Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]
21:07 - 14 հուլիսի, 2020

Ազգայնականության ծագումը [Challenge 13.1 | Հրայր Մանուկյան]

Մանուկյան Հրայր

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։


Ազգայնականությունը ժամանակակից աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գաղափարախոսություններից ու հոսանքներից է։ Այն, լիբերալիզմի նման, առաջացել է  ինքնիշխան (սուվերեն) պետությունների ստեղծման ու բացարձակ միապետության գաղափարական փլուզման հետևանքով։ Ինքնիշխան պետություններն առաջացել են 17-րդ դարի Վեստֆալյան խաղաղության պայմանագրի (1648թ.) կնքմամբ։ Հենց նույն ժամանակ էլ սաղմնավորվել են բացարձակ միապետությունների գաղափարական հենքը խարխլող լիբերալ գաղափարները։ Ազգայնական առաջին հիմնական գաղափարներն ծագել են ավելի ուշ՝ 18-րդ դարի վերջում։                

Այս հոդվածը այն մասին է, թե ինչ է ազգայնականությունը, թե ինչու և ինչպես է այն առաջացել։ Հոդվածի առաջին մասը վերաբերում է այն միջավայրին, որտեղ ծագեցին ազգայնականության գաղափարները։ Երկրորդ մասը այն մասին է, թե ինչ են ազգերն ու ազգայնականությունը։ Երրորդ մասում հակիրճ անդրադառնում եմ ազգայնականության ծագման վերաբերյալ որոշ անհամաձայնությունների։ Վերջում ամփոփում եմ ու նախանշում ազգայնականության մասին հաջորդ հոդվածիս բովանդակությունը։

 

Սուվերենության հաստատումը, բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրը

Միջնադարում տարածված էր այն համոզմունքը, ըստ որի թագավորների իշխանությունը Աստծուց է։ Այդ պատճառով Հռոմի պապն ու հոգևորականները Եվրոպայում, հատկապես 11-15-րդ դարերում, ահռելի քաղաքական իշխանություն ունեին։ Եվրոպան, և հատկապես՝ Հռոմեական Սրբազան Կայսրությունը, բաժանված էր մանր ու մեծ կիսաանկախ և (ժամանակակից ընկալմամբ) կիսապետական միավորների, այնպես, որ գրեթե բոլորի վրա Կաթոլիկ եկեղեցին այս կամ այն չափով իշխանություն ուներ։  

16-րդ դարում առաջացան բողոքական կրոնական շարժումներ՝ հակադրվելով կաթոլիկությանը։ Այդ շարժումների ուժեղացումը հանգեցրեց մի շարք կրոնական պատերազմների, որոնց գագաթնակետը 1618-1648թթ. երեսնամյա ավերիչ պատերազմն էր։ Այդ պատերազմը վերջում կորցրեց իր կրոնական բովանդակությունը ու գրեթե կիսով չափ դատարկեց Եվրոպան (ԲունTV 2020)։ Ուժասպառ եղած կողմերը որոշեցին նոր քաղաքական կարգ ստեղծել՝ հիմնված ինքնիշխան պետությունների վրա։ Արձանագրվեց, որ 1) այսուհետ պետությունն ինքն է որոշում, թե իր տարածքի բնակիչներն ինչ կրոն(ներ)ի հետևեն և 2) միայն պետությունն է բնակչության վրա  բացարձակ իշխանություն ունեցողը, այն է՝ ուժ կիրառելու մենաշնորհ ունեցողը։ Եկեղեցին ու կրոնական խմբավորումները, այսպիսով  զրկվեցին ուժ կիրառելու  իրավունքից, հիմք դրվեց նաև կիսաանկախ-կիսապետական միավորների թուլացման ու վերացման համար։ Վեստֆալյան ինքնիշխանություն կոչվող այս նոր քաղաքական աշխարհակարգը, որոշ կարևոր փոփոխություններով, գործում է մինչ օրս։     

Վեստֆալյան ինքնիշխանության հաստատմանը զուգահեռ՝ Եվրոպայում շատերը սկսեցին այլևս չհավատալ թագավորների իշխանության աստվածայնության թեզին։ Ծնվեց լիբերալիզմի հիմքում ընկած սկզբունքը, ըստ որի, իշխանությունը ոչ թե Աստծուց է, այլ ժողովրդից է՝ մարդկանցից է։ Հասարակ մարդիկ, որ դարերով արհամարհված ու անտեսված էին փիլիսոփաների ու կրթված էլիտայի կողմից, աստիճանաբար սկսեցին հետաքրքրություն ներկայացնել։ Հետաքրքրություն առաջացավ նրանց լեզվի, ավանդույթների ու առասպելների նկատմամբ։

Պարզվեց, որ պետություններից յուրաքանչյուրում սփռված էին հազարավոր լեզվական ու բարբառային խմբեր, որոնք հաճախ չէին հասկանում միմյանց լեզուն։ Կառավարչական լեզուն այլ էր, հոգևորականներինը՝ այլ, առևտրականներինը՝ այլ, իսկ տարբեր գյուղերում ու քաղաքներում՝ այլ։ Կային նաև հազարավոր էթնիկ խմբեր։ էթնիկ խումբ ասելով նկատի ունեմ համատեղ անցյալի մասին պատկերացումներով միավորված խումբ, որի անդամները երբեմն (բայց՝ ոչ միշտ) ունենում են նաև նույն կրոնը և (կամ) լեզուն և (կամ) մշակույթը։ Պատմաբան Էրիկ Հոբսբաումը փաստագրել է այդ դարերի Եվրոպայում տարածված լեզվական ու էթնիկական խմբերի մասին տվյալներ։ Օրինակ՝ այն խմբերը, որոնց կրթված էլիտան խոսում էր այսօրվա գերմաներենին մոտ լեզվով, սփռված էին ոչ միայն Կենտրոնական Եվրոպայում, այլև ողջ Արևելյան Եվրոպայում՝ մինչև Բալթյան երկրներ (Hobsbawm 1992: 47)։ Է՛լ ավելի մեծ սփռվածություն ունեին իրենց հրեա համարող էթնիկ խմբերը, որոնք, սովորաբար,  խոսում էին ոչ թե հիբրու լեզվով, այլ իրենց բնակության վայրում տարածված լեզուներով։ Հայերս ևս սփռված էինք ոչ միայն Ռուսական ու Օսմանյան կայսրությունների տարածքներում ու Պարսկաստանում, այլև Կալկաթայից մինչև Վիեննա ու Ամստերդամ  ընկած զանազան բնակավայրերում։ Հայ հոգևորականության դասը գրում էր գրաբարով, որը չէին հասկանում հասարակ մարդիկ, որոնք հիմնականում հաղորդակցվում էին իրենց տեղական բարբառներով, երբեմն էլ հայ առևտրականների լեզվով՝ աշխարհաբարով։

Հենց այս բազմալեզու ու բազմաէթնիկ միջավայրում էլ Եվրոպայում տարածվեց իշխանության՝ ժողովրդին պատկանելու թեզը՝ լիբերալիզմի գլխավոր համոզմունքներից մեկը։ Քանի որ յուրաքանչյուր կայսրությունում բնակվում էին բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր, ժողովուրդ ասելով առաջին լիբերալ փիլիսոփաները նշանակություն չէին տալիս մարդկանց լեզվական կամ էթնիկ տարբերություններին։ Լիբերալիզմի մյուս գլխավոր համոզմունքը, սակայն, այն էր, որ, ինչպես նշել էի նախորդ հոդվածում,  մարդիկ պայմանավորվում են իրենց իրավունքների ու դրանք պաշտպանող մեխանիզմների շուրջ։ Իսկ որպեսզի գործնականում մարդիկ կարողանան նման պայմանավորվածություններ ձեռք բերել ու իրագործել, նրանք նախ պետք է գոնե հասկանան իրար։ Այդ պատճառով աստիճանաբար տարածվեց նաև այն համոզմունքը, ըստ որի՝ նոր տիպի պետության մեջ բոլորը պետք է խոսեն նույն լեզվով։  

Օրինակ՝ 1789 թվականի հեղափոխության ժամանակ «ճիշտ» ֆրանսերենով խոսում էր Ֆրանսիայի բնակչության 12-13%-ը, իսկ մոտ 50%-ը ընդհանրապես չէր հասկանում ֆրանսերեն (Hobsbawm 1992: 60)։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո, սակայն, «ճիշտ» ֆրանսերեն սովորելը, լիբերալ պետության սկզբունքները յուրացնելուն զուգահեռ, դարձավ պարտադիր պայման՝ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու համար (Hobsbawm 1992: 21)։ Ֆրանսիայի կենտրոնական հատվածում տարածված ու քաղաքական կշիռ ունեցող կրթված խմբերի բարբառը դարձվեց «ճիշտ» կամ գրական ֆրանսերեն ու սկսեց պարտադրվել բնակչությանը՝ վարչական լծակներով և (ավելի ուշ) հանրակրթության միջոցով։ Ստանդարտ լեզվի ու նրա քերականության ստեղծման ու պարտադրման գործընթացներ սկսվեցին գրեթե բոլոր պետություններում։ Այդ գործընթացը տևեց մինչև 20-րդ դարի սկիզբ։ Որպես կանոն, գրական-պաշտոնական լեզու էր դառնում կառավարող էլիտայի լեզուն, երբեմն էլ միասնական լեզուն ստեղծվում էր մի քանի բարբառների միախառնմամբ (Hobsbawm 1992: 54, 62; Miller 1995: 33)[1]։  

 

Ազգերն ու ազգայնականությունը՝ որպես նոր երևույթ

Այսպիսով՝ լիբերալիզմը ենթադրում էր, որ պետության բնակիչները պետք է առնվազն լեզվական ընդհանրություն ունենան, որպեսզի կարողանան իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին պայմանավորվեն և այդ պայմանավորվածությունները կյանքի կոչեն։ Այլ կերպ ասած՝ լիբերալիզմի համար  բնակչության ընդհանրությունը նրա համար էր, որ ծառայի իրավունքների մասին պայմանավորվելուն։ Սկզբունքորեն, եթե հնարավոր լիներ (լինի) պայմանավորվել իրավունքների շուրջ՝ առանց լեզվական կամ այլ ընդհանրության, լիբերալիզմը չէր (չի) կարևորի այդ ընդհանրությունները։ Իսկ ազգայնականությունը կարևորում է բնակչության (լեզվական կամ այլ) ընդհանրության գաղափարը, սակայն, հակառակ լիբերալիզմի, երկրորդական է համարում կամ ամբողջությամբ դեն է նետում իրավունքների շուրջ պայմանավորվելու սկզբունքը։

Մինչ ազգայնականությունը սահմանելը, վերադառնանք 18-19-րդ դարեր։ Ընդհանուր առմամբ, երկու տիպի գործընթաց էր տեղի ունենում։ Առաջին տիպի գործընթացը բնորոշ էր հատկապես ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, երբ բազմաթիվ էթնիկ ու լեզվական խմբեր խառնվեցին իրար՝ մեկ պետության մեջ, որից հետո ձևավորվեցին լեզվական և այլ ընդհանրություններ այդ խմբերի միջև։ Այս դեպքում՝ ազգ կարելի է համարել լեզվական և այլ ընդհանրություն ունեցող այն մարդկանց խումբ, որի անդամները ունեն համատեղ պետություն։ Երկրորդ տիպի գործընթացը բնորոշ էր հիմնականում գերմանացիներին և Արևելյան Եվրոպայի բնակչությանը, ինչպեսև՝ հրեաներին ու հայերիս։ Այս դեպքում լեզվական կամ էթնիկ ընդհանրություն արդեն ունեցողների խումբը պահանջեց ու ստեղծեց իր սեփական պետությունը։ Այս իմաստով՝ ազգ կարելի է համարել լեզվական, էթնիկական կամ այլ ընդհանրություն ունեցող այն խմբին, որը հստակ պահանջ է ձևակերպում՝ ունենալու իր առանձին պետությունը (Miller 1995: 19)։ Միացնելով ազգի վերաբերյալ այս երկու ընկալումները՝ կարելի է ասել, որ ազգը լեզվական կամ էթնիկական և այլ ընդհանրություն ունեցող մարդկանց խումբն է, որը պահանջում է կամ արդեն ունի առանձին պետություն։ Այս սահմանման մեջ ամենակարևորը այն է, որ ազգ հասկացությունը անբաժանելիորեն կապված է պետություն հասկացության հետ։ Ազգը ունի կամ ձգտում է ունենալ առանձին պետություն (կամ գոնե ինքնավարություն), ի տարբերություն լեզվական կամ էթնիկ խմբի։

Լեզվական կամ  էթնիկ խմբերը 18-19-րդ դարերում, ինչպես արդեն նշվեց, հազարներով էին հաշվվում (Gellner 1983: 44-45)։ Նրանցից ոչ բոլորը սեփական պետություն ունենալու պահանջ ներկայացրեցին (Miller 1995: 21)։ Այլ կերպ ասած՝ նրանցից ոչ բոլորը ազգ դարձան։ Իսկ հստակ պահանջ ձևակերպողներից (ազգ դարձածներից) էլ ոչ բոլորը հաջողեցին ստեղծել իրենց առանձին պետությունը։   

Ազգայնականությունը ևս, ազգ հասկացության նման, սկզբի համար կարելի է ընկալել երկու իմաստով։ Առաջին՝ ազգայնականությունը պետության բնակիչների համար լեզվական և այլ ընդհանրություն ձևավորող ու պահպանող համոզմունքն ու գործողություններն են։ Այս դեպքում ազգայնականությունը կարծես թե նույնանում է լիբերալիզմի հետ, քանի որ լիբերալիզմը ևս, որպես կանոն, ենթադրում է լեզվական կամ այլ ընդհանրություն։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշել էի, լիբերալիզմի դեպքում այդ ընդհանրությունը ընդամենը միջոց է՝ հասնելու համար գլխավոր նպատակին՝ իրավունքների շուրջ (հեշտ) պայմանավորվելուն։ Իսկ ազգայնականության դեպքում կարևորը կամ նպատակը հենց ընդհանրությունն է։

Երկրորդ իմաստով՝ ազգայնականությունը լեզվական կամ այլ  ընդհանրություն արդեն ունեցողների համար առանձին պետություն (կամ գոնե՝ ինքնավարություն) ստեղծելուն ուղղված համոզմունքն ու գործողություններն են (գերմանացիներ, հրեաներ, հայեր և այլն)։ Շատերը դասական ազգայնականությունը ավելի շատ հենց այս՝ երկրորդ իմաստով են հասկանում (Miscevic 2018: 14-15)։ Միացնելով ազգայնականության այս երկու ընկալումները՝ կարելի է տալ հետևալ սահմանումը։ Ազգայնականությունը այն համոզմունքն ու գործողություններն են, որոնք ուղղված են ազգի համար առանձին պետություն ստեղծելուն, պահպանելուն և ուժեղացնելուն, ինչպես նաև՝ ազգի ներկայացուցիչների համար (լեզվական կամ այլ) ընդհանրություն ստեղծելուն, պահպանելուն ու ուժեղացնելուն։ Բացի այս ընկալումից՝ կան նաև ազգայնականության այլ սահմանումներ, սակայն այս հոդվածի շրջանակներում, կարծում եմ, չարժե դրանց մասին խոսել[2]։  

Այսպիսով՝ ինչպես ազգայնականությունը, այնպես էլ ազգերը առաջացել են նոր ժամանակներում՝ հիմնականում 19-րդ դարում։ Դրանից առաջ եղել են ոչ թե ազգեր, այլ էթնիկ ու լեզվական խմբեր, որոնք իրենց էթնիկ կամ լեզվական ընդհանրությունը չեն համարել անկախ պետության ու իշխանության հիմք։ Այդ էթնիկական ու լեզվական խմբերից շատերը միախառնվել են իրար ու դարձել մեկ ազգ՝ արդեն գոյություն ունեցող պետությունում։ Այդ խմբերից շատերն էլ սկզբում դարձել են ազգ՝ պահանջել են պետություն, որից հետո կարողացել են ստեղծել իրենց անկախ պետությունը։

 

Ազգայնականության ծագման մասին որոշ անհամաձայնություններ

Այն մոտեցումը, ըստ որի ազգերն ու ազգայնականությունը նոր ժամանակների երևույթ են, այսօր տիրապետող է ազգայնականության ուսումնասիրություններում,  թեև դպրոցական դասագրքերում սովորաբար այնպես է ներկայացվում, կարծես թե ազգերն ու ազգայնականությունը միշտ կամ ի վերուստ են եղել։ Ազգայնականության մոդեռնիստական (Modernist)  դպրոցը (Էռնեստ Գելլներ, Բենեդիկտ Անդերսոն, Էրիկ Հոբսբաում և այլոք), շեշտելով, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, հակված են ազգերի ծագման մեջ էթնիկականության դերը նույնիսկ համարել աննշան։ Նրանք ավելի շատ կարևորում են տնտեսական ու տեխնոլոգիական գործոնները։ Այս առումով, սակայն, ես ավելի շատ համամիտ եմ Էնթնոսիմբոլիզմի (Ethnosymbolism) մոտեցմանը (Անտոնի Սմիթ), որը ընդունում է, որ ազգերն ու ազգայնականությունը նոր երևույթ են, բայց միաժամանակ նաև կարևորում է էթնիկականության դերը՝ (շատ) ազգերի ու ազգայնականության ձևավորման գործում։

Կա նաև մոտեցում, ըստ որի էթնիկական խմբերը միշտ էլ փորձել են ունենալ իրենց առաձին պետական կազմավորումը և այդ հիմքի վրա պայքարել են միմյանց դեմ։ Այս մոտեցմանը համաձայն են Փրիմորդիալիզմ (Primordialism) կամ Փերենիալիզմ (Perennialism) կոչվող դպրոցի որոշ ներկայացուցիչներ (Սթիվեն Գրոսբի, Ավիել Ռոշվոլդ, Ազար Գատ)։ Նրանք ենթադրում են, որ քանզի մարդիկ միշտ էլ համերաշխության (սոլիդարության) զգացողություն են ունեցել իրենց հարազատների ու էթնիկ խմբի ներկայացուցիչների նկատմամբ, հետևաբար նրանք պետք է որ նաև ցանկանային իրենց էթնոսի ներկայացուցիչներին տեսնել պետության ու իշխանության գլուխ և նույնիսկ ունենալ իրենց էթնոսի համար առանձին պետություն (Gat 2013: 382; Grosby 2003: 8)։ Նման մոտեցումը տարածված էր 19-րդ դարի ազգայնական հռետորաբանությունում ու օգտագործվում էր՝ որոշ էթնիկ խմբերի ազգ դարձնելու նպատակով։ Նման ենթադրության համար հիմք է հանդիսանում նաև այն, որ իշխանությունը ժառանգաբար փոխանցվում էր թագավորական ու իշխանական տներին, որոնց կարելի է համարել որևէ էթնիկ խմբի անդամներ և որոնք ունեին իշխանություն և փորձում էին այն պահել ու հզորացնել։ Այս մոտեցումը, սակայն, չի հաստատվում փաստերով, իսկ այն հերքող փաստերը ավելի ծանրակշիռ են։ Անդրադառնամ դրանցից մի քանիսին։

Առաջին, «ազգ» բառը մինչև նոր ժամանակներ չի օգտագործվել ժամանակակից իմաստով, այն է՝ «պետություն» հասկացության հետ փոխկապակցված։ «Ազգ» կամ նմանատիպ իմաստով բառերը (հին ֆրանսերենով՝ nacion, անգլերեն՝ nation, իսպաներեն՝ nación, գերմաներեն՝ volk և nation) օգտագործվել են որևէ ընդհանրություն ունեցող խմբի (այլ ընտանիքի (տոհմի) անդամներ, այլ բնակավայրերի բնակիչներ, քաղաքական խմբեր, ուսանողներ, ազնվականներ և այլն) անվանելու իմաստով (Breuilly 2013: 22; Hobsbawm 1992: 15-17; Miller 1995: 28-30)։ «Պետություն» հասկացության հետ որևէ կապ, սակայն, «ազգ» բառը չի ունեցել՝ մինչև նոր ժամանակներ։ «Ազգայնականություն» բառն էլ ընդհանրապես չի եղել մինչև նոր ժամանակներ, չի եղել նաև դրան համարժեք մեկ այլ հասկացություն (Smith 2010: 5):

Երկրորդ, հայտնի է, որ տարբեր ազնվական ընտանիքների միջև ամուսնությունները ու երբեմն նաև՝ պետության ղեկավարության լեզվական կամ էթնիկական կազմի փոփոխությունները տարածված էին մինչև նոր ժամանակներ։ Օրինակ՝ ռուսական ազնվականությունը 18-րդ դարում հիմնականում ֆրանսերենով էր հաղորդակցվում։ Հասարակ քաղաքացիների, կամ թեկուզ՝ ազնվականության շրջանում նման երևույթները լուրջ հակազդեցություն, ինչքանով հայտնի է, չէին առաջացնում։ Եթե էթնիկական համերաշխությունը պետության ղեկավարման հարցում ծանրակշիռ նշանակություն ունեցած լիներ, դժվար թե նման ամուսնությունները, ինչպես նաև ազնվականության ու հասարակություն լեզվական ու էթնիկական տարբերությունները այդքան տարածված լինեին։

Երրորդ, 17-րդ դարի ու 18-րդ դարի սկզբի քաղաքական փիլիսոփաները (ինչպես, օրինակ, Թոմաս Հոբսը (1588-1679) կամ Ջոն Լոկը (1632-1704)) ընդհանրապես չեն անդրադարձել մարդկանց էթնիկական կամ լեզվական տարբերություններին՝ պետության ու իշխանության հարցերի կոնտեքստում։ Իսկ գերմանացի փիլիսոփա Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744-1803) առաջինն է անդրադարձել լեզվական ու էթնիկական հարցերին, չի համարել, որ լեզվական կամ էթնիկական ընդհանրությունը հիմք պետք է դառնա պետության կամ իշխանության համար: Նա բացասական վերաբերմունք է ունեցել պրուսական զինվորականության նկատմամբ ու դրական է վերաբերվել ռուսական ղեկավարմանը (Kohn 1965: 31): էթնիկականությունն ու լեզուն պետության և իշխանության հետ կապող առաջին խոշոր փիլիսոփաները եղել են գերմանացի Յոհան Գոթլիբ Ֆիխտեն (1762-1814) ու Էռնստ Մորից Արնդտը (1769-1860)։ Եթե լեզվական ու էթնիկական հարցերը պետական կամ քաղաքական նշանակություն ունեցած լինեին 17-րդ դարում ու 18-րդ դարի սկզբին, դժվար թե քաղաքական հարցերով զբաղվող խոշորագույն փիլիսոփաները ամբողջությամբ անտեսեին դրանք։

Չորրորդ, մինչև նոր դարաշրջանը ապրած հասարակ մարդկանց մասին մենք շատ բան չգիտենք։ Ինչպես նշել էի հոդվածի սկզբում՝ նրանք ու նրանց կյանքը արհամարհված ու անտեսված էր։ Պարզ չէ, թե էթնիկ ծագումը ու լեզուն ինչ դեր են խաղացել նրանց ինքնության հարցում ու պետական իշխանության մասին պատկերացումներում։ Մեզ հասած գրեթե բոլոր տեքստերը վերաբերում են էլիտաներին։ Այդ պատճառով՝ միջնադարի ու հին աշխարհի հասարակ մարդկանց ազգային ինքնություն վերագրելը ռետրոսպեկտիվ ազգայնականության դրսևորում է։

Հինգերորդ՝ 18-րդ դար հասած էթնիկ խմբերի ճնշող մեծամասնությունը, փաստացի, պետական կազմավորման հայտ չներկայացրեց։ Իսկ շատ էթնիկ խմբերի կողմից նման հայտի ներկայացումը, որպես կանոն, հետևանք էր «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված հսկայական ջանքերի։ Եթե էթնիկականությունը ինքնին ենթադրեր առանձին պետական կազմավորման ցանկություն, ապա 19-րդ դարում մենք կտեսնեինք հազարավոր էթնիկ խմբերի պատերազմներ միմյանց դեմ և չէինք տեսնի «ազգային գիտակցություն» ձևավորելուն ուղղված տիտանական ջանքեր՝ գրողների, պոետների ու քաղաքական գործիչների կողմից։

 

Վերջաբան 

Այսպիսով՝ ազգայնականությունը ծագեց այն բանից հետո, երբ ստեղծվեցին  ինքնիշխան պետություններ և երբ «իշխանությունը ժողովրդից է, ոչ թե՝ Աստծուց» սկզբունքը տարածվեց Եվրոպայում։ Ժողովուրդը այդ ժամանակ մասնատված էր բազմաթիվ լեզվական ու էթնիկ խմբերի միջև և որպեսզի այն գործնականում կարողանար դառնալ իշխանության աղբյուր, պետք է միավորվեր։ Դասական ազգայնականությունը կարևոր դեր կատարեց այդ միավորման գործում՝ մի կողմից մեկ ազգի մեջ միախառնելով տարբեր լեզվական ու էթնիկ խմբերի, մյուս կողմից էլ՝ որոշ լեզվական ու էթնիկ խմբերի ազգեր դարձնելով։ Ինքնիշխան պետությունները վերածվեցին ինքնիշխան ազգ-պետությունների[3]։   

Ազգայնականությունը, սակայն, չվերացավ ազգերի ու ազգ-պետությունների ստեղծմամբ։ Այն նաև ազգն ու ազգ-պետությունը միջազգային ասպարեզում պահպանելու ու հզորացնելու, այլ ազգ-պետությունների հետ մրցակցելու և այլ ազգ-պետություններից պաշտպանվելու առաքելություն ստանձնեց։ Այդ առաքելության որոշ դրսևորումներ դարձան նաև պետությունների ներքին քաղաքականության մաս՝ հիմք դնելով ազգայնական թեքումով կուսակցությունների ու գաղափարների համար։ Հաջորդ հոդվածում կանդրադառնամ այդ դրսևորումներին, ու հատկապես՝ նրանց, որոնք կոնֆլիկտի մեջ են լիբերալ-դեմոկրատական շատ արժեքների հետ։             

Ազգայնականության մասին, ու ընդհանրապես՝ բոլոր վերլուծություններս չեն հավակնում լինել վերջնական ճշմարտություններ և կարող են փոփոխվել։ Վերջին  2-3 տարիների ընթացքում պատկերացումներս զգալիորեն փոխվել են։ Այս հոդվածի բովանդակությունը ամենաշատը ազդված է Մանվել Սարգսյանի, լիբերալ-ազգայնական համարվող Դեյվիդ Միլլերի ու ազգայնականության մոդեռնիստական դպրոցի ներկայացուցիչ Էրիկ Հոբսբամի վերլուծություններից։ Այնուամենայնիվ, որոշ հարցերում ես նրանց բացատրությունների ու սահմանումների հետ համաձայն չեմ և, ընդհանրապես, խիստ ընտրողաբար եմ վերաբերվում բոլոր հետազոտողների տեքստերին՝ վերցնելով միայն այն մտքերը, որոնք, իմ կարծիքով, լավագույնն են բացատրում երևույթներն ու առավելագույս հստակ են։           


Մարտահրավերը նետում եմ Վարդան Ջալոյանին։

 

Գրականության ցանկ

  1. ԲունTV (2020, փետրվար 15)։ «14. Միջազգային հարաբերությունների ձևավորման ակունքները․ Մանվել Սարգսյան» [տեսանյութ]։ https://www.youtube.com/watch?v=NgJC4mcoGfg&list=PLmwsBqROifgT82lUJat6W8r824_h7_Ssq&index=14 ։
  2. Breuilly, J. (Ed.). (2013). The Oxford handbook of the history of nationalism. OUP Oxford.
  3. Grosby, S. (2003). Religion, ethnicity and nationalism: the uncertain perennialism of Adrian Hastings. Nations and Nationalism, 9(1), 7-13.
  4. Gat, A. (2012). Nations: The long history and deep roots of political ethnicity and nationalism. Cambridge University Press.
  5. Gellner, E. (1983). Nations and Nationalism. Cornell University Press. Ithaca NY.
  6. Hobsbawm, E. (1992). Nations and nationalism since 1780: programme, myth, reality (2nd edition).
  7. Kohn, H. (1965). Nationalism: Its Meaning and History. Rev. ed. D. Van Nostrand.
  8. Miller, D. (1995). On nationality. Clarendon Press.
  9. Miscevic, N. Nationalism (Summer 2018 Edition). The Stanford Encyclopedia of Philosophy https://plato.stanford.edu/archives/sum2018/entries/nationalism/ .
  10. Smith, A. (2010). Nationalism (2nd edition).

 

[1] Որոշ պետություններում, ինչպես օրինակ՝ Շվեյցարիայում, Բելգիայում ու Կանադայում, այդպես էլ չստեղծվեց մեկ-միասնական պետական լեզու։ Այս փաստը կարող է կասկածի տակ դնել այն պնդումը, թե լիբերալ-դեմոկրատական պետությունը անպայման ենթադրում է մեկ-միասնական պետական լեզվի առկայություն։ Այնուամենայնիվ, հստակ է, որ առնվազն մեկ պետական լեզու պետք է լինի լիբերալ-դեմոկրատական պետությունում։ Բացի այդ՝ կարծում եմ, որ լիբերալ պետությունում մի քանի պետական լեզուների առկայությունը լուրջ դժվարությունների ու կոնֆլիկտների աղբյուր է, և կարող է հաղթահարվել միայն բնակիչներին միավորող այլ ուժեղ գործոնների (օրինակ՝ քաղաքական համոզմունքների, մշակույթի) առկայության պարագայում։ Այդ պատճառով էլ նոր տիպի  պետությունների ճնշող մեծամասնությունը գնաց մեկ-միասնական լեզվի ստեղծման ճանապարհով։

[2] Երբ սահմանում ենք ազգայնականությունը որպես համոզմունք ու գործողություններ՝ ուղղված ազգի համար առանձին պետություն ստեղծելուն և ուժեղացնելուն, աշխարհի այսօրվա քաղաքացիների ճնշող մեծամասնությանը կարելի է համարել ազգայնական։ Նմանապես՝ աշխարհի բնակչության մեծամասնությանը (կամ զգալի մասին) կարելի է համարել նաև լիբերալներ, քանի որ վերջիններս ցանկանում են ընտրել իրենց իշխանություններին, որոնք որ կապահովեն իրենց իրավունքների պաշտպանությունը։ Ազգայնականության դեպքում, սակայն, ավելի շատ գործ ունենք պետությունների մակարդակով հարաբերությունների հետ, իսկ լիբերալիզմի դեպքում՝ ներքաղաքական հարաբերությունների հետ։ Այդ պատճառով սովորաբար լարվածություն ու բախում է առաջանում ազգայնականության և լիբերալիզմի միջև, երբ լիբերալիզմը ներթափանցում է միջպետական, իսկ ազգայնականությունը՝ ներքաղաքական հարաբերություններ։ Հաջորդ հոդվածում կքննարկեմ հենց նման դրսևորումներ։

[3] Կարծում եմ՝ հայ էթնոսի ներկայացուցիչների ղեկավարած թագավորությունների մասին շատ պատկերացումներ վերանայման կարիք ունեն՝ նկատի ունենալով այն, որ ազգ-պետությունները նոր երևույթ են։ Օրինակ՝ հավանաբար այն թագավորությունները, որոնք ղեկավարել են հիմնականում էթնիկ ծագումով հայկական խմբերը, ղեկավարել են ոչ այնքան իրենց էթնիկ ծագման բերումով, որքան բոլորովին այլ պատճառների ու գործոնների համակցմամբ (կրոն, իշխանական տների պայմանավորվածություններ և այլն)։ Նրանց դժվար է ժամանակակից իմաստով հայկական պետություններ համարել։ Նույնը վերաբերում է մինչև նոր ժամանակներ եղած բոլոր պետություններին։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել