Ինֆոքոմ

Քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք․ Այս պահին հարաբերական անդորր է․ Հայկ Չոբանյան

Քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք․ Այս պահին հարաբերական անդորր է․ Հայկ Չոբանյան

Այս պահին հարաբերական անդորր է։ Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են։  Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Վերջինս տեղեկացրեց․ «Բարեբախտաբար քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք։ Վաղ առավոտից կառավարության հետ քննարկումներ ենք ունեցել։ Ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման գույքագրման հանձնաժողով, որը ամենօրյա տեղեկատվություն պետք է տա վնասների, վնասների ծավալների վերաբերյալ։ Վաղվանից մենք պետք է սկսենք զբաղվել այդ տների վերականգնման աշխատանքներով։ Այն տները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի կկառուցվեն նորերը։  Մենք այս պահին ունենք հաշվառած առնվազն 30 բնակարան կամ առանձնատուն, որոնք վերականգնման կարիք ունեն ։ Այդ աշխատանքները սկսելու ենք անմիջապես։Մենք որոշում ենք կայացրել նաև միանվագ դրամական օգնություն ցուցաբերել այս ընտանիքներին։  Շատ կարևոր է, որ մեր բնակիչները պահեն զգոնությունը, որովհետև իրավիճակը ամեն պահի կարող է փոխվել ցանկացած բնակավայրում։ Համայնքներում խուճապ չկա։ Մենք այսօր առանձնահատուկ խնդրել ենք, որ հնարավորության դեպքում մարդիկ պատսպարվեն, և եթե անհետաձգելի աշխատանքներ չունեն՝ մնան պատսպարված։ Իրավիճակը կայուն է , հսկողության ներքո։ Մեր բանակի պրոֆեսյոնալ վարքագծի շնորհիվ մենք ավելի հանգիստ ենք զգում մեզ մեր գյուղերում և քաղաքներում։ Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որը հողային ճանապարհ է, սակայն անցանելի: Այս օրերին մեր կողմից հատուկ աշխատանքներ են իրականացվում ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար: Անցակետեր են դրված բոլոր 3 ուղղություններով՝ Ճամբարակ-Բերդ, Գանձաքար-Բերդ և Վազաշեն-Բերդ հատվածներում: Այդ անցակետերի նպատակն է նաև ճանապարհի անվտանգության ապահովումը, որ եթե լինեն որոշակի սրացումներ, թույլ չտանք երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր ճանապարհներով երթևեկություն կա, ներկա պահին որևէ վտանգ չկա, սակայն խորհուրդ կտամ հնարավորության դեպքում օգտվել Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից»։
14:01 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն գիտեք, երեկ ըստ էության մոտ 24 ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Վերջինս իր խոսքում նշեց․ «Ըստ էության ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ»  դիրքի ուղղությամբ գիշերը կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման 100 զինծառայող մեծ զինատեսակների՝ մասնավորապես հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական և գրագետ գրործողությունների արդյունքում հետ են շպրտվել թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա։ Շատ հավանական է, որ  հակառակորդը դիեր է թողել։ Գիշերը հայկական կողմը ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ չի ունեցել։ Շատ դեպքերում մարտական գործողությունները ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ։ Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած  հարվածների հետ զուգահեռ՝ տեղի են ունենում ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողությունները։  Առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լարտվական ծառայությւոնը ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ, բայց դեռ կոնկրետացված չի, թե դրանից թիվը քանիսն է։ Դրանից  հետո, Ադրբեջանը շարունակել է հրետակողծությունը հայկական գյուղերի վրա։ Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայակական կողմը օգտագործել է ԱԹՍ-ը, որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է  և չի համապատասխանում իրականությանը։ Ցավոք, մեր լրատվամիջոցների մեծամասնության գրագետ ու փայլուն աշխատանքի կողքին երբեմն տեսնում ենք, որ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարկում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գորրծողությունը անվանելով «հակահարված», երբ մեկ կետային, երբ մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանում հարվածը գնահատվում է «ստրատեգիական»։ Նման բաներից, խնդրում եմ՝ զերծ մնաք»։      
13:50 - 16 հուլիսի, 2020
Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող  քաղաքացիների թիվը տատանվում է 650 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 650 թվի շուրջ․ Արսեն Թորոսյան

Ցավոք սրտի դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում և 554 թիվը այն ցանկալի թիվը չէ, որ ձգտում ենք ունենալ, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմություն ունեցող թվերի և իրավիճակի հետ, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսե Թորսյանը։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց․ «Նաև թվի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է այն բոլոր հակահամաճարակային գործողությունների, որոնք կառավարությունը  և ազգաբնակչությունը իրականացնում են։ Արդեն 4 օր  է  տանը որևէ սպասող քաղաքացի չունենք, որը սպասում է տեղափոխման։ Չունենք նաև քաղաքացիներ, ովքեր այլ բժշկական հաստատություններից են սպասում  տեղափոխման։ Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող  քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն և տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխման սարքերի։ Դժբախտաբար լինում են նաև մահվան դեպքեր, հատկապես բավական տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում։ Նրանց պաշտպանությանը առանձին ուշադրություն դարձնելը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից , որպեսզի չունենանք մահացության դեպքեր, կամ իջեցնենք այդ  թիվը։ Ընդհանուր գնահատականը այս պահին այն է, որ շարունակելով գործողություննեը և պահելով իրավիճակը կառավարելի մենք կարողանում ենք  դիմակայել մարտահրավերին, առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք մեր որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից և անկանխատեսելի հետևանքներ կլինեն։ Ես նույնպես կոչ եմ անում պահել հակահամաճարակային կանոնները և դա դարձնել մեր առօրյայի մի մասը»։
11:42 - 16 հուլիսի, 2020
Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան

Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել․ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի․ Նիկոլ Փաշինյան

Այս գիշեր 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները ավելի քան 100 հոգու կազմով՝ հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ ուժերի «Անվախ» կոչվող սահմանային դիրքը գրավելու նպատակով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղեկացրեց․ «Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները։ Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության կանխել են հակառակորդի դիվերսիոն հարձակման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 5։20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղները կիրառելով՝ ականանետ և Դ-30։ Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակը առել լիակատար վերահսկողության տակ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան, ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում։ Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից, Ադրբեջանը հրետակոծել է՝ Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ։ Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական։ Մինչ Հայաստանի Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով, ցավով ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել։ Գրանցվել է 583 դեպք, 2190 կատարված թեստից։ Ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորությունը, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է և մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների և մասնավորապես դիմակների կրման ծավալների հետ։ Ցավոք ոչ բոլորն են կրում դիմակներ, բայց մեր կոչն է շարունակել կրել դրանք։
11:23 - 16 հուլիսի, 2020
Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել  արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։  - Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։ Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։ Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝  արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։ Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։ Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։ Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։ Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։ - Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։ - Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։ - Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։  - «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։ Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։ Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։ Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։ Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։ - Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։  - 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։ Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։ Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։ Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։ Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ  «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։ Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։ Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։ Արփի Ավետիսյան
20:49 - 15 հուլիսի, 2020
Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

Ալիեւը տեսավ իրական վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը իսկապես որոշակիորեն կապված է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ դրանից հետո տեսանք՝ ինչ իրավիճակ ստեղծվեց սահմանին, ինչ անհաջողություններ կրեց ադրբեջանական բանակը։ «Շատ ուշագրավ էր, որ Բաքվում հենց երեկ տեղի ունեցան, իմ կարծիքով, բավականին մասշտաբային ցույցեր․ հաշվի առնելով կարանտինային իրավիճակը՝ կոչ էին անում շարունակել պատերազմական գործողությունները»,- ասաց Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում երեկ տեղի ունեցած բազմահազարանոց ցույցերին։  Պատգամավորը մեր զրույցում հայտնեց, որ այդ ցույցերը որոշ ժամանակ անց՝ ընդամենը հաշված ժամերի ընքացքում, սկսեցին ստանալ հակաիշխանական էլեմենտներ, եւ ավելին՝ մի քանի ցուցարարներ մտան իրենց Ազգային ժողովի՝ Մեջլիսի շենք․ «Այդ ամենի արդյունքում էլ իշխանությունը որոշում կայացրեց արագ ցրել ցույցերը։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ արտաքին քաղաքական քարոզչական նպատակներով թույլատրված, ինչ-որ տեղ գուցե նաեւ հրահրված այս հակահայկական ցույցերը շատ կարճ ժամանակում իշխանության համար դարձան վտանգավոր՝ հենց իշխանության պահպանման տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ալիեւը տեսավ ռեալ վտանգ, որ կարող են հնչել նաեւ իր հրաժարականը պահանջող ելույթներ, առավել եւս այն բռնաճնշված հասարակության մեջ, որի բռնապետը ինքն է հանդիսանում»։ Հայրապետյանի խոսքով՝ 90-ականներից սկսած՝ Ադրբեջանը ունի այս փորձը․ հակահայկականությունը կարեւոր միավորող գործոն է հանդիսանցել ադրբեջանական հասարակության համար․ «Ընդհանուր առմամբ, Ալիեւը վերջին տարիներին եւս ընդգծված հակահայկական քաղաքականություն է վարել, եւ իր համար այդ ընդհանրական թշնամու կերպարի ստեղծումը, սահմանային իրավիճակի օգտագործումը կարեւոր միջոց է իշխանության պահպանման համար։ Նույն 90-ականերից կա այդ փորձը, երբ հակահայկական ցույցերը սկսում են դառնալ իշխանության դեմ ուղղված ելույթներ, եւ կարծում եմ, որ Ալիեւը վախենում է հենց դրանից։ Եթե ինչ-որ պահի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը Բաքվում, դրա համար ինքը արագորեն սաստեց հետագա զարգացումները։ Ի՞նչն է նման տրամադրություններ հրահրում՝ հատկապես բարձրաստիճան զինվորականների թաղումներն են առնձնակի էմոցիոնալության բերում»,- ասաց պատգամավորը։ Խոսելով ցուցարարների վանկարկումների մասին՝ Հայրապետյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հիմնականում հնչել են «մահ հայերին», «Ղարաբաղը մերն  է», «Տուն չենք գնալու», «Զե՛նք տուր մեզ, Ալիեւ» եւ այլ կոչեր, իսկ ավելի ուշ՝  ցուցարարները սկսել են պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը։ Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին՝ Հայրապետյանը դժվարացավ ասել, թե առաջիկայում ինչ կարող է լինել ապագայում․ «Այսօր մի քանի նոր թաղումներ են սպասվում, այդ հավաքների համար թաղումներն են լավ առիթ ծառայել, բայց, տեսեք, իրականում համաճարակային ռեժիմ է, եւ այս ընթացքում՝ մինչ այս դեպքերը, ոստիկանությունը ցանկացած դրսեւորում ճնշել է։ Օրինակ՝ երեք հոգով քայլում էին, ոստիկանությունը ճնշում էր դա։ Մեկ էլ հանկարծ երեկ ոստիկանները հանգիստ քայլում էին ժողովրդի կողքին՝ մինչ այն պահը, երբ ցույցին որոշակի հակաիշխանական էլեմենտներ էին սկսում ավելանալ։ Դրանից հետո ոստիկանությունը սկսել մահակներով արագորեն ճնշել ցույցերը։ Սկզում ցուցարարները որեւէ առաջնորդ չունեին, հետո սկսեցին տարբեր կարգախոսներ պտտել, ու այստեղ որեւէ կոնկրետ մեկը չի երեւում, օրինակ՝ չի երեւում, թե Ադրբեջանի այսինչ կուսակցությունն է կազմակերպել կամ այսինչ շարժումն է կազմակերպել, կամ իսլամիստները։ Այստեղ տարբեր էլեմենտներ են խառնվում, ինչը իսկապես ավելի վտանգավոր է, եւ խաղում են ամենանուրբ լարերի վրա, հակահայկականության վրա, որովհետեւ, եթե երեկվա ցույցերին հետեւեք, կտեսնեք այն հսկայական ատելությունը, որը առկա է մեր հանդեպ»։ Պատգամավորի կարծիքով՝ այս պարագայում մեր բանակի դերը է՛լ ավելի պետք է շեշտվի՝ որպես մեր ֆիզիզկական գոյության եւ անվտանգության կարեւոր երաշխավոր, որովհետեւ մարդիկ 10․000-ներով հավաքվել էին եւ խնդրում էին՝ գնալ եւ սպանել հայերին, դա էր նրանց նպատակը․ «Ըստ իս՝ իշխանությունը սկզբում ուզում էր քարոզչական արտաքին շղարշ ապահովել, թե «տեսեք՝ իմ ժողովուրդը պատերազմ է տենչում», եւ նմանատիպ այլ երեւույթներ։ Հետո հասկացավ, որ դա կարող է պտտվել իր դեմ եւ արագորեն մարեց դա։ Ես չեմ կարծում, որ իշխանություններին ձեռնտու է նման տրամադրությունների հետագա հրահրումը, որովհետեւ կարող է իր դեմ պտտվել, առավել եւս դրանց անհաջողությունների ֆոնին՝ ռազմաճակատում»,- եզրափակեց Տաթեւիկ Հայրապետյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Ասպրամ Փարսադանյան
19:06 - 15 հուլիսի, 2020
Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ - Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։ - Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։ - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։  - Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։ - Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։ - Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։ - Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։ - Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։ - Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։ - Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։ - Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։ - Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։  - Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։ - Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 15 հուլիսի, 2020
Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին իրավիճակը հանգիստ է․ ՀՀ Զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջև դրված խնդիրը․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ 18։00-ից սկսած լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ, եւ այլն։ Բայց, մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաեւ ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում։ Այս մասին այսօր  Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց  ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ այս պահի դրությամբ շարունակվում է հանգիստ վիճակը։ Արցախյան հատվածում եւս հանգիստ է եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ «Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական են, թե ոչ, բայց արդեն 12 անուն է շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, եւ այլ սպաներ, շարքայիններ։ Հայկական կողմից տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը։ Խոսելով ադրբեջանական կողմի հետ հրադադարի պայմանավորվածության մասին, Հովհաննիսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի, բայց հաճախ է լինում, որ գիշերները ակտիվություն չի լինում։ Այն հարցին, թե արդյո՞ք այս փուլում անհրաժեշտություն չկա կամավորական ջոկատների ներգրավման Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են։ Արդյունքները պարզ երևում են։ Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ  մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները իրենց խնդիրը փայլուն կատարում են։ ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի  աստիճանն այնքան չէ, որպեսզի ՀՀ-ն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որեւէ գործողություն անելու, միջամտելու համար»։  Հովհաննիսյանը նշեց նաև , որ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել, ամենայն հավանականությամբ չի էլ լինի։ Ինչպես տեղեկացնում են ՏԻՄ-երը՝ քաղաքացիական բնակչությունից որևէ մեկը նշանակալի վիրավորումներ, վնասվածքներ չի ստացել։ Վնասները եղել են միայն նյութական։Գազատարը երկու անգամ վնասվել է եւ վերականգնվել է։  «Հաստատում ենք՝ մեր խոցած Elbit Hermes 900-ը թանկարժեք, բարձր տեխնոլոգիական թռչող ուղեղային կենտրոն է։ Խոցվել է հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցների կողմից՝ համապատասխան մոդեռնիզացված տեխնոլոգիայով («Оса» զենիթահրթիռային համակարգի միջոցով), որը մեր ռազմաարդյունաբերական համալիրն, ըստ էության, մի քանի տարի առաջ արդեն յուրացրել էր։ Ըստ էության, ադրբեջանական զինված ուժերը, այդ թվում և՛ սահմանապահ ծառայությունը, և՛ երրորդ բանակային կորպուսի իրենց սպառազինությունում եղած, կարելի է ասել, ողջ զինանոցը կիրառվել է, բացառությամբ մի քանի միջոցների։ Մասնավորապես, բոլոր տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն, տանկեր, հրետանային միջոցներ՝ մինչև անգամ 122 և չի բացառվում նաև ավելի բարձր տրամաչափերի։ Մեր ՀՕՊ ստորաբաժանումների կողմից 10 ԱԹՍ-ներ են խոցել։ Բացի ԱԹՍ-ներից՝ հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։  
12:05 - 15 հուլիսի, 2020
Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]

Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ազգայնականությունը ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գաղափարախոսություններից ու հոսանքներից է։ Այն, լիբերալիզմի նման, առաջացել է  ինքնիշխան (սուվերեն) պետությունների ստեղծման ու բացարձակ միապետության գաղափարական փլուզման հետևանքով։ Ինքնիշխան պետություններն առաջացել են 17-րդ դարի Վեստֆալյան խաղաղության պայմանագրի (1648թ.) կնքմամբ։ Հենց նույն ժամանակ էլ սաղմնավորվել են բացարձակ միապետությունների գաղափարական հենքը խարխլող լիբերալ գաղափարները։ Ազգայնական առաջին հիմնական գաղափարներն ծագել են ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջում։                 Այս հոդվածը այն մասին է, թե ինչ է ազգայնականությունը, թե ինչու և ինչպես է այն առաջացել։ Հոդվածի առաջին մասը վերաբերում է այն միջավայրին, որտեղ ծագեցին ազգայնականության գաղափարները։ Երկրորդ մասը այն մասին է, թե ինչ են ազգերն ու ազգայնականությունը։ Երրորդ մասում հակիրճ անդրադառնում եմ ազգայնականության ծագման վերաբերյալ որոշ անհամաձայնությունների։ Վերջում ամփոփում եմ ու նախանշում ազգայնականության մասին հաջորդ հոդվածիս բովանդակությունը։   Սուվերենության հաստատումը, բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրը Միջնադարում տարածված էր այն համոզմունքը, ըստ որի թագավորների իշխանությունը Աստծուց է։ Այդ պատճառով Հռոմի պապն ու հոգևորականները Եվրոպայում, հատկապես 11-15-րդ դարերում, ահռելի քաղաքական իշխանություն ունեին։ Եվրոպան, և հատկապես՝ Հռոմեական Սրբազան Կայսրությունը, բաժանված էր մանր ու մեծ կիսաանկախ և (ժամանակակից ընկալմամբ) կիսապետական միավորների, այնպես, որ գրեթե բոլորի վրա Կաթոլիկ եկեղեցին այս կամ այն չափով իշխանություն ուներ։   16-րդ դարում առաջացան բողոքական կրոնական շարժումներ՝ հակադրվելով կաթոլիկությանը։ Այդ շարժումների ուժեղացումը հանգեցրեց մի շարք կրոնական պատերազմների, որոնց գագաթնակետը 1618-1648թթ. երեսնամյա ավերիչ պատերազմն էր։ Այդ պատերազմը վերջում կորցրեց իր կրոնական բովանդակությունը ու գրեթե կիսով չափ դատարկեց Եվրոպան (ԲունTV 2020)։ Ուժասպառ եղած կողմերը որոշեցին նոր քաղաքական կարգ ստեղծել՝ հիմնված ինքնիշխան պետությունների վրա։ Արձանագրվեց, որ 1) այսուհետ պետությունն ինքն է որոշում, թե իր տարածքի բնակիչներն ինչ կրոն(ներ)ի հետևեն և 2) միայն պետությունն է բնակչության վրա  բացարձակ իշխանություն ունեցողը, այն է՝ ուժ կիրառելու մենաշնորհ ունեցողը։ Եկեղեցին ու կրոնական խմբավորումները, այսպիսով  զրկվեցին ուժ կիրառելու  իրավունքից, հիմք դրվեց նաև կիսաանկախ-կիսապետական միավորների թուլացման ու վերացման համար։ Վեստֆալյան ինքնիշխանություն կոչվող այս նոր քաղաքական աշխարհակարգը, որոշ կարևոր փոփոխություններով, գործում է մինչ օրս։      Վեստֆալյան ինքնիշխանության հաստատմանը զուգահեռ՝ Եվրոպայում շատերը սկսեցին այլևս չհավատալ թագավորների իշխանության աստվածայնության թեզին։ Ծնվեց լիբերալիզմի հիմքում ընկած սկզբունքը, ըստ որի, իշխանությունը ոչ թե Աստծուց է, այլ ժողովրդից է՝ մարդկանցից է։ Հասարակ մարդիկ, որ դարերով արհամարհված ու անտեսված էին փիլիսոփաների ու կրթված էլիտայի կողմից, աստիճանաբար սկսեցին հետաքրքրություն ներկայացնել։ Հետաքրքրություն առաջացավ նրանց լեզվի, ավանդույթների ու առասպելների նկատմամբ։ Պարզվեց, որ պետություններից յուրաքանչյուրում սփռված էին հազարավոր լեզվական ու բարբառային խմբեր, որոնք հաճախ չէին հասկանում միմյանց լեզուն։ Կառավարչական լեզուն այլ էր, հոգևորականներինը՝ այլ, առևտրականներինը՝ այլ, իսկ տարբեր գյուղերում ու քաղաքներում՝ այլ։ Կային նաև հազարավոր էթնիկ խմբեր։ էթնիկ խումբ ասելով նկատի ունեմ համատեղ անցյալի մասին պատկերացումներով միավորված խումբ, որի անդամները երբեմն (բայց՝ ոչ միշտ) ունենում են նաև նույն կրոնը և (կամ) լեզուն և (կամ) մշակույթը։ Պատմաբան Էրիկ Հոբսբաումը փաստագրել է այդ դարերի Եվրոպայում տարածված լեզվական ու էթնիկական խմբերի մասին տվյալներ։ Օրինակ՝ այն խմբերը, որոնց կրթված էլիտան խոսում էր այսօրվա գերմաներենին մոտ լեզվով, սփռված էին ոչ միայն Կենտրոնական Եվրոպայում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում՝ մինչև Բալթյան երկրներ (Hobsbawm 1992: 47)։ Է՛լ ավելի մեծ սփռվածություն ունեին իրենց հրեա համարող էթնիկ խմբերը, որոնք, սովորաբար,  խոսում էին ոչ թե հիբրու լեզվով, այլ իրենց բնակության վայրում տարածված լեզուներով։ Հայերս ևս սփռված էինք ոչ միայն Ռուսական ու Օսմանյան կայսրությունների տարածքներում ու Պարսկաստանում, այլև Կալկաթայից մինչև Վիեննա ու Ամստերդամ  ընկած զանազան բնակավայրերում։ Հայ հոգևորականության դասը գրում էր գրաբարով, որը չէին հասկանում հասարակ մարդիկ, որոնք հիմնականում հաղորդակցվում էին իրենց տեղական բարբառներով, երբեմն էլ հայ առևտրականների լեզվով՝ աշխարհաբարով։ Հենց այս բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրում էլ Եվրոպայում տարածվեց իշխանության՝ ժողովրդին պատկանելու թեզը՝ լիբերալիզմի գլխավոր համոզմունքներից մեկը։ Քանի որ յուրաքանչյուր կայսրությունում բնակվում էին բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր, ժողովուրդ ասելով առաջին լիբերալ փիլիսոփաները նշանակություն չէին տալիս մարդկանց լեզվական կամ էթնիկ տարբերություններին։ Լիբերալիզմի մյուս գլխավոր համոզմունքը, սակայն, այն էր, որ, ինչպես նշել էի նախորդ հոդվածում,  մարդիկ պայմանավորվում են իրենց իրավունքների ու դրանք պաշտպանող մեխանիզմների շուրջ։ Իսկ որպեսզի գործնականում մարդիկ կարողանան նման պայմանավորվածություններ ձեռք բերել ու իրագործել, նրանք նախ պետք է գոնե հասկանան իրար։ Այդ պատճառով աստիճանաբար տարածվեց նաև այն համոզմունքը, ըստ որի՝ նոր տիպի պետության մեջ բոլորը պետք է խոսեն նույն լեզվով։   Օրինակ՝ 1789 թվականի հեղափոխության ժամանակ «ճիշտ» ֆրանսերենով խոսում էր Ֆրանսիայի բնակչության 12-13%-ը, իսկ մոտ 50%-ը ընդհանրապես չէր հասկանում ֆրանսերեն (Hobsbawm 1992: 60)։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, սակայն, «ճիշտ» ֆրանսերեն սովորելը, լիբերալ պետության սկզբունքները յուրացնելուն զուգահեռ, դարձավ պարտադիր պայման՝ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու համար (Hobsbawm 1992: 21)։ Ֆրանսիայի կենտրոնական հատվածում տարածված ու քաղաքական կշիռ ունեցող կրթված խմբերի բարբառը դարձվեց «ճիշտ» կամ գրական ֆրանսերեն ու սկսեց պարտադրվել բնակչությանը՝ վարչական լծակներով և (ավելի ուշ) հանրակրթության միջոցով։ Ստանդարտ լեզվի ու նրա քերականության ստեղծման ու պարտադրման գործընթացներ սկսվեցին գրեթե բոլոր պետություններում։ Այդ գործընթացը տևեց մինչև 20-րդ դարի սկիզբ։ Որպես կանոն, գրական-պաշտոնական լեզու էր դառնում կառավարող էլիտայի լեզուն, երբեմն էլ միասնական լեզուն ստեղծվում էր մի քանի բարբառների միախառնմամբ (Hobsbawm 1992: 54, 62; Miller 1995: 33)[1]։     Ազգերն ու ազգայնականությունը՝ որպես նոր երևույթ Այսպիսով՝ լիբերալիզմը ենթադրում էր, որ պետության բնակիչները պետք է առնվազն լեզվական ընդհանրություն ունենան, որպեսզի կարողանան իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին պայմանավորվեն և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչեն։ Այլ կերպ ասած՝ լիբերալիզմի համար  բնակչության ընդհանրությունը նրա համար էր, որ ծառայի իրավունքների մասին պայմանավորվելուն։ Սկզբունքորեն, եթե հնարավոր լիներ (լինի) պայմանավորվել իրավունքների շուրջ՝ առանց լեզվական կամ այլ ընդհանրության, լիբերալիզմը չէր (չի) կարևորի այդ ընդհանրությունները։ Իսկ ազգայնականությունը կարևորում է բնակչության (լեզվական կամ այլ) ընդհանրության գաղափարը, սակայն, հակառակ լիբերալիզմի, երկրորդական է համարում կամ ամբողջությամբ դեն է նետում իրավունքների շուրջ պայմանավորվելու սկզբունքը։ Մինչ ազգայնականությունը սահմանելը, վերադառնանք 18-19-րդ դարեր։ Ընդհանուր առմամբ, երկու տիպի գործընթաց էր տեղի ունենում։ Առաջին տիպի գործընթացը բնորոշ էր հատկապես ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, երբ բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր խառնվեցին իրար՝ մեկ պետության մեջ, որից հետո ձևավորվեցին լեզվական և այլ ընդհանրություններ այդ խմբերի միջև։ Այս դեպքում՝ ազգ կարելի է համարել լեզվական և այլ ընդհանրություն ունեցող այն մարդկանց խումբ, որի անդամները ունեն համատեղ պետություն։ Երկրորդ տիպի գործընթացը բնորոշ էր հիմնականում գերմանացիներին և Արևելյան Եվրոպայի բնակչությանը, ինչպեսև՝ հրեաներին ու հայերիս։ Այս դեպքում լեզվական կամ էթնիկ ընդհանրություն արդեն ունեցողների խումբը պահանջեց ու ստեղծեց իր սեփական պետությունը։ Այս իմաստով՝ ազգ կարելի է համարել լեզվական, էթնիկական կամ այլ ընդհանրություն ունեցող այն խմբին, որը հստակ պահանջ է ձևակերպում՝ ունենալու իր առանձին պետությունը (Miller 1995: 19)։ Միացնելով ազգի վերաբերյալ այս երկու ընկալումները՝ կարելի է ասել, որ ազգը լեզվական կամ էթնիկական և այլ ընդհանրություն ունեցող մարդկանց խումբն է, որը պահանջում է կամ արդեն ունի առանձին պետություն։ Այս սահմանման մեջ ամենակարևորը այն է, որ ազգ հասկացությունը անբաժանելիորեն կապված է պետություն հասկացության հետ։ Ազգը ունի կամ ձգտում է ունենալ առանձին պետություն (կամ գոնե ինքնավարություն), ի տարբերություն լեզվական կամ էթնիկ խմբի։ Լեզվական կամ  էթնիկ խմբերը 18-19-րդ դարերում, ինչպես արդեն նշվեց, հազարներով էին հաշվվում (Gellner 1983: 44-45)։ Նրանցից ոչ բոլորը սեփական պետություն ունենալու պահանջ ներկայացրեցին (Miller 1995: 21)։ Այլ կերպ ասած՝ նրանցից ոչ բոլորը ազգ դարձան։ Իսկ հստակ պահանջ ձևակերպողներից (ազգ դարձածներից) էլ ոչ բոլորը հաջողեցին ստեղծել իրենց առանձին պետությունը։    Ազգայնականությունը ևս, ազգ հասկացության նման, սկզբի համար կարելի է ընկալել երկու իմաստով։ Առաջին՝ ազգայնականությունը պետության բնակիչների համար լեզվական և այլ ընդհանրություն ձևավորող ու պահպանող համոզմունքն ու գործողություններն են։ Այս դեպքում ազգայնականությունը կարծես թե նույնանում է լիբերալիզմի հետ, քանի որ լիբերալիզմը ևս, որպես կանոն, ենթադրում է լեզվական կամ այլ ընդհանրություն։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշել էի, լիբերալիզմի դեպքում այդ ընդհանրությունը ընդամենը միջոց է՝ հասնելու համար գլխավոր նպատակին՝ իրավունքների շուրջ (հեշտ) պայմանավորվելուն։ Իսկ ազգայնականության դեպքում կարևորը կամ նպատակը հենց ընդհանրությունն է։ Երկրորդ իմաստով՝ ազգայնականությունը լեզվական կամ այլ  ընդհանրություն արդեն ունեցողների համար առանձին պետություն (կամ գոնե՝ ինքնավարություն) ստեղծելուն ուղղված համոզմունքն ու գործողություններն են (գերմանացիներ, հրեաներ, հայեր և այլն)։ Շատերը դասական ազգայնականությունը ավելի շատ հենց այս՝ երկրորդ իմաստով են հասկանում (Miscevic 2018: 14-15)։ Միացնելով ազգայնականության այս երկու ընկալումները՝ կարելի է տալ հետևալ սահմանումը։ Ազգայնականությունը այն համոզմունքն ու գործողություններն են, որոնք ուղղված են ազգի համար առանձին պետություն ստեղծելուն, պահպանելուն և ուժեղացնելուն, ինչպես նաև՝ ազգի ներկայացուցիչների համար (լեզվական կամ այլ) ընդհանրություն ստեղծելուն, պահպանելուն ու ուժեղացնելուն։ Բացի այս ընկալումից՝ կան նաև ազգայնականության այլ սահմանումներ, սակայն այս հոդվածի շրջանակներում, կարծում եմ, չարժե դրանց մասին խոսել[2]։   Այսպիսով՝ ինչպես ազգայնականությունը, այնպես էլ ազգերը առաջացել են նոր ժամանակներում՝ հիմնականում 19-րդ դարում։ Դրանից առաջ եղել են ոչ թե ազգեր, այլ էթնիկ ու լեզվական խմբեր, որոնք իրենց էթնիկ կամ լեզվական ընդհանրությունը չեն համարել անկախ պետության ու իշխանության հիմք։ Այդ էթնիկական ու լեզվական խմբերից շատերը միախառնվել են իրար ու դարձել մեկ ազգ՝ արդեն գոյություն ունեցող պետությունում։ Այդ խմբերից շատերն էլ սկզբում դարձել են ազգ՝ պահանջել են պետություն, որից հետո կարողացել են ստեղծել իրենց անկախ պետությունը։   Ազգայնականության ծագման մասին որոշ անհամաձայնություններ Այն մոտեցումը, ըստ որի ազգերն ու ազգայնականությունը նոր ժամանակների երևույթ են, այսօր տիրապետող է ազգայնականության ուսումնասիրություններում,  թեև դպրոցական դասագրքերում սովորաբար այնպես է ներկայացվում, կարծես թե ազգերն ու ազգայնականությունը միշտ կամ ի վերուստ են եղել։ Ազգայնականության մոդեռնիստական (Modernist)  դպրոցը (Էռնեստ Գելլներ, Բենեդիկտ Անդերսոն, Էրիկ Հոբսբաում և այլոք), շեշտելով, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, հակված են ազգերի ծագման մեջ էթնիկականության դերը նույնիսկ համարել աննշան։ Նրանք ավելի շատ կարևորում են տնտեսական ու տեխնոլոգիական գործոնները։ Այս առումով, սակայն, ես ավելի շատ համամիտ եմ Էնթնոսիմբոլիզմի (Ethnosymbolism) մոտեցմանը (Անտոնի Սմիթ), որը ընդունում է, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, բայց միաժամանակ նաև կարևորում է էթնիկականության դերը՝ (շատ) ազգերի ու ազգայնականության ձևավորման գործում։ Կա նաև մոտեցում, ըստ որի էթնիկական խմբերը միշտ էլ փորձել են ունենալ իրենց առաձին պետական կազմավորումը և այդ հիմքի վրա պայքարել են միմյանց դեմ։ Այս մոտեցմանը համաձայն են Փրիմորդիալիզմ (Primordialism) կամ Փերենիալիզմ (Perennialism) կոչվող դպրոցի որոշ ներկայացուցիչներ (Սթիվեն Գրոսբի, Ավիել Ռոշվոլդ, Ազար Գատ)։ Նրանք ենթադրում են, որ քանզի մարդիկ միշտ էլ համերաշխության (սոլիդարության) զգացողություն են ունեցել իրենց հարազատների ու էթնիկ խմբի ներկայացուցիչների նկատմամբ, հետևաբար նրանք պետք է որ նաև ցանկանային իրենց էթնոսի ներկայացուցիչներին տեսնել պետության ու իշխանության գլուխ և նույնիսկ ունենալ իրենց էթնոսի համար առանձին պետություն (Gat 2013: 382; Grosby 2003: 8)։ Նման մոտեցումը տարածված էր 19-րդ դարի ազգայնական հռետորաբանությունում ու օգտագործվում էր՝ որոշ էթնիկ խմբերի ազգ դարձնելու նպատակով։ Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում նաև այն, որ իշխանությունը ժառանգաբար փոխանցվում էր թագավորական ու իշխանական տներին, որոնց կարելի է համարել որևէ էթնիկ խմբի անդամներ և որոնք ունեին իշխանություն և փորձում էին այն պահել ու հզորացնել։ Այս մոտեցումը, սակայն, չի հաստատվում փաստերով, իսկ այն հերքող փաստերը ավելի ծանրակշիռ են։ Անդրադառնամ դրանցից մի քանիսին։ Առաջին, «ազգ» բառը մինչև նոր ժամանակներ չի օգտագործվել ժամանակակից իմաստով, այն է՝ «պետություն» հասկացության հետ փոխկապակցված։ «Ազգ» կամ նմանատիպ իմաստով բառերը (հին ֆրանսերենով՝ nacion, անգլերեն՝ nation, իսպաներեն՝ nación, գերմաներեն՝ volk և nation) օգտագործվել են որևէ ընդհանրություն ունեցող խմբի (այլ ընտանիքի (տոհմի) անդամներ, այլ բնակավայրերի բնակիչներ, քաղաքական խմբեր, ուսանողներ, ազնվականներ և այլն) անվանելու իմաստով (Breuilly 2013: 22; Hobsbawm 1992: 15-17; Miller 1995: 28-30)։ «Պետություն» հասկացության հետ որևէ կապ, սակայն, «ազգ» բառը չի ունեցել՝ մինչև նոր ժամանակներ։ «Ազգայնականություն» բառն էլ ընդհանրապես չի եղել մինչև նոր ժամանակներ, չի եղել նաև դրան համարժեք մեկ այլ հասկացություն (Smith 2010: 5): Երկրորդ, հայտնի է, որ տարբեր ազնվական ընտանիքների միջև ամուսնությունները ու երբեմն նաև՝ պետության ղեկավարության լեզվական կամ էթնիկական կազմի փոփոխությունները տարածված էին մինչև նոր ժամանակներ։ Օրինակ՝ ռուսական ազնվականությունը 18-րդ դարում հիմնականում ֆրանսերենով էր հաղորդակցվում։ Հասարակ քաղաքացիների, կամ թեկուզ՝ ազնվականության շրջանում նման երևույթները լուրջ հակազդեցություն, ինչքանով հայտնի է, չէին առաջացնում։ Եթե էթնիկական համերաշխությունը պետության ղեկավարման հարցում ծանրակշիռ նշանակություն ունեցած լիներ, դժվար թե նման ամուսնությունները, ինչպես նաև ազնվականության ու հասարակություն լեզվական ու էթնիկական տարբերությունները այդքան տարածված լինեին։ Երրորդ, 17-րդ դարի ու 18-րդ դարի սկզբի քաղաքական փիլիսոփաները (ինչպես, օրինակ, Թոմաս Հոբսը (1588-1679) կամ Ջոն Լոկը (1632-1704)) ընդհանրապես չեն անդրադարձել մարդկանց էթնիկական կամ լեզվական տարբերություններին՝ պետության ու իշխանության հարցերի կոնտեքստում։ Իսկ գերմանացի փիլիսոփա Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744-1803) առաջինն է անդրադարձել լեզվական ու էթնիկական հարցերին, չի համարել, որ լեզվական կամ էթնիկական ընդհանրությունը հիմք պետք է դառնա պետության կամ իշխանության համար: Նա բացասական վերաբերմունք է ունեցել պրուսական զինվորականության նկատմամբ ու դրական է վերաբերվել ռուսական ղեկավարմանը (Kohn 1965: 31): էթնիկականությունն ու լեզուն պետության և իշխանության հետ կապող առաջին խոշոր փիլիսոփաները եղել են գերմանացի Յոհան Գոթլիբ Ֆիխտեն (1762-1814) ու Էռնստ Մորից Արնդտը (1769-1860)։ Եթե լեզվական ու էթնիկական հարցերը պետական կամ քաղաքական նշանակություն ունեցած լինեին 17-րդ դարում ու 18-րդ դարի սկզբին, դժվար թե քաղաքական հարցերով զբաղվող խոշորագույն փիլիսոփաները ամբողջությամբ անտեսեին դրանք։ Չորրորդ, մինչև նոր դարաշրջանը ապրած հասարակ մարդկանց մասին մենք շատ բան չգիտենք։ Ինչպես նշել էի հոդվածի սկզբում՝ նրանք ու նրանց կյանքը արհամարհված ու անտեսված էր։ Պարզ չէ, թե էթնիկ ծագումը ու լեզուն ինչ դեր են խաղացել նրանց ինքնության հարցում ու պետական իշխանության մասին պատկերացումներում։ Մեզ հասած գրեթե բոլոր տեքստերը վերաբերում են էլիտաներին։ Այդ պատճառով՝ միջնադարի ու հին աշխարհի հասարակ մարդկանց ազգային ինքնություն վերագրելը ռետրոսպեկտիվ ազգայնականության դրսևորում է։ Հինգերորդ՝ 18-րդ դար հասած էթնիկ խմբերի ճնշող մեծամասնությունը, փաստացի, պետական կազմավորման հայտ չներկայացրեց։ Իսկ շատ էթնիկ խմբերի կողմից նման հայտի ներկայացումը, որպես կանոն, հետևանք էր «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված հսկայական ջանքերի։ Եթե էթնիկականությունը ինքնին ենթադրեր առանձին պետական կազմավորման ցանկություն, ապա 19-րդ դարում մենք կտեսնեինք հազարավոր էթնիկ խմբերի պատերազմներ միմյանց դեմ և չէինք տեսնի «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված տիտանական ջանքեր՝ գրողների, պոետների ու քաղաքական գործիչների կողմից։   Վերջաբան  Այսպիսով՝ ազգայնականությունը ծագեց այն բանից հետո, երբ ստեղծվեցին  ինքնիշխան պետություններ և երբ «իշխանությունը ժողովրդից է, ոչ թե՝ Աստծուց» սկզբունքը տարածվեց Եվրոպայում։ Ժողովուրդը այդ ժամանակ մասնատված էր բազմաթիվ լեզվական ու էթնիկ խմբերի միջև և որպեսզի այն գործնականում կարողանար դառնալ իշխանության աղբյուր, պետք է միավորվեր։ Դասական ազգայնականությունը կարևոր դեր կատարեց այդ միավորման գործում՝ մի կողմից մեկ ազգի մեջ միախառնելով տարբեր լեզվական ու էթնիկ խմբերի, մյուս կողմից էլ՝ որոշ լեզվական ու էթնիկ խմբերի ազգեր դարձնելով։ Ինքնիշխան պետությունները վերածվեցին ինքնիշխան ազգ-պետությունների[3]։    Ազգայնականությունը, սակայն, չվերացավ ազգերի ու ազգ-պետությունների ստեղծմամբ։ Այն նաև ազգն ու ազգ-պետությունը միջազգային ասպարեզում պահպանելու ու հզորացնելու, այլ ազգ-պետությունների հետ մրցակցելու և այլ ազգ-պետություններից պաշտպանվելու առաքելություն ստանձնեց։ Այդ առաքելության որոշ դրսևորումներ դարձան նաև պետությունների ներքին քաղաքականության մաս՝ հիմք դնելով ազգայնական թեքումով կուսակցությունների ու գաղափարների համար։ Հաջորդ հոդվածում կանդրադառնամ այդ դրսևորումներին, ու հատկապես՝ նրանց, որոնք կոնֆլիկտի մեջ են լիբերալ-դեմոկրատական շատ արժեքների հետ։              Ազգայնականության մասին, ու ընդհանրապես՝ բոլոր վերլուծություններս չեն հավակնում լինել վերջնական ճշմարտություններ և կարող են փոփոխվել։ Վերջին  2-3 տարիների ընթացքում պատկերացումներս զգալիորեն փոխվել են։ Այս հոդվածի բովանդակությունը ամենաշատը ազդված է Մանվել Սարգսյանի, լիբերալ-ազգայնական համարվող Դեյվիդ Միլլերի ու ազգայնականության մոդեռնիստական դպրոցի ներկայացուցիչ Էրիկ Հոբսբամի վերլուծություններից։ Այնուամենայնիվ, որոշ հարցերում ես նրանց բացատրությունների ու սահմանումների հետ համաձայն չեմ և, ընդհանրապես, խիստ ընտրողաբար եմ վերաբերվում բոլոր հետազոտողների տեքստերին՝ վերցնելով միայն այն մտքերը, որոնք, իմ կարծիքով, լավագույնն են բացատրում երևույթներն ու առավելագույս հստակ են։            Մարտահրավերը նետում եմ Վարդան Ջալոյանին։   Գրականության ցանկ ԲունTV (2020, փետրվար 15)։ «14. Միջազգային հարաբերությունների ձևավորման ակունքները․ Մանվել Սարգսյան» [տեսանյութ]։ https://www.youtube.com/watch?v=NgJC4mcoGfg&list=PLmwsBqROifgT82lUJat6W8r824_h7_Ssq&index=14 ։ Breuilly, J. (Ed.). (2013). The Oxford handbook of the history of nationalism. OUP Oxford. Grosby, S. (2003). Religion, ethnicity and nationalism: the uncertain perennialism of Adrian Hastings. Nations and Nationalism, 9(1), 7-13. Gat, A. (2012). Nations: The long history and deep roots of political ethnicity and nationalism. Cambridge University Press. Gellner, E. (1983). Nations and Nationalism. Cornell University Press. Ithaca NY. Hobsbawm, E. (1992). Nations and nationalism since 1780: programme, myth, reality (2nd edition). Kohn, H. (1965). Nationalism: Its Meaning and History. Rev. ed. D. Van Nostrand. Miller, D. (1995). On nationality. Clarendon Press. Miscevic, N. Nationalism (Summer 2018 Edition). The Stanford Encyclopedia of Philosophy https://plato.stanford.edu/archives/sum2018/entries/nationalism/ . Smith, A. (2010). Nationalism (2nd edition).   [1] Որոշ պետություններում, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայում, Բելգիայում ու Կանադայում, այդպես էլ չստեղծվեց մեկ-միասնական պետական լեզու։ Այս փաստը կարող է կասկածի տակ դնել այն պնդումը, թե լիբերալ-դեմոկրատական պետությունը անպայման ենթադրում է մեկ-միասնական պետական լեզվի առկայություն։ Այնուամենայնիվ, հստակ է, որ առնվազն մեկ պետական լեզու պետք է լինի լիբերալ-դեմոկրատական պետությունում։ Բացի այդ՝ կարծում եմ, որ լիբերալ պետությունում մի քանի պետական լեզուների առկայությունը լուրջ դժվարությունների ու կոնֆլիկտների աղբյուր է, և կարող է հաղթահարվել միայն բնակիչներին միավորող այլ ուժեղ գործոնների (օրինակ՝ քաղաքական համոզմունքների, մշակույթի) առկայության պարագայում։ Այդ պատճառով էլ նոր տիպի  պետությունների ճնշող մեծամասնությունը գնաց մեկ-միասնական լեզվի ստեղծման ճանապարհով։ [2] Երբ սահմանում ենք ազգայնականությունը որպես համոզմունք ու գործողություններ՝ ուղղված ազգի համար առանձին պետություն ստեղծելուն և ուժեղացնելուն, աշխարհի այսօրվա քաղաքացիների ճնշող մեծամասնությանը կարելի է համարել ազգայնական։ Նմանապես՝ աշխարհի բնակչության մեծամասնությանը (կամ զգալի մասին) կարելի է համարել նաև լիբերալներ, քանի որ վերջիններս ցանկանում են ընտրել իրենց իշխանություններին, որոնք որ կապահովեն իրենց իրավունքների պաշտպանությունը։ Ազգայնականության դեպքում, սակայն, ավելի շատ գործ ունենք պետությունների մակարդակով հարաբերությունների հետ, իսկ լիբերալիզմի դեպքում՝ ներքաղաքական հարաբերությունների հետ։ Այդ պատճառով սովորաբար լարվածություն ու բախում է առաջանում ազգայնականության և լիբերալիզմի միջև, երբ լիբերալիզմը ներթափանցում է միջպետական, իսկ ազգայնականությունը՝ ներքաղաքական հարաբերություններ։ Հաջորդ հոդվածում կքննարկեմ հենց նման դրսևորումներ։ [3] Կարծում եմ՝ հայ էթնոսի ներկայացուցիչների ղեկավարած թագավորությունների մասին շատ պատկերացումներ վերանայման կարիք ունեն՝ նկատի ունենալով այն, որ ազգ-պետությունները նոր երևույթ են։ Օրինակ՝ հավանաբար այն թագավորությունները, որոնք ղեկավարել են հիմնականում էթնիկ ծագումով հայկական խմբերը, ղեկավարել են ոչ այնքան իրենց էթնիկ ծագման բերումով, որքան բոլորովին այլ պատճառների ու գործոնների համակցմամբ (կրոն, իշխանական տների պայմանավորվածություններ և այլն)։ Նրանց դժվար է ժամանակակից իմաստով հայկական պետություններ համարել։ Նույնը վերաբերում է մինչև նոր ժամանակներ եղած բոլոր պետություններին։
21:07 - 14 հուլիսի, 2020
Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել․ համայնքապետ

Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել․ համայնքապետ

«Այս օրերին Նոյեմբերյանի հետ շփման գծում ամեն ինչ հանգիստ է եղել, հրադադարի ռեժիմը չի խախտվել»։ Infocom.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը։ Վերջինս նշեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան․ «Իհարկե, չենք կարող կանխատեսել՝ իրավիճակը կփոխվի՞, թե՞ ոչ»,- նշեց Աբազյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, պաշտոնապես հայտարարվել է 11 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 2 զոհ․ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Այսօր առավոտյան հակառակորդը ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ 
15:00 - 14 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ն իր խորը անհանգստությունն է արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։ Այս մասին նշվել է կազմակերպության քարտուղարության մեկնաբանությունում։ «ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինված բախումներից հետո, որի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։  Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել էն Հայաստաի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում։ Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադրի ռեժիմը ՀԱՊԿ լիազորության ներքո գտնվող տարածքներում։   Աղբյուրը՝ ria.ru: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:44 - 14 հուլիսի, 2020
Բերդի բնակիչները տագնապի մեջ չեն․ յուրաքանչյուրն ունի իր անհատական, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը․ Համլետ Մելքումյան

Բերդի բնակիչները տագնապի մեջ չեն․ յուրաքանչյուրն ունի իր անհատական, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը․ Համլետ Մելքումյան

«Բերդ քաղաքում երեկ կրակոցներ չեն եղել։ Պարզվեց, որ հարաբերական դադարներն ավելի լավ պատրաստվելու համար էին․ ենթադրվում էր, որ ավելի խորքերը կկրակեն»․ Infocom.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանը՝ նշելով, որ երեկ քաղաքում ավելի հանգիստ է եղել՝ ի տարբերություն գյուղերի։ Մեր զրուցակիցը նկատեց՝ միայն կրակոցների աղմուկը բավարար է, որ տագնապ առաջանա, երեկ իրավիճակը նորմալ է եղել, այսօր առավոտյան՝ մինչեւ հակառակորդի նոր գործողությունները, ավելի հանգիստ․ «Քիչ առաջ տեսա, որ անվտանգ ճանապարհով դեսպանատան մեքենաներ են գնում դեպի քաղաք, բայց չեմ կարող հստակ ասել՝ որ դեսպանատանն էին։ Այսօր առավոտյան իրավիճակը հանգիստ էր, մարդիկ էլ իրենց գործին են։ Պատրաստված լինելու հիշողությունը կա, մարդիկ իրենց փորձից գիտեն, թե ինչ պետք է անեն։ Լարվածություն կա միայն նոր սերնդի մեջ՝ դպրոցականների, մի քիչ անհանգիստ են, բայց վախվորած չեն, պատրաստ են այս պահին որեւէ ավելի ռիսկային զարգացումների դեպքում ապաստարաններում, նկուղներում պաշտպանվել»,- ասաց Բերդ քաղաքի բնակիչը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ բնակչությունն, ընդհանուր առմամբ, տագնապի մեջ չէ, միայն թե բնակավայրից հեռացնում են անչափահասներին ու կանանց։ Նրա խոսքով՝ մարդիկ ռեֆլեքսորեն պատրաստ են, ունեն իրավիճակների զարգացման իրենց սցենարները։ «Այս պահին անհասկանալի դադար կա, թե ինչ անեն բնակավայրում մնացած մարդիկ, որոնք սովոր են 90-ական թվականներից, բայց ավելի ուշ ծնված երեխաների համար սա առաջին դեպքն էր, եւ շատերը ինձ գրում էին, որ անհնար է պատկերացնելը, բայց մենք, որ մի ամբողջ մանկություն անցել ենք դրա միջով, գոնե մեր փորձից գիտենք՝ ինչպես արձագանքել, եւ ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել»,- ասաց Մելքումյանն ու պատմեց, որ առավոտյան արկերից մեկն ընկել է իրենց տան դիմաց, ինչից 5-ամյա երեխան շատ է վախեցել․ «Մեր հինգ տարեկան երեխան ուղղակի լեղաճաք եղավ, մի կերպ կարողացանք նկուղ մտնել։ Այդ պահին արկերը արոտավայրերին կպան, որեւէ շինություն չի վնասվել՝ մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով, այս պահին ինֆորմացիա չունեմ։ Չեմ կարող ասել, թե ինչ տեսակի զենքից են կրակել, բայց ծանր հրետանի էր, որովհետեւ իմ հիշողության մեջ մնացած արկի սուլոցն էր»։ Մելքումյանը վստահեցրեց՝ Բերդում բոլորը զգոն են եւ պատրաստված, ուղղակի այդ անսպասելիությունն է սթրեսային եղել․ «Բայց փորձ ունեցողները շատ հանգիստ են արձագանքում, մեր հին առօրյաներից է։ Որքանով հասցրել եմ մոնիտորինգ անել մեր սոցհարթակների խմբերում՝ մոտ 100 տոկոս վստահություն կա բանակի նկատմամբ, վստահություն կա, որ իրենք իրավիճակը վերահսկում են։ Նաեւ այդ պատճառով է, որ շատերը հանգիստ են։ Ամեն դեպքում, եթե հիմա ավելի թիկունքային խփեցին, ենթադրվում է, որ հետո հնարավոր է՝ ավելի ուժեղացնեն։ Երեխաների անվտանգության եւ նրանց անտեղի սթրեսի չենթարկելու, լարվածության մեջ չպահելու համար շատերը գուցե էվակուացվեն ավելի անվտանգ տեղեր, պարտադիր չէ շրջանից դուրս»,- հավելեց  մեր զրուցակիցը։ Բերդի բնակչի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհները անվտանգ են եւ անցանելի։ Բնակիչներն իրենց գործերին են՝ ինչքան էլ կրակոցներ լինեն։ Մելքումյանը տրամաբանական ու բնական է համարում, որ քաղաքին կհասնեին, քանի որ դա ենթադրում է՝ իրենց կորուստն այնքան զգալի է, որ որեւէ ձեւով պետք է փորձեն դրան համարժեք պատասխան  տալ․ «Այն, որ պետք է քաղաքի վրա կրակեին, իրատեսական էր երեկվանից հետո, որովհետեւ հենց այնպես նույն տարածքին հարվածելու համար չէին վերսկսի գործողությունները, պարզ էր, որ պիտի գնային դեպի ավելի խորքերը։ Երեկ հարվածել են գյուղերի ուղղությամբ, մի քանի գյուղեր են տուժել փաստորեն։ Դրանից հետո քիչ-քիչ բարձրացել են Բերդ եւ նույն գծի վրա գտնվող գյուղերին են հարվածում։ Ինչքան էլ մարդ պատրաստված լինի, այդ արկի ամեն պայթյունը նորից քանդում ու հավաքում է ամբողջ հոգեկան հավասարակշռությունդ, դրանից հետո գոնե մի երեք ժամ պետք է լինում, որ մարդն այդ սթրեսները հաղթահարի՝ անկախ նրանից, թե ինչ փորձառություն ունի։ Ես տեսնում եմ, որ հոսք կա նաեւ այլ բնակավայրերից եւ իրավիճակը զգոն է, մարիկ փորձում են վերադիրքավորվել, վերաիմաստավորել իրենց առօրյա առաջնահերթությունները, այդ թվում՝ եւ մենք, փորձում ենք այս պահին գնալ ավելի անվտանգ տեղ, հետո չգիտենք՝ ինչ կանենք։ Այստեղ իմ ամբողջ մտահոգությունն այն է, որ համայնքապետը եւ նման իրավիճակներ կազմակերպող այլ կառույցներ շատ արագ արձագանքեն եւ հրահանգավորեն բնակչությանը, կազմակերպեն կամ նպաստեն ինքնակազմակերպմանը։ Մենք առայժմ նման բաներ չենք տեսնում, առայժմ միայն լրատվամիջոցներով, սոցհարթակներով տեղեկություն փոխանցելու փորձեր կազմակերպելը արդյունավետ է, բայց դա այդ ամենը կազմակերպելու ոչ ֆորմալ ձեւն է։ Կարծում եմ՝ կկազմակերպվեն, ուղղակի սպասված չէր, որ հենց բնակավայրերի ներսում կարող է կրակեն»։ Մեր զրուցակիցը նշեց, որ եթե նույնիսկ բանակը կարողանա ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ամեն դեպքում ՏԻՄ-երը պետք է աշխատեն համայնքների հետ եւ շատ կոնկրետ անվտանգության վարժություններ ու տեխնիկաներ սովորեցնեն։ Բնակիչն ասաց՝  ընդհանուր իրավիճակը  միայն  պայթյունի ժամանակ է տագնապային, բայց վստահեցրեց՝ բոլորը զգոն են եւ յուրաքանչյուրն ունի իր անհատական ռազմավարությունը, այդ թվում՝ թաղային ռազմավարությունը, թե ինչպես պետք է արձագանքեն։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների է դիմում։ Հակառակորդն ունի մարդկային եւ տեխնիկայի կորուստներ։ Հայկական կողմը չունի զոհեր, կորուստներ, թեթեւ վիրավորում է ստացել 5 զինծառայող։ Ասպրամ Փարսադանյան
13:26 - 14 հուլիսի, 2020
ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը

ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ հաղորդակցության ուղիները, որպեսզի խուսափեն լարվածության հետագա ավելացումից, և խստագույնս հետևել հրադադարին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ շարունակում է հակված մնալ կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծմանը։ Մենք կշարունակենք ակտիվորեն մասնկացել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերին։ ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունները վերսկսելու և ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադառնալու կարևորությունը շեշտելու կոչին»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:38 - 14 հուլիսի, 2020
Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Ավետիք Չալաբյանը արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ է արել

Հուլիսի 10-ին «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանդես է եկել արտակարգ դրության վերաբերյալ խնդրահարույց պնդումներով։ Չալաբյանը, նշելով, որ նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարձգելու անհրաժեշտության մասին, հիշեցրել է ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն՝ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին»։ Չալաբյանը գրել է, թե օրենքի այս մասը ենթադրում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում․ «Ես վարչապետ Փաշինյանին առաջարկում եմ բոլորիս բացատրել, թե այսօր սահամանդրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում։ Եթե խոսքը համավարակի մասին է, ապա այն որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի»։ Գրառման հեղինակը ճիշտ է, Սահմանադրության 120-րդ հոդվածն այդպիսի սահմանում տալիս է, սակայն նա չի նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը հստակեցնում է, թե որ դեպքում է հայտարարվում արտակարգ դրություն։ Ըստ նշյալ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները»: Իսկ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պահպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում էլ նշված է, որ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ Կորոնվիրուսի պատճառով առաջացած իրավիճակն, ըստ էության, արտակարգ է․ աշխարհում հայտարարվել է կորոնավիրուսի պանդեմիա՝ համավարակ, որը վտանգավորության եւ տարածվածության ավելի բարձր աստիճան ունի, քան համաճարակը։ Եւ դեռեւս հունվարի 31-ին, երբ աշխարհում վարակվածների թիվը տասը հազար էր, իսկ մահերը 213-ն էին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ էր հայտարարել։ Ինչ վերաբերում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգին, ապա, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմադիր Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար, իրավաբան Էդմոն Մարուքյանը, համաճարակը եւս կարող է սպառնալ սահմանադրական կարգին, քանի որ սահմանադրական կարգ են համարվում Սահմանադրության առաջին գլխում ամրագրված արժեքները։ ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածով սահմանվում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունները, իսկ համավարակը սպառնում է երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, նրանց առողջությանն ու անվտանգությանը, սոցիալական կյանքին։ Ըստ Մարուքյանի՝ սա նշանակում է, որ համաճարակը սպառնում է նաեւ երկրի սահմանադրական կարգին։ Անդրադառնալով Չալաբյանի պնդմանը, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե՛ նրա տարածման դեմ պայքարի, թե՛ բուժման միջոցները, նշենք, որ համավարակի տարածման դեմ պայքարի միջոց է մարդկանց տեղաշարժի սահմանափակումը, մեկուսակցումը, ինքնամեկուսացումը, տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեության դադարեցումը, որոշակի միջոցառումների, հավաքների արգելումը կամ սահմանափակումը, եւ այլն։ Իսկ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին միտված այս գործողությունները առավել դժվար կլինի իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմի, քանի որ կարիք կլինի պարտադիր դիմակ դնելու, կամ այլ պահանջների համար առանձին օրենսդրական կամ իրավական ակտեր մշակել։  Բացի այս, Հայաստանում վարակակիրների թիվը ամեն օր հասնում է մի քանի հարյուրի, ինչը նշանակում է, որ դեռեւս չի վերացել բնակչությանը սպառնացող վտանգը։  Այսօր էլ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգելու հարցը, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ավինյանի խոսքով՝ ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ, չնայած նվազմանը, այնուամենայնիվ սեպտեմբերի սկզբին վարակման դեպքերի թիվը օրական մոտ 140 կլինի։  Չալաբյանն իր գրառման մեջ նշել է նաեւ, թե արտակարգ դրությունը այս չորս շաբաթների ընթացքում կառավարությունն օգտագործել է մի շարք խիստ վիճահարույց գործողությունների համար՝ ընդունվել է «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որով մոտ 4 անգամ կաճի գույքահարկը, անձեռնամխելիությունից զրկվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ն հապճեպ եւ Սահմանադրության պահանջների խախտմամբ փոփոխություններ է ընդունել Սահմանադրության 213 հոդվածում, կառավարությունը հաստատել է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագիծը, եւ այլն։ Գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագիծն իսկապես խնդրահարույց է եղել, դրա ընդունումից հետո տարաբնույթ քննարկումներ են եղել, հնչել են սուր քննադատություններ, սակայն ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը, ապա սա խնդրահարույց է եղել կոնկրետ շրջանակների համար․ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու եւ նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ փաստական ապացույցներ են եղել, որոնք Ազգային ժողովում մանրամասն ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ զեկուցելով համապատասխան միջնորդությունը։ Իսկ ահա ինչ վերաբերում է արտակարգ դրության պայմաններում մասնավոր բուժհիմնարկները Առողջապահության նախարարության անմիջական ենթակայության տակ դնելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, հարկ է նշել, որ շահարկվեց այն կոնտեքստում, թե նախատեսվում է բուժաշխատողների իրավական կարգավիճակը վատթարացնող կարգավորում։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ խորհրդարանն ընդունեց կարգավորում, ըստ որի՝ ռազմական դրության ժամանակ բուժհիմարկների ղեկավարումը կոորդինացնում է լիազոր մարմինը՝ ԱՆ-ն, հիմա այս նույն կարգավորումն առաջարկվում է նաեւ համաճարակի հիմքով արտակարգ իրավիճակների դեպքում։ Խորհրդարանական իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի պնդմամբ՝ նախագիծն իսկապես հրատապ է, քանի որ համավարակային այս իրավիճակը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չի լինի ապակենտրոնացված, չի լինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում։ Այս կարգավորումը, պատգամավորի համոզմամբ, ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետեւ առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու եւ համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Քննադատության հիմնական կետն այն է, որ նախագծով սահմանվում է՝ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին, հակառակ դեպքում՝ սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրից հինգ հարյուրապատիկի չափով։  Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ վերջերս փոփոխություն են արել նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում», եւ այս նորմը արդեն ներմուծված է այդ օրենքում։ Եւ մի քանի ամիս առաջ, երբ առողջապահական համակարգը մոբիլիզացվում էր կորոնավիրուսի դեմ պայքարին, անհրաժեշտություն եղավ համալրել բուժաշխատողների կազմը, այլ մասնագիտացում ունեցող բուժաշխատողների, ինչպես նաեւ ավարտական կուրսերի օրդինատորների համար նախատեսվեց դրույթ, որ նրանք նույնպես ներգրավվեն կորոնավիրուսի դեմ այդ աշխատանքներին, բայց մինչեւ բուժհիմնարկների ներգրավումը՝ նրանք պետք է որոշակի վերապատրաստում անցած լինեն։ Այս փոփոխությունը, պատգամավորի խոսքով, արդեն կա մեր օրենսդրության մեջ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, բայց սինխրոնիզացված չէր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հետ։  Ըստ այդմ՝ քննարկվելիք նախագծի նպատակն ամենեւեին էլ բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու համար չէ։ Այսպիսով, Չալաբյանի պնդումները, թե համավարակը որեւէ կերպ այլեւս սահամանադրական կարգին չի կարող սպառնալ, քանի որ հասկանալի են թե նրա տարածման դեմ պայքարի միջոցները, թե նրա բուժման միջոցները, եւ նրանցից ոչ մեկը արտակարգ դրության ռեժիմի կարիք չունի, իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ հայտարարությունը, թե կառավարությունն արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է՝ վիճահարույց նախագծեր ընդունելու համար, առնվազն խնդրահարույց է։ Հայարփի Բաղդասարյան
21:45 - 13 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

ՀԱՊԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու հայկական կողմի՝ իրենց դիմելուն․ Հրաչյա Պետրոսյանց

Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները  անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հետագայում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց 4 զոհի մասին։ Հայկական կողմից թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել 3 զինծառայող եւ երկու ոստիկան, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար ռմբակոծել հայկական դիրքերը եւ գյուղերը։ Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից  երեք արկ են արձակել կրկին Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան։  Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում առաջացած լարվածության մասին infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Վերջինս, արձագանքելով ընդհանուր իրավիճակին, նկատեց, որ մենք ունենք անկանխատեսելի հակառակորդ, որի համար ընդհանրապես օրինաչափություններ, պատերազմի կանոններ չեն գործում եւ, հետեւաբար, մեր զրուցակցի խոսքով, ցանկացած պահի, ցանկացած բան հնարավոր է․ «Գնահատականը հետեւյալը կարող է լինել՝ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում։ Ճիշտ է՝ 2016 թվականի ապրիլը մի քիչ փոփոխեց այդ մտածողությունը, բայց ներկա պահին շարունակվում է այն կարծեցյալ վիճակը, թե մենք խաղաղության մեջ ենք։ Մենք երբեք խաղաղության մեջ չենք եղել, միշտ էլ պատերազմի մեջ ենք եւ ամեն ինչ ցանկացած պահի սպասելի է, ամեն ինչ հնարավոր է»։ Խոսելով վերջին երկու ամիսների ընթացում Ադրբեջանի Պաշտպանության նախարարի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին՝ փորձագետն ասաց, որ պատերազմ հասկացությունը որոշակի բաղադրիչներ ունի եւ դրանցից մեկը հենց ինֆորմացիոն պատերազմն է։ Պետրոսյանցի խոսքով՝ երբ որեւէ պետություն պետք է սկսի պատերազմ մեկ այլ պետության դեմ, նախ սկսում է ինֆորմացիոն պատերազմի գրոհները, ինֆորմացիոն ճնշումները, որոնք առաջին հերթին զուտ հոգեբանական ճնշման համար կարող են կատարվել։ «Այնպես որ՝ դա օրինաչափություն է։ Սովորական պատերազմի օրինաչափություն է, ուղղակի, եթե դիտարկենք զուտ ռազմարվեստի տեսանկյունից, ցանկացած պատերազմ ծնվում եւ սկսվում է նման կերպ։ Ի դեպ՝ նաեւ այդ ամենից ելնելով՝ ինֆորմացիոն քարոզչության նպատակը որոշակի խդիրներ ունի՝ չթողնել, որպեսզի միջազգային հանրությունը վստահ ասի, թե ով է սկսել լարվածությունը»,- ասաց փորձագետը։ Մեր հարցին՝ արդյոք այս գործողությունների պատճառը կարո՞ղ են լինել Ադրբեջանի ներքաղաքական խնդիրները՝ սոցիալ- տնտեսական,  համաճարակային եւ այլն, Պետրոսյանցը նշեց, որ  հարցն ավելի շատ քաղաքական դաշտում է, սակայն, ըստ փորձագետի, այսօրվա պատերազմը ներառում է այդ բոլոր կոմպոնենտները․ «Այսինքն՝ երբ ասում ենք պատերազմ, շատ դեպքերում այդ պատերազմները կարող են ընթանալ առանց մարտական գործողությունների՝ քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն դաշտում։ Մենք ցանկացած դեպքում այդպիսի ազդեցությունը մարտի դաշտում տեղի ունեցողի վրա չենք կարող բացառել։ Բայց թե ինչքանով այս օրերի լարումները կապ ունեն Ադրբեջանի ներքին կյանքի հետ, չեմ կարող ասել, հնարավոր է»,- ասաց Պետրոսյանցը։ Անդրադառնալով ՀԱՊԿ ուշացած արձագանքին՝ փորձագետը նշեց, որ այս կառույցը ոչ միայն պետք է հայտարարություններ աներ, այլ նաեւ միջոցներ ձեռնարկեր՝ առանց սպասելու, որ հայկական կողմը դիմի իրենց։ Դա, մեր զրուցակցի պնդմամբ, ընդունված է բոլոր ռազմական կառույցներում․ «Թե ինչի համար է այն իրավիճակը, որ այսօր կա՝ դա արդեն քաղաքական հարց է»։  Հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը առաջին քա՞յլն է արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու, Պետրոսյանցը պատասխանեց․ «Ցանկացած իրավիճակի բազմակողմանի վերլուծություն պետք  է կատարվի, ես կխոսեմ ռազմական տեսանկյունից․ պետք է բոլոր սցենարները քննարկվեն։ Երբ մենք բոլոր սցենարները սկսենք մշակել, սցենարներից մեկն էլ հենց դա պետք է լինի, որ իրականում սա մեր ուշադրությունը շեղելու համար է արվում, որ մենք շեղենք մեր ուշադրությունը գլխավոր ուղղությունից։ Ռազմարվեստի մեջ դա կոչվում է կեղծ, երբ առերես ցուցադրվում է, որ մենք այս ուղղությամբ ենք կուտակում մեր ուժերը, այս ուղղությամբ ենք գործողություններ իրականացնում, բայց այլ ուղղությամբ են հարձակումներ գործում։ Այս սցենարը չի բացառվում, եւ մեր համապատասխան մարմինները, վստահ եմ, այդ սցենարը մշակում են, ու մենք պատրաստ կլինենք ցանկացած իրավիճակի եւ ցանկացած զարգացման»։  Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում ռազմական գործողություններ չիրականացնելու կոչին  չմիանալը կարո՞ղ է հնարավոր լայնածավալ գործողությունների կանխատեսման պատճառ դառնալ, Պետրոսյանցը պատասխանեց․ «Դա ընդամենը կոչ էր եւ պարտադրողական ոչինչ չկար, այսինքն՝ երկրները կարող են միանալ դրան, բայց պարտավորություն չունեն։ Կամավոր ասում են՝ այո՛, մենք միանում ենք կոչին, բայց անհրաժեշտության դեպքում դիմում են ռազմական գործողությունների։ Հիմա այն, ինչ անում ենք մենք, նույնն է, մենք միացել ենք կոչին, բայց մեզ պարտադրում են, որ գնանք ռազմական գործողությունների։ Անկախ նրանից, թե որ կողմն է, չես կարող մեղադրել, թե խախտել են որեւէ պայմանավորվածություն, որովհետեւ ընդհանրապես չկա պայմանավորվածություն, կոչ է։ Զուտ իրավական տեսանկյունից՝ այդտեղ խնդրահարույց ոչինչ չկա»։  Իսկ ահա անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք անվերապահորեն աջակցում են Ադրբեջանի գործողություններին, փորձագետը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը եւ իր աջակցությունն է հայտնում։ Այդ ամենը, մեր զրուցակցի խոսքով, այն է, ինչ պետք է աներ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար, բայց չի անում․ «Ուղղակիորեն կարող ենք համեմատել Թուրքիային եւ ՀԱՊԿ-ին, եւ դրանով ամեն ինչ ասված կլինի»,- եզրափակեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։ Ասպրամ Փարսադանյան
21:24 - 13 հուլիսի, 2020
Նախատեսվում է հայկական արտադրության 100 հազար թեստ պատրաստել. Տիգրան Ավինյան

Նախատեսվում է հայկական արտադրության 100 հազար թեստ պատրաստել. Տիգրան Ավինյան

Արդեն չորրորդ անգամ երկարաձգվող արտակարգ դրությունը պետք է բոլորիս համար ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի,մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա։ Այս մասին այսօր Աժ հատուկ նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն։ Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից։ Միաժամանակ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերհսկել գործող սանիտարա- համաճարակային և այլ կանների պահպանումը։ Մեծ են ակնկալիքները, որ հետագայում արտակարգ դրությունը երկարաձգելու անրաժեշտություն չի լինելու։ Ներկայումս դիտարկում ենք «Արտակարգ դրության պայմաններում բնակչության պաշտպանության» և «Բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման» հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ որոշ սահմանափակումներ և կաննոներ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար։ Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտաործումը ներկայիս ծավալով։ Հետագա որոշումները նույնպես կախված են լինելու  զարգացման դինամիկայից։Մարտի 15-ից մինչ այժմ  պարետատան ու ԱԳՆ-ի ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար։ Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40․000 ՀՀ քաղաքացի։ Բազմիցս հայտարարել ենք, որ համավարակի տարածման տեմպերին և իրավիճակին համարժեք առողջապահական կարողություններն ընդլայնվում են բնակչության պատշաճ բժշկական և սպասարկում իրականացնելու համար։ Այս պահին առողջապահական համակարգի կարողությունները և հնարավորությունները պատշաճ են՝ իրավիճակին համարժեք արձագանքելու տեսանկյունից։ Կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտ ամսից ի վեր ծավալվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը ռեանիմացիոն։ Պացիենտների սպասարկումն իրականացվում է 19 բժշկական հաստատություններում, որից 7-ը մարզերում, 12-ը երևանում։ 5680 բուժաշխատող մասնակեցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման և հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների։ Այս օրերին իրենց հայաստանյան գործընկերին օգնելու նպատակով բարեկամ երկրներից Հայաստան են ժամանել բազմաթիվ բուժաշխատողներ։ Հուլիսի 6-ի դրությամբ արտերկից Հայաստան է ժամանել 46 մասնագետ։ Սկզբնական  փուլում՝ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին իրականացվում էր մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացմանը զուգընթաց՝ հետազոտությունների թիվը կրնապատկվեց հասնելով օրական ավելի քան 2000 թեստի, օր է եղել, որ իրականցվել է 2800 թեստ։ Թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները։ Հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան  8000 թեստ արդեն իսկ փոխանցվել է ԱՆ հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնին։ Այս փոուլում նախատեսվում է պատրաստել 100․000 հայկական արտադրության թեստեր»։
15:02 - 13 հուլիսի, 2020