ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Հայաստանը և Իրանը պատրաստ են խորացնել գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

Հայաստանը և Իրանը պատրաստ են խորացնել գործակցությունը ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերի շրջանակում

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարարության միջազգային միջանցքների վարչության գլխավոր տնօրեն Ամին Թարաֆոյի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։   Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքում իրանական բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող ընթացակարգերի կարգավորման և դյուրացման հնարավորություններին։   Իրանական պատվիրակության ղեկավարը և ՀՀ ՏԿԵ փոխնախարարը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտային հաղորդակցության շրջանակում երկկողմ գործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։   Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
15:03 - 21 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում տարվող աշխատանքների, ինչպես նաև «Պարսից ծոց և Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումների կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻՀՀ դեսպան Աբբաս Զոհուրին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը հայ-իրանական ծրագրերն ու նախագծերը արդյունավետ իրականացնելու և տնտեսական կապերի ընդլայնմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի օրակարգին, համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման և շինարարության մեկնարկին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված շինարարական ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 19 ապրիլի, 2021
ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՏԿԵ նախարարը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 16-ին տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ: Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Ըստ աղբյուրի՝ նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից նաև հայտնում են, որ Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ ընգծելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։
19:23 - 16 ապրիլի, 2021
Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում. ՏԿԵ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության, Սյունիքի մարզի ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։ Առցանց քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անդրեա Վիկտորինին և մյուս բանախոսներին` չափազանց կարևոր թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար, ինչը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսական կայունացմանն ու զարգացմանը։ Վ․ Տերտերյանը հավելել է, որ Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, և այդ առումով ձևավորվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության բավական լավ ավանդույթ, ինչը վստահություն է ներշնչում հետագա նախաձեռնությունների հաջողության հարցում։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերի և այդ համատեքստում ԵՄ-ի ու ՀՀ-ի համագործակցության կարևորությունը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մասնակիցներին մաղթել է արդյունավետ և բովանդակալից քննարկում։ Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանի առջև համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից կարևոր է համախմբել բոլոր ուժերը, ընդլայնել համագործակցությունը՝ օգտվելով բոլոր առկա հնարավորություններից և հասանելի գործիքներից, որոնք կնպաստեն երկրում մասնավոր հատվածի զարգացմանը, արդարադատության և այլ կարևոր ոլորտների բարեփոխումներին։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրել է մարզի տնտեսական առաջնահերթությունները, գերակա ուղղությունները և ոլորտները, ԵՄ ֆինանսավորմամբ ներկայումս իրականացվող ծրագրերը։ Նա առաջնային է համարել Արցախից տեղահանված և ներկայումս Սյունիքում բնակություն հաստատած անձանց բնակարանային ապահովվածության, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներին աջակցությունը։ Մասնակիցները քննարկել և կարծիքներ են փոխանակել նշված գերակա ուղղությունների և դրանց մասով առկա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախատեսվող հանդիպումների շուրջ։
18:35 - 16 ապրիլի, 2021
Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|

Դու անցար կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր․ Պապիկյանը` Մարուքյանին |1lurer.am|

1lurer.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանը իր ելույթում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Խորհրդարանում իմ գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել և նստել է թիվ 1 ընդդիմադիրի աթոռին և փորձում է հագնել երբեմնի թիվ 1 ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում իրեն: Պարոն Մարուքյանն ասում է՝ նայեք՝ ի՛նչ մեքենա է սպասարկում Սուրեն Պապիկյանին: Այո՛, տարածքային կառավարման նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուրեն Պապիկյանին՝ չէ, այլ այն ինստիտուտին, որը պետք է լինի այդ դերում: Հիմա, պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում. ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր գալիս: Էս մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, ով հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից»,- նշեց նախարարը: Պապիկյանը պահանջեց այսուհետ շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի և այն քաղաքական ուժի ղեկավարի հասցեին «ում շվաքի ներքո սահուն եկել բազմել են» խորհրդարանում: «Դու անցար այն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր: Իսկ ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք հոկտեմբերի 27-ի մասին, չխոսե՞նք մարտի 1-ի մասին, չխոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին: Ասում է՝ ի՞նչ եք արել, ի՞նչ է փոխվել մեր կյանքում: Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ընթացքում որ համայնք գնաս, իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես, եթե չեք տեսել կամ հիմա փորձում եք չտեսնել, ժողովուրդը տեսնում է և ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա իր տեղը»,- նշեց Պապիկյանը: Այն ուժերը, ովքեր այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա բոլոր մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, պատմության համապատասխան վայրում կգտնեն իրենց տեղը՝ եզրափակեց նախարարը:
14:30 - 16 ապրիլի, 2021
Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը

Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը

Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։ Նիստին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով նիստի մասնակիցներին‚ նշել է‚ որ Հայաստանը մեծապես կարևորում է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը, և Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այն նաև հանրության ուշադրության կենտրոնում է‚ և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։ Տիկին Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել վրացական կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։ Վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։ Նիստի ընթացքում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ներկա փուլը։ Ըստ այդմ՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ: Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։ Նիստի ընթացքում քննարկվել է որոշակի ընթացակարգեր պարզեցնելու անհրաժեշտությունը՝ ծրագրի հաջող և ժամանակին իրականացումն ապահովելու համար։ Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
13:05 - 16 ապրիլի, 2021
Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել իրականությունը
 |1lurer.am|

Իրանում վայրէջք կատարած ինքնաթիռը գրանցված է Հայաստանում, բայց երբևէ մեր երկրում չի եղել. Պապիկյանը հորդորեց չխեղաթյուրել իրականությունը |1lurer.am|

1lurer.am: Իրանում գտնվող Fly Armenia Airways ընկերության օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, և դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, հարուցված է նաև քրեական գործ: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:  Պապիկյանն ասաց, որ հարուցված է քրեական գործ, և իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի մանրամասները: Նա վստահեցրեց, որ հայկական կողմը Իրանում վայրէջք կատարած օդանավի հարցում որևէ դերակատարություն և մասնակցություն չունի:  Ի պատասխան պատգամավորի այն դիտարկմանը, թե «ինքնաթիռն անհետացել է Հայաստանից», նախարարը հիշեցրեց, որ ինքնաթիռը գրանցված է ՀՀ-ում, բայց երբևէ ՀՀ-ում չի եղել: «Այդ ավիաընկերությունը գրանցել է երկու ինքնաթիռ, որից մեկը ՀՀ-ում երբևէ չի եղել, թռիչքի հայտը, որը ներկայացվել է Քաղավիացիայի կոմիտեին, մեկ այլ ուղղության համար է եղել, թռիչքն իրականացվել է մեկ այլ ուղղությամբ, տարընթերցման հարց այստեղ չկա: Դուք ամեն անգամ ասում եք՝ ՀՀ-ից գնացել է ինքնաթիռը, ՀՀ այդ ինքնաթիռը չի մտել, մի՛ խեղաթյուրեք իրականությունը»,- ընդգծեց Պապիկյանը: 
19:18 - 14 ապրիլի, 2021
Ռուսական կապիտալի ճիրաններում

Ռուսական կապիտալի ճիրաններում

Սոթքի հանքավայր Սա Սոթքի ոսկու հանքավայրն է, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարածքում, սահմանակից է Շահումյանի շրջանի Քարվաճառին: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2008-ից մինչև 2028 թվականը պետք է տարեկան 600 000 տոննա հանքաքար արդյունահաներ։ Սակայն 2020 թվականի արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանին փոխանցած 7 շրջաններից մեկը Շահումյանի շրջանն էր՝ Քարվաճառով: Պատերազմից հետո հանքավայրը կիսվել է: Համադրելով Գուգլ քարտեզի տվյալները՝ հանքավայրի և դատարկ ապարների տարածքը միասին շուրջ 450 հա է։ Ըստ Գուգլ քարտեզի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է շուրջ 280 հա, իսկ Հայաստանում գտնվող հատվածը՝ շուրջ 170 հա։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տվյալների համաձայն՝ հանքի տարածքը 224 հա է: Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2008-2020 թվականների ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն Արցախից հողատարածք չի վարձակալել: Ստացվում է, որ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային այս ռուսական ընկերությունը շուրջ 280 հա հողատարածքի օգտագործման համար Արցախի Հանրապետության բյուջե հարկեր չի վճարել: «Գեոպրոմայնինգ» ընկերությանը կատարված հարցման պատասխանը մեկն է՝ դիմեք լիազոր մարմիններին: Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությունը վարձակալության պայմանագիր ունի միայն Գեղամսար խոշորացված համայնքի հետ, 144 հա տարածքի դիմաց 2017-2020 թվականների ընթացքում վճարել է 68 մլն դրամ դրամ: Այս մասին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Այս հաշվարկով 1 տարվա համար 144 հեկտարի դիմաց համայնքին վճարվել է մոտավորապես 17 մլն դրամ, 1 հա հողատարածքի վարձակալությունն ավելի քան 118 000 դրամի սահմաններում է։ Գեղամասար համայնքում սահմազատման գործընթացը դեռ չի ավարտվել, Գեղամասարի ղեկավարությունը և հանքի տնօրինությունը շարունակում են բանակցել և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել։ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանն ասում է․ «Հենց պայմանագիրը 144 հա վրովա կապած, մենք մենակ մեր համայնքի վրով ենք պայմանագիր կապել, մենք էդ տարածքի վրով պայմանագիր չենք կապել»: Հանքում աշխատող Վաղինակ Ոսկանյանի խոսքով՝ ադրբեջանական վերահսկողության տարածքում մնացին ավտոսպասարկման գարաժները, դատարկ ապարները լցնելու տարածքը։ «Հումքը էլի մեր կողմն ա, մենք կարանք հանքը աշխատացնենք, ուղակի ժամանակատարար ա նոր ճանապարհներ սարքել ու աշխատացնելը»։ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը պատմում է․ «Ադրբեջանցիք եկան-մտան Սոթքի հանք, ասացին՝ էս մերնա, էնի մերն ա, մենք գտանք, որ վեճից լավ բան չի սպասվի, իրար հրահրենք ու սխալ լինի, ավելի լավա՝ մեր երկու կողմերի վերադասները, ով որ պիտի որոշի՝ ճիշտ որոշի, սպասողական ենք մինչև օրս, հանքահորից հանած հումքն են հիմա մշակում, բայց հանքից հումք չենք հանում»: Սոթքի հանքավայրի աշխատակից Վաղինակ Ոսկանյանն ասում է, որ տարբեր վարկածներ են պտտվում, թե ինչպես է հանքը աշխատելու, իրապես ոչ մեկը չի կարող ասել՝ հանքի ղեկավարությունից բացի, թե հետագայում ինչ կարա լինի: «Գեոպրոմայնինգ» գոլդ ՍՊԸ-ի սեփականատերերը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Կիպրոսի և Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ 2009-2020թթ․ վճարել է 93,4 միլիարդ դրամ ընդհանուր հարկեր, այսինքն՝ տարեկան 7,8 մլրդ դրամ կամ 16-17 մլն դոլար։ 2010-2015թթ․ ընթացքում այդ ընկերությունը հայտարարագրել է 19,5 միլիարդ դրամի (48 միլիոն դոլար) հարկային վնասներ։ Ընկերության կանոնադրական կապիտալը 23,6 մլրդ դրամ է: Մինչև 2020 թվականի հուլիսը՝ ընկերության 50,2% բաժնեմասը պատկանում էր ռուս բիզնեսմեն Սիման Պովարենկինին, որն ընկերության խորհրդի անդամ է, իսկ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոնին՝ 48.1% բաժնեմասը: Մնացած 1.7 %-ն էլ պատկանում էր ՌԴ քաղաքացիներ Ռոման Խուդոլինին, Անատոլի Գոգոտինին, Օլեգ Բելյաևին: Իրական սեփականատերերի ցուցակում 2020 թվականի հուլիսի 14-ին Ընկերությունում տեղի է ունեցել փոփոխություն։ Ռոման Տրոցենկոն, որը 48,1% բաժնեմասի սեփականատերն էր, գնել է 48․3% այլ սեփականատերերի բաժնեմասը, այժմ Ռոման Տրոցենկոն ընկերության 95․74% բաժնեմասի սեփականատերն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Ռոման Տրոցենկոն «Ռոսնեֆթ» ընկերության տնօրենի խորհրդական է, Forbes-ի գնահատմամբ՝ նրա կապիտալը կազմում է 1.3 մլրդ դոլար: Մնացած 4,26%-ին տիրապետում են Ռոման Խուդոլինը, Անատոլի Գոգոտինը, Անդրեյ Բելյաևը և Անդրեյ Կիշկինսկին։ Նրանց մասնակցության տոկոսը հնարավոր չէ պարզել, քանի որ 2020 թվականի մայիսի 26-ից օրենսդրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով իրական սեփականատերերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը հասանելի է միայն 10 և ավելի տոկոս բաժնետերերի պարագայում: Արտահանում Համադրելով ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերության ներկայացրած 2016-2018 թվականների տվյալները՝ պարզ է դառնում, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 4 տոննա 7 կգ ոսկու պարունակությամբ հանքաքարի նմուշներ արտահանել է Կանադա, իսկ 6 տոննա 717 կգ ոսկու և արծաթի դորե համաձուլվածք՝ Շվեյցարիա, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 211 մլրդ 891 մլն 994 000 դրամ։ 2016-2017 թթ․-ին ԱՃԹՆ-ին տրամադրված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը Գեղամասար համայնքին հատկացրել է 9 600 000 դրամ։ Այն ծախսվել է Սոթք համայնքի տարածքում հինգ աղբյուրների կապտաժների վերանորոգման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար։ Համայնքի բնակիչները հաստատում են՝ այս գումարները ծախսվել են նպատակային։ 2016-2017 թվականներին շուրջ 247 մլն դրամի նվիրատվություններ են կատարվել նաև ոչ առևտրային իրավաբանական անձանց։ Շուրջ 57 մլն դրամ էլ նվիրաբերվել է անհատ անձանց։ 2021 թվականին ի՞նչ ծավալով կկարողանան աշխատել և որքա՞ն հումք կարտահանեն արտերկիր՝ հայտնի չէ։ Հանքավայրի կիսվելուց հետո այնտեղ հորատման աշխատանքներ չեն կատարվում: Պատերազմը նաև տապալեց Սոթքի բնակիչների արդարացի բողոքի ընթացքը: 2020 թվականին ընկերության գործունեության դեմ Գեղամասարի բնակիչները բողոքի ցույցեր անցկացրին և փակեցին Սոթքից դեպի հանքավայր գնացող ճանապարհը: Պահանջում էին, որ ընկերությունն աշխատի ՀՀ օրենսդրության սահմաններում, չաղտոտի շրջակա միջավայրը և կանխարգելի փոշու տարածումը: 2019 թվականի Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնի հաշվետվության համաձայն՝ Մասրիկ գետի ջրի որակը Վերին Շորժա գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «վատ»՝ 5-րդ դաս՝ պայմանավորված վանադիումով: Սոթք գետի ջրի որակը Սոթք գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «միջակ»՝ 3-րդ դաս՝ պայմանավորված նիտրատ իոնով, վանադիումով և ալյումինով: 2008 թվականից Սոթքի հանքավայրի հումքը վերամշակվում է «Արարատի ոսկու կորզման» գործարանում: Ըստ «Սևանա լճի մասին» օրենքի` (հոդված 10, հոդված 26) արգելվում է հարակից տարածքում տեղադրել վտանգավոր թափոններ, Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն, այդ պատճառով Սոթքի թափոնները հայտնվում են Արարատի ցիանային պոչամբարում՝ 79 հա Արմաշի և Արարատի ձկնաբուծական տնտեսությունների հարևանությամբ։ 195 հա տարածք զբաղեցնող 20 մլն խորանարդ մետր պոչանքով Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է: Արտակարգ իրավիճակների նախարարությանը կատարված հարցման պատասխանը հաստատում է, որ պոչամբարում առկա են ծանր մետաղներ, մասնավորապես՝ սնդիկ, արսեն, կադմիում, մոլիբդեն, պղինձ, վանադիում, կապար, անագ, ցինկ, մանգան, քրոմ քիմիական նյութերի տարբեր քանակություններ: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ասում է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են մշտադիտարկումների արդյունքներն ամփոփ ներկայացնել նախարարություն։ Սակայն նախարարության կաքում տեղադրված է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ներկայացրած՝ միայն 2019 թվականի տվյալները։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի 2016 թվականի իրականացրած հետազոտության համաձայն՝ Արարատի հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հետ այդպես էլ հնարավոր չեղավ խոսել բնապահպանական խնդիրների մասին, մեր հարցմանը պատասխանեցին, որ դիմենք համապատասխան լիազոր մարմիններին: 2021 թվականի մեր հարցմանն ի պատասխան` Արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցրեց, որ պոչամբարի պարունակության 70-80 տոկոսը հեղուկ վիճակում է, հատակը կավապատ է, ունի արտաքին և ներքին դրենաժային համակարգեր, գործում է փակ շրջանառու ջրամատակարարման համակարգ: 2011-2014թթ․ Արարատ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում էլ գրված է, որ ջրային ավազանին մեծ վնաս է հասցնում նաև ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը, որը հարակից է Արարատի ձկնալճակային տնտեսություններին։ Շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը` մթնոլորտ արտանետելով 0.083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17.5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1.28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8.04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Ագարակի ՊՄԿ Ագարակի ՊՄԿ-ը պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը։ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին մասնավորեցրեց այն ընդամենը Կոնսապ ամերիկյան ընկերությանը՝ 600 000 դոլարով, որը խոստացել էր 2 տարվա մեջ 3,5 մլն դոլարի ներդրում անել, ինչը չիրականացավ։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների՝ Ագարակի հանքավայրի տարածքը 47,8 հա է: Ընկերությունը շահագործում է 3 պոչամբարներ Սյունիքում՝ Դարամազ` 82,3 հա, Հովիտ 1 և 2,45, 3 հա տարածքներով։ Ագարակի ՊՄԿ-ն ունի մինչև 2027 թվականը հանքավայրի շահագործման թույլտվություն։ Արտահանում Մոլիբդենի պաշարները 2021 թվականի դրությամբ կազմում են 42,4 մլն տոննա՝ 0.41%, իսկ պղնձինը՝ 0,021։ Փոքր քանակով արտահանվում են նաև այլ մետաղներ: Ըստ ԱՃԹՆ-ում ընկերության ներկայացրած տվյալների՝ 2016-2018թթ. արտադրել է 97,727 տոննա պղինձ, 1,577 տոննա մոլիբդենի խտանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 44 մլրդ 807 մլն 252 հազար դրամ։ 2016-2018թթ․ շուրջ 97,706 տոննա պղնձի խտանյութ է արտահանվել Չինաստան՝ արժեքը՝ ավելի քան 44 մլրդ 30 մլն դրամ։ 1,303 տոննա էլ մոլիբդենի խտանյութ է արտահանվել Եվրոպական Միություն՝ ավելի քան 5 մլրդ 7 մլն դրամով։13 տարվա ընթացքում Ագարակի ՊՄԿ-ի վճարած հարկերը կազմել են մոտ 28 միլիարդ դրամ կամ 65 միլիոն դոլար, որը միջին հաշվով տարեկան կազմում է ընդամենը 5 միլիոն դոլար։ 13 տարվա ընթացքում 8 տարիների հրապարակված տվյալների հիման վրա ընկերությունը հայտարարագրել է 20,6 միլիարդ դրամ կամ 49 միլիոն դոլար հարկային վնաս, որը միջինում տարեկան կազմում է 6,1 միլիոն դոլար։Ընկերության գործունեության հետևանքով Մեղրի խոշորացված համայնքում տուժել են տասնյակ քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Սիլվա Քրիստափորյանի ընտանիքն է: Նրա որդու տան պատերի ճաքերն անզեն աչքով երևում են: Կինը վստահ է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պայթեցումների հետևանքն է: Կարճևանում գրեթե բոլոր տներն ունեն ճաքեր: Անգամ դրսից երևում է շենքերի վթարային վիճակը: Ընկերությունը չի ընդունում գյուղացիների այն պնդումները, որ հանքում պայթեցումները կարող են վնաս պատճառած լինել մարդկանց: Ագարակի ՊՄԿ վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բնակիչներին առաջարկել է հրավիրել փորձագետներ, որպեսզի ապացուցեն, որ այդ ճաքերը հանքում կատարվող պայթեցումների հետևանքն են, ապա փորձաքննություն կանչել, վնասը որոշել ու փոխհատուցել: Կարճևանցիների փաստաբան Մարիամ Աբրահամյանն ասում է, որ ինքը ներկա է եղել տեղազննությանը, կա նաև քրեական գործ՝ բնակիչներին վնաս պատճառելու, գույքը դիտավորյալ փչացնելու առնչությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ասում է, որ շենքերի ճաքերի պատճառահետևանքային կապի բացահայտումն իր լիազորությունների մեջ չէ, դրանով զբաղվում է Քաղաքաշինության պետական կոմիտեն: Քաղաքաշինության պետական կոմիտեից էլ առաջարկում են պարզաբանման նպատակով դիմել ԱԻՆ: Ըստ էության՝ տներում հետազոտություններ չեն իրականացվել, ահազանգ չեն ստացել, իսկ պատճառների պարզաբանման համար տեխնիկական իրավիճակի հետազննություն չեն արել: Մինչ դեռ Քննչական Կոմիտեից պատասխանել են, որ հարակից բնակավայրերին պատճառված վնասի առնչությամբ հարուցված քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, հողագիտական, նյութագիտական, բուսաբանական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Եթե գյուղացիները դեռևս չեն կարողանում ընկերության մեղքն ապացուցել տան պատերի ճաքերի գործում, ապա Ագարակի ու Կարճևանի այգիների` պոչանքով աղտոտման փաստերն ակնառու են, անգամ արձանագրված, փաստաթղթավորված: Կարճևանցի Սիմոն Խաչիկյանին չեն վախեցրել ո՛չ ընկերության կապիտալը, ո՛չ կապերը, ո՛չ էլ սպասվելիք ճնշումները: Այգեգործը 30 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Ագարակի ՊՄԿ-ից այն բանի համար, որ ընկերությունը 2012 թ. հանքի թափոնաջրերով ողողել էր իր այգին: Ընկերությունը, սակայն, պատասխանել է, որ միայն վերջին երեք տարվա վնասը կարող է փոխհատուցել: Միայն 2018 թվականին է Սիմոն Խաչիկյանը կարողացել փաստաբան վարձել, դիմել դատարան: Դատարանն էլ հսկայական գումար է պահանջել՝ որպես պետական տուրք, ինչը վճարել տուժողը չէր կարող: Սիմոն Խաչիկյանը պատմում է․ «Դատարանն ասում է, որ պետք ա պետական տուրք վճարեմ 2 տոկոսի չափով, մոտավորապես 500-600 000 դրամ, ես բավականաչափ փորձագետներին եմ վճարել, փաստաբանին եմ վճարել, եթե էդքան պետք ա վճարես, դու ի վիճակի չես հաստատ վճարես, դա ավտոմատ նշանակում ա, որ պետքա մերժվես, դատարան չգնաս: Մեր բախտը բերեց, վերաքննիչ բողոքարկեցինք, Վերաքննիչը մեր կողմը դուրս եկավ»:Սիմոն Խաչիկյանի փաստաբան Մարիամ Աբրահամյանն էլ պատմում է․ «2018 թվականին հրավիրեցինք տեսչական մարմին, տեսչական մարմինն եկավ, արձանագրեց, որ կեղտաջրերը վնասել են, փորձեց մեղավորությունը թաքցնել, հայտնեց, որ ընկերությունն էլ չի իմացել, վթար է տեղի ունեցել, վթարի պատճառով 2012-2018 թվականը 6 տարի անընդմեջ վթար է տեղի ունենում, մարդիկ չեն իմանում, հանկարծակի են գալիս, մի քիչ անհավանական ա, ամեն դեպքում փորձագետներ հրավիրեցինք երկու բնակչի հողամասերի համար, բնակիչներից մեկի հողամասը ընդհանարպես չկա, սեփականության վկայականը կա, կոորդինատներով տեղանքում չի գտնվում, մարդուն սեփականության իրավունքից են զրկել, եկամտի աղբյուրից են զրկել»: Սիմոն Խաչիկյանին Ագարակի ՊՄԿ-ի ղեկավարությունը կանչել, փորձել է համոզել, որ իրենք այգին կվերականգնեն, բայց տուժողը բացատրել է, որ հողատարածքն այնպես է վնասված, որ հնարավոր չի վերականգնել։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ Սիմոն Խաչիկյանի այգու տարածքում ծանր մետաղների չափաքանակը գերազանցում է թույլատրելի նորմերը, սակայն դա միակ այգին չէ, փաստաբանը վստահեցնում է, որ կան այլ տուժողներ, բայց վախենում են բողոքել: Կարճևանի մեկ այլ բնակիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը, պատմում, է որ վաղուց իր այգուց բերք չի ստանում։ «Խաղողի այգի ունեմ, ընդհանարպես չեմ մտնում, վնաս են տվել թափոնաջրերը, իսկ 2000 մ այգիս էլ գնում ենք, մշակում, բայց ոչ մի օգուտ չենք ստանում: Քաչվանք կոչվող տարածքից են գալիս էդ կեղտաջրերը, մի քիչ շատ ա եկել, իրենք նասոսներով մղում են դուրս, գալիս ա մեր հողերի մոտով ա դուրս գալիս, իրենց ջրահեռացումը լավ չէր կատարվում»,- պատմում է Ռուդիկ Մկրտչյանը: Փաստաբան Մարիամ Աբրահամյանը պատմեց, որ ընկերությունը դատարանին միջնորդել է հայցային վաղեմություն կիրառել: 2021 թվականի մարտի 3-ին դատարանը վճռել է մերժել Սիմոն Խաչիկյանի հայցն ընդդեմ Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, իսկ հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը շարունակել առանձնացված վարույթով։ Դատարանը վճռել է Սիմոն Խաչիկյանից հօգուտ պետության բռնագանձել 559 000 դրամ՝ որպես պետական տուրք, Խաչիկյանից հօգուտ Ագարակի ՊՄԿ-ի բռնագանձել 800 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։ Ագարակի ՊՄԿ-ն այս ընթացքում մի անգամ չէ, որ աղտոտել է շրջակա միջավայրը: Այս կադրերը նկարահանվել են 2021 թվականի փետրվար ամսին, ակնհայտ երևում է, թե ինչպես է ընկերության շահագործած պոչամբարից, ասֆալտի տակից պոչանքը խողովակով լցվում Արաքս գետը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ ընկերությունն ունի պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ 2020 թվականի հունիսին ՇՄ նախարարություն ներկայացված ՇՄԱԳ փաստաթղթում ընկերությունն ինքն է գրում, որ N2-N3 պոչամբարներին միացված է ջրի շրջանառու համակարգ, սակայն N1 պոչամբարից պարզվածքը լցվում է Արաքս գետ։ Այնինչ իրականում կադրերում երևում է, որ չֆիլտրացված պոչանքն է լցվում Արաքս գետ։ 2019 թվականին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ, Ագարակի ՊՄԿ-ի կողմից շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 1 մլն դրամի վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում: ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 31-ի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ շրջակա միջավայրին և շինություններին էական վնաս պատճառելը։ 2020 թվականի հունվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել միավորել երկու քրեական գործերը մեկ վարույթում՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։ 2021 թվականի հունվար ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդեցին, որ տեսչական ստուգումներ են սկսել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անորոշ ժամանակով քննությունը կասեցված է։ Երեք գրությունն էլ Շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն է ուղղարկել տեսչություն՝ ընկերությունում ստուգումներ անցկացնելու պահանջով։ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն էլ ասում է, որ կոմբինատի հասցված վնասներին պետք է նայել տեղում սոցիալական և տնտեսական խնդիր լուծելու տեսանկյունից։Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն էլ 2016-2020 թվականներին ընկերության կողմից համայնքին վճարված բարեգործական հատկացումների, նվիրատվությունների վերաբերյալ տեղեկացնում է, որ ընկերությունը 2016-2020 թվականներին շուրջ 376 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, որն ուղղվել է մանկապարտեզի, հանրակրթական և արվեստի դպրոցների զարգացման, սոցիալ-տնտեսական ծրագրերի, վարչական բյուջեից կատարվող տարեկան ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև օգնություն է տրամադրվել համայնքի բնակիչներին։ Չնայած համայնքին վճարվող տարբեր սոցիալական վճարներին, այդուհանդերձ, սոցիալական, Էկոլոգիական դեմոգրաֆիական անվտանգության խնդիրներն ամեն օր դառնում են օրհասական Հայաստանի գրեթե բոլոր համայքներում, ընդերքի անխափան շահագործմանը զուգահեռ համայքներն աղքատանում են, երբեմն էլ մնում իրենց խնդիրների հետ մենակ։Դատարաններում արդարադատություն գտնելը դառնում է տարիների պայքար, երբեմն էլ ժամանակի կորուստ, քանի որ վաղեմության ժամեկտը լրանալուն պես հանգիստ կարելի է քրեական գործերը կասեցնել, մարդկանց պատճառված վնասն անտեսել, ավելին՝ տուժող կողմից հօգուտ պետության և հանքարդյունաբերողի բռնագանձել գումար և շարունակել նույն ոճով աշխատել։ Թեհմինե Ենոքյան
12:04 - 12 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը։ Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին: Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները: Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:
17:59 - 09 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են մարզերում արված աշխատանքներն ու ծրագրերը

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել, քննարկվել են մարզերում արված աշխատանքներն ու ծրագրերը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարզպետների խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը։ Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը` պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը, ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Նշվել է, որ 2021 թվականին հանրապետության համայնքների կողմից ներկայացվել է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 800 նախնական հայտ, որոնք առաջիկայում կքննարկվեն սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում։ Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն հայտերի ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք համայնքներում կլուծեն առաջնային խնդիրներ, կբարեկարգվեն կամ կկառուցվեն կենսական ենթակառուցվածքներ։ Մարզպետներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել նաև համավարակի և պատերազմի հետևանքով նախորդ տարվա անավարտ ծրագրերը՝ դրանց շինարարության տեմպն ու որակը պահելու և նախանշվող ժամկետներում ավարտելու նպատակով։ Մարզպետները նախարարին զեկուցել են նաև ՀՀ մարզերի՝ համայնքների եկամուտների հավաքագրման արդյունքների մասին։ Համայնքների սեփական եկամուտները 2021թ․ առաջին եռամսյակում կազմել են 5 մլրդ 264 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 470 մլն դրամով։ Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: Անդրադարձ է եղել մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից բխող 2021 թվականի տարեկան գործունեության ծրագրի մշակման և գերակայությունների սահմանման, ինչպես նաև համայնքային ծառայողների և ՏԻՄ 2021թ. վերապատրաստումների վերսկսման ուղղությամբ աշխատանքներին։
10:20 - 09 ապրիլի, 2021