Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|
17:35 - 29 մայիսի, 2023

Մինչև թմրանյութի պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել. Անդրանիկ Քոչարյանը՝ Վահե Ղազարյանին |armtimes.com|

armtimes.com: Քրեական գործերով բազմաթիվ հետախուզվողներ, հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։

Այս մասին ԱԺ-ում՝ բյուջետային քննարկումների ժամանակ, Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ընդգծելով.

«Այս տարի առնվազն 2 անգամ հանդիպել եք ՌԴ ձեր գործընկերոջ հետ։ Վերջերս լայվ էր մտել հայտնի բանան ներկրող նախկին պատգամավոր, ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, թե ոնց է բանանի արկղերով թմրամիջոցը եկել, և իտալացիների բացահայտումից հետո ոնց է գտել պարոն Աբազյանի հեռախոսահամարը։ Չեմ ողջունում մաքսային կանաչ գոտին, որի միջոցով այդ ապրանքները հասել են պահեստ։

Ուզում եմ հասկանալ՝ մինչև պահեստ հասնելը մեր ոստիկանությունը ի վիճակի՞ էր կանխել։ Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծվում՝ «տանիք» է կոչվում, ՌԴ ինչ-որ պաշտոնյաների հետ կնունքի, ծնունդի են մասնակցում։ Հայ նախկին օլիգարխները, գեներալները, նախկին գլխավոր դատախազը միասին քեֆ են անում։ Ինչպե՞ս են այդ մարդիկ հատել սահմանն ու հասել այդտեղ։ Ձեր գործընկերոջ հետ քննարկե՞լ եք այդ հարցը, թե ոչ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ի լրումն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ կա ձերբակալված: Վերջինս «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ. Ղ.-ն է:

Մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։

ՀՀ վարչապետը, ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։

Մայիսի 25-ին հայտարարություն էր տարածել Միհրան Պողոսյանը՝ նշելով, թե երբ իմացել է բանանի պահեստում 1 տոննա կոկաինի առկայության մասին՝անձամբ է զանգի միջոցով հայտնել այդ մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել