Ինֆոքոմ

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ «Վայ, էս աղջիկը մինչև քստքստալով տեղ հասնի, մենք կծերանանք։ Թե ասա, մի քիչ արագ շարժվի, էլի, սենց ինչքա՞ն պիտի սպասենք, քար ե՞ս քաշել, տնաշե՛ն»։ Այս խոսքերն ուղղված էին մեկ օր առաջ երեխա ունեցած ընկերուհուս, որն իր առաջին հղիության 8-րդ ամսում ապագա զավակին կորցնելուց մոտ մի տարի անց նորից ծննդաբերում էր նույն հաստատությունում, որի բուժաշխատողները՝ ներառյալ այդ անկրկնելի բառամթերքը շռայլողները, քաջ տեղյակ էին, թե ինչ դժոխքի ու վախերի միջով է անցել «քստքստալով» քայլող երիտասարդ մայրիկը ոչ վաղ անցյալում։  Եթե մի քանի տարի առաջ ինձ ինչ-որ մեկը երրորդ դեմքով պատմեր նրա պատմությունն ու ասեր, որ ծննդատան աշխատակիցները, նրա հղիության նախապատմությունն իմանալով, «պատիվ են արել» իրենց հեգնանքով ու ամենահայկական մուննաթով, ես, հավանաբար, չէի հավատա։  Բայց ժամանակի հետ ինքս էլ համոզվեցի, որ Հայաստանում մայրերը, որոնց սակրալ առաքելության մասին թնդում են ճառերն ամենաբարձր ամբիոններից, ու որոնց «սուրբ» կենացները խմվում են ցանկացած առիթի ժամանակ, ամենակարևոր օղակներում հաճախ անտեսված են, չհարգված, ճնշված, չհասկացված, մենակ ու անաջակից։  Պատկերացնելու համար, թե ինչ խոր անդունդ է բաժանում Հայաստանին ու իրապես գիտակից, կրթվող, զարգացող և մարդակենտրոն հասարակությանը, կարելի է պարզապես հպանցիկ թերթել ֆեյսբուքյան մեծ լսարան ունեցող խմբերը, որտեղ քննարկվում են հղիության, ծննդօգնության, երեխայի խնամքի, կերակրման ու առողջության վերաբերյալ հարցերը։  Խառնաշփոթը սկսվում է դեռ ծննդատներից, որտեղ շատ հաճախ ապագա մայրերը հանդիպում են անփույթ, անուշադիր, կոպիտ վերաբերմունքի, որը ոչ միայն ազդում է նրանց հոգեհուզական վիճակի վրա, այլև իր հետքն է թողնում նաև ֆիզիկական մակարդակում՝ նպաստելով լարված, բացասական ծննդաբերական փորձառություն ունենալուն։  Կանայք ստիպված են լինում գրեթե ամեն րոպե կռիվ տալ ծննդաբերության պրոցեսն առանց իրենց իմացության արագ «հորով-մորով» անելու համար օգտագործվող տարբեր բժշկական միջամտությունների, արհեստական կաթնախառնուրդ «նաղդող» բուժքույրերի ու կրծքով կերակրման պրոցեսում կրթության և ճիշտ ուղղորդման կատարյալ բացակայության, շատ դեպքերում՝ բժշկական հիմնավոր ցուցում չունեցող «արագ և ապահով» կեսարյան հատումների հետ։  Եթե ինչ-որ մեկը վստահ չէ, թե այս երևույթներն ինչպես են կոչվում, ես կհուշեմ․ վերը թվարկվածները բռնության տեսակներ են՝ ֆիզիկականից մինչև հոգեբանական։  Կանայք՝ ապագա մայրերը, Հայաստնում ենթարկվում են բռնության, և այս գործընթացն իրականացվում է շարունակաբար և բացեիբաց՝ առանց կոծկելու փորձ անգամ անելու։    Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]   Պետությունն ու հանրային լայն շրջանակները, որ առավոտից երեկո խոսում են ծնելիության խթանման, ազգային գենոֆոնդը մեծացնելու կարևորության մասին, տեղյա՞կ են, որ Հայաստանում չկա համակարգային մոտեցում՝ կանանց, մանկահասակ երեխաների առողջության և ծնողավարության բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում։  Պետությունն ու հանրությունն առհասարակ ցանկանու՞մ են իսկապես աջակցել առողջ սերնդի ձևավորման գործընթացին, թե՞ մենք ամեն դեպքում որոշել ենք որպես ուղենիշ վերցնել «մեր տատերն ու պապերը պակա՞ս սերունդ են մեծացրել» իմպոտենտ կարգախոսը։  Համաձայն համաշխարհային վիճակագրության՝ մայրերի 97%-ը կարո՛ղ է կերակրել իր երեխային, եթե ստանա  անհրաժեշտ գիտելիք և աջակցություն, սակայն, սրան զուգահեռ, արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների տոկոսը Հայաստնում ամեն տարի գնալով աճում է՝ հասնելով մինչև 40% և ավելիի։ Այստեղ հարց է առաջանում. մայրերը չե՞ն ցանկանում ստանալ գիտելիք, թե՞ նրանց որևէ մեկը չի էլ տալիս այն:  Մի՞թե այստեղ չկա անելիք, մի՞թե առողջ սերունդ մեծացնելն այսքան ոչ առաջնահերթ է մեր պետության և հասարակության համար։ Մի՞թե այդքան անկարող ենք, որ երազանք է թվում այն օրը, երբ Հայաստանի յուրաքանչյուր ծննդատուն կունենա գոնե 1 արդի գիտելիքներով կերակրման մասնագետ, որն ապագա ու նոր մայրերին բավականաչափ գիտելիք կփոխանցի ու օգնություն ցույց կտա, որ մայրերը հույսները չդնեն ֆեյսբուքյան խմբերում խորհրդատվություն ստանալու վրա։ Նշեմ, որ ներկայումս մեր բուժհաստատություններում բացակայում են կրծքով կերակրման սրետիֆիկացված մասնագետները․ այս կարևոր առաքելությունը բաժան-բաժան է արված տեղի բուժքույրերի ու մանկաբույժների միջև։   Մի՞թե պոպուլիզմի ճիրաններում տառապող կառավարությունները չեն ուզում այս խիստ պոպուլիստական քայլն անել՝ գոնե այս դեպքում մի շոշափելի օգուտ բերելով հանրային առողջությանը։  Իսկ ի՞նչն է խանգարում, որ ամեն քայլափոխի հանդիպող Աստվածաշնչյան մեջբերումներով պաստառների կողքին հայտնվի նաև տեղեկատվություն մոր և մանկան առողջության պահպանման մասին։ Շարունակ խոսվում է կրծքագեղձի քաղցկեղի սարսափելի վիճակագրության մասին, բայց ես չեմ հանդիպել գեթ մեկ ինստիտուցիոնալ քարոզչություն այն մասին, որ այդ քաղցկեղի ռիսկը էականորեն նվազում է կրծքով կերակրման շնորհիվ։ Մեր ազգային բնութագրի մա՞սն է դարձել պատճառը գտնելու փոխարեն միայն հետևանքը վերացնել փորձելը։  Շատերը, ամեն դեպքում, գուցե այդպես էլ չպատկերացնեն, թե մեր հասարակությունում ինչքան են ատում մայրերին։ Այո՛, ատում են․ եթե չատեին, հենց կանայք, որոնցից շատերը անցել են այս շրջափուլի միջով, այգում կամ հանրային վայրում կերակրող կամ մանկահասակ երեխայի հետ սրճարան այցելող մորը ամոթանք տալով չէին թիրախավորի ու հորդորի «մնալ տանը, մինչև երեխան մեծանա»։  Ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը պատրաստ չեն ընդունել ու սատարել մայրերին, իսկ քանի դեռ այսպես է, պիտի մայրերի ամեն օրը դառնա հասկացված, ընդունված ու կարևորված լինելուն ուղղված պայքար։ Այնպես որ, սիրելի՛ կանայք, խորը և դանդաղ շո՛ւնչ քաշեք և էլ ավելի դանդաղ արտաշնչե՛ք. այս կատարյալ քաոսից դուրս գալու միակ ելքը մնացել է մեր ինքնահզորացումն ու այս խնդիրների մասին հնարավորինս շատ բարձրաձայնելը: Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Գայանե Աբրահամյանին և Էմմա Արզիևային: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:  Հղիների յոգայի ուսուցիչ, ծննդաբերության դուլա (օգնական)
17:04 - 08 մարտի, 2021
Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սիրիացիներն «Իսկանդերի» չպայթած հրթիռ չեն նկարել․ տարածվող տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է

Սոցիալական ցանցերում եւ որոշ սունկ լրատվականներում տարածվում է մի հրթիռային համալիրի հրթիռի տեսանյութ՝ մեկնաբանությամբ, թե Փաշինյանը ճիշտ էր՝ գտնվել է «Իսկանդերի» չպայթած հրթիռը՝ ինչպես ասում են սիրիայի արաբներն ու քրդերը։ Տեսանյութի սկզբնաղբյուրը սլովակյան Armádny magazín կայքն է, որտեղ տեղադրված տեսանյութում եւ հոդվածում ոչ թե ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռ է ներկայացված, այլ դարձյալ ռուսական Точка-У տակտիկական հրթիռային համալիրի հրթիռը։ Նախ նշենք, որ սկզբնաղբյուր կայքի՝ օրերս հրապարկված հոդվածի վերնագրում գրված է «Sýrii došla trpezlivosť – balistickými raketami Točka-U zbombardovala protureckých militantov», որը թարգմանաբար նշանակում է «Սիրիան համբերություն չունեցավ. նա «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով ռմբակոծեց հակաթուրքական զինյալներին»։ Այսինքն՝ սլովակյան մասնագիտացված կայքի վերնագրում արդեն իսկ գրված է, որ Սիրիան է հրթիռակոծել, եւ հրթիռակոծել է ոչ թե «Իսկանդերով», այլ «Տոչկա-Ու»-ով։ Նյութում «Իսկանդերի» մասին որեւէ խոսք չկա։ Սակայն եթե կարծենք, թե տեսանյութն առանց մեկնաբանության է հայտնվել հայաստանյան մեդիատիրույթում, ապա դրանում երեւացող հրթիռի վրա նշված է կոդ, որով հնարավոր է պարզել՝ այն որ համալիրինն է։ Այս պարագայում տեսանյութում երեւացող հրթիռի վրա դաջված է 9M79M: Google որոնողական համակարգով հնարավոր է պարզել, որ այս կոդն ունեցող մասերը «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրինն են, մասնավորապես, դրանց հիմնական տարրը՝ 9M79M (9M79-1) պինդ շարժիչով բալիստիկ հրթիռը։ «Տոչկա-Ու»-ի բնութագրին ու մարտական օգտագործման մանրամասներին կարող են ծանոթանալ MilitaryArms.ru կայքում։ Բացի այս՝ հոդվածում նշված է, որ տեղացիների փոխանցմամբ՝ խոշոր պայթյունները եղել են սիրիական Ալ-Բաբ եւ Ջարաբլուս բնակավայրերի մոտակայքում, այսինքն՝ Հայաստանից ու Ադրբեջանից կիլոմետրերով հեռու։   Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում տարածվող լուրը, թե սիրիացիները տեսանյութ են տարածել, որտեղ Հայաստանի կիրառած Իսկանդերի հրթիռն է, իրականությանը չի համապատասխանում․ տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է, իսկ նյութը Հայաստանի հետ կապ չունի։
13:24 - 08 մարտի, 2021
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրենի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ

Հայանտառ ՊՈԱԿ-ի Ճամբարակի մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել էր նույն անտառտնտեսության աշխատակից Սարմեն Ղուկասյանի (հոդվածում՝ Արմեն Ղուկասյան) հարցազրույցից մի հատված, որտեղ Ղուկասյանը հայտարարել էր «կա′մ ես կմեռնեմ, կա′մ Իրինան»։ Հովհաննիսյանը այն համարել էր ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիք պարունակող հայտարարություն։  Սարմեն (Արմեն) Ղուկասյանը, որն ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, պատմել է, թե արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեկնել է ռազմաճակատ, մինչև Ճամբարակ վերադառնալը զանգել է իր մանկահասակ երեխաներին, ասել, որ անտառից չոր փայտ հավաքեն՝ վառելու, տաքանալու համար։ Վերադառնալուց հետո ինքը կուտակած փայտը բերել է տուն։ «Իմ դեմ քերական գործեր են հարուցել այդ չոր փայտի համար։ Ոստիկանները եկել են, տեսել են, որ չոր փայտ է, դրանից հետո եկել են Հայանտառի տղաները, որոնք տեսան, որ փտած փայտ է։ Ինձ ասացին՝ դասավորիր փայտը, որ հասկանանք՝ քանի խորանարդ մետր փայտ է․ մոտ 3 խորանարդ մետր էր։ Հետո եկել են Ազգային պարկից, իրենք էլ տեսան, որ չոր փայտ է, բայց գործ հարուցեցին իմ վրա»,- պատմել է Ղուկասյանը։  Վերջինս Հովհաննիսյանին մեղադրում է, թե իրեն աշխատանքից հեռացնում են, որպեսզի անտառը ոչնչացնեն։ Ղուկասյանն ասել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս և ունի ապացույցներ։ Այնինչ Իրինա Հովհաննիսյանը սուտ է համարում Ղուկասյանի հնչեցրած մեղադրանքները։ Infocom.am-ի հետ զրույցում նա շեշտեց, որ ապացույցներ ունեցող մարդը միանգամից կգնար ոստիկանություն և ոչ թե կզանգահարեր լրագրողների․ «Առհասարակ, այդ աշխատակիցը, որը հիմա անտառտնտեսությունում է աշխատում, իր կոնֆլիկտային վարքով է աչքի ընկնում, ինքն անընդհատ քրեական տարբեր գործերի մեջ է։ Ինձ համար անակնկալ չէ, որ այս անգամ էլ իմ անունն է շոշափվում։ Ձեռքից մաքուր չէ, ուղղակի մեր ոլորտը այնպես է, որ շատ դժվար է հենց գողության վրա բռնել մարդուն, մանավանդ, եթե այդ աշխատակիցն ապրում է այդ բնակավայրում՝ այն տարածքում, որը ինքն է սպասարկում»,- մանրամասնեց անտառտնտեսության տնօրենը։ Վերջինս հայտնեց, որ իրենք անընդհատ վարչական ռեսուրս են ծախսում՝ մոնիթորինգ իրականացնելու համար։ Հովհաննիսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, դատախազությունում արդեն մեկ գործ է քննվում՝ Ղուկասյանի կողմից փափուկ վառելափայտի վաճառքի փորձի վերաբերյալ։ Սա, ըստ մեր զրուցակցի, երկրորդ դեպքն է, որն արձանագրվել է մոնիթորինգային այցերի ժամանակ․ «Ղուկասյանը ագրեսիվ վարք է դրսևորել, ինքն ազնիվ չէ հարցազրույց տալու ժամանակ, իրողությունը ներկայացնում է միայն իրեն շահեկան դիրքից։ Անտառտնտեսության աշխատակիցները՝ պահպանության գծով տեղակալը և ինժեները, ուղղակի պլանային ստուգումներ են անում, երբ հայտնաբերել են այդ փափուկ վառելիքը, գնացել են իր տուն, ինքը աշխատանքային ժամին եղել է տանը, ոչ թե անտառում։ Գնացել են տուն, որպեսզի պարզեն այդ վառելափայտի ծագումը։ Ղուկասյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին և սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով։ Այդ օրը շատ բան չեն կարողացել անել, բայց ֆիքսել են, որ բակում նույնպես 3,5 խորանարդ փափուկ վառելափայտ ունի»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց Հովհաննիսյանը։  Աշխատակիցները վերադարձել են, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, ելնելով աշխատակիցների ֆիզիկական անվտանգությունից, դիմել է ոստիկանություն և խնդրել սանձել այդ աշխատակցին։ Ոստիկանությունը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այցելել է Ղուկասյանին և իրականացրել իր պարտականությունները․ «Ի պատիվ իրենց՝ ոստիկանները շատ օպերատիվ են գործում, խնդիրներ չունենք ոստիկանության հետ։ Գնացել են, արձանագրել, ինձ ասացին, որ նյութի մեջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել և ասել, որ առանց փաստաթղթի է փայտը դուրս բերել։ Հարցազրույցում ինքը նշում է, որ պատերազմի դաշտում է եղել, ինչն ակնհայտ սուտ է․ ինքը մոբի հետ Ճամբարակում է եղել և ոչ մի փամփուշտ չի արձակել։ Դա մանիպուլյացիա է, երևի խղճահարություն առաջացնելու համար է անում»,- ասաց Հովհաննիսյանը։  Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս հավելեց, որ անձնական խնդիրներ չունի որևէ աշխատակցի հետ, քանի որ սա պետական հիմնարկ է, իրենը չէ։ Հովհաննիսյանը պատմեց, որ երբ իրեն նշանակել են անտառտնտեսության ղակավար, ինքը խոստացել է, որ այդ համակարգը աղբից պետք է մաքրի․ «Աղբ ասելով՝ նկատի ունեմ այն մարդկանց, որոնք նոր կանոնները չեն ընդունում և շարունակում են գողություն անել։  Եթե նույնսիկ իմ նախաձեռնությամբ որևէ աշխատակից  հեռացվում է աշխատանքից, դա լինում է միայն օրենքով սահմանված կարգով։ Եթե ես պայքարում եմ կորուպցիայի դեպ, ապա դա ինձ էլ է վերաբերում»,- նշեց անտառտնտեսության տնօրենը։  Հովհաննիսյանի խոսքով՝ ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ անկախ աշխատակցի բարեվարքությունից՝ հնարավորություն չլինի գողություն իրականացնել, սակայն մինչև այդ ռեֆորմների իրականացումը պետք է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց հանդեպ վստահությունը մեծ կլինի։  «Ամեն դեպքում այն ամենը, ինչ ինքը նշել է հարցազրույցում իմ կամ աշխատակիցների մասին, որևէ լուրջ հիմք չունի։ Ոստիկանությունից իմ հանդեպ հնչած սպառնալիքների վերաբերյալ շատ բան չեմ ակնկալում, բայց նաև չեմ վախենում, որովհետև դա մարդու բնույթն է․ եթե ասել է նման բան, չի նշանակում, որ պետք է նաև անի։ Ինքը ոչ միայն ինձ է սպառնացել, այլև բոլոր մյուս աշխատակիցներին, որոնք պատասխանտու են վերահսկողության համար․ բառացի ասել է՝ «մտնեն իմ անտառ՝ փորները կթափեմ»։ Չգիտեմ, թե ոստիկանությունն ինչպես կարձագանքի, եթե ընթացք տան՝ մենք կհամագործակցենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  Ոստիկանությունից Infocom-ին հայտնեցին, որ Հովհաննիսյանի հրապարակման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել Քննչական կոմիտե։  Լուսանկարը՝ Իրավաբնների հայկական ասոցիացիայի։  Ասպրամ Փարսադանյան
19:02 - 05 մարտի, 2021
Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան

Քաղաքական ուժերին կոչ եմ անում միանալ, որ գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. Մարուքյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ ԱԺ վերջին քառօրյային, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում էր ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, իսկ նստաշրջանի վերջում մեծամասնական խմբակցությունը որոշեց չընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Մարուքյանի խոսքով՝ մեր երկրում, պետությունը որևէ ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չունի և այս գործընթացը իր համար անհասկանալի էր։  «Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիրներին, իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք չի եղել իմ հերոսը, բայց ի՞նչ է ստացվում, երբ իրենք ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի, և բողոքի ձայն են հնչեցնում, որ կարծես թե այդ հրահանգները չեն կատարվում։ Դրա համար ենք ուզում ասել, որ այստեղ անազնիվ մոտեցում կա՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ անկախ դատական իշխանություն, թե՞ ուզում ենք ունենալ կամակատար դատական համակարգ, որից իշխանությունը գոհ կլինի»,- հավելեց Մարուքյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում կա մի ինդիկատոր՝ եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում են դատական իշխանությանը, ուրեմն՝ դատական իշխանությունը լավ է աշխատել։ Մարուքյանի խոսքով՝ այս օրերին քաղաքական մեծամասնությունն իր պահվածքով ուղերձ տվեց միջազգային կառույցներին, որ այս դատական համակարգը լավ է աշխատում, որովհետև եթե վատ է աշխատում՝ գործադիրի համար է աշխատում, ուրեմն՝ գործադիրը չի բողոքում։  «Կհիշեք նախկինում նման բան, որ դատական իշխանության ղեկավարությանը խորհրդարանում քննադատեին, որովհետև իրենց ինչ պետք էր, անում էին։ Հիմա, եթե դրա հակառակն է, կարո՞ղ է լավ է»,- հավելեց Մարուքյանը։ Երկրորդ հանգամանքը, որին անդրադարձավ խմբակցության ղեկավարը, իր առաջարկի՝ ԳՇ պետի խնդրի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ էր։ Մարությանը նշեց, որ քաղաքական ճգնաժամը երկրում ավելի է խորացել, և դրան գումարվել է Զինված ուժերում ստեղծված ճգնաժամը, և այս իմաստով վերջինս առաջարկում է բանակին հանգիստ թողնել և գնալ ընտրությունների։ «Երեկ վարչապետի հետ ունեցել ենք հանդիպում, ուզում եմ ասել , որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումը այն առաջարկն է, որը մենք արել ենք։ Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել, ես ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը, որպեսզի այս ճգնաժամը օր առաջ հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ճանապարհը դա է՝ ճգնաժամից դուրս գալու»- եզրափակեց Մարուքյանը։
11:49 - 05 մարտի, 2021
Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։ «Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։ Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։  «Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։ Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։ «Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։ Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։  Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։ «Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:49 - 04 մարտի, 2021
Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. Անահիտ Ավանեսյան

Այսօր  կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված դրությանը՝ նշելով, որ վերջին օրերին Հայաստանում վարակի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչը անհանգստացնող է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կոնկրետ վիճակագրական տվյալներ։ Վերջինս հաստատեց, որ վերջին օրերին կա հիվանդացության թվերի աճ, և երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից դրական է ախտորոշվել 491 դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Ավանեսյանը հավելեց․ «Եթե մենք հունվարին և փետրվար ամսվա սկզբին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, մինչև 16 տոկոս ունենք, և մեր կանխատեսումներով հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա։ Ի՞նչ պետք է անենք․ պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը և եթե ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, մեզ՝ նոր սահմանափակումների կիրառումից, ապա ամեն բան պետք է անենք մեր կողմից, որ կանխենք հհիվանդության տարածումը»։ Նախարարը վերահսկողական մարմինների ուշադրությունը հրավիրեց գալիք  տոնական օրերի իրադարձությունների՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում շարժի ավելացման վրա և ընդգծեց, որ այդ օրերին նշված վայրերում պետք է իրականացվի հստակ վերահսկողություն։ Նրա խոսքով՝ հանրությունը իր կարգապահությամբ պետք է ներդրում ունենա պաշտպանելու բոլորի առողջությունը, երկրի տնտեսությունը և ստեղծի հնարավորություն պահպանելու հիվանդացության թվերի կառավարելիի շրջանակները։ «Այսօր մենք արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները , ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ճ-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Եթե նույնիսկ մենք իվիճակի լինենք բոլորին պատշաճ բուժօգնություն տրամադրելու գիտեք, որ հիվանդացությունը ունի 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց նախարարը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որ թիրախային վերահսկողական միջոցառումների մասով ուժեղացում իրականացվի։ «Ինչպես մեր սեփական փորձն է ցույց տալիս, մենք լավ հաջողություններ ենք ունեցել՝ դա անելով ամռանը, աշնանը կարողացել ենք դիմանալ։ Հույս ունեմ, որ այա ալիքին նույնպես կարող ենք դիմանալ»,- նշեց Թորոսյանը։  Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք նորություններ չկան պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, առողջապահության նախարարը պատասխանեց, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են, «Կովաքսի» հարթակում բանակցությունները շարունակվում  են, ընդհանուր պրոցեսի դանդաղեցում կա, սակայն նախարարությունը փորձում է իր այլ երկրների գործընկերների հետ քայլեր ձեռնարկել, որպեսզի զարգացող երկրների հասանելիությունը ապահովվի։ «Հույս ունենք, որ գարնանը պետք է ունենանք առաջին խմբաքանակը։ Ռուսական կողմի հետ  էլ բանակցությունները ավարտված են՝ առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքվում է, ակնկալում ենք նաև առաջին ամսվա մեջ այս խմբաքանակի ներկրումը»,- տեղեկացրեց Ավանեսյանը։ Նախարարը նաև շեշտեց, որ պատվաստման գործընթացին զուգընթաց էլ պետք է շարունակվի դիմակների կրումը, որը համընդհանուր որոշում է։ Ավանեսյանը անդրադարձավ նաև հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե մեկ անգամ վարակված անձը այլևս չի վարակվում և նշեց, որ ապացուցված գիտական որևէ մոտեցում չկա, որ այլ շտամներով նրանց կողմից վարակումը բացառված է։ Նախարարը նշեց, որ վարակված և առողջացած քաղաքացիները նույնպես պետք է կրեն դիմակներ։
11:49 - 04 մարտի, 2021
Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին և պահպանվում է մինչ այսօր․ ԲԴԽ նախագահ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով խորհրդարան եկած ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց, թե շատ հեշտ է ասել՝ «եթե մեղավոր եմ, ապա կպատժվեմ»։ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 15-ի իր կոչով Վարդազարյանը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը, և որ դա սովորական հայտարարություն չի եղել:  «Եթե փաստերը համադրենք իրար հետևից՝ պատերազմական գործողություններ էին,  պատերազմի ընթացքում կոչեր՝ իշխանությունը գրավելու, հետո նոյեմբերի 9-10, հետո ձեր հայտարարությունը, հիմա էլ ԳՇ որոշ հրամանատարների հայտարարությունը։  Հիմա ամեն մեկը ասի դա իմ սրտից բխող հայտարարությո՞ւն է, այդպես չի լինի։ Ես համոզված եմ, որ եթե ձեզ մնար, դուք այդ հայտարարությունը չէիք անի կամ գոնե կբաշխեիք այդ ռիսկերը ԲԴԽ մյուս անդամների հետ»,- հավելեց պատգամավորը։  «Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից, ավելին՝ ոչ ոք չի կասկածում, որ դատական համակարգում կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ դատավորներ, սակայն քաղաքական նման իրողությունների մեջ ներքաշվող համակարգին հասարակությունը անվստահություն է հայտնում, քանի որ սպանության, բռնության կոչեր անող մարդիկ շարունակում են մնալ ազատության մեջ»,- հավելեց Քոչարյանը: Վերջինս ԲԴԽ նախագահին հարցրեց, թե արդյոք պահպանվե՞լ են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ, որովհետև, Քոչարյանի խոսքով, նման հայտարարություններից հետո արտախորհրդարանական ուժերը ոգևորվում են։  Վարդազարյանը պատասխանեց, որ համաձայն չէ Քոչարյանի այն դիտարկման հետ, թե իր կոչով վնասել է երկրի ներքին կայունությանը և անվտանգությանը։  «Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից: Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը՝ այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը: Վարդազարյանը ասաց, որ իր գործունեության տարբեր փուլերում գործնական տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Վանեցյանի հետ։ Վարդազարյանի խոսքով ընկերական հարաբերությունները օգնել են, որ գործը առաջ գնա, այդ հարաբերություններն ունեցել են իրենց ազդեցությունը։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արթուր Վանեցյանը չի ունեցել,  չունի և չի էլ կարող ունենալ ազդեցություն ինձ վրա։ Եթե ես զգամ, որ ինձ վրա կա ճնշում որևէ ուժի կողմից, ապա ես խոստանում եմ՝ և՛ օրենքի պահանջը կկատարեմ, և՛ համապատասխան հաղորդում կտամ գլխավոր դատախազին, և՛ կդիմեմ ԲԴԽ-ին։ Տեղյակ կպահեմ, որ ինձ վրա կա ճնշում կամ փորձում են ազեցություն կիրառել»,- հավելեց ԲԴԽ նախագահը։  Արձագանքելով պատասխանին՝ Անդրանիկ Քոչարյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց հեռու պահել դատական համակարգից բոլոր ազդեցությունները, որոնք կվնասեն մեր երկրի կայունությանը։ Վարդազարյանը հավելեց, որ կհետևի պատգամավորի կոչին և ամեն ինչ կանի, որպեսզի դատական համակարգը հեռու պահի քաղաքական որևէ ազդեցությունից։ 
17:05 - 03 մարտի, 2021
Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք, թե ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի Ձեր հայտարարությամբ։ Մեկ էլ ասեմ, որ եկել եք «սատանի մայլեն քյանդրբազություն եք անում», այդ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Ձեզ հարց ուղղելուց առաջ, ուզում եմ դիմել իշխանական ֆրակցիային՝ այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ոչ թե այս մարդու դատական համակարգի վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»,- հավելեց նա։ Իր ելույթում Բաբաջանյանը հեռախոսով միացրեց նաև նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ի հրապարակած ձանագրությունը, որտեղ ազատամարտիկ Աշոտ Մինասյանը և ԱԺ նախկին պատգամավոր, Նախկին գումարման ԱԺ «Հայաստանի Հանրապետական» խմբակցություն անդամ Վահրամ Բաղդասարյանը քննարկում էին մի շարք գործողություններ՝ մասնավորապես գործող վարչապետին կյանքից զրկելու վերաբերյալ։ Բաբաջանյանը մասնավորեպս նշեց․ «Դուք ասացիք, որ եկել եք Ձեր գործընկերներին ներկայացնելու, բայց ես առաջարկում եմ լսել Ձեր իրական ընկերների խոսակցությունը։ Սա Ձեր ընկերների, նախկին պաշտոնյանների խոսակցությունն է, ես ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության վրա և այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ խոսակցությունը՝ նոյեմբերի 14, պարո՛ն Վարդազարյան։ Այդ մարտակոչը, որն արել եք նոյեմբերի 15-ին ուղղակի կապ ունի այս մտադրության և այս՝ Ձեր ընկերական շրջանակի հետ։ Ի դեպ, Դուք այստեղ  խոսում եք, արտահայտում եք Ձեր վերաբերմունքը Բաղրամայան պողոտայում հնչող բռնությունների վերաբերյալ։ Ձեր տղան Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից մեկն է, այնպես որ դրա մասին էլ եմ ուզում խոսեք, բայց նաև ուզում եմ պատասխանեք՝ որ այդպես մխրճվել եք դատական համակարգ և կարողացել եք բարեկեցիկ կյանք ապահովել Ձեզ համար, հարց է առաջանում՝ կա՞ գոնե այնպիսի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, հետո կենտրոնի դատարանի նախագահ և կարող եք համարել, որ Ձեր գործունեությւոնը և կյանքը միայն հանուն ՁԵզ չի անցել։ Մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում՝ Հայաստանի Հանրապետության իրավունքի զարգացման մեջ»։  Վարդազարյանը, արձագանքելով Բաբաջանյանի հարցերին, պատասխանեց, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կտը, դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի առաջին մաս 3-րդ կետը, դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը իրեն զսպում են, որ ԲԴԽ նախագահը  չպատասխանեի պատգամավորին իր բառապաշարով և բառամթերքով։ «Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք այստեղից գնալուց հետո, ես դիմելու եմ ԱԺ խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, այժմ կարգավորումները չեմ հիշում և խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար։ Չեմ պատասխանի Ձեր մյուս հարցերին՝ նույն պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է իմ որդուն, որը որ, Ձեր պնդմամբ, Բաղրամյան փողոցի ակտիվիստներից է, ապա տեղեկացնեմ Ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ պառկել է հիվանդ, մի շաբաթ առաջ վիրահատվել է և այժմ էլ հետվիրահատական բուժում է ստանում՝ տանը պառկած»,- հավելեց Վարդազարյանը։ Վերջինիս խոսքով՝ Բաբաջանյանի պնդումները  քայլ են փորձել վիրավորել, գոտկատեղից հարվածել և ԲԴԽ նախագահի  ընտանիքի անդամներին ներքաշել այս զրույցին, այս հարցադրմանը։ Վարդազարյանի կարծիքով նման վարքագիծը հարիր չէ ԱԺ պատգամավորին։ Վարդազարյանը խոսք տվեց, որ այն պահին, երբ այլևս չի լինի դատավոր, ավելի խիստ կպատասխանի Բաբաջանյանին։  Արձագանքելով ԲԴԽ նախագահին՝ Բաբաջանյանը նշեց, որ կցանկանար՝ ԲԴԽ նախագահը կոռեկտության սահմաններում մնար նաև նոյեմբերի 15-ին, երբ նման մարտակոչ էր  հղում համակարգին և քաղաքկան ուժերին, ովքեր պատրաստվում էին երկրում ծանրագույն հանցագործություն գործել։ Բաբաջանյանը ևս մեկ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին․ «Ես քանի որ նաև ինչ-որ իմաստով հետապնդում եմ Ձեզ, գիտեմ, թե ում հետ եք հանդիպում։ ԲԴԽ-ում սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված գործընթացը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումի համաձայն։ Այդ դիմումը ներկայացնելուց օրեր առաջ Կարինե Պետրոսյանի հետ հանդիպել եք «Տիցիանո» սրճարանում և սուրճ եք խմել , կարե՞լի է իմանալ՝ այդ հանդիպման բովանդակությունը որևէ կերպ առնչվե՞լ է Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված վարույթի հետ»։  Վարդազարյանը տեղեկացրեց, որ ունի ընտանեկան, ընկերական հարաբերություններ ունի Կարինե Պետորսյանի հետ, և երբ ԲԴԽ-ում ասկսել է քննվել Կարինե Պետրոսյանի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթը, ԲԴԽ նախագահը ինքնաբացարկ է հայտնել։  «Թե ինչ ենք խոսել իր հետ սրճարանում, բացառապես իմ և տիկին Պետրոսյանի խնդիրն է։ Ես ինքնաբացարկ եմ հայտնել, նրա վերաբերյալ որևէ վարույթի չեմ մասնակցել և չեմ մասնակցելու»,- եզրափակեց Վարդազարյանը ։
14:03 - 03 մարտի, 2021
Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Պարոն Վարդազարյան շատ լավ է, գովելի է, որ Դուք երեկվանից հետո կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքը, բայց այն, որ էստեղ հնչում են որոշ հարցեր, դրանք միայն մեր  հարցերը չեն։ Աժ-ն որպես ներկայացուցչական մարմին ներկայացնում է հանրության շրջանում առկա հարցերը, դա նշանակում է, որ կա խնդիր։ Այսօր Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կնոջորյանը։  Վերջինս դիմեց ԲԴԽ նախագահին՝ շեշտելով, որ Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը՝ նախագահ, դատավոր կարևոր է, և ԲԴԽ նախագահը իր գործունեության ընթացքում  պետք է որ հասկացած լիներ, որ խնդիրները անտեսելով՝ խնդիրը չի լուծվում։ «Ձեր պահվածքը այսօր խնդիրը անտեսելու, այդ խնդրից պաշտպանվելու ճանապարհն է, որը Ձեր իրավունքն է, բայց միևնույնն է, եթե Դուք շարունակեք խնդիրը անտեսել՝ խնդիրը չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞Նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ՝ Դուք նպաստե՞լ եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը՝ նպաստել եք, որ այդ հեղինակությունը և վստահությունը ՀՀ քաղաքացիների մոտ ավելի նվազի»։  Վարդազարյանը հարցին ի պատասխան շեշտեց, որ վստահ է՝ իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։ ԲԴԽ նախագահը հավելեց․ «Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնը, ես վստահաբար կարող եմ պնդել, ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է և փոխանակ այդ անկախության դրական արդյունքները այսօր գովելի համարեք, Դուք վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ, որի վերաբերյալ կարծիք եք կազմում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»։  Պատասխանին արձագանքեց Կոնջորյանը, որն ասաց, կիսում է Վարդազարյանի կարծիքը և շեշտեց, որ դատական իշխանությունն անկախացել է գործող, կառավարող իշխանությունից, սակայն հարց է առաջանում՝ դատական իշխանությունը անկախացե՞լ է նաև այլ ուժերից, մանկության ընկերների կապերից, արդյո՞ք անկախացել է փողի, ստվերային գործարքների կապերից։ Կոնջորյանի խոսքով՝ դա չափազանց կարևոր է, և իրենք՝ որպես իշխանություն, ունեն հիմանարար, լեգիտիմ իրավունք այս հարցադրումներով փորձել շարունակել այնպես, որ դատական իշխանությունը անկախանա։  ԲԴԽ նախագահը, անդրադառնալով արձագանքին, պնդեց, որ դատական իշխանությունը իրապես անկախ է։ Արձանագրելով նաև այն փաստը, որ Հայաստանում ոչ ոք՝ սկսած ԲԴԽ նախագահից, որևէ քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների որոշումներ կայացնելու վրա՝ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նման փորձերը շատ արագ կանխվում են, հենց սկզբնական փուլում, եթե այդպիսիք լինում են։ «Միակ ճնշումը, որը նկատում եմ այս պահին, հանրային ճնշումն է, որը և՛ գովելի է, և՛ ունի որոշակի խնդիրներ։ Հանրային արդարադատություն, դատարանի առջև կանգնած ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել որևէ կերպ արդարադատության իրականացման։ Այդ պատճառով իմ հանրային խոսքերից մեկում ասել եմ՝ ջինն արդեն դուրս է եկել սրվակից, այլևս հնարավոր չէ, որ ջինին հետ մտցնենք սրվակի մեջ։ Դատական  իշխանությունն ազատ է և չկա Հայաստանում որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ, ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը, շեշտելով, որ այս ամենը ոչ միայն իր, այլև ողջ դատական համակարգի և իր գործընկներների արձանագրումն են։ 
11:31 - 03 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ

Հետպատերազմյան Արցախ [մաս 1]. Երեւան-Ստեփանակերտ

Ուղեւորներն ավտոբուսի մեծ լուսամուտներից լուռ նայում են լեռներին ու արեւագալին․ թեեւ «մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին» ու վեց ժամ անցնելիք ճանապարհ ունենք, ոչ մեկն աչք չի կպցնում։  Արցախի Հանրապետություն հասնելն ազդարարող երեք դրվագ կա այսուհետ․ լեռներն ու Սյունիքի մարզի՝ արդեն սահմանամերձ Տեղ համայնքի մոտակայքում հայ սահմանապահների անցակետը, ապա Ռուսաստանի Դաշնության՝ հեռվում երեւացող դրոշը՝ խաղաղապահների պահակետում։  Ռուս խաղաղապահների առաջին պահակետին մոտենալիս բոլորս պատրաստում ենք անձնագրերը, տղամարդիկ ավելի զգաստանում են, կանայք, կարծես, մտահոգվում։ Խաղաղապահը նայում է հատկապես տղամարդկանց անձնագրերը, աչքի անցկացնում կանանցը, ու մաղթում доброго пути․ Լաչինի միջանցքով անցնելիս ընդհանուր լարվածություն կա մեծ ավտոբուսի մի ծայրից մյուսը։ Պատերազմից հետո առաջին անգամ Արցախ գնացողները ենթադրություններ են անում ճանապարհի հնարավոր վտանգների, կամ գուցե խաղաղապահների ոչ շատ լավ վերաբերմունքի մասին։ Հարազատներ, ընկերներ հընթացս գրում են՝ հը՞, տեղ հասա՞ք, հը՞, նորմա՞լ է, հո խնդիրներ չեղա՞ն։ Երեւի արդարացված անհանգստություն է, բայց դրա պատճառը «պաշտոնական Երեւանում» Արցախի վերաբերյալ ինֆորմացիոն բլոկադան է․ իսկ իրականությունն այլ է, ինչի մասին՝ հաջորդիվ։ Ռուս խաղաղապահների պահակետերում երեքից ավելի ծառայողներ կան․ ավելիին մենք չենք տեսնում, բայց որ կան՝ հաստատ է։ Նրանք իրենց դիրքում ակնհայտորեն զգոն են, նաեւ հարգալից։  Ստեփանակերտ գնալու ճանապարհին՝ Շուշիի մոտակայքում, խաղաղապահների չորս պահակետ կա։ Մեր ընթացքին զուգահեռ՝ ադրբեջանական ռազմական ավտոշարասյուն է գնում Շուշի։ Այդ ժամանակ խաղաղապահները կանգնեցնում են Հայաստանից եկող մեքենաների ընթացքը, որպեսզի երկու կողմերը որեւէ կերպ միաժամանակ նույն ճանապարհին չհայտնվեն։ Շարասյունն անցնում է, մուտքը բացվում է նաեւ մեզ համար։ Խաղաղապահներն ամեն պահակետում հերթով չեն ստուգում ուղեւորներին, նրանք մշտական կոմունիկացիա ունեն ամեն հաջորդ ու նախորդ դիրքի հետ։ Առանց խնդրահարույց պահերի՝ ճանապարհն անցնում ենք, եւ եթե նույնիսկ ամեն մետրում թաքնված վտանգ կա, կարծում եմ՝ տխրությունը ճնշում է այդ զգացումը, երբ Շուշիին միայն ներքեւից ու հեռվից կարող ես նայել, երբ ձախից ռուսաց դրոշն է, աջից՝ հակառակորդի։ Բայց այս զգացումն էլ գոնե այդ պահի համար մշտամնա չէ։ Պատկերն ամբողջովին փոխվում է Ստեփանակերտի առաջին սանտիմետրից, որտեղ ծածանվում է Արցախի դրոշը։ Հաջորդիվ ամեն քայլին վերեւում կախված են սպիտակ միջագծով եռագույնները։ Նույն օրը երեկոյան Արցախի ջահելներից մեկն ասում է՝ «ես էդ սպիտակը կտրելու եմ՝ հանեմ, երկու կողմն իրար կարեմ․ մենք էդ ուղղությամբ ենք աշխատում»։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեզ մոտենում են պապիկներ, հարցնում՝ որտեղից ենք, ասում ենք՝ Երեւանից, ասում են՝ ապրեք, շատ ապրեք։ Հետո հեռվից դեպի մեզ են քայլում դպրոցական աղջիկներ ու նույն հարցը տալիս, պատասխանում ենք, ժպտալով գնում են։ Եթե չիմանաս, որ պատերազմ է եղել, համենայն դեպս այս հրապարակում չես զգա, միայն հիշողությունդ ու մարդկանց աչքերի մեջ մի քիչ երկար նայելը այդ ազդակները կտան՝ Ստեփանակերտը՝ պատերազմից հետո։  Քանզի Երեւանից ամենաշատը հնչած հարցը «շատ ավերված ա՞»-ն է, միանգամից պատասխանեմ՝ Ստեփանակերտն ապրում է ու ոտքի կանգնում (այլ քաղաքների մասին՝ հաջորդիվ), այստեղ մի քանի շինություն կա, որ պահում է պատերազմի հետքը։ Այստեղ ամեն մեկը մի բան կառուցում է, մի բան՝ վերակառուցում, մի բան նորոգում՝ տանիք, կանգառ, մայթեզր, շինություն, մարդիկ գնում են աշխատանքի, երեխաները՝ դասի, փողոցներում անդադար շարժ կա, տրանսպորտն աշխատում է լույսի արագությամբ։   Ստեփանակերտի փողոցները մաքուր են, ավերակներ չկան։ Երեխաները շտապում են դասի։ Ստեփանակերտի փողոցներում առեւտուրը բավականին ինտենսիվ է․ վաճառում են մրգեր, բանջարեղեն։ Եթե հարյուր դրամ էլ ավելի ես վճարում, պարտադիր ավելացնում են գնածիդ։ Սրճարանները, խանութներն ու ռեստորաններն աշխատում են, պետական կառույցները՝ եւս։ Հյուրանոցներում էլ մշտական շարժ կա․ այստեղ է ապաստանել տեղահանվածների մի մասը։ Արցախի փողոցներում ոստիկանության ծառայողները մշտական հսկողություն են իրականացնում, չնայած քաղաքացիները պատմում են, որ եթե օրերով տան կամ խանութի դուռը բաց թողնեն՝ մի բան չի կորի։ Սրանում մենք համոզվում ենք անձամբ։ Մենք, իհարկե, գնում ենք նաեւ հայտնի «Բարդակ»։ Դեռ ներս չմտած՝ լսվում է երաժշտության ձայնը։ Ներս ենք մտնում՝ պատանիները նվագում են, նրանց ընկերակցում են 40-ն անց տղամարդիկ, ու կողքիս կանգնած մարդն ասում է՝ «երջանկությունն էս ա․ 44 օր բամբիտ լինելուց հետո ապրում են, հենա, էն տղու հերն էլ էս պատերազմին զոհվել ա, բայց ինքը շարունակում ա նվագել»։ «Ստեղ ամեն մեկը կռիվ ա տալիս անկախության համար, ամեն մարդ ինքն անկախությունն ա ստեղ, ստեղ, էս կետում, որտեղից մի քանի կմ էն կողմ ադրբեջանցիները մտածում են՝ հաղթել են, բայց ո՞նց են հաղթել, եթե մարդիկ նվագում են ու երգում՝ когда меня не станет - я буду петь голосами моих детей и голосами их детей»,- ասում է մեր ընկերն ու փաբի սեղանի վրա մեծ տառերով գրում «Առանց ձեզ մեզ ոչինչ պետք չի էս աշխարհում, եթե դու Արցախում չլինես, Երեւանում իմ ինքնությունը զրոյանում ա»։ Հետպատերազմյան Արցախ [մաս 2]․ հայացք Կարմիր Շուկայից, Ամարասից ու Ասկերանից Հայարփի Բաղդասարյան
18:48 - 02 մարտի, 2021
Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Եկեք վերջացնենք ատելության, սպանության, իրար վիրավորելու, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը․ Ալեն Սիմոնյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով քաղաքական ուժերի մեկնաբանություններին, թե կառավարող ուժը վարչապետի հանրահավաքին մարդկանց մեծ թիվ ապահովելու համար օգտագործել է պետական բոլոր լծակները։  «Աբսուրդ կա և շատ է լինում աբսուրդ, մասնավորապես հայտարարությունների ժամին։ Օրինակ՝ մեր նախկին գործընկեր Սոֆյա Հովսեփյանը խոսում է համախմբվելու մասին, այն պարագայում, երբ միայն վերջերս տարանջատվել է այն թիմից, որի շնորհիվ հայտնվել է Ազգային ժողովում, և նույնիսկ այն ժամանակ, երբ եղել է այդ թիմում, եղել է տարանջատված։ Իհարկե, աբսուրդ է։ Երկրորդ հետաքրքիրը պարոն Միքայել Մելքումյանի և տիկին Զոհրաբյանի ելույթներն էին․ տպավորություն է, որ իրենք իրար հետ չեն շփվում։ Տիկին Զոհրաբյանն ասում է՝ պետական ողջ ռեսուրսը մինչև կոշկակար օգտագործվել է, որ մարդ բերեն հանրահավաքին։ Հաջորդը ելույթ է ունենում պարոն Մելքումյանը, որը երկու անգամ ասում է՝ պետական համակարգը չի գործում։ Հիմա գործո՞ւմ է համակարգը մինչև վերջին մարդը, թե՞ չի գործում։ Թմբուկների վերաբերյալ տիկին Զոհրաբյանը նկատողություն է անում, համացանցում նույնպես հանդիպել եմ քննադատությունների։ Դրա վերաբերյալ խոսում են այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում կամ ինչ է կատարվել, ինչ է իրենից ենթադրում այդ գործողությունը, որը միասնության, ուժի, համախմբվածության իմաստ ունի։ Միևնույն ժամանակ չեն խոսում այն մասին, որ բեմադրություններ են դնում, որտեղ մարդ են գնդակահարում, երգ ու պար են կազմակերպում։ Շատ երկակի ստանդարտներ են։ Ասում են՝ մարդկանց բերել են, չեմ զարմանա եթե ասեն նաև, որ հետո մարդկանց ստիպել են գոռալ՝ Նիկոլ վարչապետ, հետո քայլել են մարդկանց կողքով և մի քանի հազար մարդու ստիպել են միացնել հեռախոսի լույսերը, հետո ստիպել են գնալ տներ և պատշգամբներից ողջունել վարչապետի քայլեթը։ Չեմ զարմանա, եթե այդ մասին էլ խոսենք։ Չենք խոսում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մասին՝ ընդդիմության երթի ժամանակ։ Նոնսենս է, այդ մասին այս ամբիոնից չեն խոսում, Հայաստանում չի եղել այդպիսի դեպք, որ ընդդիմության երթի ժամանակ հարձակում գործեն որևէ լրատվամիջոցի լրագրողի վրա։ Էլի բաներ կարող եմ ասել, բայց ուզում եմ կրկնել իմ գործընկերների կոչը։ Մենք բոլորս սիրում ենք Հայաստանը և սիրում ենք յուրովի, եկեք մեզ համար մի որոշում կայացնենք, որ մենք բոլորս պատրաստ ենք հետքայլ անել՝ հանուն ՀՀ կայունության, շահերի և հանուն այն ապագայի, որը կառուցելու ենք։ Եկեք վերջացնենք ատելության, սպանության, արյուն թափելու, իրար վիրավորելո, միայն խոսելու համար խոսելու տրամաբանությունը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։
17:52 - 02 մարտի, 2021
Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։ «Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։ Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․ «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։ Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։ «Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։ Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։Ասպրամ Փարսադանյան
16:59 - 02 մարտի, 2021
Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Պատրաստ ենք գնալ ԱԺ լուծարման գործընթացին, ասել ենք՝ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, պետք լինի՝ կարող ենք նաև դա գրել թղթի վրա․ Տարոն Սիմոնյան

Մենք առաջին իսկ օրից հայտարարել ենք, որ պահանաջում ենք արտահերթ ընտրություններ, քանի որ ինքներդ էլ տեսնում եք, որ այս խորհրդարանը ունակ չէ արձագանքել  այսօրվա քաղաքական իրադարձություններին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Հիմա ուզում եմ հասկանալ` էլ ինչ է պետք գրել հուշագրում, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը գնա այդ քայլին, իսկ վարչապետը հարաժարական տա, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի»,- հավելեց պատգամավորը։ Իր խոսքում Սիմոնյանն ընգծեց որ միայն հուշագիր ստորագրելը բավարար չէ, պետք է հասկանալ թե այնտեղ ինչ է գրվելու։ Նրա խոսքով՝ եթե այնտեղ պետք է գրվի, որ ԼՀԿ-ն համաձայն է այս Ազգային ժողովի լուծարմանը, ապա այո՛, խմբակցությունը համաձայն է։ Սիմոնյանը կրկին հիշեցրեց, որ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են  վարչապետի թեկնածու չառաջադրել, միայն թե առաջնահերթությունը Ազգային ժողովի լուծարումն է։ Լրագրողների այն դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավարը ասաց, որ պատրաստ է հուշագիր ստորագրել, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին  չհեռացնեն զբաղեցրած պաշտոնից, իսկ ԳՇ պետի  տեղակալ Տիրանի Խաչատրյանին հետ բերեն  իր պաշտոնին, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անընդունելի էր համարել Մարուքյանը հայտարարությունը՝ նշելով, որ չի կարելի նախապայմաններով խոսելը։ Հարցին, թե արդյո՞ք  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստ է  առանց պայմանի ստորագրել հուշագիր, որպեսզի այս  լարվածությունը մեղմվի, Սիմոնյանը պատասխանեց․ «Ես անձամբ, մեկը մյուսի հետ չեմ ուզում կապել, ԳՇ պետին և 40 բարձարստիճան զինվորական սպայակազմին գործից հանելը այլ գործընթաց է, մեր պետության հիմքերը խարխլող գործընթաց է, և եթե վարչապետը շարունակի իր պնդումը, ու այդ անձիք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի։ Սա չի կարելի թույլ տալ, սրա հետ կապված իրավական գործընթաց կա, հույս ունեմ, որ նախագահն էլ կդիմի Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն իր եզրակացությունը տա։ Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք գնալ Ազգային ժողովի լուծարման գործընթացին, մենք ասել ենք, որ չենք առաջադրի վարչապետի թեկնածու, եթե պետք լինի կարող ենք նաև դա գրել թղթի վրա»։ Այն հարցին, թե արդյո՞ք  պատրաստ են գնալ քաղաքական քննարկումների, պատգամավորը պատասխանեց, որ օրեր առաջ իրենք  հրավիրել էին ԱԺ խորհրդի  նիստ, որպեսզի խորհրդարանում անցկացվեն խորհրդակցություններ, սակայն «Իմ քայլը» խմբակության պատգամավորները չեն եկել նիստին, ինչի արդյունքում այն տեղի չի ունեցել։ Սիմոնյանի խոսքով՝ իրենք սպասում են, որ իշխող խմբակցությունը դիմի իրենց՝ խորհրդակցություններ, քննարկումներ իրականացնելու համար։  «Խմբակցությունը պատրաստ է իրենից կախված ամեն քայլ անել, որպեսզի այդ խորհրդարանը օր առաջ լուծարվի, և իրականացվեն արտահերթ ընտրություններ»,- հավելեց Սիմոնյանը։  Վերջինս անդրադառնալով նաև լրագրողների այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ իր պաշտոնից հեռացնել ԳՇ պետին, արդյո՞ք իշխանության այն պնդումը, թե նման հայտարարությունից հետո ԳՇ պետը չի կարող մնալ իր պաշտոնին արդարացված են, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը կարող է միայն հեռահար մեկնաբանել, թե ինչու է այս վախը, իսկ մնացած հարցերին կարող է պատասխանել միայն իշխանությունը։  «Այդ վախն այն պատճառով է, որովհետև մենք նման աննախադեպ ակցիա, գործողություն չենք ունեցել մեր պետականության ամբողջ ընթացքում, երբ ամբողջ բանակի բարձրագույն սպայական անձնակազմը կամ նրանց մեծ մասը կանգնեն և պահանջեն, որ վարչապետը հեռանա։ Այսպիսի իրավիճակում առկա մարտահրավերներին չենք կարող արձագանքել, յուրաքանչյուրը վերմակը քաշի իր ուղղությամբ և արդյունքում պետականություն կորցնենք։ Մեկը պետք է ողջախոհություն ունենա, և ողջախոհություն ունենալու անհրաժեշտությունը բխում է հենց այսպես կոչված հասարակության ամենաբարձր պաշտոնատար անձի ներքին պատասխանատվությունից։ Եթե այդ մարդը պատրաստ է իր անձնական կամակորության հետևանքով պետականությունը վարի տալ, ես այդ մարդուն չեմ կարողանում հասկանալ»,- եզրափակեց Սիմոնյանը։
13:27 - 02 մարտի, 2021