Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ  Սարգսյան
18:15 - 14 դեկտեմբերի, 2022

Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ Սարգսյան

Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ դրանց ճիշտ կամ սխալ շահագործումը։ Ադրբեջանցիները նպատակ ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարությունների, արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու՝ դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս՝ Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել։ Մենք երևի երեսուն տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք, վստահ եմ, որ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել։ Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի հավաքը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է ակցիային։ 

Լրագրողների այն հարցին, թե արդյոք առաջացած խնդրի մեջ մեղավոր են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները․ Սարգսյանը ասաց․

«Շատ պարզ բան կա, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել։ Այո մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները անել, եթե մենք պայքարենք, ուրիշը ինչո՞ւ պետք է մեր փոխարեն լուծի մեր հարցը։ Նրանք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն։ Այդ նույն կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե ինչ պարտավորություններ ունեն ռուս խաղաղպահները։ Պետք չէ մեր խնդիրները բարդել ուրիշի վրա։ Երեք տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա մեղավոր են խաղաղպահնե՞րը։ Այո բոլորիս ակնկալիքները Ռուսաստանից ավելի շատ են, բայց ցանկացած ակնկալիք էլ միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես արեցին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձր պաշտոնյային»։ 

Սերժ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի կառավարիչները  չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը , չեն կարող վճռել թե ինչ է լինելու։ Սարգսյանի կարծիքով՝ նրանք ուղղակի լվացել են իրենց ձեռքերը,  հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի բնական իրավունքները։

«Դժվարանում եմ ասել, թե այս իրավիճակը կտանի պատերազմական իրավիճակի, թե ոչ։ Մենք վկա ենք այն բանին, որ որոշումներ են կայացվում՝ ելնելով օրվա իրավիճակից։ Ես չեմ տեսնում, որ գոնե երկու երեք քայլ առաջ  նայելու ցանկություն։ Դժվարանում եմ պատասխանել։ Խնդրի լուծման միակ հնարավորությունը դիմակայել, պայքարելն է»,- անդրադառնալով իրավիճակի հնարավոր զարգացումներին ասաց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել