ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Զարմանալի է՝ ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ․ ԲԴԽ նախագահ |tert.am|

Զարմանալի է՝ ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ․ ԲԴԽ նախագահ |tert.am|

tert.am: Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իր այդ հայտարարությամբ աջակցում է ընդդիմությանը: «Իմ կոչի իմաստը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն, ինձ համար զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ, ուղղակի ժպիտ է առաջացնում»,- ասաց նա: Նշենք, որ այդ հայտարարությանը անդրադարձել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ասելով, որ նման հայտարարությունները դատական համակարգում սեփական ինքնաոչնչացման տպավորություն են ստեղծում։ Շարունակությունը՝ tert.am-ում։
12:42 - 29 դեկտեմբերի, 2020
2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |news.am|

2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ. Ռուբեն Վարդազարյան |news.am|

news.am: 2020 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը ունեցել 84 նիստ, որից 37-ի ժամանակ ԲԴԽ-ն հադես է եկել որպես դատարան եւ ընդունել է 242 որոշում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Նրա խոսքով՝ 2020 թվականին ԲԴԽ-ի առաջարկությամբ նշանակվել են 20 նոր դատավորներ, դրանցից 12 դատավորներ նշանակվել են թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանից այլ դատարան, եւ մեկ դատավոր նշանակվել է դատարանի նախագահ: «2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն՝ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդություն ԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, եւ 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը: 10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել է նախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է: 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,- ասաց Վարդազարյանը: Նա անդրադարձավ ԲԴԽ-ի բյուջեին՝ նշելով, որ այն նույնությամբ կրկնել է 2019 թվականի բյուջեն, որեւէ աճ չի եղել։ «ԲԴԽ-ն 607 333 000 դրամ հետ է ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ: Արցախի համար դրամահավաքին մեր կողմից Արցախի ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին վճարվել է 22 մլն 340 հազար դրամ»,- ասաց ԲԴԽ նախագահը։
11:40 - 29 դեկտեմբերի, 2020
ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին

ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին: Ինչպես հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և իրենց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հանձնեցին շնորհակալագիր, որով երախտագիտություն էին հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի և կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց անսպասելի, բայցև պատվաբեր գնահատանքի արժանանալու համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ և ջերմ մթնոլորտում: Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության խորացումը,  նախանշվեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները»,- ասված է ԲԴԽ մամուլի հաղորդագրությունում:
19:21 - 28 դեկտեմբերի, 2020
ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետն անդրադարձել է գլխավոր դատախազի խորհրդականի հայտարարությանը

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետն անդրադարձել է գլխավոր դատախազի խորհրդականի հայտարարությանը

Խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ Նա, մասնավորապես, գրել է․«Ծանոթացա Գլխավոր դատախազության՝ իր խոսնակի միջոցով ֆեյսբուքում հրապարակած «մտահոգություններին» կոնկրետ դատական ակտի վերաբերյալ: Դատախազությունն այն մարմինն է, որը լավագույնս է տիրապետում իր կարծիքով ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունների ողջ գործիքակազմին, սակայն, այնուամենայնիվ, տվյալ պարագայում ընտրել է «ֆեյսբուքյան» արդարադատությունը: Ակամա հարցեր են առաջանում. այսուհետ նման ձևաչափը համարել ընդունելի՞: Եթե այո՛, այդ դեպքում խնդրում եմ հրապարակել դատական ակտերի ցանկ, որոնց կապակցությամբ հակված եք համացանցում հանրային քննարկումներ ծավալել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը՝ մերժել Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։    
13:05 - 28 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին:«Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա: Միրզոյանն արձագանքել է.«ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն հատվածը, որը ներկայացնում է նամակի իմաստը. թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել, մյուս կողմից նշվում է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ դատավորները պետք է խոսեն դատական համակարգի առջև ծառացած հարցերը լուծելու վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատավորների ծանրաբեռնվածությանը և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ իրատեսական չէ այս խնդիրների շուրջ իրատեսական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այդ իսկ պատճառով ԲԴԽ նախագահն իր թեկնածուների հետ առաջարկում է հետաձգել հարցը: Մենք, իհարկե, ընդառաջում ենք»:
11:01 - 10 դեկտեմբերի, 2020
Կոչ եմ անում հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից․  ԲԴԽ նախագահի կոչը՝ դատավորներին

Կոչ եմ անում հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից․ ԲԴԽ նախագահի կոչը՝ դատավորներին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչով դիմել է դատավորներին։ ԲԴԽ նախագահի կոչը ներկայացնում ենք ստորև։ «Հարգելի՛ գործընկերներ, Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն: Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատութուն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով: Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվել ենք դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը: Ես, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երդվել եմ նաև իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. 1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով, 2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, 3) որևէ մեկը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից, չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով»:
19:32 - 15 նոյեմբերի, 2020
Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ անդամ

Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի․ ԲԴԽ անդամ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է ներկայացրել։ Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին պատրաստվում էի հրաժարական ներկայացնել, քանզի ավարտել էի իմ առաքելությունը դատական իշխանությունում։ Սանձասերծված պատերազմը ստիպեց հետաձգել հրաժարականիս պաշտոնական գործընթացը` մեր  հանրության բարոյալքմանը չնպաստելու համար. սա կփաստեն ԲԴԽ իմ գործընկերները։ Սակայն հնարավոր չէ պատկերացնել ավելի բարոյալքող փաստաթուղթ, որը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը։ Այս իրավիճակում ես չեմ ցանկանում լինել չեզոք և զուսպ, ես պնդում եմ իմ հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Առաջարկում եմ համախմբվել Հանրապետության նախագահի շուրջ։ Հայաստանը չպետք է ճանաչի Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստանձնած պարտավորությունները։ Մենք պետք է շարունակենք պայքարը դիվանագիտական ճակատում, իսկ ըստ անհրաժեշտության նաև ռազմադաշտում։ Խնդրում եմ ընդունել հրաժարականս»։
18:30 - 11 նոյեմբերի, 2020
Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ ամուր պահել պետության ողնաշարը․ ԲԴԽ նախագահ

Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ ամուր պահել պետության ողնաշարը․ ԲԴԽ նախագահ

 Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ուղերձը․ «Հարգելի գործընկերներ, Ծանր, դժվարագույն օրեր է ապրում մեր ազգը, պետությունը: Արցախի դեմ սանձազերծված մարդասպան պատերազմի առաջին իսկ օրվանից դատական իշխանությունը՝ հավատարիմ իր սահմանադրական բարձր առաքելությանն ու կոչմանը, իրեն զերծ պահելով քաղաքական զարգացումներին և ամենատարբեր գործընթացներին ներգրավվելուց, զուսպ կանգնած է եղել մեր զինվորի, մեր ժողովրդի, մեր պետության թիկունքին, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և ապահովել դատական իշխանության բնականոն, անխափան աշխատանքը: Ցավոք, Արցախի պաշտպանության համար պատերազմում յուրաքանչյուրս ունեցանք մեր բաժին ցավն ու կորուստը, ու թերևս խոսելու, երբեմն զայրույթից պոռթկալու առիթներ էլ գուցե եղան, բայց լռեցինք, չտրվեցինք տարաբնույթ սադրանքների և փորձեցինք արժանապատվորեն մնալ դատավորին հատուկ զսպվածության տիրույթում: Ու այսօր, հանրագումարի բերելով անցած դժվարին օրերի մեր ապրումներն ու ցավը, գուցե զգացումները զսպելու կարծես էլ տեղ չկա, սակայն, կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին. բացառելով ամեն տեսակ քաղաքական արկածախնդրությունը, մերժելով ավելորդ զգացմունքայնությունը՝ շարունակել մեր ամենօրյա մասնագիտական գործունեությամբ և ամենայն պատասխանատվությամբ ամուր պահել պետության ողնաշարը, մեր ողջ ներուժը ծառայեցնել մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր անկոտրում և անձնուրաց զինվորներին: Խոնարհումս և ցավակցությունս եմ հայտնում Արցախի համար մղված պատերազմում նահատակված հայորդիների հարազատներին, մարտերում վիրավորված մեր զինվորներին, սպաներին և մասնակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, թուրքադրբեջանաահաբեկչական պատերազմ տեսած մեր հայրենիքին՝ ուժ և նոր զարթոնք։  Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան»
15:05 - 10 նոյեմբերի, 2020
Դատական նիստերը կարող են հեռավար անցկացվել. ԲԴԽ-ն նոր որոշում է ընդունել

Դատական նիստերը կարող են հեռավար անցկացվել. ԲԴԽ-ն նոր որոշում է ընդունել

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել՝ կորոնավիրուսի պատճառով բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով, դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերը էլեկտրոնային հավելվածների միջոցով հեռավար անցկացնելու մասին: «Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17-րդ հոդվածը, Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով: 2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ 1) ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը. 2) ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ՝ նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը. 3) Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ). 4) տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները: 3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու է առավելապես էլեկտրոնային եղանակով (Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեներով): 4. Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով: 5. ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:
17:37 - 26 հոկտեմբերի, 2020
Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում էթնիկ բնակչության բնաջնջման անթաքույց փորձ․ ԲԴԽ-ի կոչը՝ ԵՄ դատական խորհուրդների միությանը

Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում էթնիկ բնակչության բնաջնջման անթաքույց փորձ․ ԲԴԽ-ի կոչը՝ ԵՄ դատական խորհուրդների միությանը

ԲԴԽ-ն կոչով դիմել է ԵՄ դատական խորհուրդների միությանը։ Հայտարարությամ մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և դատապարտելի իրադարձությունների մասին, որոնք ներկայումս ծավալվում են Արցախում (Լեռնային Ղարաբաղում), քանի որ դրանք աննախադեպ են մինչ այժմ մարդկության կողմից ընդունված և մարդկային քաղաքակիրթ գոյությունն ապահովող միջազգային իրավունքի նորմերի խախտումների ծավալներով, կոպտությամբ և դրսևորման ցինիզմով։ Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում էթնիկ բնակչության բնաջնջման անթաքույց փորձ և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող հայերի կյանքի իրավունքի խախտում: Թուրքիայի լիարժեք աջակցությամբ`Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից նախօրոք պլանավորված լայնածավալ ռազմական ագրեսիայի սանձազերծումը հետապնդում է հստակ ցեղասպան նպատակներ: Աշխարհի աչքի առջև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, նենգաբար ավերվում են քաղաքներ, ոչնչացվում են մշակութային օբյեկտներ, զոհվում են անզեն մարդիկ, կանայք ու երեխաներ. փաստեր, որոնց ապացույցներն ակնհայտ են և անհերքելի։ Ադրբեջանի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն (կառուցված 1887թ.)` պատճառելով զգալի վնասներ, որից տուժել են խաղաղ բնակչությունը և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ: Միջազգային հանրության կողմից արդեն հաստատվել է, որ այս վայրագությունները իրականացվում են հիմնականում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկանների միջոցով, որոնք ակնհայտորեն գործում են Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության հովանավորչությամբ։ Ահաբեկչությունը չունի ազգային, կրոնական, սոցիալական նկարագիր, ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթություն է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդուհանդերձ, ահաբեկչությունից ապահովագրված չէ և ոչ մի երկիր։ Դատական իշխանություններն ամբողջ Եվրոպայում կարևոր դերակատարություն ունեն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում: Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները ողջ Եվրոպայում չպետք է լուռ դիտորդի կարգավիճակով հետևեն թուրք-ադրբեջանական միլիտարիստների կողմից եվրոպական ընտանիքի մաս հանդիսացող հայ ազգի և նրա կողմից հազարամյակների ընթացքում ձևավորած եզակի մշակութային ժառանգության ոչնչացման անթաքույց փորձին: Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործություններ կատարողների փառաբանումը, քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից ատելության խոսքի համակարգային օգտագործումը փաստվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովի կողմից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և կիրառել է միջանկյալ միջոց՝ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ չնայած հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի մասին ձեռքբերված համաձայնությանը՝ Ադրբեջանը շարունակել է անդադար ռմբակոծել և հարձակվել խաղաղ բնակավայրերի վրա՝ վիրավորելով և սպանելով քաղաքացիական անձանց: Այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում»:
22:52 - 16 հոկտեմբերի, 2020
Էական խախտման հիմքով ԲԴԽ-ն դադարեցրել է Արմավիրի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները

Էական խախտման հիմքով ԲԴԽ-ն դադարեցրել է Արմավիրի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական հիմքով: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ, դռնբաց նիստում քննության առնելով արդարադատության նախարարի միջնորդությունը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշել է բավարարել արդարադատության նախարարի միջնորդությունը և դադարեցրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
18:29 - 15 հոկտեմբերի, 2020
ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Սյունիքի մարզում

ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 17-ից 18-ը Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ Սյունիքի մարզում էր: Աշխատանքային խմբում էին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը: Այցի շրջանակներում կայաել է հանդիպում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, դատավորների և աշխատակազմի հետ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավորներ Բորիս Բախշիյանին, Էմին Աբգարյանին, Ռոմեն Ահարոնյանին և Կարապետ Բադալյանին: Դատավորի բարդ և պատասխանատու լիազորությունները ստանձնելու կապակցությամբ նորանշանակ դատավորներին շնորհավորելով ՝ Խորհրդի նախագահը և խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ նրանք, համալրելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կազմը, իրենց ամենօրյա աշխատանքով կնպաստեն արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը: Մարզային դատարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Դատավորների կողմից ներկայացվել են նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ: Նշվել է, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Մի շարք հարցեր տեղում ստացան լուծումներ: Կարևորվել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը: Ամփոփելով խորհրդակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել դատարանի նախագահին, աշխատակազմին, Դատական դեպարտամենտի ղեկավարին և կարգադրիչների ծառայության պետին: Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է խորհրդի նիստ: Օրակարգում առկա հարցերի վերաբերյալ կայացվել են համապատասխան որոշումներ:    Աշխատանքային այցի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց են կատարել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նաև Գորիսի և Կապանի նստավայրերում, տեղում ծանոթացան նստավայրերի շենքային պայմաններին, գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:
17:47 - 25 սեպտեմբերի, 2020