդ զգուշությունից ելնելով, նրանք գտնվում են հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- հավելեց նախարարը։ Վերջինիս խոսքով Հայաստանում և շատ այլ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ցուցանիշը և ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնությունը, ինչն էլ հանդիսանում է նախարարության գլխավոր նպատակը։ Նախարարը շեշտեց, որ պետք է ավելացնեն օրական պատվաստվողների թիվը, որեպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ձևավորվի հանրային իմունիտետի բավարար շերտ։ «Հույս ունենք, որ այս աշնան ալիքը պետք է վերջինը լինի նման բարձր հոսպիտալացման ցուցանիշներով։ Սա մեր գլխավոր նպատակն է»,- եզրափակեց Ավանեսյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտեց, որ պատվաստվելը 97․5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և 98․2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։ Նա ընդգծեց նաև, որ ավելացվել են կարողությունները․ այսօր արդեն կարողություններ կան մինչև 10․000 քաղաքացու ամեն օր պատվաստելու։ Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ
11:54 - 24 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է։ Հարցերից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս քննարկմանը։ «Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ, չի համապատասխանում մեր ՀՀ սահմանադրության և ՍԴ-ի որոշման պահանջներին։ Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ  «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում «այս ապօրինություններին»։ Նա հիշեցրեց, որ իրենք պահանջել են ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մասնակցությամբ քննարկում, մինչդեռ տեսնում են, որ լարված իրավիճակ է առաջանում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք միանում են ընդդիմադիր մյուս խմբակցությանը և չեն մասնակցելու հարցի քննարկմանը։ «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, իրենց ընտրությունը առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական, անցանկանի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ընդգծեց նա։ Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ
11:22 - 24 սեպտեմբերի, 2021
ՇՄ նախագիծ է ներկայացրել,  որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել

ՇՄ նախագիծ է ներկայացրել, որով քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով քաղաքացիները պարտավորվում են քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող հողերում յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն նույն տեսակի և նույն քանակի ծառեր տնկել։  Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ e-draft կայքում։ Նախարարությունն առաջարկում է փոփոխել ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածը։ Փոփոխությամբ սահմանվում է, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր), կարգելվի ծառերի վնասումը կամ ոչնչացումը, իսկ դրանց հատումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի թույլտվությամբ հետևյալ դեպքերում՝ սանիտարական կամ խնամքի հատումներ իրականացնելու (բացառությամբ՝ պտղատու ծառերի), հողամասը նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու, կառուցապատման նպատակով ձեռք բերված հողերում ծառահատում իրականացնելու, ծառապատում իրականացնելու։ Համայնքի ղեկավարի թույլտվությունը չի պահանջվում վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու դեպքում և օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացություն ստացած նախատեսվող գործունեություն իրականացնելու։ Նախագծում նշված է, որ սահմանված ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը պարտավոր են ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ ծառապատել համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով։ Եթե սեփականատերը հատված ծառերի փոխարեն ծառապատում չի իրականացնում, ապա Կառավարության սահմանած չափով և կարգով (բացառությամբ պետական և համայնքային հողերի) սեփականատերը պարտավոր է գումար մուտքագրել տվյալ համայնքի բյուջե, ինչը կարող է օգտագործվել միայն տվյալ համայնքում ծառապատում իրականացնելու նպատակով։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Նախարարությունը հայտնում է, որ  ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:
17:39 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ-ում փախստական ճանաչված  և ապաստան ստացած անձիք կապահովվեն ժամանակավոր կացարանով, նրանց համար կկազմակերպվեն  քաղաքացիական կողմնորոշման  դասընթացներ․ նախագիծ

ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձիք կապահովվեն ժամանակավոր կացարանով, նրանց համար կկազմակերպվեն քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առարարկում է փոփոխություններ անել «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում։  Նախագծով առաջարկվում է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գերագույն հանձնակատարի միջոցներով վերանորոգված և ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող շենքերում ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց տեղավորելու ծրագիրը։ Ինչպես նաև առաջարկվում է հաստատել ՀՀ-ում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման ժամանակավոր կացարանով ապահովելու ծրագիրը, և վերջիններիս համար քաղաքացիական կողմնորոշման դասընթաց իրակնացնելու ծրագիրը։  Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրմանը՝ նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու միջոցով: Ըստ նախարարության նախագծի՝ ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման բաղադրիչների իրականացման մեխանիզմները և միջոցները: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
16:09 - 22 սեպտեմբերի, 2021
Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը

Աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և դրա հարակից տարածքներում պետք է իրականացնի մոնիթորինգ․ շրջանառության է դրվել օրենքի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:  Ըստ նախարարության նախագծի՝ ընդունմամբ կապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։ Նախագծով սահմանվում է, որ աղբավայրը շահագործող օպերատորը կառավարության սահմանած կարգով աղբավայրում և  դրա հարակից տարածքներում կազմակերպում և իրականացնում է մոնիթորինգ և կառավարության սահմանած կարգին համապատասխան շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սահմանված կարգին համապատասխան, պատշաճ իրականացված հսկողությունը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, իսկ մոնիթորիգի իրականացումը կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։ Նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի։ 
15:44 - 22 սեպտեմբերի, 2021