Սևանը քաղաքական կամքի հայելին է․ եթե լինի, ապա տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում՝ ոչինչ․ Այսեր Ղազարյան
19:03 - 25 հուլիսի, 2020

Սևանը քաղաքական կամքի հայելին է․ եթե լինի, ապա տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում՝ ոչինչ․ Այսեր Ղազարյան

Սեւանա լճի «կանաչելու» խնդիրը շարունակում է մնալ հանրային քննարկման տիրույթում։ Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն օրերս  ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց կանաչած Սեւանի արբանյակային պատկերները, որոնցից երեւում է, որ լիճը կրկին կանաչել է։

Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այս խնդիրը կարգավորելու անհրաժեշտության, դրա լուծման տարբերակների մասին, մասնագետները քայլեր են առաջարկել՝ լճի մակարդակի բարձրացում, ջրառի փոքրացում, եւ այլն, սակայն սայլը տեղից կարծես չի շարժվել։

Բնապահպանների կարծիքով եւս խնդրի հիմնական պատճառը տարածքի աղտոտումն ու լիճ թափվող կոյուղաջրերն են։

Սեւանի «կանաչելու» պատճառների եւ կատարված աշխատանքնրի մասին Infocom.am-ը զրուցել է Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի   հետ։

- Պարոն Ղազարյան, ինչպե՞ս եք գնահատում Սեւանա լճի խնդիրների շուրջ զարգացող իրավիճակը եւ դրանք լուծելու համար արվող աշխատանքները։ 

- Ընդհանուր իրավիճակը վատ եմ գնահատում։ Կառավարման համակարգն այսօր ադեկվատ չէ այն մարտահրավերներին, որոնք ծառացած են լճի առաջ։ Եթե նայենք ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ինստիտուցիոնալ, ե՛ւ իրավական այդ ասպեկտներով, լուրջ խնդիրներ կան, այսպես ասած, գործադիր իշխանության համապատասխան օղակների հետ կապված։ Խնդիրները գնում են մինչեւ Ազգային ժողով, որովհետեւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը ի վիճակի չէ Սեւանի պահպանության, վերակնգնման, արդյունավետ օգտագործման մի շարք միջոցառումների մասով տարեկան ծրագրերը վերահսկել, համակարգել։ Մի կողմ դնենք այն, թե մինչեւ հեղափոխությունը ինչ ձեւաչափով, ինչ մասշտաբներով էին իրականցվում տարեկան ծրագրերը, ես ուզում եմ խոսել նրանից, թե ինչ է արվել վերջի երկու տարիների ընթացում։ Ուզում եմ նաեւ հընթացս մարդկանց ուշադրությունը հրավիրել վերջին երկու տարվա հենց այդ տարեկան ծրագրերի վրա, եւ թե իրականում դրանց միջոցառումները որքանով են այսօր առաջնային Սեւանի փրկության համար, թե ինչքանով են դրանք իրականացվում։ Ակնհայտ է, որ այսօր ուղղակի ժամանակ են ձգում ե՛ւ օրենքների կիրարկման, ե՛ւ այն գործընթացների տեսանկյունից, որոնք անհրաժեշտ են բացասական ներգործության նվազեցման եւ հետագայում վիճակի բարելաման համար, դրանց մասով կոնկրետ գործողություններ չեն իրականացվում։

Մենք վեր ենք հանել, թե իրականում ինչ պիտանի տեղեկություն կա Սեւանի մասին, որոնք հատկորոշում են հիմնական խնդիրները, եւ թե դրանց մասով ինչ պետք է արվի։ Հասկացանք, որ այնտեղ ինչ-որ բան հատկորոշվել է՝ ե՛ւ ափամերձ տարածքների հիմնական աղտոտիչների՝ անտառաթփածառային այդ բուսականության, ե՛ւ ցանցավանդակային տնտեսության, ե՛ւ մյուս առկա աղտոտիչների մասով, բայց ուղղակի տեղեկությունը մեղմ ասած երերուն է, այն միջոցառումներն էլ, որոնք այդ տեղեկության վրա հենված իրականացվում են, ուղղակի տարերային բնույթ են կրում, որոշ դեպքերում ուղղակի թղթի վրա են արվել, այսինքն՝ ուղղակի գրվել է, որ արվել են, դրանց համար գումարներ են ծախսվել, բայց իրականում դրանք չեն արվել։ Մասնավորապես, ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները, որոնց մասով բավականին «լուրջ մարտեր» են տեղի ունեցել իմ ու այն մարդկանց միջեւ, որոնք մինչ այսօր աշխատում են այդ համակարգում։ Այն տարածքները, որոնք արդեն ջրածածկ էին, մինչ այսօր ջրի մեջ են, ավելի շատ ափի չոր կամ մի քիչ խոնավացած տարածքներն են մաքրում, եթե չեմ սխալվում՝ 90 եւ ավելի հա մաքրել են այս ընթացքում, բայց  արդեն ջրում այն կենսազանգվածը, որը նպաստում է ծաղկման գործընթացներին, մնում է ջրում։ Նույնն էլ ցանցավանդակները, հիմնավորել էի, խնդրում էի, որ այդ ցանցավանդակների գործունեությունը գոնե ժամանակավորապես դադարեցվեր։

Ջրային էկո-համակարգերի մասով միջազգային ստանդարտներ կան, թե որքանով կարող ես տվյալ էկո-համակարգը ծանրաբեռնել, օրինակ, կենսազանգվածով, ազոտով եւ ֆոսֆորով։ Այդ թիվը մարդիկ հաշվարկում են, հետո նոր թույլ են տալիս աղտոտողներին՝ ցանցավանդակային տնտեսություններին։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ օրինակ՝ 10 միավոր է հնարավոր ծանրաբեռնել, հետո հասկանալ, թե մենք ինչքան ենք ծանրաբեռնում․ եթե այդ ամենաառանցքային ցուցանիշները հաշվարկած չունենք, ապա մնացած խոսակցությունները ուղղակի մանկապարտեզային են։ Պետք է հիմնավոր կերպով առաջ գնալ, ոչ թե ենթադրություններով։ Հայաստանյան իրականության մեջ ոչ միայն գործադիր իշխանությունը, այլեւ գիտահետազոտական կառույցները ուղղակի զբաղված են ֆրագմենտալ գործողություններով, բայց այն առանցքայինը, որը պետք է դրվի այս ամբողջ հարցի տակ եւ դրանից բխեցվեն մյուս միջոցառումները, այդ մասով ոչ ոք ոչինչ չի անում։ Մինչեւ այսօր զբաղված ենք աչքակապությամբ։ Լուրջ խնդիրը փորձում են «ծածկադմփոցային» կարգավիճակով, շոուներ սարքելով այս տարի էլ անցկացնել, գնա, մինչեւ վերջնական փաստի առաջ կանգնենք  եւ դրանով ավարտենք այս ամենը։

- Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ են կատարվել։ Այս փուլում ի՞նչ պետք է արվի եւ նախարարության արած աշխատանքները որքանո՞վ են արդյունավետ։

- Առանցքային ուղղությունների մասով օրինակային ներկայացնեմ՝ ինչ են իրականում անում եւ ինչքանով է դա տեղավորվում այն շրջանակներում, որը իրոք թիրախային ձեւով հարցեր է լուծելու։ Այդ ամենը, ինչ ներկայացվում է, ավելի շատ իմիտացիա է, շատ դեպքերում օրենքի տառից չբխող։ Մի կողմ եմ դնում, թե ինչ են արել նախկինում, ինչ վնաս են պատճառել։ Եթե նայեք Սեւանի համալիր եւ տարեկան ծրագրերը, կտեսնեք, որ այնտեղ առաջին տարվա տարեկան ծրագրում կոնկրետ ներկայացվում է, թե ինչ պետք է արվի։ Օրինակ՝ գործառութային հատվածում գրված է՝ ջրերի աղտոտման մոնիտորինգի իրականացում․ դա գործառույթ է, որը կանոնադրական իրավունքով վերապահված էր Շրջակա միջավայրի մոնիտորիգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ_ին, իսկ հիմա արդեն  Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ին, որը պետք է իրականացնի այդ մոնիտորինգը․ նրանք տարեկան բյուջեից հատկացումներ են ստանում, այդ գործառույթը շարունակաբար իրականացնելու համար՝ ելնելով օրենքի պահանջից, բայց նման գործառույթները, չգիտես ինչու, հայտնվել են տարեկան ծրագրերում։

Այդպիսի գործառույթներն իրավունք չունեն հայտնվել տարեկան ծրագրերի մեջ, առավել եւս ժամկետների մեջ պետք  է կոնկրետ գրվի՝ 2020 թվականի այս եռամսյակում ինչ արդյունք պետք է գրանցվի, ինչ պետք է արվի։ Դրանից հետո իրենք պետք է հաշվետվություն ներկայացնեն ԱԺ՝ համապատասխան ընթացակարգով, որտեղ էլ այն պետք է հաստատվի։ Փաստացի ստացվում է, որ վերջին երկու տարում այդ գործողությունները տարերային են գնացել, եւ այնտեղ գործողություններ կան, որոնք պետք է հաջորդեին միմյանց՝ 2018-2019-2020, բայց մի գործողություն չի իրականացվել, եւ ոչ ոք չի խոսում այդ մասին, բայց այդ հիմքով այլ գործողություններ են իրականացվում։
Օրինակ՝ ջրի մակարդակի բարձրացման մասով ասել էինք, որ բարձրությունների հորիզոնականները սխալ են մշակվել, տեղագրական այդ հորիզոնականները՝ ծովի մակարդակի բարձրությունից, պետք է հստակ լինեին, որովհետեւ պետք է հասկանալ, թե մոտակա տարիների ընթացքում՝ մինչեւ 1901․5 նիշը ինչքան շենք-շինություն է մնում ջրի տակ, ինչքան անտառ է մնում եւ այլն, որպեսզի առաջնային այդ տարածքները դնենք մաքրման, քանդման տակ։ 2019 թվականին, երբ ասացի, որ այդ տվյալների մեջ էլ սխալներ կան, եւ դրանք պետք է ուղղվեն, այս գործողութուննեը դրվել էին ծրագրի մեջ, բայց չեն իրականացվել։ Մեկ էլ տեսնում ես, որ նախարարության աշխատակիցների բերանից հնչում է՝ «մինչեւ 1901․5 նիշը՝ բոլոր շինությունները մաքրվում են»։ Ժամանակին տեղեկացրել են, ապացուցել են, տվյալ միջոցառումը դրվել է տարեկան ծրագրում, որ ամեն ինչ ճշգրտվի, հետո իրականացվեն մնացած գործողությունները։ Եթե այդ ճշգրտումը չեն անում, ապա ինչպե՞ս են սխալ հորիզոնական նիշի հիման վրա առանձնացրել քանդման ենթակա շենք-շինությունները, կամ անտառները, որոնք պետք է հեռացվեն։ Այսինքն՝ այդ թույլ, փնթի կառավարման իներցիաները միանշանակ պահպանվում են, եւ դեգրադացիոն գործընթացների ծիլեր են երեւում։

-  Օրերս նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին, որ այդ շինությունների սեփականատերերին պատշաճ ապամոնտաժում իրականացնելու ծանուցում է ուղարկվել, այսինքն՝ հնարավոր է տնտեսվարողները հետագայում կանգնեն խնդիրների առջեւ։

- Այո, ճիշտ եք ասում, որովհետեւ, ենթադրենք, տնտեսվարողի օբյեկտի շինությունը գտնվում է 1903․5 նիշից բարձր, բայց սխալ հորիզոնականների արդյունքում իրենք հատկորոշել են, որ պետք է ապամոնտաժվի։ Հետագայում, եթե տվյալ տնտեսվարողը մասնագիտական կառույցների դիմի, օրինակ՝ Կադաստրի կոմիտե, եւ ապացուցի, որ իր օբյեկտը, ոչ թե 1901․5 նիշից ներքեւ է, այլ վերեւ, ապա կստացվի, որ իրեն հասցված վնասի համար կարող է մտնել դատարան, եւ պետությունը դրանից տուժելու է։ Այն գործընթացը, որը պետք է բավականին ծանրակշիռ հիմքերով ընթանա, այս դեպքում տեսնում ենք փնթի, տարերային, ցույց տալու համար արվող գործողություններ։ Գիտեն, որ ինչ-որ բան պետք է անել, բայց չգիտեն՝ ինչ եւ ինչպես։
Այսօր մենք Սեւանում տեսնում ենք նաեւ տարերային ձկնորսություն, վերջին կես տարում տեսանք, թե ինչ քանակությամբ են բռնում եւ ինչ գնով են վաճառում։ Եթե նման բացասական պրակտիկան կա, աշխատանք չի տարվել այդ խմբերի հետ, որոնք ձուկ են բռնում, եթե իրականում մենք չունենք պաշարների գնահատում եւ մյուս հարթություններում նույնպես օրենքի կիրարկումը եւ պետական կառույցը իր համապատասխան ինստիտուցիոնալ միավորներով կաղում է, ապա գնալ նման գործողություն, խթանման մեխանիզմ առաջակել, որտեղ ունենք վխտացող ապօրինություններ, նույնպես լրացուցիչ հարված է։ Այսինքն՝ օրինականացնել անօրինական գործողությունները, եթե մի բան քո անզորության պատճառով չես կարողանում փակել, ապա բեր այդտեղ օրինական հիմքեր դիր եւ լղոզիր միջավայրը։

Ստեղծվում է շղարշ, որը թույլ կտա այդ գլխացավից գոնե ժամանակավորապես փրկվել։ Մենք լուրջ խնդիր ունենք երկրի կառավարման համակարգի հետ, եթե այս կառավարման համակարգը մնալու է նույն ձեւով, ուրեմն կարելի է ոչ մի բանի մասին էլ չխոսել, որովհետեւ արդեն ամեն ինչ պարզ  է։ Սեւանի մասով էլ ամեն ինչ գնում է դեպի կործանման։ Այն գործողություններն էլ, որոնք արվելու են, արվելու են իմիտացիա ստեղծելու համար, կամ այն խմբերի համար, որոնք դրանից կկարողանան որոշակի գումարներ գեներացնել, ինչպես արվում էր նախկինում։

- Ի դեպ, նախարարության աշխատակիցները նշեցին նաեւ, որ Եվրամիության հետ կա համաձայնագիր, եւ Սեւանա լճի էկո-համակարգի կայունացման համար Հայաստանին տրամադրվելու է  5 միլիոն եվրո։

- Ճիշտն ասած՝ ես այդ ամենին չեմ հավատում։ Երբ աշխատում էի նախարարությունում, գերմանական հետազոտական ընկերություն կար, որն այդ ընթացքում Գերմանիայի ԿԳՆ-ի դրամաշնորհով աշխատում էր Սեւանում։ Դուք չեք պատկերացնի, թե նախարարի մակարդակով ինչ մոտեցում էր ցուցաբերվում այդ գործողությանը։ Եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին իրենց գրանտը ավարտվում էր, իրենք խնդրում էին, որ այստեղից պաշտոնական նամակ ուղղվի Գերմանիայի համապատասխան կառույցներին, որ նորից դրամաշնորհ տրամադրեն այդ աշխատանքը շարունակելու համար։

Իրենք արհամարհանքով էին մոտենում այդ ամենին, բացի այդ՝ ծրագրերը խորհրդատվության անվան տակ, թուղթ մրելով մի բան են անում, որ ցույց տան, թե աշխատում են, բայց դրա տակ այլ միջոցառումներ են գնում։ Հենց հիմա կան դրամաշնորհային շատ մեծ ծրագրեր մյուս էկո-համակարգերի մասով, չեմ ուզում անդրադառնալ, թե այնտեղ ինչեր են ընթանում։ Այս ամենն ուղղակի ահավոր է։ Ես սոցիալական ցանցերով փորձելու եմ տեղեկություններ տալ այն մարդկանց, որոնք սրտացավ են Սեւանի եւ բնության համար, որպեսզի իրենք տիրապետեն եւ հասկանան, թե իրականւում ինչ գործընթացներ են գնում։ Հուսով եմ, որ ադ վերլուծությունները եւ տեղեկատվություննեը կբերեն գործադիր իշխանության որակի փոփոխությանը, որովհետեւ այնտեղ ճահիճ է։

Այն ժամանակ, երբ ստիպեցի, որ այդ մաքրման աշխատանքների պայմանագիրը խզեն, իմիջայլոց, այդ գործը Քննչական կոմիտեում է, այդ գումարը գնաց լաբորատորիայի վերակառուցման վրա, տեխնիկայի գնման վրա, եւ այլն։ Մնացած կեղծ գործողությունները, որոնց միջոցով պետք է միլիոնավոր դրամներ դուրս գրվեին պետբյուջեից, դադարեցրինք, այդ գումարի մեծ մասը գնաց բյուջե։ Եթե քաղաքական կամք լինի, ապա շատ կարճ ժամանակում տեսանելի փոփոխություններ են լինելու, հակառակ դեպքում ոչինչ չի փոխվելու։ Սեւանը հայելին է այդ ամենի։ Այն, որ վարչապետն ասում էր՝ «Սեւանի հարցը Ղարաբաղի հարցի նման է», ուրեմն պետք է ռադիկալ քայլեր ձեռնարկվեն Սեւանի խնդիրները լուծելու համար։ Նախարարությունում կան հնաբնակներ, որոնց պետք է ազատել իրենց լծակներից, որպեսզի պետությունն էլ ձերբազատվի իրենցից։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել