Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարարը ANIF-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հնարավոր ներդրումային ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչների հետ և քննարկել համագործակցության շրջանակներն ու ուղիները, հնարավոր ներդրումային ծրագրերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ Գրիգոր Պետրոսյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, առաքելությունն ու գործառույթները: «Մեր հիմնական նպատակն է դեպի Հայաստան ներդրումներ գեներացնել և Հայաստանի տնտեսության ռազմավարական ուղղությունների վրա հիմնված ծրագրերը ներկայացնել թիրախային ներդրողներին: Մեր ուշադրության կենտրոնում են նաև առողջապահության ոլորտում ներդրումները», - ասել է Պետրոսյանը: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության նախարարության հնարավոր ներգրավումը նմանատիպ ներդրումային ծրագրերին, ինչպես նաև դեղերի նոր արտադրություն հիմնելու և բժշկական տուրիզմը Հայաստանում զարգացնելու հեռանկարները: «Առողջապահությունն առանձնահատուկ, ծավալից որակ ծնող ոլորտ է, ուստի, պետք է հաշվի առնել ամեն նրբություն», - ասել է նախարարը և շնորհակալություն  հայտնել հյուրերին պատրաստակամության համար: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կլինեն հաճախակի:
19:40 - 11 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյին: Կողմերը քննարկել են 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի» մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ փոփոխության` տեխնիկական կանոնակարգման ենթակա կլինեն նաև այլ նիկոտին պարունակող արտադրանքները և ոչ նիկոտինային լցանյութերը նիկոտինի առաքման համակարգերի համար: Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է նիկոտին պարունակող արտադրատեսակների հասկացության մեջ ընդգրկված նյութերի և տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների դասակարգման հարցին: Կողմերը քննարկել են տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների` դասական ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգին ենթարկվելու, այլ ոչ թե առանձին կանոնակարգելու հարցը:  Միաժամանակ որոշվել է, որ կկազմակերպվեն հետագա քննարկումներ ԵԱՏՄ երկրների ոլորտի պատասխանատուների հետ «Ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նիկոտին պարունակող այլ սննդային վտանգավոր արտադրատեսակների հրատապ կանոնակարգման անհրաժեշտությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման առարկա հարցերը առաջիկայում կգտնեն իրենց լուծումները:
15:36 - 11 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին հարցեր

Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի մասին հարցեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ: Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին:
08:43 - 07 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի գործընկերոջ հետ, տեղեկացել ՀՀ քաղաքացու վիճակի մասին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ: Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Թորոսյանը իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Հայաստանի քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև վերջինիս Հայաստան վերադառնալը: Նախարարները խոսել են նաև ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ: Գործընկերներն արձանագրել են, որ առաջնորդվում ենք միջազգայնորեն ընդունված և հաստատված նույն մոտեցումներով և սկզբունքներով:
11:06 - 06 փետրվարի, 2020
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա. երկիրը շուտով կունենա ախտորոշիչ թեստ |armenpress.am|

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի որևէ դեպք չկա. երկիրը շուտով կունենա ախտորոշիչ թեստ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ: Այս մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, և թեստը նոր է մշակվում: Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ` այդ թեստը ձեռք բերելու համար: Մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»,-ասաց Թորոսյանը: Նա շեշտեց` թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են դիֆերենցել այլ հիվանդություններից: Նախարարը վստահեցրեց, որ մինչև օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ, և թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ: «Հետևաբար մենք 99.9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,-եզրափակեց նախարարը:
07:57 - 31 հունվարի, 2020
Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

Արսեն Թորոսյանը ՉԺՀ-ից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար սահմանը փակելու կարիք չի տեսնում

armenpress.am։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք չի տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: «Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մի քանի ժամ առաջ ավարտվել է ԱՀԿ հատուկ ռեժիմով քննարկումը, որի ընթացքում որոշվել է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու այս նոր մարտահրավերին: Գիշերը, ժամը 22:00-ին տեղի է ունենալու հատուկ հայտարարություն, որին հետևում ենք: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»,- ասաց Թորոսյանը: Առողջապահության նախարարը հորդորեց սպասել իրենց գերատեսչության պաշտոնական տեղեկություններին:
13:04 - 22 հունվարի, 2020
Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի. Թորոսյան |armtimes.com|

Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի. Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Եղվարդի «Նաիրի» ԲԿ ծննդատան հետ նորից պետպատվերի պայմանագիր կկնքվի, հնարավոր է՝ մեկ տարի անցումային շրջան տրվի ծննդատանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ծննդատների փակման մասին հարցին։ Նա նշեց, որ այս որոշմանը հանգել են վերջին օրերի քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով այն, որ Եղվարդի ծննդատանը գրանցված ծնունդների թիվը մոտ է կառավարության սահմանած մինիմալ թվին՝ տարեկան 150 ծնունդ։ Եղվարդի ծննդատանը նախորդ տարի գրանցվել է 136 ծնունդ։ Թորոսյանը խնդրեց «փակել» բառը չօգտագործել՝ ընդգծելով, որ իրենք ոչ մի բուժհաստատություն չեն փակում: «Հասարակության մեջ տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ հիվանդանոց ենք փակում, շենք ենք ուտիլիզացնում, այնպիսի ծառայությունների հասանելիությունն ենք կրճատում, որն ամենօրյա է: Հակառակը՝ կոնսուլտացիոն եւ առաջնային ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ այդ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքներ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,- ասաց նախարարը: Նյութն ամբողջությամբ՝ armtimes.com-ում
09:46 - 16 հունվարի, 2020
Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը |armenpress.am|

Հայաստանի մարզերում 6 նոր բուժհաստատություններ են կառուցվելու. նախարարը ներկայացրեց նախագծերը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի մարզերում նախատեսվում է կառուցել 6 նոր բուժհաստատություն, ևս 4-ը վերանորոգել: Հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկն արդեն պատրաստ է. մարզերում իրականացվելու է 10 ծրագիր: Նախարարը ներկայացրեց մարզերին վերաբերվող ծրագրերը. «Չարենցավանի բժշկական կենտրոնում կատարվելու է մասնակի վերանորոգում: Լոռու մարզում կառուցվելու է «Տաշիր» բժշկական կենտրոնը, որը կատարվելու է «Տաշիր» հիմնադրամի միջոցով, սակայն նախագիծը նախարարությունն է մշակում: Այդ նպատակով 31 միլիոն դրամ ծախսելու ենք»: Թորոսյանը նշեց, որ Ծաղկահովիտում և Արթիկում նախատեսվում է կառուցել առողջության կենտրոններ, ինչպես նաև Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել «Նաիրի» բժշկական նոր կենտրոն: Ըստ նախարարի` վերակառուցվելու են Աշտարակի, Թալինի, Սիսիանի, Վաղարշապատի և Մասիսի բժշկական կենտրոնները:
06:01 - 15 հունվարի, 2020
Առողջապահական երեք ծրագրերով անցնում ենք հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի. Արսեն Թորոսյան |news.am|

Առողջապահական երեք ծրագրերով անցնում ենք հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց առողջապահության ոլորտում երեք ծրագրերով փոխել ֆինանսավորման մեխանիզմը: Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության եւ սպասարկման ֆինանսավորումը մինչ օրս իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Փաստացի 15 տարի մենք միշտ ունեցել ենք տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բուժհաստատությունները դրա մեջ տեղավորվեին: Սակայն բյուջեում առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, որոշում է կայացվել, որ երեք ծրագրերի մասով անցում ենք կատարում ֆինանսավորման նոր մեխանիզմի: Դրանք են՝ զինծառայողներին, նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրը, մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը, սրտի անհետաձգելի վիրահատություններ ծրագիրը, որոնց համար առաջարկվում է դնել բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային համակարգ»,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ եթե սա հաջողի, ամեն տարի ավելի շատ ծառայություններ կանցնեն այս մեխանիզմին:
10:26 - 19 դեկտեմբերի, 2019
Հանդիպում եվրոպական կոմիտեի պատվիրակության հետ

Հանդիպում եվրոպական կոմիտեի պատվիրակության հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը: Հյուրերը ներկայացրել են թարմացված տեղեկատվություն` ի լրումն կոմիտեի 2015 թվականի հերթական այցի արդյունքներով կազմված զեկույցի: ԽԿԿ-ն պարբերաբար կազմակերպում է այցելություններ Եվրախորհրդի 47 երկրում` հետազոտելու և գնահատելու, թե ինչպե՞ս են վերաբերվում այն անձանց, որոնք զրկված են իրենց ազատությունից: Այցելած վայրերից են բանտերը, անչափահասների կալանավայրերը, ոստիկանության բաժանմունքները, հոգեբուժարանները, սոցիալական խնամքի տները և նմանատիպ այլ վայրեր: Պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում հոգեկան առողջության կենտրոնների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու գնահատումը, որը ներառում է պացիենտների հարկադիր հիմունքներով բուժման պայմաններն ու իրավական երաշխիքները: Քննարկվել են Հայաստանում գործող հոգեկան առողջության կենտրոնների հագեցվածության, շենքային պայմանների, գերծանրաբեռնվածության, պացիենտի գաղտնիության պահպանման և այլ խնդիրներ: Արսեն Թորոսյանը կարևորել է կատարված աշխատանքը և նշել է, որ արդեն քայլեր են ձեռնարկվում զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման և առհասարակ համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ չկա առողջություն առանց հոգեկան առողջության` հավելելով, որ առողջապահության նախարարության ենթակայությամբ չգործող կենտրոններն ունեն առավել ուշադրության կարիք` կանխելու բարձրացված հարցերի խորացումը: Նախարարն առաջարկել է արդարադատության նախարարության և մարդու իրավուքների պաշտպանի հետ միասին համագործակցել բարեփոխման ուղղությամբ` մեծ քայլերով առաջ շարժվելու համար:
12:32 - 12 դեկտեմբերի, 2019
Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց առնվազն ավելի պահպանողական է․ Արսեն Թորոսյան |civilnet.am|

Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց առնվազն ավելի պահպանողական է․ Արսեն Թորոսյան |civilnet.am|

civilnet.am։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հանդես է գալիս համընդհանուր առողջապահական համակարգ ներդնելու և աշխատավարձից 6 տոկոս հարկ սահմանելու օգտին, համաձայն չէ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ այդ համակարգի ներդրման քննադատությանը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգին՝ ասելով, որ առողջապահության հարկային բեռն ընկնում է ոչ թե տնտեսվարողների, այլ վարձու շախատողների վրա, և մեծ հաշվով բեռ է տնտեսության վրա: Շաբաթ օրը Աղվերանում լրագրողների հետ հանդիպմանը Արսեն Թորոսյանը մեկնաբանել է կառավարության իր գործընկերոջ քննադատությունը․ «Իհարկե, պարոն Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց նա առնվազն ավելի պահպանողական է այս համակարգերի առումով, քան ես»։ «Մեր ֆինանսական ոլորտի գործընկերները զարմանալիորեն դեմ են առողջության համապարփակ ապահովագրությանը, որովհետև Կենտրոնական բանկն էլ է դեմ, բայց Կենտրոնական բանկի մոտիվները շատ պարզ են։ Կենտրոնական բանկն ուզում է ֆինանսական շուկաներ զարգացնել նման համակարգերի հաշվին, ինչը նորից չի լուծում այդ խնդիրները»,- ասաց Թորոսյանը և հավելեց։- Նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը միջազգային ֆինանսական կառույց է, խորհուրդ է տալիս երբեք առողջության ապահովագրությունը չդիտարկել որպես ֆինանասական շուկաների զարգացման մեխանիզմ»։ Ըստ առողջապահության նախարարի՝ «կա նաև ապագայի տեսլականի մոտեցումների տարբերություն»։ Նրա խոսքով՝ դա վատ չէ, և հարկավոր է այդ մոտեցումները բերել ինչ-որ տեսակետի, և իրենք հենց դրան էլ գնում են։ «Խնդիրները լուծելու տեսանկյունից համակարգին հավելյալ ֆինանսական միջոցներ տրվելու հրամայականը կարևոր է։ Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել։ Նաև այսօր մի բան է ասել պարոն Ջանջուղազյանը, որին կտրուկ դեմ եմ։ Նա նշել է, որ մեր առաջարկած համակարգը ներդրումներ է բերելու առողջապահություն։ Ոչ թե ներդրումներ է բերելու առողջապահություն, այլ մարդկանց առողջություն և մարդկային կապիտալ, ինչը լավ տնտեսություն ունենալու կարևոր բաղադրիչներից է։ Պետք չէ հակադրել առողջապահության մեջ ներդրումները ընդհանուր տնտեսության մեջ ներդրումներին։ Հակառակը, առանց մարդկային կապիտալի, կրթության և առողջապահության մեջ ներդրումների, ինչպես նաև սոցիալական ապահովության հնարավոր չէ ունենալ զարգացած կամ զարգացող տնտեսություն»,- նշեց Թորոսյանը։ Ըստ նախարարի՝ մյուս տարբերակը բյուջետային հատկացումների աճն է։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
04:52 - 10 դեկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Նյու-Դելիում, որտեղ հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարար դոկտոր Հարշ Վարդհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր` առողջապահական, բժշկական կրթության, ինչպես նաև դեղագործության ոլորտների վերաբերյալ: Արսեն Թորոսյանը կարևորել է միջպետական համագործակցությունը բժշկական կրթության ոլորտում, հաշվի առնելով Հայաստանում հնդիկ ուսանողների թիվը, և ողջունել Հնդկաստանի կառավարության կողմից կատարված քայլերը: Նախարարը տեղեկացրել է, որ կլինիկական օրդինատուրայի համար ևս մեկ հնարավորություն է ստեղծվել` Հայաստանում անգլերեն լեզվով, տարբեր մասնագիտությունների գծով ուսուցում կարող են ստանալ նաև ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Հարշ Վարդհանը ողջունել է այդ հնարավորությունը, քանի որ բժշկական կադրերի պահանջարկը միշտ մեծ է: Խոսվել է նաև բժիշկների փոխանակման ծրագրի մասին: Վերջերս հայ բժիշկներ էին այցելել Հնդկաստան` ծանոթանալու տեղի առողջապահական համակարգին: Կողմերը քննարկել են փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստանից Հնդկաստան բժիշկներ գործուղելու հարցերը: Վերջիններս հնարավորություն կունենան որոշ բարդ վիրահատությունների մասնակցելու, ինչպիսիք են` փոխպաստվաստումը, էնդոպրոթեզավորումը: Միաժամանակ, Հնդկաստանի առողջապահության նախարարն առաջարկել է իրենց երկիրը դիտարկել բժշկական տուրիզմի տեսանկյունից` կազմակերպելով հայ պացիենտների բուժումը Հնդկաստանի բարձրորակ կլինիկաներում: Մյուս քննարկված հարցը դեղագործական ոլորտում համագործակցությունն ու հնդկական բարձրորակ դեղորայքի հասանելիության ապահովումն է: Հայաստանը լավ հնարավորություն կարող է լինել Եվրասիական տնտեսական միությունում` որպես մուտքի կետ, քանի որ որոշ դեղերի գրանցումն անխոչընդոտ է իրականացվում Հայաստանում և համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության չափանիշներին: Հանդիպմանը քննարկել են նաև հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է բարձրորակ հնդկական դեղերով: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ջանքերը` առողջապահության ոլորտը զարգացնելու ուղղությամբ, ինչի վառ վկայությունն է Հնդկաստանի վարչապետի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում` Առողջության համապարփակ ծածկույթի վերաբերյալ և նախարար Հարշ Վարդհանի դերը` վարակիչ հիվանդությունների կանխարգելման և իմունիզացիայի գործում: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ այդքան բարվոք լինելով հանդերձ` Հնդկաստանը պոլիոմիելիտից զերծ երկիր է համարվում, և արդեն վաղուց հիվանդության դեպքեր այդ երկրում չեն գրանցվել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, վերջինս պատասխանել է, որ կդիտարկի առաջարկը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու:
12:24 - 05 դեկտեմբերի, 2019
Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչպես է տեսնում բժշկական համապարփակ ապահովագրությունը |civilnet.am|

Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչպես է տեսնում բժշկական համապարփակ ապահովագրությունը |civilnet.am|

civilnet.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրել է առողջապահության համապարփակ ապահովագրության շուրջ իր տեսակետը և հակադարձել ընդդիմախոսներին։ Նախարարի խոսքը՝ կրճատումներով ներկայացված է ստորև։ Նկատում եմ, որ կա՛մ միտումնավոր, կա՛մ առանց միտումի քննարկումները սխալ ուղղությամբ են գնում։ Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, սակայն էլի հիմնական որոշ թեզերին կուզեմ անդրադառնալ։ Ես կարծում եմ, որ առողջության համապարփակ ապահովագրության դեմ հիմա արտահայտվում են հիմնականում այն մարդիկ, որոնք արդեն ունեն կամավոր բժշկական ապահովագրություն կամ այն մարդիկ, որոնք ունեն բարձր եկամուտներ։ Ես, մինչև այս մարդկանց հիմնական թեզերին անդրադառնալը, ուզում եմ հիշեցնել, որ մենք ամեն դեպքում մեր առողջության վրա ծախսում ենք շատ ավելին ազգովի, քան առաջարկում ենք նոր մեխանիզմով հավաքագրել՝ անունը կլինի հարկ կամ այլ կերպ։ Ես երեկ նշեցի, որ մեզ համար բացարձակ էական չէ այդ ֆինանսների աղբյուրը, կարևորը նպատակն է։ Եվ եթե նպատակին մենք բոլորս համաձայն ենք, ապա աղբյուրների մասին կարող ենք բանավիճել։ Մեր նպատակը՝ որպես առողջապահության նախարարություն և սոցիալական պետություն, հետևյալն է՝ ունենալ համապարփակ ծածկույթ ՀՀ ամբողջ ազգաբնակչության համար, այն բոլոր ծառայությունների համար, որոնք առաջացնում են աղետալի ծախսեր և կյանք են փրկում։ Դա այնքան մեծ ծածկույթ է, որ գրեթե, կոպիտ ասած, տակը ոչինչ չի մնում։ Եվ եթե նպատակի շուրջ մենք բոլորս համաձայնում ենք, ապա այդ նպատակին հասնելու ֆինանսական միջոցների շուրջ մենք կարող ենք բանավիճել։ Երեկ նշեցի, որ այդ բանավեճը բավական երկար կտևի, որովհետև սա մեր կողմից, ճիշտ է հիմնավորված, բայց ընդամենը առաջին առաջարկն է։ Չեմ ուզում նսեմացնել մեր առաջարկը, որովհետև այն մեր կառավարության ժամանակ առնվազն մեկուկես տարի և շատ ավելի երկար նաև նախկինում բազմիցս քննարկվել է։ Այն բավական լավ է անդրադառնում առկա բոլոր խնդիրներին։ Եվ նորից շեշտելով, որ մենք ամեն դեպքում այդ գումարները ծախսում ենք մեր առողջության վրա՝ մեր, մեր հարազատների, մեր ընկերների, մեր մյուս համաքաղաքացիների՝ մենք ընդամնեը առաջարկում ենք այդ գումարների հավաքման և բաշխման նոր մեխանիզմ, որը ավելի էֆեկտիվ է, որը ավելի արդար է, որը ավելի լավ արդյունքներ է բերելու պետության համար։ Հիմա անդրադառնամ այն խմբի փաստարկին, որ ասում է՝ մենք արդեն ունենք ապահովագրություն։ Դրանք մեր մոտավորապես մի քանի տասնյակ հազար քաղաքացիներն են, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում՝ հիմնականում այնպիսի ընկերություններում, որոնք, ունեն շատ աշխատողներ, բարձր աշխատավարձ են վճարում, ունեն արևմտյան կորպորատիվ մշակույթ իրենց ներքին կանոնակարգերում և համարում են, որ աշխատակիցները պետք է ունենան հավելյալ խրախուսանքներ իրենց աշխատավայրում, որպեսզի լավ աշխատեն և լավ աշխատակիցներ գտնեն։ Այսպիսի փաստարկ է բերվում, թե ինչու մենք պետք է կրկին վճարենք առողջության ապահովագրության համար, եթե մենք այն ունենք։ Դրա պատասխանը հետևյալն է։ Դուք չպետք է վճարեք, և գործատուն չպետք է վճարի առողջության այդ ապահովագրության համար, քանի որ պետությունը, նոր մեխանիզմ ներդնելով, լուծում է այդ հարցը։ Եվ քանի որ գործատուն, լինելով կորպորատիվ պատասխանատու գործատու, ուզում է հավելյալ օգուտ ապահովել իր աշխատակցի համար, նա կարող է հավելյալ այդ խրախուսանքները այլ միջոցներով երաշխավորել։ Առնվազն նա կարիք չի ունենա այդ գումարները կրկին ծախսելու, ոչ ոք երկու անգամ չի վճարելու առողջության ապահովագրության համար, քանի որ մեր նկարագրած համակարգը, որը դրված է հանրային քննարկման, այնքան լավն էր, որ հավելյալ ծախսի կարիք պրակտիկորեն չի առաջանալու։ Միգուցե առաջանա ծախսի կարիք ատամնաբուժության համար, որը կրկին գործատուն կարող է առանձին փոքրիկ փաթեթով ապահովել, կամ ինչ-որ հարմարավետ պայմանների համար։ Հետևաբար ֆիքսենք, որ հավելյալ վճարելու կարիք առնվազն չի լինի։ Դա կարող է լինել հավելյալ խրախուսանք գործատուի կողմից, որ ինքը կորոշի՝ իր աշխատողներին ոնց է խրախուսում։ Նա կարող է աշխատավարձ բարձրացնել այդ հավելյալ գումարների հաշվին կամ տալ հավելյալ այլ խրախուսանքի միջոցներ և այլն։ Հաջորդ փաստարկը։ Շատ լսում եմ, որ ինչու աշխատողները պետք է վճարեն չաշխատողների համար։ Հիշեցնեմ նորից, որ այդ չաշխատողների մեջ են մտնում մեր իսկ ծնողները, որոնք արդեն աշխատանքային տարիքից անցել են կենսաթոշակային տարիքի, մեր հարազատները, մեր ուսանող երեխաները, մեր դեռ չաշխատող երեխաները, որոնք մեծ են 18-ից, բայց դեռ չեն աշխատում։ Դրա մեջ ենք մտնում հենց մենք․․․ երբ որ մենք որևէ հիվանդության պատճառով կարող ենք պարզապես զրկվել աշխատունակությունից, հասկանո՞ւմ եք։ Ես օրինակ որևէ հիվանդության պատճառով կարող եմ էլ չկարողանալ աշխատել, և ես նորից կմնամ ապահովագրված, այսինքն՝ դուք բոլորդ, ովքեր որ հիմա աշխատում եք, վաղը նույնպես լինելու եք ապահովագրված և ծածկույթի մեջ՝ անկախ նրանից՝ վաղը կաշխատեք, թե չէ։ Լինել այդքան համոզված, որ դուք ամբողջ կյանքում աշխատելու եք և ունենալու եք այդ եկամուտը և ապահովագրությունը, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ։ Մենք հիմա էլ ենք վճարում հարկեր։ Բոլորս վճարում ենք տոկոսով, մեր աշխատավարձից։ Կար պրոգրեսիվ հարկ, հիմա կլինի համահարթ։ Ամեն դեպքում շատ աշխատողը վճարում է շատ՝ նույնիսկ համահարթ եկամտային հարկի դեպքում։ Եվ այդ հարկերից գոյացած բյուջեով կատարվում են բազմաթիվ պետական ծախսեր։ Մի պարզ օրինակ բերեմ, որը հետո վստահ եմ՝ էլի շահարկելու եք, բայց շատ լավ օրինակ է։ Հիմա նույն տրամաբանությամբ, որ ասում ենք՝ ինչու պետք է իմ վճարած հարկերից բուժվի մի ծույլ, չաշխատող մարդ, նույն տրամադրությամբ կարող եմ ասել՝ ինչո՞ւ պետք է այն ճանապարհով, որը վերանորոգվում է իմ վճարած հարկերով,- կրկնում եմ, այն մարդկանց, որոնք աշխատում են,- պետք է երթևեկեն նաև այնպիսի մարդիկ, որոնք հարկեր չեն վճարել։ Այս հարցի պատասխանը շատ պարզ է։ Երկիրը մեկն է, հանրային բարիքը բոլորինն է՝ անկախ նրանից, թե մենք այդ բարիքի որ տոկոսն ենք կարողանում մեզ վերցնել մեր աշխատանքի արդյունքում, որովհետև մնացած մարդկանց չլինելու դեպքում մենք այդ հանրային բարիքի մեր մասնաբաժինը չէինք կարողանա վերցնել։ Այդ խտրական վերաբերմունքը, որ հաճախ լսում ենք, չի կարող մեր երկիրը տանել զարգացման։ Այդ այսպես կոչված վայրի կապիտալիստական մոտեցումը, որ չաշխատողները «ինչ ուզում են, թող անեն», մենք չենք հոգում մեր չաշխատող համաքաղաքացիների համար, մեզ տանում է շատ վատ տեղ։ Հետևաբար ես կոչ եմ անում առնվազն քննարկումները բերել կառուցողական դաշտ և մտածել մեր հիմնական նպատակի շուրջ՝ մենք ոնց ենք համախմբվում և հասնում այդ հիմնական նպատակին։ Այսինքն՝ ունենալ նպատակ համապարփակ ծածկույթ ապահովել ամբողջ ազգաբնակչության համար, ունենալ ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք դրան հասնելու։ Ես երեկ նորից նշեցի՝ հարկատեսակը, որ մենք առաջարկել ենք, կարող է լինել ուղիղ զրո դրամ, եթե մենք այդ աղբյուրը գտնենք ուրիշ տեղից։ Եվ եթե մենք գտնենք այդ աղբյուրը, ոչ մի մտադրություն չունենք որևէ մեկի վրա հավելյալ հարկատեսակ դնելու։ Ընդամենը աղբյուր է, որը առաջարկվում է, և որը գործում է աշխարհի շատ երկրներում։ Զարմանալին նաև այն էր այս բանավեճերի մեջ, որ մենք հաճախ հակառակ մեղադրանքներն ենք լսում՝ երբ է լինելու բժշկական ապահովագրություն, որ մենք կարողանանք մեր առողջական ծախսերը հոգալ՝ առանց մեր գրպանից կատարվող աղետալի ծախսերի։ Մենք առաջարկում ենք այդ «երբ»-ի և «ինչպես»-ի մոդելը, որի շուրջ հանրային քննարկումը կգնա, և մենք, ձևափոխելով մեր առաջարկը, կունենանք մեր երկրի համար ամենահարմար մոդելը՝ լսելով բոլոր կողմերին՝ թե՛ ապահովագրված, թե՛ չապահովագրված, թե՛ այսօր աշխատող, վաղը՝ միգուցե չաշխատող, թե՛ այսօր աշխատող, բայց վաղը՝ աշխատող մեր քաղաքացիներին։
15:19 - 27 նոյեմբերի, 2019