Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ներկայացվել են ստեղծված օպերատիվ շտաբի ուղղությունները ու իրականացվող քայլերը

Ներկայացվել են ստեղծված օպերատիվ շտաբի ուղղությունները ու իրականացվող քայլերը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով: Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի գրասենյակից։ Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների միջև փոխգործակցված և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:    «Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը: Օպերատիվ շտաբում ընդգրկված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն: Կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝ կազմակերպված աշխատանքի և իրավիճակից ելքեր գտնելու համար»,- ընդգծել է պետնախարարը:  Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել է օպերատիվ շտաբի կողմից մշակված՝ վառելիքի տրամադրման կարգը: Վառելիքն առաջնահերթ տրամադրվելու է հանրային նշանակության և հատուկ ծառայություններին, ինչպես նաև կենսական կարևորության օբյեկտներին: Կարգով նախատեսված աշխատանքների ապահովումն իրականացնելու է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:  Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցերին:
22:16 - 14 դեկտեմբերի, 2022
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին

 |armenpress.am|

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին |armenpress.am|

armenpress.am:  Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին տեղեկանում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունից: Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Փաստաթղթում նաև նշվում է, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու որ այս իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Բացի այդ, կառավարությանը կոչ է արվում Եվրոպական խորհրդին հորդորել համատեղ կոչով դիմել Ադրբեջանին՝ դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից: «Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիևի դաժան բռնապետության կողմից ստեղծված հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման և շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաև Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», - նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։
20:12 - 14 դեկտեմբերի, 2022
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները: «1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: 2. Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց և Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից և ամբողջ Արցախից:   3. Վերջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022 թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:   4. Քանի որ Լաչինի միջանցքը նախևառաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի և աղետալի մարդասիրական հետևանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ և այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:   5. Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ծերեր և 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները և ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաև զրկված են կրթության իրավունքից:   6. Դեպի Արցախ և Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաև բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի և Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու և հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին և արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետևանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:   7. Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նախ և առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով: Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին և խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը և նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների և Ալիևի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:   8. Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022 թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետևանքների, ինչպիսիք են` 1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում, 2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների և կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում, 3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն, 4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն, 5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում, 6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն և այլն:   9. Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ: Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է. «Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հաղորդակցությունը և միևնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:   Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները և դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:   10. Հարկ է նշել նաև, որ բժշկական և հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնևյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:   11. Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների և սադրանքների կրկնության մասին:   Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը   1. միտումնավոր և բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել և վախեցնել Արցախի բնակչությանը, 2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի և ջրի մատակարարման, 3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին, 4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին, 5. փորձել է ապատեղեկատվություն և խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:   12. Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության և դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է:   Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: 
19:17 - 14 դեկտեմբերի, 2022
Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ  Սարգսյան

Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ Սարգսյան

Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ դրանց ճիշտ կամ սխալ շահագործումը։ Ադրբեջանցիները նպատակ ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարությունների, արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու՝ դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս՝ Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել։ Մենք երևի երեսուն տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք, վստահ եմ, որ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել։ Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։  Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի հավաքը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է ակցիային։  Լրագրողների այն հարցին, թե արդյոք առաջացած խնդրի մեջ մեղավոր են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները․ Սարգսյանը ասաց․ «Շատ պարզ բան կա, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել։ Այո մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները անել, եթե մենք պայքարենք, ուրիշը ինչո՞ւ պետք է մեր փոխարեն լուծի մեր հարցը։ Նրանք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն։ Այդ նույն կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե ինչ պարտավորություններ ունեն ռուս խաղաղպահները։ Պետք չէ մեր խնդիրները բարդել ուրիշի վրա։ Երեք տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա մեղավոր են խաղաղպահնե՞րը։ Այո բոլորիս ակնկալիքները Ռուսաստանից ավելի շատ են, բայց ցանկացած ակնկալիք էլ միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես արեցին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձր պաշտոնյային»։  Սերժ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի կառավարիչները  չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը , չեն կարող վճռել թե ինչ է լինելու։ Սարգսյանի կարծիքով՝ նրանք ուղղակի լվացել են իրենց ձեռքերը,  հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի բնական իրավունքները։ «Դժվարանում եմ ասել, թե այս իրավիճակը կտանի պատերազմական իրավիճակի, թե ոչ։ Մենք վկա ենք այն բանին, որ որոշումներ են կայացվում՝ ելնելով օրվա իրավիճակից։ Ես չեմ տեսնում, որ գոնե երկու երեք քայլ առաջ  նայելու ցանկություն։ Դժվարանում եմ պատասխանել։ Խնդրի լուծման միակ հնարավորությունը դիմակայել, պայքարելն է»,- անդրադառնալով իրավիճակի հնարավոր զարգացումներին ասաց Սարգսյանը։
18:15 - 14 դեկտեմբերի, 2022
Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Հավաքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։  «Տեղի է ունենում հումանիտար բլոկադա, երեկվանից արցախցին չունի գազ, այսօր կամ վաղը միգուցե չունենա լույս, իսկ այդ ամբողջ ընթացքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ էն մարդիկ, որոնք պիտի զբաղվեին էս ամեն ինչը թույլ չտալով, ապա, եթե եղել էր, խնդիրների լուծման մասին մտածելով, զբաղված են ոչնչով կամ հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Էս ամեն ինչը մեզ համար պարզ էր դեռ 2018-ից, որ էս շենքը զավթած բորենիների ոհմակը ամեն ինչ արել է, որ էս օրը մոտենա, իր բոլոր գործողություններով, անգործություններով արեն են հնարավորը, որ էս օրում հայտնվենք ու անելու են։  Այսօր ժողովուրը չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ ապրելու իրավունք ունենալու մասին, որովհետեւ սրանք հասցրել են նրան, որ մենք ոչ մի հեռանկար, կանխատեսելիություն, նմանատիպ ոչ մի բան չունենք»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչու է ընդդիմությունը ցույց իրականացնում կառավարության շենքի դիմաց․ «Մեր կառավարությո՞ւնն է փակել Լաչինի միջանցքը․ իմաստը որն ա գնալ Կառավարության մոտ միտինգի․ ասաց Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում», ,- ասել էր պատգամավորը, ինչին անդրադարձավ Նարեկ Սամսոնյանը ու նշեց․ «Ցույց ենք անում, որովհետեւ ձեր պատճառով է էս ամեն ինչը եղել, որովհետեւ դուք եք հասցրել երկիրը այստեղ»։  
17:42 - 14 դեկտեմբերի, 2022
Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները․ Արցախի ԱՆ

Արցախի բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները․ Արցախի ԱՆ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով այս պահի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։  Բուժհաստատություններում ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Այս պահին ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 2-ը գտնվում են  ծայրահեղ ծանր վիճակում։ Կան բժշկական հաստատություններ, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով (այս պահին խնդիր չկա, բայց պաշարները սուղ են), բայց կան նաև  բժշկական հաստատություններ, որոնք գազամատակարարման արգելափակման հետևանքով ջեռուցումը իրականացնում են էլեկտրատաքացուցիչներով։ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակը՝ պատշաճ կերպով հաղթահարելու համար։  
16:22 - 14 դեկտեմբերի, 2022
Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին

 |armenpress.am|

Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը դիմում է ՄԱԿ-ին |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, ինչը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի. Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է համարում այս ամենին շատ արագ արձագանքելը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույց եմ սկսում՝ տարբեր պահանջներով ու կոչերով, բայց գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին, որ իրենք հստակ գործողություններ անեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը: Նա նշեց, որ ՄԱԿ-ը միակ կազմակերպություն է, որը հնարավորություն, մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու, նաև լիազորություն և պարտավորություն ունի՝ պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները, եթե դրանք խախտվում են: Նա նշեց, որ 2020-ի պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: «Այս երկու տարվա ընթացքում ռուս խաղաղապահները՝ լավ, թե վատ, ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Ւհարկե, այս ընթացքում միջադեպեր տեղի են ունեցել: Եվ հիմա ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և անվտանգությունն ամբողջական ապահովելու: Հետևաբար, կարծում եմ, որ ՄԱԿ-ը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել, արարել»,-ասաց Բեգլարյանը: Նա ընդգծեց, որ այս շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, որը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի: «Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների շահերի, տեսանկյունից ահաբեկչություն, ինչը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման: Հետևաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի, և այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով»,-ասաց Բեգլարյանը: Նա կարևորեց, որ հայաստանյան հասարակությունում առավել ակտիվություն լինի այս հարցով, հստակ բողոքի ակցիաներ լինեն առնվազն ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատների առջև, որ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ և պահանջատեր է, որ իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի: Իսկ սփյուռքից Բեգլարյանն ակնկալում է ավելի մեծ մոբիլիզացիա: Բեգլարյանը նաև նշեց, որ իր անհնազանդության, բողոքի ակցիաներն իր աշխատանքի, լիազորությունների հետ որևէ կապ չունեն, ինքը արձակուրդի դիմում է գրել, արձակուրդում է գտնվում, պատրաստ է նաև աշխատանքից դուրս գալ, քանի որ դա իր համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է: Նա կարծում է, որ հիմա այսպես կարող է պայքարել ժողովրդի համար:   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
16:17 - 14 դեկտեմբերի, 2022
Արցախի նախագահը Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահը Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել

Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է.  - Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի: - Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ: - Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն: - Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը: - Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ:  - Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: - Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: - Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:  
16:02 - 14 դեկտեմբերի, 2022
Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան

Մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին կոչ արեց մոռանալ ընդդիմության մասին։  Մինչ Սիմոնյանի ելույթը ՔՊ-ից որոշ պատգամավորներ հայտարարել էին, որ պետք է Ռուսաստանից պահանջել կատարել պարտականությունները․ «Իրենց նախագծի մեջ գրած էր՝ մեր աջակցությունն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»,-արձագանքելով այդ ելույթներին՝ ասաց Սիմոնյանը։ «Ընդհանուր առմամբ, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է այս ամենը տեղի ունենում։ Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր։ Այդ կարմիր գծերը մեր համար հստակ են, մենք դրա մասին խոսել ենք, և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի, թեկուզ այն բանից ելնելով, որ տեղ էլ չկա որևէ բան պարտադրելու։ Մենք դրա մասին ասել ենք, ու կարծում ենք, որ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան, որ չի աշխատելու այդ տարբերակը»,-ասաց Սիմոնյանը։ Այնուհետև ԱԺ նախագահը որոշ արձանագրումներ կատարեց․ «Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք այն իրավունքներն են ուզում, որ Արցախի բնակչությունը ունենա, որ իրենց քաղաքացիները ունեն․ դա ո՞րն է, պատանդի կարգավիճակ ունենա՞լը, անջատված գա՞զը, ձմռան այս վիճակում հնարավարություն չունենալը՝ տաքանալու, թե բժշկական օգնություն ստանալու»։ Երկրորդը, ըստ Սիմոնյանի, միջազգային դիտորդական մանդատի արձանագրումն է․ «Մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք այդ միջազգային մադատի մասին։ Ինչպես նաև այստեղ նշվեց Մինսկի հարթակի 12 անդամ երկրների դիտորդական առաքելությունը Արցախի տարածքում ունենալու մասին։ Սա ևս մեկ արձանագրում է, որը պետք է հնչեցնենք և այդ ուղղությամբ սկսենք շատ աշխատել»։ Անդրադառնալով ՌԴ խաղաղապահների մանդատին՝ Սիմոնյանը նշեց՝ անկախ նրանից՝ բավարարված են այդ մանդատից, թե ոչ, այս իրավիճակը ի ցույց է դնում, որ խաղաղապահ ուժերն այնտեղ անհրաժեշտ են․ «Պետք է երկարաձգվի, միգուցե պետք է դիտարկենք ոչ միայն ՌԴ խաղաղապահների, այլ միջազգային այլ ֆորմատների միջոցով այնտեղ հսկողություն իրականացնելու համար»։ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ Եվրոպական Միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններով են հանդես եկել․ «Մեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որը հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսամ՝ այս անգամ հուսախաբ չեն անի մեր գործընկերները»։
15:52 - 14 դեկտեմբերի, 2022
Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

 Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: Այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը հայերեն թարգմանել և «Ֆեյսբուք»-ի էջում է հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությյունը: «Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։ Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։ Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
15:27 - 14 դեկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում

 |armenpress.am|

Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հետևանքով  շուրջ 1100 արցախցի հնարավորություն չունեն վերադառնալու՝ այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։  Նշված թվից Գորիսում է տեղավորվել շուրջ 200 արցախցի՝  մեծ մասամբ երեխաներ ու կանայք: Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից տեղեկացրեցին, որ Արցախի ՄԻՊ-ի նշած 1100 քաղաքացիների մեծ մասը տեղավորված են Երևանում, քանի որ կան մի շարք պատվիրակություններ, որոնք տարբեր երկրներից նոր են վերադարձել, պարի խմբեր, որոնք միջազգային մրցույթներից են վերադարձել, երեխաներ, ովքեր իրենց ուսուցիչների հետ եկել էին  Եվրատեսիլին մասնակցելու, և մարդիկ, ովքեր եկել էին  հիվանդանոցներում բուժում ստանալու նպատակով և այժմ չեն կարողանում վերադառնալ: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդգծեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անընդհատ կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերների հետ, որպեսզի կարողանան բոլոր հարցերին արագ  արձագանքել ու լուծում տալ:  «Գորիսի համայնքապետարանը մարզպետարանի  ներկայացուցիչների հետ համատեղ երեկվանից կազմակերպում են ճանապարհին մնացած բոլոր արցախցիների կեցության հարցերը, հումանիտար ցանկացած հարցի արագ արձագանքում են: Քաղաքացիները  տեղավորված են հյուրանոցներում, ստանում են սնունդ ու անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- ասաց Իրինա Յոլյանը: Նա նշեց, որ այժմ փորձում են հավաքագրել և արձանագրել երեխաների կարիքները, ովքեր հագուստի, գրենական պիտույքների, ժամանցի պարագաների կարիք կունենան, որպեսզի կարողանան այդ խնդրին էլ սեղմ ժամկետներում լուծում տալ:
15:00 - 14 դեկտեմբերի, 2022
Ընդդիմությունը ոչ թե ուզում էր ԱԺ-ում հայտարարության նախագիծ ստանալ, այլ միտինգ, ինչը չստացվեց․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրների՝ նիստը բոյկոտելու մասին

Ընդդիմությունը ոչ թե ուզում էր ԱԺ-ում հայտարարության նախագիծ ստանալ, այլ միտինգ, ինչը չստացվեց․ Կոնջորյանը՝ ընդդիմադիրների՝ նիստը բոյկոտելու մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընթերցեց ԱԺ հայտարարության նախագիծը, որը նախատեսվում է ընդունել։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից: Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում: Ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները:Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգություն հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն: Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահակողության գոտում: Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ  երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով  փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»։ Այնուհետև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ընդդիմության կողմից նախագծի քննարկմանը չմասնակցելուն՝ նշելով, որ ընդդիմությունը ևս շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ, քաղաքական մեծամասնությունն էլ պատրաստակամություն էր հայտնել ընդդիմության հետ քննարկումներ ունենալ՝ միասնական տեքստ ստանալու համար․ «Ազգային ժողովի խորհրդի նիստի ժամանակ մենք՝ որպես իշխող խմբակցություն, ընդդիմությանն առաջարկել ենք, որպեսզի այս դժվարին պայմաններում ցուցաբերենք միասնականություն և կարողանանք միասնաբար ընդունել մեկ հայտարարություն, մեկ տեքստ, և միասնական ուղերձ հղենք միջազգային հանրությանը, որովհետև ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ մենք պիտի մրցենք՝ ով է այդ կենացի մեջ ավելր ճարտար, ով է ավելի խիզախ, ոչ թե պիտի էկրանի ասպետներ մեզ հռչակենք, այլ պիտի զբաղվենք գործով և պիտի կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որը սինխրոն կլինի ՀՀ իրականացրած պաշտոնական արտաքին քաղաքականությանը»։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի 
14:50 - 14 դեկտեմբերի, 2022
Բաքվից հայտարարում են, թե Ադրբեջանը կապ չունի Արցախի գազամատակարարման դադարեցման հետ

Բաքվից հայտարարում են, թե Ադրբեջանը կապ չունի Արցախի գազամատակարարման դադարեցման հետ

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե իբր ադրբեջանական կողմը կապ չունի Արցախում գազամատակարարման դադարեցման հետ։  «Անկասկած, դա միտված է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելուն եւ միջազգային հանրային կարծիքը սխալ հուն մղելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։   Ընկերությունից նշել են, թե Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը իրականացվում է Հայաստանի կողմից և այն ինտեգրված չէ Ադրբեջանի գազամատակարարման համակարգում։ «Առաջիկա օրերին Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներով անցնող հատվածում կիրականացվի տեխնիկական ստուգում։ Ինչպես հայտնի է, ներկայում ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված՝ Ադրբեջանի այլ լեռնային եւ նախալեռնային շրջաններում տեղի են ունենում գազատարի աշխատանքի խափանումներ։ Ընդհանուր առմամբ, տեխնիկական ստուգման անցկացումը դիտարկվում է որպես քայլերից մեկը, որը նախատեսված է կայուն եւ անվտանգ գազամատակարարման ապահովման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։  Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: 
14:18 - 14 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը» |armtimes.com|

armtimes.com: Բաքուն «անհիմն» է որակում Լաչինի միջանցքը փակելու և հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի «մեղադրանքները»: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Հակադարձելով երեկ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե Ղարաբաղում հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման համար միջազգային մեխանիզմ ստեղծելու կոչերը անընդունելի են, քանի որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է»: «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, և այնտեղ ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կերաշխավորվեն Ադրբեջանի օրենքներով ու Սահմանադրությամբ»,- հայտարարել է պաշտոնական Բաքուն: Արտգործնախարարությունը նաև կտրականապես հերքել է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Ադրբեջանական կողմը պնդում է, թե «Շուշի-Լաչին ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցի ցուցարարների, այլ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից, որը ժամանակավորապես տեղակայվել է Ադրբեջանի տարածքում»: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանը պատրաստ է բավարարել տեղի բնակչության բոլոր կարիքները, և Հայաստանի դժգոհությունները որևէ հիմք չունեն»: Նշենք, որ այս պնդումները հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքվի նպատակը Արցախի տարածքում գործող հանքավայրերի ամբողջական փակումն է:
14:05 - 14 դեկտեմբերի, 2022