Ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար. Բաբկեն Թունյան
11:44 - 04 մարտի, 2025

Ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառում, այլ կրկնապատկում ենք պետական տուրքը խաղային ոլորտի համար. Բաբկեն Թունյան

Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն դեմ են նախագծի այս տարբերակին, որովհետև սա նշանակում է, որ ոլորտին ասում ենք՝ փակվեք: 

Այս մասին «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հարակից զեկուցմամբ ներկայացնելիս ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: Առաջարկվել է երկրորդ ընթերցմամբ ձևակերպել և շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ, որը, ըստ նախագծի հեղինակ, Հայկ Սարգսյանի, համարժեք է շրջանառության հարկին:

Թունյանը, արձագանքելով ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանին, ասաց, որ համաձայն չէ նրա այն պնդման հետ, որ անցած 5 տարիներին իրականացված քայլերը որևէ արդյունք չեն տվել: Սարգսյանը նախագիծը ներկայացնելիս հայտնել էր, որ վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները «այնքան էլ չեն ծառայել նպատակներին»:

Թունյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին խաղադրույքների ծավալի առումով եղել է կրկնակի, եռակի աճ, ապա 2023թ.-ին եղել է 10 տոկոս աճ:

«Կա հարկային բեռների համեմատման ընդունված չափանիշ: Որպեսզի հասկանան՝ ոլորտը շատ, թե քիչ է հարկվում, ոչ թե խաղադրույքների ծավալի համեմատ են հաշվում հարկի չափը, այլ շահումների և խաղադրույքների տարբերության... Նշված ցուցանիշով 2022թ. ոլորտի հարկը 16.6% է կազմել, 2023-ին՝ 19%, 2024թ. 34%-ից ավելի: Այս փոփոխությամբ ցուցանիշը կազմելու է մոտ 45-50%, ինչը աշխարհում ամենաբարձր հարկային շեմերից մեկն է»,- ասաց Թունյանը:

Սարգսյանը որպես տվյալ ներկայացրել էր ոլորտի շրջանառության ծավալները և հարկերի հարաբերակցությունը: Ըստ այդ տվյալների, նրա խոսքով,  շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը նվազել է (2010-ին հարկերի հարաբերակցությունը եղել է 7.2 տոկոս, իսկ 2023-ին՝ 0.4 տոկոս):

Թունյանը ներկայացրեց, որ ոլորտը կարգավորելու համար լավագույն տարբերակը խաղային օպերատորի ներդրումն է: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախագծի վերաբերյալ հանդիպման արդյունքների մասին խոսելիս Թունյանը նշեց երեք կետ, որոնք պայմանավորվել են.

«Առաջին՝ ոչ թե շրջանառության հարկ ենք կիրառելու, այլ գործող պետական տուրքը ամեն լրացուցիչ խմբաքանակ խաղադրույքների դեպքում կրկնապատկում ենք, այսինքն՝ պետական տուրքը խաղային ոլորտի համար կրկնապատկում ենք: 

Երկրորդ՝ մինչև խաղային օպերատորի մուտք գործելը տուրքը ամեն տարի ավելանալու է:

Երրորդը՝ որոշել ենք, որ փոփոխությունն արագ մտնի ուժի մեջ: Դրա համար 24 ժամանոց ռեժիմ ենք սահմանել (երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի է ունենալու այսօր)»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել