Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյանն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Միրզոյանն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը: Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։
18:56 - 21 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:  Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։ Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։ Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է: Հարց. Ելք տեսնու՞մ եք: Պատասխան. Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։ Հարց. Միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում: Պատասխան. Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Հարց. Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը: Պատասխան. Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։ Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։ Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։ Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Պատասխան. Եթե ​​հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ: 
14:50 - 21 հուլիսի, 2023
Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։  Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ երկրների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։  Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ պարտավորեցնելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով: Խստագույնս հակադրվելով այս որոշմանը՝ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապրօրինաբար հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը: Ավելին, հունիսի 15-ին Ադրբեջանն արդեն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքն` արգելելով ցանկացած տեսակի, և նույնիսկ հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար: Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ վերահաստատել է Ադրբեջանի միջազգայնորեն ամրագրված իրավական պարտավորությունը ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ հետևաբար, անմիջապես կասեցնել իր հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: Հարգելի՜ գործընկերներ, Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։ Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը: Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կապված էներգետիկ անվտանգության հետ. Հունվարի 9-ից սկսած Ադրբեջանը խափանել է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ հոսանքագծով իրականացվող էլեկտրականության մատակարարումը: Ամեն օր վեցժամյա հոսանքազրկումներ են տեղի ունենում, առկա է էլեկտրաէներգիայի սպառման 48%-ով նվազում, տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման համակարգերի գերշահագործում: Սկսած 2022թ. դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ 2023թ. մարտից 21-ից գրեթե մշտապես, խափանում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը՝ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը: Վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ պաշարների նվազող հասանելիության և Հայաստանից մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը դադարեցվել են: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց:  Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են՝ անհնար դարձնելով նույնիսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը:  Եվ վերջում, շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:   Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։ Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն: Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։  1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ: Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:  Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները:  Խորին  ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը: այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։ «Իմ  ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։» Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության  բացակայությունը: Պարո՛ն նախագահող,  Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։ Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։ Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում  խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։ Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն: Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից. վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների, իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը, ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով: Շնորհակալություն ուշադրության համար։   Ամփոփիչ ելույթ Ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին: Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։  Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։ Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։ Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:  Շնորհակալություն։
19:42 - 20 հուլիսի, 2023
Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Միրզոյանի և Բայրամովի հանդիպման հնարավորությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացման լավ շանսեր կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շանսերը շատ լավն են: Հենց այդ հանդիպման վրա աշխատող փորձագետներից ստանանք կոնկրետ ժամկետների վերաբերյալ առաջարկներ, անպայման կկիսվենք ձեզ հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև վերջին տարաձայնությունները չեն ազդի եռակողմ հանդիպման անցկացման հնարավորության վրա։ Օրերս Ադրբեջանը կոշտ արձագանք էր տվել հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորում է Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, ինչը հակասում է Մոսկվայի և Բաքվի միջև փոխգործակցության մասին հռչակագրին։
14:25 - 20 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ:   «Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
12:13 - 19 հուլիսի, 2023
Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Շալենբերգը, ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է, հայտարարել է. «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի»: Շալենբերգն իր աջակցությունն է հայտնել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանի և Բաքվի բանակցություններին՝ ընդգծելով, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հույս ունի, որ ի վերջո կձևավորվի կայուն խաղաղության համաձայնագիր: Ավստրիայի գլխավոր դիվանագետն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վիեննա մեկնարկել է ավստրիացի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցով, որին հաջորդել են ընդլայնված կազմով հանդիպումն ու մամուլի համար հայտարարությունները:
12:11 - 19 հուլիսի, 2023
Միրզոյանի և Գրոսսիի հանդիպմանն ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցը քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը

Միրզոյանի և Գրոսսիի հանդիպմանն ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցը քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը

Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը: Հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ռաֆայել Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (Rays of Hope) ծրագրին Հայաստանի ներգրավածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։    Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։  Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:
21:05 - 18 հուլիսի, 2023
ԱԳ նախարարը հանդիպել է Գյուլբենկյան հիմնադրամի նախագահի հետ

ԱԳ նախարարը հանդիպել է Գյուլբենկյան հիմնադրամի նախագահի հետ

Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների և հիմնադրամի համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս և նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը։ Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաև «Գալուստ Գյուլբենկյան» թանգարան և ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաև հայկական բացառիկ նմուշներ։
11:40 - 15 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Նատալի Օլիվեյրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Քաղաքական երկխոսությանը զուգահեռ կարևորվել են տնտեսական, առևտրային, կրթական, մշակութային ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները: Զրուցակցիներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը, փոխայցերն ու հնարավոր նախաձեռնությունները: Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների օրակարգն ու այս ուղղությամբ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու առաջընթացը: Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի տեսլականը, ինչպես նաև Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: Ընդգծվել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրներին լուծումներ տալու Ադրբեջանի քաղաքականության անընդունելիությունը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներով ամրագրված՝ Լաչինի միջանցքի բացման հրամայականը:
21:50 - 14 հուլիսի, 2023
Միրզոյանը Պորտուգալիայի գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը

Միրզոյանը Պորտուգալիայի գործընկերոջ հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը

Հուլիսի 14-ին պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշանակությունը: Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Նշվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի աշխուժացման, ներդրումային ծրագրերի հեռանկարները պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակվել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև բազմակողմ օրակարգին առնչվող հարցերը: Քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությունը: Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին: Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը: Նախօրեին ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ևս քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերին, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը: Ընդգծվել է վերջինիս կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում:
18:56 - 14 հուլիսի, 2023