Ինֆոքոմ

Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

ԳԹԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թ․ ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բուհեր հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ երեկ ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, մրցույթի արդյունքով բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ։ «Ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը 223 է։ Նրանք հնարավորություն ունեն սեպտեմբերին՝ հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր, և այն համակարգը, որ մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ նրանք կարող են չընդունվել»,- նշեց նախարարը։ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիմորդներին, որոնք գերազանց գնահատական են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել։ «Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համպատասխան լուծումներ, և 6-ից արձագանքել է 4 դիմորդ․ այդ 4 դիմորդն արդեն, ըստ էության, ուսանող է»,- հայտնեց նախարարը։   Մանրամասները՝ տեսանյութում։  
19:28 - 26 հուլիսի, 2020
Սևանը քաղաքական կամքի հայելին է․ եթե լինի, ապա տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում՝ ոչինչ․ Այսեր Ղազարյան

Սևանը քաղաքական կամքի հայելին է․ եթե լինի, ապա տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում՝ ոչինչ․ Այսեր Ղազարյան

Սեւանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է մնալ հանրային քննարկման տիրույթում։ Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն օրերս  ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց կանաչած Սեւանի արբանյակային պատկերները, որոնցից երեւում է, որ լիճը կրկին կանաչել է։ Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այս խնդիրը կարգավորելու անհրաժեշտության, դրա լուծման տարբերակների մասին, մասնագետները քայլեր են առաջարկել՝ լճի մակարդակի բարձրացում, ջրառի փոքրացում, եւ այլն, սակայն սայլը տեղից կարծես չի շարժվել։ Բնապահպանների կարծիքով եւս խնդրի հիմնական պատճառը տարածքի աղտոտումն ու լիճ թափվող կոյուղաջրերն են։ Սեւանի «կանաչելու» պատճառների եւ կատարված աշխատանքնրի մասին Infocom.am-ը զրուցել է Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի   հետ։ - Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սեւանա լճի խնդիրների շուրջ զարգացող իրավիճակը եւ դրանք լուծելու համար արվող աշխատանքները։  - Ընդհանուր իրավիճակը վատ եմ գնահատում։ Կառավարման համակարգն այսօր ադեկվատ չէ այն մարտահրավերներին, որոնք ծառացած են լճի առաջ։ Եթե նայենք ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ինստիտուցիոնալ, ե՛ւ իրավական այդ ասպեկտներով, լուրջ խնդիրներ կան, այսպես ասած, գործադիր իշխանության համապատասխան օղակների հետ կապված։ Խնդիրները գնում են մինչեւ Ազգային ժողով, որովհետեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը ի վիճակի չէ Սեւանի պահպանության, վերակնգնման, արդյունավետ օգտագործման մի շարք միջոցառումների մասով տարեկան ծրագրերը վերահսկել, համակարգել։ Մի կողմ դնենք այն, թե մինչեւ հեղափոխությունը ինչ ձեւաչափով, ինչ մասշտաբներով էին իրականցվում տարեկան ծրագրերը, ես ուզում եմ խոսել նրանից, թե ինչ է արվել վերջի երկու տարիների ընթացում։ Ուզում եմ նաեւ հընթացս մարդկանց ուշադրությունը հրավիրել վերջին երկու տարվա հենց այդ տարեկան ծրագրերի վրա, եւ թե իրականում դրանց միջոցառումները որքանով են այսօր առաջնային Սեւանի փրկության համար, թե ինչքանով են դրանք իրականացվում։ Ակնհայտ է, որ այսօր ուղղակի ժամանակ են ձգում ե՛ւ օրենքների կիրարկման, ե՛ւ այն գործընթացների տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են բացասական ներգործության նվազեցման եւ հետագայում վիճակի բարելաման համար, դրանց մասով կոնկրետ գործողություններ չեն իրականացվում։ Մենք վեր ենք հանել, թե իրականում ինչ պիտանի տեղեկություն կա Սեւանի մասին, որոնք հատկորոշում են հիմնական խնդիրները, եւ թե դրանց մասով ինչ պետք է արվի։ Հասկացանք, որ այնտեղ ինչ-որ բան հատկորոշվել է՝ ե՛ւ ափամերձ տարածքների հիմնական աղտոտիչների՝ անտառաթփածառային այդ բուսականության, ե՛ւ ցանցավանդակային տնտեսության, ե՛ւ մյուս առկա աղտոտիչների մասով, բայց ուղղակի տեղեկությունը մեղմ ասած երերուն է, այն միջոցառումներն էլ, որոնք այդ տեղեկության վրա հենված իրականացվում են, ուղղակի տարերային բնույթ են կրում, որոշ դեպքերում ուղղակի թղթի վրա են արվել, այսինքն՝ ուղղակի գրվել է, որ արվել են, դրանց համար գումարներ են ծախսվել, բայց իրականում դրանք չեն արվել։ Մասնավորապես, ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, որոնց մասով բավականին «լուրջ մարտեր» են տեղի ունեցել իմ ու այն մարդկանց միջեւ, որոնք մինչ այսօր աշխատում են այդ համակարգում։ Այն տարածքները, որոնք արդեն ջրածածկ էին, մինչ այսօր ջրի մեջ են, ավելի շատ ափի չոր կամ մի քիչ խոնավացած տարածքներն են մաքրում, եթե չեմ սխալվում՝ 90 եւ ավելի հա մաքրել են այս ընթացքում, բայց  արդեն ջրում այն կենսազանգվածը, որը նպաստում է ծաղկման գործընթացներին, մնում է ջրում։ Նույնն էլ ցանցավանդակները, հիմնավորել էի, խնդրում էի, որ այդ ցանցավանդակների գործունեությունը գոնե ժամանակավորապես դադարեցվեր։ Ջրային էկո-համակարգերի մասով միջազգային ստանդարտներ կան, թե որքանով կարող ես տվյալ էկո-համակարգը ծանրաբեռնել, օրինակ, կենսազանգվածով, ազոտով եւ ֆոսֆորով։ Այդ թիվը մարդիկ հաշվարկում են, հետո նոր թույլ են տալիս աղտոտողներին՝ ցանցավանդակային տնտեսություններին։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ օրինակ՝ 10 միավոր է հնարավոր ծանրաբեռնել, հետո հասկանալ, թե մենք ինչքան ենք ծանրաբեռնում․ եթե այդ ամենաառանցքային ցուցանիշները հաշվարկած չունենք, ապա մնացած խոսակցությունները ուղղակի մանկապարտեզային են։ Պետք է հիմնավոր կերպով առաջ գնալ, ոչ թե ենթադրություններով։ Հայաստանյան իրականության մեջ ոչ միայն գործադիր իշխանությունը, այլեւ գիտահետազոտական կառույցները ուղղակի զբաղված են ֆրագմենտալ գործողություններով, բայց այն առանցքայինը, որը պետք է դրվի այս ամբողջ հարցի տակ եւ դրանից բխեցվեն մյուս միջոցառումները, այդ մասով ոչ ոք ոչինչ չի անում։ Մինչեւ այսօր զբաղված ենք աչքակապությամբ։ Լուրջ խնդիրը փորձում են «ծածկադմփոցային» կարգավիճակով, շոուներ սարքելով այս տարի էլ անցկացնել, գնա, մինչեւ վերջնական փաստի առաջ կանգնենք  եւ դրանով ավարտենք այս ամենը։ - Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։ Այս փուլում ի՞նչ պետք է արվի եւ նախարարության արած աշխատանքները որքանո՞վ են արդյունավետ։ - Առանցքային ուղղությունների մասով օրինակային ներկայացնեմ՝ ինչ են իրականում անում եւ ինչքանով է դա տեղավորվում այն շրջանակներում, որը իրոք թիրախային ձեւով հարցեր է լուծելու։ Այդ ամենը, ինչ ներկայացվում է, ավելի շատ իմիտացիա է, շատ դեպքերում օրենքի տառից չբխող։ Մի կողմ եմ դնում, թե ինչ են արել նախկինում, ինչ վնաս են պատճառել։ Եթե նայեք Սեւանի համալիր եւ տարեկան ծրագրերը, կտեսնեք, որ այնտեղ առաջին տարվա տարեկան ծրագրում կոնկրետ ներկայացվում է, թե ինչ պետք է արվի։ Օրինակ՝ գործառութային հատվածում գրված է՝ ջրերի աղտոտման մոնիտորինգի իրականացում․ դա գործառույթ է, որը կանոնադրական իրավունքով վերապահված էր Շրջակա միջավայրի մոնիտորիգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ_ին, իսկ հիմա արդեն  Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ին, որը պետք է իրականացնի այդ մոնիտորինգը․ նրանք տարեկան բյուջեից հատկացումներ են ստանում, այդ գործառույթը շարունակաբար իրականացնելու համար՝ ելնելով օրենքի պահանջից, բայց նման գործառույթները, չգիտես ինչու, հայտնվել են տարեկան ծրագրերում։ Այդպիսի գործառույթներն իրավունք չունեն հայտնվել տարեկան ծրագրերի մեջ, առավել եւս ժամկետների մեջ պետք  է կոնկրետ գրվի՝ 2020 թվականի այս եռամսյակում ինչ արդյունք պետք է գրանցվի, ինչ պետք է արվի։ Դրանից հետո իրենք պետք է հաշվետվություն ներկայացնեն ԱԺ՝ համապատասխան ընթացակարգով, որտեղ էլ այն պետք է հաստատվի։ Փաստացի ստացվում է, որ վերջին երկու տարում այդ գործողությունները տարերային են գնացել, եւ այնտեղ գործողություններ կան, որոնք պետք է հաջորդեին միմյանց՝ 2018-2019-2020, բայց մի գործողություն չի իրականացվել, եւ ոչ ոք չի խոսում այդ մասին, բայց այդ հիմքով այլ գործողություններ են իրականացվում։ Օրինակ՝ ջրի մակարդակի բարձրացման մասով ասել էինք, որ բարձրությունների հորիզոնականները սխալ են մշակվել, տեղագրական այդ հորիզոնականները՝ ծովի մակարդակի բարձրությունից, պետք է հստակ լինեին, որովհետեւ պետք է հասկանալ, թե մոտակա տարիների ընթացքում՝ մինչեւ 1901․5 նիշը ինչքան շենք-շինություն է մնում ջրի տակ, ինչքան անտառ է մնում եւ այլն, որպեսզի առաջնային այդ տարածքները դնենք մաքրման, քանդման տակ։ 2019 թվականին, երբ ասացի, որ այդ տվյալների մեջ էլ սխալներ կան, եւ դրանք պետք է ուղղվեն, այս գործողութուննեը դրվել էին ծրագրի մեջ, բայց չեն իրականացվել։ Մեկ էլ տեսնում ես, որ նախարարության աշխատակիցների բերանից հնչում է՝ «մինչեւ 1901․5 նիշը՝ բոլոր շինությունները մաքրվում են»։ Ժամանակին տեղեկացրել են, ապացուցել են, տվյալ միջոցառումը դրվել է տարեկան ծրագրում, որ ամեն ինչ ճշգրտվի, հետո իրականացվեն մնացած գործողությունները։ Եթե այդ ճշգրտումը չեն անում, ապա ինչպե՞ս են սխալ հորիզոնական նիշի հիման վրա առանձնացրել քանդման ենթակա շենք-շինությունները, կամ անտառները, որոնք պետք է հեռացվեն։ Այսինքն՝ այդ թույլ, փնթի կառավարման իներցիաները միանշանակ պահպանվում են, եւ դեգրադացիոն գործընթացների ծիլեր են երեւում։ -  Օրերս նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին, որ այդ շինությունների սեփականատերերին պատշաճ ապամոնտաժում իրականացնելու ծանուցում է ուղարկվել, այսինքն՝ հնարավոր է տնտեսվարողները հետագայում կանգնեն խնդիրների առջեւ։ - Այո, ճիշտ եք ասում, որովհետեւ, ենթադրենք, տնտեսվարողի օբյեկտի շինությունը գտնվում է 1903․5 նիշից բարձր, բայց սխալ հորիզոնականների արդյունքում իրենք հատկորոշել են, որ պետք է ապամոնտաժվի։ Հետագայում, եթե տվյալ տնտեսվարողը մասնագիտական կառույցների դիմի, օրինակ՝ Կադաստրի կոմիտե, եւ ապացուցի, որ իր օբյեկտը, ոչ թե 1901․5 նիշից ներքեւ է, այլ վերեւ, ապա կստացվի, որ իրեն հասցված վնասի համար կարող է մտնել դատարան, եւ պետությունը դրանից տուժելու է։ Այն գործընթացը, որը պետք է բավականին ծանրակշիռ հիմքերով ընթանա, այս դեպքում տեսնում ենք փնթի, տարերային, ցույց տալու համար արվող գործողություններ։ Գիտեն, որ ինչ-որ բան պետք է անել, բայց չգիտեն՝ ինչ եւ ինչպես։ Այսօր մենք Սեւանում տեսնում ենք նաեւ տարերային ձկնորսություն, վերջին կես տարում տեսանք, թե ինչ քանակությամբ են բռնում եւ ինչ գնով են վաճառում։ Եթե նման բացասական պրակտիկան կա, աշխատանք չի տարվել այդ խմբերի հետ, որոնք ձուկ են բռնում, եթե իրականում մենք չունենք պաշարների գնահատում եւ մյուս հարթություններում նույնպես օրենքի կիրարկումը եւ պետական կառույցը իր համապատասխան ինստիտուցիոնալ միավորներով կաղում է, ապա գնալ նման գործողություն, խթանման մեխանիզմ առաջակել, որտեղ ունենք վխտացող ապօրինություններ, նույնպես լրացուցիչ հարված է։ Այսինքն՝ օրինականացնել անօրինական գործողությունները, եթե մի բան քո անզորության պատճառով չես կարողանում փակել, ապա բեր այդտեղ օրինական հիմքեր դիր եւ լղոզիր միջավայրը։ Ստեղծվում է շղարշ, որը թույլ կտա այդ գլխացավից գոնե ժամանակավորապես փրկվել։ Մենք լուրջ խնդիր ունենք երկրի կառավարման համակարգի հետ, եթե այս կառավարման համակարգը մնալու է նույն ձեւով, ուրեմն կարելի է ոչ մի բանի մասին էլ չխոսել, որովհետեւ արդեն ամեն ինչ պարզ  է։ Սեւանի մասով էլ ամեն ինչ գնում է դեպի կործանման։ Այն գործողություններն էլ, որոնք արվելու են, արվելու են իմիտացիա ստեղծելու համար, կամ այն խմբերի համար, որոնք դրանից կկարողանան որոշակի գումարներ գեներացնել, ինչպես արվում էր նախկինում։ - Ի դեպ, նախարարության աշխատակիցները նշեցին նաեւ, որ Եվրամիության հետ կա համաձայնագիր, եւ Սեւանա լճի էկո-համակարգի կայունացման համար Հայաստանին տրամադրվելու է  5 միլիոն եվրո։ - Ճիշտն ասած՝ ես այդ ամենին չեմ հավատում։ Երբ աշխատում էի նախարարությունում, գերմանական հետազոտական ընկերություն կար, որն այդ ընթացքում Գերմանիայի ԿԳՆ-ի դրամաշնորհով աշխատում էր Սեւանում։ Դուք չեք պատկերացնի, թե նախարարի մակարդակով ինչ մոտեցում էր ցուցաբերվում այդ գործողությանը։ Եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին իրենց գրանտը ավարտվում էր, իրենք խնդրում էին, որ այստեղից պաշտոնական նամակ ուղղվի Գերմանիայի համապատասխան կառույցներին, որ նորից դրամաշնորհ տրամադրեն այդ աշխատանքը շարունակելու համար։ Իրենք արհամարհանքով էին մոտենում այդ ամենին, բացի այդ՝ ծրագրերը խորհրդատվության անվան տակ, թուղթ մրելով մի բան են անում, որ ցույց տան, թե աշխատում են, բայց դրա տակ այլ միջոցառումներ են գնում։ Հենց հիմա կան դրամաշնորհային շատ մեծ ծրագրեր մյուս էկո-համակարգերի մասով, չեմ ուզում անդրադառնալ, թե այնտեղ ինչեր են ընթանում։ Այս ամենն ուղղակի ահավոր է։ Ես սոցիալական ցանցերով փորձելու եմ տեղեկություններ տալ այն մարդկանց, որոնք սրտացավ են Սեւանի եւ բնության համար, որպեսզի իրենք տիրապետեն եւ հասկանան, թե իրականւում ինչ գործընթացներ են գնում։ Հուսով եմ, որ ադ վերլուծությունները եւ տեղեկատվություննեը կբերեն գործադիր իշխանության որակի փոփոխությանը, որովհետեւ այնտեղ ճահիճ է։ Այն ժամանակ, երբ ստիպեցի, որ այդ մաքրման աշխատանքների պայմանագիրը խզեն, իմիջայլոց, այդ գործը Քննչական կոմիտեում է, այդ գումարը գնաց լաբորատորիայի վերակառուցման վրա, տեխնիկայի գնման վրա, եւ այլն։ Մնացած կեղծ գործողությունները, որոնց միջոցով պետք է միլիոնավոր դրամներ դուրս գրվեին պետբյուջեից, դադարեցրինք, այդ գումարի մեծ մասը գնաց բյուջե։ Եթե քաղաքական կամք լինի, ապա շատ կարճ ժամանակում տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվելու։ Սեւանը հայելին է այդ ամենի։ Այն, որ վարչապետն ասում էր՝ «Սեւանի հարցը Ղարաբաղի հարցի նման է», ուրեմն պետք է ռադիկալ քայլեր ձեռնարկվեն Սեւանի խնդիրները լուծելու համար։ Նախարարությունում կան հնաբնակներ, որոնց պետք է ազատել իրենց լծակներից, որպեսզի պետությունն էլ ձերբազատվի իրենցից։ Ասպրամ Փարսադանյան
19:03 - 25 հուլիսի, 2020
Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10․000-ից փոքր է, մտել ենք ճգնաժամը հաղթահարելու փուլ․ Նիկոլ Փաշինյան

Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10․000-ից փոքր է, մտել ենք ճգնաժամը հաղթահարելու փուլ․ Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը կորոնավիրուսի թեման մի փոքր հետ է մղվել, բայց ես այսօր շատ կարևոր եմ համարում մի արձանագրում անել։ Խնդիրն այն է, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր՝ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը , այսինքն՝ դրական ախտորոշմամբ և չբուժված մարդկանց թիվը առաջին անգամ 10․000-ից ցածր է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․ «Սա շատ կարևոր նորություն է, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլ նաև համաշխարհային կանխատեսվող, աշնանը սպասվող  երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ։ Ես նկատեցի, որ այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահամաճարակային կանոնների դեմ PR արշավը, որովհետև տեսնում եմ, որ էլի հակադիմակային շարժումներ են սկսվում և այլն։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, թե որն է պատճառը, որ մենք այսօր տեմպի որոշակի անկում ունենք։ Պատճառը միանշանակ հակահամաճարակային կանոնների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է։ Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ դնելը, ինձ համար էլ է տհաճ, բայց ակնհայտ է, որ հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ է այս փոքր-ինչ դրական դինամիկան։ Ասում են, որ տաք ջերմաստիճանը նույնպես նպաստում է վարակի նվազմանը, բայց հունիսին մենք հետևում էինք այն երկրներին, որտեղ ջերմաստիճանը նույնիսկ 40-ից բարձր էր, բայց էնտեղ ծավալվում էր շատ մեծ տեմպերով և ուզում եմ միանշանակ ասել,որ այս վիճակագրությունը չպետք է մեզ թուլացնի, այլ ոգևորի, որ հակահամաճարակային կաննորեը ավելի լավ պահպանվեն։ Խնդրում եմ տուրք չտաք, այդ անպատասխանատու հայտարարություններին։ Չեմ կարող ասել, որ դիմակի կրումը միակ գործոնն է, որը նպաստում է, որ մենք որոշակի կայունություն և տեմպի նվազում ունենանք, բայց այս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն։ Իմ կոչն է, որ մենք այս հարցում ավելի համախմբվենք, որպեսզի աշնան լինենք ավելի պատրաստ՝ հնարավոր երկրորդ ալիքին։ Մեր երկրում արդեն մոտ 700 մարդ է մահացել կորոնավիրուսից, սա սարսափելի թիվ է։ Եթե դիմակի կրման հետ կապված փոփոխություններ լինեն, մենք դրա մասին կհայտնենք, պետք չէ թուլացնել զգոնությունը։ Այս ընթացքում էլ մենք բոլոր հնարավոր թուլացումներն արել ենք, եթե մենք դա չենք անում, ուրեմն դա այս պահին հնարավոր չէ կամ խելամիտ չէ, վստահություն չկա, որ դա ճիշտ քայլ է։ Կարող է, որ վաղը և մյուս օրը թվերը էլի աճեն, այսօր էլ թիվը փոքր չէ, 400-ը փոքր թիվ չէ։ Օրինակ Ավստրալիան հայտարարեց, որ հաղթահարել է համաճարակը, սակայն հիմա կրկին օրական 500-ից ավելի դեպքեր են ունենում, կրկին անցել են լոքդաունի։ Եկեք մի փոքր ավելի երկար դիմանանք այս սահմանափակումներին, բայց իսկապես հաղթահարենք համավարակը և ոչ թե իմիտացիա ստեղծենք, թե հաղթահարել ենք»։
12:23 - 24 հուլիսի, 2020
Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում

Hraparak-ի անանուն զրուցակցի պնդումը, թե ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա, իրականությանը չի համապատասխանում

Հուլիսի 10-ին Hraparak.am կայքը հրապարակել է «Հայաստանը խնդիր ունի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի հետ» վերտառությամբ մի նյութ, որտեղ անանուն զրուցակցի խոսքերով ներկայացնում է, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա։ Այս նյութը, ի դեպ, արտատպել են նաեւ այլ կայքեր։ Լրատվամիջոցի զրուցակիցը, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որը ստորագրվել է 2005-ին, սակայն պնդել է, թե այն պետք է 2 տարին մեկ վերաստորագրվի․ «Վերջինը ստորագրվել է 2017-ին՝ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի ընթացքում: 2019-ից ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիր չկա՝ հարաբերությունների իրավական հիմքը բացակայում է։ Խնդիրը կարգավորելու համար 2019-ի մարտի 11-12-ին Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը, որը հանդիպեց տարբեր պաշտոնյաների՝ Արմեն Սարգսյանի, Զոհրաբ Մնացականյանի, Տոնոյանի հետ, սակայն վարչապետը չհանդիպեց նրա հետ, եւ որեւէ տեղաշարժ չարձանագրվեց»,- ասել է կայքի անանուն աղբյուրը:  Hraparak.am-ի զրուցակիցը չի սխալվում․ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերային հարաբերությունները եւ տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում՝ դեռեւս 2006 թվականից: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական եւ անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում: Մասնավորապես, 2005 թվականի հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին է ներկայացրել Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերին հաստատել են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդն ու Հայաստանը: Ծրագրի իրականացումը, ինչպես նշեցինք, սկսվել է 2006 թվականից։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից մեր գրավեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2006-2008թթ․, ԱԳԳԾ փաստաթղթի իրականացումից հետո ստորագրվել եւ հաջողությամբ իրականացվել են 2-րդ՝ 2009-2010թթ․, 3-րդ՝ 2011-2013թթ․, 4-րդ՝ 2014-2016թթ. եւ 5-րդ՝ 2017-2019թթ․ ԱԳԳԾ փաստաթղթերը։ Ինչպես նշել են նախարարությունից՝ ծրագրով նախատեսված գործողությունների կատարման փաստաթղթի ժամկետի ավարտին տեղի է ունենում դրա իրականացման գնահատումը՝ «ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե-Հայաստան» ձեւաչափով նիստի ընթացքում։ Իսկ գործող փաստաթուղթը շարունակում է ուժի մեջ մնալ՝ մինչեւ հաջորդ փաստաթղթի հաստատումը։ ՀՀ արտաքին գերատեսչությունից Infocom.am-ին տեղելացրել են, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, իսկ մինչ այդ փաստաթղթի հաստատումը՝ ՀՀ տարբեր գերատեսչությունները շարունակում են իրականացնել ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթում ամրագրված միջոցառումները, բացառությամբ նրանք, որոնց իրականացումը COVID-19 համավարակի պատճառով ստեղծված արտակարգ դրության սահմանափակումների պայմաններում անհնար է։ Իսկ ԱԳԳԾ՝ ուժի մեջ գտնվող 5-րդ փաստաթղթի իրականացման ընթացքում 2018 թվականի մայիսի 24-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՆԱՏՕ/ԵԱԳԽ գործընկերության եւ հավաքական անվտանգության կոմիտե+Հայաստան ձեւաչափով նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2017թ. զեկույցը: 2018-ի հուլիսի 11-12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների ղեկավարների հավաքին եւ հանդես եկել ելույթով: Դեկտեմբերի 4-5-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Հաստատակամ աջակցություն ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների նախարարական հանդիպմանը, հանդես եկել ելույթով եւ հանդիպել ՆԱՏՕ ԳՔ տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերին: 2019 մարտի 11-15-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվել են հերթական՝ 12-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները: Այդ շաբաթ տեղի է ունեցել նաեւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այցը համընկել է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների հետ եւ ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ապատուրայը Ֆրանսիական համալսարանում հանդես է եկել հանրային դասախոսությամբ: Մարտի 14-15-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաեւ ելույթով հանդես է եկել Կանայք, Խաղաղություն եւ Անվտանգություն. Միջազգային եւ Հայաստանյան պրակտիկա խորագրով կոնֆերանսին: Հյուսիսատլանտյան դաշինքի ու Հայաստանի համագործակցության համատեքստում հարկ է հիշել նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջնական սահմանային լարվածության ընթացքում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հայտարարությունը, որտեղ վերջինս մտահոգություն էր հայտնել այդ զարգացումների կապակցությամբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնն, իհարկե, հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ, սակայն սա եւս մեկ փաստ է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն շարունակում են իրավական հիմքի վրա կառուցված իրենց համագործակցությունը։ Այսպիսով, Hraparak.am կայքն անանուն զրուցակցի միջոցով ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների իրավական հիմք չկա․ սակայն, ինչպես նշեցինք, մինչեւ նոր փաստաթղթի ստորագրումը՝ գործում է ԱԳԳԾ 5-րդ փաստաթուղթը։ Ըստ այդմ՝ ապատեղեկատվություն է նաեւ, թե ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ 5-րդ փաստաթղթից հետո որեւէ տեղաշարժ չի արձանագրվել, եւ որ այդ փաստաթուղթը պետք է վերաստորագրվի 2 տարին մեկ․ ԱԳԳԾ 6-րդ փաստաթղթի տեքստը, ինչպես նշեցինք, արդեն իսկ քննարկման փուլում է։ Լուսանկարում՝ Ջեյմս Ապատուրայը Հայարփի Բաղդասարյան
11:32 - 24 հուլիսի, 2020
Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

Վարդավառյան մանիպուլյացիա․ Ամուլսարից՝ Սեւան, բնակի՞չ, թե՞ բնապահպան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Զ․ Սարգսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սեւանա լճի կանաչելու խնդրին։ Նախապես նշելով, որ ինքը բնապահպանական հարցերից չի հասկանում՝ Սարգսյանը գրառման մեջ մի այսպիսի հարց է հնչեցրել․ «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում եւ գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երեւալու համար գոնե մայկաներդ ճղեք»։ Սարգսյանը շարունակել է, թե՝ չեն անի, որովհետեւ Սեւանի համար վճարող չկա, ակնարկելով, որ ամիսներով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները՝ իր խոսքով՝ բնապահպանները, այդ պայքարի համար գումար են ստանում․  «Իսկ դուք, հայրենի բնությանը մինչեւ վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը՝ վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը: Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարեւոր է, կարեւորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն»,- եզրափակել է նախկին վարչապետը։ Infocom․am-ն այս հրապարակմամբ ներկայացնում է, թե որքանով են Արամ Զավենի Սարգսյանի գրառման մեջ տեղ գտած պնդումները համապատասխանում իրականությանը եւ թե ինչ մանիպուլյացիոն երանգներ ունեն դրանք։ Ամուլսարի պահպանման համար պայքարողները․ բնակի՞չ, թե՞ բնապահպան Արամ Սարգսյանն իր գրառման մեջ դիմել է, իր բնորոշմամբ, «Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ»»-ին՝ ակնարկելով, թե Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման դեմ պայքարող մարդիկ գումար են ստանում դրա համար։ Նախ հարկ է նշել, որ չնայած Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ներգրավված են նաեւ իրենց բնապահպան դիրքավորող մի շարք խմբեր եւ անհատներ, սակայն հենց հանքի շրջակայքում պայքար իրականացնողներն ու ճանապարհներ փակողները ազդակիր համայնքների բնակիչներն են։  2018 թվականի մայիսի 19-ին քաղաքացիները փակել էին Ամուլսար տանող ճանապարհները։ 4 օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ճանապարհները բացելուց հետո ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի տարածքում որեւէ շինարարական աշխատանք եւ հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, որոնք իրավական եւ բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին: Բնակիչները հայտնել էին, որ դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու:  Արդեն հունիսի սկզբին Ջերմուկ քաղաքի եւ հարակից համայնքների բնակիչները դարձյալ փակել էին Ամուլսար տանող ճանապարհն ու ավելի քան տասը օր թույլ չէին տալիս, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակեր հանքի կառուցման աշխատանքները: Բողոքի նախաձեռնողներից Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը նկատել էր՝ չնայած քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու՝ վարչապետ Փաշինյանի կոչին՝ իրենք շարունակում են պայքարը, քանի որ Ամուլսարում հանքարդյունաբերության ամեն օրը բնությանը անդառնալի վնաս է հասցնում։ Ցուցարար մեկ այլ բնակիչ էլ ասել էր, որ աշխատանքների ընթացքում ընկերությունը ջրատար խողովակ էր վնասեր, դրա պատճառով էլ ցեխաջրերը լցվել էին համայնք։ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:  2019 թվականի օգոստոսին՝ շուրջ 1 տարի անց, երբ արդեն հայտնի էին ELARD-ի փորձաքննության արդյունքները, Ջերմուկի բնակիչները շարունակում էին իրենց բողոքի ակցիաները՝ պնդելով, որ հանքը չպետք է շահագործվի։ Ջերմուկցիներից մեկը Ամուլսարի հարցով կազմակերպված բաց քննարկման ժամանակ հայտարարել էր, որ իրենց հետ անիմաստ է խոսել Ամուլսարի հանքի` լավ կամ վատ բանակցությունների մասին. իրենց կբանակցեն միայն հանքի փակման համար։ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն էլ իր խոսքում նշել էր, որ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը դեռ մեկ տարի առաջ են փակել։  Ընդ որում, այդ շրջանում Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ ոստիկանությունն անհամաչափ պատժամիջոցներ էր իրականացնում, ինչի վերաբերյալ հայտարարություն էին տարածել Հայկական բնապահպանական ճակատը եւ մի խումբ իրավապաշտպաններ, որին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, որտեղ շուրջ 1500 բնակիչ ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները դիմավորել էին Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս նախընտրել էր այցելել տներ եւ ակցիային չմասնակցող բնակիչներից կարծիքներ լսել։ Արդյունքում՝ ոչ մի բնակարանում Ամուլսարի հանքին կողմ ջերմուկցի չէր հանդիպել։ Փաշինյանը նաեւ ելույթ էր ունեցել Ջերմուկ քաղաքի հրապարակում, որտեղ եւս տարաձայնություններ էր ունեցել Ամուլսարի պահապանների հետ։ Ամուլսարի պահապանները մեկ անգամ եւս հիշեցրել էին, որ միանշանակ դեմ են ցանկացած հանքի շահագործմանը։ Տեղի էր ունեցել առանձնազրույց՝ Ամուլսարի պահապանների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ջերմուկ քաղաքի բնակիչները մնացել էին իրենց դիրքորոշմանը։ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաեւ Սարավան եւ Գորայք համայնքներ, որտեղ բնակիչները կողմ էին հանքի շահագործմանը։ Այստեղ հարկ է հաշվի առնել կողմ եւ դեմ համայնքների բնակչության թվերը։ Սարավան եւ Գորայք համայնքներն ունեն համապատասխանաբար 303 եւ 478 բնակիչ, իսկ Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքները ունեն համապատասխանաբար 4265 եւ 795 բնակիչ (տվյալները՝ Ampop.am )։ Ջերմուկցիներն այսօր էլ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարները։ Նրանք պնդում են, որ կառավարությունը պետք է խնդրի լուծման այլ ելքեր փնտրի։ Սակայն, փաստորեն, Արամ Սարգսյանը չի նշել, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարուն են հենց տեղի բնակիչները, այլ ոչ թե բնապահպանները, իսկ բնակիչներն իրենց երբեք որպես բնապահպան չեն դիրքավորել։ Բնապահպանները Սեւանի համար Թեեւ Սեւանա լճի խնդիրներով պետք է զբաղվի պետությունը՝ համապատասխան գերատեսչություններով ու կառույցներով, այնուամենայնիվ անհատ բնապահպանները կամ բնապահպանական խմբերը տարիներ շարունակ բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, հնարավոր լուծումներ առաջարկել, ինչը կամ անտեղյակության պատճառով կամ էլ միտումնավոր՝ չի նկատել Արամ Սարգսյանը։ Այսպես, 2010 թվականի հուլիսին, երբ Սեւանա լճի մակարդակը հասել էր 1899մ-ի, տասնյակ շինություններ, Սեւանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ մնացել էին ջրի տակ։ Այդ ժամանակ բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել, եւ հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու եւ ճահճանալու վտանգը: 2011 թվականի նոյեմբերին բնապահպաններն ահազանգեցին, որ Սեւանը բնապահպանական աղետի եզրին է․ շարունակում էր շահագործվել Սոթքի հանքը։  Թեեւ բնապահպաններին 2009թ.-ին հաջողվել էր կասեցնել Սոթքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը, սակայն 2011-ի մարտին «GeoProMining Gold» ընկերությունը, խախտելով «Սեւանա լճի մասին օրենքը» եւ չունենալով բնապահպանական փորձաքննություն, լճի ավազանում՝ Սոթքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր։ Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նույն թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, խոսելով Սեւանա լճի աղտոտման եւ հանքավայրի ազդեցության մասին, հայտարարել էր, որ Բնապահպանության նախարարությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե տվյալ տարածքում հանքավայր կառուցելու թույլտվություն է եղել 1990-ական թթ.-ից: Սանասարյանն ընդգծել էր, որ Սեւանա լճի տարածքում արգելվում է նման արդյունաբերական հանգույցների շահագործումը, բայց Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է: Համատեղ ասուլիսի ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանն էլ տեղեկացրել էր, որ մի քանի անգամ եղել է Սեւանա լճի տարածքում, որտեղ ամբողջությամբ սփռված են եղել աշխատանքի արդյունքում առաջացած քարեր եւ նյութեր, որոնք Սոթք գետով լցվում են լիճ։ Ի դեպ, այդ շրջանում բնապահպանները հետեւողականորեն զբաղվում էին հանքավայրի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ․ մտահոգություն կար, որ մանրող-ջարդող եւ տեսակավորող սարքի շահագործման հետեւանքով առաջացած վնասակար նյութերը կկուտակվեն Սեւանա լճում, որը քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարից կվերածվի Սոթքի արտադրության պոչ լճի:  2012 թվականի նոյեմբերին «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը բարձրաձայնեց, որ Սեւանի էկոհամակարգին ոչ միայն ջրի տակ անցած եւ դեռեւս չմաքրված ափամերձ տարածքներն են վնաս հասցնում, այլեւ այն աղբը, որ գետերի միջոցով լցվում է լիճ, եւ բացի կոյուղաջրերը՝ Սեւան է լցվում նաեւ պլաստիկ աղբ, արտադրական թափոններ։ Բնապահպանն այդ ժամանակ կարծիք հայտնեց, որ ճնշումը Սեւանի վրա տարեցտարի ավելանում է․ այդ տարի լճից լրացուցիչ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու կառավարության նախաձեռնությունը, Զարաֆյանի պնդմամբ, հիմնավորված չէր, եւ արդյունքում Սեւանի մակարդակը մի քանի սանտիմոտրով իջել էր: 2014 թվականին Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի հ/կ-ներն ահազանգել էին, որ կառավարության 2 նախագծերով անվերադարձ կորցնում ենք Սեւանա լիճը։ Նախագծերից առաջինը վերաբերում էր լճից ջրի տարեկան բացթողումների ծավալին: Առաջարկվում էր մինչեւ 2019թ. հունվարի 1-ը Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ: Երկրորդ ծրագրով մշակվել էր «Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր», որով նախատեսվում էր Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ.-ը, տարեկան 50 հազար տոննա իշխան բուծել` ձկներին կերակրելով ազոտ եւ ֆոսֆոր պարունակող կերով:  Սեւանա լճին վերաբերող այս երկու նախագծերի թեմայով 2014թ. ապրիլի 11-ին «Էկոլուր» հ/կ-ն հանրային քննարկում էր նախաձեռնել, որին ներկա «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «Սեւան» Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը, Գավառի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը եւ «Սեւանի Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սաթիկ Բադեյանը ներկայացրել էին Սեւանա լճի համար օրինագծերի վտանգներն ու  բացասական հետեւանքները: Ըստ բնապահպանների` կառավարությունը ծրագիրը մշակել էր առանց Սեւանա լճի բնակավայրերի բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշել էին, որ  Արփա-Սեւան ջրատարը համառորեն չի վերակառուցվում (արդեն վերանորոգվել է,- հեղ․), Կեչուտի ջրամբարից տարեկան 250 մլն խմ եւ Որոտանից 165 մլն խմ ջուր Սեւանա լիճ չեն լցվում: Այդ ֆիզիկական ծավալները, եթե Սեւան լցվեին, լճի դրական հաշվեկշիռը կպահպանվեր նույնիսկ տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու պարագայում, իսկ գետերից լիճ լցվող ջրի ծավալները լճի դրական հաշվեկշիռը չեն ապահովել:  2016 թվականի մայիսին բնասերների մի խումբ նախաձեռնել եւ իրականացրել էր համաՍեւանյան աղբահավաք՝ Սեւանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն եղել տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցել էին նաեւ բնապահպանական կազմակերպություններ, արշավական խմբեր, ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սեւան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։ 2017 թվականին «Հայկական բնապահպանական ճակատն» ու մի շարք բնապահպանական կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որտեղ ներկայացրել էին միջազգային անկախ փորձագետների իրականացրած մասնագիտական հաշվետվություններն ու եզրահանգումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ։  Դիմումի մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի եւ նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, եւ բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաեւ Սեւանա լիճը։  Բնապահպանական հկ-ները շեշտել էին, որ պետք է հաշվի առնել՝ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել լճի, նրա որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված):  2018 թվականի օգոստոսին բնապահպանները հայտարարել էին, որ Սեւանա լիճն այդ տարի հայտնվել է աղետալի վիճակում եւ ճահճացման վտանգը հեռու չէ։ Լճի խնդիրներով զբաղվող մասնագետներին անհանգստացրել էր հատկապես այն փաստը, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ցանկանում է օրենքի փոփոխությամբ հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարել։ Թեեւ, ըստ կոմիտեի, դա կօգներ խուսափել ոռոգման խնդիրներից, սակայն, բնապահպանների կարծիքով, Սեւանի հաշվին ոռոգման հարցը լուծելն անթույլատրելի է։ Նույն շրջանում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտել էր, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու Սեւանա լճի համար, սակայն նախարարությունը գոնե մի միջոցառման պլան չի ներկայացրել, որ հասկանալի լինի՝ այդ ջուրն ինչի համար եւ ուր է գնում։ Զարաֆյանը տեղեկացրել էր «S.O.S. Սեւան» արշավի մեկնարկի մասին, որի շրջանակներում պատրաստվում են գնալ Սեւանի բոլոր համայնքները, նաեւ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, այդ ջուրը տեղ հասնում է, թե ոչ։ 2018 թվականին «Հայկական բնապահպանական ճակատը» հրապարակել էր ծավալուն հոդված՝ մանրամասն անդրադառնալով Սեւանի ջրի մակարդակի բնականոն աճի խաթարման խնդրին, առաջարկելով հնարավոր լուծումներ։ Հոդվածում նախանշվել էր, որ Սեւանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատեւման երաշխիքը եղել եւ մնում է նրա մակարդակի շարունակական եւ անշեղ բարձրացումը՝ առանց զարտուղի եւ դավադիր ուղիներով  նրա մակարդակի բնականոն աճի կասեցման՝ մի խումբ ապազգային, անհայրենիք, իշխանական հզոր լծակներ «զավթած» օլիգարխ-իշխանավորների կողմից։  Նախորդ տարի՝ 2019-ին, լճի ծաղկելու խնդիրը դարձյալ անտարբեր չի թողել բնապահպաններին։ Բնապահպանների հիմնական քննադատությունն այն էր, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ոչինչ չի արել ամեն տարի առաջացող այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը համոզմունք էր հայտնել, որ ջրիմուռների նման ծավալի ակտիվացումը խոսում է լճի ճահճացման գործըթնացի մասին, նա նշել էր, որ Սեւանում համալիր տեսչական ստուգման անհրաժեշտություն կա, որ երբեւէ չի իրականացվել։ Երբ ինքը տեսչական մարմնի ղեկավարն էր, փորձել է սկսել այդ գործընթացը․ «Վեր էինք հանելու բոլոր տեսակի խնդիրները: Ոչ միայն նրանք, որոնք հանգեցնում են ճահճացման երեւույթներին, այլեւ կան շատ ավելի վտանգավոր գործընթացներ, որ մարդիկ չեն տեսնում տեսանելի չէ: Վաղը կարող ենք փաստի առաջ կանգնել: Օրինակ, Սոտքի հանքավայրից թթվային ջրերի հնարավոր արտահոսքը դեպի Սեւան: Կան որոշակի ուսումնասիրություններ, որ անգամ որոշ ձկնատեսակներ մուտացիայի են ենթարկվում Սեւանա լճում, եւ պատճառները ոչ ոք չի ուսումնասիրում»: Ամուլսարից՝ Սեւան Արամ Սարգսյանը պնդում է արել, ըստ որի՝ «հայրենասեր բնապահպանները» Սեւանի համար չեն պայքարում, որովհետեւ, գումար չեն ստանում դրա դիմաց, իսկ ահա Ամուլսարի դեպքում՝ հակառակը։ Իրականում, ինչ-որ չափով նաեւ Ամուլսարի շահագործումն է Սեւանա լճին սպառնացող վտանգ հանդիսանում։ Եւ սա արդեն պնդում են ոչ թե բնապահպանները, ոչ թե տեղի բնակիչները, այլեւ վերը հիշատակված ELARD-ի փորձագետները։ Ի սկզբանե, երբ պատվիրվել է այս փորձաքննությունը, պոտենցիալ ազդեցության հիմանական մտահոգություն են հանդիսացել Սպանդարյան-Կեչուտ թունելի եւ Կեչուտի ջրամբարը, որոնք սնուցում են Սեւանա լիճը։ Ըստ փորձաքննության նյութերի՝ թթվային դրենաժից ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը դառնում են մակերեւութային ջրեր՝ աղբյուրներում, հոսանքներում եւ գետերում։ Հանքի բացահանքերի շրջակայքում խանգարված տարածքները կարող են գոյացնել թթվային դրենաժ, որը կհոսի անմիջապես մակերեւութային ջրեր։  Ժամանակավոր աղբյուրները, ըստ եզրակացության, բացահանքի շրջակայքում հանդիսանում են ստորգետնյա ջրերի կարճ ուղիներ։ Բացահանքի պատերից կարող է հոսել օրերի կամ ամիսների ընթացքում՝ կախված, թե ինչպիսի փոխկապակցվածություն ունեն ճաքերը եւ մակերեւույթը։ Գարնանային ձնհալի ժամանակ վաղանցիկ աղբյուրներից հոսքը վկայում է լեռնաշղթայի ճաքերի միջոցով հոսքի արագության մասին։ Ժամանակը, որի ընթացքում թթվային դրենաժի ազդեցությունը կրող հոսքերը հասնում են լեռան ցածրադիր գոտու մշտահոս աղբյուրներին եւ հոսքերին, ավելի երկար է, սակայն եթե խզվածքների եւ ճաքերի միջոցով ստորգետնյա ջրերի հոսքը լավ է փոխկապկցված, հոսքերի որոշ հատվածներում կարող է կրճատվել վաղանցիկ աղբյուրների հետ միախառնվելու ժամանակահատվածը։ Ոչ մշտահոս եւ մշտահոս աղբյուրների ջրերը եւ ստորգետնյա ջրերը, որոնք հատվում են լեռան բարձրադիր հատվածներում հիմնական գետերին կարող են հասնել մի քանի ժամվա ընթացքում։ Թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերի մեծ գետեր լցվելու ժամանակահատվածը, ըստ ELARD-ի, վիճելի է եւ կախված է ճեղքվածքների փոխկապակցվածությունից։ Թեեւ ELARD-ի փորձագետները նշել են, որ թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել եւ իզոտոպային տվյալների համաձայն՝ Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, ու Կեչուտի ջրմբարի եւ Սեւանի վրա ազդեցություն չի լինի, սակայն,  միեւնույն ժամանակ, նրանք շեշտել են, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, այն կարող է ազդեցություն ունենալ Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենա Սեւանա լճի վրա։ Ինչպես նաեւ, ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել ազբյուրներ եւ հոսքեր, որոնք իրենց հերթին լցվում են Կեչուտի ջրամբար։ Ընդ որում՝ ELARD-ն ընդգծել է, որ այդ պահին առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ ասել ստորգետնյա այդ ջրերի փոխանցման ժամանակը։ Ովքե՞ր են գումարով բնապահպան աշխատողները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այս երկու տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ հանրային-քաղաքական գործիչը այդ պայքարի մասնակիցներին ներկայացնում է որպես որեւէ տեղից գումար ստացող բնապահպաններ։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանն էր մի այդպիսի հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, թե կան ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է, բայց, ըստ իրեն, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական որոշակի գործարարների հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, որ այդ արշավը կազմակերպվի: Այս հայտարարության վերաբերյալ բնապահպանները դիմել էին Ավինյանին՝ ճշտելու, թե արդյոք իրե՞նց է նկատի ունեցել, նա չէր պատասխանել: Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա: Դրանից հետո 15 բնապահպան դիմել էր դատարան՝ պարզելու իրե՞նց է նկատի ունեցել Ավինյանը: Եթե՝ այո, ապա զրպարտության պահանջ են ներկայացրել, որպեսզի հերքի այդ տեղեկությունը, թե իրենք ֆինանսավորվում են: Դատարանը, սակայն, որոշել էր մերժել քաղաքացիական գործով հայցն ընդդեմ Տիգրան Արմենի Ավինյանի` զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջի մասին։ Նույն հարցը տվեցինք Արամ Սարգսյանին․ ո՞ւմ է նկատի ունեցել եւ արդյոք իր պնդման վերաբերյալ փաստական հիմքեր ունի՞։ Սարգսյանը եւս պատասխանեց, որ իր գրառումը հավելյալ մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում։   Սեւանա լճի խնդրի արմատները Սեւանա լճի ծաղկման գործընթացը նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Լճի էկոլոգիական հավասարակշռությունը խախտվել է դեռեւս 1930-ականներին՝ էներգիայի արտադրության եւ ոռոգման համար ջրի անխնա օգտագործման պատճառով։ Թերեւս, մասնագիտական շրջանակներից, բնապահպաններից ու տեղացիներից բացի՝ հանրության մի ստվար զանգվածի եւս հայտնի է, որ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վատթարացել է հատկապես վերջին տասնամյակներին։ Դրա համար հիմք են հանդիսացել ջրի մակարդակի իջեցումը, թունաքիմիկատների եւ օրգանական նյութերի հոսքը, անթրոպոգեն բացասական ազդեցությունը՝ լճի հարուստ կենսաբազմազանության վրա եւ այլն։ Լճի ջրի կորուստն առաջ է բերել ադապտացիոն ներուժի կրճատման, օրգանական նյութերի հանքայնացման, լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ եւ կառուցվածքային փոփոխությունների ու ջրում նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտման, ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման: Այս գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ճահճացման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4°C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը, քանի որ այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Բայց երբ ջրի ծավալը եւ խորությունը նվազում է, այդ պաշտպանիչ շերտը վերանում է, լիճը սկսում է ճահճանալ:  Վերջին տարիներին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափի թեման մշտապես արդիական է եղել։ Օրինակ, 2015 թվականին Սեւանից իրականացվելիք ջրառի չափաքանակ է սահմանվել շուրջ 170.0 մլն խոր. մետր, 2016 թվականին՝ դարձյալ նույնքան, 2017 թվաքանին ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 270.0 մլն խոր. մետր, 2018 թվականին՝ 170, 2019-ին՝ նույնքան։ 2019 թվականին Սեւանա լճից իրականացված ջրառը նվազագույնն է եղել վերջին 5 տարիների ընթացքում․ նոյեմբերի 1-ի (բացթողման վերջին օրվա) դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143, 857 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56,076 մլն խմ-ով: ՀՀ կառավարության 06.06.2019թ «Ոռոգման նպատակով 2019թ Սեւանա լճից ջրառի մասին» N698-Ա որոշմամբ սահմանված մինչեւ 170 մլն խմ ջրառի չափաքանակից պակաս է բաց թողնվել 26,140 մլն խմ-ով։   Պետությունը Սեւանի համար 2017 թվականի վերջի դրությամբ, (վերջին 5 տարիների ընթացքում Սեւանից ջրառի ամենամեծ չափաքանակն է նախատեսվել հենց 2017-ին) Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ (1900.46մ) նվազել է 0.04մ-ով:  2017 թվականի համար Սեւանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչեւ 270մլն խմ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խմ, ինչը 99.622մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2017 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2017-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ջրածածկ անտառտնկարկներով տարածքներից մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա-ը՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ՊՈԱԿ-ի կողմից, 14,1 հա՝ ֆիզիկական անձանց կողմից՝ ՊՈԱԿ-ի հետ կնքված ջրածածկ անտառների մաքրման պայմանագրերով։ 2017 թվականի ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներով պարկի տարածքում իրականացվել են 8.48 հա անտառավերականգնման աշխատանքներ:  ՀՀ կառավարության՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1018 որոշմամբ հաստատվել է Սեւանա լճի էկոհամակարգի, վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման՝ 2019 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը։  Ծրագրով նախատեսվում էր բարելավել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման համակարգը, անտառմաքրման աշխատանքներ իրականացնել լճի շրջակայքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում, նոր անտառշերտ հիմնել լճի շրջակայքում, իրականացնել ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների մաքրման աշխատանքներ՝ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում, կենդանական ռեսուրսների հաշվառում անել լճի եւ դրա ջրահավաք ավազանում, սահմանել օգտագործամն թույլատրելի չափաքանակներ, մաքրել լճի ջրահավաք ավազանում առաջացած կեղտաջրերը, համալրել ձկան պաշարները, կանխել ապօրինի աղբավայրերի գոյացման ընթացքը եւ այլն։ Շրջակա միջավայրի նախարարության՝ 2019 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2019 թվականի ընթացքում Սեւանա լճի վիճակը վատթարացել է: Նշված է, որ Սեւանա լճում կապտականաչ ջրիմուռների աճի հնարավոր պատճառ են հանդիասանում լճի ջրի տաքացումը եւ լճում կենսածին տարրերի, հատկապես, ֆոսֆորի առկայությունը: Բացի այս՝ լճի աղտոտման հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց կենսաբանական մաքրման արտահոսքերը Սեւանի ՋԿՏ-ի գետեր կամ անմիջապես Սեւանա լիճ: 2019թ. «Անտառային մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ը կատարել է 1901.5 բացարձակ նիշն ընկած տարածքների մանրամասն ուսումնասիրություններ եւ գնահատում, ինչպես նաեւ ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքերի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ նախարարության եւ «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի միջեւ 2019 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված 2019-2021 թվականների համար Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված էր 2019 թվականին մաքրել ընդհանուր 98 հա տարածք, որից 4-ը՝ ջրածածկ։ Լիարժեք մաքրված տարածքները կազմում են շուրջ 30 հա, եւս 50 հա անտառածածկ տարածքներում հիմնականում ավարտվել են ծառերի, թփերի հատման աշխատանքները։ Անտառածածկ տարածքների աննախադեպ խտությունը, անկանխատեսելի խորությամբ ճահճուտները, եղանակային անբարենպաստ պայմանները նախատեսվածից ավելի կոճղերի առկայությունը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել աշխատանքները պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտելու համար։ Ի դեպ՝ 2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է նախագիծ, որով բացառել է Սեւանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավելի ջրառ իրականացնելու հնարավորությունը: Կառավարությունն այսուհետ Սեւանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորության համար կարող է դիմել միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։  2019 թվականի հունիսին ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնել էր, որ բարձր ջերմաստիճանի եւ վերը նշված մի շարք բացասական գործոնների համադրության արդյունքում Սեւանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում, բայց նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն եւ կնվազեն աղտոտումները։  Հուլիսի 10-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ ՇՄ նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է խնդիրը, երկրորդ փուլն են սկսում։ ՇՄ նախկին նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ միանշանակ է՝ կեղտաջրերը չպետք է լցվեն Սեւան, մաքրման կայաններ պետք է լինեն, մաքրվեն ջրի տակ մնացած բուսական հատվածները, եւ այլն։ Նախարարությունը վստահեցրել էր, որ մինչեւ 2021-ը 770 հա տարածք կմաքրվի, մինչդեռ նախկինում տարեկան 80հա պլանային մաքրումներ էին նախատեսված։  Օրեր անց՝ հուլիսի 25-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:  Երեկ արդեն՝ հուլիսի 21-ին, ՇՄ նախարարությունը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։ Բացի այդ՝ սկսվել են Սեւանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման եւ գույքագրման աշխատանքները, եւ, ըստ նախարարության հայտարարության, համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Իսկ մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։ ՇՄ-ն հավելել է, որ մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։ Այսպիսով, Արամ Սարգսյանի գրառումը մանիպուլյատիվ ու խնդրահարույց պնդումներ է պարունակում․ քաղաքական գործիչը, առանց անուններ նշելու, հայտարարել է, թե ՌԴ-ից օրավարձով գումար ստացող բնապահպաններն են փակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, այնինչ բազմաթիվ են վկայությունները, այդ թվում՝ վարչապետի՝ Ջերմուկ կատարած այցի տեսքով, որ հանքի շահագործմանը դեմ են տեղի ու հարակից համայնքների բնակիչները, որոնք իրենց երբեւէ չեն ներկայացրել որպես բնապահպան։ Իսկ բնապահպաններն իրենց՝ գումարով ակցիա անելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությունից հետո վերջինիս դեմ դատական հայց էին ներկայացրել՝ զրպարտության համար։ Ինչպես Ավինյանը, այնպես էլ Արամ Սարգսյանը, մինչ այս պահը որեւէ փաստ չեն ներկայացրել բնապահպանների՝ որեւէ տեղից ֆինանսավորվելու մասին։ Հաջորդիվ, Սարգսյանը պնդել է, որ բնապահպանները Սեւանի հարցով լռել են, քանի որ դրա համար գումար չեն ստացել։ Սակայն, ինչպես արդեն ներկայացրինք, բնապահպանները դեռ 2000-ականներից են ահազանգում Սեւանա լճի խնդիրների մասին։ Բացի այդ, նախկինում Սոթքի, այսօր արդեն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր խնդիրների մասին խոսելիս բնապահպանները ինքնըստինքյան խոսում են ի շահ Սեւանա լճի, մանավանդ, ինչպես նշված է ELARD-ի փորձաքննության մեջ, երկրաշարժի դեպքում Ամուլսարի հանքից թունավոր նյութեր կարող են լցվել լիճ՝ այս անգամ Կեչուտի ջրամբարով։ Հավելենք նաեւ, որ երեկ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել Արամ Սարգսյանի գրառման վերաբերյալ՝ ներկայացնելով, թե վերջինս ինչ կապ ունի Ամուլսարը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Ըստ հրապարակման՝ վերջին շրջանում Ամուլսարում սադրիչ գործողություններ իրականացնող խմբավորումները ներկայացել են «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ի աշխատողներ, իսկ այս ընկերությունը համագործակցում է «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է, որն էլ 2018թ․ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում էր։ Ի վերջո, եթե նույնիսկ բնապահպաններ կամ բնապահպանական խմբեր չլինեն, պետության տարածքում էկոլոգիական խնդիրները կանխում կամ լուծում են կառավարությունները՝ համապատասխան գերատեսչություններով, եւ բացի անհատական-քաղաքացիական պատասխանատավությունից՝ որեւէ մեկը այլ պարտավորություն չունի ամեն օր հայտարարել, որ Սեւանա լիճը ծաղկում է, վերջնակետը ճահճացումն է, եւ այլն, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն կամ որոշեն լուծել հարցը։  Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է։ Հայարփի Բաղդասարյան, Ասպրամ Փարսադանյան
13:54 - 23 հուլիսի, 2020
Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների կողմ, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ․Նիկոլ Փաշինյան

Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների կողմ, անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ․Նիկոլ Փաշինյան

Չենք կարող անտեսել, որ 2016 թվականի ապրիլից հետո 2-րդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա է խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կոչը՝ զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությւոնից։ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհը իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա, բայց և այնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք։ Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր խոսքում մասնավորապես  ընդգծեց․ «Մեր դիրքորոշումները արտահայտվում են հետևյալով՝ 1․ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին՝ համապատասխան, նոր բովանդակություն հաղորդելը։ 2․ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։ 3․ Արբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։ 4․ Բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է՝ իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցությունները իմաստ ունեն, եթե Ադրբեջանը ետ կանգնի իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ լինի փոխզիջման։ Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում։ 5․ Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնաչկությանն ու ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ։ Արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում ՀՀ սահմանամերձ բնակավայրերին, Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, բնապահպանական, տնտեսական, տեղաշարժի և այլ իրավունքներ։ Այն մոտեցումը, որը այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո՝ ընդունելի չեն։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։ 6․ Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը՝ փաստացի խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե ե՞րբ և ո՞ր կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որը տարածաշրջանում ունի տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայություննը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում։ Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։ 7․ Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ՝ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը։  Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, հուլիսյնան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական  հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում՝ մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության և համախմբվածության նոր մակարդակի են հասել։ Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական և դիվանագիտական պոտենցյալը զարգացնելու ուղղությամբ։ Մենք կհաղթենք, որովհտեև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»։
12:24 - 23 հուլիսի, 2020
Կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած․ Հայոց բանակը ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն․ Նիկոլ Փաշինյան

Կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած․ Հայոց բանակը ցուցաբերեց բարձրակարգ մարտունակություն․ Նիկոլ Փաշինյան

Ինչպես գիտեք, սույն թվականի հուլիս 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր ելույթում նշեց․ «Ադրբեջանական կողմը կրել է  բազմաթիվ կորուստներ, այդ թվում սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն էր։ Շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը, և սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար։ Այս ամենի ֆոնին հարկ եմ համարում կատարել մի քանի կարևոր արձանագրումներ։ Նախ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա  և ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետը, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ են։ Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանական այն միֆը, թե իր բանակը կարող է հաղթել հայկական բանակին և հետևաբար, այն, թե Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չխոսել մեզ հետ ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում  ուժերի իրական հարաբերակցությունը։ Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն, նկատի չունեմ միայն սպառազինությունների և զինված ուժերի քանակը , այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը։ Հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ Զինված ուժերը, Հայոց բանակը,  ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն։ Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց, իր այս կարգավիճակը։ Կարևոր եմ համարում նաև այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն և վստահություն իր լեգիտիմ կառավարությանը և զինված ուժերին։ Կուզենայի առանձնահատուկ ընդգծել Սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին՝ իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը և  սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցները այս օերրին ևս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի և մեկ ինքնություն։ Սիրելի հայրենակիցներ անցած օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք, մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա Զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։ Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լիենլու՝ Ադրբեջանի էությունը։ Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները և նրանց երկրները։ Այս տեսակտից հատկապես արդյունավետ էր ՌԴ-ի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես ԱԳՆ-ի , այնպես էլ Զինված ուժերի գլխավոր շտաբերի մակարդակով։ Միակ երկիրը, որը  փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում և ավանդական հակահայկական քարոզչությունը, որը արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարցմամբ։ Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր, բայց նրա ագրեսիվությանը աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ որևէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած և վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի և հասարակության տոկունության վրա , բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ ՝մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել»։ 
11:48 - 23 հուլիսի, 2020
Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի ընդունելության քննությունները հունիսի առաջին տասնօրյակի փոխարեն անցկացվեցին հուլիսի առաջին տասնօրյակում։ Բացի քննությունների ժամկետների հետաձգումը՝ փոփոխություններ կատարվեցին նաև քննական առարկաների հետ կապված. դիմորդները պետք է հանձնեին մեկ քննություն՝ նախորդ տարիների մի քանիսի փոխարեն:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեկ քննության նպատակը ոչ միայն դիմորդների ատեստատների գնահատակնները, այլ նաև նրանց գիտելիքները ստուգելն էր։ Նախորդ ամիս արդեն հրապարակվեց բուհերի բակալավրի և անընդհատ ու ինտեգրված կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը: Հայտագրումը կատարվեց էլէկտրոնային եղանակով, որի միջոցով դիմորդները միաժամանակ ընտրում էին թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: «Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց dimord.am կայքի հայտագրման բաժինը, և, ըստ էության, կորոնավիրուսային այս համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ համակարգը հեշտացված է, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան։ Կայքում էլ առկա էր տեսանյութ, որը դիմորդներին ծանոթացնում էր առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման գործընթացին: Սակայն հուլիսի 18-ից հետո, երբ արդեն ավարտվել էին քննություններն ու անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվել էին, դիմորդները և նրանց ծնողները սկսեցին բողոքել քննությունների արդյունքներից՝ մասնավորապես նշելով, որ ավելի ցածր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել են տվյալ բաժիններ, իսկ համեմատաբար բարձր միավորներ հավաքածները՝ ոչ:  Երեկվանից բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, որն այսօր էլ շարունակվում է։ Թե ինչու են ավելի բարձր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել համալսարաններ՝ հայտադիմումի մեջ նշված 3-4 մասնագիտություններով, կամ ընդհանրապես չեն ընդունվել, ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ այս տարվա հայտերի լրացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ առաջնահերթությունը տրվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված առաջին մասնագիտությանը. «Մասնագիտական կողմնորոշումն այս տարի կարևորվեց, և առաջին հայտի գերակայությունը գործեց ոչ միայն անվճար, այլև վճարովի տեղերի համար: Դիմորդը մասնակցում է մրցույթին՝ առաջին հայտով նշած  մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն բավարարում,  ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը: Եթե մեկը մանկուց երազել է մի մասնագիտություն ստանալ, ինքն անպայման դրական միավորներ ստանալու դեպքում պետք է հնարավորություն ունենա ընդունվել համալսարան՝ հենց այդ մասնագիտությամբ: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը, որը մասնագիտությունը հայտագրել է 2-3 հայտով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմորդի համար առաջնային պետք է լինի ոչ թե բարձրագույն կրթություն ստանալը, այլ հենց իր երազած մասնագետը դառնալը:  Այս մասին ասված էր նաև ԿԳՄՍ նախարարության հրապարակած 2020-2021թթ.  ուսումնական տարվա ընդունելության սկզբունքների մեջ, որտեղ նշված էր, որ առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ որ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար ու վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Հարցին՝ արդյոք դիմորդները պատշաճ իրազեկվե՞լ են փոփոխությունների մասին, ԳԹԿ մամուլի պատասխանատուն ասաց, որ ոչ միայն հայտը լրացնելիս ընդունելության կարգի մեջ է նշված եղել, այլ նաեւ տեղադրված իրազեկող տեսանյութի միջոցով են տեղյակ պահել դիմորդներին և նրանց ծնողներին: Մեր զրուցակիցը նկատեց, որ նախորդ տարիներին, երբ դիմորդները բուհում էին հանձնում փաստաթղթերը, իրենց ներկայացվում էր քննակարգը, ծանոթանում, ստորագրում էին, իսկ այս տարի առցանց կարող էին հայտագրվել միայն այն դեպքում, երբ  քննակարգին կծանոթանային, V-աձեւ նշանը կդնեին։ «Այլ բան է, որ մարդիկ դրան ուշադրություն չեն դարձրել, գուցե չեն կարևորել: Բացի դրանից՝ առցանց հայտագրման մասին դիմորդների, նրանց ծնողների համար տեսահոլովակ է պատրաստվել ու եթեր գնացել»,- ասաց Գրիգորյանը: Մեր դիտարկմանը, որ հիշյալ տեսահոլովակում այս էական փոփոխության մասին չի ասվում, վերջինս պնդեց, որ այդ մասին ասված է՝ առաջին հայտի գերակայությությունը գործում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար․ «Նախորդ տարիներին միայն անվճարի համար է գործել, բայց այս տարի նաև վճարովի տեղերի: Այսինքն, եթե դիմորդը մասնակցում է մրցույթին առաջին հայտով նշած իր մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն հերիքում, ինքն ավտոմատ մասնակցում է նաև նույն մասնագիտության վճարովի մրցույթին, դա այս տարվա նորությունն էր»: Գրիգորյանի խոսքով՝ ամեն կառույց իր հերթին ամեն տարվա քննական գործընթացից հետո հետևություններ է անում: Նրա դիտարկմամբ՝ մասնագետների կարծիքներ կարող են լինել, որ ափսոս են դիմորդների ստացած միավորները, որոնք անհամեմատ ավելի բարձր են, բայց նաև մեծ մասին կարծիքն այն է, որ մասնագիտական կողմնորոշումը կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է դիմորդների ծնողների մատնանշած մնացած խնդիրներին՝ ցուցակներում անունների կրկնության, եկող մի քանի նամակների, դրանց իրարամեժության վերաբերյալ, բացատրեցին, որ տեխնիկական խնդիրներ են: Դիմորդների պահանջի՝ նոր տեղեր ավելացնելու վերաբերյալ էլ ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ իրենք ուղղակի կազմակերպում են քննությունները, իսկ տեղեր ավելացնելու կամ չավելացնելու, ինչպես նաև դրանց հիմնավորումների մասին որոշումներ պետք է ընդունի նախարարությունը:  Իսկ ահա ԿԳՄՍՆ-ից այս հարցին դեռեւս պատասխան չունեն։ Նշենք, որ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից ստացած դիմում-բողոքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների համար տեղերի ավելացման և այլ հարցերով:  Զարա Խաչատրյան
19:08 - 22 հուլիսի, 2020
ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան

ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ․ Ռուստամ Բադասյան

Նախ եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադարական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ, այսինքն  արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածը արձակուրդային է ՍԴ-ի համար, հետևաբար ոչ մի խնդիր չի առաջանա։  «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական։ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չեմ համարում։ Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։  
13:08 - 22 հուլիսի, 2020
Սևանա լճի հարակից տարածքից  ապամոնտաժման նպատակով գույքագրվել է 1724 շինություն․ Ոսկեհատ Գրիգորյան

Սևանա լճի հարակից տարածքից ապամոնտաժման նպատակով գույքագրվել է 1724 շինություն․ Ոսկեհատ Գրիգորյան

Ուզում եմ խոսել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությանն ուղղվախ ռազմավարական ծրագրերի և իրականացված միջոցառումների մասին։ Կառավարության ծրագրի՝ «Շրջակա միջավայր» բաժնում ներռվել է հատուկ ուղղություն՝ Սևանա լճի էկո- համակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության ուղղությունը։ Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ցանկանում եմ նշել լճի ջրածածկ  ափամերձ տարածքների և ջրածածկ անտառների մաքրման աշխատանքների իրականացումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը։ Վերջինս ներկայացրեց նախարարության կողմից իրականացված աշխատանքները․ «Վերջին տվյալներով, օգտագործելով բարձրագույն տեխնոլոգիաներ գույքագրվել և վեր է հանվել ընդհանուր պատկերը՝ ջրածածկման ենթակա տարածքների մինչև 1901․5 մետր հատվածներում, դա արվում է մոտ 750 հա տարածքում ։ Նախատեսվել է այդ ծավալի աշխատանքներ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում։ Այդ նպատակով  նախարարությունը պայմանագիր է կնքել «Հարություն Շին» ՍՊԸ-ի հետ և 2019 թվականին իրականացվել են  98 հա անտառմաքրման աշխատանքներ, 2020 թվականին նախատեսվում է 271 հա անտառմաքրում, որից արդեն 50 հա-ի մաքրման աշխատանքներն արդեն իրականացվել են ։ Մյուս խնդիրը, որը շատ կարևոր և առանցքային է, դա շենք- շինությունների ապամոնտաժման աշխատանքներն են։ Շենք- շինությունների ապամոնտաժման նպատակով նխարարությունը գույքագրել է 1901,5 մետր նիշքից ներքև ընկած շինությունները, որոնք  թվով 1724-ն են, դրանցից 32-ը համարվում են պետական- համայնքային շենք- շինություններ, որոնց ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակներում։ Շրջակա միջավայրի նախարարությունը կատարելով բյուջեի վերաբաշխում իր համակարգում մինչև 2020 թվականի ավարտը նախատեսում է ֆինանսավորել թվով 24 պետական շենք- շինությունների ապամոնտաժման աշխատանքները, մնացած մասնավոր սեփականություն հանդիսացող տնտեսվարողներին ծանուցվել է պատշաճ մակարդակով ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու մասին։ Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված պետք է նշեց, որ այդ հարցը քննարկվում է , դրա հետ համակատարող ստորաբաժանումներ են հանդիսանում ՏԿԵՆ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը և դրա շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը  նախատեսել է միջոցառում  3 խոշոր աղտոտող համայնքների՝ Գավառ, Մարտունի և Սևան,  մեխանիկական  մաքրման կայաններին կից հիմնել կենսաբանական մաքրման կայաններ։ Այս նպատակով Սևանա լճի տարեկան ծրագրում նախատեսված է միջոցառում՝ 2020 թվականի ընթացում իրականացնել այդ մաքրման կայանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և ֆինանսավորման առկայության դեպքում կենսաբանական մեկ բաղադրիչի՝ կայանի  կառուցումը Գավառ քաղաքում։ Նախարարությունը պարբերաբար քննարկումներ է իրականացրել Սևանա լճում զբոսաշրջանային գործունեւոյթւոն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ՝ մաքրման կայանների կարևորության և օրենքի պահանջի պահպանման առումով։ Կազմակերպվել են քննարկումներ նաև լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների և տնտեսվարողների միջև։ Այս պահին տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան՝ առավել խոշոր տնտեսվարողների մոտ։ Նախատեսվում է ընդլայնել այս թիվը, տնտեսվարողները ծանուցվել են այս կայանների պարտադիր առկայության մասով, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»։
12:53 - 22 հուլիսի, 2020
Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ․ Գայանե Շահնազարյան

Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ․ Գայանե Շահնազարյան

2018 թվականից  սկսված ծաղկման պրոցեսները շարունակվում են Սևանա լճում և յուրաքանչյուր տարի հունիսի  վերջերին սկսվում է և տևում է մինչև օգոստոսի կեսերը՝ իր բնական պրոցեսներով, սկսվում է ինտենսիվ փուլը, այնուհետև քայքայման փուլը և պրոցեսը վերանում է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։ Վերջինս իր խոսքում մանրամասն ներկայացրեց Սևանա լճում տիրող իրավիճակը․ «Այս տարի ևս անմասն չենք մնացել այդ բացասական երևույթի դրսևորումից և մի փոքր ուշացումով՝ հուլիսի սկզբին սկսվել է ծաղկման պրոցեսը։ Այն կտևի մինչև մոտ երկու- երեք շաբաթ։ Սևանա լճում այս երևույթները հետևանք են նախորդ դարից սկսած Սևանա  լճի մակարդակի իջեցման, որի հետևանքով ամբողջովին խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը և էկո-հավասարակշռական պրոցեսները իրենց ուղղությունները փոխել են։ Արդյունքում ունենք, որ Սևանա լճում տարիների ընթացքում կուտակվել է սնուցող նյութերի մեծ քանակություն, որն էլ պատճառ է դառնում այս ծաղկման պրոցեսների։ Հիմնականում այդ սնուցող նյութերի ծավալի ավելացումը և գոյությունը լճում՝ կախված է մի քանի պատճառներից։ Առաջին հերթին դա ամբողջ ջրահավաք ավազանի կոմունալ- կենցաղային կեխտաջրերն են, որոնք մասամբ մաքրված՝ մեխանիկական մաքրման ենթարկված, լցվում են լիճ։ Նախորդ տարիների համեմատությամբ, արձանագրել ենք, որ 1929 թվականին էականորեն ցածր էին ազոտային միացությունների քանակությունը, իսկ հետագա տարիներին այդ սնուցող նյութերի ծավալը գետերում բավականին բարձր է։ 1920-ական թվականների  համեմատությամբ, այսօր մոտ 10 անգամ բարձր է նիտրատի պարունակությունը և նմանապես մնացած բոլոր սնուցող նյութերի պարունակությունը։ Երկրորդ պատճառը դա Սևանա լճի ափամերձ շրջաններում  գտնվող հանգստյան տների, հյուրատների ազդեցությունն է, այս ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել՝ բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ։ Մյուսը դա ջրածածկ եղած տարածքներն են, որոնք ևս հանդիսանում են սնուցող նյութերի աղբյուր Սևանա լճի համար։ Այս բոլորի գումարային ազդեցության հետևանքով 1920-ական թվականների համեմատությամբ այդ սնուցող նյութերի ծավալները զգալիորեն աճել են, որը պետք է նվազեցվի։ 2020 թվականի հուլիսի 21-ին լճի մակարդակը կազմել է 1900․78 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 3 սանտիմետրով։ Հուլիսի 21-ի դրությամբ լճից բաց թողնված ջրի քանակը մոտ 18․9 մետր խորանարդով ավել է, քան 2019 թվականին։ Արփա -Սևան թունելով Սևանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը 15․6 մետր խորանարդով ավել է, քան նախորդ տարի։ Մարտ ամսին դիտվել է բավականին տաք ժամանակաշրջան, որի հետևանքով Սևանա լճից տեղի ունեցող գոլորշիացումը նորմայից բարձր է եղել»։
11:48 - 22 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել էր ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի  ՍԴ, ապա ինքը 5-օրյա ժամկետում կստորագրի այն: Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Հունիսի 30-ին ԱԺ-ում ընդունված և այսօր ԱԺ նախագահի ստորագրած փաթեթով նախատեսվում են ՍԴ դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ, ինչպես նաև ՍԴ երեք դատավորների կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:
10:14 - 22 հուլիսի, 2020
Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Politik-ը խեղաթյուրել է վարչապետի խոսքը․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա

Նախօրեին՝ հուլիսի 19-ին, Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա» վերտառությամբ մի նյութ, որտեղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը ներկայացված է մանիպուլյատիվ կերպով։ Politik.am-ը, մասնավորապես, նշելով, որ Մինսկում ՀՀ վարչապետը Միշուստինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին եւ ռազմական բախումներին, մեջբերել է Փաշինյանի խոսքը․ «Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը»։ Ընգծելով տողը՝ հեղինակը հանգել է եզրակացության, թե՝ ստացվում է՝ Հայաստանի վարչապետը Մինսկում պնդել է, որ Ալիեւը պատերազմ չի ուզում եւ իր բանակը չէր հարձակվի Հայաստանի սահմանների վրա, եթե չլիններ երրորդ կողմը։  Սակայն ոչ միայն վարչապետի խոսքից է ակնհայտ, որ նա նկատի չի ունեցել, թե Ադրբեջանը պատերազմ չի ուզում, կամ որ առանց երրորդ կողմի չէին սկսի ռազմական գործողություններ, այլ նաեւ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Փաշինյանի մնացյալ ելույթներից։ Մասնավորապես, էսկալացիայի հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կոշտ գնահատական է հնչեցրել Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են եւ դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը:  Փաշինյանն այստեղ ընգծել է, որ խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Վարչապետը նկատել է, որ հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ։ Վարչապետը վստահեցրել է, որ որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Այնուհետեւ Փաշինյանը դիմել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հարցնելով՝ ի՞նչ տեղեկություն կարող է հայտնել, ի՞նչ է տեղի ունեցել երեկ, եւ ինչպիսի՞ն է վիճակն այդ պահին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասել է, որ հուլիսի 12-ին, ժամը 12.30-ին մեր դիրքերից մեկին մոտեցել է ՈՒԱԶ ավտոմեքենա, անհասկանալի պատճառներով զինծառայողները դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը: Քանի որ շարժումն անսպասելի է եղել մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանական զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը,՝ կոչ են արել լքել տարածքը: Ինչպես հայտնել է նախարարը՝ թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքերը, որից հետո սկսվել է 82 մմ-անոց ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաեւ մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով:  Փաշինյանն այս պատասխանից հետո նկատել է՝ տպավորություն ստացվեց, որ, հնարավոր է՝ ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել են, հեռացել, ապա հարցրել է՝ հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված՝ ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունն սկսել: Տոնոյանն էլ պատասխանել է, որ  եթե այդպիսի ցանկություն լիներ, երեւի ինչ-որ ձեւաչափով կապի դուրս կգային եւ չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի ավտոմեքենան վերադարձվի, բայց անմիջապես սկսվել է հրետակոծություն:  Բայց, ըստ Politik-ի, Փաշինյանը հայտարարել է, թե իր տպավորությամբ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել, որպեսզի ադրբեջանցի մոլորված զինվորականների թողած «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան հետ տանեն։ Հեղինակը նաեւ հավելել է, թե սա փորձագետների մոտ անհանգստության առիթ դարձավ, քանի որ ստացվում է, որ Հայաստանի վարչապետը արդարացումներ է գտնում Ադրբեջանի համար։ Politik.am-ը նաեւ եկել է եզրակացության, թե Փաշինյանի այս հայտարարությունից հետո աշխարհում թուլանալու է Ադրբեջանին ագրեսոր համարող պետություններ վերաբերմունքը, քանի որ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե ինչ որ անտեսանելի երրորդ կողմ ստիպում է նրանց ռազմական ագրեսիա իրականացնել։ Բայց այս հայտարարությունից հետո եւ հուլիսի 12-ից ի վեր միջազգային հանրության արձագանքը՝ Ադրբեջանին ագրեսոր համարելու տեսանկյունից, ըստ էության, չի թուլացել, որին անդրադարձել ենք այս հրապարակման մեջ՝ ներկայացնելով, թե տարբեր երկրների պաշտոնյաներ ինձ հայտարարություններով են հանդես եկել՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները եւ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Այս տեսանկյունից հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանի ՊՆ խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը հրետակոծելու վերաբերյալ հայտարարությունը եւս կոշտ արձագանքի է արժանացել միջազգային գործընկերների կողմից։  Բացի այս՝ Միշուստինի հետ հանդիպումից հետո նոր հայտարարություններ էլ են եղել։ Մասնավորապես, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Մենք հայ հանրության կողքին ենք՝ ընդդեմ բռնության։ Ադրբեջանը պարտավոր է վերջ դնել հայկական ատոմակայանին հարված հասցնելու մասին սադրիչ եւ վտանգավոր սպառնալիքներին եւ ընդունել միջազգային դիտորդներին։ Երկխոսությունը եւ դիվանագիտությունը միակ ուղին են տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար»։ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն էլ նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաեւ դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բուայեն։ Նա Ֆրանսիային եւ Եվրամիությանը խնդրել է հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ եւ սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին, թվիթերի իր միկրոբլոգում Փաշինյան-Միշուստին առանձնազրույցից հետո գրել է, որ հրադադարի որեւէ խախտում այլեւս չպետք է հանդուրժել, եւ անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում:  Հարկ է նշել նաեւ, որ երրորդ կողմից ագրեսիայի հրահրման կամ Ադրբեջանին աջակցություն հայտնելու մասին պնդումը երբեք չի կարող ընդունվել որպես ագրեսորի արդարացում, այլ նշվում է, որ ագրեսորին հրահրում կամ աջակցում է երրորդ կողմ, ըստ ամենայնի՝ Թուրքիան։ Իսկ Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցող հայտարարությունների մասին ՀՀ արտաքին գերատեսչությունը մեկ անգամ չէ, որ արձագանքել է։ Ընդ որում՝ Արտաքին գործերի նախարարությունը չի կարող գործել կամ հայտարարություններ տարածել առանց քաղաքական ղեկավարության համաձայնության կամ նրանից անջատ։ Մասնավորապես, հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ: ԱԳՆ-ն նաեւ հուլիսի 15-ին է հայտարարություն տարածել Թուրքիայի՝ դարձյալ Ադրբեջանին սատարող հայտարարության վերաբերյալ։ Նախարարության արձագանքը այս շրջանի ամենակոշտ դիտարկումներից էր։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: «Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունների վերաբերյալ հայտարարություններին, նշենք նաեւ, որ Միշուստինի հետ առանձնազրույցից առաջ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որտեղ բոլոր ներկաների առաջ իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, սանձազերծել է ռազմական գործողություններ՝ Հայաստանի սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ, եւ որ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը եւ ստիպել մեզ չհիմնավորված եւ միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, եւ խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», - նկատել է Փաշինյանը: Այսպիսով, Politik.am-ը խեղաթյուրել է վարչապետի ասած խոսքը, այդ խեղաթյուրված միտքը ներկայացրել է որպես իրողություն եւ նշել նաեւ վերնագրում․ Փաշինյանը չի ասել, թե Ադրբեջանը չի ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, նրա հրապարակային արձագանքները մշտապես եղել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող, իսկ հայտարարությունները միջազգային արձագանքը չեն թուլացրել։ Հայարփի Բաղդասարյան
13:42 - 21 հուլիսի, 2020
Սևանի կանաչելու գործոնները․ ինչ պետք է անել և ինչ է արվել

Սևանի կանաչելու գործոնները․ ինչ պետք է անել և ինչ է արվել

Սեւանա լճի «կանաչելու» խնդիրը դարձյալ հանրային քննարկման տիրույթում է։ Շրջական միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց կանաչած Սեւանի արբանյակային պատկերները, որոնցից երեւում է, որ լիճը կրկին կանաչում է։ Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այս խնդիրը կարգավորելու անհրաժեշտության, դրա լուծման տարբերակների մասին, մասնագետները քայլեր են առաջարկել՝ լճի մակարդակի բարձրացում, ջրառի փոքրացում, եւ այլն, սակայն սայլը տեղից կարծես չի շարժվել։ Դեռեւս 2019 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սեւանի կանաչման գործոնները մի քանիսն են։ Նախկին նախարարն ասել էր, թե այդ պահին կապտականաչ ջրիմուռների՝ վիզուալ տեսանելի աճը առկա է նաեւ Բայկալ լճում, Սեւ ծովում եւ այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ Գեղարքունիքից կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է լիճ, ինչպես նաեւ՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերն են լցվում, մյուս պատճառն էլ, ըստ Գրիգորյանի, ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում։ Մասնագետների ու բնապահպանների կարծիքով եւս խնդրի հիմնական պատճառը տարածքի աղտոտումն ու լիճ թափվող կոյուղաջրերն են։ Սեւանի «կանաչելու» պատճառների եւ դրանց հնարավոր լուծումնեի մասին Infocom.am-ը  զրուցեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի հետ։ - Տիկի՛ն Հովհաննիսյան, այս տարի նույնպես նկատվում է, որ Սեւանա լճի որոշ հատվածներ սկսել են կանաչել։ Արդեն մի քանի տարի է՝ այս խնդիրը պարբերաբար կրկնվում է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմանկան պատճառը։  - Կրկին կանաչել է, որովհետեւ ոչինչ չի փոխվել անցյալ տարվանից ի վեր։ Նույն ձեւով 28 գետ լցվում է Սեւան, եւ մեկ Հրազդան է դուրս գալիս, այդ 28 գետերը Սեւանի ջրահավաք ավազանից բերում են ամբողջ կեղտաջրերը՝ լվացքի ջրերը, գյուղատնտեսական, դաշտերից ինչ-որ բաներ են խառնվում ջրի հետ։ Այն, ինչ նպաստում է Սեւանի ծաղկմանը, կոչվում է էտրոֆիկացիա՝ որակի վատացում, դեպի ճահճացման գնալն է։ Այդ բոլոր աղտոտիչները նույն ձեւով լցվում են, մենք ոչ մի տեղ չունենք մաքրման կայան, որը լիարժեք կմաքրի կեղտաջրերը։ Միայն մեխանիկական մաքրում է կատարվում․ Սեւանի ավազանում երեք կայանք կա, իսկ կենսաբանական մաքրում չի կատարվում։ Հիմնական աղտոտիչն այդ կենսաբանական աղտոտվածությունն է։ Սակայն, բացի դրանից, մենք նաեւ ջերմային աղտոտման ենք ենթարկում։ Գետերի բերած ջրերը՝ լվացքաջրերը, աղտաջրերը, առաջ սառն էին ավելի, հիմա դրանց ջերմաստիճանը բարձրացել է, ուրեմն մենք նաեւ ջերմային աղտոտվածության ենք ենթարկում։ Սեւանի շուրջ հանգստի, զվարճանքի 400 եւ ավելի օբյեկտներ կան, որոնք իրենց կեղտաջրերը ամբողջությամբ լցնում են լճի մեջ։ Իսկ մաքրման սարք ունեն այդ օբյեկտենրից միայն 14-ը․ սրանք անցյալ տրվա ստույգ տվյալներ են։ Այդտեղ լուրջ վերահսկողույուն է պետք։ Ոչինչ չի փոխվել, դրա համար էլ շարունակվում է նույն բանը, դեռ անցյալ տարի եմ ասել, որ քանի գնա՝ իրավիճակը կվատանա, հարկավոր է մաքրման կայաններ կառուցել, որպեսզի Սեւան մտնող ջրերը այդքան աղտոտվածություն չբերեն։ Երկրորդ կարեւոր անելիքն էլ՝ Սեւանի առափնյա հանգստյան օբյեկտներին պարտադրել ունենալ մաքրման սարք, հակառակ դեպքում՝ փակել օբյեկտը եւ վերջ։  - Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Ձեր նշած կանխարգելիչ միջոցները չեն իրականացվում։ Արդյոք դրանց համար լուրջ ֆինանսական միջոցնե՞ր են անհրաժեշտ։ - Նաեւ քաղաքական կամք է հարկավոր, մտահոգություն է հարկավոր։ Իհարկե, ես հասկանում եմ, որ կառավարությունն ամեն բանի չի կարող հասցնել ձեռքը, բայց էդտեղ ուշանալը մահ է Սեւանի համար։ Չենք կարող ուշանալ, մենք անպայման պետք է կառուցենք այդ կայանները։ Գոնե հիմա այդ առափնյա օբյեկտներին պետք է ստիպենք՝ իրենց եկամուտների մի մասը տրամադրել մաքրման կայաններ ստեղծելուն, դա այդքան թանկ հաճույք չէ։ Ոորովհետեւ լոկ բառեր չեն՝ մենք Սեւան ենք կորցնում։ Շատ խնդիրներ կան, գյուղատնտեսական դաշտերից պարարտանյութերը նույնպես լցվում են լիճ։ Ամենամեծ խնդիրը նաեւ այն է, որ Սեւան մտնող գետերի վրա պետք է ՀԷԿ-եր կառուցված չլինեն, որովհետեւ դրանք խախտում են գետերի ջրային էկոհամակարգի վիճակը։ Այսինքն՝ մենք բերում ենք Սեւան ավելի աղտոտված, ավելի տաք ջրեր եւ սպասում ենք, որ Սեւանը դա կհաղթահարի՞։  - Այս տարիների ընթացքում տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ արտահայտեցին, կային նաեւ պաշտոնյաներ, որոնք նշում էին, թե Սեւանի ջուրը վտանգավոր չէ, երբ կանաչ է։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, որքանո՞վ է այն վտանագավոր լողորդների համար։ - Եթե որեւէ մեկը նման բան է ասում, ուրեմն այդ տարածքում բիզնես ունի։ Մանավանդ երեխաներին չի կարելի թույլ տալ լողալ այդ կապտականաչ ջրերում, որովհետեւ այդ ջրիմուռները, որոնց պատճառով ջուրը կանաչում է, թույն են արտադրում։ Եթե երեխան կուլ տա այդ ջուրը, ամենաքիչը կհիվանդանա ստամոքսային հիվանդությունով։ Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ դա հնարավոր է։ Նույն կերպ լողալը, շատ զգույշ է պետք լինել։ Մենք պետք է շատ հոգատար լինենք, քանի որ մեր Սեւանը ամբողջ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրավազանն է։ Եթե մենք դիմենք համայն  հայությանը, շատերը կարձագանքեն, եւ մենք գումարի խնդիր չենք ունենա։ Նախ  «Սեւան ազգային պարկը» պետք է հետամուտ լինի այս գործընթացներին։ Մենք Սեւանի մասին օրենք ենք մշակել, բայց այն խախտվում է մի քանի հոդվածներով։ Սեւանը շատ ուժեղ ինքնամաքրման բնութագիր ունի, եթե 2-3 տարի չբռնաբարենք այդ ջրավազանը, այն կվերականգնվի 100 տոկոսով։ Ամբողջությամբ վերացրել են խեցգետիններին, իսկ դրանք Սեւանի սանիտարներն էին, դա էլ ձկնորոսությունների արդյունքն է։ Ի վերջո, խուսափեք երեխաներին ուղարկել Սեւանի ափ, որ չլողան, դա վտանգավոր է։  Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն էլ Infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին մասնագիտական ստորաբաժանումները խնդրի շուրջ աշխատանքներ են իրականցնում, եւ շաբաթվա  ընթացքում նախարարության «Հիդրոօթերեւութաբանության» ՊՈԱԿ-ը ջրի նմուշառումներ է իրականացնելու՝ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար։  «Մենք ունենք նաեւ արբանյակային տեսանկարահանումների պատկերներ, որոնք այս պահին թույլ են տալիս հասկանալ դրա ծավալների վերաբերյալ նախնական տվյալները եւ տարածման ուղղությունները։ Երբ նմուշառումներն իրականացվեն, առավել ստույգ տեղեկություններ հնարավոր կլինի տարածել։ Դեռեւս 2019 թվականին մենք արդեն հայտարարել էինք, որ 2020-ին նույնպես սպասվում է կանաչում։ Այս պրոցեսը երկու-երեք տարիների պատմություն չէ, այլ երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրների՝ ջրի մակարդակի իջեցում, լիճ լցվող կոյուղաջրեր, ափամերձ հատվածներում անառածածկ, եւ այլն»,- ասաց Գրիգորյանը։  Վերջինս տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում  Շրջակա միջավայրի նախարարությունն 98հա ափամերձ անտառածածկ տարածք է մաքրել, ինչը, ըստ Գրիգորյանի, շատ ավելի թեթեւացրել է իրավիճակը, բայց կան նաեւ այլ աշխատանքներ, որոնք հընթացս իրականացվում են։ Գրիգորյանը ընդգծեց, որ Եվրամիության հետ ունենք համաձայնագիր, որի շրջանակներում 5 միլիոն եվրո պետք է տրամադրվի Սեւանի էկոհամակարգային խնդիրներին վերաբերող հարցերն ուսումնասիրելու եւ ճանապարհային երկարաժամկետ քարտեզ մշակելու համար, սակայն միջազգային մասնագետները, որոնք պետք է ժամանեին Հայաստան, համավարակի պայմաններում չեն կարողացել ժամանակին հասնել եւ սկսել աշխատանքները։․ «Ըստ էության, աշխատանքները դեռեւս ուսումնասիրության փուլում են, քանի որ կան ավելի գլոբալ հարցեր, որոնք միայն Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չեն։ Կան խնդիրներ, որոնք մեր լիազորություններից դուրս են, եւ այդ պատճառով միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են ընթանում»։ Հարցին, թե արդյոք նախորդ տարիների համեմատությամբ այս տարի կա՞ խնդրի նվազում, Գրիգորյանը նշեց, որ նվազման մասին հստակ տեղեկություն կարող է փոխանցել միայն մոնիտորինգի կենտրոնի տվյալների տրամադրումից հետո։ «Միայն մի փաստ է հնարավոր արձանագրել․ կանաչումը սկսել է մոտ մեկ ամիս ուշ, քան նախորդ տարի․ սա պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձր լինելով։ Այս տարի տեղումները մի քիչ ավելի շատ էին, եղանակը ավելի ցուրտ էր, մեծամասմաբ տաք եղանակն է նպաստում ջրիմուռների ակտիվացմանը։ Եւ քանի որ օդի ջերմաստիճանը նոր է սկսել բարձրանալ, մենք հիմա պետք է սկսենք աշխատանքները՝ ծավալները հասկանալու համար»,- հավելեց նախարարության մամուլի խոսնակը։ Ասպրամ Փարսադանյան
13:08 - 21 հուլիսի, 2020