ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա ոչ թե իմ մասին է, այլ մարդկանց, որոնք ընտրել են ինձ․ Զելենսկի

Մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա ոչ թե իմ մասին է, այլ մարդկանց, որոնք ընտրել են ինձ․ Զելենսկի

Ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, և մեկ ուկրաինական տանկի դիմաց՝ 50 ռուսական տանկ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան ասել է, որ իրենց համար ամենակարևորն անվտանգությունն է երկնքում․ «Երեկ, օրինակ, հրթիռով հարված է եղել Խարկովում տեղակայված համալսարանի վրա։ Ես վստահ եմ, որ ամերիկացի խիզախ զինվորները, որոնք կհարվածեին այդ հրթիռներին՝ իմանալով, որ դրանք թռչում են ուսանողների վրա, կասկած չէին ունենա»։ Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ թռիչքային գոտու ստեղծումը ԱՄՆ-ին կարող է ՌԴ-ի հետ պատերազմի մեջ ներքաշել, Զելենսկին նշեց․ «Բոլորը կարծում են, որ մենք հեռու ենք Ամերիկայից, Կանադայից։ Ո՛չ, մենք այս ազատության գոտում ենք, և երբ իրավունքներն ու ազատությունները խախտվում են, դուք պետք է պաշտպանեք մեզ»։ Լրագրողը, ներկայացնելով ՌԴ-ի՝ երեկ առաջ քաշած պայմանները՝ պատերազմը դադարեցնելու մասին (փոխել սահմանադրությունը, հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու մտքից, ճանաչել Ղրիմը՝ որպես ՌԴ մաս, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները),  հարց ուղղեց Զելենսկիին, թե ինչպես են պլանավորում արձագանքել, և որն է նրա ուղերձը Պուտինին հիմա։ Զելենսկին ասաց․ «Առաջին՝ ես պատրաստ եմ երկխոսության, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ սա իմ մասին չէ, այլ մարդկանց մասին է, որոնք ընտրել են ինձ։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես հանգիստ եմ թողել այս թեման վաղուց, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունելու Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական վիճակներից և ՌԴ-ի հետ կոնֆլիկտից»։  Զելենսկին նաև ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում լինել այն երկիրը, որը ծնկաչոք ինչ-որ բան է խնդրում, և ինքը չի պատրաստվում լինել այդ նախագահը։ Լրագրողի ճշտող հարցին՝ Ուկրաինայի արևելքի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման վերաբերյալ, Ուկրաինայի նախագահը պատասխանեց․ «Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին։ Ինչ վերաբերում է թեմաներին` ժամանակավորապես օկուպացված տարածքների և պսևդոհանրապետությունների վերաբերյալ, որոնք չեն ճանաչվել ոչ մի պետության կողմից՝ բացի ՌԴ-ից, մենք կարող ենք քննարկել ու կոմպրոմիս գտնել, թե ինչպես են այդ տարածքները շարունակելու լինել։ Սակայն ինձ համար կարևոր է՝ ինչպես են ապրելու այդ տարածքներում գտնվող այն մարդիկ, որոնք ցանկանում են Ուկրաինայի մաս լինել․․․Հարցը ավելի բարդ է, քան պարզապես դրանց ճանաչումը։ Սա մեկ այլ ուլտիմատում է, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը դադարի խոսել, սկսի բանակցել՝ առանց թթվածնի ինֆորմացիոն փուչիկի մեջ ապրելու փոխարեն։ Ես կարծում եմ՝ նա այդ փուչիկի մեջ է, և ոչ մեկը չգիտի՝ ինչ տեղեկություններ է նա ստանում, և որքանով են դրանք իրական»։
14:11 - 08 մարտի, 2022
Պատասխանը, որ մենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում․ Արախամիա

Պատասխանը, որ մենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում․ Արախամիա

ՌԴ - Ուկրաինա բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան Foxnews-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե որոնք են այն հիմնական հարցերը, որոնց դեպքում Ուկրաինան պատրաստ չէ փոխզիջման գնալ այս բանակցություններում, ասել է․ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մեր դիրքորոշումը հաստատուն է. մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած այլ դինամիկ տարբերակ, բայց ոչ այդ տարածքների ճանաչումը»։ Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ նա նշել է, թե պատասխանը, որ իրենք ստանում ենք ՆԱՏՕ երկրներից, այն է, որ նրանք պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարվա ընթացքում։ «Մենք չէինք պայքարելու ՆԱՏՕ-ի հայտերի համար․ կպայքարեինք արդյունքի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել ՆԱՏՕ-ից դուրս որոշ մոդելներ. «Օրինակ, ուղղակի երաշխիքներ կարող են լինել տարբեր երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, գուցե Գերմանիան և Ֆրանսիան: Մենք բաց ենք դրանք ավելի լայն շրջանակներում քննարկելու համար, ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ քննարկումներում, նաև այլ գործընկերների հետ»,-նշել է Արախամիան։
20:39 - 06 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի

ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի

ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոնլտենբերգըը, ինչպես փոխանցում է Financial Times-ը։ՆԱՏՕ-ի 30 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ուրբաթ օրը հանդիպել են Բրյուսելում՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ ճգնաժամային բանակցությունների վարելու: Կիևը ՆԱՏՕ-ին կոչ էր արել, հակամարտությամբ պայմանավորված, ոչ թռիչքային գոտի սահմանել։«Դաշնակիցները համաձայն են, որ ՆԱՏՕ ինքնաթիռները չպետք է գործեն Ուկրաինայի օդային տարածքում, և ՆԱՏՕ զորքերը չպետք է լինեն ուկրաինական տարածքում»,- հանդիպումից հետո ասել է Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ որոշ երկրներ այդ հարցը բարձրացրել են բանակցությունների ընթացքում։
17:37 - 04 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ |1lurer.am|

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրների արտգործնախարարները ուրբաթ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության «երկարաժամկետ հետևանքները», հայտնում է РИА Новости-ն։ «ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն՝ համակարգելու և արձագանքելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և քննարկելու դրա երկարաժամկետ հետևանքները»,- ասել է նա հանդիպումից առաջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ դաշինքն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում պատերազմ Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է Ստոլտենբերգը։ Նման դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: «ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում, բայց եթե դա սկսվի, դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է նա:
15:27 - 04 մարտի, 2022
Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը

Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը

Ուկրաինան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը, ինչի օրինակ է Ռուսաստանի Դաշնության զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանիզավթումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունը։ Ուկրաինայի ներկայացուցիչները պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն քայլեր ձեռնարկի՝ անհապաղ հրադադար հաստատելու և ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա օկուպացիոն զորքերի մոտենալը թույլ չտալու համար, ինչպես նաև պահանջում են Միջադեպերի և արտակարգ իրավիճակների կենտրոնին կից շտաբի ակտիվացում՝ Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային ահաբեկչության գործողությունների իրականացումը կանխելու և անձնակազմին հումանիտար և հոգեբանական օգնության ցուցաբերելու համար։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը լիովին անտեսում է խաղաղության, անվտանգության եւ միասնության սկզբունքները, որոնց համար ստեղծվել է ՄԱԳԱՏԷ-ն, ուստի առաջարկվում է զրկել Ռուսաստանին գործակալության մտավոր և տեխնիկական ռեսուրսների հասանելիության հնարավորությունից՝ միաժամանակ ուժեղացնելով այնտեղ միջուկային նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։
17:26 - 03 մարտի, 2022
Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է․ Լավրով

Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների գլխում է։ Այս մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ  արևմտյան քաղաքական գործիչների գլխում է»։  Նրա խոսքով՝ Արևմուտքը ցուցադրաբար խոսում է միջուկային զենքի առկայության մասին։ «Նախ պարոն Սթոլթենբերգը, ցանկանալով հաճոյանալ Արևմուտքի ամենաարմատական ուժերին, ասաց, որ ոչ ոք ՆԱՏՕ-ին չի արգելի անել այն, ինչ ՆԱՏՕ-ն ցանկանում է, ներառյալ Արևելյան Եվրոպայի տարածքում միջուկային զենք տեղակայելը։ Բայց սկսենք նրանից, որ ՆԱՏՕ-ն չի կարող որոշել, թե որտեղ տեղակայի միջուկային զենք, քանի որ չունի դա, իսկ ամերիկացիներն ունեն»։ ԱԳ նախարարը հավելել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմի մասին խոսում է հանրությանը անորոշ վիճակում պահելու և ռուսաֆոբիային աջակցելու համար։
14:53 - 03 մարտի, 2022
ՌԴ փոխարտգործնախարարը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկերի մասին

ՌԴ փոխարտգործնախարարը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկերի մասին

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկեր կան, երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Ռիսկեր, իհարկե, առաջանում են, և մենք, իհարկե, մտահոգված ենք զենքի մատակարարմամբ, այս ամենը շատ վտանգավոր է,  երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի»։ Միաժամանակ, ինչպես հավելել է Գրուշկոն, Ռուսաստանը լսում է ՆԱՏՕ-ի հայտարարությունները, թե դաշինքը ռազմական միջամտության պլաններ չունի։ «Սա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի գործողություններում առկա է ողջախոհություն: Մենք շահագրգռված ենք, որ ՆԱՏՕ-ն այնպիսի դիրքորոշում ընդունի, որը կպաշտպանի սեփական ազգային շահերը»,- նշել է փոխարտգործնախարարը։ «Բոլոր ազդանշաններն ամենաբարձր մակարդակով ուղարկվել են»,- ասաց նա։ «Եվրոպան, մեծ հաշվով, պետք է առաջին հերթին զբաղվի ՆԱՏՕ-ի միջամտությունների կասեցմամբ, չեզոքացմամբ և պաշտպանվելու գործով»,-ասել է Գրուշկոն։ Փոխնախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի բոլոր գործողությունները «ավարտվել են աղետներով»՝ հիշեցնելով Հարավսլավիայի, Լիբիայի և Աֆղանստանի իրադարձությունները։ «Դաշինքի միջամտության արդյունքում ակնհայտ են ավերված պետությունները կամ տարածքները, որոնք զրկված են լիարժեք պետականությունից, որոնք այսօր հայտնվել են ահաբեկչական խմբավորումների ձեռքում»,- հայտարարել է նա։  
18:32 - 02 մարտի, 2022
Զելենսկին հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային |azatutyun.am|

Զելենսկին հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահը հորդորում է Արևմուտքին անվտանգության երաշխիքներ տալ իր երկրին։ «Խոսքը ՆԱՏՕ-ին պատերազմի մեջ ներքաշելու մասին չէ։ Իրականում բոլորն էլ վաղուց արդեն ներքաշված են լայնածավալ պատերազմի մեջ, և ոչ թե Ուկրաինայի, այլ՝ Ռուսաստանի կողմից»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ «Ռոյթերզին» տված բացառիկ հարցազրույցում։ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեկնարկից հետո արևմտյան երկրները մեծածավալ զենք-զինամթերք են ուղարկել այդ երկիր և մինչ օրս չկիրառված պատժամիջոցներ սահմանել Պուտինի վարչակազմի դեմ։ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, պնդել է, որ դա բավարար չէ։ «Եթե մեր դաշնակիցները պատրաստ չեն Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ այն պատճառով, որ Ռուսաստանը դա չի ուզում, ապա պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն։ Դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանները պետք է պաշտպանվեն, մենք հատուկ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ և լինենք լիակատար անվտանգ»,- ասել է Զելենսկին` շարունակելով. «Շատ կարևոր է իմանալ՝ եթե Ուկրաինան ընկնի, այդ բոլոր ռուսական զորքերը կլինեն Ձեր՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին, և դուք կկանգնեք նույն խնդրի առաջ»։ Ուկրաինայի առաջնորդը նաև հորդորել է Արևմուտքին «ոչ թռիչքային գոտի» սահմանել, միաժամանակ նշել, որ ԱՄՆ նախագահն իրեն անձամբ է փոխանցել՝ առայժմ նման քայլի գնալու ժամանակը չէ։
22:35 - 01 մարտի, 2022
Կուլեբան հայտնել է, որ «արեւմտյան գործընկերները անվերջանալի հոսքով զենք են ուղարկում Ուկրաինա»

Կուլեբան հայտնել է, որ «արեւմտյան գործընկերները անվերջանալի հոսքով զենք են ուղարկում Ուկրաինա»

Արեւմտյան գործընկերները «անվերջանալի հոսքով» զենք են ուղարկում Ուկրաինա եւ մտադիր են առաջիկա ժամերին ավելացնել մատակարարումները։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ «Չեմ կարող ձեզ ամեն ինչի մասին ասել, բայց սա ուկրաինական դիվանագիտության համար այժմ բացարձակ առաջնահերթություն է: Ուկրաինան պաշտպանելու համար գործընկերների կողմից մեծ օգնություն է շարունակվում՝ զրահաբաճկոններից և սաղավարտներից մինչև շարժական: զենիթահրթիռային համալիրներ և հակատանկային կայանքներ»,- ասել է Կուլեբան Ուկրաինայի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում հեռարձակված ճեպազրույցում։  «Անկեղծ ասեմ, որ նույնիսկ 30 ժամ առաջ ես կասկածում էի, որ մենք հաջողության կհասնենք, բայց դա մեզ հաջողվեց, և այդ որոշումները (զենքի նոր մատակարարումների վերաբերյալ) արդեն վերջնական փուլում են»,- ասել է նա։ Միաժամանակ Կուլեբան հավելել է, որ չի նշելու, թե որ երկրներն են ավելացնելու մատակարարումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Միաժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իրենք ՆԱՏՕ-ին կոչ չեն անում ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում։ «Մենք պատերազմ ենք վարում ինքնուրույն, մեր ֆիզիկական ուժով: Հետևաբար, մենք ՆԱՏՕ-ին չենք հրավիրում կռվելու այստեղ մեզ համար: Սա մեր հողն է: Այն ամենը, ինչ ՆԱՏՕ-ն կարող է անել Ուկրաինային այս պատերազմում աջակցելու համար, ՆԱՏՕ-ի համար ոչ միայն բարոյական պարտավորություն, այլեւ քաղաքական նպատակահարմարություն է»,- ասել է նախարարը։ Նա պարզաբանել է, որ մշակվում են տարբերակներ, մասնավորապես՝ «ինչպես օգնել հակաօդային պաշտպանության հարցում»։
18:45 - 01 մարտի, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել։ Գրում է tass.ru-ն։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել»,- ասել է Պուտինը՝ կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Դիմելով պաշտպանության նախարարության ղեկավարին և գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում նաև տնտեսական ոլորտում։ «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են»,- հավելել է նա։
17:41 - 27 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումը։ Նրանք ամեն կերպ ցույց տվեցին իրենց աջակցությունը «անկախ, խաղաղ և ժողովրդավարական» Ուկրաինային՝ մի երկրի, որը Արևմուտքի թողտվությամբ վերածվել է նացիստական գաղափարախոսության օջախի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։ «ՆԱՏՕ անդամ երկրները մի կողմ էին քաշվել, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն, որ մասնակցել են Հարավսլավիայի ռմբակոծմանը, Լիբիայի վրա հարձակմանը, Իրաք նեխուժմանը։ 20 տարի շարունակ Աֆղանստանում իրավիճակը հասցրին լիակատար դեգրադացիայի, իսկ այնտեղից փախչելով՝ թողեցին միլիարդավոր դոլարների զենքեր։ Մինչ Ռուսաստանին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման գործողության համար, պատասխանատվության կանչելը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները թող պատասխան տան իրենց ռազմական արկածախնդրության, ինչպես նաև Կիևի ռեժիմին Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն մղելու հարցում աանգործության համար։ Ութ տարի շարունակ Արևմուտքի երկրները անխռով հետևում են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններին և բռնություններին: Նրանք, փաստորեն, մեղսակից են դարձել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակիչների երկարամյա ցեղասպանությանը։ ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակելու զենք, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա, խոսում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
22:04 - 26 փետրվարի, 2022