Հայաստան

Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի  22-ին Ստեփանավանում: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարևն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարևորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում: Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը: «Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության և փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում և այլ խորհրդարանական կառույցներում: Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: «Պետք է հետևողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները և ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարևորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը: Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը: Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան և Օլեգ Մատվեյչևը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները: Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում այս տարվա հուլիսին: Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
19:26 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
 |azatutyun.am|

Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը: «Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հաղորդագրությունում նաև ասվում է․ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում: Պաշտոնական Մոսկվան նախօրեին հայտարարել է, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
17:26 - 22 ապրիլի, 2022
Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ մասնակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այդտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։ Արարողությանը ներկա են եղել և ծաղկեպսակներ տեղադրել Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։   Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։ Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև ֆրանսիացի պատգամավոր Միշել Հերբիլլոն: Պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել:  «Այսօր, ինչպես ամեն տարի, ներկա էի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:
17:08 - 22 ապրիլի, 2022
ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|

ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, ասաց գործադիրի ղեկավարը՝ ամփոփելով մոսկովյան այցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ գնահատելով՝ Հայաստանի վարչապետը շեշտեց՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։ «Հույս ունեմ, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել», - ասաց Փաշինյանը։
16:33 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը,  կարևորելով  Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային  փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ: Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
16:16 - 22 ապրիլի, 2022
Ալիևն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Մինսկի խմբից

 |factor.am|

Ալիևն «ափսոսանք» է հայտնել, որ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Մինսկի խմբից |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաքում աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում ունեցած ելույթում խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից՝ նշելով, որ այն ուղղված չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այլ, իբր, «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիային»։ Ալիևը նաև «ափսոսանք» է հայտնել, որ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել Մինսկի խմբի գործունեությունից։ «Անդրադառնալով միջնորդներին՝ նշեմ, որ, ցավոք, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները հիմա էլ խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դա դատարկ բան է և որևէ նշանակություն չունի։ Մինսկի խումբը փաստացի պարալիզացվել է 2019 թվականին։ Եթե այսօր նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա կտեսնենք ևս մեկ անգամ, որ այն չի ստեղծվել այդ խնդիրը լուծելու համար, այն ստեղծվել է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» հավերժացնելու համար»,-ասել է Ալիևը։ «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ 2022 թվականին Մինսկի խումբը նշելու է ստեղծման 30-ամյակը, իսկ հետո գնալու է թոշակի։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նրանք նույնիսկ հնարավորություն չունեն նշելու հոբելյանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
14:45 - 22 ապրիլի, 2022
Եթե Հայաստանում կան ուժեր, որոնք դեռ խոչընդոտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ստիպված կլինենք չճանաչել Հայաստանինը․ Ալիև |tert.am|

Եթե Հայաստանում կան ուժեր, որոնք դեռ խոչընդոտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ստիպված կլինենք չճանաչել Հայաստանինը․ Ալիև |tert.am|

tert.am: Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը:Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» (չակերտները՝ խմբ․) մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» (չակերտները՝ խմբ․) ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը։«Չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել, բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն»,- հավելել է Ալիևը։
14:12 - 22 ապրիլի, 2022
44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

44-օրյա պատերազմին առնչվող գործերով քրեական հետապնդում է հարուցվել 800 անձի նկատմամբ. Դավթյան |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ  ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Իսկզբանե մենք որդեգրել ենք հետևյալ երկու ուղղությունները`  44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քննության առարկա են դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից թույլ տված ենթադրյալ հանցավոր խախտումները»,- ասաց Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ: «Այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Մեր համար արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով ունենք այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք: Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է: Բոլորս նախանձախնդիր ենք առավելագույնս ճշմարտությունը բացահայտելու հարցում»,- եզրափակեց Դավթյանը:
12:56 - 22 ապրիլի, 2022
«Տեքստը լրամշակված չէ»․ ընդդիմությունը հետաձգեց հայ-թուրքական կարգավորման հայտարարության քննարկումը |civilnet.am|

«Տեքստը լրամշակված չէ»․ ընդդիմությունը հետաձգեց հայ-թուրքական կարգավորման հայտարարության քննարկումը |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ ապրիլի 22-ի արտահերթ նիստում որոշվեց հետաձգել «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության տեքստի քննարկումը՝ երկամսյա ժամկետով։ Ինչպես հայտնեց ընդդիմությունը՝ տեքստը լրամշակված չէ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այսօրվա նիստին ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի մասին զեկույցը ներկայացնելու փոխարեն խնդրեց հետաձգել քննարկումը. «Առաջարկում եմ հետաձգել այս հարցը, լրամշակման գործընթացն անելուց հետո մենք կներկայացնենք վերջնական տարբերակը, որն արդեն ճիշտ կլինի հանձնաժողովով քննարկել»,- ասաց Մինասյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ-ից հայտնել էին, որ հայտարարության նախագծի քննարկումը չեղարկվել է «տեխնիկական խնդիրների պատճառով»։ Այնուհետև հայտարարություն էր տարածել «Հայաստան» խմբակցությունը. «Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է ԱԺ-ում լսումների անցկացման համար տրամադրել ԱԺ դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»: Առավել մանրամասն՝ civilnet.am-ում:
12:37 - 22 ապրիլի, 2022
Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ` միանալով իրենց պայքարին: Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: «Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջնական նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն ժողովրդի է»,- ասաց Վանեցյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը խնդրում է քաղաքացիներին հասկանալ իրենց պայքարի էությունը, իմաստը, չտրվել մանիպուլյատիվ պնդումներին, որ սա ներքաղաքական պայքար է: «Ոչ, այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը:
11:00 - 22 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա

 |armenpress.am|

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»: «Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝  յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)։ Այս համատեքստում վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը հետևողականորեն կյանքի կոչելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները: Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- ասվում է Զախարովայի պատասխանում։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
21:38 - 21 ապրիլի, 2022
Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Մհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման աշխատանքների ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։  Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: 
18:43 - 21 ապրիլի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարևորել է երկու երկրների միջև բազմաբևեռ գործակցությունը և հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը: Կողմերը փաստել են Հայաստանի և Հորդանանի միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից: Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական և խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջև գործընկերության հեռանկարները: 
14:23 - 21 ապրիլի, 2022