ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ.  տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ

2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 32 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում. հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում  1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք, հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.5 մլն դրամ տուգանք, hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի և հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, մթերային խանութի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք, մսամթերքի արտադրության ոլորտում  1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4․5 մլն դրամ տուգանք, շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք, սուրճի և թեյի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք, տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք, այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք:  
14:52 - 18 հոկտեմբերի, 2024
Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր թորվածքները և քսանյութերը, բացառությամբ ավիայուղի, բենզինը ներառում է թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ավիաբենզինի, իսկ դիզելային վառելիքը՝ միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ավիավառելիքի: Առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 և 3819 ծածկագրերին դասվող ապրանքները սահմանել ակցիզային հարկով հարկման ենթակա: Արթուր Մանուկյանի խոսքով 3811 ծածկագրին դասվող հավելանյութերն ու նյութերը թեպետ բենզին չեն, սակայն որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես վատ որակի բենզին: Առաջարկվում է այս ապրանքների դեպքում ևս սահմանել նույնչափ ակցիզային հարկ, որքան բենզինի պարագայում է: «Սահմանել ենք բենզինի համար գոյություն ունեցող կանոնը. երբ ակցիզային հարկը մեկ տոննայի հաշվով կհաշվարկվի, և ԱԱՀ-ն հանրագումարային 135 հազար դրամից պակաս կլինի, ապա ակզիզային հարկը պետք է ավելացվի այնքան, որ նվազագույնն այդ 135.000 դրամն ապահովվի»,- պարզաբանել է զեկուցողը: Հաջորդը 3819 ծածկագրերին դասվող արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող ապրանքներն են: Դրանք կարող են օգտագործվել որպես քսայուղեր: Առաջարկվում է այս խմբի համար ևս սահմանել ակցիզային հարկ, ինչը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կվերացնի տարբեր մոտեցումները և նմանատիպ ապրանքների ակցիզային հարկով հարկման հավասար դաշտ կստեղծի: ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ անցած տարի բենզինի հավելում օկտան տեսակի շուրջ 4,5 հազար տոննա հեղուկ է ներմուծվել, իսկ այս տարի՝ մոտ 3 տոննա: Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կատարվում է ոչ թե հարկային մուտքեր ավելացնելու կամ տուգանելու, այլ անորակ բենզինով մեքենաները վնասելու ռիսկից վարորդներին պաշտպանելու համար: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
15:47 - 17 հոկտեմբերի, 2024
Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ

Առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան սպառվել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան հոկտեմբերի 16-ին սպառվել է։ Այս տարվա համար նախապես սահմանված 7 400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600-ով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել է 600 էլեկտրական մեքենա: «2025-ի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025-ի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 2025-ի հունվարի 1-ից սկսած»,- հայտնում է ՊԵԿ-ը։
10:11 - 17 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 131 մլն դրամ

Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 131 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․56 մլն դրամ տուգանք,կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․07 մլն դրամ տուգանք, հանրային սնունդ (չունի հանդիսությունների սրահ) 1 դեպքով արձանագրվել է 2․08 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, այլ ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է 22․68 մլն դրամ տուգանք, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոտեխսպասարկման և (կամ) ավտոլվացման, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 դեպքով արձանագրվել է շուրջ 7․8 մլն դրամ տուգանք, մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 6.95 մլն դրամ տուգանք, այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․46 մլն դրամ տուգանք։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է:
11:40 - 16 հոկտեմբերի, 2024
Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 14-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատ։ Հիշեցնենք, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ՝ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս 600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից մինչև 12-ի կեսօրը ընկած ժամանակահատվածում արտոնությամբ ձևակերպվել և բաց է թողնվել ևս 283 էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցներ։ 2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:  
11:41 - 14 հոկտեմբերի, 2024
Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին
 |1lurer.am|

Շարունակում են նույն վարքագիծը դրսևորել. ՊԵԿ նախագահը՝ գազալցակայաններում չարաշահումների մասին |1lurer.am|

1lurer.am: Գազի և բենզինի վաճառքի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր ենք տեսնում: Կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, և ընդհանուր առմամբ ոլորտը խիստ մտահոգող է ինձ համար, և բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ վերջերս հրապարակած բացահայտմանը, ըստ որի՝ 6,6 մլրդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք գազալցակայաններում: «Ամեն ամիս հրապարակում ենք նաև հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպքերը, և տեսնում եք, որ գրեթե բոլոր խոշոր ներմուծողները, ընկերությունները, որոնք ոլորտում են աշխատում, խնդիր ունեն ստվերի հետ: Բազմիցս դեպքեր եղել են, և զգուշացրել ենք՝ հետևողական ենք լինելու, ավելի լավ է՝ կամավոր դուրս գան հարկային կարգապահության դաշտ: Ցավոք սրտի, չի ստացվում, և ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել»,- ասաց նա: Բադասյանը նաև թվարկեց բացահայտված խախտումները՝ նշելով, որ դրանք վերաբերում են ԱԱՀ-ի մասով խարդախություններին, խոշոր ներմուծողից առանց փաստաթղթերի ապրանք ձեռք բերելուն կամ անապրանք հաշիվներ գրելուն, թերի հայտարարագրումներին:
13:16 - 10 հոկտեմբերի, 2024
Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ

Այսուհետ կապը մաքսային մարմնի հետ կհաստատվի առցանց, «Կարգո» բեռնային համալիր այցելելու կարիք չկա. ՊԵԿ

Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար: Հիմա մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նախկինում առաքանիները ոչ անձնական օգտագործման ապրանքներ դիտարկվելու դեպքում, քաղաքացիները հայտարարագիրը լրացնելու համար այցելում էին «Կարգո» և դրա համար վճարում մաքսային միջնորդին: Հիմա հայտարարագիրը քաղաքացու փոխարեն կարող է լրացնել մաքսային մարմինը՝ առցանց և անվճար։ Նախկինում «Կարգո»-ից ապրանքը դուրս բերելու համար քաղաքացին գումար էր վճարում: Հիմա դրա անհրաժեշտությունը չկա. մաքսային մարմինն առաքանիները տրամադրում է փոխադրող ընկերությանը՝ պատվիրատուի հասցեով առաքելու նպատակով։
15:58 - 04 հոկտեմբերի, 2024
Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

Մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օրվա առթիվ:   «Երեսուներեքամյա տարեդարձի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել բոլորիս՝ վերջին տարիներին ստվերի դեմ պայքարում ունեցած հաջողությունների, միջազգային համագործակցության ամրապնդման, հարկային ծառայությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների կապակցությամբ։   Մեր ուղենիշներն ու առաջադրանքները չեն փոխվել՝ հարկ վճարողներին բարձրակարգ ծառայությունների մատուցում. ստվերի կրճատում, օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովում. կոռուպցիոն երևույթների դեմ պայքար, բարեվարքության համակարգի հետագա զարգացում։ Մենք մեծ ցատկ ենք կատարել հարկային ծառայության էապես նոր, առավել թվայնացված, միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համակարգի կայացման բնագավառում։ Պետք է շարունակել այս աշխատանքը և հիշել, որ մեր նպատակին չենք հասել, քանի դեռ ստվերի մասին վկայող ակնհայտ դեպքերը մեր քաղաքացիների աչքի առաջ են, տեսանելի, և քանի դեռ դրանք ստեղծող պայմանները չենք վերացրել։   Շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ծառայություն»,- ասված է ուղերձում։
12:21 - 02 հոկտեմբերի, 2024
Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի և Ծաղկահովիտ համայնքի չորս պաշտոնյաներ 2022 և 2023 թվականներին եկամուտ են ստացել առցանց խաղատներից։ Այս մասին պարզ է դառնում հայտարարատու բոլոր պաշտոնյաների՝ 2021-2023 թվականներին հայտարարագրած եկամուտների ուսումնասիրությունից։ Մասնավորապես, ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության - վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 9 բաժնի՝ արդեն նախկին գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Մելքումյանը 2023 թվականի տարեկան հայտարարագրում 255 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «ինտերնետ տոտալիզատորներից», իսկ 2024 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրում՝ նույն աղբյուրից հայտարարագրել է 309 հազար դրամ եկամուտ։  Մեզ հետ զրույցում Դավիթ Մելքումյանը նշեց, որ օրական երկու անգամ ինտերնետ տոտալիզատորները անվճար «պտտելու» (սփին) հնարավորություն են տալիս, որից էլ օգտվում է. «Ամիս կա՝ կարա 10 հազար դրամ լինի, ամիս կա՝ 50 հազար դրամ։ Մեկ էլ անվճար սպորտային մրցաշարեր կան, կարամ դրանով էլ շահեմ»։ Մելքումյանը շեշտում է, որ  առանց գումար ներդնելու է մասնակցում և երբեմն շահում. «Էդքան խելքս հերիքում ա էլի, որ գումար չդնեմ, իմաստ չկա, որովհետև էդ թակարդ ա։ Ով որ գումար ա դնում, պարտվում ա, ասում ա՝ սպասի էլի խաղամ՝ գոնե պարտվածս հետ բերեմ ու տենց ընկնում ա ծուղակը»,- նշում է ՊԵԿ նախկին գլխավոր հարկային տեսուչը՝ ավելացնելով, որ բացարձակ կախվածություն չունի ու չի էլ կարող ունենալ, որովհետև արդեն տասը տարուց ավելի է՝ օգտվում է ինտերնետ տոտալիզատորներից, ու այսքան տարում կախվածություն չի առաջացել։ Անդրադառնալով խաղատների ու շահումով խաղերի բացասական կողմերին՝ Դավիթ Մելքումյանը նշում է, որ շատ ծանոթներ ունի, որոնք կախվածության մեջ են և կարծում է, որ այս ոլորտը պետք է կարգավորվի. «Եթե ընդհանրապես այդ ոլորտը վերացնեն, շատ ավելի լավ կլինի։ Գյուղացիներից լիքը մարդ եմ անձամբ ճանաչում՝ արևի տակ գնում, բանվորություն են անում, աշխատում են, տանում են սաղ կազինոներում թողնում, դուրս են գալիս»,- ասում է նախկին գլխավոր հարկային տեսուչը։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանը 2023 թվականին 449 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «Տոտոգեյմինգից»։  Արայիկ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ դա միանվագ շահում չէ, այլ տարեկան ընթացիկ շահումների ընդհանուր արժեքն է։ Նշում է, որ ցածր հաճախականությամբ է օգտվում առցանց շահումով խաղերից, պարզապես ժամանց է իր համար, կախվածություն չունի։ Հարցին՝ արդյո՞ք օրինակելի արարք է համարում, պատասխանեց. «Դե օրինակելի չէ, ուղղակի ժամանցի հետ կապված հիմնականում ֆուտբոլային մրցաշարերի հետ կապված էլի։ Սպորտային խաղերի խաղադրույքներ են»։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վլադիմիր Անտաշյանը 4 մլն 106 հազար դրամ է հայտարարագրել «Վիվառոյից»։  Հարցում էինք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու արդյո՞ք դա միանվագ շահում է, ի՞նչ հաճախականությամբ է պաշտոնյան օգտվում առցանց խաղատներից կամ շահումով խաղերից և արդյո՞ք առցանց խաղատնից գումար շահելը օրինակելի արարք է համարում: ՊԵԿ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ մեր նշած փաստերն ու հարցադրումները պարզելու նպատակով Վլադիմիր Անտաշյանի նկատմամբ նախաձեռնվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրում 10 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել «Վբեթ»-ից՝ որպես «Մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահում (մրցանակ)»։ Փորձեցինք կապ հաստատել Վահան Հարությունյանի հետ՝ ճշտելու ի՞նչ մրցույթի է մասնակցել և ինչպե՞ս է շահել իր այդ տարվա աշխատավարձը գերազանցող գումարը։ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հարցումը պետք է ուղարկենք Դատախազություն։ Ուղարկված հարցմանը պատասխան, սակայն, այդպես էլ չստացանք ո՛չ Գլխավոր դատախազությունից, ո՛չ Վահան Հարությունյանից։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշում է, որ հանրային պաշտոնյաների՝ խաղատներում կամ շահումով խաղերում ներգրավումը խնդրահարույց է մի շարք պատճառներով․  «Ենթադրաբար հարկատուների հաշվին ապրող պաշտոնյաների ներգրավումը խաղատներում հարցականի տակ է դնում նրանց կողմից ներդրվող գումարների ծագման օրինականությունը: Այդ գումարները, օրինակ՝ կարող են լինել կողմնակի եկամուտի (ապօրինի բիզնես, կաշառք) արդյունք։ Խաղատների (հատկապես առցանց) բիզնեսը առհասարակ կոռուպցիայի տեսանկյունից խոցելի է, քանի որ դրանց միջոցով անհատների միջև կարող են փոխանակվել, շրջանառվել խնդրահարույց գումարներ, օրինակ՝ փոխանցվի կաշառք, լվացվեն կեղտոտ փողեր»։ Սոնա Այվազյանը նշում է, որ խաղատներից կամ առցանց շահումով խաղերից օգտվելը, ընդհանուր առմամբ, չի արգելվում, սակայն հանրային ծառայողների՝ խաղերի մեջ ներգրավումը կարող է հարցականի տակ դնել ինչպես պաշտոնյայի օրինավորությունը, նրա կողմից կատարվող աշխատանքի որակը, այնպես էլ համապատասխան կառույցների հեղինակությունը և դրանց նկատմամբ վստահությունը։ Ըստ ԹԻՀԿ գործադիր տնօրենի՝ հատկապես խնդրահարույց է վերահսկող և արդարադատություն իրականացնող կառույցների պաշտոնատար անձանց ներգրավումը։   Լյուսի Մանվելյան
20:28 - 24 սեպտեմբերի, 2024
Եվրաջասթը և Հայաստանը ստորագրել են միջազգային գործակցության աշխատակարգը

Եվրաջասթը և Հայաստանը ստորագրել են միջազգային գործակցության աշխատակարգը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրել են Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը:   «Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող աշխատանքային պայմանավորվածությունն է: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծեց, որ այս կարևորագույն փաստաթուղթն արդարադատության և օրենքի գերակայության ոլորտներում, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդման կարևոր ուղենիշ է:   Նախարարի խոսքով՝ համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման ճանապարհին, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը և համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը:   Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է, որ համագործակցության հարցերով դատախազի միջոցով Հայաստանի Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և անդամ չհանդիսացող երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հետևաբար նաև հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ և համագործակցության հարցերով դատախազի նշանակմամբ՝ Հայաստանը հասանելիություն կունենա Եվրաջասթի գերժամանակակից գործերի վարման համակարգին, քննչական համատեղ թիմերին, ապացույցների փոխանակման հարթակին, գիտելիքի կառավարման համատեղ հարթակին, որոնք ամբողջովին նոր հնարավորություններ են հանցավորության դեմ պայքարում:   Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը (նախկին ՀՀ արդարադատության նախարար), ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և այլք:   «ՀՀ և ԵՄ-ի միջև քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրվել է 2024 թ. ապրիլի 5-ին՝ Բրյուսելում։ ՀՀ ԱԺ-ի կողմից համաձայնագիրը վավերացվել է 2024 թ. սեպտեմբերի 13-ին և ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից»,- ասված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
18:34 - 23 սեպտեմբերի, 2024
ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց ձեռք բերած և իրենց պատկանող նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց ձեռք բերած և իրենց պատկանող նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։  «Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում անուղղակի եղանակով կարող են ներգրավել նաև ձեզ։ Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային ծառայությունը, նշված հանգամանքով պայմանավորված, իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։
12:33 - 23 սեպտեմբերի, 2024