Հայաստան

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Անցած տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային փոխգործակցության ամենաբարձր մակարդակի, որն առանձնանում է միջպետական համագործակցության բոլոր ոլորտներում կայուն զարգացմամբ։ Հաստատուն և մշտապես հարստացվող երկկողմ իրավապայմանագրային բազան հիմնված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի, որի ստորագրման 25-ամյակը կնշենք այս տարվա օգոստոսին, և դեպի 21-րդ դար ուղղված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի վրա։ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության դարավոր խորը ավանդույթների վրա։ Այս հզոր համախմբող գործոնը հիմք է հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական, արդյունաբերական, առևտրային, միջտարածաշրջանային, հումանիտար և գիտակրթական ոլորտներում խթանելու համար։ Ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի համաձայնագրերի հետևողական իրականացման շնորհիվ մենք շարունակում ենք արտաքին քաղաքականության համակարգումը միջազգային ասպարեզում ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, ինչպիսիք են՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Անկախ պետությունների համագործակցությունը։ Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։ Հուսով եմ, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության խաղաղ կյանքը իր հողում։ Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ Մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում արժեքավոր ներդրում ունի նաև Ռուսաստանի հայ համայնքը։ Վստահ եմ, որ հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ մեր երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, անկասկած, բխում է մեր ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից»։
10:49 - 03 ապրիլի, 2022
«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

«Ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է»․ Բայրամովը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ լրատվամիջոցի հարցին։ «Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք»,- ասել է Բայրամովը։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
18:04 - 02 ապրիլի, 2022
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-ից 4-ը` Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ լեգենդար «Արարատ» կոնյակն, աշխարհահռչակ Զուլալը, հայկական «Կարաս» ու «Արամե» գինիներն, ինչպես նաև համրահայտ «Զորահ»-ը՝ Bloomberg-ի վարկածով աշխարհի լավագույն 10 գինիներից մեկը: Կներկայացվեն նաև բազմակի մրցանակակիրներ` ինչպիսիք են` «Կիլիկիա» գարեջուրը, «Ջերմուկ» և «Բժնի» հանքային ջրերն, ինչպես նաև «Նոյան Պրեմիում» հյութերը և քաղցրավենիքները: Հույն սպառողին առաջին անգամ կներկայացվեն «Արամաս» ու «Օշին» գինիները: Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներքո։
15:22 - 02 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
18:50 - 01 ապրիլի, 2022
ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային անկայունությունն է. Զբիգնև Ռաու

 |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահի ամենամեծ մտահոգությունը տարածաշրջանային անկայունությունն է. Զբիգնև Ռաու |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահը վերահաստատում է ԵԱՀԿ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այդ մասին Զբիգնև Ռաուն հայտարարեց Երևանում՝ ամփոփելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները: «Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգության վիճակը մնում է շատ փխրուն և անկայուն: Սա ամենակարևոր ուղերձներից մեկն էր հյուրընկալներին», - նշեց ԵԱՀԿ գործող նախագահը: Ռաուի խոսքով՝ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության դյուրացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Իրական երկխոսությունը, ըստ նրա, չափազանց կարևոր է կոնֆլիկտային լարվածության թուլացման և վստահության առաջխաղացման համար: «Մենք վճռականորեն ենք դիմել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում բոլոր առկա խնդիրների համապարփակ լուծմանը հասնելու համար: Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել մասնավորապես հրատապ հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են մնացյալ գերիների ազատումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը», - հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահը: Բարձրաստիճան հյուրը խոսեց նաև ԵԱՀԿ-Հայաստան փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ կազմակերպությունն ու Հայաստանը երկարաժամկետ համագործակցություն ունեն՝ հատկապես Հայաստանի բարեփոխումներին և Հայաստանի համագործակցության ծրագրին ԵԱՀԿ աջակցությամբ: «ԵԱՀԿ-ն պատրաստ է ուժեղացնել իր ներգրավվածությունը Հայաստանում և նոր ծրագրեր մշակել նրա հետ անվտանգության երեք հարթություններում: Ընդլայնված տարածաշրջանում զարգացող իրավիճակը պահանջում է ակտիվորեն անդրադառնալ երկկողմ և տարածաշրջանային նախաձեռնություններին: Սույնով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ տարածաշրջանում ամուր կայունության և հաշտեցման հաստատմանն ուղղված տևական ջանքերի և ներգրավվածության համար», - հավելեց Զբիգնև Ռաուն: Մինչ այդ տարածաշրջանային հիմնախնդիրների ամբողջ համալիրի մասին խոսել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Երևանը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: 2022 թ. ապրիլի 1-ին մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ ԱԳՆ-ում նրան դիմավորել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո Հայաստանի արտգործնախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես են եկել հայտարարություններով:
18:00 - 01 ապրիլի, 2022
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն. Արթուր Հովհաննիսյան

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի եւ Երեւանում գտնվող Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Արփի Դավոյանը եւ Մերի Գալստյանը։ Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին օրերի սանձազերծած սադրանքները: «Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին, թե իբրեւ հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս ռազմական ինքնաթիռ, թե իբրեւ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը: Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են ի պատկանելույն: Այնուհետեւ հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: Կարեւորվել են նաեւ երկու երկրների գործարարների միջեւ կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը: ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական խնդիրները: Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին:
21:24 - 31 մարտի, 2022
Իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ․ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին

Իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ․ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին

Տեղի է ունեցել հեռախոսազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը եւ ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլեւ որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին՝ բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները եւ ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր է առաջացնում եւ ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար: Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարեւորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:
20:40 - 31 մարտի, 2022
Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից. Նիկոլ Փաշինյան

Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով թշնամի երկրների տարածած այն թեզին, թե ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկան ահաբեկիչներն են տեղափոխվում, գրել է․   «Հասկանալի է, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ԼՂ պատերազմին տուժել է ահաբեկիչ վարձկանների մասնակցությունից, երբեք չի նպաստի Հայաստանի տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա»։   Նա նաև նշել է, որ ադրբեջանական աղբյուրների կողմից շրջանառվող և արևմտյան աշխարհում լայնորեն տարածված աղաղակող ապատեղեկատվությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանին Սու-եր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար, կեղծ լուրեր են։   «Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից»,- գրել է վարչապետը:  
18:45 - 31 մարտի, 2022
ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն
 |aravot.am|

ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն |aravot.am|

aravot.am: ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբի հայտարարությունը․ «Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փարուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված է և ռազմատենչ: Տեղի խաղաղ բնակչությանը ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։ Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը: Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջները՝ անկախ նախկին հանձնառություններից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով: Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական ​​բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»: ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Թիմ Լոութըն
18:15 - 31 մարտի, 2022
BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ

BBC-ի պնդումը՝ ՌԴ կողմից Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ տեղափոխելու մասին, հիմնավորված չէ

BBC-ն երեկ տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Սիրիայից վարձկաններ են մեկնում Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։ Տեսանյութում BBC-ի զրուցակից սիրիացին պատմում է, թե ինչպես են մարդկանց հավաքագրում ու տանում, սակայն կոնկրետ ոչինչ չի նշում այն երթուղու մասին, որով զինյալները Սիրիայից հասնում են Ռուսաստան։ BBC-ի տեսանյութում նշվում է, որ թուրքական մամուլում ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել, թե Սիրիայից վարձկաններ են ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան։ Որպես թուրքական մամուլի պնդումները հաստատող փաստ BBC-ին հայտնում է, որ գտել է ռուսական RA-85041 ինքնաթիռը, որը «ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մի քանի օր անց սիրիական Լաթաքիայից թռել է Երևանի «Էրեբունի» օդանավակայան, այնուհետև՝ ռուսական Մոզդոկ»։ Բրիտանական լրատվամիջոցը նաև ներկայացնում է օդանավի հետագիծը։ BBC-ի նշած RA-85041 ինթնաթիռը, որը պատկանում է Ոուսաստանի ռազմաօդային ուժերին, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո իրոք ժամանել է Հայաստան, ապա մեկնել Ռուսաստան։  Տեղեկությունները՝ «Flightradar24»-ից Ինքնաթիռների թռիչքներին հետևող «Flightradar24» հարթակում երևում է, որ փետրվարի 27-ին՝ 07։59-ին, RA-85041-ը մեկնել է Լաթաքիայից և 11։48-ին վայրէջք կատարել Հայաստանում։  Չնայած «Flightradar24»-ում նշված է, որ ինքնաքիթռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն քարտեզի վրա երևում է, որ վայրէջքը փաստացի կատարվել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում։ Լուսանկարում կարմիրով նշված է «Զվարթնոցը», դեղինով՝ «Էրեբունին»  Իսկ flightaware.com կայքում նշված է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց «Էրեբունիում»։ Այնուհետև ինքնաթիռը 15։53-ին Հայաստանից մեկնել է Ռուսաստան։  Լուսանկարում Հայաստանից Ռուսաստան թռիչքն է Նույն օրը ինքնաթիռը վերադարձել է Լաթաքիա, սակայն ոչ Հայաստանի օդային տարածքով։ Փետրվարի 28-ին՝ 13։00-ին, այն կրկին Լաթաքիայից թռել է Հայաստան և «Էրեբունիում» վայրէջք կատարել 16։20-ին։ Նույն օրը ինքնաթիռը Հայաստանից մեկնել է ռուսական «Պրիվոլժսկի» օդանավակայան։ Այնտեղից էլ RA-85041 ինթնաթիռը մեկնել է Չկալովսկի օդանավակայան։ Սակայն այն, որ Սիրիայից ինքնաթիռ է ժամանել Հայաստան, այստեղից էլ մեկնել Ռուսաստան, դեռևս հիմք չէ պնդելու համար, որ այդ ինքնաթիռով տեղափոխվել են սիրիացի վարձկաններ։ Եթե ՌԴ-ն ցանկանար վարձկաններ տեղափոխել Սիրիայից, պարտադիր չէր նախ վայրէջք կատարել Հայաստանում, հետո միայն մեկնել Ռուսաստան։ «Flightradar24»-ից տեղեկանում ենք, որ և՛ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից առաջ, և՛ հետո Սիրիայից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ այս ինքնաթիռով ուղիղ թռիչքներ են եղել։ Հունվարի 30-ին, օրինակ, Լաթաքիայից ուղիղ թռիչք է եղել Դեպի Մոսկվա։ Այդպիսի թռիչք է եղել նաև փետրվարի 18-ին։ Պատերազմի մեկնարկից հետո՝  մարտի 19-ին, այս ինքնաթիռով Դամասկոս-Մոսկվա ուղիղ թռիչք է եղել, մարտի 25-ին էլ՝ Լաթաքիա-Մոսկվա։ Ինչպես տեսնում ենք, Լաթաքիայից կամ Սիրիայի այլ հատվածից վարձկաններ տեղափոխելու համար պարտադիր չէ դա անել Հայաստանի տարածքով։ Իսկ այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանաել է հայկական «Էրեբունի» օդանավակայան, այնտեղից էլ մեկնել ՌԴ, ոչ մի կերպ չի ապացուցում այդ ինքնաթիռով վարձկաններ տեղափոխելու փաստը։ Բացի այդ՝ հայկական կողմը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց․  «Իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան-ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը, և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»։ Իսկ BBC-ի նշած թուրքական աղբյուրը «Haber Global»-ն է, որը պնդում է, թե Մերձավոր Արևելքից Հայաստանի տարածքով ռուսական Մոզդոկ վարձկաններ են տեղափոխվել՝ ոչ մի կերպ չհիմնավորելով իր պնդումները։ Հենց նույն լրատվամիջոցն էր տեղեկություններ տարածել, որ Հայաստանը ՍՈՒ-30-ներ է տրամադրել Ռուսաստանին, սակայն ՀՀ ՊՆ-ն, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը հերքել են այդ տեղեկությունները։ Այսպիսով, BBC-ն որպես թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների հիմնավորում է ներկայացնում այն, որ ռուսական RA-85041 ինքնաթիռը Սիրիայից ժամանել է Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան ու մեկնել Ռուսաստան։ Սակայն լրատվամիջոցն այլ փաստեր չի ներկայացնում, իսկ ինքնաթիռի ժամանմանման ու մեկնման փաստը ոչ մի կերպ չի ապացուցում, որ դրանով սիրիացի վարձկաններ են տեղափոխվել։ Աննա Սահակյան
16:51 - 31 մարտի, 2022
Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի


 |armenpress.am|

Բայրամովը մոտ ապագայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսնելու համոզմունք ունի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երեւանից պատասխան է սպասում խաղաղության 5 հիմնարար սկզբունքների շուրջ՝ նշելով, որ այդ առումով Հայաստանից դրական ազդակներ տեսնում են: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ադրբեջանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում: Բայրամովը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ նոր առաջարկ է արվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացվել են 5 հիմնարար սկզբունքներ. «Մենք դեռ սպասում ենք կոնկրետ պատասխանի, մի քանի դրական ազդակներ կան Հայաստանից, մենք դա տեսնում ենք:  Ես կուզենայի ենթադրել, որ սա Հայաստանի լուրջ մոտեցման դրսեւորումն է այս հարցում, այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, հուսով ենք, որ արդյունքները շուտով կերևան»,- ասել է նա։
15:55 - 31 մարտի, 2022
Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների փոխադարձ ճանաչում, սահմանազատում․ Ալիևի կարծիքով՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի գրասենյակից։ Ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաեւ հայ-ադրեջանական հարաբերություններն ու ապրիլի 6-ին կայանալիք եռակողմ հանդիպումը։  Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի։ «Արդեն մի քանի հանդիպումներ են եղել, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև դեպի խաղաղության․ խաղաղության պայմանագիր կնքենք որքան հնարավոր է շուտ։ Մեր կարծիքով՝ Ադրբեջանը ներկայացրել է այս համաձայնագրի հիմնական սկզբունքները»։ Ալիեւը նշել է, որ «հակամարտությունը արդեն լուծված է, և Ադրբեջանն ինքն է դա արել»։ Նրա խոսքով՝ հայ պաշտոնյաներից որոշակի հաղորդագրություններ են ստացվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։  «Ինչպես վերջերս տեղեկացա, այդ հաղորդագրություններից մեկն այն է, որ ընդունելի են համարում մեր առաջարկը։ Սա շատ լավ նորություն է, և ես հուսով եմ, որ այս հարցը կհստակեցվի Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ իրենց կողմից ներկայացված հինգ սկզբունքները «արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը»։ «Ինչպես ասում են՝ մենք այստեղ հեծանիվ չենք հորինում։ Այս սկզբունքները ցանկացած երկրների միջպետական ​​հարաբերությունների հիմնական սկզբունքներն են։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև սահմանազատում․ կարծում եմ՝ այս ամենը կհանգեցնի Կովկասում խաղաղության»,- նշել է Ալիեւը։  Զբիգնև Ռաուն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն՝ նշելով, որ կարգավորման տանող ներկա փուլը շատ լավատեսական է թվում։  
14:56 - 31 մարտի, 2022