Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Կառավարությունը Սյունիքում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր |armenpress.am|

Կառավարությունը Սյունիքում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Սյունիքի մարզում կիրականացնի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում մատնանշել են առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու անհրաժեշտությունը։ «Այս համատեքստում կարևոր է մեր ծրագրի այն դրույթը, որ 3-6 տարեկան երեխաների 85 տոկոսը պետք է ներգրավված լինի նախադպրոցական հաստատություններում։ Եվ հիմա շատ կարևոր է որոշումներ կայացնել մեր այս ծրագրերի իրականացման բանաձևերի շուրջ։ Ես նոյեմբերի 4-ին ստորագրել եմ որոշում՝ Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին, որը չափազանց կարևոր ծրագիր է։ Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ մենք մեր այս ծրագիրը մեկնարկում ենք Սյունիքի մարզից»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ դրված ամենակարևոր նպատակը հետևյալն է՝ կրթությունը պետք է իրականում հասանելի լինի ՀՀ բոլոր երեխաներին և ունենա պատշաճ որակ, որպեսզի բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը։ «Շատ հետաքրքիր հետազոտություններ են արված, և այդ հետազոտությունների վրա է հիմնված մեր աշխատանքը։ Հետազոտություն համար մեկ՝ այսօր ՀՀ-ում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը։ Հաջորդ կարևոր վիճակագրությունը՝ տարրական դպրոցի ավարտին մեր աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Այսինքն՝ չորրորդ դասարանն ավարտած երեխան պարզ տեքստը չի կարողանում կարդալ կամ հասկանալ։ Եվ ահա այստեղ մենք ունեինք հետևյալ խնդիրը։ Պարզ է, որ այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք։ Մենք սկսում ենք Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից։ Եվ միայն Կապան խոշորացված համայնքում այդ կրթական ծրագիրն իրագործելու համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,- ասաց Փաշինյանը։
12:54 - 11 նոյեմբերի, 2021
Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների: Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,-գրել է Արման Թաթոյանը։
11:46 - 11 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի երեկվա որոշման վերաբերյալ․ «Ս․թ․ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր M2 ավտոճանապարհ, եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ նախորդ հինգշաբթի ինքն այդ ճանապրհով գնացել է Կապան ու վերադարձել եւ կարող է վկայել, որ ստացել են իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար․ «Պիտի ասեմ, չնայած, որ Կապան մեկնելիս եւ վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասննյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի, որոնք ազատ երթեւեկում էին։ Երեկ, մինչեւ կեսգիշեր եւ դրանից հետո Կապան-Տաթեւ հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթեւեկել Կապան-Տաթեւ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։ Ընդգծեմ նաեւ, որ նոր երթուղով Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության ժամկետը չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաեւ այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի է ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ եւ ճանապարհի որակն էականորեն փոխվում է։ Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծաալում աշխատանքներ են իրականացվում Տաթեւ-Լծեն հատվածում, Շուռնուխի եւ Որոտանի եւ այլ հատվածներում եւս»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ երթեւեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած՝ մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է։ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ հարցը հնարավորինս արագ կլուծեն։ Իսկ թե ինչպես է պետք վերաբվերբել Ադրբեջանի կայացրած որոշմանը՝ վարչապետը նախ ասաց, թե Ադրբեջանականն անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում․ «Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքաիցների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշատպես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային անձնագրային հսկողության։ Այսինքն՝ երբեւէ չենք քննարկել ու չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն։ Սա ֆիքսված է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատում, այս տրամաբանությունը հրապարակավ հաստատել է նաեւ ՌԴ-ն, եւ թերեւս այս համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»։ Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 2020-ի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության դրույթներին՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով։ Նա ասաց, որ դեռ ավելին՝ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում․ «Հույս ունենք՝ առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։ Վերադառնալով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանը նաւե ընդգծեց, որ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշոտւթյան, անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր։ «Այս չափազանց կարեւոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն եւ ամուր նյարդեր։ ՀՀ-ի շուրջ նոր միջավայր է ձեւավորվում, եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
11:38 - 11 նոյեմբերի, 2021
Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի. Արմեն Գրիգորյան

Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանն այս գիշեր մաքսակետեր կտեղադրի։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։   «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։ Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Մենք այդ աշխատանքները արդեն նախապես սկսել ենք»,–ասաց Գրիգորյանը։    Խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին՝ ասաց, որ Կապան-Տաթև ճանապարհը նույնպես պատրաստ է, և լիովին անվտանգ՝ հավելելով, որ այն պատրասրտ է ինչպես ապրանք տեղափոխելու, այնպես էլ այլ  բոլոր  տեսակի ավտոմեքենաների համար։    ԱԽ քարտուղարը ասաց, որ վերջին շրջանում կառավարության կողմից կատարված աշխատանքների արդյուքնում կարելի է ասել, որ Երևան–Կապան ճանապարհը վերջին 15 տարվա ընթացքում կառուցված լավագույն ճանապարհն է։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ այն համայնքները, որոնք գտնվում են Գորիս-Կապան ճանապարհահատվածում, այսինքն՝ Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքներ տանող հատվածներում նույնպես իրականացվում է բարեկարգման աշխատանքեր, և այդ ճանապարհները շատ մոտ ժամանակներս պատրաստ կլինեն։   Անդրադառնալով ադրբեջանական կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք»-ին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ այս օրակարգում մեծ հաշվով փոփոխություն չկա, և եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով ևս մեկ անգամ հաստատվել է, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկում, այլ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են տեղավորվում են այն տրամաբանության մեջ, որ բացվող ենթակառուցվացքները լիելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ։    «Շատ կարևոր է նաև, որ մենք հնարավորություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվացքներից օգտվելու․ դա գնացքի ենթակառուցվացքն է։ Այս պահին աշխատանքային խմբում քննարկվում է Երևան-Թբիլիսի-Բաքու այնտեղից էլ Ռուսաստան կամ այլ երկրներ բեռնափոխադրումների հարցը»,-նշեց ԱԽ քարտուղարը։   
22:23 - 10 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման  և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ

ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Այնուհետև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ փաստացի շրջափակման մեջ է առել․ «Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։  Infocom-ը փորձեց ևս մեկ անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ, սակայն ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի պաշտպանական գերատեսչությունն այս հայտարարության առնչությամբ, պատասխանեցին, որ Նախարարությունն ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ։
18:52 - 10 նոյեմբերի, 2021
Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է, և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով ճանապարհաշինության ոլորտում ընթացքի աշխատանքների մասին։ Նա նշեց, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ «Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլը անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասաց Սանոսյանը։ Նախարարն ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։
16:20 - 10 նոյեմբերի, 2021
Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

Կոալիցիա Մեղրիում. «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունները համայնքը կղեկավարեն՝ իրար փոխարինելով |azatutyun.am|

azatutyun.am: Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։ Ըստ դրա՝ տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»: «Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մեղրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը՝ Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն էր, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։
09:14 - 04 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծումն անհրաժեշտություն է․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացնում

Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծումն անհրաժեշտություն է․ ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է ներկայացնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասուլիս է հրավիրել՝ խոսելու Ադրբեջանի հետ շփման գծի բոլոր հատվածներում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին։ Պաշտպանը զեկույց է մշակել, որը հիմնավորում է անվտանգության գոտու անհրաժեշտությունը։ Զեկույցը մշակվել է Սյունիքում եւ Գեղարքունիքում մեկ տարվա անդադար ուսումնասիրությունների հիման վրա։ Թաթոյանի խոսքով՝ անվտանգության գոտի է անհրաժեշտ, որպեսզի ադրբեջանցի զինվորականները, նրանց դրոշները, տեսախցիկները, սարքերը հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարեւանությունից եւ մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից․ «Առանց դրա չի կարող լինել մարդկանց իրավունքների եւ բնականոն կյանքի վերականգնում։ Եւ ոչ թե մենք, այլ նրանք պետք է հեռանան։ Նրանց բոլոր տեղակայումներն անօրինական են։ Դելիմիտացիայի եւ դեմարկացիայի բացակայության պայմաններում հիմք չեն ընդունվել միջազգային ոչ մի չափանիշներ։ Այստեղ անհրաժեշտ էր ուսումնասիրել, վերլուծել կադաստրային փաստաթղթերը, հողահատկացման վերաբերյալ հարցերը․․․ Խորհրդային Միության ժամանակներից մարդկանց պատկանող հողերի վրա այսօր ֆիզիկապես ներկա են ադրբեջանական զինված ուժերը։ Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան չեն կարող համարվել լեգիտիմ, եթե չեն ապահովվում մարդու իրավունքները, պրոցեսը չի համապատասխանում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության կանոններին, չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ ՀՀ պետական սահմանի մասին օրենքը նախատեսում է, որ կա սահմանային գոտի․ դա 1կմ տարածքով դեպի Հայաստանի խորքն ընկած տարածքն է, իսկ պատերազմից հետո մեր գրեթե բոլոր բնակավայրերը հայտնվել են սահմանային գոտում․ «Մենք ունենք բնակավայրեր, որտեղ ընդամնեը մի քանի մետրից սկսած մարդկանց տներ են։ Նշանակում է՝ մենք պետք է իրավունքների նոր խախտումներ, նոր տեղահանվածնե՞ր ունենանք, իհարկե ոչ։ Դրա համար մենք հիմնավորել ենք նրանց հեռացումը։ Եւ հիմնավորել ենք միջազգային բոլոր չափանիշներով»,- ասաց ՄԻՊ-ը։ Պատրաստած զեկույցը շուտով կհրապարակվի։ Պաշտպանը բացառիկ զարգացում համարեց այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2021-ի սեպտեմբերի 27-ին ընդունեց բանաձեւ, որտեղ տեղ գտավ Հայաստանի ՄԻՊ-ի առաջարկը․ «Այդ կետը հստակ ամրագրում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու համար»։ Թաթոյանը Google քարտեզի վրա մանրամասնորեն ցուցադրեց, թե ադրբեջանցիները որ տարածքներում են տեղակայված։ Ընդ որում՝ նա նշեց, որ մայիսի ներխուժումից առաջ էլ հակառակորդի զինծառայողները մեզ պատկանող հողերի վրա են գտնվել։ Նա մատնանշեց հատկապես Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերը, որտեղ պարբերաբար կրակում էին քաղաքացիների տների ուղղությամբ։ Թաթոյանը նաեւ ցուցադրեց իրենց արած լուսանկարը, որտեղ երեւում է, որ Վերին Շորժայի բնակիչներից մեկին պատկանող անասնագոմը ադրբեջանցի զինվորականների ուղիղ նշանառության տակ է։ Պաշտպանը խոսեց նաեւ Կապանի օդանավակայանին հարող հատվածներում ադրբեջանցիների դիրքերի մասին՝ նշելով, որ դրանք էլ ուղիղ սպառնալիք են Կապանի բնակչության համար։ «ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները փաստահավաք աշխատանքների ընթացքում լուսանկարներ են արել, որոնք ցույց են տալիս, որ հակառակորդը դիրքերը տեղակայել է հենց օդանավակայանի թռիչքուղուն շատ մոտ տարածքներում։ Տեղակայվելով այդտեղ՝ ադրբեջանցիները կարողանում են վերահսկողություն իրականացնել M2 միջպետական ավտոճանապարհի վրա»։
12:09 - 03 նոյեմբերի, 2021
Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան |1lurer.am|

1lurer.am: Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են հիմա կառուցվում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։  «Մենք զուգահեռ և՛ Տաթև-Աղվանին կառուցեցինք, հիմա կառուցում ենք Շուռնուխին առանձին մոտեցող ճանապարհ, Որոտանին առանձին, Բարձրավանին առանձին ճանապարհներ։ Սա առաջնահերթ արեցինք: Եվ հետագայում մտածում ենք նաև այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանք շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի Մ2-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենանք»,- ասաց Սանոսյանը։ Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։ «Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։  Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:01 - 02 նոյեմբերի, 2021
Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: «Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով: Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ 2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Միաժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյունքում կլուծվի պատժի մեղմության առումով անհամաչափության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը:
15:52 - 29 հոկտեմբերի, 2021
Սյունիքում չարաշահումներով համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, վերականգնվել է համայնքներին պատճառված 41մլն դրամի վնաս

Սյունիքում չարաշահումներով համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու 3 գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ, վերականգնվել է համայնքներին պատճառված 41մլն դրամի վնաս

Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի ներկայիս խոշորացված համայնքների 22 բնակավայրերի (նախկինում համայնքների)վերաբերյալ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Ալեհավաք կայանների տեղադրման և շահագործման շրջանակներում համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կամ լիազորությունների անցմամբ, օրենսդրության պահանջների խախտմամբ համայնքապատկան հողամասերն իրենց մերձավորների կամ ենթակաների օժանդակությամբ ենթավարձակալության հանձնելու, այդ կերպ իրենց ընտանիքների համար խոշոր չափերով շահույթներ ապահովելու և համայնքներին ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից զրկելու, հետագայում օրենսդրության պահաննջերի խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ բոլորն էլ նախկին համայնքների ղեկավարներ:  Քրեական գործերով նախաքննության ընթացքում մի շարք նախկին համայնքների (մասնավորապես, ներկայիս Տաթև խոշորացված համայնքի Հարժիս, Սիսիան խոշորացված համայնքի Դարբաս, Բնունիս, Լոր, Թանահատ բնակավայրերի) ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության դեպքի բացակայության կամ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցնելու, համաներում կիրառելու, կամ գործուն զղջալու հիմքերով: Իսկ Սիսիան խոշորացված համայնքի Աղիտու և Ախլաթյան բնակավայրերի (նախկին համայնքների) նախկին ղեկավարների դեպքում քրեական հետապնդում չի իրականացվել մահվան, Կապան համայնքի նախկին ղեկավարի դեպքում՝ հանակազմի բացակայության հիմքերով:  7 քրեական գործ 7 անձի, մասնավորապես Գորայք, Վաղատին, Նժդեհ, Շաքի, Արևիս, Սառնակունք և Բռնակոթ նախկին համայնքների ղեկավարների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից 5-ով կայացվել են դատական ակտեր, որոնցից երեքով անձինք դատապարտվել են ազատազրկման՝ որոշակի ժամկետներով զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Իսկ երկուսի պարագայում դատարանում քրեական գործի վարույթը կարճվել է՝ մի դեպքում համաներման ակտ կիրառելու, մյուս դեպքում հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքերով: Այն դեպքերում, երբ համայնքներին պատճառված վնասները չեն վերականգնվել կամ վերականգնվել են մասնակի, դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մարզի դատախազության կողմից համայնքների ներկայիս ղեկավարին նախագուշացվում է այդ նպատակով քաղաքացիական հայց հարուցելու անհրաժեշտության մասին։ Քննությունների արդյունքում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 95.5մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 41մլն ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: Համայնքներից 13-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության պայմանագրերը: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում կիրականացվի համայնքների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների միջև վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթաց, ինչով լիարժեք կվերականգնվեն մարզի բնակավայրերի, համայնքների խախտված իրավունքները:
10:56 - 26 հոկտեմբերի, 2021