Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում  իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Ռուս-թուրքական հարաբերությունների լարման ֆոնին Արցախում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում․ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան

Փետրվարի  27-ի գիշերը Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները որակվեցին որպես ռուս-թուրքական նոր պատերազմ։ Փետրվարի 28-ին Թուրքիայի Հաթայ նահանգի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր: Ռուսական կողմը նշել է, որ  Սիրիայի Իդլիբ նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք Է այնտեղ գտնվեին: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մասին Infocom-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։ - Պարո՛ն Իսպիրյան, նախ կցանկանայի իմանալ Ձեր գնահատականը ռուս- թուքական հարաբերությունների լարվածության վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր ի՞նչ զարգացումներ կարող են լինել։  - Ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը հիմնականում ընդգծվեց Սիրիայում՝ Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Լարվածությունը բավականին բարձր մակարդակի է հասել,  նմանատիպ լարվածություն եղել է մեկ էլ չորս տարի առաջ, երբ թուրքական ուժերը Սիրիայի երկնքում  ռուսական օդանավ կործանեցին։ Թեև դրանից հետո հարաբերությունները բավականին ջերմացան, բայց ընդամենը մեկ քայլ էր պետք, որպեսզի հարաբերությունների ջերմացումը նույնքան արագ վերածվեր հարաբերությունների խիստ լարման, ինչը տեղի ունեցավ։ Այս ամենն անխուսափելի էր, ինչքան էլ Ռուսաստանը փորձեր ստիպել Թուրքիային Սիրիայում գործել Ռուսաստանի թելադրած կանոններով, որոշակի նվերներ անելով (որոշակի տարածքներում համատեղ պարեկություն իրականացնել)՝ պահել իրավիճակը։ Սիրիայում կար և կա սկզբունքային լուրջ տարաձայնություն․ Ռուսաստանը պաշտպանում է Սիրիայի իշխող կառավարությանը, իշխող ներկա նախագահին, Թուրքիան ամեն կերպ փորձում է գահընկեց անել Ասադին և իշխանության բերել իր հովանավորությամբ և ֆինանսավորմամբ գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների։ Բնականաբար մի օր պետք է այս հակադրությունը պայթեր, և դա պայթեց հենց Իդլիբում, սրա հետևանքն էր։ Քանի որ այս լարվածության գագաթնակետը փետրվարի 27-ին էր, երբ Սիրիական կառավարական ավիացիայի կողմից ծանր ռմբակոծության ենթարկվեցին ահաբեկիչների դիրքերը, իսկ ահաբեկիչների հետ էին նաև թուրք զինվորականները, որոնք սպանվեցին, ինչպես մյուս ահաբեկիչները։ Խնդիրը ինչո՞ւմն է․ Ռուսաստանը հետ չի կանգնում իր քայլեից, շեշտել է, որ ինքն ամեն կերպ շարունակելու է ահաբեկիչների դեմ պայքարը։ Սպանված թուրք զինյալների վերաբերյալ էլ Ռուսաստանը մեղադրեց Թուրքիային, որ վերջինս խախտել է պայմանավորվածությունը, հեռացել են Ռուսաստանի հետ նախապես պայմանավորված դիտակետից և գտնվել են ահաբեկիչների հետ միասին։ Թուրքիան փորձում է իր իշխանության դեմքը փրկել, վերջին օրերին սիրիական օդանավերի  խոցումը թուրքական ուժի կողմից այդ դեմքը փրկելուն ուղղված քայլերից մեկն է։ Ռուսաստանը անմիջական կողմի չի հանդիսանում  և որևէ խնդիր չունի, սակայն ունի լուրջ շահեր, ավելին՝ Սիրիայում գլխավոր խաղացողը հենց Ռուսաստանն է այս պահին։ - Չնայած որ լարված են հենց ռուս-թուրքական հարաբերությունները, երկու կողմերը չեն շեշտում այդ հանգամանքը, և թուրքական լրատվամիջոցները չեն թիրախավորում Ռուսաստանին և չեն նշում, որ կա ռուսական  միջամտություն։ - Հենց փետրվարի 27-ի հարցակումից հետո, երբ տարածվեց 33 զոհերի մասին տեղեկությունը, Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր դեսպանության առջև շատ մեծ  բողոքի ակցիա  է տեղի ունեցել՝ հակառուսական լոզունգներով։ Ավելին՝ Էրդողանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը ուղիղ եթերում մեղադրում է անմիջականորեն Ռուսաստանին և ասում, որ 16 անգամ պատերազմել ենք  և չպետք է խուսափենք ևս մեկ անգամ ռուսների հետ պատերազմելուց։ Ավելին՝ սպառնաց, նշելով, որ Ռուսաստանում կա 25 միլիոն մուսուլման, և Ռուսաստանին ներսից կպառակտեն։ Այսինքն՝ ոչ իշխանությունների բերանով, բայց իրենց արբանյակների միջոցով իրենք շեշտեցին, որ Ռուսաստանն է գլխավոր թշնամին։ Սոցկայքերում հակառուսական գրառումներ, տեսանյութեր, հակառուսական հիստերիա կա։ Իշխանությունը ուղղակի առաջին դեմքերի մակարդակով խուսափում է դրանից՝ թե՛ Էրդողանը, թե՛ Չավուշօղլուն, քանի որ հազիվ են կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե միանգամից մեղադրեն Ռուսաստանին, բավականին մեծ հետընթաց կկատարվի։ - Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային, և այս իրավիճակում ո՞րն է ԱՄՆ-ի շահը։ -Այս պահին Ամերիկան երջանիկ դիտորդի դերում է։ Սա Թուրքիայի համար դաս է։ Իհարկե, ԱՄՆ-ն Թուրքիայի դաշնակիցն է․ երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են։ Բոլոր օրենքներով ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիային։ Այս պահին Ամերիկան լրջորեն չի մասնակցում, քանի որ իրավիճակը դեռ շատ անկայուն է, և Ամերիկայի միջամտությունը կարող է էլ ավելի լարել ռուս-ամերիկյան առանց այն էլ ոչ բարվոք հարաբերությունները։ -Տարբեր աղբյուրներ և նաև փորձագետներ կարծում են, որ Թուրքիան ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն, նշում էին, որ  ՆԱՏՕ-ի կանոնադրությունը նման հնարավորություն չի տալիս։ Կանոնադրական ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։ -Այլ երկրի տարածքում նման հնարավորություն չկա։ Թուքրիան ՆԱՏՕ-ին դիմեց արտակարգ հավաք իրականացնելու համար, արտակարգ նիստը տեղի ունեցավ հաջորդ օրը։ ՆԱՏՕ-ն նշեց, որ, այո՛, մենք պաշտպանելու ենք Թուրքիայի անվտանգությունը իր սահմանների ներքո, բայց այս պահի դրությամբ Իդլիբը Թուրքիայի սահմաններում չէ, ավելին Իդլիբում ահաբեկչական կազմակերպությունները ոչ թե Թուրքիայի դեմ են, այլ Թուրքիայի ներսում են։ Այստեղ կա հակասություն, և ՆԱՏՕ-ն որևէ բան չի կարող անել։ Թուրքիան է շարժվում ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Սա շատ նուրբ հարց էր և Թուրքիան փորձեց օգտագործել , սակայն չստացվեց։ Իսկ ԱՄՆ-ի դեպքում, ինչպես նշեցի, դեռ ուղղակի սպասումներ են, իհրակե, ՆԱՏՕ-ն ինչ հայտարարեց ՝  նաև ԱՄՆ-ի վերաբերմունք էր ներառում։ ՆԱՏՕ-ն նույնպես ունի պատճառ Թուրքիային դաս տալու՝ կապված Ս-400-ների սկանդալային գործարքների հետ։ Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն չի շտապում Թուրքիային չափից ավելին աջակցություն հայտնել։ -Թուրքագետները ունեն նաև նման կանխավարկած, որ իրավիճակի սրման դեպքում  հնարավոր է լարվածություն գրանցել նաև Արցախի սահմանին։ Ձեր կարծիքով նման կանխավարկածներ կան այս առումով և ըստ Ձեզ մինչև ո՞ւր կարող է հասնել այս լարվածությունը։ -Տեսականորեն շատ արագ է փոխվում իրավիճակը, շատ արագ զարգանում է և ուղիղ երկու ամիս առաջ դժվար էր լինում պատկերացնել, թե ինչ կլինի երկու օր առաջ։ Արցախի հետ կապված տեսականորեն կարող է լինել նման կանխավարկած, սակայն ես  չեմ կիսում այդ կարծիքը, որ Սիրիայում ռուս-թուրքական լարվածությունը Թուքիան կփորձի Արցախ բերել։ Չմոռանանք՝ Թուրքիան մի քանի տարի առաջ ընդունել է այդ ճշմարտությունը,  որ Արցախի հարցում կարևորը Ռուսաստանի դերակատարումն է։ Արցախի հարցում Ռուսաստանը այլ երկրի միջամտություն թույլ տալ չի կարող։ Արցախում՝ Թուրքիայի կողմից ոտնձգությունները վերջինիս կդնեն անհարմար վիճակի մեջ։ Իհարկե, այս հարցում Թուրքիան միշտ  էլ սատարել է Ադրբեջանին, բայց այս դեպքում իրավիճակի սրման կանխավարկած չեմ տեսնում։ Ասպրամ Փարսադանյան            
17:52 - 05 մարտի, 2020
Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը |ermenihaber.am|

Ադանայում 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում Ադանայի նահանգում 15 օրով արգելվում են  բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը: Ադանայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. մարտի 5-ից և կապված է Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից սիրիական բանակի դեմի իրականացվող «Գարնանային վահան» ռազմագործողության հետ։ Հայտարարության մեջ ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով: «Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2020թ. մարտի 5-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։
17:37 - 05 մարտի, 2020
Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները |tert.am|

Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Իդլիբում ստեղծված իրավիճակը չի խարխլի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք կողմերը շատ բարձր են գնահատում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը: Թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտել է սիրիական նահանգում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայի նախագահի հետ դեմառդեմ զրուցելու անհրաժեշտությունը: «Մենք միշտ էլ խոսելու թեմա ունենք, բայց հիմա հայտնի գոտում` Իդլիբում, իրավիճակն այնքան է սրվել, որ այն պահանջում է մեր ուղիղ շփումը»,-ասել է Պուտինը` բացելով ռուս-թուրքական բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդն իր ցավակցություններն է հայտնել Էրդողանին Իդլիբում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ և վստահեցրել է, որ սիրիացի զինվորականները տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին: «Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցություննեը հղել Սիրիայում ձեր զինծառայողների մահվան կապակցությամբ»,-դիմել է Ռուսաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը: Պուտինը նշել է, որ «մարդկանց մահը միշտ մեծ ողբերգություն է»: «Ցավոք, ինչպես ես արդեն ասել եմ հեռախոսազրույցի ժամանակ, ոչ ոք, այդ թվում սիրիացի զինծառայողները, տեղյակ չեն եղել նրանց գտնվելու վայրի մասին»,-նշել է Պուտինը: Նրա խոսքով` «այս ընթացքում տուժել են նաև սիրիացի զինծառայողները, սիրիական բանակը լուրջ կորուստներ ունի»:
16:06 - 05 մարտի, 2020
ՄԱԿ. անհրաժեշտ է 500 միլիոն դոլար Իդլիբում մարդասիրական առաքելության համար |amerikayidzayn.com|

ՄԱԿ. անհրաժեշտ է 500 միլիոն դոլար Իդլիբում մարդասիրական առաքելության համար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ՄԱԿ-ն ընդգծում է Սիրիայի հյուսիսում մարդասիրական առաքելության կարևորությունը: Շուրջ մեկ միլիոն մարդ լքել է իր բնակավայրերը Իդլիբի շրջանում ընթացող ռազմական բախումների պատճառով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոկն անդրադարձել է օրերս Իդլիբի շրջանում և թուրք-սիրիական սահմանին մարդասիրական առաքելությանը: Նա ընդգծել է, որ այստեղ անցկացված ստուգումները բացահայտել են, որ տեղի բնակչությունը չափազանց ծանր վիճակում է, ապրում է մշտական վտանգի ներքո, առանց բժշկական օգնության և սանիտարա-հիգիենիկ պայմանների: Այստեղ առկա է սննդի և դեղորայքի պակաս, շատերը մնացել են անօթևան: ԱՄՆ հայտարարել է, որ հավելյալ 108 միլիոն դոլար կտրամադրի այստեղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը կոչ է արել անհապաղ հաստատել զինադադար՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտահոգված է ստեղծված իրավիճակով: Իդլիբի ճգնաժամի կարգավորման համար ՄԱԿ-ը պնդում է, որ անհրաժեշտ է 500 միլիոն դոլար: Իդլիբում են բնակվում շուրջ 3 միլիոն մարդ: Նրանց մի հատվածն արդեն տեղահանված է եղել նախկինում այլ բնակավայրերից: Այստեղ լարվածության աճից ի վեր մոտ մեկ միլիոն մարդ, ներառյալ բազմաթիվ երեխաներ հեռացել են իրենց բնակավայրերից:
12:51 - 05 մարտի, 2020
Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում» |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:  Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում: Լրագրողի հարցին, թե այցից առաջ Ռուսաստանը Թուրքիային նոր առաջարկ արե՞լ է, նախագահը նշել է, որ այժմ որևէ առաջարկ չի լինի: Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին մի շարք թեմաների են անդրադառնալու և որևէ բան գաղտնի չի մնալու:   Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինամթերքով աջակցել Թուրքիային։ Լրագրողները Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նման պահանջ Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է: Թուրքիայի նախագահն կարճ մեկնաբանություն է տվել. «Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ այդ ամենի վերաբերյալ մեր պահանջները»: Հիշեցնենք, որ Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի համար:
18:50 - 04 մարտի, 2020
Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները |ermenihaber.am|

Ստամբուլում 10 օրով արգելել են «պատերազմին «Ոչ» ասող» միջոցառումները |ermenihaber.am|

ermenihaber.am: Ստամբուլի նահանգապետարանը մարտի 1-ից արգելել է բոլոր այն հանրային միջոցառումները, որոնց ժամանակ մարդիկ կքննադատեն Թուրքիայի բանակի գործողությունները Սիրիայում: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ «այս զգայուն ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում զոհեր ու պատերազմի հերոսներ ունի», «Ոչ պատերազմին» և նմանատիպ այլ լոզունգների ներքո անցկացվելիք հանրահավաքները, քայլերթերը, մամուլի ասուլիսները, ստորագրահավաքները, տաղավարներ տեղադրելը, թռուցիկներ բաժանելը և նմանաբնույթ այլ միջոցառումները վտանգավոր են հանրային կարգի պահպանման, հանցագործությունների կանխման ու մարդկանց իրավունքների և ազատությունների երաշխավորման տեսանկյունից: Նշվում է, որ վերը թվարկված միջոցառումները Ստամբուլի ողջ նահանգի տարածքում արգելվում են մինչև մարտի 10-ը: Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է մարտի 1-ով Սիրիայի Իդլիբ նահանգում այդ երկրի կառավարական բանակի դեմ այսպես կոչված «Գարնան վահան» ռազմագործողությունը սկսելու մասին:  
22:02 - 03 մարտի, 2020