ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է: Նոյեմբերի 12-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Չնայած նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ բազմաթիվ հայ ռազմագերիների գերության մեջ պահելը, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախտում է, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի: Խեղաթյուրելով տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ Ադրբեջանի կողմից շահարկվում է «միջանցքի» գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով»,- ընդգծեց փոխվարչապետը: Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: «Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- եզրափակեց Գրիգորյանը:
15:07 - 12 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Խովաևը (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆեյը (Ֆրանսիա) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Փարիզում առանձին հանդիպումներ ունենալուց հետո հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: «Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումները ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների ու այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ այս ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների առաջարկած այցը տարածաշրջան»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ  համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ «Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ՝ ականազերծման, անհետ կորածների, պահվող անձանց, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պաշտպանության հարցերը, և կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անխոչընդոտ մուտքը։ Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- նշված է հաղորդագրությամբ: Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ուղղված  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն ՝ իրենց մանդատի շրջանակներում:  
22:17 - 11 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։
16:21 - 11 նոյեմբերի, 2021
ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան 30 տարի տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար. ԵՄ |hetq.am|

ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան 30 տարի տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար. ԵՄ |hetq.am|

hetq.am: Եվրամիության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարություն է տարածել Արցախյան 2020 թվականի պատերազմի հրադադարի մեկ ամյակի կապակցությամբ։ «Այս շաբաթ լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ռազմական գործողությունների դադարեցման առաջին տարին։ ԵՄ-ն ցավում է այս ռազմական գործողությունների ընթացքում հասցված մարդկային կորուստների համար և իր զորակցությունն է հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Թեև ռազմական գործողությունները դադարել են, շատ առկախված հարցեր դեռևս լուծման կարիք ունեն՝ ուղի հարթելու դեպի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում։ Մենք, մասնավորապես, կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մյուս բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում և թուլացնել լարվածությունը սահմանային շրջաններում։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի խթանմանը և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հետպատերազմական վերականգնման գործընթացներում: Մենք կարևոր դերակատարում ենք ստանձնել գերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում։ ԵՄ-ն նաև աջակցել է հակամարտության ազդակիր բնակչությանը՝ տրամադրելով ավելի քան 17 մլն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղ վերականգնման նպատակով: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանների դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ըստ կողմերի անհրաժեշտության, և խրախուսում է փոխկապակցվածությունն ու տնտեսական համագործակցության վերաբացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ապագային ընդառաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար։ Այս նպատակին հետամուտ՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվ կապի մեջ մնալ համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրականացնելու իրենց մանդատը` աշխատանք տանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,- ասված է ԵՄ խոսնակի հայտարարության մեջ:
14:03 - 11 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
10:04 - 11 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։ Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
09:09 - 11 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի․Մարիա Զախարովա |hetq.am|

hetq.am: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմաը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։  Նրա պնդմամբ՝ ներկայում համանախագահ եռյակը նախապատրաստվում է հանդիպումներ և շփումներ ունենալ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։ «Մենք կարևոր ենք համարում նաև հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այդ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- հավելել է Մարիա Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։ Զախարովայի խոսքերով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքերով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։  
20:10 - 10 նոյեմբերի, 2021
Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
17:40 - 10 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը. Արցախի ԱԺ Խմբակցությունները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը. Արցախի ԱԺ Խմբակցությունները հայտարարություն են տարածել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել: Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է: «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր  շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի  ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով  ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը: Խուճապային  մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը  հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։ Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը ս.թ. նոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարարման  աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում  սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։ Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում: Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական  գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների»:
12:20 - 10 նոյեմբերի, 2021
ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը |tert.am|

ՌԴ-ն և Ֆրանսիան Փարիզում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը |tert.am|

tert.am: Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։Քննարկումներ կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի և Համատեղ համապարփակ համաձայնագրի դրույթների կատարման շուրջ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ։
10:44 - 10 նոյեմբերի, 2021
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայքլ Քարփենթերին ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում |armtimes.com|

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայքլ Քարփենթերին ԵԱՀԿ մշտական ​​ներկայացուցչի պաշտոնում |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը չորեքշաբթի միաձայն հավանություն է տվել Փենսիլվանիայի համալսարանի Բայդենի վերլուծական կենտրոնի տնօրեն Մայքլ Քարփենթերի թեկնածությանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։ Քվեարկության հեռարձակումն իրականացվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։ Սենատորները միաձայն հաստատել են նաև պետքարտուղարի նախկին տեղակալ Թոմաս Նեյդսի թեկնածությունն Իսրայելում դեսպանի պաշտոնում։ Մոտ ժամանակներս տեղի կունենա դիվանագետների երդման արարողությունը։ Սեպտեմբերի կեսերին Սենատի մասնագիտացված հանձնաժողովում իր թեկնածության լսումների ժամանակ Քարփենթերը պնդեց, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ռուսաստանին «հսկայական լծակներ» կտրամադրի Ուկրաինայի, ինչպես նաև Լեհաստանի, Սլովակիայի և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների նկատմամբ: Նա խոստացել է, որ «աշխատելու է ակտիվացնել» գազատարի առնչությամբ էներգետիկ անվտանգությանն առնչվող ԵԱՀԿ-ի ընդունած փաստաթղթերի կիրառումը։
11:45 - 04 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում |armenpress.am|

ՀՀ-ն հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման, պաշտպանության հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը: Նախորդ տարի աշնանը Արցախի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներով պայմանավորված՝ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է մնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության հաստատումը և ապաշրջափակումը: «Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է, այն է՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա, ինչը ենթադրում է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը»,- ասաց Գևորգյանը: Նա այս փուլում առաջնային նշանակության հարց համարեց Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո, ինչպես նաև առաջնային հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ՝ գերիների և բոլոր պահվող անձանց հայրենադարձությունը, անհայտ կորածների և բռնի անհետացումների զոհ գնացած անձանց ճակատագրի պարզումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը: «Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում և ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը»,- ասաց փոխնախարարը: ՀՀ դիվանագիտության առաջնահերթությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: Գևորգյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
11:01 - 04 նոյեմբերի, 2021
Կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. կայացել է Փաշինյան-Հարությունյան հանդիպում

Կարևոր է, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. կայացել է Փաշինյան-Հարությունյան հանդիպում

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ նաև այս ընթացքում մեր կատարած աշխատանքը վերլուծելը և իրադրությունը գնահատելը, կարծում եմ, կարևոր է: Եվ այսօր մեր հանդիպման ընթացքում մենք այդ հարցերը կքննարկենք։ Կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում Արցախի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել: Իհարկե, մենք չենք համարում, թե այն, ինչ արված է, գոհացուցիչ է, և մենք, բնականաբար, պետք է շարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ զուտ աջակցության ծրագրերը, ինչպես բազմիցս խոսել ենք, փոխարինելով զարգացման ծրագրերով: Իհարկե, կարևոր է նաև, որպեսզի մենք, և դա անում ենք նաև աշխատանքային մակարդակում, քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեր հետագա տեսլականի վերաբերյալ: Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը: Այս բոլոր հարցերը մշտապես մեր աշխատանքային միացյալ օրակարգում են, և այսօր նույնպես մենք այդ թեմաներով առավել մանրամասն քննարկումներ կունենանք: Կրկին ողջունում եմ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:   Արայիկ Հարությունյանն իր հերթին ասել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Նախ շնորհակալություն հանդիպման կապակցությամբ: Իրականում արդեն մեկ տարի է անցել, և ի՞նչ է հաջողվել մեզ անել, ի՞նչ արձանագրել: Նախ այն, որ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չենք շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն մենք շարունակում ենք պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում Ղարաբաղյան խնդրի լուծման առումով հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը: Երկրորդը՝ ուզում եմ նշել, որ արդեն լայնածավալ աշխատանքների արդյունքում առաջին պտուղներն ենք քաղում, և ընդամենը օրերի ընթացքում՝ մինչև տարեվերջ, առնվազն 300 բնակարան միայն Ստեփանակերտ քաղաքում կհանձնենք շահագործման: Նորակառույց բնակարանների մասին է խոսքը: Իհարկե, մի մասը մինչ պատերազմը սկսված շինարարությունն է, բայց մեզ հաջողվել է, դրանից բացի, հազարավոր բնակարանների հիմքեր դնել այսօր, և մինչև եկող տարվա վերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինենք: Առաջին հերթին՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում - իհարկե, գումարները ոչ միայն շինարարության համար են տրվում, այլև Արցախի բնականոն կյանքը, սոցիալական ծրագրերն իրականացնելու համար - և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով՝ տարբեր ծրագրերի, բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսինքն՝ առաջին 300 ընտանիքը մինչև այս տարեվերջ, մինչև Նոր տարի, կունենա իր օջախը, և դա ամենակարևորն է Արցախի ժողովրդագրական խնդիրը լուծելու առումով: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել, որ Հայաստանի՝ 2022 թվականի պետական բյուջեում արտացոլվել է բավական մեծ գումար, որը թույլ է տալու Արցախի կողմից վերականգնվող տնտեսության հաշվին մուտքագրված գումարներով ևս միասին լուծել բոլոր խնդիրները: Կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարվա ընթացքում, համոզված եմ, ամբողջությամբ կլուծենք բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները: Ուզում եմ նշել, որ բավական ակտիվ համագործակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարբեր կառույցները, օպերատիվ արձագանքում են մեր բոլոր հարցերին: Բարձրացված ցանկացած խնդիր՝ սոցիալական, ենթակառուցվածքային, թե այլ, լուծում է ստանում, և այսօր այն բնական կյանքը, որ Արցախում կա, հիմնականում պայմանավորված է Հայաստանի կառավարության կողմից գումարների հատկացմամբ և այն ուշադրությամբ, ամենօրյա աշխատանքով, որը տեղի է ունենում»: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:33 - 03 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Կոնգրեսի շենքում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավելի անդամների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։ Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:22 - 03 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։ Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․)։ Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։ Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։  Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:  Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։ ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ: Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:  Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։ Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար):  2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար):  Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․ 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար):  2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար): 2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։ Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր Հայարփի Բաղդասարյան
15:55 - 29 հոկտեմբերի, 2021
Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, տարածել է հաղորդագրության, որտեղ նշված է, որ վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: «Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերվում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել: Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրամիությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ և հետևողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության և Արցախի շահերը պաշտպանելու, տևական խաղաղություն և կայունություն հաստատելու հարցում: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»,- ասված է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
15:37 - 23 հոկտեմբերի, 2021