Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ․ Գայանե Շահնազարյան
11:48 - 22 հուլիսի, 2020

Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ․ Գայանե Շահնազարյան

2018 թվականից  սկսված ծաղկման պրոցեսները շարունակվում են Սևանա լճում և յուրաքանչյուր տարի հունիսի  վերջերին սկսվում է և տևում է մինչև օգոստոսի կեսերը՝ իր բնական պրոցեսներով, սկսվում է ինտենսիվ փուլը, այնուհետև քայքայման փուլը և պրոցեսը վերանում է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը։ Վերջինս իր խոսքում մանրամասն ներկայացրեց Սևանա լճում տիրող իրավիճակը․

«Այս տարի ևս անմասն չենք մնացել այդ բացասական երևույթի դրսևորումից և մի փոքր ուշացումով՝ հուլիսի սկզբին սկսվել է ծաղկման պրոցեսը։ Այն կտևի մինչև մոտ երկու- երեք շաբաթ։ Սևանա լճում այս երևույթները հետևանք են նախորդ դարից սկսած Սևանա  լճի մակարդակի իջեցման, որի հետևանքով ամբողջովին խախտվել է լճի էկոհամակարգի հավասարակշռությունը և էկո-հավասարակշռական պրոցեսները իրենց ուղղությունները փոխել են։ Արդյունքում ունենք, որ Սևանա լճում տարիների ընթացքում կուտակվել է սնուցող նյութերի մեծ քանակություն, որն էլ պատճառ է դառնում այս ծաղկման պրոցեսների։ Հիմնականում այդ սնուցող նյութերի ծավալի ավելացումը և գոյությունը լճում՝ կախված է մի քանի պատճառներից։ Առաջին հերթին դա ամբողջ ջրահավաք ավազանի կոմունալ- կենցաղային կեխտաջրերն են, որոնք մասամբ մաքրված՝ մեխանիկական մաքրման ենթարկված, լցվում են լիճ։

Նախորդ տարիների համեմատությամբ, արձանագրել ենք, որ 1929 թվականին էականորեն ցածր էին ազոտային միացությունների քանակությունը, իսկ հետագա տարիներին այդ սնուցող նյութերի ծավալը գետերում բավականին բարձր է։ 1920-ական թվականների  համեմատությամբ, այսօր մոտ 10 անգամ բարձր է նիտրատի պարունակությունը և նմանապես մնացած բոլոր սնուցող նյութերի պարունակությունը։ Երկրորդ պատճառը դա Սևանա լճի ափամերձ շրջաններում  գտնվող հանգստյան տների, հյուրատների ազդեցությունն է, այս ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշակի միջոցառումներ է ձեռնարկել՝ բոլոր օբյեկտները պետք է ունենան սեպտիկ հորեր և լոկալ կենսաբանական մաքրման կայաններ։ Մյուսը դա ջրածածկ եղած տարածքներն են, որոնք ևս հանդիսանում են սնուցող նյութերի աղբյուր Սևանա լճի համար։ Այս բոլորի գումարային ազդեցության հետևանքով 1920-ական թվականների համեմատությամբ այդ սնուցող նյութերի ծավալները զգալիորեն աճել են, որը պետք է նվազեցվի։

2020 թվականի հուլիսի 21-ին լճի մակարդակը կազմել է 1900․78 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 3 սանտիմետրով։ Հուլիսի 21-ի դրությամբ լճից բաց թողնված ջրի քանակը մոտ 18․9 մետր խորանարդով ավել է, քան 2019 թվականին։ Արփա -Սևան թունելով Սևանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը 15․6 մետր խորանարդով ավել է, քան նախորդ տարի։ Մարտ ամսին դիտվել է բավականին տաք ժամանակաշրջան, որի հետևանքով Սևանա լճից տեղի ունեցող գոլորշիացումը նորմայից բարձր է եղել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել