Ինֆոքոմ

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

Ալեն Սիմոնյանը սխալվում է. վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները հաստատել են գերիների վերադարձի լուրը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատություն ռադիոկայանի» եթերում հայտարարել է, թե գերիների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, այլ միայն հույսեր, եւ, նրա խոսքով՝ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել։  «Պայմանավորվածություններ չեն եղել, մենք ուղղակի հույս ենք ունեցել, ինչպես ամեն օր, որ այդ թռիչքը իր հետ լավ լուր կբերի, այս ամենը տեղեկատվական այս իրավիճակում բավականին մեծ արձագանք ու դժգոհություն է առաջացրել, որը ընդունելի է, բայց բարձրաստիճան որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, այնուամենայնիվ ես համարում եմ, որ նման ապատեղեկատվության համար պետք է ներողություն խնդրենք մեր համաքաղաքացիներից եւ ծնողներից»,- մասնավորապես ասել է Ալեն Սիմոնյանը: Սակայն, իրականում, գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը երեկ երեկոյան սկսեցին շրջանառվել լրատվամիջոցներում ու սոցցանցերում, հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը։ Գեւորգյանից հետո մամուլում հայտնվեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հայտարարությունը, ըստ որի՝ գերիներին բերող օդանավը վայրէջք է կատարելու էրեբունի օդանավակայանում։  Գերիների խումբ, սակայն, Հայաստան չվերադարձավ, ինչը բողոքի ալիք բարձրացրեց քաղաքացիների ու հատկապես գերեվարվածների հարազատների շրջանում։ Երբ պարզ դարձավ, որ գերիներ չեն վերադարձվել, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանում տարածեց, որում ասված էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։ Փոխվարչապետի գրասենյակը, փաստորեն, ոչ թե հերքեց այն լուրերը, որ գերիների խումբ պետք է վերադառնար Հայաստան, այլ միայն նշեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվել է: Սրան հետեւեց Civilnet-ի հարցումը փոխվարչապետի գրասենյակին: Լրատվամիջոցի ստացած պատասխանի համաձայն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը գերիների վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել, եւ որեւէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել: Ի դեպ՝ այժմ «Սպուտնիկ» լրատվականը, որին Ավինյանի խոսնակը մեկնաբանություն էր տվել, փոխել է լուրի տեքստը, սակայն դեռեւս չփոխված տարբերակը, որտեղ Նժդեհ Հովսեփյանը հաստատել է լուրը, ինտերնետ արխիվում պահպանվել է։ Իսկ լուրն, ըստ ամենայնի, փոխվել է այն բանից հետո, երբ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ գերիների վերադարձ չէր էլ նախատեսվում, եւ որ այդ լուրը հաստատողները կեղծ պրովոկացիա են արել՝ թյուրիմացության մեջ գցելով բնակչությանը։  Մուրադովի հայտարարությունից հետո էլ լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ինքաթիռում եղել է նաեւ Մուրադովը, իսկ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել ենք: Թե այսքանից հետո Ալեն Սիմոնյանն ինչպես է հերքում, որ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել գերիների վերադարձի վերաբերյալ լուրերը, անհասկանալի է, քանի որ, վարչապետի եւ փոխվարչապետի խոսնակները, փաստորեն, առնվազն երկու լրատվամիջոցի հաստատել են տեղեկությունները։ Բացի դրանից՝ Ավինյանի գրասենյակն ավելի ուշ ցավով հայտնել էր, որ գերիների վերադարձը հետաձգվում է, այլ ոչ թե չի էլ նախատեսվել։ Իսկ պետական կառույցների կամ պաշտոնյաների մամուլի խոսնակների գործառույթն, ի թիվս այլնի, նաեւ կառույցի կամ պաշտոնյանի մեկնաբանությունները լրատվամիջոցներին հաղորդելն է։ Հայարփի Բաղդասարյան
21:38 - 09 ապրիլի, 2021
Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա․ Պուտինը եւ Մերկելը քննարկել են տարբեր միջազգային հարցեր

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի Դաշնության կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը մանրամասն քննարկել են մի շարք կարևորագույն միջազգային հարցեր։  Քննարկելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը՝ ՌԴ նախագահն ու ԳԴ կանցելրը իրենց մտահոգությունն են հայտնել վերջին սրացման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որը վերջին շրջանում նպատակային ձևով սրում է իրավիճակը շփման գծում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է կյանքի կոչեն նախկինում ձեռք բերված բոլոր համաձայնությունները, առաջին հերթին Դոնբասի ու Լուգանսկի հետ ուղիղ երկխոսություն հաստատեն, իսկ Դոնբասի հատուկ կարգավիճակի պետք է իրավական ձևակերպման ստանա։ Հակամարտության կողմերին կոչ է արվել լինել զուսպ ու ակտիվացնել բանակցությունները 2015թ․ Մինսկում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։  Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում ու Լիբիայում, ինչպես նաև Բալկաններում տիրող իրավիճակը։  Անգելա Մերկելի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։   Թարգմանությունը՝  Լիլիթ Հարությունյանի
16:22 - 08 ապրիլի, 2021
Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ծաղիկներն արդեն հասցրել են թոշնել,  փուչիկները` թսկել, առաջին օրերի ոգևորությունը կարծես չի էլ եղել, իսկ դու մենակ ես քո փոքրիկ մարդուկի հետ, որի նկատմամբ ունես անսահման մեծ պատասխանատվության զգացում: Դու հավանաբար նոր ես մայրացել, ու այդ կարգավիճակն իր հետ բերել է տագնապ, անորոշություն, վախ: Կյանքն իր հունով շարունակվում է, ամեն մեկն իր գործին է․ ժամանակը ոնց որ քեզ համար է  կանգ առել ու առաջ չի գնում: Թվում էր, թե պետք է ճախրեիր ուրախությունից, հեշտությամբ տրվեիր բալիկի խնամքին առնչվող բոլոր հարցերին, բայց արի ու տես, որ գլխիդ մեջ քաոս է, խորհուրդներն՝ անսահման շատ ու հակասական: Իսկ դու կանգնած ես հայելու առաջ՝ կիսաքնած, ավելորդ քաշով, ցավող կրծքով ու հյուծված: - Հետծննդաբերական դեպրեսիա ա մոտը,- ասում է ոմն մեկը՝ ընդգծված խելացի լինելու համար: Իսկ ի՞նչ է դա: Ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ հոգսը, իմ սարսափելի վախը, տագնապն ու անորոշությունը, ծանրակշիռ բեռն իմ ուսերի վրայից... Երևի թե ոչ մի կերպ, քանի որ այն հերթական տերմիններից մեկն է, որն իբր բացատրում է իրավիճակը` ոչ մի արժեքավոր լուծում չառաջարկելով: Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, քարացած, վատ տրամադրությամբ, դատարկված, գերհուզական... Բայց, այնուամենայնիվ, եկեք հասկանանք` ինչ է դա, ինչու է առաջանում այդ վիճակը, որը կոչում ենք հետծննդաբերական դեպրեսիա կամ չհասկացվածություն, էմպատիայի բացակայություն, խորհուրդների փոթորիկ, ըմբոստություն, լաց... Այո՛, այն առաջանում է ծննդաբերությունից հետո սոցիալական, հոգեբանական, ինչպես նաև կնոջ օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխությունների արդյունքում: Իսկ ո՞ր գործոններն են հրահրում. հոգեհուզական, ֆիզիոլոգիական հյուծվածությունը, քնի դեպրիվացիան, որը բերում է գերգրգռված ու նյարդային վիճակի, որոշ դեպքերում՝ նաև ագրեսիայի, շրջապատի գրագետ աջակցության պակասը: Մանավանդ առաջին շաբաթներին մայրիկն ամբողջությամբ տրվում է երեխայի խնամքին` լակտացիայի կարգավորում, լողացնել, շորերը փոխել, ժամանակին քնեցնել, կերակրել... Եվ գրեթե մոռանում է իր գոյության մասին: Հյուծվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կարծես ժամանակը կանգ է առնում չորս պատերի մեջ: Ստերեոտիպ կրկնվող գործողություններ` կերակրել, տակը փոխել, քնեցնել, լողացնել, նորից կերակրել, տան գործեր, ճաշ, արդուկ, երբեմն` զբոսանք: Բոլորը միաբերան հարցնում են. «Կաթդ հերիքու՞մ ա», «Խելոք ա՞ էրեխեն», «Կարու՞մ ես կերակրես», «Կեսարյա՞ն, թե՞ քո ուժերով», «Քաշ հավաքում ա՞», «Հասցնու՞մ ես բա», «Լավ լցվել ես․ փորդ ոնց որ իջած չլինի»... Հարցեր, հարցեր՝ դատարկ բաների մասին․․․ Եվ հանգստանալու, մաքուր օդ շնչելու փոխարեն կարծես էլ ավելի ես անհանգստանում ու գալիս տուն, եթե, իհարկե, պատասխաններդ ականջ շոյող չեն եղել: Գալով տուն` ցիկլը սկսվում է նորից: Ու ամենասարսափելին այն է, որ պահի տակ ուզում ես քնել ու աչքերդ բացել այլ իրականության մեջ, որտեղ դու էլի քո ազատ ժամանակի տերն ես, ազատ տեղաշարժվում ես, ուր որ  ուզում ես, կամ մասնագիտական ակտիվ գործունեությամբ ես զբաղված: Բալիկդ միգուցե արդեն շատ ավելի մեծ է ու ինքնասպասարկվող: Բայց հասկանում ես, որ դու այստեղ ես, ժամանակի տվյալ միավորում, ու փոքրիկ մարդուկն ամբողջությամբ քեզնից է կախված, քո անծայրածիր խնամքի կարիքն ունի:    Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]   Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, ավելորդ քաշով, հոգնած, նյարդային ու տրամադրության ընդգծված տատանումներով: Իսկ խորհուրդների տորնադոն շարունակվում է. «Շատ ես գրկում, էդքան մի՛ գրկի, երեք ժամը մեկ կերակրի՛, ջո՛ւր տուր, արհեստակա՛ն տուր, սոված ա մնում, փոքր քաշով է ծնվել, գիշերը լողացրո՛ւ շատ տաք ջրով, որ հոգնի, քնի»․․․ Ու ոչ ոքի մտքով չի էլ անցնում, որ քո ռեսուրսներն այս փուլում խիստ սակավ են, դու էներգիա չունես բանավիճելու, ստուգելու իրենց խորհուրդների հավաստիությունը, որևէ բան ապացուցելու կամ հերքելու... Դու ընդամենը ուզում ես, որ բալիկը քնի, իսկ դու հարմար տեղավորվես իր տաքուկ գրկում ու աչքերդ փակես: Երևի հենց այդ դեպքում ժամանակը մի փոքր ավելի արագ կշարժվի, դու քեզ մի փոքր ավելի ներդաշնակ կզգաս, բայց... Զաաաանգ. ինչ-որ մեկը եկել է փոքրիկին տեսնելու: Դռան զանգ.․․ Ակնկալում են, որ հիմա դուռը բացելու է կենսուրախ, աշխարհի ամենաերջանիկ մամաներից մեկը, որը մի լավ սեղան կգցի, կնստենք, հա՛մ փոքրիկին կսիրենք, կվայելենք, կխոսենք, հա՛մ էլ սուրճը կխմենք: Ի՞նչ ունես տխրելու. բալիկդ՝ առողջ, տունը ունես, տեղը ունես, ամուսինդ՝ գործի... Բայդ այդ փաստացի երջանկահատիկները, կարծես, չեն սփոփում այս պահին, և ունենում ես մեղքի խոր զգացում․ կարծես ամեն ինչ ունես, բայց չի ստացվում լիաթոք ուրախանալ... -Վա՜յ, չէէ, բան պետք չի, մենք եկել ենք պուճուրին տեսնենք ու գնանք: Իսկ դու... Դու էլ ունես խնամքի, հոգատարության, ուշադրության կարիք, քանի որ ամբողջ մարմնովդ զգում ես տագնապ, վախ` ուղղված վաղվան: Իսկ վաղը ո՞նց կքնի, ո՞նց կուտի, իսկ գիշե՞րը, իսկ ճաքե՞րը... Ու այս բոլոր հարցերը կոկորդումդ սեղմած՝ աշխատում ես ժպիտով պատասխանել բալիկիդ մասին և ո´չ քո ինքնազգացողությանն ու հույզերին ուղղված հարցերի։ -Բա դու, դու ո՞նց ես, կարերդ լավացա՞ն: Այս հարցը, թերևս, նորից իմ մասին չէ: Ախր իմ հոգսը դրանից չթեթևացավ: Ոչինչ: Նայում եմ փոքրիկիս մեծամեծ աչուկներին, վայելում հոտը, սիրում փոքրիկագույն մատիկները, սեղմում կրծքիս, իսկ արցունքները լուռ գլորվում են` օգնելով չխեղդվել անզորության ու անպաշտպանության զգացումից: Իսկ ովքե՞ր են ռիսկային խմբում: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մայրիկը երիտասարդ է, այնքան մեծ է հետծննդաբերական դեպրեսիա ունենալու հավանականությունը: Որքան շատ են երեխաները, այնքան դեպրեսիայի մակարդակն աճում է ամեն բալիկից հետո: Եվ երևի երբեք էլ վերջնական չի անցնում, ինչ-որ մաս շարունակում է մնալ ու ժամանակ առ ժամանակ իր մասին հիշել է տալիս, նույնիսկ երբ դու էլ ավելորդ քաշով չես, չքնած չես ու վերադարձել ես աշխատանքի: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Քրիստինա Կարապետյանին և Վարդուհի Մարգարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
15:34 - 03 ապրիլի, 2021
Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Իրավապահ համակարգի իներցիան․ ՄԻՊ-ի՝ 7 տարի շարունակ անտեսվող զեկույցը

Ավելի քան յոթ տարի առաջ՝ 2013 թվականին, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արդար դատաքննության վերաբերյալ 77 էջանի մի զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը։ Փաստաթղթում ասված էր, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվել Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ։ Ըստ Օմբուդսմենի Զեկույցի՝ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ, այսպես կոչված, Վճռաբեկի «զոնալ դատավորների» ինստիտուտ: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորն իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով:  Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:  Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում: Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները: Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։  Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին՝ ՄԻՊ-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել էին դատական համակարգում առկա 4 կոռուպցիոն մեխանիզմներ, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը: Զեկույցում առկա տվյալների համաձայն՝ կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար: («Զոնալ դատավորների», կոռուպցիոն մեխանիզմների եւ մնացյալի մասին առավել մանրամասն՝ Զեկույցում)։ 2013 թվականին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Կոստանյանը (այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ), այս Զեկույցին արձագանքեց Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական նամակով՝ նշելով՝ «․․․անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»: Դատախազի պնդմամբ՝ առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերեւույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:  Այս տարիների ընթացքում Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, չնայած Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի համոզմամբ՝ դրանում առկա են եղել առանձին տվյալներ, մասնավորապես «զոնալ դատավորների» վերաբերյալ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար։  Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քրեական ոստիկանությունն այն կարծիքին են, որ Զեկույցում քրեական գործ հարուցելու հիմքեր չկան, թեեւ հենց Դատախազությունն է արձանագրել, որ Զեկույցը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ։  Infocom-ը գրեթե մեկ տարի է՝ պաշտոնական գրագրության մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հասկանալու՝ ծավալուն այդ փաստաթուղթն ինչ մակարդակով է ուսումնասիրվել, ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, եւ իսկապե՞ս այն չի պարունակում հանցագործության մասին հաղորդում, որպեսզի արժանանա իրավական գնահատականի։ Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազություն, եւ մայիսի 19-ին ստացանք պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։  Հունիսին հանդես եկանք հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում արեցինք Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացանք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում արեցինք՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանեցին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնք են՝  1) հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին. 2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները. 3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ուղարկեցինք լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ։ Օրեր անց Դատախազությունից պատասխանեցին, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները ՄԻՊ նախկին պաշտպանի գնահատականներն են դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի կողմից ներկայացված հաղորդումը քննարկվի ՀՀ ՔԴՕ նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, Դատախազությունը հայտնեց՝ նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, ուստի հիշյալ հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Դատախազության հանձնարարականի վերաբերյալ փետրվարի 19-ին դիմեցինք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր հոդվածով եւ նախաքննական ո՞ր մարմին է այն ուղարկվել, իսկ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Փետրվարի 26-ին Քրեական ոստիկանությունը հարցման պատասխանի համար պահանջեց 30 օր եւ մարտի 24-ին ի վերջո պատասխանեց, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք՝ «ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու եւ դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 23.11.2017թ․ 1495-Ն որոշման հավելվածի 68-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։ Իսկ որոշման նշյալ կետում ասված է․  «Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա մակագրություն կատարելու ձեւով, ընդունում է որոշում 1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետեւանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշների բացակայությունը»։  Այսինքն՝ ոստիկանությունը կարծում է, որ հացագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշները հիշյալ հրապարակումներում եւ դրանցում հիշատակված Զեկույցում բացակայում են։ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Գենյա Պետրոսյանն, ինչպես նշեցինք վերեւում, Infocom-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, հրապարակված Զեկույցում կան տվյալներ, որոնք կարող են լինել քրգործի հիմք․ «Հաշվի առնելով, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է համապատասխան հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, զեկույցում ներառված տվյալներից բացի այլ տեղեկություններ ներկայացվել չէին կարող: Սակայն Զեկույցում առկա են եղել առանձին տվյալներ, որոնք ինքնին բավարար հիմք կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով՝ Զեկույցը հրապարակված է եղել զանգվածային լրատվամիջոցներում: Նրա համոզմամբ՝ այդ խնդիրները պետք է դիտարկել առավել համակարգային բարեփոխումների տեսանկյունից: Պետրոսյանի խոսքով՝ Զեկույցում բարձրացվել էր, օրինակ, ՀՀ արդարադատության խորհրդի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցով դատավորներին ճնշելու համատեքստում երկակի ստանդարտների կիրառման խնդիրը, ներկայացվել էին բազմաթիվ փաստեր, որոնք ակնառու էին դարձնում այս հետեւությունը, Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթի հարուցման մերժումը չպատճառաբանելու պրակտիկան, Վճռաբեկ դատարանի կողմից բողոքների վարույթ ընդունման հարցում հայեցողության կամայական իրականացման, երկակի ստանդարտների կիրառման խնդիրներ եւ այլն․ «Զեկույցը ենթադրել է նաեւ համակարգային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն՝ բարձրացված բոլոր խնդիրներին լուծում տալու նպատակով եւ ենթադրել է համապատասխան գործընթացում ներգրավված պետական մարմինների լայն շրջանակ»,- ասաց Գենյա Պետրոսյանը: Թե ինչու իրավապահներն այս ողջ ընթացքում քայլեր չեն ձեռնարկում Զեկույցի առնչությամբ, ըստ մեր զրուցակցի՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է եղել քաղաքական կամքի բացակայությամբ․ «2018թ.-ի հեղափոխությունից ի վեր, թեեւ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, սակայն հաճախ դրանք կրում են հատվածային բնույթ եւ ակնհայտորեն բավարար չեն դատական համակարգի առաջ ծառացած համակարգային խնդիրները լուծելու համար»,- ասաց ՄԻՊ նախկին տեղակալն ու հավելեց՝ դատական համակարգին առնչվող մի շարք խնդիրներ, որոնք բարձրացված են եղել Զեկույցում, մինչ օրս մնում են նույնչափ արդիական եւ ենթադրում են հստակ լուծումներ: Այսպիսով, հարկ է նշել, որ Հայաստանի իրավապահ մարմինները մեկ անգամ չէ, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների առկայության պարագայում հարուցում են քրեական գործ, կամ առնվազն քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նյութեր են նախապատրաստում, ուստի թե այս պարագայում քրգործի հարուցումն ինչու է մերժվում, այն էլ այն դեպքում, որ Զեկույցում հստակ նշված են ենթադրյալ հանցագործության օրինակներ, անհասկանալի է։ ՄԻՊ Զեկույցի առնչությամբ նախկին գլխավոր դատախազն ընդամենը հանդես է եկել հրապարակային նամակով՝ նախկին Օմբուդսմենին ասելով, որ անհրաժեշտ է ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնել Զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ։ Եւ սա այն պարագայում, երբ Զեկույցի նախաբանում նշված է, որ Պաշտպանի կողմից երաշխավորվել է հարցազրույցների ընթացքում ստացված տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը: Իսկ այժմ, երբ Գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է Արթուր Դավթյանը, կառույցը մեկնաբանում է, որ քրեական գործ չի հարուցվել, քանզի բացակայել են ՀՀ ՔԴՕ 176-րդ հոդվածով սահմանված առիթները, որոնց թվում նաեւ լրատվամիջոցի՝ հանցագործության մասին հաղորդում պարունակող հրապարակումն է։ Եւ երբ մենք լրատվամիջոցների հրապարակումներ ենք ուղարկում Դատախազություն, կառույցը դրանք ուղարկում է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Ոստիկանությունը, միեւնույն է, քրեական գործ հարուցելու հիմք չի տեսնում։ Փաստորեն, իրավապահ կառույցները ՀՀ կարեւորագույն ինստիտուներից մեկի՝ ՄԻՊ-ի՝ ծանրակշիռ հայտարարություններ պարունակող Զեկույցն ուղղակիորեն թողնում են անհետեւանք, իսկ ահա այլ դեպքերով իրավական գործընթաց են սկսում։ Թե ինչ չափանիշներով են առաջնորդվում՝ հստակ չէ։ Ընդ որում՝ ՔԴՕ 176-րդ հոդվածը, որին հարցման պատասխաններից մեկում հղվել էր Դատախազությունը, եւս երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս․ պարզ չէ՝ իրավապահ համակարգը մամուլի ինչպիսի հրապարակումն է հանցագործության մասին հաղորդում դիտարկում։ Բացի դրանից՝ եթե Դատախազությունը մեր բազմաթիվ հարցումներից հետո համարում է, որ լրատվամիջոցների երկու հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման օպերատիվ ճանապարհով, եւ դրանք ուղարկում է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները, ապա անհասկանալի է, թե մինչ այդ հիշյալ նյութերն ինչու չեն հայտնվել այս գերատեսչության դիտակետում ու միայն երկու տարի անց են ուղարկվում օպերատիվ ճանապարհով ստուգման։ Ի դեպ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դատական համակարգում ապօրինությունների թեման շատ զգայուն է, ուստի պետք է այնպիսի մարմին, որ մարդիկ հանգիստ խղճով կարողանան վստահել եւ իրենց տեղեկությունները հայտնել։  Հայարփի Բաղդասարյան
18:33 - 02 ապրիլի, 2021
Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ․ Արամ Փախչանյան

Այս տարվա մարտի 28-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունն ունի համալսարանական քաղաք ստեղծելու գաղափար։ Ըստ վարչապետի՝ Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող բուհական շենքերը պետք է հանվեն վաճառքի եւ դրանից կուտակված գումարով Երեւանից դուրս պետք է ստեղծվի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի գիտական եւ դասախոսական պոտենցիալը։ Վարչապետն ասաց, որ հայաստանյան բուհերը ունեն ե՛ւ բովանդակային, ե՛ւ շենքային խնդիրներ։ Վերջինս շեշտեց, որ այսօր բուհերի շենքային պայմանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ վարչապետի այս հայտարարության առնչությամբ կարծիք էր հայտնել, որ սա դեռ ուղղակի գաղափար է եւ ուղղված է բուհական համակարգի զարգացմանը։ Նախարարի վստահեցմամբ՝ այն որեւէ բիզնես նպատակ չի հետապնդում։ Դումանյանը հայտնեց, որ միայն շենքերը վաճառելով քաղաքը չի կառուցվի, քանի որ ավելի լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։  «Միայն կարող եմ ասել, որ կառավարությունը հաստատակամ է այդ գաղափարի իրականացման գործում։ Ներկայիս շենքային պայմաններում շատ են խնդիրները՝ սանիտարական պամաններից սկսված, նաեւ տեխնիկական հագեցվածությունը, մակերեսները՝ ուսանող-մակերես հարաբերակցությունը խախտված է»,- նշեց նախարարը։  Դումանյանն ընդգծեց, որ հասկանում է առաջացած անհանգստության պատճառները՝ հաշվի առնելով ԵՊՀ հյուրերի տան դեպքը, երբ շենքը վաճառվեց, նշվելով, թե այն վերանորոգելու ֆինանսական հնարավորություն չկա։ Համալսարանական քաղաք ստեղծելու գաղափարի, դրա արդյունավետության եւ հնարավոր խոչընդոտների մասին Infocom.am-ը զրուցել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։  - Պարո՛ն Փախչանյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս տարբերակը արդյունավետ՝ ունենալ համալսարանական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի ակադեմիական ամբողջ ռեսուրսը։ Հայաստանյան պայմաններում այս մոդելի գործածումն արդարացվա՞ծ է։ - Ասեմ, որ այս մոդելը մենք վաղուց ունենք՝ Երեւանի օրինակով, եթե նկատենք, բոլոր հին համալսարանները մեկ տարածքում են եւ շատ մոտ են իրար։ Հենց քաղաքի պլանի մեջ ի սկզբանե նախատեսվել է այդպես, որպեսզի ուսանողները կարողանան լինել մեկ ընդհանուր տարածքում, շփվեն իրար հետ։ Այսինքն՝ ուսանողական քաղաքի գաղափարը եղել է, ուղղակի ժամանակի ընթացքում մենք այն ապականել ենք, լցրել ենք տարբեր, այլ տեսակի կառույցներով եւ ուսանողական քաղաքի միջավայրը նվազեցրել ենք։ Իրականում դա ամբողջապես կարելի է հետ վարադարձնել զուտ քաղաքաշինական մեթոդներով, օրինակ՝ բարեկարգելով շրջակայքի այգիները, բացելով տարածքները, ասֆալտը փոխարինելով ավելի արդյունավետ միջոցներով, համալսարանի հետեւի տարածքը, որը մեռած տարածք է, վերականգնելով եւ այլն։ Բազմաթիվ տարբերակներով կարող ենք այն տարածքը, որը հիմա ունենք, վերածել համալսարանական քաղաքի, շատ ավելի էժան տարբերակներով։ Հենց գաղափարը վատը չէ, ճիշտ գաղափար է, բայց այդ գաղափարը պետք է սկզբից հիմնվի որոշ կարեւորագույն քայլերի վրա, որոնք կանդրադառնան կրթության բովանդակությանը։ Ամենաշատը, ինչից ես վախենում եմ, եւ որը Հայաստանում անընդհատ կրկնվում է, կոչվում է Cargo Cult (բեռի պաշտամունք), երբ մենք, վերարտադրելով ինչ-որ երեւույթի արտաքին հատկանիշները, ենթադրում ենք, որ այդ երեւույթը կառաջանա, բայց այդպես չի լինում։ Չես կարող արտաքինը վերարտադրելով ստեղծել համալսարանական քաղաք եւ դրանով ունենալ լավ կրթություն, էլ ավելի վատ կարող է լինել, որովհետեւ այդ գործընթացի արդյունքում ինչ-որ կորուստներ անպայման կլինեն։ Երբ սկզբում իրականացնում ես բովանդակային փոփոխություն, որի արդյունքում համալսարանական քաղաքի ստեղծումը դառնում է անխուսափելի քայլ, միայն այս դեպքում կարիք չի լինի բացատրել, թե ինչու ես դա անում, բոլորը կհասկանան։ Այդ դեպքում կլինի տրամաբանական, իսկ եթե մենք ենթարդում ենք, որ ուղղակի ուսանողներին նոր շենք լցնելով կստանանք լավ կրթություն՝ բնավ ոչ, բնականաբար ավելի վատ կլինի։  - Կարելի է ասել, որ սա մեր հանրության համար նոր տերմին է եւ գաղափարի շուրջ պատկերացումները լիարժեք չեն։ Խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ է ենթադրում այս գաղափարը եւ ի՞նչ մեթոդով պետք է ստեղծվի քաղաքը։  - Համալսարանական քաղաքները աշխարհի տարբեր երկրներում ինքնաբերաբար են ձեւավորվում, իրենք բացարձակ համալսարանական չեն այն առումով, որ այնտեղ ոչ միայն համալսարանների աշխատակիցները, ուսանողներն են տեղակայված, այլ դրանք իրական քաղաքներ են։ Նովոսիբիրսկի մոտակայքում կա «Академгородок» կոչված կառույցը, որը հենց այդպիսին էր եւ նույն նպատակով էր կառուցված, բայց այնտեղ ոչ միայն համալսարաններ կան, այլեւ մի տեղում միավորված են նաեւ գիտական կենտրոնները, որտեղից ստացվում է հավելյալ ներուժ, քանի որ շփման, համատեղ ապրելու արդյունքում ստեղծվում է հավելյալ գործոն, որը աշխատում է հօգուտ զարգացման։ Այդ շփման, քննարկումների արդյունքում նոր որակներ են ստեծվում։ Նույնն ապացուցվում է Բոստոնի օրինակով, երեւույթը կա նաեւ Սիլիկոնյան հովտի որոշ քաղաքներում, դա այդպես է, երբ ստեղծում ես գիտության, ուսանողության ֆիզիկական զանգված մեկ տարածքում, դու ստանում ես նոր որակ, դա ճշմարիտ է։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ իսկապես պետք է ապրեն քաղաքում, ոչ թե գնան-գան։ Կա նաեւ այդ օրինակը` Ինոպոլիս համալսարանական քաղաքի դեպքում մարդիկ փաստացի չեն ապրում այնտեղ, այն դատարկ է, այդ կյանքն այնտեղ չի առաջանում, չկան շփումները, քննարկումները, չնայած քաղաքի կառուցման նպատակը, ըստ էության, նույնն է եղել։ Մի խոսքով՝ դրա կայացումը բավականին բարդ եւ ռիսկային է։ Իմ պատկերացմամբ՝ Երեւանը չքնաղ համալսարանական քաղաք է, եւ առավել եւս Երեւանի փոքր կենտրոնը, որտեղ կա ֆիզիկական զանգված ստեղծելու հնարավարություն։ Ես արդեն ներկայացրի, թե ինչպես պետք է լինի այդ գործընթացը, եւ կարծում եմ, որ Երեւանը կրկին համալսարանական քաղաք դարձնելու տարբերակը պետք է հավասար քննարկվի նոր քաղաք կառուցելու գաղափարի հետ։ Նոր քաղաք կառուցելու տարբերակը կապիտալ մեծ ռեսուրսներ է պահանջում եւ գաղափարը կարող է նաեւ չստացվել, նման օրինակներ եւս կան։ - Թեմայի վերաբերյալ կարծիքներն ուսումնասիրելիս տպավորություն էր, որ շենքային խնդիրներից է նաեւ այն, որ համալսարանների ներսում բացակայում է կրթական աուրան, եւ դրան խոչընդոտում են նաեւ համալսարանների մոտ գտնվող զվարճանքի կենտրոնները, որոք շեղում են ուսանողին։ Արդյոք համալսարանական քաղաքում մենք չե՞նք ունենա նույն զվարճանքի կենտրոնները։  - Իհարկե կունենանք․ եթե գնաք զարգացած երկրների համալսարանական քաղաքներ, եթե կան ուսանողներ, շուկան առաջ է բերում զվարճանքի բազմաթիվ կենտրոններ, գիշերային ակումբներ եւ այլն։ Առավել եւս, եթե հանկարծ չափից շատ երիտասարդների թողնում եք առանց մեծահասակների ներկայության, ապա այդ տեսակի զբաղմունքների քանակն աճում է, եւ այդ ամենը կդառնա ավելի անվերահսկելի, ինչպես նաեւ այդտեղ պետք է ոստիկանական կենտրոններ բացեն, որպեսզի կարողնան կարգուկանոն հաստատել։ Ուզում եմ ասել՝ եթե այդ կենտրոնները նախատեսված չեն, ապա մենք ինչպե՞ս ենք արգելելու քաղաքում նման զվարճանքի կենտրոններ ունենալը, եւ այդ դեպքում եթե քաղաքը ձանձրալի լինի ուսանողի համար, նա կարող է ուղղակի չգնալ եւ չներկայանալ դասերին։ Պետք է այդ ամենը հասկանալ, չի կարելի երեւույթի դեմ պայքարել՝ արմատախիլ անելով այն։ Իմ պատկերացմամբ՝ պետք է վերանայել կրթության ընթացքը։ Իրականում նույն Բոստոնում բազմաթիվ սրճարաններ եւ զբաղմունքի վայրեր կան, որոնք լեփ-լեցուն են լինում, բայց այնտեղ կրթություն է ընթանում, հենց սրճարաններում են ուսանողները բազմաթիվ գիտական հարցեր քննարկում։ Եթե ուսանողի համար ստեղծվեն հարմարավետ, հաճելի միջավայրեր, որտեղ կարող են քննարկումներ ծավալել տարբեր հարցերի շուրջ, հարմար լինեն նաեւ գիտական միջոցառումներ համար, գնալով այդ միջավարը կձեւավորվի, երբ դու սրճարան ես գալիս ոչ թե ուղղակի ժամանցի համար, այլ գալիս ես՝ ակնկալելով, որ այնտեղ կհանդիպես խելոք մեկին, որի հետ հետաքրքիր զրույց կունենաս, ինչպես լինում է Բոստոնում, Սիլիկոնյան հովտում, Լոնդոնի կենտրոնում եւ այլն։ Երբ նշեցի, որ պետք է կրթության բովանդակության մասին մտածել, դա նկատի ունեի, սա նույնպես բովանդակություն է եւ մենք պետք է մեր համալսարանական կրթության բովանդակային շերտը ամբողջապես վերանայենք, հասկանանք՝ մենք ինչպես ենք մատուցում այն։ Երբ «ինչպե՞ս» հարցին կկարողանանք գործնական պատասխան տալ եւ ստեղծել նոր միջավայր, այդ դեպքում կարելի է մտածել նոր տարածք տեղափոխելու մասին կամ այդ միջավայրը վերափոխելու, որպեսզի այն լինի պարարտ, բայց ուղղակի կառուցել շենք եւ հույս ունենալ, որ այդ միջավայրը կառաջանա, չի լինի։  - Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան եւ կորոնավիրուսային համաճարակի փուլերում ունենք բազմաթիվ տնտեսական խնդիրներ, իսկ այս գաղափարը ենթադրում է ահռելի ռեսուրսների ներդրում, այդ թվում ֆինանսական։ Նշվում է, որ այս գաղափարի առաջացման հիմնական պատճառը բուհերի ներկայիս շենքերի ֆիզիկական լուրջ խնդիրներն են․ ըստ Ձեզ՝ արդյոք այդ խնդիրներն այդքան անհամատեղելի՞ են կրթական գործընթացի հետ, նոր շենքերը ի՞նչ առավելություններ պետք է ունենան։ - Ինչ-որ չափով ես դրա հետ համաձայն եմ, մեր ներկայիս կրթական շինությունների ճարտարապետական միտքը բավականին հնացել է, եւ այն ժամանակ կրթության բովանդակությունը մի քիչ տարբերվում էր, ավելի քիչ հետազոտական էր, եւ եթե գնաք այդ շենքեր, կտեսնեք, որ այնտեղ ժամանակակից, հետազոտական լաբորատորիա ստեղծելը շատ հաճախ ֆիզիկապես անհնար է։ Ես ինչ-որ տեղ համաձայն եմ, որ միգուցե իդեալական տարբերակը կարող է լինել զրոյից սարքելը, քան եղած շենքերը կապիտալ վերանորոգման ենթարկելը։ Իմ տեսակետից այստեղ խնդիրը առաջնահերթությունն է, թե առաջնայնորեն մենք ինչով ենք զբաղվում։ Եթե որոշում ենք զբաղվել շինարարությամբ, որպեսզի ունենանք ավելի լավ համալսարաններ, ես այդ մտքի հետ այնքան էլ հաշտ չեմ, կարծում եմ, որ ավելի սուր խնդիրներ ունենք այս ոլորտում, որոնք կապված են կրթության բովանդակության եւ գիտության զարգացման հետ, դրանց վրա պետք է կենտրոնանալ։ Եթե մենք այդ երկու կարեւորագույն փոփոխություններն ունենանք, դրանից հետո կարելի է մտածել ներդրումներ անելու եւ նոր միջավայր ստեղծելու մասին։ Եթե կառավարությունը ստեղծի տարբերակ, որի դեպքում եղած շենքերի իրացման շնորհիվ կլինի ֆինանսական մեծ արդյունք եւ դրանով կծածկվի նոր շինարարության ծախսերի մեծ մասը, իսկ հավելյալ մի փոքր գումար անհրաժեշտ կլինի գաղափարն իրականացնելու համար, դա կլինի տրամաբանական քայլ, կարելի է դա դիտել լավ ճանապարհ՝ ապագայի համար։ Իմ կարծիքով, սակայն, պետք չէ այսօր շեղել մեզ մեր հիմնական նպատակից, որն է՝ բուհական եւ ոչ միայն բուհական կրթության եւ գիտության զարգացումը, եւ այդտեղ մենք ունենք ամենասուր խնդիրները, մեր խնդիրը շենքը չէ, սա է իմ խորին համոզումը։ Եթե մենք հնարավորություն ունենք նման ռեսուրսներ օգտագործելու, ապա ավելի լավ կլինի դրանք ծախսենք լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու, լաբորատորիաներ ստեղծելու վրա, քան ուղղակի շենքերի, շինարարության վրա։ Ես կարող եմ հայտնել միայն սուբյեկտիվ տեսակետ եւ հանդես գալ, որպես սուբյեկտիվ փորձագետ, օբյեկտիվի դեպքում պետք է նայել թվերին։  - Կարծիքներ կան, որ գաղափարի հիմքում Երեւան քաղաքի ուրբանիզացիայի մակարդակի նվազեցումն է, բայց, միեւնույն ժամանակ, պետք է շեշտել, որ հենց ուսանողներն են հանրային կյանքի ակտիվությունն ապահովում, եւ ուրբանիզացիայի բարձր մակարդակի պատճառներից մեկը հենց համալսարանների տեղակայումն է։ Արդյոք նոր քաղաքի դեպքո՞ւմ էլ չենք ունենա ուրբանիզացիայի բարձր մակարդակ՝ հենց այդ քաղաքի համար։ Եվ արդյոք համալսարանները տարբեր մարզեր տեղափոխելը չէ՞ր լուծի այս հարցը, քանի որ այս գաղափարը նույնպես տարբեր ժամանակներում շատ է քննարկվել։  - Իմ համոզմամբ միայն Հայաստանում չէ այդ միտումը։ Ընդհանրապես, բուհական կրթությունը սփռվում է ոչ թե շինարարության միջոցով, այլ նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով՝ առցանց կրթություն եւ այլն։ Այսինքն՝ հիմա դնել եւ մարզերում նոր բուհեր կառուցել, կարծում եմ, իմաստ չունի, որովհետեւ այդ բուհերը առանձին-առանձին երկար չեն դիմակայի, որովհետեւ բուհական համակարգը ենթադրում է նաեւ համագործակցային դաշտ ձեւավորելը։ Որպեսզի բուհը լավ աշխատի, այն պետք է համապատասխան չափ ու ծավալ ունենա, փոքր չափի բուհերը անարդյունավետ են։ Շատ պատճառներ կան, մարզային քաղաքները կարող են ունենալ մասնաճյուղեր, հիմնականում եւ առաջնահերթորեն լաբորատորիաներ՝ տեղային հետազոտությունների համար, դա հաստատ իմաստ ունի։ Իմ կարծիքով՝ հիմնական կենտրոնացում պետք է ապահովենք, մենք առանց դրա էլ բավականին պառակտված բարձրագույն կրթություն ունենք՝ բուհերի ֆենոմենալ բարձր քանակ։ Մյուս կողմից՝ ես համաձայն եմ, որ երիտասարդներին ընդհանրապես քաղաքի կենտրոնից տանելը նշանակում է քաղաքը դատապարտել։ Քաղաքի գրավչություններից մեկը զբոսաշրջիկների համար այն է, որ նրանք տեսնում են հետաքրքիր, կրթված դեմքեր, համապատասխան միջավայր, սրճարաններ, որոնք չեն գոյատեւի, եթե այդտեղից ուսանողները գնան։ Այսինքն՝ մենք կսպանենք քաղաքը, կսպանենք փոքր Երեւանը, դա էլ պետք է հասկանալ։ Այնտեղ սրճարաններում կհայտնվեն ծխող, բարձրագույն կրթություն չունեցող, «ապեր»-ով խոսող, ոսկե ատամներով տղաներ։ Այդ ռիսկերը կան, իմ կարծքիով՝ սա բարդ, քաղաքաշինական որոշում է, պետք է հաշվի առնվեն բազմաթիվ գործոններ։ Իմ տեսակետից՝ Երեւանը ստեղծված է եղել որպես ուսանողական քաղաք՝ Թամանյանը նախագծել է այդպիսին, մի ամբողջ տարածք՝ Բժշկականը, Երեւանի պետական համալսարանը, Պոլիտեխնիկը, բոլորը ձեւավորվել են որպես մեկ միավոր հենց այդ նպատակով։ Մենք ունենք այդ կրթական միջավայրը, որտեղ ուսանողը կարող է իրեն լավ զգալ, ուղղակի պետք է այն վերականգնենք, դա առաջին հիպոթեզը պետք է լինի, ոչ թե վերջին։ - Վարչապետի հայտարարությունից մի քանի օր է անցել, բայց այն սոցիալական եւ հանրային տարբեր հարթակներում դեռ բուռն քննարկումների առարկա է։ Եթե գաղափարը դառնա նախագիծ, արդյոք այն չի՞ դառնա հանրության եւ մասնագիտական շրջանակների բողոքի պատճառ։ Ի՞նչ պետք է անել, որ մարդիկ պատրաստ լինեն այս փոփոխությանը։  - Երբ Փարիզում Պոմպիդու կենտրոնը կառուցում էին, ամբողջ քաղաքը ոտքի էր կանգնել եւ բողոքում էր, բայց հիմա այն քաղաքի ամենասիրված շենքերից մեկն է։ Ընդհանրապես, մարդիկ պահպանողական մոտեցում ունեն փոփոխությունների նկատմամբ։ Ներկայումս քաղաքական դաշտը բավականին բեւեռացված է, եւ իշխանությունների կողմից արվող բոլոր փոփոխությունները կարող են նաեւ կարծիքները բեւեռացնել։ Հուսամ, որ ժամանակի ընթացքում դա կմեղմվի, եւ ավելի հեշտ կլինի նման որոշումների գալը։ Ամեն դեպքում, իմ կարծքով, կարեւոր է, որ ընթացքը լինի լավ մշակված, որպեսզի այն լուծումները, որոնք առաջարկվում են, ե՛ւ ֆինանսական տեսակետից, ե՛ւ քաղաքաշինական, լինեն հիմնավորված, լավ փորձագիտական գնահատական ունենան, շատ լավ կլինի, որ ներգրավվեն նաեւ արտասահմանյան հաջողված օրինակների փորձագետները, որպեսզի նրանք էլ կիսվեն իրենց փորձով։ Նման հարցերում պետք է հանրությանը իրազեկված պահել, փուլերի ընթացքի մասին մի քիչ ավելի մանրամասնել, թե ինչո՞ւ են ներկայիս շենքերը անհամատեղելի կրթության հետ, ի՞նչ օրինակներ կան, ներգրավել գիտնականների, ուսանողների, լսել նրանց կարծիքը, որովհետեւ նրանք են լինելու սրա հիմնական շահառուն, մի քիչ ավելի հստակ ներկայացնել՝ որ քաղաքում է լինելու, ինչ միջավայր է լինելու, ինչ տեսակի շենքեր եւ շինություններ են լինելու, այնտեղ մարդիկ ապրելո՞ւ են, թե՞ ոչ, ովքե՞ր են ապրելու։ Բազմաթիվ հարցեր կան եւ այդ հարցերին պետք է տալ կշռադատված պատասխաններ։ Հանրության մոտ հեղինակություն վայլեող մարդիկ պետք է ունենան այս հարցերի պատասխանները, որպեսզի դրանք ներկայացնեն հստակ։ Ես էլ նշեցի, որ այս պահին ինձ չեմ համարում բավարար տեղեկացված, եւ իմ խոսքը իմ սուբյեկտիվ կարծիքն է՝ որոշ դեպքերում հիմնված ենթադրությունների վրա, որոնք հաստատ բավարար չեն, որպեսզի մենք կարողանանք կարծիք ձեւավորվել հանրության մոտ։ Իմ պատկերցամամբ՝ ճիշտ կլինի այս գաղափարը ներկայացնել քաղաքի զարգացման ռազմավարության համատեքստում, ոչ թե լուծել մի քանի բուհերի մասնավոր խնդիրը, որովհետեւ դա իրապես մասնավոր հարց է։ Իմ կարծիքով՝ այն, ինչ հիմա անհանգստացնում է մարդկանց եւ բերում է կարծիքների բեւեռացմանը, քաղաքի մասին հոգածությունն է՝ ի՞նչ քաղաքում են ապրելու, ի՞նչն է լինելու քաղաքի դեմքը, ո՞ւր է գնալու այս ամենը։ Եթե նայել եք սոցցանցերում շրջանառվող ծաղրանկարները, դրանցից շատերը համալսարանների շենքերին փակցված՝ սուպերմարկետների, զվարճանքի կենտրոնների լոգոներ են․ մարդկանց սա է հետաքրքրում, թե ինչ կլինի Երեւան քաղաքի վիճակը։ Մենք, ցավոք, վաղուց չունենք Երեւան քաղաքի զարգացման ընդհանուր տեսլական, եւ դա մեծ խնդիր է, մենք ռազմավարություն չունենք, քաղաքը մասնատված է, եւ այս ամենից է բխում հանրության արձագանքը։ Առավել եւս, երբ նախկինում էլ կայացվեցին հակասական որոշումներ, օրինակ՝ Հյուսիսային պողոտայի դեպքում, որը մինչ այսօր վերքի նման շարունակում է մտահոգությունների առիթ դառնալ, ոմանց դուր է գալիս, ոմանց՝ ոչ, ամեն դեպքում դրա շուրջ բուռն քննարկումներ դեռ կան։  - Ենթադրենք՝ այս գաղափարն արդեն նախագիծ է, Ձեր պատեկարցամամբ՝ ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը, ի՞նչ նպատակով պետք է դրանք օգտագործվեն։ ԿԳՄՍ նախարարն ասում է՝ այդտեղ բիզնես նպատակ չկա, այդ դեպքում ո՞վ պետք է շահագործի եւ ի՞նչ գործընթացով պետք է շենքի վաճառքի գումարը ներդրվի նոր քաղաքի ստեղծման գործում։ - Կարծում եմ՝ եթե կառավարությունը ունենար այս հարցերի պատասխանները, հենց այդ պատասխանն էլ կներկայացներ։ Հավանաբար այն դեռ չկա, եթե չկա, ուրեմն իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ կլինի, որովհետեւ իսկապես, եթե մենք վերցնենք այդ շենքերի մի մասը, դրանք բարոյապես արդեն մաշված վիճակում են։ Մեկ այլ կողմից մենք ունենք ավելի լուրջ բարոյական հարց, օրինակ՝ Իզմիրլյանների հիմնադրամի շնորհիվ կառուցվեց բավականին ժամանակակից, նոր մասնաշենքը ԵՊՀ-ում, որը գրադարանն է, հիմա այդ մարդկանց տված գումարների դիմաց ի՞նչ ենք ասելու, ասելու ենք՝ ձեր նվերը կոպեկներով վաճառե՞լ ենք։ Այստեղ կան նաեւ բարոյական խնդիրներ, որոնց պատասխանները պետք է տանք, սա բարդ կծիկ է։ Ես չգիտեմ՝ որն է նպատակը այս փուլում այս գաղափարի հանրայնացման, միգուցե ենթադրվում էր, որ մարդիկ այսպես թե այնպես պետք է իմանային եւ, հավանաբար, որոշ հանրային քայլեր պետք է ձեռնարկվեին այս գաղափարի համար, իշխանություններն էլ ենթադրաբար մտածեցին, որ ավելորդ խոսակցություններ եւ լարվածություն, ասեկոսեներ չստեղծելու համար ավելի լավ կլինի, որ ինֆորմացիան դուրս գա հենց իշխանությունից, ոչ թե հասնի տարբեր խողովակներով։ Այդ տեսակետից, կարծում եմ, ճիշտ է, բայց իշխանությունները նաեւ պետք է հայտնեին, որ շատ նախնական փուլում է այս ամենը, դեռ քննարկման թեմա է եւ այս փուլում կատարում է միայն գաղափարի գնահատումը, սկսում են հանրության հետ քննարկումը։ Այդ դեպքում լարվածություն չէր առաջանա, որովհետեւ ռիսկ կա նաեւ, որ այս գաղափարը կարող է ձախողվել։ Եթե պարզվի, որ այդ շենքերի զգալի մասը անհնարին է վաճառել վիճակի պատճառով, դա արդեն խնդիր է, եղած շենքերի ճնշող մեծամասնությունը ժամանակակից սեյսմիկ պայմաններին չի բավարարում, դրանք կառուցվել են այն ժամանակ, երբ շենքերի կառուցման համար այդ պայմանները շատ ավելի մեղմ են եղել։ Եթե շենքերի նոր տերը որոշի այնտեղ կապիտալ վերանորոգում ձեռնարկել, միանգամից կհայտնվի այդ սեյսմիկ պահանջների դաշտում, դա նշանակում է իրապես լուրջ ներդրում, որը համադրելի է շենքի ինքնարժեքի հետ։ Այստեղ մեծ վտանգ կա, որ կկրկնվի «Զվարթնոց» օդանավակայանի պատմությունը, որովհետեւ համալսարանի շենքը պատմական շենք է, եւ բազմաթիվ սահմանափակումներ կլինեն շենքի արտաքին հատվածում փոփոխություններ անելու համար, բայց հասկանալի է, որ եթե վերանորոգում ես անում, եւ շենքը սեյսմիկ առումով խոցելի է, դու պետք է սկսես որոշ լուրջ աշխատանքներ տանել։ Զարմանալի չէ, որ մարդիկ վերհիշում են, օրինակ, Փակ շուկայի պատմությունը, «Զվարթնոց» օդանավակայնի պատմությունը, եւ կասկածում են, որ այդ պատմությունները կարող են կրկնվել։ Սա մեծ հարց է՝ ինպես է այս գործընթացը լինելու, իմ պատկերացմամբ՝ իշխանությունը արդեն ունի ուրվագծեր այս հարցերից որոշների համար, բայց երեւի դրանք ամբողջական չեն, հակառակ դեպքում մենք ավելի տեղեկացված կլինեինք։  - Դուք խոսեցիք այլ երկրների փորձի մասին, իսկ մենք ունե՞նք միջազգային հաջողված պրակտիկայի օրինակ, որին կարող ենք հետեւել եւ այն պրոյեկտել հայաստանյան պայմաններում։ Որո՞նք են այդ երկրները, որոնցից օրինակ կարող ենք վերցնել։  - Համալսարանական քաղաքների մեծ եւ հին պատմություն գոյություն ունի, նույն Քեմբրիջը եւ Օքսֆորդը եղել են փոքր համայնքներ, բայց դարձել են քաղաքներ եւ հայտնի ամբողջ աշխարհին այն բանի շնորհիվ, որ այդտեղ տեղակայվել են համալսարաններ եւ հիմա ոչ ոք չի հիշում, թե մինչեւ Քեմբրիջի համալսարանը Քեմբրիջ քաղաքը ինչպիսին է եղել։ Նման օրինկաներ շատ կան մարդկային պատմության մեջ։ Ես ինքս սովորել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, որը փաստացի դատարկ տեղում կառուցված համալսարան է եղել, որի շուրջ ժամանակի ընթացքում առաջացավ քաղաք, իսկ մինչ այդ փոքր, անհայտ գյուղ էր։ Նման օրինակներ կան, բայց երբ դու ունես ձեւավորված քաղաք, միջավայր, մշակույթ, շենքեր եւ դու դա թողնես տեղափոխվես մեկ այլ քաղաք, նման օրինակ, անկեղծ ասած, չգիտեմ։ Ես շատ կցանկանայի, որ այս նախագիծը չդադարեր զուտ այն պատճառով, որ իշխանությունները, տեսնելով նման արձագանք, որոշեն, որ ոչինչ չեն անելու։ Ես կողմ եմ, որ նման նախաձեռնություններ լինեն եւ ընդամենը ճիշտ կլինի, որ իրենց ընթացքը լինի ճիշտ կազմակերպված եւ գնա ճիշտ տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ առաջնային շեշտը պետք է դրվի բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման վրա, եւ դա պետք է դառնա գործոն, որի հետեւանքով այս նախագիծը կդառնա ե՛ւ իրատեսական, ե՛ւ տրամաբանական, ե՛ւ միգուցե վերանայվի։ Եթե անգամ մենք հրաժարվենք այս գաղափարից, հրաժարվենք այդ համատեքստում՝ դիտարկելով մեր կրթության եւ գիտության բուռն զարգացման ընթացքում որն ենք տեսնում ճիշտ՝ եղածը զարգացնե՞լ, թե՞ նորը ստեղծել, բայց ոչ այն վիճակում, երբ մենք ունենք ծայրահեղ ճգնաժամ բարձրագույն կրթության մեջ, ոչնչացման եզրին կանգնած գիտություն, ու սկսենք շենքեր կառուցել՝ հուսալով, որ դա կբերի զարգացման, այդ տրամաբանությունը, իմ խոր համոզմամբ, չի գործելու։ Ասպրամ Փարսադանյան
12:12 - 02 ապրիլի, 2021
Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

Ռեյտինգային ցուցակը կհանվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին։ Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով: Այն հեղինակել են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը,  Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշել էր, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։ Էդմոն Մարուքյանն էլ նիստի ընթացքում հայտնել էր, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է այլ բան, այժմ քննարկվում է մեկ այլ բան։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ քննարկումը տեղի կունենա այսօր։
13:31 - 01 ապրիլի, 2021
Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։  «Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:38 - 01 ապրիլի, 2021
Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Ի՞նչ է պետք իմանալ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է հասել «AstraZeneca» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ Պատվաստանյութը ՀՀ է հասել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը և արտադրությունն արագացնելն ու աշխարհի յուրաքանչյուր երկրի համար դրանց հասանելիությունն ապահովելն է։   «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների մասին միջազգային և հայաստանյան մամուլում տարբեր հրապարակումներ կան հետևյալ բովանդակությամբ․ «Գիտնականները հաստատել են AstraZeneca-ի պատվաստանյութի վտանգավոր կողմնակի էֆեկտը» «AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում, երկիր կա՝ տասնյակից ավել մարդ» Նույնաբովանդակ հրապարակումների կարելի է հանդիպել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում (1,2)։ Infocom-ը ներկայացնում է, թե որն է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ այսպիսի տեղեկությունների տարածման պատճառը, և ինչ կարծիք ունեն միջազգային կազմակերպությունները և տարբեր երկրների կառավարությունները պատվաստանյութի մասին։ Այսպիսով, «AstraZeneca»-ն միջազգային գիտական, կենսաբժշկական ընկերություն է, որի մշակած «AstraZeneca» պատվաստանյութը (երեկ այն անվանափոխվել է՝ դառնալով «Vaxzevria») օգտագործման թույլտվություն ստացավ այս տարվա հունվարին։ Արդեն փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՄ երկրները սկսում են պատվաստել իրենց քաղաքացիներին «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով։ Պատվաստանյութի կիրառումը թույլատրվել է կլինիկական  փորձարկումներ անցնելուց հետո, որոնց արդյունքում հայտնի է դարձել՝ դրա կիրառումն արդյունավետ է 18 տարեկանից բարձր մարդկանց համար։ Փորձարկումներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը եղել է 18-55 տարեկան։ Դեղերի եվրոպական գործակալության (European Medicines Agency) փորձագետները գտնում են, որ պատվաստանյութը կարող է կիրառվել նաև ավելի մեծ տարիքի մարդկանց համար։ Պատվաստանյութը երեխաների համար կիրառել դեռևս թույլատրված չէ։ Փորձարկումների ժամանակ պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքներից են ցավը, հոգնածությունը, վատ ինքնազգացողությունը և այլն։  «AstraZeneca»-ի շուրջ հիմնական աղմուկը սկսվեց մարտի 16-ին, երբ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան դադարեցրին պատվաստանյութի կիրառումը։ Պատճառը լուրերն էին, որ պատվաստված որոշ մարդկանց մոտ առաջացել են արյան մակարդելիության խնդիրներ։ Դրան հետևեց Դեղերի եվրոպական գործակալության արձագանքը։ Արտահերթ հանդիպումից հետո գործակալությունը հայտարարեց․ Կորոնավիրուսի դեմ պայքարում պատվաստանյութից ստացված օգուտները գերազանցում են կողմնակի հետևանքների ռիսկերին։ Պատվաստանյութը չի կապվում այն ընդունած մարդկանց մոտ արյան մակարդելիության խանգարումների դեպքերի աճի համընդհանուր ռիսկի հետ։ Պատվաստանյութը կարող է կապված լինել արյան՝ թրոմբոցիտոպենիայով պայմանավորված ցածր մակարդելիության քիչ դեպքերի հետ՝ ներառյալ անոթներում թրոմբների առաջացման դեպքերը։ Գործակալությունը նշեց, որ այս դեպքերը հանդիպել են պատվաստվաստանյութն ընդունած մարդկանց շատ քիչ մասի մոտ, և բացի այդ՝ արյան մակարդելիության խնդիրներ կարող են առաջանալ նաև կորոնավիրուսի պատճառով։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ևս հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ուսումնասիրում է կողմնակի հետևանքների մասին ստացված ահազանգերը, և կոչ արեց չդադարեցնել պատվաստման գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ հայտնեց, որ ԱՀԿ-ի հետ քննարկել է վերջին շրջանում պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները և ստացել պարզաբանումներ: Գերմանիան, Ֆրանսիան և եվրոպական այլ երկրներ  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո որոշեցին վերսկսել պատվաստանյութի կիրառումը։ Կանադան, սակայն, մարտի 30-ին հայտարարեց, որ դադարեցնում է 55 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստումները։ «Կա լուրջ անորոշություն այն բանի վերաբերյալ, թե ինչ օգուտ է տալիս պատվաստանյութը 55 տարեկանից ցածր տարիք ունեցող չափահաս մարկանց՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը»,- նշել է Կանադայի Իմունականխարգելման ազգային խորհրդատվական կոմիտեի (National Advisory Committee on Immunization) փոխնախագահ Շելլի Դիքսը։ Հայկական լրատվամիջոցներում տարածվող լուրերից մեկում խոսվում էր նաև «AstraZeneca»-ի պատվաստանյութից «մահվան տասնյակից ավելի դեպքերի մասին»։  Միակ հայտնի դեպքը, երբ «AstraZeneca»-ի պատվաստանյութի ընդունումից հետո մահ է գրանցվել, եղել է Վրաստանում։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Մեգի Բարկաձե անունով վրացի բուժքրոջ մոտ պատվաստվելուց հետո անաֆիլակտիկ շոկ է առաջացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Վրաստանի առողջապահության նախարարն այս դեպքից հետո հայտարարեց, որ Վրաստանը կշարունակի պատվաստանյութի կիրառումը, սակայն միայն բազմապրոֆիլակտիկ հիվանդանոցներում։ «AstraZeneca»-ն քննադատվել է նաև իր պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հայտարարությունների համար։ Այսպես, կազմակերպությունը մարտի 22-ին հայտարարեց, որ պատվաստանյութը սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ 79% արդյունավետություն ունի։ ԱՄՆ  Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը մարտի 23-ին մեղադրեց «AstraZeneca»-ին, որ կազմակերպությունը հրապարակել է հնացած տվյալներ, որոնք կարող էին պատվաստանյութի արդյունավետության աստիճանի մասին սխալ պատկերացում կազմելու պատճառ դառնալ։ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը կոչ արեց «AstraZeneca»-ին ստուգել տվյալները՝ ստանալու համար արդյունավետության վերաբերյալ առավել ճշգրիտ թվեր։ Մարտի 25-ին կազմակերպությունը թարմացրեց տվյալները՝ հայտնելով, որ սիմպտոմատիկ կորոնավիրուսի դեմ իր պատաստանյութն ունի 76% արդյունավետություն։ Տարաձայնություններ կան նաև այն հարցի շուրջ, թե որքանով է «AstraZeneca»-ի պատվաստանյութն արդյունավետ բարձր տարիքային խմբերի համար։ Դեռևս այս տարվա հունվարին Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի Պատվաստումների մշտական ​​հանձնաժողովը (Standing Committee on Vaccination at Germany's Robert Koch Institute)  հայտարարեց, որ պատվաստանյութը չի կարելի կիրառել 65 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ այս տարիքային խմբի համար պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ բավարար տվյալներ չկան։ «AstraZeneca»-ն հերքեց այն լուրերը, որ իր պատվաստանյութը բարձր տարիքային խմբերի համար ունի ցածր արդյունավետություն։ Չնայած  Դեղերի եվրոպական գործակալության հայտարարությունից հետո Գերմանիան որոշել էր վերսկսել «AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառումը, այսօր հայտնի դարձավ, որ երկիրը կկրճատի 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստումները։ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ կառավարությունը չի կարող անտեսել հաղորդումները, համաձայն որոնց՝ Գերմանիայում «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած որոշ մարդկանց մոտ թրոմբոզ է հայտնաբերվել։ Իսկ ավելի ուշ գերմանական երկու քաղաքներ դադարեցրին 60 տարեկանից ցածր մարդկանց պատվաստումները արյան մակարդելիության խնդիների մասին հաղորդումների պատճառով։ Դեղերի եվրոպական գործակալության անվտանգության կոմիտեն այսօր հանդիպում է ունեցել, որտեղ քննարկվել է «AstraZeneca»-ի պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ արյան մակարդելիության խնդիրների առաջացման հարցը։ Ըստ գործակալության՝ չնայած պատվաստանյութի հետ կապն ապացուցված չէ, բայց այսպիսի կապը հնարավոր է, և ուսումնասիրությունները շարունակվում են: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստանյութի՝ Հայաստան բերված խմբաքանակը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով պատվաստման համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ այսօր ասել է, որ Հայաստան հասած առաջին խմբաքանակը նախատեսված է 12 հազար մարդու համար։ Ամփոփելով «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի մասին պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները՝ պետք է նշել, որ չափազանցված են այն պնդումները, թե գիտնականներն ապացուցել են, որ պատվաստանյութը վտանգավոր կողմնակի հետևանքներ ունի, կամ տարբեր երկրներում պատվաստված մարդիկ են մահանում։ Պատվաստանյութի առաջացրած կողմնակի հետևանքների, ինչպես նաև տարիքային բարձր խմբերում արդյունավետության մասին մտահոգություններ կան, բայց այդ տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են։ Աննա Սահակյան
19:19 - 31 մարտի, 2021
ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը։ Այս մասին գրում է Foreign Policy կայքը։  Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե  այժմ որքանով է  հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի։  Ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուի խոսքերով, ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և  դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ Ըստ գնդապետ Շոուի, խոսքը գնում է ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։  Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։
18:09 - 31 մարտի, 2021
Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել  [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Մշակույթի արդյունավետ կառավարումը՝ որպես Հայաստանի զարգացման մոդել [Challenge 19.1 | Հայկ Վարդանյան]

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։   Հայաստանի մշակութային պոտենցիալը (ազատ ստեղծագործողների հսկայական բանակ, միջազգային հարթակներում լուրջ հաջողությունների հասած հարյուրավոր հայկական անուններ, խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած հրաշալի թատերահամերգային հարթակներ և ցուցասրահներ) պետք է որ թույլ տար մշակույթի ոլորտին զարգացման և ինքնաբավության ուրույն մոդել ձևավորել, ինչին դեռևս ականատես չենք լինում: Այս հոդվածը նպատակ ունի վերհանելու մշակույթի ոլորտի խորքային խնդիրները և դրանց լուծման փորձված ուղիներ առաջարկելու: Շատ կարևոր է հասկանալ ոլորտի ամենախորքային խնդիրը՝ պետության չափազանցված միջամտությունը ոլորտի կառավարմանը: Մշակույթի ոլորտը մեծամասամբ կազմակերպված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՊՈԱԿ-ների տրամաբանությամբ և կարգավորվում է համապատասխան օրենսդրությամբ, ինչը ժամանակակից շուկայական հարաբերությունների համատեքստում ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան զարգացման հնարավորություններ: Փաստորեն, պետությունը ոլորտի գլխավոր ներդրողն է, իսկ երբ պետության գործերը լավ չեն, դա հանգեցնում է մշակույթի բյուջեի էական կրճատման (ինչին ականատես ենք լինում 2021 թվականին), հետևաբար, ոլորտային խնդիրներն օրեցօր սրվելու են: Վերը նշված խնդրից հնարավոր կլիներ խուսափել, եթե ոլորտում ներդրողների բազմազանություն լիներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած թատերահամերգային հարթակները սպասարկման, երբեմն նույնիսկ կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այդ ամենը միայն պետության կամ բարերարների ուսերին թողնելը փակուղային լուծում է: Հետևաբար, յուրաքանչյուր ՊՈԱԿ պետք է իր զարգացման ծրագրով և ներդրողին առաջարկելիք բիզնես մոդելով հանդես գալու հնարավորություն և ազատություն ունենա: Իսկ դա հնարավոր է միայն ՊՈԱԿ-ային օրենսդրության ռադիկալ փոփոխությունների և մշակույթի ոլորտի ազատականացման միջոցով: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ ոլորտի կազմակերպությունները ֆինանսական տեսանկյունից գրավիչ չեն կառավարիչների համար, այնինչ դրանց զարգացման նոր տեսլական ու ռազմավարություն մշակելը, կառավարման արդյունավետ համակարգերի ներդրումը հենց կառավարիչների անելիքներն են: Այստեղ ընթերցողին կարող է թվալ, որ փակուղային վիճակ ունենք․ զարգացման համար ծրագրեր են պետք, իսկ ծրագրերը պետք է մշակեն կառավարիչները, որոնց վճարելու հնարավորություն ՊՈԱԿ-ները չունեն: Այստեղ ևս պետությունն անհրաժեշտ ճկունություն պետք է դրսևորի՝ հրավիրվելիք կառավարիչներին և նրանց թիմերին առաջարկելով ներդրողի կարգավիճակ՝ ստեղծվելիք երկարաժամկետ արդյունքներից օգտվելու հնարավորությամբ: Բնականաբար, գործող օրենսդրության պարագայում նման իրավիճակ պատկերացնելն իսկ դժվար է, բայց նժարին դրված է ոլորտը կոլափսից փրկելու խնդիրը (այն, որ երկրի տնտեսական խնդիրներն առաջիկա մեկ-երկու տարում է՛լ ավելի են սրվելու, իսկ բյուջեն շարունակաբար կրճատվելու է, դժվար չէ կռահել), հետևաբար, օրենսդրական փոփոխություններն այն նվազագույն քայլերն են, որոնք պետությունը պետք է նախաձեռնի՝ ներդրողների համար ոլորտը գրավիչ դարձնելու համար: Եվս մեկ խնդիր, որի գիտակցումն առաջնահերթ է ինչպես մշակույթի, այնպես էլ այլ ոլորտների զարգացման համար՝ պետության վարքագծային մոդելը: Նախ, պետությունը պետք է տարանջատի սուբսիդավորողի և կառավարչի գործառույթները: Չպետք է մոռանալ, որ մշակույթի սուբսիդավորումը պետության սոցիալական պատասխանատվության (իր քաղաքացիներին կրթելու) անհրաժեշտ բաղադրիչ և անխուսափելի պարտավորություն է: Պետության առանցքային անելիքն այս ոլորտում օրենսդրական նպաստավոր պայմանների ապահովումն է՝ ազատ ստեղծագործողների կարգավիճակին առնչվող օրենսդրական բացը լրացնելը, մշակութային ՊՈԱԿ-ներին ձեռնարկատիրական գործունեության ավելի լայն ազատությունների տրամադրումը, մեկենասության մասին օրենքի ընդունումը և այլն: Այս ամենի հիմքում, բնականաբար, պետք է լինի պետության վարքագծային մոդելի վերանայումը՝ ոլորտի պրոֆեսիոնալներին լսելու, դաշտն ազատականացնելու, կառավարումն ապակենտրոնացնելու: Վերոնշյալը թույլ կտա բազմապատկել ինչպես մշակութային արդյունաբերության տեսակարար կշիռը, այնպես էլ, այդ աճով պայմանավորված, պետության հավաքագրելիք հարկերը: Իսկ նպաստավոր օրենսդրությունն իր հերթին հնարավոր կդարձնի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրագործումը: Վերջում ավելացնեմ, որ վերնագիրն ընտրվել է առանց ավելորդ չափազանցության, քանի որ Հայաստանն առաջին հերթին իր մշակութային պոտենցիալով է հայտնի, և եթե այդ պոտենցիալն իրացնելու ճանապարհային քարտեզ և կառավարման կենսունակ մոդելներ ունենանք, իսկ պետությունն անհրաժեշտ ճկունություն դրսևորի ՊՈԱԿ-ային և մշակութային օրենսդրությունը հանուն զարգացման վերանայելու, ապա բոլորս ականատես կլինենք այն հրաշքին, ինչը թույլ կտա բանաձևել ամբողջ երկրի զարգացման մոդելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Վահան Արծրունուն: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:   Օպերային երգիչ, ԵՊԿ Օպերային ստուդիայի տնօրեն
21:25 - 27 մարտի, 2021
2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակիչ-բաժանորդներն ու կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով կարող են առեւտրային հաշվառքի իրենց սարքերը համալրել բնական գազի ճնշման եւ ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։ Գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչները սարքեր են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաեւ օդի ջերմաստիճանը եւ մթնոլորտային ճնշումը։ Այժմ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թվականի հուլիսի 8-ի՝ «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ է արել՝ ի թիվս այլնի սահմանելով, որ արդեն 2022 թվականից բնակիչներն էլ կարող են տեղադրել էլեկտրոնային ճշտիչներ։ 2020 թվականի հունվարին Infocom-ն անդրադարձել էր այս թեմային՝ զրուցելով Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ, որը տեւական ժամանակ ուսումնասիրել էր հարցը։ Վերջինս մանրամասնել էր, որ կախված ճնշումից եւ ջերմաստիճանից՝ գազն ունի տարբեր ծավալ։ Նրա խոսքով՝ երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից, եւ երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է,  եւ այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում եւ ավելի շատ է ցույց տալիս:  Ղարաբեկյանն սկսել է ավելի մանրամասն ուսումնասիրել, եւ պարզվել է, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն այդ գործոնը, մեր զրուցակցի պնդմամբ, մեր բնակչության համար հաշվի չէր առնվում։ Թե ինչի հիման վրա է որոշվել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձեւ հաշվարկվի, բնակչության համար՝ մեկ այլն, ՀԾԿՀ-ն երկարատեւ գրագրությամբ էլ չէր ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:  Այդուհանդերձ, որոշման մեջ փոփոխություններ են եղել, եւ բնակիչները եկող տարի արդեն կկարողանան իրենց միջոցներով տեղադրել էլեկտրոնային ճշտիչ սարքեր։ 
19:01 - 27 մարտի, 2021
«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

«Про100 Гейм»․ ՌԴ-ում գրանցված կազմակերպությունը Հայաստանում կասկածելի գործունեություն է ծավալում

Աշխատանքի կասկածելի առաջարկի հետքերով Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, որտեղ մարդիկ աշխատանք են փնտրում կամ առաջարկում, կարելի է հանդիպել տարբեր օգտատերերի աշխատանքի հայտարարությունների, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը․ Միակ պրոյեկտը, որտեղ ժամանակդ անիմաստ չես վատնում։ 1 ամսում վստահ կարող ես աշխատել 200 դոլարից սկսած մինչև 1000 դոլար։ Վաճառքի հետ չունի ոչ մի կապ («Օրիֆլեյմ», «Ֆաբերլիկ» չէ)։  Բոթ չէ։ Դուք ունեք հնարավորություն գումար աշխատել հենց առաջին իսկ օրից։ Կանխիկացումը՝ միանգամից, «Visa» և «Master» քարտերով։ Գրեն ռեալ գումար աշխատել ցանկացողները։ Հայտարարության բովանդակությունը կասկածելի է թվում, քանի որ բացակայում են աշխատանքի նկարագրությունը, աշխատանքի ընդունվելու համար պահանջվող հմտությունները, աշխատանք առաջարկող կազմակերպության անվանումը։ Կասկածելի է նաև այն, որ, ըստ հայտարարության, առաջարկվող աշխատանքին անցնելով, հնարավոր է գումար վաստակել հենց առաջին օրվանից, իսկ ամսական վճարը կարող է կազմել 200-ից 1000 դոլար։ Infocom-ի լրագրողն այս աշխատանքն առաջարկող «Onlayn Asxatank» ֆեյսբուքյան օգտատիրոջը մի ամիս առաջ ներկայանում է որպես աշխատանք փնտրող՝ խնդրելով մանրամասնել պայմանները։ «Onlayn Asxatank» օգտատերը հարցնում է՝ ծանո՞թ եք ցանցային բիզնեսին։ Infocom-ի լրագրողն ասում է, որ ծանոթ չէ, և խնդրում բացատրել։ Պարզվում է, որ առաջարկվող աշխատանքը «Про100 Гейм» անունով ընկերությունում է, իսկ աշխատանքի նկարագրության փոխարեն «Onlayn Asxatank» օգտատերն ասում է հետևյալը․ ««Про100 Гейм» ֆիրման ստեղծվել է 2020 թվականին, այն ռուսական է։ Ֆիրման մեկանգամյա ներդրումային է, համագործակցում է «Visa», «Master» քարտերի հետ, չկա շոշափելի պրոդուկտ, ներդրված գումարների դիմաց ֆիրման տրամադրում է մեզ բիզնես ծառայություն անվճար»։ Այս ոչինչ չասող պատասխանից հետո Infocom-ի լրագրողը խնդրում է կոնկրետ ներկայացնել, թե աշխատանքի ընդունվելու պարագայում, բացի գումար ներդնելուց, որն է լինելու իր գործը։ Օգտատերը նրան ուղարկում է տեսանյութ, որտեղ ներկայացվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգ պլանը։ Իսկ մարքեթինգ պլանի էությունը հետևյալն է․ գրանցվելով կազակերպությունում՝ մարդը պետք է վճարի նվազագույնը 12,5 դոլար, որից 2,5 դոլարը գանձվում է գրանցման համար, իսկ 10 դոլարը «բիզնեսի համար արվող ներդրումն է»։ Դրանից հետո մարդու խնդիրն է գտնել ևս երկու հոգու, որոնք պատրաստ կլինեն նույնքան գումար ներդնել։ Իր հրավիրած անձանցից յուրաքանչյուրի ներդրումից մարդը ստանում է 5% եկամուտ (ընդհանուր՝ 1 դոլար)։ Իսկ երբ այդ մարդիկ ևս գտնում են երկուական մարդկանց, որոնք կվճարեն յուրաքանչյուրը 12,5 դոլար (որից 2,5 դոլարը գրանցման համար գանձվող գումարն է), առաջին մարդը ստանում է նրանցից յուրաքանչյուրի ներդրած գումարի 95%-ը (բոլորը միասին՝ 38 դոլար)։ Այս շղթայում յուրքանչյուր մարդ կոչվում է «մատրից», և երկրորդ փուլում, երբ հրավիրվածների ընդհանուր թիվը հասնում է 7-ի, շղթան փակվում է։ Արդյունքում մարդը ստանում է 39 դոլար, որը սակայն, չի կարող ամբողջությամբ կանխիկացնել, քանի որ 10 դոլարը պետք է նոր ցիկլ սկսելու համար։ Այսպիսով, մարդը ներդնում է 12,5 դոլար, իսկ արդյունքում վաստակում 29 դոլար (ներառյալ Ռուսաստանից փոխանցման համար գանձվող գումարը)։ Կան նաև ավելի թանկ փաթեթներ, ամենամեծ ներդրումն արժե 2560 դոլար։ Ակնհայտ է, որ աշխատանքի առաջարկի խոստումներն ու իրական պատկերն իրար այնքան էլ նման չեն։ Փորձենք սա հասկանալ ամենաքիչ ներդրում պահանջող փաթեթի օրինակով․ ներդրված գումարի դիմաց եկամուտն այնքան էլ մեծ չէ․ ներդնելով 12․5 դոլար՝ մարդը, բացի իր նեդրած գումարի վերադարձից, հավելյալ ստանում է 16․5 դոլար, գումար կանխիկացնելու համար պետք է հրավիրել մարդկանց, որոնք էլ իրենց հերթին կհրավիրեն այլ մարդկանց, ինչը ժամանակատար է, և դժվար թե հնարավոր լինի գումար կանխիկացնել աշխատանքի անցնելու հենց առաջին օրվանից։ Բացի այդ՝ կա մի նրբություն, որի մասին այս աշխատանքն առաջարկողները սկզբում չեն նշում․ գումար կարելի է կանխիկացնել միայն այն դեպքում, երբ հաշվի վրա ավելի քան 10 դոլար է, այսինքն՝ մարդը պիտի իր «բիզնես» հրավիրած լինի մի քանի հոգու։ Infocom-ի լրագրողը «Onlayn Asxatanq» օգտատիրոջից հետաքրքրվում է, թե արդյոք կազմակերպությունն ունի գրասենյակ։ Օգտատերը պատասխանում է, որ աշխատանքն առցանց է, պետք է միայն գրանցվել կազմակերպության կայքում։ Քանի որ և՛ աշխատանքի նկարագրությունը, և՛ կազմակերպությունը կասկածելի են, մեր լրագրողն «աշխատանքի է անցնում» այնտեղ, ներդնում 12,5 դոլար, գրանցվում «Про100 Гейм»-ի կայքում և ծանոթանում այդ, այսպես կոչված, ցանցային բիզնեսին, ներսից։ Infocom-ի լրագրողը կայքում գրանցվելուց և ներդում կատարելուց հետո հայտնվում է «Про100 Гейм»-ի աշխատակիցների տելեգրամյան խմբերում, որտեղ նրանք քննարկում են իրենց աշխատանքը, սովորաբար ոգևորում միմյանց և խրախուսում շատ մարդկանց հրավիրել, պատմում այն մասին, թե որքան գումար են կանխիկացրել։ Պարզվում է, որ տելեգրամյան այդ խմբերի մասնակիցներից գլխավորը Մերի Դանիելյանն է, որի թիմում, ըստ Infocom-ի լրագողին «Про100 Гейм» հրավիրած մասնակցի, կա 1000 մարդ։ Երբ մասնակիցները դժվարանում են մարդկանց հրավիրել, Մերի Դանիելյանից են հարցնում, թե ինչպես այս կամ այն բանը բացատրել, ապացուցել, որ կազմակերպությունն օրինական է։ Մերի Դանիելյանն է նաև հեղինակը յութուբյան հայերեն մի քանի տեսանյութերի, որոնցում բացատրվում է «Про100 Гейм»-ի մարքեթինգային պլանը։ Infocom-ի լրագրողը մասնակցում է կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարին «Zoom» հարթակում։ Վեբինարի ընթացքում ավագ մասնակիցները (նրանք, ովքեր արդեն շատ մարդկանց են հրավիրել, ինչպես նաև բացել են տելեգրամյան խմբերը, որոնցում ամեն օր նոր մասնակիցներ են ավելանում) նորեկներին բացատրում են աշխատանքի, մարդկանց գրավելու նրբությունները, պատասխանում նրանց հարցերին։ Պարզվում է, որ այն դեպքերում, երբ նոր եկած մասնակիցը չի կարողանում մարդկանց հրավիրել, ավելի վաղ ներգրավված մասնակիցների հետ եռակողմ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ նորեկը լսում է, թե ինչպես է հին մասնակիցը համոզում մարդկանց գրանցվել և ներդրում անել։   «Про100 Гейм». ովքե՞ր են սեփականատերերը Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերում հայտնվելու հենց առաջին օրն այնտեղ տեսնում է կազմակերպության գրանցման փաստաթղթեր, որոնք ուղարկել են խմբի անդամները՝ նորեկներին ցույց տալու համար, որ կազմակերպության գործունեությունն օրինական է։ Պարզվում է, որ այդ փաստաթղթերն իրական են։ «Про100 Гейм» կազմակերպության հիմնադիրը Նիկոլայ Ժարիչևն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է ՌԴ-ում  2020-ի մայիսին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով և պաշտոնապես գրանցված է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց միասնական պետական ​ ռեգիստրում, գրանցման հասցեն Սանկտ Պետերբուրգ քաղաքն է։ Կազմակերպության տեխնիկական տնօրենը Եվգենի Պրոնյագինն է։ Ժարիչևի և Պրոնյագինի անունները կապվում են ռուսական ևս մի ընկերության հետ, որը կառուցվածքով շատ նման է «Про100 Гейм»-ին։ Այսպես, ՌԴ-ում 2019-ի հունիսին կրկին 10․000 ռուբլի կանոնադրական կապիտալով բացվում է «Инстагейм» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը և գլխավոր տնօրենը Եվգենի Դրաննիկովն է։ Ընկերության համասեփականատերեր են Եվգենի Պրոնյագինը և Նիկոլայ Ժարիչևը։ Ընկերության գրանցման հասցեն կրկին Սանկտ Պետերբուրգն է։ «Инстагейм»-ի կայքում գրանցվելիս, ըստ հիմնադիրների, մարդիկ կարող են «Ինստագրամ»-ի իրենց էջերը զարգացնելու համար նախատեսված առցանց վիդեոդասընթացներ ստանալ։ Կայքում գրանցված մարդիկ «Ինստագրամ»-ում դառնում են միմյանց հետևորդներ, հավանում միմյանց հրապարակումները, մեկնաբանություններ թողնում, ինչի արդյունքում էջերն ակտիվանում են, հետևորդների թիվն ավելանում է։ Բայց այս ամենն ունենալու համար պետք է բաժանորդավճար տալ։ Իսկ եթե մարդը հրավիրում է այլ անձանց, և նրանք իրենց հերթին գնում են մեկ ամսվա կամ ավելի մեծ ժամանակահատվածի համար նախատեսված փաթեթներ, հրավիրողը  նրանց վճարներից ստանում է եկամուտներ։ Մի խոսքով, շեշտը դրված է «Ինստագրամ»-ի վրա, բայց գումար աշխատելու սխեման շատ մոտ է «Про100 Гейм»-ին․ մարդը գնում է ինտերնետ ծառայության փաթեթ, հրավիրում այլ մարդկանց, որոնք նույնպես գնում են այդ փաթեթը, և նրանց վճարներից գոյացած գումարից որոշակի տոկոսներ է ստանում։ Հետարքիրն այն է, որ չնայած «Инстагейм»-ի կայքում նշված է, որ այն օրինական գրանցում ունի, «Инстагейм» ՍՊԸ-ն պաշտոնապես լուծարվել է 2020-ի սեպտեմբերի 30-ին։  «Инстагейм»-ի հիմնադիր Դրաննիկովին է պատկանում ևս մի ընկերություն՝ «Интернет решения»-ն։ Ըստ ռուսական պետռեգիստրի տվյալների՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2016-ի մարտին և այս պահին գործում է։ Ընկերությունը գրանցված է Սանկտ Պետերբորգում, ինչպես «Инстагейм»-ը և «Про100 Гейм»-ը։ «Интернет решения»-ի համասեփականատեր է նաև Եվգենի Պրոնյագինը։ «Инстагейм»-ի  կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում նշված է, որ կայքի ադմինիստրատորը «Инстагейм» ՍՊԸ-ն է, և բաժնում գրված է այդ ՍՊԸ-ի հասցեն, իսկ «Օգտագործման կանոններ» բաժնում կայքի ադմինիստրատորի նկարագրության մեջ նշված է «Интернет решения» ՍՊԸ-ի գրանցման հասցեն։ «Инстагейм»-ը փաստացի չի գործում, բայց կայքի հիմնադիրները, փաստորեն, այն ներկայացնում են որպես գործող, օրինական գրանցում ունեցող կազմակերպություն։  Դրաննիկովի ընկերությունների հետ կապված են ևս մի քանի գործող և արդեն լուծարված ընկերություններ։ Այդ ընկերություններում սեփականատերեր են կա՛մ Դրաննիկովը, կա՛մ «Инстагейм» և «Интернет решения»-ի համասեփականատեր, «Про100 Гейм»-ի անդամ Եվգենի Պրոնյագինը։ Այս ընկերություններին միավորում է այն, որ գրանցված են (կամ եղել են) Սանկտ Պետերբուրգ քաղաքում, և նրանց գործունեությունը ծավալվում է ինտերնետ հարթակներում։ «Про100 Гейм»-ի անդամների պնդումները, թե կազմակերպությունն ունի օրինական գրանցում, փաստորեն, ճիշտ են։ Բայց չնայած այն փաստին, որ ընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2020-ի մայիսի 6-ին, Հայաստանում կան մարդիկ, որոնց ֆեյսբուքյան էջերում նշված է, որ «Про100 Гейм»-ում աշխատանքի են անցել, օինակ, դեռևս 2020-ի ապրիլին։ Բացի այդ՝ ընկերության յութուբյան ալիքում մարքեթինգային պլանը բացատրող տեսանյութեր սկսել են հրապարակվել դեռևս 2020-ի փետրվարից։ Փաստորեն, կազմակերպությունում սկսել են անդամներ ներգրավվել դեռ այն ժամանակ, երբ այն պաշտոնապես գրանցված չի եղել։ Համաձայն ռուսական «За честный бизнес» կայքի, որի նպատակն է  ՌԴ-ում գործող կազմակերպությունների տվյալները հասանելի դարձնել հանրությանը, «Про100 Гейм» կազմակերպության վարկանիշը ցածր է։ Կազմակերպությունները մշտադիրտարկելիս պորտալն օգտվում է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Դաշնային հարկային ծառայության, արբիտրաժային դատարանների և այլ տվյալներից:   Ի՞նչ միջոցներով է գործում «Про100 Гейм»-ը Infocom-ի լրագրողը փետրվարի 8-ին մասնակցում է «Про100 Гейм»-ի հիմնադիր Նիկոլայ Ժարիչևի հետ «Zoom» հարթակում անցկացված հանդիպմանը, որի ընթացքում Ժարիչևը խոսում է այն մասին, թե ինչ միջոցներով է գոյատևում իրենց կազմակերպությունը։ Ըստ Ժարիչևի՝ «ինքն էլ է խաղի մեջ», այսինքն՝ ներդումներ է անում, մարդկանց հրավիրում և նրանց ներդրումներից գումար վաստակում։ Բացի այդ՝ կազմակերպությունը յուրաքանչյուր մասնակցի գրանցումից 2,5 դոլար եկամուտ է ստանում։ Ժարիչևի խոսքով՝ հենց այդ միջոցներն էլ ապահովում են «Про100 Гейм»-ի գործունեությունը։ Ներկայացնում ենք խոսակցության տեսագրությունը (կարող եք դիտել տեսանյութի 03:41- 04:00 և 06:18- 07։08 րոպեները)։ Ժարիչևը հանդիպման ժամանակ նաև ասում է, որ գրանցման համար 2,5 դոլար վճարելուց հետո մասնակիցներն ուրիշ որևէ վճար չեն անում, իսկ արվող սկզբնական ներդումը (10 դոլար կամ ավելի՝ կախած փաթեթից) մեկանգամյա է։ Բայց իրականում, եթե ուշադիր նայենք կազմակերպության մարքեթինգային պլանը, կհասկանանք, որ ներդրված ողջ գումարը չէ, որ բաշխվում է մասնակիցների միջև, և կազմակերպությանն անցնող գումարն անհամեմատ ավելի մեծ է։  Ներկայացնենք սա ամենաէժան փաթեթի օրինակով։ Այսպես, երբ որևէ մեկը, ներդնելով 10 դոլար, հրավիրում է երկու հոգու, նրանք էլ հրավիրում են յուրաքանչյուրը երկու հոգու, և հրավիրվածների թիվը հասնում է 7-ի, ցիկլը փակվում է։ Բայց առաջին մարդը չի կարող կանխիկացնել իր «վաստակած» ողջ գումարը, քանի որ 10 դոլարը պահվում է հաջորդ ցիկլը սկսելու համար։  Կարող եք մտածել, թե մասնակցի եկամտից պահվող 10 դոլարն անցնում է իրեն հրավիրած մարդուն, բայց դա այդպես չէ, քանի որ մասնակիցն ամենասկզբում արդեն ներդրել է 10 դոլար, որից իրեն հրավիրողը եկամուտ է ստացել։ Հետևաբար, ամենահավանական տարբերակն այն է, որ նոր փաթեթի համար պահվող 10 դոլարն անցնում է կազմակերպությանը։  Իսկ երբ այդ 10 դոլարով, կազմակերպության անդամների լեզվով ասած, «բացվում է նոր մատրիցա», և մասնակիցը հրավիրում է ևս 6 հոգու՝ փակելով ցիկլը, նա իր վաստակած 39 դոլարից կարող է կանխիկացնել միայն 9 դոլար, քանի որ նրա եկամուտն ավտոմատ ուղղվում է մեկ 10 դոլարանաոց և մեկ 20 դոլարանոց փաթեթներ գնելուն, որոնցով կսկսվեն նոր փուլեր։ Ակնհայտ է, որ այդ ամբողջ ընթացքում իր վաստակած գումարի ուղիղ կեսը մարդը չի կարողանում կանխիկացնել, այլ ավտոմատ կերպով գնում է նոր փաթեթներ։ ժարիչևի պնդումը, թե սա մեկանգամյա ներդրում է, սուտ է, որովհետև մասնակիցներն իրենց վաստակած գումարներից կազմակերպությունում շարունակ ներդրումներ են անում։ Հանդիպման ժամանակ «Про100 Гейм»-ի հիմնադիր Ժարիչևն անդրադառնում է նաև հարցին, թե արդյոք հնարավոր է վերադարձնել ներդրված գումարը, եթե մասնակիցը չի կարողանում նոր մարդկանց հրավիրել և գումար աշխատել։ Ժարիչևը բերում է առցանց գիրք գնելու օրինակը․ եթե որևէ մեկը գումար է վճարել և առցանց գիրք գնել, հետո այն նրան դուր չի եկել, չի նշանակում, թե առցանց գիրք վաճառող կազմակերպությունը պետք է վերադարձնի նրա գումարը։  Ըստ Ժարիչևի, գրանցվելով իր կազմակերպությունում և ներդրում անելով, մարդիկ հասանելիություն են ունենում կազմակերպության դասընթացներին, կրթվում, ինչպես նաև, նոր մարդկանց հրավիրելով, գումար աշխատելու հնարավորություն ստանում։ Հենց դրա համար է, որ կազմակերպությունը չի վերադարձնում մարդկանց ներդրումները, եթե նրանք չեն կարողանում գումար աշխատել (կարող եք դիտել տեսանյութի 16։58-18։19 րոպեները)։ Ժարիչևի այս բացատրությունը կարող էր արդարացված լինել, եթե այդ դասընթացներն իրոք ունենային այն արժեքը, որքան դրանց համար վճարում են մարդիկ։ Երբ Infocom-ի լրագրողը գրանցվում է կայքում և իր վճարած գումարին համարժեք դասընթացների հասանելություն ունենում, ընդամենը մի քանի տեսանյութ դիտելուց հետո հասկանում է, որ այդ դասընթացներն ուղղակի միջոց են՝ ավելի շատ մարդկանց հրավիրելու համար։ Այդ տեսանյութերում բացատրվում է, թե ինչպես կարելի է սոցցանցերի (հիմնականում՝ «Ինստագրամ»-ի) էջերը գրավիչ դարձնել, հրապարակումները ճիշտ անել, նկարները մշակել, սոցցանցերում գովազդ տեղադրել և այլն։ Այսինքն, այս ամենը կնպաստի, որ մարդը կարողանա շատ հետևորդներ ունենալ և իր հրապարակումներն ու «բիզնես առաջարկներն» այնպես ներկայացնել, որ հնարավորինս շատ մարդկանց հրավիրի կազմակերպություն։ Փաստորեն, գրանցվելով «Про100 Гейм»-ում, մարդիկ գումար են վճարում այնպիսի դասընթացների համար, որոնք նրանց կօգնեն նոր մարդկանց հրավիրել կազմակերպություն։ Բացի այդ՝ չկա որևէ երաշխիք, որ ներդրում անելուց հետո հնարավոր է գումարը ետ բերել և հավելյալ գումար վաստակել։ «Про100 Гейм»-ի անդամների տելեգրամյան խմբերից մեկում Infocom-ի լրագրողը նկատում է մի անդամի, որը ներդրում է արել և չի կարողանում գումար վաստակել։ Այդ անդամի հետ անձնական նամակագրության ընթացքում վերջինս պատմում է մեր լրագրողին, որ 6800 դրամ է վճարել և երբ մարդկանց է հրավիրել, հրաժարվել են կազմակերպությունում գրանցվել ներդրումների պատճառով։  «Ինձ ոսկե սարեր խոստացան, որ մենակ չես լինի, մեր հրավերն էլ է քեզ օգնելու, բայց ես դա չտեսա»,- գրում է տուժած մասնակիցը։   «Про100 Гейм»-ում կարող են ներգրավվել նաև անչափահասները Infocom-ի լրագրողը «Про100 Гейм»-ի տելեգրամյան խմբերից մեկում նկատում է, որ մասնակիցները խոսում են կազմակերպությունում ներգրավված երեխայի մասին։ Կազմակերպության մասնակիցները խմբի անդամներին ասում են, որ 12 տարեկան երեխան  «մուտք է գործել մեծ բիզնես, գումարներ է վաստակում», և նրանք պետք է այդ երեխայից օրինակ վերցնեն։ Խմբում է նաև երեխայի մայրը, որն ասում է, թե ինքն է թույլ տվել նրան գրանցվել կազմակերպությունում։ «Про100 Гейм»-ի անդամներից մեկն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է խմբի նամակագրությունը՝ պատմելով  «մեծ բիզնես մուտք գործած 12-ամյա երեխայի մասին»։   Օրինակա՞ն է «Про100 Гейм»-ի գործունեությունը Կազմակերպության հայաստանյան անդամների վեբինարի ընթացքում Infocom-ի լրագրողն ասում է, որ փորձել է մարդկանց հրավիրել, բայց նրանք չեն վստահել կազմակերպությանը և չեն ցանկացել ներդրում անել։ Ծավալվում է քննարկում, որի ընթացքում կազմակերպության անդամները սկսում են հերքել պնդումները, թե «Про100 Гейм»-ը կարող է ֆինանսական բուրգ լինել։ «Պիրամիդան՝ քո մուտքից ես էլ փող կաշխատեի, Զվարթն էլ ու տենց մինչև վերև։ Ինչքան ուզում ես, դու աշխատի, մենք քեզնից շատ էինք աշխատելու․․․ Եթե կա մի կամպանիա, որ քեզ առաջարկում են, ու քո մուտք լինելուց համարյա սաղ փող են աշխատում, իմացի՝ էդ ֆինանսական բուրգ ա»,- ասում է անդամներից մեկը։  Ներկայացնում ենք քննարկման ձայնագրությունից մի հատված։ Այս բացատրություն տվողն, ի դեպ, աշխատում է «Onyxum» ընկերությունում: Նա պնդում է, որ ինչպես «Onyxum»-ի, այնպես էլ  «Про100 Гейм»-ի գործունեությունն օրինական է, և այս կազմակերպությունները ֆինանսական բուրգ համարել չի կարելի։  «Onyxum»-ի գործունեության մասին, հիշեցնենք, գրել էր «Հետք»-ը։ «Հետք»-ին տված հարցազրույցում «Onyxum»-ի լիդերներից մեկը՝ Վահե Հովհաննիսյանն, ասել էր, թե «Onyxum»-ոչ մի կապ չունի «Վոդա» անունով կազմակերպության հետ, որի գործունեությունն Իրանում դադարեցվել էր ֆինանսական բուրգ լինելու պատճառաբանությամբ։ «Про100 Гейм»-ի անդամների վեբինարի ընթացքում, սակայն, «Onyxum»-ի աշխատակիցը պնդում է հակառակը․ «Ինձ «Onyxum»-ը առաջարկել են 6 տարի առաջ, էդ վախտ կոչվում էր «Վոդա», ինձ հազար հոգի ասել ա՝ շպրտոցի ա։ Ես էդ հազար հոգուն լսեցի, չգնացի, անցավ մի քանի տարի, նոր գնացի»։  Կարող եք լսել քննարկման ձայնագրությունից մի հատված։  ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածով սահմանվում է, թե ինչ է ֆինանսական բուրգը․ «ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության»: Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով։ Ֆինանսական բուրգ ստեղծելու համար մարդիկ կարող են դատապարտվել ազատազրկման, եթե բուրգում ներգրավվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք, անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել է խոշոր չափի վնաս, օգտագործվել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև բուրգը ստեղծել է կազմակերպված խումբը։ Ինչպես տեսնում ենք, «Про100 Гейм»-ի ծավալած գործունեությունը մոտ է ՀՀ օրենսդրությամբ Ֆինանսական բուրգի սահմանմամբ նկարագրված գործողություններին, քանի որ վերը նշված սխեմայից պարզ է դառնում, որ կազմակերպությունում գրանցվողների ֆինանսական եկամուտները գոյանում են բացառապես նոր մասնակիցների վճարներից, այսինքն՝ նրանք չեն անում որևէ աշխատանք, որի դիմաց կազմակերպությունը վճարում է նրանց։ «Про100 Гейм»-ի հիմնադիրները կարող են հակափաստարկ բերել, որ իրենց կազմակերպությունում ներդրում անողները վճարված գումարի դիմաց կրթական ծառայություններ են ստանում, այդ պատճառով էլ «Про100 Гейм»-ը ֆինանսական բուրգ չէ, բայց վերևում արդեն նշեցինք, որ այդ կրթական ծառայությունների նպատակը նոր մարդկանց ներգրավելուն նպաստելն է։ Քանի որ «Про100 Гейм»-ը ռուսական գրանցում ունի և Հայաստանում գրանցված չէ, հասկանանք, թե ֆինանսական բուրգ ստեղծելու և դրանում մարդկանց ներգրավելու մասով ինչ կարգավորումներ ունի ռուսաստանյան օրենսդրությունը։ Այսպես, ՌԴ Վարչական իրավախտումների օրենսգրքով սահմանվում է․ «Անձի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցներ կամ այլ գույք ներգրավելու գործողությունների կազմակերպումը կամ իրականացումը, որի ընթացքում եկամտի վճարումը կամ այլ արտոնությունների տրամադրումը այն անձանց, որոնց դրամական միջոցներն ավելի վաղ ներգրավվել են, իրականացվում են այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներգրավված միջոցների հաշվին, պատժվում են 5 հազարից 1 միլիոն ռուբլի տուգանքով,  եթե այդ գործողությունները չեն պարունակում քրեական հանցագործություն»։ «Про100 Гейм»-ում ներգրավված են մարդիկ  ոչ միայն Ռուսաստանից և Հայաստանից։ Կազմակերպության կայքում նշված է, որ այն ունի 100 հազար անդամ 13 երկրից։ Ժարիչևի հետ առցանց հանդիպման ժամանակ էլ մասնակիցների մեջ կային մարդիկ Ուկրաինայից, Ղազախստանից, Թուրքիայից և այլ երկրներից։  Քանի որ «Про100 Гейм»-ը գործում է առցանց հարթակում, գրանցված չէ այն երկրներում, որտեղ կազմակերպության անդամներ կան։ Բայց այն փաստը, որ կազմակերպության գործունեությունը շատ մոտ է ֆինանսական բուրգի, կասկածելի է դարձնում նրա գործունեությունը ոչ միայն ՌԴ-ում, այլև Հայաստանում և այլ երկրներում։ Աննա Սահակյան, Նարեկ Մարտիրոսյան  
20:58 - 26 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Փետրվարի 25․ ռազմական գործողությունների դադարից անցել է 108 օր, բայց Մարտունի մտնելուն պես թվում է՝ քաղաքը ռմբակոծվել է հենց երեկ։ Արցախի Մարտունին այն բնակավայրերից է, որ պատերազմի առաջին իսկ օրից եղել է հակառակորդի «Գրադի» ու համազարկային կրակի այլ կայանքների թիրախում։ Ի տարբերություն Ստեփանակերտի՝ այս քաղաքն ավելի դանդաղ է վերականգնվում։ Հիմնահատակ ավերված այս տունն Արզումանյան փողոցում է․ չեն շինում, չեն նորոգում, ցանկապատում են, խոսելու տրամադրություն չունեն․ հասկանալի է, այս պատկերից ո՞ւմ խոսելն է գալիս։  Նույն փողոցի մյուս մայթին երեւում է Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ մի կառույց, որ տեղի արվեստի դպրոցն է՝ Արամ Խաչատրյանի անվան։ Պատուհաններից շատերի ապակիները չկան, դպրոցի շուրջբոլորը ռմբակոծության հետքեր են՝ լուսամուտների մետաղե ծռված ձողեր, քանդված մայթեր, վնասված պատեր։ Բայց հանկարծ երեք պայծառադեմ աղջնակներ են դուրս գալիս դպրոցից՝ ցածրիկ զրուցելով։ Ընկերուհիներ են՝ 12-ամյա Մկրտումյան Լաուրան, 10-ամյա Աղասյան Միլենան եւ 9-ամյա Սուլեյմանյան Մանեն։ Տուն են գնում պարի խմբակից։ Տարբեր պարեր են սովորում, բայց ամենաշատը սիրում են հայկականը։ Փոքրիկ Մանեն ու Լաուրան դեռ չեն որոշել՝ ինչ են ուզում դառնալ, Միլենան արդեն գիտի՝ բժշկուհի։  Ձախից՝ աջ՝ Մանեն, Լաուրան ու Միլենան Լաուրան պատմում է՝ սկզբում շատ էր վախեցել, բայց հետո այդքան էլ չէ, որովհետեւ դուրս էին եկել քաղաքից, հեռվից չէր պատկերացնում՝ Արցախում ինչ է կատարվում․ «Պատերազմի առաջին օրը, որ փախել էինք, շատ էի վախեցել, գիտեի՝ վատ բաներ են լինելու, բայց հետո էդքան էլ չէ, դե չէի տեսնում, չէի պատկերացնում ոնց էր։ Բայց որ հողերը տվել էինք արդեն, էդ օրը ես ինձ շատ վատ էի զգում, լացում էի անընդհատ, գիտեի՝ արդեն կյանքի վերջն ա, ու կյանքում էլ չենք գալու ստեղ, ես էլ չեմ տեսնելու Մարտունին, ինձ թվում էր՝ ուր գնանք՝ թշնամիներ կլինեն, գիտեի՝ կյանքը չի շարունակվելու»։ Մինչ հայրը ռազմաճակատում է եղել, Լաուրան մոր եւ եղբոր հետ Երեւան է գնացել՝ բարեկամների տուն։ Պատերազմի ավարտից մեկուկես ամիս անց վերադարձել են․ տունը չի վնասվել․ «Մենք ապրում ենք ու կյանքը շարունակվում է»,- վստահ ասում է աղջիկը, ու երբ խնդրում եմ մի լուսանկար անել, առանց այո ասելու խնամքով հանում է գլխարկը, մեկնում ընկերուհուն, նրբորեն ուղղում մազերն ու սիրուն ժպտուն։ 12-ամյա Լաուրան Միլենայի ընտանիքից պատերազմին մասնակցել է հինգ տղամարդ՝ հայրը, երեք եղբայրներն ու հորեղբայրը։ Այս փոքրիկ աղջնակի ոչ միայն հայացքից է զգացվում, որ տան բոլոր տղամարդիկ հայրենիքի պաշտպաններ են, այլ խոսքից․ ընկերուհին հրթիռակոծությունն ու հրետակոծությունը ձուլած է ասում՝ հռեթակոծություն, Միլենան միանգամից ուղղում է՝ «էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել ա»։  Մտածում եմ՝ շատ տխուր է, որ երեխան էս տարիքում սա պիտի տարբերի, բայց համ էլ զգում եմ՝ կոտրված չէ, շատ պինդ աղջիկ է։ 10-ամյա Միլենան «Երբ պատերազմը սկսեց, ես գիտեի՝ շուտ կավարտվեր, մեր հողերը չէին վաճառի, վստահ կվերադառնամ իմ հայրենիք, բայց․․․ չգիտեմ՝ ինչ ասեմ»,- հոգոց հանելով պատմում է Միլենան ու ասում, որ պատերազմից տասն օր անց վերադարձել են տուն․ «Հիմա հույս եմ տալիս ինձ, հույս ունեմ որ ամեն ինչ լավ կլինի, մեր հայրենիքի պաշտպաններն անփորձանք կվերադառնան»։ Իսկ ամաչկոտ Մանեն միայն տեսախցիկն անջատելուց հետո է շատ ցածրաձայն ասում, որ իր հայրը, հորեղբայրն ու պապը եւս մասնակցել են պատերազմին։ 9-ամյա Մանեն Հետո ինձ տանում է Մոնթեի արձանի մոտ, ու ցույց տալիս ռմբակոծության հետեւանքը․ արձանի շուրջբոլորը քանդված սալիկներ են։ Երեխաները պատմում են, որ երբ դեռ քաղաքում էին, ռմբահարության ժամանակ մարդիկ վազել, իրենց գցել են արձանի հետեւը, որպեսզի պաշտպանվեն բեկորներից։ Մոնթեն այս պատերազմին էլ այս կերպ է պաշտպանել մարդկանց։ Մոնթեի արձանից քիչ հեռու էլ Նժդեհի արձանն է, որ տեղադրվել է այս տարվա հունվարին։ Հայարփի Բաղդասարյան
17:02 - 26 մարտի, 2021