Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ
14:09 - 28 սեպտեմբերի, 2021

Կառավարության խոստումի հետքերով․ հանրակրթական դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումն իրականացվելու է ԵՄ ֆինանսավորմամբ

2020-ի մարտին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտնել էր, որ Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցները 2020-ին կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:  

Լաբորատորիաները ստեղծվելու էին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի իրականացրած ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի՝ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում խոստանում էր մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Կրթության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս կետը ներառվեց նաև նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագրում։

Infocom-ը հարցում էր ուղարկել ԿԳՍՄՆ՝ հասկանալու համար, թե Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին քանի լաբորատորիա կա, առաջիկա 5 տարիներին կառավարությունը տարեկան որքան լաբորատորիա է նախատեսում ստեղծել, և ինչքան գումար է հատկացվելու այդ նպատակի համար։

Այս պահի դրությամբ, համաձայն ԿԳՄՍՆ-ից մեզ փոխանցած տվյալների, ՀՀ 99 դպրոցներում գործում է բնագիտական առարկաների գծով (Ֆիզիկա, Քիմիա, Աշխարհագրություն և Կենսաբանություն) 303 լաբորատորիա:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020 թվականին, հատկացվել է 1,107,045․8 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 885,636․6 հազար ՀՀ դրամ, համաֆինանսավորման միջոցներ՝ 221,409․2 հազար ՀՀ դրամ։ Այս վարկային ծրագրով, հիշեցնենք, ԿԳՄՍՆ-ն ավելի վաղ խոստանում էր մինչև 2020-ի ավարտը բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ ստեղծել մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներում։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ 2019-2020 ուսումնական տարում Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներից 104-ն է եղել ավագ դպրոց։ «Կրթության բարելավում» ծրագրով, փաստորեն, այդ 104 ավագ դպրոցից 99-ում է 2020-ին բացվել բնագիտական գծով լաբորատորիա։

«2021 թ․ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի և Երևան քաղաքի 8 ավագ դպրոցում ընթացքի մեջ է բնագիտական առարկաների գծով 32 լաբորատորիաների հիմնումը, այդ թվում՝ 8 Ֆիզիկայի, 8 Քիմիայի,  8 Կենսաբանության և 8 Աշխարհագրության։ 2021թ․ փաստացի ծախսը կկազմի շուրջ 123,000.0 հազար ՀՀ դրամ, որից վարկային միջոցներ՝ 98,400․0 հազար ՀՀ դրամ, իսկ համաֆինանսավորման միջոցներ՝ 24,600․0 հազար ՀՀ դրամ»,- հայտնել են մեզ ԿԳՄՍՆ-ից։

Բացի բնագիտական առարկաների լաբորատորիաներից՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում են նաև «Արմաթ» ծրագրով ստեղծված 545  ինժեներական լաբորատորիաներ։ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե յուրաքանչյուր մարզում և Երևանում ինժեներական քանի լաբորատորիա կա։

Քարտեզ 1

«Արմաթ» ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից։ Կառավարությունը տրամարդում է այս լաբորատորիաների խմբավարների վարձատրության համար անհրաժեշտ միջոցները: Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել, թե 2014-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից որքան գումար է հատկացվել «Արմաթ» ծրագիրն իրականացնող «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը։ 

Գծապատկեր 1

2019 թվականին տրամադրված միջոցները նախորդ տարիներից ավելի շատ են եղել, քանի որ 352,2 մլն դրամը եղել է խմբակավարների աշխատավարձը, ևս 834 մլն 250 հազար դրամ էլ հատկացվել 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերմանը:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում նոր լաբորատորիաներ բացելու մասին խոստմանը, ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նոր լաբորատորիաները նախատեսվում է ստեղծել «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։

Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում  մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, Մաթեմատիկա, Աշխարհագրություն) չափորոշիչները: 

«Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։ Նոր չափորոշիչը  թույլ  կտա  շուրջ 1400 հանրակրթական ուսումնական հաստատություններում առարկան ուսումնասիրել ինչպես համակարգչի կամ թվային սարքի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության։ Դպրոցները, ելնելով իրենց առանձնահատկությունից, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության մակարդակից, հնարավորություն կունենան ընտրել, թե ինչպես են դասավանդում առարկան։ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված են չորս հիմնական գիտակարգային գաղափարներ։ Դրանք են՝

  1. Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը․
  2. Թվային գործիքներն ու համագործակցությունը․
  3. Համակարգչային սարքեր և համակարգեր․
  4. Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն»,- հայտնել են նախարարությունից:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ 2021-2022 ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկվելու են առարկայական  փորձնական չափորոշիչները և ծրագրերը։

Վերը նշված փորձնական ծրագրի շրջանակում ներկայում ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցների համար Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն և Աշխարհագրություն առարկաներից լաբորատոր սարքավորումների, պարագաների և նյութերի գնման գործընթացը, որի ֆինանսավորումը ամբողջությամբ դրամաշնորհային միջոցներից է։

«Համաձայն իրականացված շուկայի ուսումնասիրությունների և կատարված հաշվարկների՝ հանրակրթության նոր չափորոշիչներն արդյունավետ ներդնելու համար կպահանջվի շուրջ 721 դպրոցում ստեղծել բնագիտական և ՏՀՏ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Հաշվի առնելով ծախսարդյունավետության գործոնը՝ շուրջ 257 լաբորատորիաներ կստեղծվեն ցանցային դպրոցի սկզբունքով՝ գյուղական փոքրաքանակ դպրոցներում ստեղծելով առանձին առարկայական ուղղությամբ լաբորատորիաներ և միավորելով դրանք մեկ միջավայրում։ Օրինակ, Քիմիայի լաբորատորիան կտեղակայվի մի բնակավայրում, Ֆիզիկան՝ մյուս, Աշխարհագրությունը՝ մեկ այլ, և փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերը կմիավորվեն մեկ կրթական միջավայրում՝ որակյալ կրթություն ապահովելու համար ոչ միայն ենթակառուցվածքների իմաստով, այլ նաև դասարանների արդյունավետ խմբավորման համար անհրաժեշտ սովորողների թվի տեսանկյունից»- ասված է նախարարության պատասխանում։

Ամփոփելով նշենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործող լաբորատորիաների առյուծի բաժինն ընկնում է «Արմաթ» ծրագրով  բացված ինժեներական լաբորատորիաներին, որոնց խմբավարների վարձատրության համար կառավարությունը 2014-ից միջոցներ է հատկացնում։

Ավագ դպրոցներում բնագիտական առարկաների լաբորատորիաների թիվը 303 է՝ ըստ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած տվյալների, չնայած պետք է հաշվի առնել, որ նախարարությունը ներկայացրել է միայն «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2020-ին բացված լաբորատորիաների տվյալները։

Ինչ վերաբերում է տարբեր տարիներին, այդ թվում՝ նախորդ կառավարությունների օրոք հանրակրթական բոլոր դպրոցներում հիմնված լաբորատորիաների և դրանց ստեղծման համար հատկացված միջոցների մասին տվյալներին, ԿԳՄՍՆ-ն այդ մասով մեր հարցերն անպատասխան է թողել, չնայած միևնույն հարցերն ուղղել ենք մի քանի անգամ։

Առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծվելիք լաբորատորիաների վերաբերյալ տվյալները ևս հստակ չեն։ ԿԳՄՍՆ-ից միայն հայտնել են, որ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ներդրվող կրթական չափորոշիչները ներառում են  «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ներդրումը։ Այս առարկան ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական դպրոցներում կարող է դասավանդվել ինչպես համակարգչների կամ թվանշային սարքերի օգնությամբ, այնպես էլ առանց դրանց կիրառության, և դպրոցներն են ընտրելու՝ ինչպես դասավանդել առարկան։ Ներկայում փորձնական ծրագիրն ամփոփվում է Տավուշի մարզի 80 դպրոցներում։

Այնպես որ հստակ չենք կարող նշել, թե արդյոք կառավարության հնգամյա գործունեությունից հետո Հայաստանի հանրակրթական 1400 դպրոցներում կգործե՞ն  ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։

Գլխավոր լուսանկարը՝ ԿԳՄՍՆ կայքից

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել