Վահե Ղազարյան

ՀՀ ՆԳ նախարարի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են մարզային փրկարարական վարչությունների գործառույթների հարցեր

ՀՀ ՆԳ նախարարի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են մարզային փրկարարական վարչությունների գործառույթների հարցեր

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ оգոստոսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ծառայության ղեկավար կազմն ու մարզային ստորաբաժանումների պետեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը խոսել է համակարգում ընթացող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին, վստահեցրել, որ դրանց բարեհաջող ընթացքի արդյունքում կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները։ Նա հետաքրքրվել է առկա խնդիրների, մարզերում արձանագրվող դեպքերի և այդ ուղղությամբ իրականացվող միջացառումների մասին։ «Մարզային փրկարարական վարչությունների պետերը ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել առկա խնդիրները։ Ամփոփիչ ելույթում նախարարն անդրադարձել է ստորաբաժանումների շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողների կարգապահությանը։ Մատնանշելով խնդիրները՝ Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է անտառային հրդեհների դեմ պայքարին, նաև Սևանա լճում և հանգստի վայրերում հովեկների, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր ելույթում վստահեցրել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կիրականացվեն ինտենսիվ աշխատանքներ։ Նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող այլ հարցեր։
19:43 - 24 օգոստոսի, 2023
ՀՀ ՆԳ նախարարն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է սերտ գործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

ՀՀ ՆԳ նախարարն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է սերտ գործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների դարավոր և առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները, նաև ընդգծել է իրավապահ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և առավել զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ ՆԳ նախարարը նշել է, որ իրանական կողմի հետ համագործակցությունն իրականացվում է 2012 թվականի հուլիսի 10-ին ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Վահե Ղազարյանն առանձնահատուկ կարևորել է սերտ գործակցությունը կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանիին ողջունել է ՆԳ նախարարության կազմավորումը և ոլորտում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված փոխգործակցությունը։ Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են ՆԳ նախարարության ձևավորման աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև համագործակցության ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:00 - 09 օգոստոսի, 2023
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։   Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ՆԳ նախարարությունների համագործակցությունը, որը սկիզբ է առել 2004 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում։   Նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին՝ այդ գործընթացում կարևորելով միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության դերը։   Դեսպան Պյոտր Սկվեչինսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ողջունել ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեփոխումների գործընթացին։   Խոսելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների մասին՝ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ մեծ ծավալով իրականացվում են նախարարության ձևավորմանն ուղղված աշխատանքները, այդ թվում՝ կանոնադրության հաստատում, հաստիքների համալրում և այլն։   Նա նաև նշել է, որ կառուցվածքը ձևավորելիս ուշադրություն է դարձվել հանրային ծառայություններին, որոնք մատուցվում են քաղաքացիներին, և մինչև տարեվերջ կավարտվեն համալրման աշխատանքներն ու նախարարությունը ամբողջ ծավալով կկարողանա գործարկվել։   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնագետների փորձի փոխանակմանը և վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր։   Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու ձևավորված սերտ համագործակցությունը։
18:39 - 08 օգոստոսի, 2023
Չինաստանի դեսպանը պատրաստակամ է առավել ամրապնդել ՀՀ ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը

Չինաստանի դեսպանը պատրաստակամ է առավել ամրապնդել ՀՀ ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ ՀՀ ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։ Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՆԳ նախարարն անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը: Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները և այդ գործընթացում կարևոր է համարել միջազգային գործընկերների դերը։ Նշվում է, որ Ֆան Յուն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՆԳ նախարարությանը, առավել ամրապնդելու արդեն իսկ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:38 - 07 օգոստոսի, 2023
ՀՀ ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

ՀՀ ՆԳ նախարարը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։   Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Հնդկաստանի դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը։ Վահե Ղազարյանը, խոսելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին, մանրամասնել է հատկապես ենթակա ծառայություններում իրականացվող աշխատանքները։   Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես ընդգծել է առկա սերտ հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։   Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
12:02 - 05 օգոստոսի, 2023
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշել է ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։ Նախարար Վահե Ղազարյանը ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները՝ առանձնացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։ Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնել է նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։ ՆԳ նախարարը առանձնակի արժևորելով Անն Լույոյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում գործադրած ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ շնորհակալական խոսքեր է հղել արտակարգ և լիազոր դեսպանին և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։
13:39 - 14 հուլիսի, 2023
ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվում է ստորև. «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝ 1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում: 2. Կողմերն անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում: 3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում: 4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն. 5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: 6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»:
15:03 - 11 հուլիսի, 2023
ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր. Զոհրաբյան |pastinfo.am|

pastinfo.am: Հանդիպեցինք ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ, ներկա էր նաև ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, այլ ոստիկաններ ևս ներկա էին։ Որոշվեց, որ ՆԳՆ-ի հետ կստորագրվի հուշագիր, կստեղծվի հանձնախումբ՝ ոստիկաններից և փաստաբաններից կազմված, որն օպերատիվ արձագանք կտա։ Այս մասին հանդիպման ավարտից հետո ասաց Արա Զոհրաբյանը։ ՆԳՆ-ում փաստաբաններին հավաստիացրել են, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն, նման դեպքեր չեն լինի: Հարցին՝ հրաժարականի պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ, Զոհրաբյանն ասաց. «Մեր պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև կար հստակ ափսոսանք դեպքի հետ կապված, իրենք հայտնել են, որ իրենց զեկուցել են, որ նման դեպք չի եղել »։ Այսօր երեկոյան ՓՊ-ում ակումբի նիստ կլինի, հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
13:57 - 11 հուլիսի, 2023
ՆԳ նախարարը և Կանզասի նահանգապետը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ոստիկանության աշխատանքները

ՆԳ նախարարը և Կանզասի նահանգապետը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ոստիկանության աշխատանքները

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ԱՄՆ Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք 30 տարվա պատմություն ունեն և հիմնվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Վահե Ղազարյանը կարևորել է ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում դեռևս 2003 թվականից Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունը: Նա հանգամանորեն ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները։ Լորա Քելլին բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը, ողջունել իրականացվող բարեփոխումները և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։ Կողմերը քննարկել են թմրաշրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքներին: Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է ծառայության գործառույթներն ու կառուցվածքը։ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է աղետների ռիսկերի կառավարման թեմային: Խոսել է աղետների վաղ ազդարարման, արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և, ընդհանուր առմամբ, աղետների ռիսկի ողջ ցիկլի կառավարման խնդիրներից: Նշել է նաև, որ այդ ուղղությամբ քննարկումներ են եղել USAID-ի հետ, ինչի արդյունքում նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ամրապնդել երկկողմ արդյունավետ համագործակցությունը։  
20:15 - 22 հունիսի, 2023
Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի. վարչապետ

Ոստիկանության զորքերում բարեփոխումները կբերեն հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի. վարչապետ

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն: Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝ վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը: Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու: Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները: Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի: Երկրորդ նրբությունը, փոփոխությունը, որը շատ կարևոր է. այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողական բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, Զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանարապես Ոստիկանությունում: Չնայած հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար: Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, Սա, ենթադրում եմ՝ մեր վերջին հանդիպումն է այդ վերնագրի ներքո, որովհետև հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերածվեն, կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի, բայց կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները: Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում: Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»: Հարգանքի տուրքից հետո վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացել եք ամուր կանգնել Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագա ծառայության ընթացքում և հույս ունեմ, որ մենք Ոստիկանության զորքերը Ոստիկանության գվարդիայի վերափոխելու ճանապարհին և այդ վերափոխման արդյունքում հետահայաց կկարողանանք արձանագրել, որ կատարել ենք իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է մեր լավագույն ցանկություններին»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:
16:30 - 21 հունիսի, 2023
Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

Քննարկվել է Գերմանիայի հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Նախարարը նաև անդրադարձել է սերտ համագործակցությանը, որն իրականացվում է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։   Անդրադառնալով Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ կացարանի կառուցման նպատակով տրամադրված ֆինանսական աջակցության համար։   Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:   Նա մասնավորապես կարևորել է միգրացիոն և այլ ուղղություններով ձևավորված համագործակցությունը:   Քննարկվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ միգրացիոն գործընկերության համաձայնագիր կնքելու հնարավորության հարցը:   Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
20:16 - 08 հունիսի, 2023
Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|

Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|

armtimes.com: Քրեական գործերով բազմաթիվ հետախուզվողներ, հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Այս մասին ԱԺ-ում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ընդգծելով. «Այս տարի առնվազն 2 անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։ Վերջերս լայվ էր մտել հայտնի բանան ներկրող նախկին պատգամավոր, ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել, և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։ Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։ Ուզում եմ հասկանալ՝ մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել։ Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ-որ պաշտոնյաների հետ կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է: Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։ ՀՀ վարչապետը, ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։ Մայիսի 25-ին հայտարարություն էր տարածել Միհրան Պողոսյանը՝ նշելով, թե երբ իմացել է բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝անձամբ է զանգի միջոցով հայտնել այդ մասին:
17:35 - 29 մայիսի, 2023
Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։ Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որն արդեն 30 տարվա պատմություն ունի և հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ներքին գործերի նախարարը, հյուրերին ներկայացնելով գերատեսչության բարեփոխումների ընթացքը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման հարցում բարձրորակ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագիրը։ Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև ջրային պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ստեղծման մանրամասներ։ Ներքին գործերի նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը: Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշանակման կապակցությամբ շնորհավորել է Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթել։ Դրական գնահատելով ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է պարեկների վերապատրաստումներն ու քաղհասարակության հետ փոխգործակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային և վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։
10:09 - 17 մայիսի, 2023