Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին

«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտն կատարած այցի և այնտեղ արած հայտարարությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբեությամբ, նույն սուտը հարյուր անգամ անամոթաբար կրկնելով և բանակցային գործընթացի պատմությունը սեփական քաղաքական, նույնն է թե՝ ապազգային նպատակներին հարմարեցնելով, մարդկանց մոլորեցնելուն: Չի ստացվելու: Լավ հիշիր, կապիտուլյա՛նտ, մանիպուլյացիաներով չես կարողանալու մոռացության տալ միտումնավորությանդ, թե ապաշնորհությանդ հետևանքով (դա մոտ ապագայում կպարզի դատարանը) զոհված հազարավոր մեր երիտասարդներին, Արցախի հանձնածդ բնակավայրերը, Հայաստանի սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունները անտրտունջ հանդուրժելը և մեր որդիներին Բաքվի բանտերում կտտանքների ենթարկող, մեր հազարամյա մշակութային արժեքներն Արցախում ոչնչացնող թշնամու հետ թուլամորթ, վախկոտ տեսակիդ սիրախաղերը կեղծ խաղաղասիրական կոչերի ներքո, երբ թշնամին մինչ այսօր հոխորտում ու սպառնում է հայ ժողովրդին: Քեզ այլևս ոչ ոք չի հավատում, որովհետև դու ստել ես ողջ պատերազմի ընթացքում, ստել ես դրանից հետո, ստում ես հիմա: Սուտը քո էությունն է, և երբ այն հատել է նաև Հայաստանի սահմանները, քո խղճուկ տեսակը անհանդուրժելի է դարձել մեր երկրի գործընկերներին ևս, ու նրանց կոշտ պատասխանը չի ուշացել: Երբ Արցախյան հիմնախնդրի բանակցային պատմությունը լսում էիր հայ ժողովրդի թշնամի, իսկ քեզ համար՝ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից, պարզ է, որ դա պիտի դառնար քո միակ ճշմարտությունը: Պաշտոնավարմանդ առաջին իսկ պահից անամոթաբար ստեցիր՝ հայտարարելով, թե բանակցություններ չես վարում Ալիևի հետ, այլ ընդամենը հանդիպումների ժամանակ ծանոթանում ես բանակցային պատմությանը: Սուտը բացահայտվեց, երբ Մոսկվայում 2020 թվականի ապրիլի 21-ին կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ հայտարարեց, որ կողմերին դեռևս 2019-ի ապրիլին ներկայացվել է նոր նախագիծ, որը ենթադրում է կարգավորման փուլային տարբերակ: Բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները այդպիսով հօդս ցնդեցին. Հայաստանից պաշտոնապես ոչ ոք չհերքեց Լավրովի հայտարարությունը, քանզի դա իրականություն էր, որը ՀՀ ապազգային իշխանությունները թաքցնում էին սեփական ժողովրդից Հայաստանում և Արցախում: Սա ստերի շարքից հերթականն էր, ցավոք: Ապագա կապիտուլյանտը հաջորդ հրեշավոր սուտը պիտի ասեր և պաշտոնապես հերթական ապտակը ստանար, այս անգամ՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով մեկնաբանելով Հայաստանի վարչապետի «44-օրյա պատերազմի ծագումը» տխրահռչակ հոդվածը, որտեղ կապիտուլյանտը մասնավորապես նշել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և վերաբերել են միայն 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, հստակ հերքել էր, ընդգծելով. «...հաստատել, որ Ռուսաստանը առաջարկել է միայն հենց այնպես վերադարձնել յոթ շրջանները և մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։ Սա ևս իրականությունն էր, որին համանախագահող մյուս երկրները չառարկեցին՝ բացահայտելով ՀՀ կառավարության ղեկավարի աթոռն զբաղեցնողի անպատասխանատու և ստախոս էությունը: Երկրի վարչապետի աթոռն զբաղեցնելուց հետո կապիտուլյանտը միտումնավոր կերպով ի չիք դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլեց կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը: «Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար ու պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները: Սեփական խղճուկ դիրքերից մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում դեռևս 2018թ. ապրիլի 17-ին ասածը՝ եզրակացություն է անում, թե. «Մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»: Մեկը հարցներ՝ այդ ի՞նչ մանիպուլյատիվ հնարքով Սերժ Սարգսյանի խոսքերը հանկարծ դարձան «Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթաց»: Այդքան լսել, լսել էր, գոնե խելք ունենար այս անգամ էլ լսեր իր «կիրթ» գործընկերոջը՝ Ալիևին, որը Սերժ Սարգսյանի և Արցախի մյուս հերոսների ազատագրած ու կապիտուլյանտի կոտրած ձեռքով հանձնված Քաշաթաղ այցի ժամանակ հրապարակավ հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձավ «Հայաստանի կապիտուլյացիայի ճանաչումը» և Ադրբեջանին թույլ տվեց վերադարձնել Լաչինի (Քաշաթաղ) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջանները: Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները: Սա բանակցություններում համաձայնության բացակայության հիմնական պատճառն էր: Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեին 5 շրջանները, Ադրբեջանը բավարարվում էր դրանով, Լեռնային Ղարաբաղը այն ժամանակ անկախություն կստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները կմնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ: Բայց ես մերժեցի այս առաջարկը»: Կապիտուլյանտը այդ ժամանակ էլ ստախոսության համար ապտակ ստացավ և լռեց, որովհետև ասելիք չուներ: Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը և իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին և ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը, Արցախի հարցում երբևէ արտահայտած մոտեցումներդ, թերթոնիդ հոդվածներն ու հայտարարությունները միայն այդ եզրահանգմանն էին բերում: Նույն 2018 թվականի ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունները կանգնած են Ադրբեջանի պատճառով: Իսկ երբ դուք եկաք իշխանության, միտումնավոր կերպով, «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» ցինիկ հայտարարությամբ, ինքներդ բանակցային գործընթացը տարաք այն ուղղությամբ, որ Հայաստանը դարձրիք ապակառուցողական կողմ, որի պատճառով վերջին պատերազմում ԵԱՀԿ ՄԽ ոչ մի երկիր ագրեսիայի ենթարկված Հայաստանին չպաշտպանեց: Սրա ուղղակի վկայությունն է նաև համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության այն հատվածը, որտեղ նա, խոսելով բանակցային պատմության մասին, ասում է. «...Թեև ամբողջական համաձայնության հասնել հնարավոր չի եղել, սակայն ամենից կարևորն այն է, որ բանակցությունները ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»: Այս զազրելի ստերի ու մանիպուլյացիաների շարքն անվերջ է, բայց պոպուլիստ մանիպուլյատորին դա քիչ է հետաքրքրում: Կարևորը սուտն անընդհատ կրկնելն է, և իր համոզմամբ՝ հասարակությունն այն ի վերջո կընկալի որպես ճշմարտություն: Չէ՞ որ այս հնարքը բազմիցս հաջողությամբ կիրառել է: Սակայն, ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են, ինչպես և դու ես կարճամիտ, կապիտուլյա՛նտ: Խաբեությամբ այլևս չես մոլորեցնի մեր ժողովրդին: Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը»:
22:04 - 20 մարտի, 2021
Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք. Փաշինյան |armenpress.am|

Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունենք. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի տված զոհերի՝ այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թիվը: Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի: «Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմն առանց այդ էլ շատ զոհեր է ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել: «Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց ինչի համար են զոհվել մեր տղաները, զոհվել են, որ Արցախն այսօր լինի»,- նշեց վարչապետը:
17:42 - 20 մարտի, 2021
Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպեց նաև Ուջանի բնակիչների հետ: «Շատ ծանր օրեր ենք ապրել և ապրում ենք: Տեղի ունեցածից պետք է կարողանանք հետևություններ անել: Ես Ներքին Բազմաբերդում և Նոր Եդեսիայում ելույթներ եմ ունեցել, այստեղ նույնը չեմ կրկնի: Բայց ամենակարևոր արձանագրումը որ ուզում եմ անել սա է. ինչու՞ ընկան մեր նահատակները և հանուն ինչի՞: Արձանագրումը հետևյալն է. Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է, բնականոն կյանքը վերականգնվում է մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Մենք կանգնել, և մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև վերջին վայրկյանը և պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Եվ խնդիր էր դրված մեր 25-30.000 զինվորների կյանքը փրկել, շրջափակման վտանգից ազատել»,-ասաց վարչապետը: Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև երկրում տիրող իրավիճակին և քաղաքական գործընթացներին: «Դեկտեմբերից ասում եմ եկեք անենք արտահերթ ընտրություններ: Ասում են չէ, որովհետև իրենք չեն ուզում, որ ժողովուրդը որոշի: Բայց մենք ասել ենք մի բան. մենք ժողովրդից ստացած իշխանությունը կարող ենք հանձնել միայն ժողովրդին: Բայց մեր պրոբլեմը դատարաններն են: Դատավորները 20 տարի Հայաստանում ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չեն ունեցել: Մենք տվեցինք նրանց այդ հնարավորությունը, բայց նրանց մի մասը այդ հնարավորությունն օգտագործեցին, վազեցին հին տերերի մոտ, նրանց կամքը կատարելու: Եվ դրա համար պետք է պատժվեն: Բայց այսօր մեր ձեռքերը թուլացած են, պատերազմը մեծ հարված հասցրեց մեզ: Ես պարտությունն իմ վրա եմ վերցնում, որ դուք ձեզ պարտված չզգաք, պարտությունն իմն է: Ես մինչև վերջին վայրկյանը կկանգնեմ հանուն ձեր հաղթանակի: Պարտությունն ինձ, հաղթանակը՝ ձեզ»,-ասաց վարչապետը: Վարչապետի այցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
16:54 - 20 մարտի, 2021
Մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը. վարչապետ |1lurer.am|

Մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել ենք մինչև ամենավերջին վայրկյանը. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ուջան համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց, որ պատերազմի ժամանակ կանգնել ու մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել են մինչև ամենավերջին վայրկյանը: «Մենք պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Մենք այլևս հեռանկար չտեսանք, և խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը բառիս բուն իմաստով փրկել, նրանց շրջափակումից հանել: 5 ամիս շատ-շատ մարդիկ և ամենատարբեր շրջանակներ ինձ կոնկրետ մեղադրում են դավաճանության մեջ: Շատ կարևոր է մի հարց տալ. իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը, ո՞րն է դավաճանությունը: Մեզ միևնույն ժամանակ մեղադրում են հողերը և՛ հանձնելու, և՛ չհանձնելու մեջ: Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, որքան հնարավոր էր կանգնել: Եվ մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ որոշումը պետք էր կայացնել: Հակառակը՝ կլիներ ավելի մեծ աղետ: Մեզ ասում են՝ էս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա: Հարց. իսկ ի՞նչ է լինելու էս պարտության մեջ էդ հեռացումից հետո: Էդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելո՞ւ եք, գցելո՞ւ եք: Ո՛չ: Որովհետև դա կլինի աղետ, հետևաբար, դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- նշեց վարչապետը՝ առաջարկելով բանակցային գործընթացից սկսած պատերազմական բոլոր դրվագներով հանդերձ քննել պարտության պատճառները:
16:51 - 20 մարտի, 2021
Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է: Այս մասին Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է արձանագրենք, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի, պետք է հասկանանք՝ ի՞նչ անենք այս իրողության հետ, սա հեշտ հարց չէ: Եթե հեշտ հարց լիներ, մենք շատ վաղուց լուծած կլինեինք, բայց մենք պետք է այս հարցի հետ առերեսվենք»,-նշեց նա: Նա անդրադարձավ արցախյան հարցի լուծման ուղիներին՝ նշելով, որ ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ հարցը լուծված է, ԼՂ հարցը լուծված չէ: «Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»: Շարունակությունը՝ tert.am-ում
15:19 - 20 մարտի, 2021
2018-ին ասել ենք՝ վենդետա, ջարդ չի լինելու, սա քաղաքական մեծ սխալ էր. Նիկոլ Փաշինյան |tert.am|

2018-ին ասել ենք՝ վենդետա, ջարդ չի լինելու, սա քաղաքական մեծ սխալ էր. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ես հասկանում եմ՝ շատերի մոտ է ծագում այն հարցը, թե ինչո՞ւ որոշ դատավորներ դեռևս կան, պետք է նշեմ՝ մենք 2018-ին հույս ենք ունեցել, որ այդ մարդիկ կփոխվեն, և վենդետա կամ ջարդ պետական կառավարման համակարգում չի լինի: Այս մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք հանգում ենք իրավիճակի, որ որոշ դատավորներ խրախուսում են սպանության կոչերը: Ես գիտեմ, որ այս պահին ձեր մոտ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, մենք պետք է այս հարցին պատասխանենք: 2018 թվականին ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, մենք պարտավորություններ ենք ստանձնել և ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու, բայց պարզվում է, որ դա քաղաքական մեծ սխալ է»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց՝ 2018 թվականից սկսած հույս են ունեցել, որ մարդիկ կգնան փոփոխության, բայց, ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ հատել են բոլոր սահմանները:
14:46 - 20 մարտի, 2021
Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին |armenpress.am|

Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի   անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում: Մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով:  «Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը:
14:22 - 20 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը չօգտագործելու մեղադրանքներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը չօգտագործելու մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվելու ու ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին:  ՀՀ վարչապետը ընթերցեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որը վերջինս արել էր 2018 թվականի ապրիլին Ազգային ժողովի ամբիոնից: «Նա ասել էր հետևյալը, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացում անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Նա ասել է, որ  այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը: Դա ասված է, տեսանյութերը կան, ցանկացածը կարող է ստուգել: Հետևաբար, մենք ի՞նչ պետք է անեինք, պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակե՞ինք Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը»,- նշեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև մեկնաբանեց Սերժ Սարգսյանի`«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» հայտարարությունը: «Մարդիկ ասում էին, այս ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ, որտեղ է բերել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին` փակ էր այդ փաստաթղթերը: 2018 մայիսից ես դեռ մեկ շաբաթ էի եղել վարչապետ, իրենք ասում էին, որ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ, որովհետև գիտեին որտեղ են հասցրել բանակցային գործընթացը»-, եզրափակեց Փաշինյանը:
14:03 - 20 մարտի, 2021
5 ամիս տևած հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

5 ամիս տևած հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպեց  Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ: ՀՀ վարչապետը հանդիպումը սկսեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված բազմաբերդցիների հիշատակը հարգելով մեկ րոպե լռությամբ: ՀՀ վարչապետը նշեց, որ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինքը համոզված է, որ այսօր գյուղի բնակիչների ուշադրության կենտրոնում է Հայաստանում և Հայաստանից դուրս ստեղծված իրադրությունը: Նիկոլ Փաշինյանը կիսվեց մտքերով ստեղծված իրավիճակի հետ կապված: «5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ և կոչեր են հնչում: Գիտեմ, որ շատերը այս իրադրության հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ և պահանջներ:  Բայց ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, որոնց ագրեսիվությունը օրըստօրե մեծանում է, սակայն ի շնորհիվ ժողովրդի հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից:  «Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը Բազմաբերդի բնակիչների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքին, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը` իրավապահ մարմինները ձերբակալում են տվյալ անձանց, սակայն դատարանը կալանքի միջնորդությունը մերժում է և ազատ արձակում այդ անձանց: «Գիտեմ, որ այս պահին ծագում է հետևյալ հարցը, իսկ ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է: Ես հասկանում եմ, որ պետք է այս հարցին պատասխանենք և ինչն է պատճառը, որ նրանք դեռևս կան: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք: 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել, ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր և վենդետաներ չեն լինելու: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրը այս գործընթացի մեջ ունենալու է իր հնարավորությունը, և մենք սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով, գուցե, սա հիմա պարզվում է մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով չէինք կարող այդ պարտավորությունը ստանձնել և չկատարել: Մեր հեղափոխության հիմքում դրված է եղել քրիստոնեական արժեքները և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետի կարծիքով` հիմա ակնհայտ է, որ շատ շատերը այդ սահմանը հատել են, թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական առումով: «Սա այն խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է: Այո, այս պայմաններում և այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Եվ այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ»,- եզրափակեց Փաշինյանը:
13:33 - 20 մարտի, 2021
Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. վարչապետը հանդիպել է Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ |1lurer.am|

Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին. վարչապետը հանդիպել է Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ: Կառավարության ղեկավարն այցելել է Նոր Եդեսիա համայնք, զրուցել քաղաքացիների հետ: Փաշինյանն ասել է, որ դաժան պատերազմից հետո երկիրը գտնվում է ծանր հանգրվանում, և շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն:  «Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: 30 տարվա մեր անկախ պետության առանձնահատկությունն այն է եղել, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և այդ իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և խաղարկումով:  Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ենք ջանքեր գործադրել, որ հզոր բանակ ունենանք, կամ որ հատվածում է, որ ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել: Այդ նույն մարդիկ հիմա փորձում են այդ նույն պատմությունը կրկնել, և ես եկել եմ ասելու, որ դա անել թույլ չենք տալու»,- ասաց վարչապետը:  Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ուջանի հուշահամալիր, ծաղիկներ դրել 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին: 
13:25 - 20 մարտի, 2021
Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նորմալ է ընդունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ և հետո տեղյակ է պահել զարգացումների մասին և շարժման համար անակնկալ չի եղել: «Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի: Դա ԲՀԿ-ի իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային ասվել է այդ մասին: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ եթե լինեն ընտրություններ, ապա կմասնակցեն: Այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս: Պարզապես, ուժերի մի մասը գտնում է, որ դրա արագ ճանապարհը ընտրությունն է, մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ իր հետ գնալ ընտրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:
15:51 - 19 մարտի, 2021
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքի հարցի շուրջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ խորհրդարանական ուժերի հետ քննարկումներ կլինեն նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու հարցի շուրջ: Սիմոնյանն այս մասին ասաց մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հարցին, թե արդյոք իշխանությունը հասցնելո՞ւ է նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպել, թե գուցե որոշ կետեր պարզապես փոխվեն, Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: «Չեմ բացառում, որ հընթացս քննարկելու ենք նաև նոր Ընտրական օրենսգիրքը»,- հավելեց Սիմոնյանը: Հարցին, թե կո՞ղմ է, արդյոք, ռեյտինգային ընտրակարգի պահպանվելուն, Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգը չլինի, սակայն ինքը պատրաստ է ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել: Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:
13:19 - 19 մարտի, 2021
Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին

 |armenpress.am|

Ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ մահվան սպառնալիքներ. Ռոմանոս Պետրոսյանը՝ վարչապետի անվտանգության մասին |armenpress.am|

armenpress.am: Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նորմալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Մենք ունենք երկրի առաջին դեմքերի նկատմամբ իրականացված մահափորձի փաստերով հարուցված քրեական գործեր, մենք ունենք որոշակի շրջանակների կողմից բացահայտ  մահվան սպառնալիքներ ուղղված երկրի առաջին դեմքերին և պետության անվտանգության համակարգը ենթադրում է առաջին դեմքերի անձնական կյանքի երաշխիքներ, անվտանգության ապահովում»,- ասաց Պետրոսյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: «Վերանում ենք անձից, փողոցում քայլում է երկրի ղեկավարը, ԱԺ նախագահը և զուգահեռաբար հնչում են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ: Հետևաբար` պետական անվտանգության ծառայությունը պետք է ապահովի այդ անձանց անվտանգությունը: Ժողովրդի վարչապետն անընդհատ ժողովրդի մեջ է: Նախորդ շաբաթ Արագածոտնում շրջել է ժողովրդի մեջ: Խնդրում եմ քաղաքական նեղ շրջանակներին, որոշակի օդիոզ դեմքերի նեղ շրջանակներին և իրենց հայտարարությունները չվերագրել ժողովրդին»,- ասաց նա: Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ երբ տեսեք, որ ես թիկնապահների ու ոստիկանների թիկունքում եմ մնում, մեկ ժամ ավել չեմ մնա, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Դուք Հայաստանում մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարումը երբևէ նման իրավիճակ տեսե՞լ եք, երբ կոնկրետ, առարկայական,  անձնական պիտակավորումներով վիրավորական տոների մեջ սպառնալիքներ հղեն երկրի ղեկավարին, և դա կոնկրետ հետևանքներ չունենա: Մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր նախկին կառավարման շրջանում, երբ նմանատիպ զարգացումներն ունենում էին անդառնալի հետևանքներ տվյալ քաղաքացիների համար: Իսկ այսօր որևէ նման դրվագ չի կրող քննարկվել»:
19:20 - 18 մարտի, 2021